Օգնիր ուրիշներին, որ ձգտեն առանձնաշնորհումների
«Ամեն ոք, ով կատարելապես ուսուցանվում է, իր ուսուցչի նման կլինի» (ՂՈՒԿ. 6։40)։
1. Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը ինչպե՞ս ժողովի հիմքը դրեց։
ԱՎԱՐՏԵԼՈՎ իր Ավետարանը՝ Հովհաննես առաքյալը գրեց. «Ուրիշ շատ բաներ էլ կան, որոնք Հիսուսն արեց և որոնք եթե ամենայն մանրամասնությամբ գրի առնվեին, կարծում եմ, որ աշխարհն իսկ չէր կարողանա այդ գրված գրքերը տեղավորել» (Հովհ. 21։25)։ Այն ամենի հետ մեկտեղ, որ Հիսուսն իրագործեց իր կարճ, բայց ակտիվ ծառայության ընթացքում, նա գտավ ու կրթեց տղամարդկանց, որոնք իրենից հետո պետք է առաջնորդություն վերցնեին իր սկսած գործում։ Երբ 33թ.-ին Հիսուսը վերադարձավ երկինք, երկրի վրա նա արդեն դրել էր այն ժողովի հիմքը, որն արագ աճելու էր և բաղկացած էր լինելու հազարավոր մարդկանցից (Գործ. 2։41, 42; 4։4; 6։7)։
2, 3. ա) Ինչո՞ւ է գնալով մեծանում կարիքը, որ մկրտված եղբայրները ձգտեն առանձնաշնորհումների։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Այսօր ամբողջ աշխարհում Թագավորության քարոզիչների թիվը անցնում է յոթ միլիոնը, և ավելի քան 100000 ժողովներ կան։ Այդ աճին զուգընթաց մեծանում է այնպիսի տղամարդկանց կարիքը, որոնք առաջնորդություն կվերցնեն հոգևոր գործունեության մեջ։ Օրինակ՝ մեծ պահանջ կա քրիստոնյա երեցների։ Գովասանքի են արժանի նրանք, ովքեր ձգտում են ծառայության այս առանձնաշնորհմանը, քանի որ «լավ գործի են ձգտում» (1 Տիմոթ. 3։1)։
3 Սակայն տղամարդիկ մեխանիկորեն ձեռք չեն բերում այնպիսի որակներ, որ կարողանան առանձնաշնորհումներ ստանձնել ժողովում։ Կրթությունը կամ կյանքի փորձը անհատին չի պատրաստում այս տեսակ ծառայության։ Նրա ընդունակություններից և ունեցած հաջողություններից շատ ավելի կարևոր են հոգևոր որակները։ Ինչպե՞ս կարելի է օգնել ժողովի եղբայրներին համապատասխան որակներ ձեռք բերելու։ «Ամեն ոք, ով կատարելապես ուսուցանվում է, իր ուսուցչի նման կլինի»,— ասաց Հիսուսը (Ղուկ. 6։40)։ Այս հոդվածում կքննենք մի քանի կերպեր, որոնցով մեր Մեծ Ուսուցիչը՝ Հիսուս Քրիստոսը, օգնեց իր աշակերտներին ավելի մեծ պատասխանատվություններ ստանձնելու, և կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրանից։
«Ես ձեզ ընկերներ կոչեցի»
4. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ իսկական ընկեր է իր աշակերտների համար։
