‘Վերահաստատման ժամանակները’ մո՛տ են
Հիսուսի երկինք համբարձվելուց քիչ առաջ իր հավատարիմ առաքյալներից մի քանիսը հարցրին նրան. «Տէ՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը»։ Հիսուսի պատասխանը ցույց էր տալիս, որ նախքան Թագավորության գալը որոշ ժամանակ պիտի անցներ։ Իսկ այդ ընթացքում նրա հետևորդները մեծ աշխատանք ունեին կատարելու։ Նրանք Հիսուսի մասին պիտի վկայեին «Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։6–8)։
ԱՅՍ հանձնարարությունը հնարավոր չէր կատարել մի քանի օրում, շաբաթում կամ ամսում։ Այնուհանդերձ, առանց մի փոքր անգամ վարանելու, առաքյալները սկսեցին քարոզել։ Սակայն նրանք չկորցրին վերահաստատման նկատմամբ ունեցած իրենց հետաքրքրությունը։ Դա երևում է Պետրոս առաքյալի խոսքերից, որոնք նա արտասանեց Երուսաղեմում հավաքված մի մեծ բազմության առջև. «Ապաշխարեցէ՛ք եւ դարձի՛ եկէք ձեր մեղքերը ջնջելու համար, որպէսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայութիւնից, եւ որպէսզի նա ուղարկի Յիսուսին, որ ձեզ համար վաղօրօք սահմանուած է Քրիստոս, որին երկինքը պէտք է ընդունի («որ երկինքի մէջ պիտի մնայ», ՆԿ–ի ՆԱԹ) մինչեւ բոլոր բաների վրայ հաստատուելու ժամանակները [«բոլոր բաների վերահաստատման ժամանակները», ՆԱ], այն բաների, որոնց մասին Աստուած խօսեց իր սուրբ մարգարէների բերանով» (Գործք 3։19–21)։
«Վերահաստատման ժամանակները» նշանավորելու էին Եհովայի կողմից սահմանված «հանգստի ժամանակները»։ Կանխագուշակված վերահաստատումը երկու փուլերով էր ընթանալու։ Առաջինը՝ թարմացնող, հոգևոր վերահաստատումն էր, որը հիմա իսկ ընթացքի մեջ է, իսկ երկրորդը՝ երկրի վրա ֆիզիկական դրախտի վերահաստատումը։
Վերահաստատման ժամանակը սկսվում է
Հիսուսը ‘մնաց երկնքում’, ինչպես Պետրոս առաքյալը բացատրեց Երուսաղեմում հավաքված ժողովրդին։ Այդ վիճակը տևեց մինչև 1914–ը, երբ Հիսուսն իշխանության գլուխ անցավ ու սկսեց կառավարել որպես Աստծո կողմից նշանակված Թագավոր։ Պետրոսը կանխագուշակեց, որ այդ ժամանակ Եհովան ‘կուղարկի’ իր Որդուն, այսինքն՝ կթույլատրի Հիսուսին կատարել Աստծո նպատակների մեջ նրան հատկացված գլխավոր դերը։ Աստվածաշնչում այս իրադարձությունը պատկերավոր լեզվով է նկարագրվում. «Եւ կինը [Աստծո երկնային կազմակերպությունը] ծնեց մի արու զաւակ [Աստծո Թագավորությունը, որի գլուխ կանգնած է Հիսուս Քրիստոսը], որ իշխելու էր բոլոր ազգերի վրայ երկաթէ գաւազանով» (Յայտնութիւն 12։5)։
Սակայն ազգերը բոլորովին մտադիր չէին ենթարկվելու Քրիստոսի իշխանությանը։ Իրականում, նրանք անարգեցին Քրիստոսի հավատարիմ երկրային հպատակներին, որոնք այսօր հայտնի են որպես Եհովայի վկաներ։ Իրենցից առաջ ապրած առաքյալների նման՝ Վկաները ևս առանց վարանելու հանձն էին առել ‘Հիսուսին վկայելու’ գործը (Յայտնութիւն 12։17)։ Այս անկեղծ քրիստոնյաների գործունեության դեմ հակառակություն բռնկվեց, որը տարածվեց մի երկրից մյուսը։ 1918–ին Բրուքլինում (Նյու Յորք) գտնվող «Դիտարան» ընկերության գլխավոր վարչության պատասխանատու անդամները դատարանի առջև կանգնեցին։ Նրանց դեմ սուտ մեղադրանքներ ներկայացվեցին և անարդարացիորեն դատապարտեցին երկար տարիների ազատազրկման։ Թվում էր, թե մեր օրերում «մինչեւ երկրի ծայրերը» վկայություն տալու աշխատանքը ձախողվելու է (Յայտնութիւն 11։7–10)։
Սակայն 1919–ին գլխավոր վարչության բանտարկված անդամներն ազատ արձակվեցին և հետագայում արդարացվեցին բոլոր սուտ մեղադրանքներից։ Առանց հապաղելու՝ նրանք վերստին լծվեցին հոգևոր վերահաստատման մինչ այդ կիսատ թողած գործին։ Այդ ժամանակվանից ի վեր Եհովայի ժողովուրդն աննախադեպ կերպով հոգևորապես բարգավաճում է։
Մեծածավալ քարոզարշավ կազմակերպվեց, որի նպատակն էր սովորեցնել բոլոր ազգերից մարդկանց պահել այն ամենը, ինչ որ Քրիստոսն իր հետևորդներին պատվիրել էր (Մատթէոս 28։20)։ Որքան ուրախալի էր տեսնել, թե նախկինում գազանանման հատկություններ ունեցող անհատներն ինչպես էին վերափոխվում։ Նրանք ‘հանեցին իրենց վրայից հին մարդը’, որին բնորոշ են «զայրոյթ.... հայհոյութիւն եւ խեղկատակութիւն», ու ‘հագան նորը’՝ «այն, որ նորոգուած է գիտութեամբ, ըստ իր Արարչի պատկերի»։ Եսայիա մարգարեի կողմից գրի առնված հետևյալ խոսքերն այսօր իսկ իրենց կատարումն են ունենում հոգևոր առումով. «Գայլը [նախկինում գայլանման մարդը] կ’բնակուէ գառի [գառնանման մարդու] հետ, եւ ինձը ուլի հետ կ’պառկէ. եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կ’լինին» (Կողոսացիս 3։8–10; Եսայիա 11։6, 9)։
Շուտով կսկսվի վերահաստատման հաջորդ փուլը
Բացի այն վերահաստատումից, որի արդյունքը ներկայիս հոգևոր դրախտն է, արագորեն մոտենում է ժամանակը, երբ մեր մոլորակը բառի բուն իմաստով դրախտի կվերածվի։ Եդեմի պարտեզը՝ երկրագնդի այն փոքրիկ անկյունը, որտեղ Եհովան տեղավորել էր մեր նախածնողներ Ադամին ու Եվային, հենց այդպիսի դրախտ էր (Ծննդոց 1։29–31)։ Ահա թե ինչու մենք կարո՛ղ ենք խոսել Դրախտի վերահաստատման մասին։ Սակայն, մինչ այդ երկիրը պիտի մաքրվի Աստծուն անարգանք բերող կեղծ կրոններից։ Այդ գործով կզբաղվեն աշխարհի քաղաքական ուժերը (Յայտնութիւն 17։15–18)։ Ապա կբնաջնջվեն քաղաքական և առևտրական համակարգերն իրենց կողմնակիցների հետ միասին։ Եվ վերջապես, կհեռացվեն Աստծո մնացած հակառակորդները՝ Բանսարկու Սատանան ու նրա դևերը և կբանտարկվեն հազար տարով, այսինքն՝ այնքան ժամանակ, որքան որ հատկացված է Դրախտի վերահաստատմանը։ Այդ ընթացքում «անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան, եւ կ’ցնծայ ամային ու կ’ծաղկի շուշանի պէս» (Եսայիա 35։1)։ Ամբողջ երկրում խաղաղություն կտիրի (Եսայիա 14։7)։ Դեռ ավելին, միլիոնավոր մահացածներ դարձյալ կյանքի կվերադառնան երկրի վրա։ Ամբողջ մարդկությունը ականատես կդառնա, թե քավիչ զոհաբերությունը վերականգնելու ինչ զորություն ունի (Յայտնութիւն 20։12–15; 22։1, 2)։ Երկրի վրա չեն լինի ո՛չ կույրեր, ո՛չ խուլեր և ո՛չ էլ կաղեր։ «Այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Քրիստոսի Հազարամյա թագավորությունից հետո Սատանան ու իր դևերը կարճ ժամանակով բաց կթողնվեն և կտեսնեն, թե ինչպե՛ս է իրագործվել երկրի վերաբերյալ Աստծո նպատակը։ Ի վերջո, նրանք հավիտենապես կոչնչացվեն (Յայտնութիւն 20։1–3)։
Հազարամյա վերահաստատման ավարտին երկրի վրա «ամեն շունչ ունեցողը» կփառաբանի Եհովային, կփառաբանի հավիտյան (Սաղմոս 150։6)։ Իսկ դուք կլինե՞ք նրանց մեջ։ Ձեզ տրված է այդ հնարավորությունը։