Աստվածաշնչի գիրք համար 48. Գաղատացիներ
Գրողը՝ Պողոս
Գրվելու վայրը՝ Կորնթոս կամ Ասորիքի Անտիոք
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 50–52թթ.
1. Ո՞ր ժողովներին է դիմում Պողոսը «Գաղատացիներ» նամակում, ու ինչպե՞ս և ե՞րբ են դրանք կազմավորվել։
ԳԱՂԱՏԻԱՅԻ ժողովները, որոնց մասին նշված է Գաղատացիներ 1։2-ում, թերևս Պիսիդիայի Անտիոքի, Իկոնիոնի, Լյուստրայի և Դերբեի ժողովներն էին (այս քաղաքները գտնվում էին հռոմեական այդ պրովինցիայի տարբեր շրջաններում)։ Գործեր գրքի 13-րդ և 14-րդ գլուխներում նշվում է, որ Պողոսը Բառնաբասի հետ առաջին միսիոներական ճանապարհորդությունը կատարել է այս տարածքում, ինչի շնորհիվ էլ Գաղատիայում ժողովներ են հիմնվել։ Դրանք բաղկացած էին հրեաներից և ոչ հրեաներից ու, անկասկած, կելտերից, կամ՝ գալլերից։ Ժողովները հիմնվել էին Պողոսի՝ Երուսաղեմ այցելելուց կարճ ժամանակ հետո՝ մ.թ. մոտ 46-ին (Գործ. 12։25)։
2. ա) Ի՞նչ արդյունք բերեց երկրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ Գաղատիա գնալը, բայց ի՞նչ տեղի ունեցավ հետո։ բ) Այդ ընթացքում ուրիշ ի՞նչ քաղաքներում եղավ Պողոսը։
2 Մ.թ. 49-ին Պողոսը և Շիղան ձեռնարկեցին երկրորդ միսիոներական ճանապարհորդությունը դեպի Գաղատիա, որի արդյունքում «ժողովները շարունակեցին հաստատվել հավատի մեջ, և նրանց թիվը օրեցօր աճում էր» (Գործ. 16։5; 15։40, 41; 16։1, 2)։ Սակայն նրանցից հետո առաջ եկան կեղծ ուսուցիչներ՝ հուդայականներ, որոնք գաղատացիների ժողովից մի քանիսին համոզեցին, որ թլփատությունը և Մովսիսական օրենքին հնազանդվելը ճշմարիտ քրիստոնեության կարևոր մասն են կազմում։ Այդ ժամանակ Պողոսը Մյուսիայի միջով գնացել էր Մակեդոնիա և Հունաստան։ Ի վերջո նա հասավ Կորնթոս, որտեղ եղբայրների հետ անցկացրեց ավելի քան մեկ ու կես տարի։ Այնուհետև մ.թ. 52-ին նա դուրս եկավ Եփեսոսից և հենց այդ նույն տարին եկավ Ասորիքի Անտիոք՝ իր օթևանը (Գործ. 16։8, 11, 12; 17։15; 18։1, 11, 18–22)։
3. Որտե՞ղ և ե՞րբ է հավանաբար գրվել «Գաղատացիներ» նամակը։
3 Ե՞րբ և որտե՞ղ Պողոսը գրեց գաղատացիներին ուղղված նամակը։ Անկասկած, նա գրեց անմիջապես այն բանից հետո, երբ հուդայականների գործունեության մասին լուրը հասավ իրեն։ Հնարավոր է՝ այդ ժամանակ նա Կորնթոսում էր, Եփեսոսում կամ Ասորիքի Անտիոքում։ Շատ հավանական է, որ նամակը գրի է առնվել Կորնթոսում մեկ ու կես տարի մնալու ժամանակահատվածում՝ մ.թ. 50–52թթ.-ին, քանի որ ժամանակ էր հարկավոր մինչև տեղեկությունը Գաղատիայից հասներ իրեն։ Դժվար թե այն գրի առնվեր Եփեսոսում, քանի որ Պողոսը ճանապարհորդությունից վերադառնալուց հետո քիչ է մնացել այնտեղ։ Հետո՝ ակներևաբար մ.թ. 52-ի ամռանը, նա «մի որոշ ժամանակ» Ասորիքի Անտիոքում մնաց, որտեղ նախկինում էր եղել։ Այդ քաղաքի և Փոքր Ասիայի միջև հաղորդակցման լավ կապեր կային, ուստի հնարավոր է, որ նա հենց Ասորիքի Անտիոքում ստացավ հուդայականների մասին տեղեկությունը և այնտեղից գրեց գաղատացիներին ուղղված նամակը (Գործ. 18։23)։
4. Ի՞նչ է նշվում «Գաղատացիներ» նամակում Պողոսի՝ առաքյալ լինելու վերաբերյալ։
