Գիտեի՞ք արդյոք
Ո՞վ էր «տաճարի վերահսկիչը», և ի՞նչ պատասխանատվություններ ուներ
Երբ Պետրոս ու Հովհաննես առաքյալները քարոզում էին, հրեա կրոնական առաջնորդները, որոնց հետ էր նաև «տաճարի վերահսկիչը», հրամայեցին ձերբակալել նրանց (Գործեր 4։1–3)։ Թեև Աստվածաշնչում չի նշվում, թե ինչ պատասխանատվություններ ուներ տաճարի վերահսկիչը այն ժամանակ, սակայն կան պատմական որոշ աղբյուրներ, որոնք այս առումով հետաքրքիր տեղեկություն են հաղորդում։
Հիսուսի օրերում, ակներևաբար, այս պաշտոնը զբաղեցնում էր որևէ քահանա, որն իր դիրքով զիջում էր միայն քահանայապետին։ Վերահսկիչը հետևում էր, որ թե՛ տաճարում, թե՛ տաճարի շուրջը կարգուկանոն տիրի։ Նա վերահսկում էր տաճարում կատարվող երկրպագությունը։ Նրա ենթակայության տակ էր այն խումբը, որը ոստիկանության դեր էր տանում տաճարում, ինչպես նաև այն հսկիչները, որոնք հետևում էին պահակների գործունեությանը։ Վերջիններս առավոտյան բացում էին տաճարի դարպասները և երեկոյան փակում էին դրանք։ Այդ հսկիչները պետք է հետևեին, որ ոչ ոք չմտնի արգելված տարածքներ։ Նրանք հսկում էին նաև տաճարի գանձարանը։
Տաճարում ծառայող քահանաները և ղևտացիները բաժանված էին 24 խմբի։ Նրանցից յուրաքանչյուրը տարին երկու անգամ մեկ շաբաթով ծառայում էր տաճարում։ Ամենայն հավանականությամբ, ամեն խումբ ուներ իր վերահսկիչը (Ա Մնացորդաց 24։1–18)։
Այս հսկիչները իշխանություն ունեցող մարդիկ էին։ Նրանք հիշատակվում են քահանայապետների հետ, որոնք ծրագրեցին սպանել Հիսուսին։ Ավելին, այդ մարդիկ նաև իրենց հսկողության տակ գտնվողների միջոցով ձերբակալեցին Հիսուսին (Ղուկաս 22։4, 52)։
Մատթեոս 3։4–ում նշվում է, որ Հովհաննես Մկրտիչը ուտում էր «մորեխ ու վայրի մեղր»։ Արդյո՞ք այդ ժամանակ սովորական բան էր համարվում մորեխ ուտելը։
Ոմանք կասկածում են, որ Հովհաննեսը միջատներ է կերել։ Նրանք պնդում են, որ Մատթեոսը, մորեխ ասելով, նկատի է ունեցել կա՛մ եղջերենու պտուղներ, կա՛մ վայրի միրգ, կա՛մ էլ ձկան տեսակ։ Սակայն հունարեն բառը, որ օգտագործել է Մատթեոսը, վերաբերում է ուղղաթևերի կարգի միջատների վերնաընտանիքին (մորեխների ընտանիքին)։ Իսրայելում ամենից շատ տարածված էր անապատային մորեխը. դա մորեխների այն տեսակն է, որոնք խմբովին իրենց ճանապարհին ոչնչացնում են հսկայական բուսատարածքներ (Յովէլ 1։4, 7; Նաում 3։15)։
Ասորեստանցիները և եթովպացիները մորեխը համարել են նրբահամ խորտիկ։ Հետաքրքիր է, որ մինչև օրս որոշ բեդվիններ և Եմենում ապրող հրեաներ մորեխ են ուտում։ Իսրայելում մորեխը համարվել է աղքատների կերակուր։ Սովորաբար հեռացնում էին գլուխը, ոտքերը, փորիկը և ուտում էին կրծքավանդակը՝ կիսաեփ կամ տապակած, կամ էլ արևի տակ չորացրած։ Երբեմն օգտագործում էին աղ դրած կամ էլ քացախի կամ մեղրի մեջ թաթախված մորեխներ։ Պատմաբան Հենրի Դենիել–Ռոփսը նշում է, որ մորեխը ծովախեցգետնի համ ունի։
Քանի որ Հովհաննես Մկրտիչը քարոզում էր անապատում, ամենայն հավանականությամբ մորեխ էր ուտում (Մարկոս 1։4)։ Նշենք նաև, որ մորեխի 75 տոկոսը սպիտակուց է, այդ պատճառով էլ այն շատ սննդարար կերակուր է, հատկապես, երբ ուտում են վայրի մեղրով։
[նկար 28–րդ էջի վրա]
Ասորեստանից սպասավորները մորեխ եվ նուռ են տանում
[թույլտվությամբ]
From the book Discoveries Among the Ruins of Nineveh and Babylon (1853)