Ամեն ինչում հավատարի՞մ ես
«Քիչ բանի մէջ հաւատարիմը, շատ բանի մէջ էլ հաւատարիմ է» (ՂՈՒԿԱՍ 16։10)։
1. Եհովայի հավատարմության դրսևորման ձևերից մեկը ո՞րն է։
ԵՐԲԵՎԷ տեսե՞լ ես, թե օրվա ընթացքում ինչպես է փոխվում ծառի ստվերը։ Ստվերն անընդհատ փոխում է իր չափը և ուղղությունը։ Մարդկային ձգտումներն ու խոստումները հաճախ ստվերի պես անկայուն են։ Բայց Եհովա Աստված չի փոխվում ժամանակի ընթացքում։ Նրան անվանելով ‘լույսի Հայր’՝ Հակոբոս աշակերտն ասում է. «[Նրա] մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուեր» (Յակոբոս 1։17, ԷԹ)։ Եհովան անփոփոխ է և վստահության արժանի նույնիսկ ամենափոքր հարցերում։ Նա ‘հավատարիմ Աստված’ է (Բ Օրինաց 32։4)։
2. ա) Ինչո՞ւ պետք է քննենք մեր անձը՝ պարզելու համար, թե արդյոք հավատարիմ ենք։ բ) Հավատարմության վերաբերյալ ի՞նչ հարցեր ենք քննարկելու։
2 Ինչպե՞ս է Աստված վերաբերվում իր երկրպագուներին, երբ նրանք փաստում են, որ արժանի են վստահության։ Նույն ձևով, ինչպես Դավիթը։ Նա Աստծու երկրպագուների մասին ասաց. «Իմ աչքերը երկրի հաւատարիմների վերայ է, որ ինձ հետ բնակուեն. անմեղ ճանապարհ գնացողը կ’ծառայէ ինձ» (Սաղմոս 101։6)։ Այո, Եհովան հաճույք է ստանում՝ տեսնելով իր ծառաների հավատարմությունը։ Ուստի պատահական չէ, որ Պողոս առաքյալը գրեց. «Տնտեսների մէջ այն է պահանջվում որ մէկը հաւատարիմ գտնուի» (Ա Կորնթացիս 4։2)։ Ի՞նչ է նշանակում հավատարիմ լինել։ Կյանքի ո՞ր բնագավառներում պետք է հավատարմություն հանդես բերենք։ Ի՞նչ օրհնություններ է բերում ‘անմեղ ճանապարհով գնալը’։
Ինչ է նշանակում հավատարիմ լինել
3. Ինչպե՞ս ենք ցույց տալիս մեր հավատարմությունը։
3 Մովսեսը հավատարիմ էր ծառայի պես, ասվում է Եբրայեցիս 3։5–ում։ Ինչի՞ շնորհիվ էր Մովսես մարգարեն հավատարիմ։ Խորանի կառուցման գործում նա «արաւ բոլորովին ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր. այնպէս արաւ» (Ելից 40։16)։ Լինելով Եհովայի երկրպագուներ՝ մենք նրա հանդեպ մեր հավատարմությունը ցույց ենք տալիս՝ հնազանդորեն ծառայելով նրան։ Անշուշտ, մեր հավատարմությունը նաև փաստում ենք այն ժամանակ, երբ ծանր փորձություններում Եհովային նվիրված ենք մնում։ Այդուհանդերձ, այդպիսի փորձությունները հաջողությամբ հաղթահարելը մեր հավատարմության միակ որոշիչը չէ։ «Քիչ բանի մէջ հաւատարիմը, շատ բանի մէջ էլ հաւատարիմ է,— ասաց Հիսուսը.— եւ քիչ բանի մէջ անիրաւը, շատ բանի մէջ էլ անիրաւ է» (Ղուկաս 16։10)։ Մենք պետք է հավատարիմ մնանք նույնիսկ փոքր թվացող հարցերում։
4, 5. Այն, որ «քիչ բանի մէջ» հավատարիմ ենք մնում, ի՞նչ է բացահայտում։