4 Նամակում Պողոսը նկարագրվում է որպես «առաքյալ ո՛չ մարդկանց կողմից և ո՛չ էլ որևէ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի և Հայր Աստծու միջոցով»։ Այն նաև բազմաթիվ տեղեկություններ է հաղորդում Պողոսի կյանքի և առաքելական գործունեության մասին՝ փաստելով, որ որպես առաքյալ՝ նա համագործակցել է Երուսաղեմի առաքյալների հետ և նույնիսկ օգտվելով իր իշխանությունից՝ ուղղել է առաքյալներից մեկին՝ Պետրոսին (Գաղ. 1։1, 13–24; 2։1–14)։
5. Ի՞նչն է փաստում այս նամակի վավերականությունն ու կանոնականությունը։
5 Ո՞ր փաստերն են ապացուցում «Գաղատացիներ» նամակի վավերականությունն ու կանոնականությունը։ Այն նշվում է Իրենեոսի, Կղեմես Ալեքսանդրացու, Տերտուլիանոսի և Օրիգենեսի աշխատություններում։ Ավելին, նամակն ընդգրկված է Աստվածաշնչի հետևյալ կարևոր ձեռագրերում՝ Սինայական, Ալեքսանդրյան, Վատիկանյան № 1209, Եփրեմյան, ինչպես նաև Կլերմոնտյան մատյանում և Չեստեր Բիատիի № 2 (P46) պապիրուսում։ Բացի այդ, նամակը ամբողջովին ներդաշնակ է Հունարեն Գրությունների մյուս գրքերին ու Եբրայերեն Գրություններին, որոնց հաճախ է հղում կատարում։
6. ա) Ի՞նչ երկու բան է ապացուցում Պողոսը գաղատացիներին ուղղած իր նամակում։ բ) Ինչո՞վ է այս նամակը տարբերվում Պողոսի մյուս նամակներից, և ի՞նչ է այն շեշտում։
6 Պողոսը «Գաղատիայի ժողովներին» ուղղված իր զորեղ նամակում ապացուցում է, 1) որ ինքը իսկական առաքյալ է (փաստ, որը հուդայականները ձգտում էին կասկածի տակ դնել), և 2) որ արդարացում կարելի է ունենալ միայն Հիսուս Քրիստոսին հավատալու և ոչ թե Օրենքի գործերի շնորհիվ, ուստիև անհրաժեշտ չէ, որ քրիստոնյաները թլփատվեն։ Թեև Պողոսն ուներ քարտուղար, որը գրի էր առնում իր նամակները, սակայն գաղատացիներին «մեծ տառերով գրեց իր ձեռքով» (6։11)։ Գրքի պարունակությունը շատ մեծ կարևորություն ուներ թե՛ Պողոսի և թե՛ գաղատացիների համար։ Նամակը շեշտում է, որ անհրաժեշտ է գնահատանք ունենալ այն ազատության հանդեպ, որ ճշմարիտ քրիստոնյաները վայելում են Հիսուս Քրիստոսի միջոցով։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
7, 8. ա) Ի՞նչ է ասում Պողոսը բարի լուրի մասին։ բ) Ինչպե՞ս Պողոսը դարձավ առաքյալ անթլփատների համար և ինչպե՞ս դրսևորեց իր իշխանությունը Կեփասի պարագայում։
7 Պողոսը պաշտպանում է իր առաքյալ լինելը (1։1– 2։14)։ Գաղատիայի ժողովներին ողջույնի խոսքեր ասելուց հետո Պողոսը զարմանում է, որ նրանք այդքան արագ հեռանում են և լսում մեկ ուրիշ բարի լուր, ուստի հաստատակամորեն ասում է. «Նույնիսկ եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ, մեր քարոզած բարի լուրից բացի, մեկ ուրիշ բան քարոզի ձեզ, թող անիծյալ լինի»։ Այս բարի լուրը, որ նա քարոզեց, մարդուց չի գալիս, ոչ էլ նա դա սովորեց որևէ մեկից, այլ «ստացավ Հիսուս Քրիստոսի հայտնության միջոցով»։ Նախկինում Պողոսը եղել է հուդայականության նախանձախնդիր կողմնակից և հալածել է Աստծու ժողովը, բայց հետո Աստված իր անզուգական բարության միջոցով կանչեց նրան, որ իր Որդու մասին բարի լուրը Պողոսը քարոզի ուրիշ ազգերին։ Դավանափոխ լինելուց երեք տարի հետո նա գնաց Երուսաղեմ, բայց առաքյալներից միայն Պետրոսին տեսավ, ինչպես նաև Հակոբոսին՝ Տիրոջ եղբորը։ Հրեաստանի քրիստոնեական ժողովները Պողոսին դեմքով չէին ճանաչում, բայց լսել էին նրա մասին ու «նրա պատճառով սկսեցին փառաբանել Աստծուն» (1։8, 12, 24)։