4 Հիսուսն իր աշակերտներին ընկերներ էր համարում և ոչ թե իրենից ցածր մարդիկ։ Նա ժամանակ էր անցկացնում նրանց հետ, վստահում էր նրանց ու հայտնում «այն ամենը, ինչ իր Հորից լսել» էր (կարդա՛ Հովհաննես 15։15)։ Պատկերացրու, թե աշակերտները որքան ոգևորվեցին, երբ Հիսուսը պատասխանեց նրանց հարցին. «Ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթ. 24։3, 4)։ Նա նաև իր հետևորդներից չէր թաքցնում, թե ինչ է մտածում և զգում։ Օրինակ՝ այն գիշեր, երբ պետք է մատնվեր, Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի հետ գնաց Գեթսեմանիի պարտեզ, որտեղ հուզված ու տագնապած ջերմեռանդորեն աղոթք արեց։ Նա չթաքցրեց իր երեք առաքյալներից, թե որքան մտահոգ էր, ու նրանք թերևս հասկացան իրավիճակի լրջությունը (Մարկ. 14։33–38)։ Մտածիր նաև, թե այդ երեքի վրա ինչ ազդեցություն պետք է որ թողած լիներ այլակերպությունը, որը տեղի էր ունեցել ավելի վաղ (Մարկ. 9։2–8; 2 Պետ. 1։16–18)։ Այն մտերիմ ընկերությունը, որ Հիսուսը հաստատեց իր աշակերտների հետ, խարիսխ հանդիսացավ նրանց համար, երբ հետագայում ստանձնեցին իրենց կարևոր նշանակումները։
5. Ինչպե՞ս կարող են երեցները մատչելի լինել ուրիշների համար։
5 Հիսուսի նման՝ երեցներն այսօր ընկերանում են ուրիշների հետ և աջակցում են նրանց։ Նրանք մտերիմ, ջերմ փոխհարաբերություններ են հաստատում իրենց հավատակիցների հետ՝ ժամանակ տրամադրելով, որ անձնական հետաքրքրություն դրսևորեն նրանց հանդեպ։ Թեև երեցները հասկանում են գաղտնապահության կարևորությունը, սակայն չեն թաքցնում Աստծու Խոսքի անգին գանձերը։ Երեցները վստահում են իրենց եղբայրներին և զրուցում են նրանց հետ աստվածաշնչյան այն ճշմարտությունների մասին, որ սովորել են։ Նրանք երբեք բարձրից չեն նայում այն ծառայող օգնականներին, որոնք համեմատաբար երիտասարդ են։ Փոխարենը՝ նրանց դիտում են որպես պոտենցիալ ունեցող հոգևոր մարդկանց, որոնք ժողովի համար արժեքավոր ծառայություն են կատարում։
«Ես ձեզ օրինակ թողեցի»
6, 7. Ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը իր աշակերտներին, և դա ի՞նչ ազդեցություն ունեցավ նրանց վրա։
6 Թեև Հիսուսի աշակերտները գնահատում էին հոգևոր բաները, բայց նրանց մտածելակերպի վրա իր հետքն էր թողել այն մշակույթը, որում մեծացել էին (Մատթ. 19։9, 10; Ղուկ. 9։46–48; Հովհ. 4։27)։ Սակայն Հիսուսը չէր քննադատում կամ սպառնում իր աշակերտներին։ Նաև չէր ծանրաբեռնում անխոհեմ պահանջներով և խորհուրդ չէր տալիս անել մի բան, իսկ ինքն անում մեկ այլ բան։ Հիսուսն իր օրինակով էր սովորեցնում (կարդա՛ Հովհաննես 13։15)։
7 Ինչպիսի՞ օրինակ էր Հիսուսը թողնում իր աշակերտներին (1 Պետ. 2։21)։ Նա պարզ կյանքով էր ապրում, ուստի կարող էր ազատ ծառայել ուրիշներին (Ղուկ. 9։58)։ Նա համեստ էր և միշտ իր ուսուցումները հիմնում էր Սուրբ Գրքի վրա (Հովհ. 5։19; 17։14, 17)։ Հիսուսը մատչելի էր և բարի։ Ինչ որ անում էր, սիրուց մղված էր անում (Մատթ. 19։13–15; Հովհ. 15։12)։ Նրա օրինակը դրական ազդեցություն էր թողնում առաքյալների վրա։ Օրինակ՝ Հակոբոսը մահվան սպառնալիքի առաջ չսարսափեց, այլ մինչև մահ հավատարմորեն ծառայեց Աստծուն (Գործ. 12։1, 2)։ Իսկ Հովհաննեսը հավատարմորեն Հիսուսի քայլերին հետևեց ավելի քան 60 տարի (Հայտն. 1։1, 2, 9)։