4 «Քիչ բանի մէջ» ամեն օր հնազանդություն ցուցաբերելը կարևոր է երկու պատճառով։ Առաջին՝ այն բացահայտում է մեր վերաբերմունքը Եհովայի գերիշխանության հանդեպ։ Մտածենք, թե մարդկային առաջին զույգի՝ Ադամի ու Եվայի նվիրվածությունը Աստծու հանդեպ ինչպես ստուգվեց։ Նրանց առջև դրված էր մի պահանջ, որին հնազանդվելը ամենևին էլ դժվար չէր. Եդեմի պարտեզի բոլոր բարիքներից Ադամն ու Եվան իրավունք ունեին օգտվելու, բացի մեկ ծառից՝ «բարիի եւ չարի գիտութեան ծառիցը» (Ծննդոց 2։16, 17)։ Այդ հասարակ պատվերին հավատարմորեն հնազանդվելով՝ նրանք կփաստեին, որ ընդունում են Եհովայի գերիշխանությունը։ Եթե մենք առօրյա կյանքում հետևում ենք Եհովայի հրահանգներին, ապա դրանով ցույց ենք տալիս, որ թիկունք ենք կանգնում նրա գերիշխանությանը։
5 Երկրորդ՝ այն, թե «քիչ բանի» հետ կապված ինչպես ենք վարվում, առնչություն ունի նրա հետ, թե «շատ բանի», այսինքն՝ մեծ հարցերի հետ կապված ինչպես կվարվենք։ Քննենք, թե ինչպես իրենց դրսևորեցին Դանիելը և նրա երեք հավատարիմ ընկերները՝ Անանիան, Միսայելը և Ազարիան։ Նրանք գերության տարվեցին Բաբելոն մ.թ.ա. 617–ին ու երիտասարդ՝ հավանաբար դեռ պատանեկան հասակում հայտնվեցին Նաբուգոդոնոսոր թագավորի պալատում։ «Թագաւորը նորանց համար օրական ռոճիկ որոշեց թագաւորի կերակուրիցը եւ իր խմած գինիիցը. եւ որ նորանց սնուցանէ երեք տարի. եւ յետոյ կանգնեն թագաւորի առաջին» (Դանիէլ 1։3–5)։
6. Բաբելոնական արքունիքում Դանիելն ու նրա երեք ընկերները ի՞նչ փորձության բախվեցին։
6 Սակայն Բաբելոնի թագավորի կերակուրը դժվարություն ստեղծեց չորս եբրայեցի պատանիների համար։ Թագավորի ճաշացանկում, ըստ ամենայնի, Մովսիսական օրենքով արգելված սննդամթերք կար (Բ Օրինաց 14։3–20)։ Բացի այդ, շատ հնարավոր է, մորթված կենդանիներից արյունը հարկ եղած ձևով չէր թափվում, և այդպիսի մսից ուտելը կնշանակեր Աստծու Օրենքի խախտում (Բ Օրինաց 12։23–25)։ Նաև հնարավոր է այդ ուտելիքը մատուցված լիներ կուռքերին, ինչպես որ սովորաբար անում էին բաբելոնացի երկրպագուները միասին ուտելուց առաջ։
7. Հնազանդություն դրսևորելով՝ ի՞նչ փաստեցին Դանիելն ու նրա երեք ընկերները։
7 Անկասկած, սննդի հետ կապված սահմանափակումները չէին հետաքրքրում Բաբելոնի թագավորի պալատականներին։ Սակայն Դանիելն ու նրա ընկերները իրենց սրտում վճռել էին չպղծվել Աստծու Օրենքով արգելված կերակուրներով։ Սա մի հարց էր, որն առնչվում էր Աստծու հանդեպ նրանց նվիրվածությանն ու հավատարմությանը։ Այդ իսկ պատճառով նրանք խնդրեցին իրենց տալ բանջարեղեն ու ջուր, և այդ խնդրանքը բավարարվեց (Դանիէլ 1։9–14)։ Այն, ինչ արեցին այդ չորս պատանիները, մեր ժամանակներում ապրող որոշ մարդիկ գուցե ոչ էական համարեն։ Բայց հնազանդվելով Աստծուն՝ երիտասարդները փաստեցին, թե Եհովայի գերիշխանության հարցում ինչ դիրք են բռնել։
