Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 4/1 էջ 9–14
  • Եհովայի Խոսքը աճում էր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովայի Խոսքը աճում էր
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աշակերտների թիվն աճում է
  • «Աճը» տարածքային առումով
  • Աճ, որը ‘զորանում էր’
  • Սուրբ ոգին գործում է
  • «Մինչև աշխարհի ծայրերը»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Ճշմարիտ քրիստոնեությունը զորանում է
    2001 Դիտարան
  • Եհովայի քրիստոնյա վկաները առաջին դարում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Աստծու ոգու առաջնորդությունն առաջին դարում և այսօր
    2011 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 4/1 էջ 9–14

Եհովայի Խոսքը աճում էր

«Նա ուղարկում է իր խօսքը երկրի մէջ. եւ նորա խօսքը վազում է շուտ շուտ» (Սաղմոս 147։15)։

1, 2. Ի՞նչ հանձնարարություն տվեց Հիսուսն իր աշակերտներին, և ի՞նչ էր մտնում դրա մեջ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ապշեցուցիչ մարգարեություններից մեկը գրված է Գործք 1։8–ում։ Երկինք համբարձվելուց անմիջապես առաջ Հիսուսն ասաց իր հավատարիմ հետևորդներին. «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ պիտի լինէք ....մինչեւ երկրի ծայրերը»։ Ի՜նչ վիթխարի ձեռնարկում էր դա լինելու։

2 Աստծո խոսքը երկրով մեկ հռչակելը, հավանաբար, դժվարին հանձնարարություն էր թվում փոքրաթիվ աշակերտներին։ Տեսնենք, թե ինչ էր հանձնարարված նրանց։ Աշակերտները պետք է օգնեին մարդկանց՝ հասկանալու Աստծո Թագավորության բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Հիսուսի մասին վկայելը իր մեջ բովանդակում էր նաև նրա ուսուցումները մարդկանց հաղորդելն ու նրանց բացատրելը, թե ինչ դեր ունի նա Եհովայի նպատակների մեջ։ Բացի դրանից, այդ աշխատանքն իր մեջ ներառում էր աշակերտներ պատրաստելն ու նրանց մկրտելը։ Եվ այս ամենը պետք է արվեր ողջ աշխարհով մեկ (Մատթէոս 28։19, 20)։

3. Ինչի՞ մասին վստահեցրեց Հիսուսը իր հետևորդներին, և ինչպե՞ս նրանք արձագանքեցին տրված հանձնարարությանը։

3 Այդուհանդերձ, Հիսուսը վստահեցրեց իր աշակերտներին, որ սուրբ ոգին իրենց հետ կլինի, որպեսզի կարողանային իրագործել հանձնարարված աշխատանքը։ Ուստի, չնայած այդ գործի մեծությանն ու նրանց լռեցնելուն ուղղված հակառակորդների անողոք և դաժան հալածանքին, Հիսուսի վաղ շրջանի աշակերտները հաջողությամբ կատարեցին այն, ինչ որ նա հանձնարարել էր։ Դա մի պատմական փաստ է, որը հնարավոր չէ ժխտել։

4. Ինչպե՞ս էր Աստծո սերը դրսևորվում քարոզելու և ուսուցանելու աշխատանքի մեջ։

4 Աշխարհով մեկ քարոզչական և ուսուցողական արշավ ծավալելը Աստծո սիրո դրսևորում էր հանդիսանում նրանց հանդեպ, ովքեր չէին ճանաչում իրեն։ Դա հնարավորություն էր տալիս նրանց մոտենալ Եհովային և մեղքերի թողություն ստանալ (Գործք 26։18)։ Քարոզելու և ուսուցանելու աշխատանքի մեջ դրսևորվում էր նաև Աստծո սերը հենց քարոզողների հանդեպ, քանի որ դրանով հնարավորություն էր տրվում նրանց՝ ցուցաբերելու իրենց նվիրվածությունը Եհովային ու սերը մարդկանց հանդեպ (Մատթէոս 22։37–39)։ Պողոս առաքյալն այնպես արժեքավորեց քրիստոնեական ծառայությունը, որ այն «գանձ» անվանեց (Բ Կորնթացիս 4։7)։

5. ա) Որտե՞ղ է տրվում ամենից ստույգ ինֆորմացիան վաղ քրիստոնյաների մասին, և ի՞նչ աճի մասին է գրված այնտեղ։ բ) Ինչո՞ւ է «Գործք Առաքելոց» գիրքը կարևոր Աստծո ծառաների համար այսօր։

5 Առաջին դարի քրիստոնյաների քարոզչական գործունեության մասին ամենից ստույգ ինֆորմացիան գտնվում է ներշնչված գիրք «Գործք Առաքելոց»–ում, որը գրել է Ղուկաս աշակերտը։ Այդ գիրքն ապշեցուցիչ ու սրընթաց աճի փաստագրություն է իրենից ներկայացնում։ Աստծո Խոսքի գիտության տարածվելը հիշեցնում է մեզ Սաղմոս 147։15–ը, որտեղ ասվում է. «[Եհովան] ուղարկում է իր խօսքը երկրի մէջ. եւ նորա խօսքը վազում է շուտ շուտ»։ Վաղ քրիստոնյաների պատմությունը, որոնց օգնում էր սուրբ ոգին, շատ հետաքրքիր է և մեծ նշանակություն ունի մեզ համար այսօր։ Եհովայի վկաները նույն քարոզչական ու աշակերտներ պատրաստելու գործն են կատարում, միայն թե՝ շատ ավելի մեծ մասշտաբով։ Մենք էլ նույնպիսի խնդիրներ ենք դիմագրավում, ինչպիսիք որ առաջին դարի քրիստոնյաները։ Երբ խորհում ենք այն մասին, թե ինչպես է Եհովան օրհնել ու զորացրել վաղ քրիստոնյաներին, ավելի ենք լցվում հավատով, որ նա կպաշտպանի մեզ։

Աշակերտների թիվն աճում է

6. Աճի վերաբերյալ ի՞նչ արտահայտություն է երեք անգամ հանդիպում «Գործք Առաքելոց» գրքում և ինչի՞ն է վերաբերում։

6 Թե ինչպես էր իրականանում Գործք 1։8–ը, կարելի է իմանալ, օրինակ, քննելով «Աստծու խօսքը աճում էր» արտահայտությունը։ Սա մի արտահայտություն է, որը թեթևակի տարբերությամբ միայն երեք անգամ է հանդիպում Աստվածաշնչում և բոլորն էլ՝ «Գործք» գրքում (Գործք 6։7; 12։24; 19։20)։ «Աստծու խօսքը» արտահայտությունը այս համարներում վերաբերում է աստվածային ճշմարտության չքնաղ բարի լուրին. մի կենդանի, զորավոր լուր, որը փոխում է նրանց կյանքը, ովքեր ընդունում են այն (Եբրայեցիս 4։12)։

7. Գործք 6։7–ում ինչի՞ հետ է կապվում Աստծո խոսքի աճը, և ի՞նչ տեղի ունեցավ մ.թ. 33–ի Պենտեկոստեին։

7 Աստծո խոսքի աճի մասին առաջին արտահայտությունը հիշատակվում է Գործք 6։7–ում։ Այնտեղ կարդում ենք. «Աստծու խօսքը աճում էր, ու աշակերտների թիւը Երուսաղէմում մեծապէս շատանում էր։ Եւ քահանաներից շատեր հնազանդւում էին հաւատին»։ Այստեղ աճը կապվում է աշակերտների թվի շատանալու հետ։ Ավելի վաղ՝ մ.թ. 33–ի Պենտեկոստեին, Աստծո սուրբ ոգին թափվեց վերնատանը հավաքված 120 աշակերտների վրա։ Դրանից հետո Պետրոս առաքյալը ոգեշունչ ելույթ ունեցավ, և ունկնդիրներից մոտ 3 000 հոգի հենց նույն օրը հավատացյալ դարձան։ Ի՜նչ հուզում էր, հավանաբար, տիրում այդ ժամանակ, երբ Երուսաղեմում ու նրա շրջակայքում հազարավոր մարդիկ մկրտվեցին Հիսուսի անունով. այն մարդու, որին՝ որպես հանցագործի, ցից հանեցին մոտ հիսուն օր առաջ (Գործք 2։41)։

