Մարկոս. եռանդուն քարոզիչ
ԱՆՏԻՈՔԻ ժողովի անդամների միջև որոշ խնդիրներ եղել էին, սակայն այն խնդիրը, որ ծագեց Պողոսի ու Բառնաբասի միջև, անսպասելի էր բոլորի համար։ Միսիոներները մի նոր շրջագայության էին պատրաստվում։ Նրանք պետք է որոշեին, թե ով է ուղեկցելու իրենց։ Այդ պատճառով էր, որ նրանց միջև «բարկության ուժեղ պոռթկում» եղավ (Գործ. 15։39)։ Երկու համագործակիցները բաժանվեցին, յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։ Ո՞ւմ պատճառով վիճեցին առաքյալները։
Նրանց նոր ուղեկիցը պետք է լիներ Մարկոսը։ Ինչպիսի՞ անձնավորություն էր նա։ Ո՞րն էր պատճառը, որ Պողոսն ու Բառնաբասը տարբեր կարծիքներ ունեին նրա մասին։ Հետագայում փոխվե՞ց նրանց վերաբերմունքը Մարկոսի հանդեպ։ Ի՞նչ ենք սովորում Աստվածաշնչում արձանագրված այս դեպքից։
Տեղեկություններ Մարկոսի կյանքից
Մարկոսը հրեա էր և մեծացել էր Երուսաղեմում։ Ակներևաբար, նա հարուստ ընտանիքից էր։ Առաջին անգամ նրա մասին կարդում ենք վաղ քրիստոնեական ժողովի վերաբերյալ արձանագրություններում։ Օրինակ՝ մ.թ. 44–ին Եհովայի հրեշտակը հրաշքով ազատեց Պետրոսին, որին Հերովդես Ագրիպպաս I–ը բանտ էր նետել։ Երբ նա դուրս եկավ այնտեղից, անմիջապես գնաց «Մարկոս կոչվող Հովհաննեսի մոր՝ Մարիամի տունը, որտեղ շատերը հավաքվել ու աղոթք էին անում»a (Գործ. 12։1–12)։
Երուսաղեմի ժողովի հանդիպումները, ըստ ամենայնի, անցկացվում էին Մարկոսի մոր՝ Մարիամի տանը։ Քանի որ «շատերն» էին հավաքվում այնտեղ, կարելի է ենթադրել, որ այդ տունը բավականին մեծ էր։ Աստվածաշնչում արձանագրված որոշ մանրամասնություններ օգնում են ընդհանուր պատկերացում կազմելու Մարկոսի ընտանիքի մասին։ Օրինակ՝ երբ մի անգամ Պետրոսը թակեց նրանց «դարպասի մուտքի դուռը», բացեց Մարիամի աղախին Ռոդեն։ Ուստի կարող ենք ենթադրել, որ Մարկոսի մայրը հարուստ կին էր։ Բացի այդ, Աստծու Խոսքում նշվում է, որ այդ տունը ոչ թե նրա ամուսնու, այլ իր տունն էր։ Ըստ երևույթին, Մարիամը այրի էր, իսկ Մարկոսը շատ երիտասարդ էր (Գործ. 12։13)։
Մարկոսը հավանաբար այն մարդկանց մեջ էր լինում, ովքեր հավաքվում էին աղոթելու։ Նա լավ էր ճանաչում Հիսուսի աշակերտներին, ինչպես նաև նրանց, ովքեր ականատես էին եղել Քրիստոսի ծառայության դեպքերին։ Նա էր, իրականում, այն երիտասարդը, որը կտավից հագուստ հագած հետևում էր Հիսուսին, երբ ձերբակալեցին նրան, սակայն երբ փորձեցին բռնել իրեն, թողեց կտավե հագուստը և փախավ (Մարկ. 14։51, 52)։
Նոր առանձնաշնորհում