8. Ի՞նչ օրինակ են թողնում երեցները երիտասարդ եղբայրներին և մյուսներին։
8 Երեցները, ովքեր անձնազոհ են, խոնարհ ու սիրառատ, լավ օրինակ են թողնում երիտասարդ եղբայրներին (1 Պետ. 5։2, 3)։ Քրիստոնեական կյանքում, ինչպես նաև հավատի, ուսուցանելու և ծառայության մեջ օրինակելի երեցները ուրախություն են ստանում այն բանի գիտակցումից, որ իրենք լավ օրինակ են մյուսների համար և նրանք կարող են ընդօրինակել իրենց հավատը (Եբր. 13։7)։
Հիսուսն ուղարկեց նրանց՝ տալով պատվերներ
9. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը ուսուցանում էր իր աշակերտներին, թե ինչպես կատարել ավետարանչի գործը։
9 Մոտ երկու տարի նախանձախնդրորեն ծառայելուց հետո Հիսուսը ընդարձակեց քարոզչական գործունեությունը՝ իր 12 առաքյալներին ուղարկելով քարոզելու։ Սակայն նախքան ուղարկելը նա հրահանգներ տվեց (Մատթ. 10։5–14)։ Իսկ երբ պետք է հրաշքով կերակրեր հազարավոր մարդկանց, Հիսուսն իր աշակերտներին ասաց, թե ինչպես է ուզում, որ կազմակերպեն ուտելիքի բաշխումը (Ղուկ. 9։12–17)։ Փաստորեն, նա սովորեցնում էր իր աշակերտներին՝ տալով հստակ և կոնկրետ առաջնորդություն։ Այսպիսի ուսուցումը, ինչպես նաև սուրբ ոգու հզոր ազդեցությունը հետագայում օգնեցին առաքյալներին կազմակերպելու լայնածավալ քարոզչական գործը, որը սկիզբ առավ մ.թ. 33թ.-ից։
10, 11. Ինչպե՞ս են շարունակաբար ուսուցանվում նորերը։
10 Այսօր հոգևոր կրթությունը սկսվում է այն բանից հետո, երբ մարդը համաձայնվում է Աստվածաշունչ ուսումնասիրել։ Գուցե անհրաժեշտություն լինի օգնելու նրան սովորել վարժ կարդալ։ Աստվածաշնչի ուսումնասիրության ողջ ընթացքում մենք աջակցում ենք նրան։ Երբ այդ անհատը սկսում է կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին, նա շարունակում է հոգևոր կրթություն ստանալ՝ մասնակցելով Աստվածապետական ծառայության դպրոցին, դառնալով չմկրտված քարոզիչ և այլն։ Մկրտությունից հետո նրա հոգևոր կրթության մեջ կարող է ընդգրկվել, օրինակ, Թագավորության սրահը բարվոք վիճակում պահելը։ Ժամանակի ընթացքում եղբորը կարող են օգնել՝ ցույց տալով, թե ինչ հատկություններ պետք է զարգացնի, որ դառնա ծառայող օգնական։
11 Մկրտված եղբորը հանձնարարություն տալիս երեցը սիրալիր կերպով բացատրում է դրան առնչվող կազմակերպչական ընթացակարգը և անհրաժեշտ հրահանգներ է տալիս։ Այդ եղբայրը պետք է հասկանա, թե ինչ է ակնկալվում իրենից։ Եթե նա դժվարությամբ է անում իրեն հանձնարարվածը, սիրառատ երեցը չի շտապում եզրակացնել, թե եղբայրը պիտանի չէ։ Փոխարենը՝ բարյացակամորեն օգնում է նրան տեսնելու, թե կոնկրետ որ հարցերում պետք է բարելավվի և ինչպես։ Երեցը ուրախանում է, երբ նկատում է, որ եղբայրը դրականորեն է արձագանքում իր ջանքերին և հաճույքով է ծառայում ուրիշներին (Գործ. 20։35)։
