Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 8/1 էջ 7–12
  • Կարո՞ղ եք «բարին և չարը զանազանել»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարո՞ղ եք «բարին և չարը զանազանել»
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աշխարհի «փիլիսոփայութիւնը եւ դարտակ խաբեբայութիւնը»
  • Նրանք, որ «չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար»
  • Իմանանք, թե ինչն է հաճելի Աստծուն
  • Մարզենք մեր ըմբռնողականությունը
  • Մարզեք ձեր ըմբռնողականությունը՝ այն գործի դնելով
  • Շարունակիր մարզել ըմբռնողականությունդ
    2010 Դիտարան
  • Երիտասարդնե՛ր, վարժեցրե՛ք ձեր «զգայարանները»
    1999 Դիտարան
  • Մարզեք ձեր ըմբռնողականությունը
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Կայացրու իմաստուն որոշումներ
    2013 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 8/1 էջ 7–12

Կարո՞ղ եք «բարին և չարը զանազանել»

«Ստուգեցէք, թէ ո՛րն է հաճելի Տիրոջը» (Եփեսացիս 5։10)։

1. Ինչպե՞ս և ինչո՞ւ է կյանքն այսօր բարդանում։

«ԳԻՏԵՄ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Երեմիայի այս խորաթափանց խոսքերն է՛լ ավելի մեծ իմաստ են ստանում մեզ համար այսօր։ Ինչո՞ւ։ Քանի որ, Աստվածաշնչի կանխագուշակման համաձայն, մենք ապրում ենք «չար ժամանակներում» (Բ Տիմոթէոս 3։1)։ Ամեն օր բախվում ենք բարդ իրավիճակների, որոնք մեզանից լուծում են պահանջում։ Այդ լուծումները, լինեն էական, թե՝ ոչ, կարող են մեծ ազդեցություն թողնել մեր կյանքի վրա ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր առումներով։

2. Ո՞ր հարցերում ընտրություն կատարելը գուցե համարվի ոչ այնքան կարևոր, բայց այդ կապակցությամբ ի՞նչ տեսակետ ունեն նվիրված քրիստոնյաները։

2 Գուցե թվա, թե մեր առօրյայում շատ ընտրություններ սովորության համաձայն ենք կատարում, կամ թե դրանք այնքան էլ կարևոր չեն մեզ համար։ Ամեն օր, օրինակ, ընտրություն ենք կատարում, թե ինչ հագնել, ինչ ուտել, մտածում ենք՝ ում պետք է հանդիպենք և այլն։ Այս ընտրությունները մենք համարյա մեխանիկորեն ենք կատարում՝ գրեթե չմտածելով։ Բայց իրո՞ք դրանք չնչին բաներ են։ Աստծուն նվիրված քրիստոնյաների համար այդ ամենը մեծ նշանակություն ունի, ուստի, արտաքին տեսքի և հագուկապի, ուտելու և խմելու, խոսվածքի ու պահվածքի մեջ մեր կատարած ընտրությամբ միշտ ցույց ենք տալիս, որ Բարձրյալի՝ Եհովա Աստծո ծառաներն ենք։ Հիշենք Պողոս առաքյալի խոսքերը. «Ուտէք թէ խմէք, կամ ինչ էլ անէք, ամէն ինչ արէ՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթացիս 10։31; Կողոսացիս 4։6; Ա Տիմոթէոս 2։9, 10)։

3. Ո՞ր հարցերում ընտրություն կատարելիս հարկավոր է ավելի լուրջ մոտեցում ունենալ։

3 Սակայն որոշ ընտրություններ կատարելու համար հարկավոր է ավելի լուրջ մոտեցում ունենալ։ Օրինակ՝ ամուսնանալու կամ ամուրի մնալու որոշումը, վստահաբար, խոր և երկարատև ազդեցություն է թողնում մարդու կյանքում։ Անշուշտ, կարևոր է ամուսնական կողակցի՝ կյանքի ընկերոջ ճիշտ ընտրություն կատարելը (Առակաց 18։22)։a Նաև ընկերական շրջապատի, կրթության, աշխատանքի և ժամանցի ձևերի ընտրությունը նշանակալի և նույնիսկ վճռորոշ դեր է խաղում մեր հոգևորի, հետևաբար և, մեր հավիտենական բարօրության առնչությամբ (Հռովմայեցիս 13։13, 14; Եփեսացիս 5։3, 4)։

