«Մենք պետք է առավել Աստծուն հնազանդվենք՝ որպես ղեկավարի, քան թե մարդկանց»
‘Մենք չենք կարող չխոսել Հիսուսի մասին’
ՄԵՐ թվարկության 33 թ.–ն է։ Նրանք գտնվում են Երուսաղեմում՝ հրեական ազգային դատարանի տպավորիչ սրահում։ Այստեղ Սինեդրիոնը ուր որ է պետք է հարցաքննի Հիսուս Քրիստոսի 12 հետևորդներին։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք քարոզում են Հիսուսի մասին։ Պետրոս և Հովհաննես առաքյալներն արդեն երկրորդ անգամ է կանգնած են դատարանի առաջ։ Մյուս առաքյալների համար սա առաջին դատավարությունն է։
Քահանայապետը դիմում է 12 առաքյալներին նախորդ դատավարության ընթացքում կայացված որոշման վերաբերյալ։ Այդ ժամանակ, երբ Պետրոս և Հովհաննես առաքյալներին հրամայվել էր այլևս չքարոզել Հիսուսի մասին, նրանք պատասխանել էին. «Եթէ արժան է Աստուծոյ առաջին՝ որ ձեզ աւելի ականջ դնենք քան թէ Աստուծուն, դուք դատեցէք։ Վասնզի մենք չենք կարող այն որ տեսանք եւ լսեցինք, չ’խօսել» (Գործք 4։18–31)։ Եհովայից քաջություն խնդրելուց հետո Հիսուսի աշակերտները շարունակել էին հռչակել բարի լուրը (Գործք 4։18–31)։
Հասկանալով, որ նախորդ սպառնալիքները ապարդյուն էին եղել՝ այս երկրորդ դատավարության ժամանակ քահանայապետը ասում է. «Չէ՞ որ պատուիրելով պատուիրեցինք ձեզ՝ որ չ’սովորեցնէք այդ անունովը. եւ ահա Երուսաղէմը լցրիք ձեր ուսմունքովը, եւ կամենում էք այն մարդի արիւնը մեզ վերայ բերել» (Գործք 5։28)։
Անսասան հաստատակամություն
Պետրոսը և մյուս առաքյալները խիզախորեն պատասխանում են. «Մենք պետք է առավել Աստծուն հնազանդվենք՝ որպես ղեկավարի, քան թե մարդկանց» (Գործք 5։29, ՆԱ)։ Իրոք, պարզապես մարդկանց հնազանդվելու փոխարեն՝ մենք պետք է հնազանդվենք Եհովային, երբ մարդկանց պահանջները հակասում են Աստծու պատվերներին։a
Առաքյալների խոսքերը, որոնք հաստատում են նրանց հավատարմությունը Աստծու հանդեպ, պետք է որ տպավորեն Սինեդրիոնի անդամներին։ Եթե հարցը վերաբերում է Աստծուն հնազանդվելուն, հրեական հասարակության այս առաջնորդները պետք է որ միաձայն պատասխանեն. «Աստծո՛ւն հնազանդվեք»։ Ի վերջո, մի՞թե նրանք չեն հավատում, որ Աստված տիեզերքի Գերիշխանն է։
Ակներևաբար բոլոր առաքյալների անունից խոսելով՝ Պետրոսը հայտարարում է, որ ինչ վերաբերում է իրենց ծառայությանը, նրանք հնազանդվում են Աստծուն և ոչ թե մարդկանց։ Այսպիսով, նա անվավեր է դարձնում առաքյալների թվացյալ անհնազանդության վերաբերյալ մեղադրանքը։ Իրենց ազգի պատմությունից Սինեդրիոնի անդամները գիտեն, որ կան դեպքեր, երբ միանգամայն ճիշտ է Աստծուն ավելի հնազանդվել, քան թե մարդկանց։ Օրինակ՝ Եգիպտոսում երկու մանկաբարձուհիներ վախեցան ոչ թե փարավոնից, այլ Աստծուց, ուստի կենդանի պահեցին եբրայեցի կանանց ծնած որդիներին (Ելից 1։15–17)։ Իսկ թագավոր Եզեկիան հնազանդվեց Եհովային և ոչ թե Սենեքերիմ թագավորին, որը պահանջում էր հանձնվել (Դ Թագաւորաց 19։14–37)։ Սինեդրիոնի անդամները, իհարկե, ծանոթ էին Եբրայերեն Գրություններին, որտեղ ընդգծվում էր, որ Եհովան իր ժողովրդից ակնկալում էր հնազանդվել իրեն (Ա Թագաւորաց 15։22, 23)։
Հնազանդությունը վարձատրվում է
Բարձրագույն դատարանի անդամներից առնվազն մեկը ակներևաբար ազդվել է առաքյալի խոսքերից. «Մենք պետք է առավել Աստծուն հնազանդվենք՝ որպես ղեկավարի, քան թե մարդկանց»։ Գամաղիելը՝ Սինեդրիոնի մեծարգո դատավորներից մեկը, համոզում է դատարանին լսել իր իմաստուն խորհուրդը, որը նա տալիս է փակ դատավարության ժամանակ։ Անցյալից օրինակներ բերելով՝ Գամաղիելը ցույց է տալիս, որ խելամիտ չէ միջամտել առաքյալների կատարած աշխատանքին։ Նա եզրափակում է իր խոսքերը՝ ասելով. «Հեռու կացէք այդ մարդկանցից, եւ թողէք դորանց.... մի գուցէ Աստուծոյ դէմ կռիւ անող էլ գտնուիք» (Գործք 5։34–39)։
Գամաղիելի ողջամիտ խոսքերը համոզում են բարձրագույն դատարանին ազատ արձակել առաքյալներին։ Թեև առաքյալները խիստ քննադատության են արժանացել, սակայն չեն վախենում այս դեպքից։ Ընդհակառակը՝ Աստվածաշունչն ասում է. «Բոլոր օրը [«ամեն օր», ԱԱ] չէին դադարում տաճարումը եւ տներումը սովորեցնել եւ Յիսուս Քրիստոսին աւետարանել» (Գործք 5։42)։
Որքա՜ն մեծ օրհնություններ ստացան առաքյալները Աստծուն՝ որպես բարձրագույն իշխանության հնազանդվելու շնորհիվ։ Այսօր ճշմարիտ քրիստոնյաները նույն տեսակետն ունեն։ Առաքյալների նման՝ Եհովայի վկաները Եհովային են համարում իրենց Գերագույն Ղեկավարը։ Երբ նրանց հրամայում են վարվել Աստծու պատվերներին հակառակ, նրանք առաքյալների նման պատասխանում են. «Մենք պետք է առավել Աստծուն հնազանդվենք՝ որպես ղեկավարի, քան թե մարդկանց»։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Եհովայի վկաների 2006 թ. օրացույցը», սեպտեմբեր–հոկտեմբեր (անգլ., ռուս.)։
[շրջանակ և նկարներ 9-րդ էջի վրա]
ԵՐԲԵՎԷ ՄՏԱԾԵ՞Լ ԵՔ
Ինչպե՞ս Ղուկաս ավետարանիչը իմացավ Գամաղիելի խոսքերի մասին, որոնք ասվել էին Սինեդրիոնի փակ դատավարության ժամանակ։ Հնարավոր է, Ղուկասը Աստծու սուրբ ոգու ներշնչմամբ տեղեկացավ Գամաղիելի ասածների մասին։ Կամ միգուցե Պողոսը, որը նախկինում եղել էր Գամաղիելի աշակերտներից, տեղեկացրեց Ղուկասին Գամաղիելի խոսքերի բովանդակության մասին։ Կամ էլ նրան այդ մասին հայտնել էր բարձրագույն դատարանի անդամներից մեկը, որը համակարծիք էր առաքյալների հետ։