«Ով խորհուրդ է լսում, իմաստուն է»
12. Ի՞նչն էր Հիսուսի խորհուրդը ազդեցիկ դարձնում։
12 Հիսուսն իր աշակերտներին ուսուցանում էր՝ տալով այնպիսի խորհուրդներ, որոնք համապատասխան էին նրանց կարիքներին։ Օրինակ՝ նա սաստեց Հակոբոսին և Հովհաննեսին, երբ նրանք ցանկացան, որ երկնքից կրակ իջնի սամարացիների վրա, որոնք ընդունելություն ցույց չտվեցին Հիսուսին (Ղուկ. 9։52–55)։ Իսկ երբ Հակոբոսի և Հովհաննեսի մայրը մոտեցավ Հիսուսին և խնդրեց, որ իր որդիները պատվավոր դիրք ունենան Թագավորությունում, նա, խոսքն ուղղելով երկու եղբայրներին, ասաց. «Իմ աջ ու ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ։ Այդ տեղերը նրանցն են, ում համար պատրաստել է իմ Հայրը» (Մատթ. 20։20–23)։ Հիսուսի տված խորհուրդները միշտ հստակ էին, գործնական և բացարձակապես հիմնված սուրբգրային սկզբունքների վրա։ Նա սովորեցնում էր իր աշակերտներին տրամաբանել այդ սկզբունքների շուրջ (Մատթ. 17։24–27)։ Հիսուսը նաև հասկանում էր, որ իր հետևորդները սահմանափակ հնարավորություններ ունեին, ուստի նրանցից կատարելություն չէր սպասում։ Անկեղծ սերն էր մղում նրան խորհուրդ տալու (Հովհ. 13։1)։
13, 14. ա) Ովքե՞ր խորհրդի կարիք ունեն։ բ) Ի՞նչ խորհրդի կարիք գուցե ունենան նրանք, ովքեր հոգևորապես չեն առաջադիմում։
13 Բոլոր այն տղամարդիկ, ովքեր ձգտում են ժողովում պատասխանատվություններ ստանձնել, ժամանակ առ ժամանակ խորհրդի կարիք են ունենում։ «Նա, ով խորհուրդ է լսում, իմաստուն է»,— կարդում ենք Առակներ 12։15-ում։ Մի երիտասարդ եղբայր, որն իր թերությունների պատճառով իրեն պիտանի չէր համարում, հետևյալն է ասում. «Մի երեց ինձ խորհուրդ տվեց, և ամեն ինչ իր տեղն ընկավ»։
14 Երբ երեցները նկատում են, որ եղբայրը կասկածելի վարք ունի, ինչը խոչընդոտում է նրա հոգևոր աճին, նախաձեռնություն են վերցնում նրան մեղմության ոգով ուղղելու (Գաղ. 6։1)։ Երբեմն գուցե կարիք լինի բնավորության որևէ գծի հետ կապված խորհուրդ տալ։ Օրինակ՝ եթե եղբայրը խնայում է իր ուժերը, երեցը գուցե օգտակար համարի նրա հետ խոսել այն մասին, որ Հիսուսը, որն իր հետևորդներին հանձնարարեց աշակերտներ պատրաստել, ինքն էլ Թագավորության նախանձախնդիր քարոզիչ էր (Մատթ. 28։19, 20; Ղուկ. 8։1)։ Եթե եղբայրը փառատենչ է, երեցը կխոսի նրա հետ այն մասին, թե Հիսուսն ինչպես օգնեց իր աշակերտներին տեսնելու դիրքի ձգտելու վտանգները (Ղուկ. 22։24–27)։ Իսկ եթե եղբայրը ներողամիտ չէ՞։ Կարող է ազդեցիկ լինել այն առակը, որում խոսվում է անգութ ծառայի մասին, որը չներեց իր ծառայակցի փոքր պարտքը, չնայած որ իրեն ներել էին իր հսկայական պարտքը (Մատթ. 18։21–35)։ Երբ խորհուրդ տալու կարիք է լինում, լավ կլինի, եթե երեցները դա անեն առաջին իսկ առիթի դեպքում (կարդա՛ Առակներ 27։9)։