4. ա) Ո՞ր ընդունակությունն ունենալը շատ ցանկալի կլիներ։ բ) Ի՞նչ հարցեր պետք է քննարկենք։

4 Բախվելով նման խնդիրների՝ մենք, անտարակույս, կցանկանայինք ընդունակ լինել զանազանելու բարին չարից կամ այն, ինչ բարի է երևում, իսկապես բարիից։ «Կայ ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վերջը մահուան ճանապարհներ են»,— զգուշացնում է Աստվածաշունչը (Առակաց 14։12)։ Ուստի, գուցե հարց տանք. «Ինչպե՞ս կարող ենք մեր մեջ զարգացնել բարին և չարը զանազանելու ընդունակությունը։ Որտե՞ղ կարող ենք գտնել անհրաժեշտ առաջնորդություն, որպեսզի կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել։ Դրա հետ կապված՝ ի՞նչ են արել մարդիկ անցյալում և ներկայումս, և ի՞նչ է եղել արդյունքը»։

Աշխարհի «փիլիսոփայութիւնը եւ դարտակ խաբեբայութիւնը»

5. Ինչպիսի՞ աշխարհում էին ապրում վաղ քրիստոնյաները։

5 Առաջին դարի քրիստոնյաները ապրում էին մի աշխարհում, որտեղ տիրապետում էին հունա–​հռոմեական արժեքներն ու իդեալները։ Մի կողմից՝ հռոմեական կյանքի հարմարավետությունն ու շքեղությունը շատերի նախանձն էին շարժում, մյուս կողմից՝ մտավորականությունը տարված էր ոչ միայն Պլատոնի և Արիստոտելի փիլիսոփայական գաղափարներով, այլ նաև՝ այնպիսի նորահայտ դպրոցների ներկայացուցիչներով, ինչպիսիք էին՝ էպիկուրյաններն ու ստոյիկները։ Երբ Պողոս առաքյալն իր երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ եկավ Աթենք, նրան դեմ դուրս եկան էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաները, որոնք մտածում էին, թե իրենք բարձր են կանգնած «այս շաղակրատից»՝ Պողոսից (Գործք 17։18)։

6. ա) Ի՞նչ գայթակղությունների տեղի տվեցին վաղ քրիստոնյաներից ոմանք։ բ) Ի՞նչի մասին նախազգուշացրեց Պողոսը։

6 Դժվար չէ հասկանալ, ուրեմն, թե ինչու էին առաջին դարի որոշ քրիստոնյաների դուր գալիս շրջապատի մարդկանց անհամեստ ճանապարհներն ու ապրելակերպը (Բ Տիմոթէոս 4։10)։ Թվում էր, թե նրանք, ովքեր ամբողջությամբ այդ հասարակության մաս էին կազմում, մեծ օգուտներ ու առավելություններ էին ստանում, և նրանց կատարած ընտրությունները միանգամայն խելացի էին երևում։ Կարծես թե աշխարհը առաջարկում էր մի այնպիսի արժեքավոր բան, ինչը հնարավոր չէր ձեռք բերել քրիստոնեական կյանք վարելով։ Սակայն Պողոս առաքյալը նախազգուշացրեց. «Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութեան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս» (Կողոսացիս 2։8, ԱԹ)։ Ինչո՞ւ էր Պողոսն այսպես արտահայտվում։

7. Ի՞նչ արժեք ունի իրականում աշխարհի իմաստությունը։

7 Պողոսը տվեց այդ նախազգուշացումը, որովհետև զգում էր, որ մեծ վտանգ էր թաքնված այն մարդկանց մտածողության ետևում, ովքեր հրապուրվում էին աշխարհով։ Այստեղ հատկապես կարևորվում է այն, որ նա խոսում էր ‘փիլիսոփայության և դատարկ խաբեբայության’ մասին։ «Փիլիոսոփայություն» բառը բառացի նշանակում է՝ «իմաստություն սիրել և փնտրել»։ Դա ինքնին օգտակար է։ Աստվածաշունչն ինքը քաջալերում է, հատկապես «Առակաց» գրքում, փնտրել ճշմարիտ գիտությունն ու իմաստությունը (Առակաց 1։1–7; 3։13–18)։ Բայց Պողոսը «փիլիսոփայութիւն» բառի հետ միասին օգտագործել է «դարտակ խաբեբայութիւն» արտահայտությունը։ Այլ խոսքով՝ Պողոսն ուզում էր ասել, որ աշխարհի առաջարկած իմաստությունը դատարկ և խաբուսիկ է։ Օդապարիկի պես այն կարծես թե ծանր կշիռ ունի, բայց ներսում ոչինչ չկա։ Միանգամայն անիմաստ է, նույնիսկ՝ վտանգավոր բարու և չարի միջև ընտրություն կատարել այնպիսի խախուտ հիմքի վրա, ինչպիսին այս աշխարհի «փիլիսոփայութիւնը եւ դարտակ խաբեբայութիւնն» է։

Նրանք, որ «չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար»

8. ա) Ո՞ւմ են դիմում մարդիկ խորհրդի համար։ բ) Ինչպիսի՞ խորհուրդներ են տրվում։

8 Այսօրվա իրերի դրությունը շատ չի տարբերվում նախկինից։ Ըստ էության՝ մարդկային գործունեության յուրաքանչյուր բնագավառում կարելի է հանդիպել փորձագետների։ Ամուսնական և ընտանեկան խորհրդատուները, հոդվածագիրները, ինքնակոչ բժիշկները, աստղագուշակները, ոգեհարցները և ուրիշներ պատրաստ են հոնորարի դիմաց խորհուրդներ տալ։ Բայց ի՞նչ խորհուրդներ են նրանք տալիս։ Հաճախ աստվածաշնչյան չափանիշները մի կողմ են դրվում, որպեսզի տեղ ազատվի, այսպես կոչված, նոր բարոյականության համար։ Օրինակ՝ խոսելով «նույնասեռ ամուսնությունների» գրանցման վերաբերյալ կառավարության մերժման մասին՝ կանադական գլխավոր թերթերից մեկի՝ «Գլոբ էնդ մեյլ»–ի խմբագրական հոդվածում հայտարարվում է. «Այս 2000 թվականին անհեթեթություն է, որ իրար սիրող և նվիրված մարդիկ զրկվեն իրենց նվիրական ցանկությունը իրագործելուց, ինչ է թե նրանք ընդամենը նույն սեռի մարդիկ են»։ Այսօր մարդիկ հակված են հանդուրժող և ոչ թե քննադատող լինելու։ Ամեն ինչ հարաբերական է համարվում. բարու և չարի հարցում այլևս ոչինչ բացարձակ չէ (Սաղմոս 10։3, Արևմտ. Աստ., 4)։

9. Հաճախ ի՞նչ են անում հասարակության մեջ հարգանք վայելող մարդիկ։

9 Մյուսներն իրենց որոշումները կայացնելու մեջ օրինակ են վերցնում սոցիալապես և ֆինանսապես ապահովված, հարուստ և անվանի մարդկանցից։ Թեև հարուստներն ու անվանիները այսօրվա հասարակության մեջ հարգանք են վայելում, հաճախ այնպիսի արժանիքների մասին, ինչպիսիք են՝ ազնվությունն ու վստահությունը, նրանք միայն խոսում են։ Ընկնելով իշխանության և փողի հետևից՝ շատերն, առանց աչք թարթելու, մերժում են գոյություն ունեցող կարգ ու կանոնը և ոտնահարում բարոյական սկզբունքները։ Հռչակ և ժողովրդականություն վայելելու նպատակով ոմանք անպատասխանատու կերպով մերժում են հաստատված արժեքներն ու չափանիշները՝ նախընտրելով դրսևորել տարօրինակ և արտառոց վարքագիծ։ Հետևանքը շահախնդիր, ամենաթող հասարակությունն է, որի նշանաբանն է՝ ամեն ինչ կարելի է։ Մի՞թե զարմանալի է, որ մարդիկ շփոթության մեջ են բարին և չարը որոշելու հարցում (Ղուկաս 6։39)։

10. Ինչո՞ւ են ճիշտ Եսայիայի՝ բարու և չարի վերաբերյալ խոսքերը։

10 Մենք տեսնում ենք շուրջ բոլորը, թե ինչ ողբերգական հետևանքներ են ունենում անխոհեմ, խախուտ հիմքի վրա արված որոշումները՝ ամուսնալուծություններ և քայքայված ընտանիքներ, թմրանյութերի և ոգելից խմիչքների չարաշահում, երիտասարդական բանդաներ, խառնակություններ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ. սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Եվ իրոք, ինչպե՞ս կարող ենք սպասել, որ այլ կերպ լինի, երբ մարդիկ բարու և չարի հարցում հրաժարվում են բոլոր չափանիշներից կամ համընդհանուր հիմքերից (Հռովմայեցիս 1։28–32)։ Դա ճիշտ նման է Եսայիա մարգարեի խոսքերին. «Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար. որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն։ Վա՜յ նորանց որ իրանց աչքին իմաստուն են, եւ իրանց առաջը՝ գիտուն» (Եսայիա 5։20, 21)։