8 14 տարի հետո Պողոսը նորից գնաց Երուսաղեմ և եղբայրներին առանձին ներկայացրեց այն բարի լուրը, որ քարոզում էր։ Նրա ծառայակից Տիտոսին չպարտադրեցին թլփատվել, թեև հույն էր։ Տեսնելով, որ Պողոսին է վստահված բարի լուրը անթլփատներին քարոզելը, ինչպես որ Պետրոսին է վստահված թլփատվածներին քարոզելը՝ Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը ի նշան համաձայնության՝ իրենց աջ ձեռքը մեկնեցին Պողոսին ու Բառնաբասին, որ նրանք գնան ուրիշ ազգերի մոտ, իսկ իրենք՝ թլփատվածների։ Երբ Կեփասը եկավ Անտիոք, վախենալով թլփատվածներից, «բարի լուրի ճշմարտության ճանապարհով ուղիղ չքայլեց», ու Պողոսը բոլորի առջև նրան հանդիմանեց (2։14)։
9. Ինչի՞ հիման վրա է քրիստոնյան արդար հայտարարվում։
9 Արդար հայտարարվել հավատով, ոչ թե օրենքով (2։15–3։29)։ Ինչպես գրում է Պողոսը, հրեաները գիտեն, «որ մարդը արդար է հայտարարվում ոչ թե օրենքի գործերով, այլ միայն Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած հավատով»։ Այժմ նա ապրում է Քրիստոսի հետ միության մեջ և կենդանի է հավատով՝ կատարելու Աստծու կամքը։ «Եթե արդարությունը օրենքի միջոցով է, ուրեմն Քրիստոսն իզուր մեռավ» (2։16, 21)։
10. Աստծու օրհնությունը ստանալու համար ի՞նչ է կարևոր անել, և ինչի՞ համար էր Օրենքը։
10 Արդյոք գաղատացիները այնքան անմի՞տ են, որ մտածում են, թե հավատով ոգին ստանալու շնորհիվ կարող են ծառայել Աստծուն Օրենքի գործերով։ Կարևոր է լսել հավատով, ինչպես արեց Աբրահամը, որը «հավատ ընծայեց Եհովային, և դրա համար արդար համարվեց»։ Եվ այժմ Աստծու խոստման համաձայն՝ «ովքեր հավատին են կառչում, հավատարիմ Աբրահամի հետ միասին օրհնվում են»։ Նրանք ազատվել են Օրենքի անեծքից ցցին գամված Քրիստոսի մահով։ Քրիստոսը Աբրահամի Սերունդն է, և Օրենքը, որ հայտնվեց Սերնդի վերաբերյալ Աստծու տված խոստումից 430 տարի հետո, չի վերացնում խոստումը։ Ուրեմն ինչի՞ համար էր Օրենքը։ Այն «մեր դաստիարակը եղավ՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոսը, որ հավատի շնորհիվ արդար հայտարարվենք»։ Այժմ այլևս դաստիարակի հսկողության տակ չենք, և ոչ էլ տարբերություն կա հրեայի ու հույնի միջև, քանի որ բոլորը Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ են ու «իսկապես Աբրահամի սերունդն են և խոստման համաձայն՝ ժառանգներ» (3։6, 9, 24, 29)։
11. ա) Ի՞նչ ազատություն են գաղատացիները անտեսում։ բ) Ինչպե՞ս է Պողոսը բացատրում քրիստոնեական ազատությունը։
11 Հաստատուն կանգնեք քրիստոնեական ազատության մեջ (4։1–6։18)։ Աստված ուղարկեց իր Որդուն Օրենքի տակ լինողներին ազատելու համար, որ նրանք «ստանան որդեգրությունը» (4։5)։ Ուստի արժե՞ վերադառնալ այն տկար և ողորմելի տարրական բաներին ու ծառայել դրանց։ Քանի որ գաղատացիները օրեր, ամիսներ, ժամանակներ ու տարիներ են պահում, Պողոսը վախենում է, որ իզուր է ջանք թափել նրանց համար։ Նրա առաջին այցելության ժամանակ նրանք Պողոսին ընդունեցին ինչպես Աստծու հրեշտակի։ Հիմա ի՞նչ, ճշմարտությունը խոսելու համար նրանց թշնամի՞ն դարձավ։ Նրանք, ովքեր