8. Ինչպե՞ս մեծացավ աշակերտների թիվը մ.թ. 33–ի Պենտեկոստեին հաջորդած տարիներին։

8 Դա, իհարկե, միայն սկիզբն էր։ Հրեա կրոնական առաջնորդները մեծ ջանքեր էին գործադրում՝ տապալելու քարոզչական գործը, սակայն՝ ապարդյուն։ Խափանելով նրանց պլանները՝ Եհովան շարունակում էր ‘օրեցօր փրկվածներին [աշակերտների] թվի վրա ավելացնել’ (Գործք 2։47)։ Շուտով մարդկանց «թիւը հասաւ շուրջ հինգ հազարի»։ Դրանից հետո, «աւելի ու աւելի էին շատանում Տիրոջը հաւատացողները՝ տղամարդկանց եւ կանանց բազմութիւնը» (Գործք 4։4; 5։14)։ Ավելի ուշ շրջանի մասին հետևյալն ենք կարդում. «Եկեղեցին ամբողջ Հրէաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղութեան մէջ էր եւ, ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկիւղով, Սուրբ Հոգու մխիթարութեամբ աճում էր» (Գործք 9։31)։ Մի քանի տարի անց, հավանաբար մոտ 58 թ.–ին, արդեն ‘հազարավոր հավատացյալներ’ կային (Գործք 21։20)։ Այդ ժամանակ հավատացյալներ դարձան նաև բազմաթիվ ոչ հրեաներ։

9. Ինչպե՞ս կնկարագրեիք վաղ քրիստոնյաներին։

9 Նոր հավատն ընդունողների թիվը մեծանում էր։ Թեև կրոնը նոր էր, սակայն նորահավատների շրջանում աշխույժ մթնոլորտ էր տիրում։ Հեռու լինելով եկեղեցու պասսիվ անդամներ լինելուց՝ աշակերտները լիովին նվիրված էին Եհովային ու նրա Խոսքին։ Երբեմն նրանք ճշմարտությունը սովորում էին նրանցից, ովքեր խիստ հալածանքի տակ էին գտնվում (Գործք 16։23, 26–33)։ Մարդիկ քրիստոնեությունն ընդունում էին իրենց ողջամիտ, գիտակցված որոշման հիման վրա (Հռովմայեցիս 12։1)։ Նրանք կրթվում էին Աստծո ճանապարհներով. ճշմարտությունը նրանց մտքում և սրտում էր (Եբրայեցիս 8։10, 11)։ Նրանք պատրաստ էին մեռնել հանուն իրենց հավատի (Գործք 7։51–59)։

10. Ի՞նչ պատասխանատվություն էին զգում վաղ քրիստոնյաները, և ի՞նչ զուգահեռ ենք տեսնում այսօր։

10 Քրիստոնեական ուսուցումներն ընդունողները իրենց պատասխանատու էին զգում՝ ճշմարտությունը հաղորդելու ուրիշներին։ Դա ուղղակիորեն նպաստում էր աշակերտների հետագա քանակական աճին։ Մի աստվածաշնչագետ ասել է. «Հավատի մասին խոսելը չէր համարվում պաշտոնապես նշանակված կամ էլ մեծ նախանձախնդրությամբ աչքի ընկնող ավետարանչի բացառիկ իրավունքը։ Ավետարանելը եկեղեցու յուրաքանչյուր անդամի իրավունքն ու պարտքն էր.... Ողջ քրիստոնեական համայնքի ինքնաբերաբար տարածվելը հուժկու զարկ տվեց այդ շարժման հզորացմանը հենց սկզբից»։ Նա ավելացրեց. «Ավետարանի քարոզչության գործը օդի պես կարևոր էր վաղ քրիստոնյաների համար»։ Նույնը կարելի է ասել ճշմարիտ քրիստոնյաների մասին այսօր։