Հասուն քրիստոնյաների հետ շփումը, անկասկած, դրական ազդեցություն էր թողնում Մարկոսի վրա։ Նա հոգևորապես առաջադիմում էր, ինչը, անշուշտ, չէր վրիպում պատասխանատու եղբայրների աչքից։ Երբ մ.թ. 46–ին Երուսաղեմում սով սկսվեց և Պողոսն ու Բառնաբասը Անտիոքից «օգնություն» բերեցին եղբայրների համար, նրանց ուշադրությունը գրավեց այդ նախանձախնդիր երիտասարդը։ Ուստի առաքյալները որոշեցին Անտիոք վերադառնալ Մարկոսի հետ (Գործ. 11։27–30; 12։25)։
Առաջին հայացքից մեզ կարող է թվալ, որ այս երեք քրիստոնյաները ընդհանուր ոչ մի բան չունեն, նրանք ընդամենը հոգևոր եղբայրներ են, և Պողոսն ու Բառնաբասը իրենց հետ վերցրին Մարկոսին միայն այն պատճառով, որ վերջինս հոգևոր հասուն երիտասարդ էր։ Սակայն Պողոսի նամակներից մեկը մի հետաքրքիր տեղեկություն է հայտնում մեզ. Մարկոսը Բառնաբասի զարմիկն էր (Կող. 4։10)։ Այս փաստը լույս է սփռում Մարկոսի հետ կապված հետագա դեպքերի վրա։
Մեկ տարի անց սուրբ ոգու առաջնորդությամբ Պողոսն ու Բառնաբասը շարունակեցին իրենց միսիոներական շրջագայությունը։ Նրանք Անտիոքից ուղևորվեցին Կիպրոս։ Հովհաննես Մարկոսը՝ «որպես սպասավոր», նրանց հետ գնաց (Գործ. 13։2–5)։ Հավանաբար շրջագայության ժամանակ նա հոգում էր նրանց կարիքները, որպեսզի առաքյալները շատ ժամանակ տրամադրեին հոգևոր գործունեությանը։
Պողոսը, Բառնաբասն ու Մարկոսը Կիպրոս գնալու ճանապարհին քարոզում էին բարի լուրը։ Նրանք նպատակ ունեին հասնելու Փոքր Ասիա։ Սակայն երբ խումբը հասավ Պերգե, ինչ–որ պատճառով «Հովհաննեսը նրանցից հեռացավ ու ետ դարձավ Երուսաղեմ» (Գործ. 13։13)։ Հովհաննես Մարկոսի որոշումը անչափ հիասթափեցրեց Պողոսին։
Անցան տարիներ։ Երեք քրիստոնյաները նորից եկան Անտիոք։ Պողոսն ու Բառնաբասը որոշեցին իրենց երկրորդ միսիոներական շրջագայությունը կատարել, քանի որ առաջինը լավ արդյունքներ էր տվել։ Բառնաբասը ուզում էր, որ իր զարմիկը կրկին միանա իրենց, սակայն Պողոսը լսել անգամ չէր ուզում այդ մասին, քանի որ Մարկոսը վերջին շրջագայության ժամանակ լքել էր իրենց։ Սա էր պատճառը, որ առաքյալների մեջ վեճ ծագեց։ Այդ միջադեպից հետո Բառնաբասը Մարկոսի հետ գնաց իր հայրենիք՝ Կիպրոս, իսկ Պողոսը ուղևորվեց դեպի Ասորիք (Գործ. 15։36–41)։ Փաստորեն, Պողոսն ու Բառնաբասը տարբեր տեսանկյունից էին նայում Մարկոսի որոշմանը։
Նորից համագործակիցներ
Ինչ խոսք, այս ամենը շատ տխրեցրեց Մարկոսին։ Այնուամենայնիվ, նա շարունակեց հավատարմորեն կատարել իր ծառայությունը։ Թեև մոտ 12 տարի Մարկոսը չէր առնչվել Պողոսի հետ, բայց նրա անունը, որքան էլ անհավանական է թվում, հիշատակվում է Պողոսի նամակներում։