8. ա) Երեք հրեաների նվիրվածությունը Աստծուն ինչպե՞ս լրջորեն փորձվեց։ բ) Ինչո՞վ վերջացավ այդ փորձությունը, և այդ դեպքը ի՞նչ է շեշտում։
8 Հավատարիմ գտնվելով մի հարցում, որը գուցե ոմանց ոչ էական թվար՝ Դանիելի երեք ընկերները նախապատրաստվեցին դիմագրավելու է՛լ ավելի մեծ փորձության։ Բացիր Աստվածաշնչի «Դանիէլ» գրքի 3–րդ գլուխը և կարդա այն մասին, թե երեք հրեաներն ինչպիսի խիզախությամբ դիմավորեցին մահապատիժը՝ Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած ոսկե արձանին չերկրպագելու համար։ Երբ նրանց բերեցին թագավորի մոտ, նրանք համոզված ու վճռականորեն ասացին. «Ահա մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը. եւ քո ձեռքիցն էլ, ով թագաւոր, նա մեզ կ’ազատէ։ Եւ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում» (Դանիէլ 3։17, 18)։ Ազատե՞ց նրանց Եհովան։ Երիտասարդներին հնոցը նետած մարդիկ կրակի բոցից սպանվեցին, բայց երեք հավատարիմ հրեաները հնոցից կենդանի դուրս եկան և նույնիսկ այրվածք չստացան։ Քանի որ նրանք արդեն նախկինում հաջողությամբ հաղթահարել էին հավատարմության փորձությունը, ուստի կարողացան հավատարիմ մնալ այդ լուրջ փորձության ժամանակ։ Մի՞թե այս դեպքը չի շեշտում, թե որքան կարևոր է փոքր բաներում հավատարիմ լինել։
Հավատարմությունը և ‘անիրավ մամոնան’
9. Ղուկաս 16։10–ի խոսքերի հետ մեկտեղ ուրիշ ի՞նչ ասաց Հիսուսը։
9 Նախքան ասելը, որ ոչ կարևոր թվացող բաներում հավատարիմ եղող անհատը հավատարիմ է նաև կարևոր բաներում, Հիսուսն իր ունկնդիրներին խորհուրդ տվեց. «Անիրաւ մամոնայից բարեկամներ արէք ձեզ համար. որ երբոր պակասուիք, յաւիտենական բնակարանների մէջ ընդունեն ձեզ»։ Այնուհետև նա նշեց քիչ բանի մեջ հավատարիմ լինելու մասին, իսկ հետո ասաց. «Արդ թէ որ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չ’եղաք, ճշմարիտ հարստութիւնն ո՞վ կ’տայ ձեր ձեռը.... Ոչ մի ծառայ չէ կարող երկու տիրոջ ծառայել. որովհետեւ կամ մինին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ. կամ մինին կ’պատուէ եւ միւսին կ’արհամարհէ. կարող չէք Աստուծոյ ծառայել եւ մամոնային» (Ղուկաս 16։9–13)։
10. ‘Անիրավ մամոնան’ օգտագործելու հարցում ինչպե՞ս կարող ենք հավատարմություն դրսևորել։
10 Համաձայն համատեքստի՝ Հիսուսի՝ Ղուկաս 16։10–ում արձանագրված խոսքերը առաջին հերթին վերաբերում են ‘անիրավ մամոնան’՝ մեր նյութական միջոցները և ունեցվածքը, օգտագործելուն։ Այդ հարստությունը կոչվում է անիրավ, որովհետև այն, մասնավորապես փողը, գտնվում է մեղավոր մարդկանց վերահսկողության տակ։ Բացի այդ, հարստություն ձեռք բերելու ցանկությունը մարդուն կարող է ստիպել անիրավ գործողություններ կատարել։ Մենք մեր հավատարմությունը ցույց ենք տալիս նրանով, որ իմաստնորեն