ուզում են Օրենքի տակ լինել, թող լսեն, թե ինչ է ասում Օրենքը. Աբրահամը երկու որդի ունեցավ երկու կանանցից։ Մեկը աղախնից՝ Հագարից, որը խորհրդանշում է մարմնավոր Իսրայելին՝ Եհովայի հետ կապված Մովսիսական օրենքի ուխտով, որը երեխաներ է ծնում ստրկության համար։ Սակայն ազատ կինը՝ Սառան, խորհրդանշում է վերին Երուսաղեմը, որը, ինչպես ասում է Պողոսը, «ազատ է, և նա է մեր մայրը»։ «Բայց ի՞նչ է ասում Գիրքը»,— հարցնում է Պողոսը։ «Աղախնի որդին չպետք է ժառանգ լինի ազատ կնոջ որդու հետ»։ Հետևաբար, մենք ոչ թե աղախնի, այլ ազատ կնոջ զավակներ ենք (4։26, 30, 31)։
12. ա) Ինչպե՞ս պետք է ընթանան գաղատացիները։ բ) Ի՞նչ հակադրություն է անում Պողոսը։
12 Պողոսը բացատրում է, որ ո՛չ թլփատությունը արժեք ունի, ո՛չ էլ անթլփատությունը, այլ հավատը, որը դրսևորվում է սիրո միջոցով։ Ամբողջ Օրենքը կատարվում է մեկ խոսքով. «Մերձավորիդ սիրիր քո անձի պես»։ Նրանք շարունակ պետք է ընթանան ոգով, քանի որ «եթե ոգով են առաջնորդվում, ապա օրենքի տակ չեն»։ Մարմնի գործերի վերաբերյալ Պողոսը նախազգուշացնում է, որ «այսպիսի բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի»։ Նա նկարագրում է ոգու պտուղը, որի դեմ օրենք չկա՝ ի հակադրություն այդ գործերի, և ավելացնում է. «Եթե ոգով ենք ապրում, եկեք շարունակենք ոգով էլ պատշաճորեն վարվել»։ Ուստի եկեք չլինենք սնապարծ և իրար չնախանձենք (5։14, 18, 21, 25)։
13. Ինչպե՞ս են քրիստոնյաները կատարում Քրիստոսի օրենքը, և ի՞նչն է իրոք կարևոր։
13 Եթե ինչ-որ մեկը սխալ քայլ անի նախքան դա գիտակցելը, հոգևոր որակներ ունեցողները պետք է փորձեն ուղղել նրան «մեղմության ոգով»։ Քրիստոնյաները Քրիստոսի օրենքը կատարում են՝ մեկը մյուսի բեռը կրելով, սակայն յուրաքանչյուր մարդ պետք է իր բեռը կրի՝ կշռելով իր գործը։ Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի՝ կա՛մ մարմնից ապականություն, կա՛մ ոգուց հավիտենական կյանք։ Բոլոր նրանք, ովքեր ստիպում են գաղատացիներին թլփատվել, ցանկանում են հաճելի երևալ ուրիշներին, միայն թե իրենք չհալածվեն։ Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ կարևորը նոր ստեղծագործություն լինելն է։ Խաղաղություն և ողորմություն կլինի նրանց, ովքեր վարվում են այս կանոնի համաձայն, այսինքն՝ «Աստծու Իսրայելին» (6։1, 16)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
14. Ի՞նչ օրինակ թողեց Պողոսը վերակացուների համար։
14 Գաղատացիներին ուղղված նամակը ցույց է տալիս, որ Պողոսը, որը կատաղի հակառակորդից դարձել էր ազգերի հոգատար առաքյալ, միշտ պատրաստ էր պաշտպանելու իր եղբայրների շահերը (1։13–16, 23; 5։7–12)։ Պողոսն օրինակով ցույց տվեց, որ վերակացուն պետք է արագորեն լուծի խնդիրները՝ սխալ դատողությունները հերքելով տրամաբանության և Սուրբ Գրքի օգնությամբ (1։6–9; 3։1–6)։
15. Ինչո՞վ էր այս նամակը օգտակար Գաղատիայի ժողովների համար, և ի՞նչ սկզբունք է այն պարունակում այսօրվա քրիստոնյաների համար։