Պողոսը շատ նամակներ էր գրում, երբ մ.թ. 60–61 թթ.–ին բանտարկված էր Հռոմում։ Կողոսացիներին ուղղած նամակում նա հիշատակում է Մարկոսի անունը. «Ձեզ ողջունում են Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, ինչպես նաև Մարկոսը՝ Բառնաբասի զարմիկը, որի մասին դուք հրահանգ ստացաք սիրալիր կերպով ընդունել նրան, եթե երբևէ նա ձեզ մոտ գա....։ Միայն սրանք են իմ համագործակիցները Աստծու թագավորության համար և հենց սրանք են, որ զորավիգ եղան ինձ» (Կող. 4։10, 11)։
Ինչպիսի՜ շրջադարձային փոփոխություն. տարիներ առաջ Մարկոսի պատճառով անախորժություն էր եղել, սակայն հիմա նա նորից Պողոսի թանկագին համագործակիցն է։ Ինչպես տեսնում ենք, առաքյալը տեղեկացնում է կողոսացիներին, որ հնարավոր է Մարկոսը այցելի նրանց որպես իր ներկայացուցիչ։
Արդյոք տարիներ առաջ Պողոսը չափազանց խի՞ստ էր վերաբերվել Մարկոսին։ Իսկ Մարկոսը դասեր քաղե՞լ էր այդ դեպքից։ Գուցե երկուսն էլ որոշ չափով մեղավոր էին։ Ամեն դեպքում, հաշտությունը ցույց էր տալիս, որ թե՛ Պողոսը, թե՛ Մարկոսը հասուն քրիստոնյաներ էին։ Անցյալում թողնելով վիրավորված զգացումները՝ նրանք նորից սկսեցին համագործակցել։ Ի՜նչ հրաշալի օրինակ նրանց համար, ովքեր տարաձայնություններ ունեն հավատակիցների հետ։
Կրկին շրջագայական ծառայություն
Մարկոսը շատ էր ճանապարհորդել։ Նա ծնվել ու մեծացել էր Երուսաղեմում, բայց տեղափոխվել էր Անտիոք, հետո՝ Կիպրոս ու Պերգե։ Այնուհետև ուղևորվել էր դեպի Հռոմ, որտեղից էլ Պողոսը նրան ուղարկել էր Կողոսա։ Սակայն սա դեռ ամենը չէ։
Երբ Պետրոս առաքյալը մ.թ. 62–64 թթ.–ին գրեց իր առաջին նամակը, նա նշեց. «Ձեզ իր բարևներն է ուղարկում նա, որ Բաբելոնում է,.... ինչպես նաև Մարկոսը՝ իմ որդին» (1 Պետ. 5։13)։ Փաստորեն, ծառայելու նպատակով Մարկոսը Պետրոսի հետ մեկնել էր Բաբելոն, այն առաքյալի հետ, որը տարիներ առաջ մասնակցում էր իրենց տանն անցկացվող ժողովներին։
Իսկ մ.թ. 65–ին, երբ Պողոսը երկրորդ անգամ էր բանտարկվել Հռոմում և ուզում էր, որ Տիմոթեոսը Եփեսոսից գա իր մոտ, նրան գրեց. «Քեզ հետ վերցրու Մարկոսին և բեր» (2 Տիմոթ. 4։11)։ Փաստորեն, Մարկոսը Եփեսոսում էր։ Անկասկած, նա անմիջապես համաձայնվեց գնալ Հռոմ։ Թեև այն ժամանակ հեշտ չէր ճանապարհորդել, սակայն Մարկոսը պատրաստ էր հաղթահարելու ցանկացած դժվարություն։
Մեկ ուրիշ առանձնաշնորհում
Մարկոսը նաև առանձնաշնորհում ունեցավ գրելու Ավետարաններից մեկը՝ Եհովայի սուրբ ոգուց ներշնչված։ Չնայած Մարկոսի Ավետարանում կոնկրետ չի նշվում, թե ով է գրողը, սակայն 2–րդ և 3–րդ դարերի հեղինակավոր աղբյուրները հաստատում են, որ գրողը Մարկոսն է։ Պետրոս առաքյալը ականատեսն էր այն ամենի, ինչ արձանագրել է Մարկոսը, ուստի նա կարող էր առաքյալից բազմաթիվ տեղեկություններ իմանալ։