ենք օգտագործում մեր նյութական միջոցները։ Եսասիրական նպատակներով գործածելու փոխարեն՝ մենք ցանկանում ենք դրանք օգտագործել Թագավորության շահերը առաջ տանելու և կարիքավորներին օգնելու համար։ Այս ձևով հավատարմություն դրսևորելով՝ մենք ձեռք ենք բերում ընկերներ՝ Եհովային և Հիսուս Քրիստոսին՝ «յաւիտենական բնակարանների» տերերին։ Նրանք մեզ կընդունեն այդ բնակարանները՝ շնորհելով մեզ հավիտենական կյանք կա՛մ երկնքում, կա՛մ երկրի վրա՝ Դրախտում։
11. Ինչո՞ւ չպետք է վարանենք մարդկանց բացատրել, թե ինչու ենք ընդունում նվիրատվություններ Եհովայի վկաների կողմից արվող համաշխարհային քարոզչական գործի համար։
11 Մտածենք նաև այն մասին, թե Թագավորության պատգամը հռչակելիս ի՛նչ հնարավորություն ենք ընձեռում այն մարդկանց, ում տալիս ենք Աստվածաշունչ կամ աստվածաշնչային գրականություն և բացատրում ենք, որ ընդունում ենք նվիրատվություններ Եհովայի ժողովրդի կողմից արվող համաշխարհային քարոզչական գործի համար։ Մի՞թե դրանով նրանց հնարավորություն չենք տալիս իմաստուն ձևով օգտագործելու իրենց նյութական միջոցները։ Թեև Ղուկաս 16։10–ը առաջին հերթին վերաբերում է նյութական միջոցներն օգտագործելուն, այս համարում նշված սկզբունքը կիրառելի է նաև կյանքի այլ ասպարեզներում։
Ազնվությունը կարևոր է
12, 13. Ո՞ր ասպարեզներում կարող ենք ազնվություն դրսևորել։
12 Պողոս առաքյալը գրեց. «Համոզուած ենք որ բարի խղճմտանք ունինք կամենալով ամեն բանի մէջ բարւոք [«ազնիվ», ՆԱ] վարուիլ» (Եբրայեցիս 13։18)։ Անշուշտ, «ամեն բանի» մեջ մտնում են ֆինանսներին առնչվող բոլոր հարցերը։ Մենք ազնվորեն ու առանց հետաձգելու վճարում ենք մեր պարտքերն ու հարկերը։ Ինչո՞ւ։ Այդպես վարվելուն մեզ մղում է մեր խիղճը, բայց մեր գլխավոր մղումը Աստծու հանդեպ սերը և նրա պատվիրաններին հնազանդվելու ցանկությունն է (Հռովմայեցիս 13։5, 6)։ Ինչպե՞ս ենք վարվում, երբ գտնում ենք մի բան, որը մեզ չի պատկանում։ Մենք ջանում ենք այն վերադարձնել օրինական տիրոջը։ Եթե նրան բացատրենք, թե ինչն է մեզ մղել դա անելու, ապա հրաշալի վկայություն տված կլինենք։
13 Ամեն ինչում հավատարիմ և ազնիվ լինելու մեջ մտնում է նաև աշխատավայրում ազնվություն դրսևորելը։ Ազնվություն արտահայտող աշխատանքային սովորություններ ունենալով՝ մարդկանց ուշադրությունը հրավիրում ենք մեր Աստծու վրա, որին ներկայացնում ենք։ Մենք չենք «գողանում» ժամանակը՝ ծուլություն անելով։ Ընդհակառակը, ջանասիրաբար աշխատում ենք, ինչպես որ կաշխատեինք Եհովայի համար (Եփեսացիս 4։28; Կողոսացիս 3։23)։ Ըստ մի հաշվարկի՝ եվրոպական երկրներից մեկում բժշկից հիվանդության թերթիկ խնդրած աշխատողների մեկ երրորդը այն ստացել է խաբեության միջոցով։ Աստծու ճշմարիտ ծառաները արդարացումներ չեն հնարում՝ աշխատելուց խուսափելու համար։ Երբեմն Եհովայի վկաները իրենց գործատերերից պաշտոնի բարձրացման առաջարկություն են ստանում, քանի որ վերջիններս տեսնում են նրանց ազնվությունն ու ջանասիրությունը (Առակաց 10։4)։
Հավատարմություն քրիստոնեական ծառայության մեջ
14, 15. Ի՞նչ ձևերով կարող ենք քրիստոնեական ծառայության մեջ փաստել մեր հավատարմությունը։
14 Ինչպե՞ս ենք հավատարմություն դրսևորում մեզ վստահված ծառայության մեջ։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ժամանակ Աստուծուն օրհնութեան պատարագ մատուցանենք. այսինքն նորա անունը դաւանող շրթունքների պտուղ» (Եբրայեցիս 13։15)։ Ծառայության մեջ հավատարմություն դրսևորելու հիմնական ձևը այդ գործում կանոնավոր մասնակցություն ունենալն է։ Ինչո՞ւ թույլ տանք, որ ամիսն անցնի առանց Եհովայի ու նրա նպատակի մասին վկայելու։ Քարոզչական գործին կանոնավորաբար մասնակցելը նաև օգնում է, որ բարելավենք մեր հմտությունները և ավելի արդյունավետ քարոզիչներ դառնանք։
15 Քարոզչական ծառայության մեջ մեր հավատարմությունը դրսևորելու մեկ այլ հիանալի միջոց է «Դիտարանում» և «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տպագրված խորհուրդները կիրառելը։ Մի՞թե մեր ծառայությունն ավելի արդյունավետ չի դառնում, երբ նախապատրաստում ենք ու այնուհետև կիրառում առաջարկված մատուցումները կամ այլ իրական մատուցումներ։ Երբ հանդիպում ենք Թագավորության լուրով հետաքրքրվող անհատի, իսկույնևեթ զարգացնո՞ւմ ենք նրա հետաքրքրությունը։ Իսկ ինչպե՞ս ենք վերաբերվում հետաքրքրվող մարդկանց հետ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնելուն։ Արդյոք վստահելի և հավատարի՞մ ենք այս հարցում։ Եթե ծառայության մեջ հավատարիմ լինենք, ապա դա կարող է կյանքի առաջնորդել թե՛ մեզ, թե՛ մեզ լսողներին (Ա Տիմոթէոս 4։15, 16)։
Աշխարհից հեռու մնանք
16, 17. Ո՞ր հարցերում կարող ենք ցույց տալ, որ աշխարհից չենք։
16 Աստծուն աղոթելիս Հիսուսն իր հետևորդների մասին ասաց. «Քո խօսքը նորանց տուի, եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։ Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը։ Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ» (Յովհաննէս 17։14–16)։ Մենք գուցե հաստատակամորեն ու վճռականորեն աշխարհից հեռու մնանք մեծ հարցերում, ինչպիսիք են՝ չեզոքությունը, կրոնական տոներն ու սովորությունները և անբարոյությունը։ Բայց ինչպե՞ս ենք մեզ դրսևորում փոքր հարցերում։ Հնարավո՞ր է, որ նույնիսկ առանց գիտակցելու, ենթարկվենք աշխարհի ազդեցությանը։ Օրինակ՝ եթե զգույշ չլինենք, ապա հեշտությամբ կունենանք սեփական արժանապատվության զգացում չարտահայտող ու անպատշաճ հագուկապ։ Հավատարիմ լինելու համար անհրաժեշտ է համեստություն և ողջամտություն ցուցաբերել հագուկապի ու հարդարանքի հարցում (Ա Տիմոթէոս 2։9, 10, ՆԱ)։ Այո, «ոչ մի բանով ոչ մի գայթակղութիւն չենք տալիս, որ [մեր] պաշտօնը չ’նախատուի. այլ ամեն բանի մէջ մեր անձերը ընծայում ենք ինչպէս Աստուծոյ պաշտօնեաներ» (Բ Կորնթացիս 6։3, 4)։
17 Մենք ցանկանում ենք պատվել Եհովային, ուստի ժողովի հանդիպումներին հաճախում ենք վայելուչ հագուստով։ Նույն հագուկապն ենք ունենում նաև ավելի մեծ հավաքույթների՝ համաժողովների ժամանակ։ Մեր հագուստը պետք է լինի համապատասխան ու պատշաճ։ Մեր արտաքին տեսքով մենք վկայություն ենք տալիս մարդկանց։ Նույնիսկ հրեշտակներն են ուշադրություն դարձնում մեզ վրա, ինչպես որ նրանք ուշադրություն են դարձրել Պողոսի ու նրա քրիստոնյա ընկերների վրա (Ա Կորնթացիս 4։9)։ Փաստորեն, մենք պետք է միշտ պատշաճորեն հագնված լինենք։ Ոմանց գուցե թվա, թե հագուստի ընտրության հարցում հավատարմություն պահելը էական չէ, բայց Աստված դա կարևոր է համարում։
Հավատարմությունը օրհնություններ է բերում
18, 19. Ի՞նչ օրհնություններ է բերում հավատարմությունը։
18 Աստվածաշունչն ասում է, որ ճշմարիտ քրիստոնյաները «լավ տնտեսներ [են] Աստծու անարժան բարության, որն արտահայտվում է բազում կերպերով»։ Ուստի նրանք ապավինում են այն ուժին, որն Աստված է տալիս (Ա Պետրոս 4։10, 11, ՆԱ)։ Բացի այդ, որպես տնտեսների՝ մեզ վստահվել են բաներ, որոնք մեզ չեն պատկանում՝ Աստծու անարժան բարության արտահայտումները, որոնց մեջ է մտնում ծառայությունը։ Մեզ դրսևորելով ինչպես լավ տնտեսներ՝ մենք ապավինում ենք Աստծու տված ուժին՝ ‘զորության գերազանցությանը’ (Բ Կորնթացիս 4։7)։ Ի՜նչ հրաշալի մարզում ենք ստանում, որը կօգնի մեզ դիմանալ ցանկացած փորձության։
19 Սաղմոսերգուն ասաց. «Սիրեցէք Տիրոջը, ով նորա ամեն սուրբեր [«նվիրվածներ», ՆԱ]. Տէրը պահում է հաւատացեալներին [«հավատարիմներին», ՆԱ]» (Սաղմոս 31։23)։ Եկեք վճռենք միշտ փաստել, որ հավատարիմ ենք՝ վստահ լինելով, որ Եհովան «Փրկիչ է ամեն մարդկանց, եւ մանաւանդ հաւատացեալներին [«հավատարիմներին», ՆԱ]» (Ա Տիմոթէոս 4։10)։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ պետք է ‘քիչ բանի մեջ հավատարիմ’ լինենք։
• Ինչպե՞ս կարող ենք փաստել մեր հավատարմությունը
ազնիվ լինելու հետ կապված,
ծառայության մեջ,
աշխարհից հեռու մնալու հարցում։
[նկարներ 26–րդ էջի վրա]
Քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ հավատարիմ է
[նկար 29–րդ էջի վրա]
‘Ամեն բանի մեջ ազնիվ վարվեք’
[նկար 29–րդ էջի վրա]
Հավատարմություն դրսևորելու հրաշալի ձև է քարոզչական ծառայությանը լավ նախապատրաստվելը
[նկար 30–րդ էջի վրա]
Համեստ եղիր հագուկապի և հարդարանքի հարցում