11. Ինչո՞ւ է անխոհեմություն բարին և չարը որոշելու մեջ սեփական անձին ապավինելը։

11 Աստված պատասխանատվության կանչեց այն հին հրեաներին, որոնք «իրանց աչքին իմաստուն» էին։ Այս փաստն է՛լ ավելի է կարևորում այն, որ չպետք է ապավինենք ինքներս մեզ բարին ու չարը որոշելու մեջ։ Այսօր շատերը համամիտ են հետևյալ տեսակետներին՝ «միայն սրտիդ լսիր» կամ «արա այն, ինչ որ զգում ես՝ ճիշտ է»։ Ողջամի՞տ է արդյոք նման մոտեցումը։ Ըստ Աստվածաշնչի՝ ոչ։ Այնտեղ հստակորեն ասվում է. «Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. նորան ո՞վ կարող է հասկանալ» (Երեմիա 17։9)։ Կվստահեի՞ք խորամանկ և ապականված անձնավորությանը՝ օգնելու ձեզ որոշումներ կայացնել։ Հազիվ թե։ Դուք, ըստ երևույթին, նրա ասածի ճիշտ հակառակը կանեիք։ Ահա թե ինչու է Աստվածաշունչը հիշեցնում մեզ. «Իր սրտին ապաւինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը կ’պրծնի» (Առակաց 3։5–7; 28։26)։

Իմանանք, թե ինչն է հաճելի Աստծուն

12. Ինչո՞ւ կարիք ունենք քննելու, թե որն է «Աստուծոյ կամքը»։

12 Եթե բարին և չարը որոշելու մեջ չպիտի ապավինենք ոչ աշխարհի իմաստությանը, ոչ էլ ինքներս մեզ, հապա ի՞նչ պիտի անենք։ Ուշադրություն դարձրեք Պողոս առաքյալի հստակ, աներկմիտ խորհրդին. «Մի՛ կերպարանիք այս աշխարհին կերպարանքովը, հապա ձեր մտքին նորոգութիւնովը նորոգուեցէ՛ք, որպէս զի քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը, որ բարի ու հաճելի եւ կատարեալ է» (Հռովմայեցիս 12։2, Արևմտ. Աստ.)։ Ինչո՞ւ է մեզ հարկավոր քննել Աստծո կամքը։ Սրա հետ կապված՝ Աստվածաշնչում Եհովան տալիս է պարզ, բայց և ազդեցիկ հիմնավորում. «Ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը» (Եսայիա 55։9)։ Այսպիսով՝ մեր հասկացողությանը կամ հաճելի զգացումներին ապավինելու փոխարեն՝ մենք հորդոր ենք ստանում. «Ստուգեցէք, թէ ո՛րն է հաճելի Տիրոջը» (Եփեսացիս 5։10)։

13. Ինչպե՞ս են Յովհաննէս 17։3–ում գրված Հիսուսի խոսքերն ընդգծում, որ հարկավոր է իմանալ, թե ինչ է Աստծուն հաճելի։

13 Հիսուս Քրիստոսն ընդգծեց այդ կարիքի մասին, երբ ասաց. «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3)։ Հունարեն բնագրում «ճանաչեն» թարգմանված բառը շատ խոր իմաստ ունի։ Ըստ մի բառարանի՝ դա նշանակում է՝ «հարաբերություն ճանաչողի և ճանաչվողի միջև. այդ առումով, այն ինչ իմանում է ճանաչողը, կարևոր կամ արժեքավոր է իր համար, այդ իսկ պատճառով կարևոր են նաև հաստատված հարաբերությունները» («Vine’s Expository Dictionary»)։ Մեկի հետ փոխհարաբերություններ ունենալը ավելին է նշանակում, քան պարզապես իմանալ, թե ով է այդ անհատը, կամ՝ ինչ է նրա անունը։ Նաև դա նշանակում է՝ իմանալ, թե ինչ է սիրում և ինչ չի սիրում տվյալ անհատը, իմանալ նրա արժեքները, չափանիշները և գնահատել դրանք (Ա Յովհաննէս 2։3; 4։8)։