Վերլուծաբանները համոզված են, որ Մարկոսը այս Ավետարանը գրել է այլազգի մարդկանց համար, քանի որ մանրամասնորեն բացատրում է հրեական սովորույթները (Մարկ. 7։3; 14։12; 15։42)։ Մարկոսը թարգմանել է նաև արամերեն արտահայտություններ, որոնք անհասկանալի են այն մարդկանց, ովքեր հրեա չեն (Մարկ. 3։17; 5։41; 7։11, 34; 15։22, 34)։ Նա օգտագործել է լատիներեն շատ արտահայտություններ և նույնիսկ որոշ հունարեն բառեր բացատրել է լատիներենով։ Այս ամենը փաստում է, որ Մարկոսն իր Ավետարանը գրել է Հռոմում։
«Օգտակար է ինձ ծառայության համար»
Հռոմում, բացի Ավետարանը գրելուց, Մարկոսը շատ այլ գործեր էլ արեց։ Պողոսը Տիմոթեոսին ասաց. «Քեզ հետ վերցրու Մարկոսին և բեր»։ Ինչո՞ւ։ «Որովհետև նա օգտակար է ինձ ծառայության համար» (2 Տիմոթ. 4։11)։
Աստվածաշնչի արձանագրության մեջ Մարկոսի մասին սա վերջին հիշատակումն է։ Առաքյալի խոսքերը մեզ շատ բան են ասում նրա մասին։ Մարկոսը չի եղել առաքյալ, առաջնորդ կամ մարգարե։ Նա մի քրիստոնյա էր, ով հոգ էր տանում ուրիշների մասին և ծառայում էր նրանց։ Կարելի է ասել, որ Պողոս առաքյալը իր մահից առաջ զգացել և մեծապես գնահատել է Մարկոսի օգնությունը։
Այս բազմաթիվ տեղեկություններն օգնում են մեզ հասկանալու, թե ինչպիսի անձնավորություն էր Մարկոսը։ Նա եռանդուն քրիստոնյա էր, քարոզում էր բարի լուրը նույնիսկ հեռավոր երկրներում և պատրաստ էր ուրախությամբ ծառայելու ուրիշներին։ Այո՛, այն բանի շնորհիվ, որ չվհատվեց և շարունակեց իր ծառայությունը, նա բազմաթիվ առանձնաշնորհումներ ստացավ։
Մարկոսի նման՝ մենք էլ նույն վճռականությամբ ենք հռչակում բարի լուրը։ Մեզնից շատերը նույնիսկ տեղափոխվում են ուրիշ տարածքներ կամ այլ երկրներ այդ նպատակով։ Թեև ոչ բոլորը հնարավորություն ունեն այսպես վարվելու, սակայն մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է ընդօրինակել Մարկոսին։ Ինչպես որ նա էր պատրաստակամորեն աջակցում և ծառայում իր եղբայրներին, այնպես էլ մենք կարող ենք օգնել մեր հավատակիցներին, որպեսզի նրանք շարունակեն ծառայել Եհովային։ Եթե այդպես վարվենք, անշուշտ, առատ օրհնություններ կստանանք մեր երկնային Հորից (Առակ. 3։27; 10։22; Գաղ. 6։2)։
[Ծանոթագրություն]
a Այդ ժամանակներում մարդիկ կարող էին ունենալ երկրորդ անունը, որը սովորաբար կա՛մ եբրայական, կա՛մ օտար ծագում էր ունենում։ Մարկոսի հրեական անունը Յոհանան էր, որը հայերենում հնչում է Հովհաննես։ Իսկ Մարկոսը նրա լատիներեն անունն էր (Գործ. 12։25)։
[Քարտեզ/Նկար 8–րդ և 9–րդ էջերի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
Հռոմ
Քաղաքներ, որտեղ եղել է Մարկոսը
Եփեսոս
Կողոսա
Պերգե
Կիպրոս
Երուսաղեմ
Անտիոք (Ասորիք)
Բաբելոն
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