«Աճը» տարածքային առումով

11. Ինչպիսի՞ աճի մասին է գրված Գործք 12։24–ում, և ինչպե՞ս է դա տեղի ունեցել։

11 Աստծո խոսքի աճի վերաբերյալ երկրորդ արտահայտությունը կարդում ենք Գործք 12։24–ում. «Աստծու խօսքը աճում ու բազմանում էր [«կը տարածուէր», ՆԿ–ի ՆԱԹ]»։ Այս արտահայտությունը կապվում է տարածքային առումով «աճի» հետ։ Չնայած իշխանությունների հակառակությանը՝ քարոզչության գործը շարունակվում էր առաջ ընթանալ։ Առաջին անգամ սուրբ ոգին թափվեց Երուսաղեմում, որտեղից էլ խոսքն արագորեն տարածվեց։ Հալածանքի պատճառով աշակերտները Երուսաղեմից ցրվեցին Հրեաստանի և Սամարիայի շրջաններով մեկ։ Արդյո՞ւնքը։ «Նրանք, որ ցրուած էին, շրջելով աւետարանում էին խօսքը» (Գործք 8։1, 4)։ Փիլիպպոսը առաջնորդվեց վկայություն տալու մի մարդու, որը, մկրտվելով, բարի լուրը տարավ Եթովպիա (Գործք 8։26–28, 38, 39)։ Ճշմարտությունն արագորեն արմատներ գցեց Լիդդայում, Սարոնի դաշտավայրում և Հոպպեում (Գործք 9։35, 42)։ Ավելի ուշ Պողոս առաքյալը հազարավոր կիլոմետրեր անցավ ծովով և ցամաքով՝ ժողովներ հիմնելով Միջերկրական ծովի ավազանի շատ երկրներում։ Պետրոս առաքյալը գնաց Բաբելոն (Ա Պետրոս 5։13)։ Պենտեկոստեի օրը սուրբ ոգին թափվելուց 30 տարի անց Պողոսը գրեց, որ բարի լուրը ‘քարոզվել է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին’՝ ի նկատի ունենալով միգուցե այն ժամանակվա հայտնի աշխարհը (Կողոսացիս 1։23)։

12. Քրիստոնեության հակառակորդներն ինչպե՞ս ընդունեցին Աստծո խոսքի տարածքային ընդլայնումը։

12 Նույնիսկ քրիստոնեության հակառակորդներն էին ընդունում, որ Աստծո խոսքը տարածվել էր ամբողջ Հռոմեական կայսրությունով մեկ։ Օրինակ՝ Գործք 17։6–ում (Արևմտ. Աստ.) ասվում է, որ Թեսաղոնիկեում (հյուսիսային Հունաստան) հակառակորդները աղաղակում էին. «Անոնք որ աշխարհը տակնուվրայ ըրին՝ հոս ալ հասեր են»։ Բացի այդ, երկրորդ դարի սկզբում Պլինիոս–​կրտսերը Բութանիայից նամակ էր գրել Հռոմի կայսր Տրայանոսին քրիստոնեության վերաբերյալ։ Նա բողոքում էր. «[Այն] չի սահմանափակվել միայն քաղաքներով, այլ վարակի պես տարածվում է նաև հարևան գյուղերում ու մյուս վայրերում»։

13. Ինչպե՞ս էր տարածքային «աճի» մեջ արտահայտվում մարդկանց հանդեպ Աստծո ունեցած սերը։

13 Այդ տարածքային «աճը» փրկության արժանի մարդկանց հանդեպ մեծ սիրո արտահայտություն էր Եհովայի կողմից։ Երբ Պետրոսը տեսավ, թե ինչպես է սուրբ ոգին դրսևորվում ոչ հրեա Կոռնելիոսի մեջ, ասաց. «Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Գործք 10։34, 35)։ Այո՛, բարի լուրը եղել և մնում է որպես լուր բոլոր ժողովուրդների համար, և Աստծո խոսքի տարածքային «աճը» մարդկանց հնարավորություն տվեց արձագանքելու նրա սիրուն։ Իսկ այս 21–րդ դարում Աստծո խոսքը բառացիորեն հասել է երկրագնդի բոլոր անկյունները։

Աճ, որը ‘զորանում էր’

14. Ինչպիսի՞ աճի մասին է խոսվում Գործք 19։20–ում, և ինչի՞ համեմատ էր զորանում Աստծո խոսքը։

14 Աստծո խոսքի աճի մասին երրորդ արտահայտությունը գտնվում է Գործք 19։20–ում (Արևմտ. Աստ.)։ Այնտեղ գրված է. «[Աստծո] խօսքը մեծապէս կ’աճէր եւ կը զօրանար»։ Նախորդող համարներում պատմվում է այն մասին, որ շատ եփեսացիներ դառնում էին հավատացյալներ, իսկ կախարդությամբ զբաղվողներից շատերը բոլորի առջև այրում էին իրենց գրքերը։ Այսինքն՝ Աստծո խոսքը զորանում էր կեղծ կրոնական հավատալիքների համեմատ։ Բարի լուրը զորանում էր նաև այլ խոչընդոտների համեմատ, ինչպիսին, օրինակ, հալածանքն էր։ Ոչինչ չէր կարող նրա առաջն առնել։ Եվ կրկին տեսնում ենք ճշմարիտ քրիստոնեության զարմանալի զուգահեռը մեր օրերում։

15. ա) Ի՞նչ է գրել Աստվածաշնչի մի պատմաբան վաղ քրիստոնյաների մասին։ բ) Իրենց հաջողությունների համար ո՞ւմ էին աշակերտները պարտական։

15 Առաքյալներն ու առաջին դարի մյուս քրիստոնյաները նախանձախնդրորեն հռչակում էին Աստծո խոսքը։ Նրանց մասին Աստվածաշնչի մի պատմաբան նշել է. «Երբ մարդիկ ցանկանում են իրենց Տիրոջ մասին խոսել, նրանք բազմաթիվ միջոցներ են գտնում դրա համար։ Այո՛, այդ մարդկանց մղումն է, որ մեզ տպավորում է ավելի, քան նրանց մեթոդները»։ Այնուհանդերձ, այս քրիստոնյաներն ընդունում էին, որ ծառայության մեջ հաջողության հասնելը միայն իրենց ջանքերից չի կախված։ Այդ հանձնարարությունն Աստված էր նրանց տվել, և դա իրականացնելու համար էլ Աստծո պաշտպանությունն ունեին։ Հոգևոր աճը Աստված է տալիս։ Հենց այս միտքն է արտահայտել Պողոս առաքյալը Կորնթոսի ժողովին ուղղված իր նամակում։ Նա գրել է. «Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուեց, բայց Աստուա՛ծ աճեցրեց։ Որովհետեւ Աստծուն գործակից ենք» (Ա Կորնթացիս 3։6, 9)։

Սուրբ ոգին գործում է

16. Ի՞նչն է վկայում, որ սուրբ ոգին զորացրեց աշակերտներին՝ համարձակությամբ խոսելու։

16 Հիշենք. Հիսուսը վստահեցրեց իր աշակերտներին, որ սուրբ ոգին նպաստելու էր Աստծո խոսքի աճելուն և ուժ էր տալու աշակերտներին քարոզչական գործունեության մեջ (Գործք 1։8)։ Ինչպե՞ս։ Պենտեկոստեի օրը աշակերտների վրա սուրբ ոգին թափվելուց շատ չանցած՝ Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանատվության կանչվեցին հրեական ատյան։ Այդ ատյանը երկրի գերագույն դատարանն էր հանդիսանում, որի դատավորները պատասխանատու էին Հիսուս Քրիստոսի մահվան վճիռը կայացնելու համար։ Կվախենայի՞ն առաքյալներն այդպիսի պատկառազդու և թշնամաբար տրամադրված մարդկանցից։ Բոլորովի՛ն։ Սուրբ ոգին զորացրեց Պետրոսին ու Հովհաննեսին՝ խոսելու այնպիսի համարձակությամբ, որ հակառակորդները զարմացան և «իմացան որ անոնք Յիսուսին հետ էին» (Գործք 4։8, [13, Արևմտ. Աստ.])։ Սուրբ ոգին նաև Ստեփանոսին մղեց համարձակորեն վկայություն տալու ատյանի առջև (Գործք 6։12; 7։55)։ Ավելի վաղ, սուրբ ոգին աշակերտներին դրդել էր համարձակությամբ քարոզել։ Ղուկասը գրում է. «Մինչ նրանք աղօթքի մէջ էին, շարժուեց այն տեղը, ուր նրանք հաւաքուած էին։ Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. ու համարձակութեամբ Աստծու խօսքն էին խօսում» (Գործք 4։31)։

17. Ուրիշ ինչպե՞ս սուրբ ոգին օգնեց աշակերտներին իրենց ծառայությունը կատարելու գործում։

17 Իր հզոր սուրբ ոգու միջոցով Եհովան, հարություն առած Հիսուսի հետ միասին, առաջնորդում էր քարոզչական գործունեությունը (Յովհաննէս 14։28; 15։26)։ Երբ ոգին թափվեց Կոռնելիոսի, նրա ազգականների ու մտերիմ բարեկամների վրա, Պետրոս առաքյալը ընդունեց, որ Հիսուս Քրիստոսի անունով մկրտվելու հնարավորություն ունեն նաև անթլփատ ոչ հրեաները (Գործք 10։24, 44–48)։ Ավելի ուշ, ոգին էական դեր խաղաց Բառնաբասին և Սողոսին (Պողոս առաքյալին) միսիոներական գործի նշանակելու մեջ և նրանց առաջնորդություն տվեց, թե որտեղ գնալ և որտեղ՝ չգնալ (Գործք 13։2, 4; 16։6, 7)։ Սուրբ ոգին առաջնորդեց Երուսաղեմում գտնվող առաքյալներին ու երեցներին որոշումներ կայացնելու մեջ, ինչպես նաև քրիստոնեական ժողովում վերակացուներ նշանակելու հարցում (Գործք 15։23, 28, 29; 20։28)։

18. Ինչպե՞ս էին առաջին դարի քրիստոնյաները սեր ցուցաբերում։

18 Սուրբ ոգին նաև քրիստոնյաների մեջ աստվածային հատկություններ էր զարգացնում, ինչպես օրինակ, սեր (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։ Սերը մղեց աշակերտներին իրենց ունեցածից բաժին հանել մյուսներին։ Օրինակ՝ մ.թ. 33–ի Պենտեկոստեից հետո օգնություն կազմակերպվեց Երուսաղեմում գտնվող աշակերտների նյութական կարիքները բավարարելու համար։ Աստվածաշնչում ասվում է. «Նրանց մէջ ոչ ոք մի բանի կարօտ չէր, որովհետեւ, ովքեր գիւղերի կամ ապարանքների [«ագարակների կամ տների», ԱԹ] տէր էին, վաճառում էին դրանք եւ վաճառուածի գումարը բերում ու դնում էին առաքեալների ոտքերի առաջ, եւ նրանք բաշխում էին իւրաքանչիւրին՝ ում ինչքան պէտք էր լինում» (Գործք 4։34, 35)։ Աշակերտներն այդ սերը ցուցաբերում էին ոչ միայն հավատակիցների, այլև ուրիշների հանդեպ՝ բարի լուրը քարոզելով և բարի գործեր կատարելով (Գործք 28։8, 9)։ Հիսուսն ասաց, որ իր հետևորդներն իրենց անձնուրաց սիրով էին ճանաչվելու (Յովհաննէս 13։34, 35)։ Անկասկած, այդ կարևոր հատկությունն ունենալը մարդկանց մոտեցնում էր Աստծուն և նպաստում էր առաջին դարում տեղի ունեցող աճին ճիշտ այնպես, ինչպես այսօր (Մատթէոս 5։14, 16)։

19. ա) Ի՞նչ երեք ուղղություններով է Եհովայի խոսքը աճել առաջին դարում։ բ) Ինչի՞ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։

19 Ընդհանուր առմամբ, «սուրբ ոգի» արտահայտությունը «Գործք Առաքելոց» գրքում հանդիպում է 41 անգամ։ Ակներև է, որ առաջին դարում ճշմարիտ քրիստոնեության աճը սերտորեն կապված էր սուրբ ոգու զորության և առաջնորդության հետ։ Աշակերտների թիվը շատացավ, Աստծո խոսքը տարածվեց ամենուրեք և զորացավ այդ դարաշրջանի մյուս կրոնների ու փիլիսոփայությունների համեմատ։ Առաջին դարում տեղի ունեցած այդ աճը այսօր իր զուգահեռն ունի Եհովայի վկաների գործունեության մեջ։ Թե ինչպես է Աստծո խոսքը այդօրինակ տպավորիչ աճ ունեցել մեր օրերում, կխոսվի հաջորդ հոդվածում։

Հիշո՞ւմ եք

• Ինչպե՞ս առաջին դարի աշակերտները քանակապես աճեցին։

• Ինչպե՞ս Աստծո խոսքը տարածքային «աճ» ունեցավ։

• Ինչպե՞ս Աստծո խոսքը զորացավ առաջին դարում։

• Ի՞նչ դեր խաղաց սուրբ ոգին Աստծո խոսքի աճման մեջ։

[նկար 12–րդ էջի վրա]

Քարոզելով եթովպացուն՝ Փիլիպպոսը նպաստեց բարի լուրի «աճին»՝ տարածքային առումով

[նկար 13–րդ էջի վրա]

Սուրբ ոգին առաջնորդում էր Երուսաղեմում գտնվող առաքյալներին ու երեցներին

[նկար 10–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Վերևի աջ անկյունում. Reproduction of the City of Jerusalem at the time of the Second Temple - located on the grounds of the Holyland Hotel, Jerusalem

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը