-
«Առաջինը նա սիրեց մեզ»Մոտեցիր Եհովային
-
-
Սիրո մեծագույն դրսևորումը
4. Հռոմեացի զինվորականն ինչպե՞ս համոզվեց, որ Հիսուսը սովորական մարդ չէր, և ի՞նչ եզրակացրեց նա։
4 Հռոմեացի հարյուրապետը, որի գլխավորությամբ իրականացվեց Հիսուսի մահապատիժը, շատ վախեցավ՝ տեսնելով թե՛ խավարը, որ նախորդեց Հիսուսի մահվանը, և թե՛ դրան հաջորդած ուժգին երկրաշարժը։ «Իսկապես որ, սա Աստծու Որդի էր»,— ասաց նա (Մատթեոս 27։54)։ Հստակ է, որ Հիսուսը սովորական մարդ չէր։ Հռոմեացի այդ զինվորականը մասնակից էր եղել Բարձրյալ Աստծու միածին Որդու մահապատժին։ Իսկ որքա՞ն թանկ էր Որդին իր Հոր համար։
5. Ի՞նչ օրինակով կարելի է ցույց տալ այն հսկայական ժամանակը, երբ Եհովան ու իր Որդին միասին են եղել երկնքում։
5 Աստվածաշունչը Հիսուսին կոչում է «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը» (Կողոսացիներ 1։15)։ Մի պահ մտածիր. Եհովայի Որդին գոյություն է ունեցել դեռևս տիեզերքի ստեղծվելուց առաջ։ Իսկ որքա՞ն ժամանակ են Հայրն ու Որդին միասին եղել։ Որոշ գիտնականների հաշվարկներով՝ տիեզերքը գոյություն ունի 13 միլիարդ տարի։ Այս ահռելի թիվը պատկերացնելն անգամ դժվար է։ Որպեսզի մարդիկ կարողանան պատկերացնել այս թիվը, մի աստղադիտարանում հետևյալ բանն են արել. պատի վրա հիշյալ ժամանակահատվածը ներկայացրել են ուղիղ գծի միջոցով, որի երկարությունը 110 մետր է (360 ֆուտ)։ Յուրաքանչյուր քայլը, որ կատարում են այցելուներն այդ գծի երկայնքով, համապատասխանում է տիեզերքի տարիքի 75 միլիոն տարուն։ Ժամանակը ցույց տվող սանդղակի վերջում մարդկության ողջ պատմությունը ներկայացվում է մի գծիկով, որի երկարությունն ընդամենը մարդու մազի հաստության չափ է։ Նույնիսկ եթե այս հաշվարկները ճշգրիտ են, միևնույն է, այդ սանդղակն իր ողջ երկարությամբ բավարար չի լինի ներկայացնելու Եհովայի Որդու կյանքի տևողությունը։ Իսկ ինչո՞վ է նա զբաղված եղել այդ անհաշիվ տարիների ընթացքում։
6. ա) Նախքան երկիր գալը ինչո՞վ էր զբաղված Եհովայի Որդին երկնքում։ բ) Ինչպիսի՞ կապ գոյություն ունի Եհովայի և իր Որդու միջև։
6 Որդին ուրախությամբ ծառայել է իր Հոր մոտ՝ որպես «հմուտ վարպետ» (Առակներ 8։30)։ Աստվածաշնչում կարդում ենք. «Առանց [Որդու] ոչինչ չստեղծվեց» (Հովհաննես 1։3)։ Ուստի Եհովան և իր Որդին միասին են ստեղծել մյուս բոլոր բաները։ Ի՜նչ հետաքրքիր և ուրախ ժամանակներ են նրանք անցկացրել միասին։ Թերևս շատերը կհամաձայնեն, որ սերը երեխայի ու ծնողի միջև զարմանալիորեն ուժեղ է։ Սերը «միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3։14)։ Ուստի որքա՜ն ամուր է եղել սիրո այն կապը, որ գոյություն է ունեցել այդ աներևակայելի երկար տարիների ընթացքում։ Անկասկած, Եհովա Աստված ու իր Որդին միավորված են սիրո ամենաամուր կապով։
7. Եհովան ինչպե՞ս արտահայտեց իր զգացմունքները Որդու հանդեպ, երբ Հիսուսը մկրտվեց։
7 Չնայած դրան՝ Հայրը Որդուն երկիր ուղարկեց, որ ծնվի որպես մարդ։ Դա նշանակում էր, որ մի քանի տասնամյակ Եհովան ստիպված էր լինելու զրկել իրեն սիրելի Որդու հետ ունեցած սերտ ընկերակցությունից։ Մեծ հետաքրքրությամբ նա երկնքից հետևում էր, թե ինչպես էր Հիսուսը մեծանում որպես կատարյալ մարդ։ Մոտ 30 տարեկան հասակում նա մկրտվեց։ Հարկ չկա ենթադրություններ անելու այն մասին, թե ինչ էր զգում Եհովան այդ պահին։ Նա անձամբ խոսեց երկնքից՝ ասելով. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթեոս 3։17)։ Ինչպիսի՜ ուրախություն պետք է զգար Հայրը՝ տեսնելով, որ Հիսուսը հավատարմորեն կատարում է այն ամենը, ինչ մարգարեացվել էր նրա մասին, և ինչ նրան հանձնարարվել էր անել (Հովհաննես 5։36; 17։4)։
8, 9. ա) Ի՞նչ փորձությունների միջով անցավ Հիսուսը 33 թ. նիսանի 14-ին, և ի՞նչ ապրումներ ունեցավ Եհովան։ բ) Ինչո՞ւ Եհովան թույլ տվեց, որ իր Որդին չարչարվի ու մահանա։
8 Իսկ ի՞նչ ապրումներ ունեցավ Եհովան 33 թ. նիսանի 14-ին։ Ի՞նչ զգացումներ ունեցավ նա, երբ Հիսուսին մատնեցին, երբ վայրագ մի ամբոխ գիշերով նրան ձերբակալեց, երբ Հիսուսին լքեցին նրա մտերիմները, երբ անարդարացիորեն դատեցին նրան, երբ ծաղրուծանակի ենթարկեցին, թքեցին նրա վրա և բռունցքներով հարվածեցին, երբ խարազանեցին նրան, ինչի արդյունքում մեջքը վերածվեց արյունոտ մսի դողդոջուն ծվենների, երբ նրա ձեռքերն ու ոտքերը մեխեցին փայտե սյանը և, մինչ մարդիկ շարունակում էին անարգել նրան, թողեցին այդպես կախված։ Ի՞նչ զգացումներ ունեցավ Հայրը, երբ իր Որդին կյանքի վերջին րոպեներին անասելի տառապանքների միջից իրեն աղաղակեց։ Եվ վերջապես, ի՞նչ ապրումներ ունեցավ Եհովան, երբ իր սիրելի Որդին վերջին շունչը տվեց ու արարչագործության պատմության մեջ առաջին անգամ դադարեց գոյություն ունենալուց (Մատթեոս 26։14-16, 46, 47, 56, 59, 67; 27։38-44, 46; Հովհաննես 19։1)։
9 Բառերն անզոր են։ Քանի որ Եհովան զգացմունքներ ունի, անհնար է խոսքերով նկարագրել այն անտանելի ցավը, որ Հիսուսի մահը պատճառեց նրան։ Բայց հնարավոր է բացատրել այն, թե ինչու Հայրը թույլ տվեց, որ նման բան տեղի ունենա։ Ուրեմն ի՞նչը մղեց Եհովային այդպիսի տառապանք պատճառելու ինքն իրեն։ Հովհաննես 3։16-ում Եհովան մի զարմանալի բան է հայտնում. աստվածաշնչյան այնքան կարևոր մի համար, որ կոչվել է «փոքրիկ Ավետարան»։ Այնտեղ ասվում է. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Փաստորեն, Եհովայի մղիչ ուժը սերն էր։ Աստված երկիր ուղարկեց իր Որդուն, որպեսզի նա տառապեր ու մահանար մեզ համար։ Սա էր Եհովայի պարգևը՝ երբևէ ցուցաբերված սիրո մեծագույն դրսևորումը։
«Աստված.... իր միածին Որդուն տվեց»
-
-
«Առաջինը նա սիրեց մեզ»Մոտեցիր Եհովային
-
-
12 Աստվածաշնչի բնագրում օգտագործված ագապե բառը հիմնականում վերաբերում է սկզբունքների վրա հիմնված սիրուն։ Ուստի այն ավելին է, քան միայն զգացմունքի թելադրանքով որևէ մեկի խոսքերին կամ գործերին արձագանքելը։ Սիրո այս տեսակը ավելի լայն իմաստ ունի և դրսևորվում է անշահախնդրորեն ու գիտակցաբար։ Բայց ամենակարևորը՝ քրիստոնեական սերը եսասիրությունից զերծ է։ Կրկին անդրադառնանք Հովհաննես 3։16-ին։ Ի՞նչ է «աշխարհը», որին Աստված այդքան շատ սիրեց և որի համար տվեց իր միածին Որդուն։ Դա փրկագնի կարիք ունեցող մարդկությունն է, այդ թվում նաև այն բազմաթիվ անհատները, ովքեր կյանքի սխալ ճանապարհ են ընտրել։ Արդյո՞ք նրանցից յուրաքանչյուրին Եհովան համարում է իր ընկերը և սիրում է այնպես, ինչպես հավատարիմ Աբրահամին էր սիրում (Հակոբոս 2։23)։ Ո՛չ, բայց Աստված սիրով բարություն է ցուցաբերում բոլորի հանդեպ, նույնիսկ երբ դրա դիմաց հարկ է լինում թանկ վճարել։ Նա ցանկանում է, որ բոլոր մարդիկ զղջան ու փոխեն իրենց սխալ ապրելակերպը (2 Պետրոս 3։9)։ Շատերը հենց այդպես էլ անում են։ Եվ այդ ժամանակ Եհովան ուրախությամբ համարում է նրանց իր ընկերները։
-