15 Նամակն օգտակար եղավ Գաղատիայի ժողովներին. այնտեղ հստակ ասվում էր, որ նրանք ազատություն ունեն Քրիստոսի միջոցով։ Նամակը նաև հեղինակազրկում էր բարի լուրն աղավաղող մարդկանց։ Այն պարզ ցույց էր տալիս, որ մարդն արդար է հայտարարվում հավատի շնորհիվ և թլփատությունն այլևս անհրաժեշտ չէ փրկություն ստանալու համար (2։16; 3։8; 5։6)։ Նշելով, որ թլփատվածների ու անթլփատների միջև տարբերություն չկա՝ Պողոսի նամակը նպաստեց, որ ժողովում միասնություն տիրի հրեաների և այլազգիների միջև։ Օրենքից ազատվել չէր նշանակում, որ նրանք պետք է տրվեին մարմնի ցանկություններին, քանի որ գործում էր «մերձավորիդ սիրիր քո անձի պես» սկզբունքը։ Մինչև հիմա էլ քրիստոնյաները առաջնորդվում են այդ սկզբունքով (5։14)։
16. Հավատն ամրացնող ի՞նչ բացատրություններ են տրվում Եբրայերեն Գրություններից «Գաղատացիներ» նամակում։
16 Պողոսն իր նամակով օգնեց գաղատացիներին ուսմունքային շատ հարցերում՝ զորեղ օրինակներ բերելով Եբրայերեն Գրություններից։ Նամակում տրվեց Եսայիա 54։1–6-ի ներշնչված բացատրությունը, որի համաձայն՝ Եհովայի կինը «վերին Երուսաղեմն է»։ Այն բացատրեց Հագարի և Սառայի «խորհրդանշական իմաստը»՝ ցույց տալով, որ Աստծու խոստումները ժառանգողները նրանք են, ովքեր ազատված են Քրիստոսով, և ոչ թե նրանք, ովքեր մնում են Օրենքի կապանքների տակ (Գաղ. 4։21–26; Ծննդ. 16։1–4, 15; 21։1–3, 8–13)։ Նամակը պարզ ասում էր, որ Օրենքի ուխտը անվավեր չի դարձնում աբրահամական ուխտը, այլ լրացնում է դրան։ Այն նաև մատնանշում էր, որ այդ երկու ուխտերի միջև 430 տարվա տարբերություն կա, ինչը կարևոր դեր է խաղում աստվածաշնչյան ժամանակագրության մեջ (3։17, 18, 23, 24)։ Այս տեղեկությունների մասին արձանագրությունը գրվել և պահպանվել է մինչև մեր օրերը, որ զորացնի քրիստոնյաների հավատը։
17. ա) Ո՞ւմ է բնորոշում այս նամակը։ բ) Ի՞նչ հրաշալի հորդորներ են տրվում Թագավորության ժառանգներին ու նրանց համագործակիցներին։
17 Ամենակարևորն այն է, որ նամակն անսխալ կերպով բնորոշում է Թագավորության Սերնդին, որին բոլոր մարգարեներն էլ սպասում էին։ «Արդ, Աբրահամին և նրա սերնդին խոստումներ տրվեցին.... որն է Քրիստոսը»։ Նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսին հավատալու շնորհիվ դառնում են Աստծու որդիներ, այդ Սերնդի հետ համարվում են ժառանգներ։ «Եթե պատկանում եք Քրիստոսին, ուրեմն իսկապես Աբրահամի սերունդն եք և խոստման համաձայն՝ ժառանգներ» (3։16, 29)։ Թագավորության այս ժառանգները և նրանց միացած բոլոր մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն գաղատացիներին տրված հիանալի հորդորներին. «Հենց այսպիսի ազատության համար Քրիստոսը մեզ ազատեց։ Ուստի հաստա՛տ եղեք»։ «Չհոգնենք բարին անելուց, որովհետև եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք»։ «Բարին անենք բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ» (5։1; 6։9, 10)։
18. Նամակի վերջում ի՞նչ խիստ նախազգուշացում և հորդոր է տրվում գաղատացիներին։
18 Վերջում խիստ նախազգուշացում է տրվում նրանց, ովքեր զբաղվում են մարմնի գործերով. այդպիսի մարդիկ «Աստծու Թագավորությունը չեն ժառանգի»։ Ուստի եկեք ամբողջությամբ ազատվենք աշխարհի աղտից, ձգտումներից, պայքարներից ու մեր սրտում հաստատ որոշենք զարգացնել ոգու պտուղը, որն է՝ «սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում» (5։19–23)։