«Մարզիր քո անձը»
15. Ինչպե՞ս կարող է եղբոր ընտանիքը աջակցել նրան։
15 Ճիշտ է, երեցներն են առաջնորդություն վերցնում տղամարդկանց ուսուցանելու գործում, որպեսզի վերջիններս ձգտեն առանձնաշնորհումների, բայց մյուսներն էլ կարող են աջակցել նրանց։ Օրինակ՝ եղբոր ընտանիքը կարող է և պետք է օգնի նրան առանձնաշնորհումների ձգտելու։ Իսկ եթե նա արդեն երեց է, նրա կինն ու երեխաները կարող են աջակցել նրան, որպեսզի կարողանա կատարել իր պարտականությունները ժողովում։ Նրանք հասկանում են, որ նա իր ուժերի և ժամանակի մի մասը պետք է տրամադրի ժողովի գործերին։ Ընտանիքի անդամների անձնազոհ ոգին ուրախություն է պատճառում եղբորը, և նրանք մեծ գնահատանքի են արժանանում ժողովի մյուս անդամների կողմից (Առակ. 15։20; 31։10, 23)։
16. ա) Առանձնաշնորհումների ձգտելու գլխավոր պատասխանատվությունը ո՞վ է կրում։ բ) Ինչպե՞ս կարող է եղբայրը ձգտել առանձնաշնորհումների ժողովում։
16 Թեպետ մյուսները կարող են օգնել եղբորը ձգտելու առանձնաշնորհումների, սակայն գլխավորապես պատասխանատվությունը ինքն է կրում (կարդա՛ Գաղատացիներ 6։5)։ Ինչ խոսք, ուրիշներին օգնելու և ծառայության մեջ լիարժեք մասնակցություն ունենալու համար պարտադիր չէ, որ եղբայրը ծառայող օգնական կամ երեց լինի։ Այնուամենայնիվ, ժողովում առանձնաշնորհումների ձգտել նշանակում է ջանալ ձեռք բերել այն որակները, որոնք նշված են Աստվածաշնչում (1 Տիմոթ. 3։1–13; Տիտոս 1։5–9; 1 Պետ. 5։1–3)։ Ուստի եթե եղբայրը ցանկանում է դառնալ ծառայող օգնական կամ երեց, բայց դեռ այդպիսի նշանակում չի ստացել, պետք է ուշադրություն դարձնի այն ոլորտներին, որտեղ նա հոգևորապես առաջադիմելու տեղ ունի։ Դրա համար անհրաժեշտ է կանոնավորաբար ընթերցել Աստվածաշունչը, ջանասիրաբար ուսումնասիրել այն, խորհրդածել, անկեղծ աղոթել և նախանձախնդրաբար մասնակցել ծառայությանը։ Այդպիսով նա կկարողանա կիրառել Տիմոթեոսին ուղղված Պողոսի հետևյալ խորհուրդը. «Մարզիր քո անձը՝ Աստծու հանդեպ նվիրված լինելու նպատակով» (1 Տիմոթ. 4։7)։
17, 18. Ի՞նչ կարող է անել եղբայրը, եթե մտահոգությունների, անվստահության զգացումի և մղիչ ուժի բացակայության պատճառով չի ձգտում առանձնաշնորհումների։
17 Լինում են դեպքեր, երբ եղբայրը չի ձգտում առանձնաշնորհումների որոշ մտահոգությունների և անվստահության զգացումի պատճառով։ Լավ կլինի, եթե նա մտածի, թե Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը որքան շատ բան են արել մեզ համար։ Չէ՞ որ Եհովան «ամեն օր կրում է մեր բեռը» (Սաղ. 68։19)։ Ուստի մեր երկնային Հայրը կարող է օգնել, որ եղբայրը պատասխանատվություններ ստանձնի ժողովում։ Այն եղբայրը, որը չի ծառայում որպես երեց կամ ծառայող օգնական, լավ կլինի՝ հիշի այն փաստը, որ Աստծու կազմակերպության մեջ պատասխանատվություններ վերցնելու համար հոգևորապես հասուն տղամարդկանց մեծ կարիք կա։ Դրա մասին մտածելը թերևս մղի եղբորը ջանքեր գործադրելու և հաղթահարելու բացասական զգացումները։ Նա կարող է աղոթքով խնդրել Եհովային, որ սուրբ ոգին տա՝ հիշելով, որ ոգու պտղի հատկություններից են խաղաղությունն ու ինքնատիրապետումը, հատկություններ, որոնք անհրաժեշտ են մտահոգություններից և անվստահության զգացումից ձերբազատվելու համար (Ղուկ. 11։13; Գաղ. 5։22, 23)։ Եվ ի վերջո, նա կարող է լիովին համոզված լինել, որ Եհովան օրհնում է բոլոր նրանց, ովքեր ճիշտ մղումներով են ձգտում առանձնաշնորհումների։
18 Կարող է այնպես պատահել, որ մկրտված եղբայրը մղում չունենա ձգտելու առանձնաշնորհումների։ Ի՞նչը կօգնի այն եղբորը, որը ցանկություն չունի ծառայելու։ Պողոս առաքյալը գրեց. «Աստված հանուն այն բանի, ինչ հաճելի է իրեն, գործում է ձեր մեջ, որպեսզի դուք և՛ կամենաք, և՛ գործեք» (Փիլիպ. 2։13)։ Ծառայելու ցանկությունը Աստված է տալիս, ուստի նա իր ոգով կարող է տալ նաև անհրաժեշտ զորությունը՝ սուրբ ծառայություն մատուցելու համար (Փիլիպ. 4։13)։ Քրիստոնյան կարող է աղոթել Աստծուն, որ օգնի իրեն անելու այն, ինչ ճիշտ է (Սաղ. 25։4, 5)։
19. Ինչո՞ւմ է վստահեցնում մեզ Միքիա 5։5-ը։
19 Եհովան օրհնում է ուսուցանելու համար երեցների թափած ջանքերը։ Նա օրհնում է նաև այն եղբայրներին, որոնք դրականորեն են արձագանքում այդ ջանքերին և ձգտում են ժողովում առանձնաշնորհումներ ստանձնել։ Սուրբ Գիրքը վստահեցնում է, որ Աստծու ժողովրդի մեջ «յոթ հովիվներ.... ութ իշխաններ» դուրս կգան, այսինքն՝ բավականաչափ թվով համապատասխան որակներ ունեցող տղամարդիկ կլինեն՝ առաջնորդություն վերցնելու Եհովայի կազմակերպության մեջ (Միք. 5։5)։ Ի՜նչ օրհնություն է այն, որ այդքան շատ քրիստոնյա տղամարդիկ ուսուցանվում են և ծառայության մեջ խոնարհաբար ձգտում առանձնաշնորհումների ի փառս Եհովայի։
Ինչպե՞ս կպատասխանես
• Հիսուսն ինչպե՞ս օգնեց իր աշակերտներին պատասխանատվություններ ստանձնելու համար համապատասխան որակներ ձեռք բերել։
• Ինչպե՞ս կարող են երեցները ընդօրինակել Հիսուսին, երբ օգնում են եղբայրներին առաջնորդություն վերցնելու։
• Ինչպե՞ս կարող է եղբոր ընտանիքը աջակցել նրան։
• Ի՞նչ կարող է անձամբ եղբայրն անել առանձնաշնորհումների ձգտելու համար։
[նկարներ 31-րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող ես օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին, որը ձգտում է հոգևորապես առաջադիմել
[նկար 32-րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող են եղբայրները ցույց տալ, որ ձգտում են առանձնաշնորհումների