Մարզենք մեր ըմբռնողականությունը

14. Ըստ Պողոսի խոսքերի՝ ո՞րն է հոգևոր առումով երեխայի և հասուն մարդու միջև գլխավոր տարբերությունը։

14 Ինչպե՞ս, ուրեմն, կարող ենք բարին ու չարը զանազանելու ունակություն ձեռք բերել։ Պողոսի խոսքերը՝ ուղղված առաջին դարի եբրայեցի քրիստոնյաներին, պատասխանում են այս հարցին։ Նա գրել է. «Ով կաթնակեր է, անգիտակ է արդարութեան խօսքին, քանզի երեխայ է. իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնք, գործի դնելով իրենց ըմբռնողականությունը՝ այն մարզել են բարին ու չարը զանազանելու համար»։ Այստեղ Պողոսը հակադրում է «կաթը», որը նախորդող համարում ներկայացվում է որպես «Աստծու պատգամի նախատարրեր», «պինդ կերակուրի» հետ, որը հատուկ է «հասուն մարդկանց», ովքեր ‘իրենց ըմբռնողականությունը մարզել են բարին ու չարը զանազանելու համար’ (Եբրայեցիս 5։12, 13, [14, ՆԱ])։

15. Ինչո՞ւ է անհրաժեշտ ջանք թափել՝ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելու Աստծո մասին։

15 Սա նշանակում է, որ նախևառաջ մենք պետք է ջանք թափենք ճշգրիտ հասկացողություն ունենալ Աստծո չափանիշների մասին, որոնք պարունակվում են իր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Այս գրքում մենք չենք փնտրում կանոնների ցուցակ, որտեղ գրված է, թե ինչ կարելի է անել և ինչ չի կարելի։ Աստվածաշունչն այդպիսի գիրք չէ։ Ընդհակառակը՝ Պողոսը հետևյալն է բացատրում. «Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի կատարեալ լինի Աստծու մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Այդ ուսուցումից, հանդիմանությունից և խրատներից օգուտ քաղելու համար մենք պետք է մեր հիշողությունն ու մտածողական ընդունակությունները գործի դնենք։ Սրա համար ջանքեր են պահանջվում, բայց արդյունքները՝ «կատարեալ.... և պատրաստ [լինելը]՝ բոլոր բարի գործերի համար», արժեն դրանց (Առակաց 2։3–6)։

16. Ի՞նչ է նշանակում «մարզել ըմբռնողականությունը»։

16 Ինչպես Պողոսը շեշտեց, հասուն մարդիկ ‘իրենց ըմբռնողականությունը մարզել են բարին ու չարը զանազանելու համար’։ Այստեղ մենք գալիս ենք հարցի բուն էությանը։ ‘Իրենց ըմբռնողականությունը մարզել են’ արտահայտությունը բառացիորեն նշանակում է «զգայարանները մարզել են (մարմնամարզիկի պես)» («Kingdom Interlinear Translation»)։ Փորձառու մարմնամարզիկը օղակների կամ մարմնամարզական գերանի վրա մի ակնթարթում կարող է այնպիսի վարժություն կատարել, որ գուցե տպավորություն ստեղծվի, թե ձգողության օրենքը կամ բնության այլ օրենքներ չեն գործում այդ պահին։ Նա ամեն անգամ կարողանում է տիրապետել իր մարմնի անդամներին և գրեթե բնազդաբար զգում է, թե ինչ անի, որ վարժությունը հաջողությամբ կատարի։ Այս բոլորը արդյունք է այն բանի, որ նա եռանդագին մարզվում է և գործնականում միշտ կիրառում սովորածը։

17. Ի՞նչ իմաստով պետք է նման լինենք մարմնամարզիկի։

17 Ինչպես մարմնամարզիկը, մենք էլ հոգևոր իմաստով պիտի մարզվենք, եթե ուզում ենք վստահ լինել, որ միշտ խոհեմ որոշումներ կկայացնենք ու խոհեմ ընտրություն կկատարենք։ Պետք է ամեն ժամանակ ամբողջությամբ հսկողության տակ առնենք մեր զգայարաններն ու մարմնի անդամները (Մատթէոս 5։29, 30; Կողոսացիս 3։5–10)։ Օրինակ՝ սովորեցնո՞ւմ եք ձեր աչքերին չնայել անբարո պատկերներ կամ ձեր ականջներին՝ չլսել այլասերող երաժշտություն կամ խոսք։ Ճիշտ է, նման անառողջ պատկերներ կան շուրջ բոլորը։ Բայց ընտրությունը մերն է՝ թույլ կտա՞նք, որ դրանք արմատ գցեն մեր սրտում և մտքում, թե՝ ոչ։ Կարող ենք սաղմոսերգուի նման մենք էլ ասել. «Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ. անօրէնութիւն գործողին ատում եմ. նա ինձ չ’մօտենայ։ ....Նա որ սուտ է խօսում՝ հաստատ չի մնալ իմ աչքի առաջին» (Սաղմոս 101։3, 7)։

Մարզեք ձեր ըմբռնողականությունը՝ այն գործի դնելով

18. Ի՞նչ է հասկացվում «գործի դնելով» արտահայտության տակ՝ ըմբռնողականությունը մարզելու վերաբերյալ Պողոսի տված բացատրության մեջ։

18 Հիշեք, որ «գործի դնելով» է, որ կարող ենք մարզել մեր ըմբռնողականությունը՝ զանազանելու համար չարն ու բարին։ Այլ խոսքով՝ ամեն անգամ, երբ անհրաժեշտ է որոշում կայացնել, մենք պետք է սովորենք օգտագործել մեր մտային կարողությունները՝ տեսնելու, թե տվյալ հարցում ինչ աստվածաշնչյան սկզբունքներ են ներգրավված, և ինչպես կարելի է դրանք կիրառել։ Սովորություն մշակեք «հաւատարիմ ու իմաստուն ծառայի» կողմից մատուցվող սուրբգրային հրատարակություններում հետազոտություններ կատարելու (Մատթէոս 24։45)։ Իհարկե, օգնության համար կարող ենք հասուն քրիստոնյաներին դիմել։ Բայցևայնպես, եթե ինքներս ջանք թափենք, որպեսզի ուսումնասիրենք Աստծո Խոսքը և աղոթենք Եհովային իր առաջնորդության ու ոգու համար, ապա արդյունքում մեծ օգուտներ կստանանք (Եփեսացիս 3։14–19)։

19. Ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ, եթե անընդհատ մարզենք մեր ըմբռնողականությունը։

19 Անընդհատ մարզելով մեր ըմբռնողականությունը՝ մենք նպատակ ենք դնում այլևս ‘չլինել երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են վարդապետության բոլոր հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ, խաբելով մոլորեցնում են’ (Եփեսացիս 4։14)։ Հիմնվելով մեր գիտելիքների վրա և հասկանալով, թե ինչն է Աստծուն հաճելի՝ մենք կարող ենք իմաստուն որոշումներ կայացնել, որոնք, լինեն էական, թե՝ ոչ, օգուտներ են բերում մեզ ու մեր հավատակիցներին, և, ամենակարևորը, հաճելի են մեր երկնային Հորը (Առակաց 27։11)։ Ինչպիսի՜ օրհնություն և պաշտպանություն այս ճգնաժամային օրերում։

[ծանոթագրություն]

a Բժիշկներ Թոմաս Հոլմսն ու Ռիչարդ Ռեյը կազմել են մի ցուցակ, որում տեղ են գտել մարդկանց ստրեսային վիճակի մեջ գցող ավելի քան 40 պատճառներ։ Այդ ցուցակում առաջին երեք տեղերը զբաղեցնում են կողակցի մահը, ամուսնալուծությունը և ամուսինների իրարից բաժան ապրելը։ Ամուսնանալը գտնվում է յոթերորդ տեղում։

Կարո՞ղ եք բացատրել

• Ի՞նչ ունակություն է անհրաժեշտ՝ խոհեմ որոշումներ կայացնելու համար։

• Ինչո՞ւ խելամիտ չէ հույս դնել նշանավոր մարդկանց վրա կամ ապավինել մեր զգացումներին բարին և չարը որոշելիս։

• Ինչո՞ւ, երբ որոշումներ ենք կայացնում, պետք է վստահ լինենք, թե ինչ է հաճելի Աստծուն, և ինչպե՞ս կարող ենք դա անել։

• Ի՞նչ է նշանակում «մարզել ըմբռնողականությունը»։

[նկար 9–րդ էջի վրա]

Անիմաստ է հարուստ և հռչակավոր մարդկանցից առաջնորդություն փնտրելը

[նկար 10–րդ էջի վրա]

Մարմնամարզիկի պես մենք պետք է լիովին տիրապետենք մեր բոլոր զգայարաններին ու մարմնի անդամներին

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը