Տնետուն ծառայություն. ինչո՞ւ է կարևոր այսօր
«Ամեն օր տաճարում և տնից տուն առանց դադարի շարունակում էին սովորեցնել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել» (ԳՈՐԾ. 5։42)։
1, 2. ա) Քարոզչական ի՞նչ մեթոդ են կիրառում Եհովայի վկաները, որով մարդիկ ճանաչում են նրանց։ բ) Ի՞նչ կքննարկենք այս հոդվածում։
ԱՇԽԱՐՀԻ գրեթե բոլոր երկրներում կարելի է նկատել հետևյալ տեսարանը. կոկիկ հագնված երկու անհատ մոտենում են մի տան և փորձում են տանտիրոջ հետ Աստվածաշնչից մի քիչ խոսել Աստծու Թագավորության մասին։ Եթե նա հետաքրքրվում է, նրան առաջարկում են սուրբգրային գրականություն և Աստվածաշնչի տնային անվճար ուսումնասիրություն։ Հետո մոտենում են հաջորդ տանը։ Իսկ դու մասնակցո՞ւմ ես նման գործունեության։ Եթե այո, հավանաբար նկատած կլինես, որ մարդիկ իսկույն ճանաչում են քեզ՝ որպես Եհովայի վկայի, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ չես էլ սկսել խոսել։ Այո՛, տնետուն ծառայությունը դարձել է մեզ բնորոշող նշանը։
2 Հիսուսը մեզ հանձնարարել է բարի լուրը քարոզել ու աշակերտներ պատրաստել, և այս նպատակով մենք զանազան մեթոդներ ենք օգտագործում (Մատթ. 28:19, 20)։ Մենք վկայություն ենք տալիս շուկաներում, փողոցում և հասարակական այլ վայրերում (Գործ. 17:17)։ Շատերի հետ Աստվածաշնչի մասին խոսում ենք հեռախոսով կամ նամակի միջոցով։ Մենք Աստվածաշնչի ճշմարտությունները պատմում ենք նրանց, ում հանդիպում ենք մեր առօրյա գործերը կատարելիս։ Անգամ ունենք պաշտոնական ինտերնետային կայք, որը հնարավորություն է տալիս աստվածաշնչային տեղեկություններ ստանալու ավելի քան 300 լեզվովa։ Այս բոլոր մեթոդները լավ արդյունքներ են բերում։ Բայցևայնպես, գրեթե ամբողջ աշխարհում բարի լուրը հիմնականում քարոզվում է տնետուն ծառայության միջոցով։ Ի՞նչ հիմքեր կան՝ նման քարոզչական մեթոդ կիրառելու։ Ինչպե՞ս այս մեթոդը լայն կիրառություն ստացավ Աստծու ժողովրդի մեջ մեր ժամանակներում։ Ինչո՞ւ է այն կարևոր այսօր։
Առաքյալները այդ մեթոդով քարոզել են
3. Քարոզչության վերաբերյալ ի՞նչ հրահանգներ տվեց Հիսուսը առաքյալներին, և դրանից ի՞նչ հետևություն կարող ենք անել նրանց քարոզելու ձևի վերաբերյալ։
3 Տնից տուն քարոզչությունը սուրբգրային հիմք ունի։ Երբ Հիսուսը առաքյալներին ուղարկեց քարոզելու, նրանց հրահանգներ տվեց՝ ասելով. «Որ քաղաքը կամ գյուղը որ մտնեք, փնտրեք, թե ով է այնտեղ արժանի»։ Ինչպե՞ս էին նրանք փնտրելու արժանիներին։ Հիսուսը առաքյալներին պատվիրեց գնալ մարդկանց տները։ Նա ասաց. «Երբ տուն մտնեք, բարև տվեք տան անդամներին, և եթե այդ տունը արժանի է, թող ձեր մաղթած խաղաղությունը այդ տան վրա գա»։ Արդյո՞ք նրանք գնալու էին մարդկանց տները՝ առանց հրավեր ստանալու։ Ուշադրություն դարձնենք, թե այնուհետև ինչ ասաց Հիսուսը. «Եթե ինչ–որ տեղ որևէ մեկը ձեզ չընդունի կամ չլսի ձեր խոսքերը, այդ տնից կամ քաղաքից դուրս գալիս թա՛փ տվեք փոշին ձեր ոտքերից» (Մատթ. 10:11–14)։ Այս հրահանգներից պարզ երևում է, որ առաքյալները, «գյուղից գյուղ գնալով և բարի լուրը հռչակելով», այցելում էին մարդկանց նրանց տներում (Ղուկ. 9:6)։
4. Աստվածաշնչում որտե՞ղ է կոնկրետ նշվում տնետուն քարոզչության մասին։
4 Աստվածաշնչում կոնկրետ նշվում է, որ առաքյալները քարոզում էին տնից տուն։ Օրինակ՝ Գործեր 5։42 համարում նրանց մասին ասվում է. «Ամեն օր տաճարում և տնից տուն առանց դադարի շարունակում էին սովորեցնել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել»։ Դրանից մոտ 20 տարի անց Պողոս առաքյալը Եփեսոսի ժողովի երեցներին հիշեցրեց. «Ես ինձ ետ չպահեցի բոլոր օգտակար բաների մասին ձեզ պատմելուց և սովորեցնելուց՝ թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն»։ Արդյոք Պողոսը այցելե՞լ էր նրանց, նախքան նրանք քրիստոնյա կդառնային։ Ըստ ամենայնի՝ այո, որովհետև այլ բաների թվում նա նրանց նաև սովորեցրել էր «Աստծու հանդեպ զղջման և մեր Տեր Հիսուսի հանդեպ հավատի մասին» (Գործ. 20:20, 21)։ Մի աշխատությունում Գործեր 20։20–ի վերաբերյալ ասվում է. «Պետք է նկատել, որ այս մեծագույն քարոզիչները քարոզել են տնից տուն» (Robertson’s Word Pictures in the New Testament)։
Մորեխների բանակ՝ մեր օրերում
5. Ինչպե՞ս է Հովելի մարգարեության մեջ նկարագրվում քարոզչական գործը։
5 Առաջին դարում կատարված քարոզչությունը նախապատկերն է այն ավելի մեծ գործի, որ արվում է մեր օրերում։ Հովել մարգարեն օծյալ քրիստոնյաների քարոզչական գործը նմանեցրեց մի ավերիչ պատուհասի, որ բերում են միջատները, այդ թվում նաև մորեխները (Յովէլ 1:4)։ Զորքի նման արշավելով՝ մորեխները հաղթահարում են խոչընդոտները, մտնում տները և ամեն ինչ ոչնչացնում իրենց ճանապարհին (կարդա՛ Յովէլ 2:2, 7–9)։ Այս նկարագրությունը վառ կերպով պատկերում է, թե ինչպիսի՛ հաստատակամությամբ և որքա՛ն հիմնովին են Աստծու ծառաները մեր օրերում վկայություն տալիս։ Այս մարգարեությունը այսօր իրականանում է օծյալ քրիստոնյաների ու նրանց ընկերակցող «ուրիշ ոչխարների» քարոզչական գործունեությամբ։ Նրանք օգտագործում են տարբեր մեթոդներ, բայց հիմնական մեթոդը տնետուն ծառայությունն է (Հովհ. 10:16)։ Ինչպե՞ս եղավ, որ մենք՝ Եհովայի վկաներս, սկսեցինք կիրառել այն քարոզչական մեթոդը, որ օգտագործել են առաքյալները։
6. 1922 թ.–ին տնետուն քարոզելու վերաբերյալ ի՞նչ հորդոր տրվեց, և ինչպե՞ս ոմանք արձագանքեցին։
6 1919 թ.–ից սկսած՝ շեշտ դրվեց այն բանի վրա, որ յուրաքանչյուր քրիստոնյա պատասխանատվություն ունի մասնակցելու վկայության գործին։ Օրինակ՝ «Դիտարանի» 1922 թ. օգոստոսի 15–ի համարում տպագրվեց «Ծառայությունը կարևոր է» վերնագրով մի հոդված։ Հոդվածը օծյալ քրիստոնյաներին հիշեցրեց, որ կարևոր է «ակտիվորեն տպագիր պատգամը մարդկանց հասցնել, նրանց հետ խոսել նրանց տան դռների մոտ և ասել, որ երկնային Թագավորությունը մոտ է»։ Մանրամասն մատուցումներ տպագրվեցին «Տեղեկագրում» (այժմ՝ «Մեր թագավորական ծառայությունը»)։ Այդուհանդերձ, սկզբնական շրջանում տնից տուն քարոզողների թիվը փոքր էր։ Ոմանք չէին ուզում տնետուն ծառայել։ Նրանք տարբեր պատճառաբանություններ էին բերում, բայց հիմնականում խնդիրն այն էր, որ այդ անհատները տնից տուն ծառայելը իրենց արժանապատվությունից ցածր էին համարում։ Քանի որ քարոզչական ծառայության վրա գնալով ավելի մեծ շեշտ էր դրվում, նրանցից շատերը աստիճանաբար հեռանում էին Եհովայի կազմակերպությունից։
7. Ի՞նչ կարիք առաջացավ 1950–ականներին։
7 Հետագա տասնամյակներում քարոզչական գործն ընդլայնվեց։ Ավելի ակնհայտ դարձավ, որ կարիք կա շարունակելու կրթել եղբայրներին ու քույրերին, որպեսզի նրանք կարողանան տնետուն ծառայել։ Քննենք, օրինակ, Միացյալ Նահանգներում տիրող իրավիճակը։ 50–ականների սկզբներին այս երկրում Վկաների 28 տոկոսի քարոզչական ծառայությունը սահմանափակվում էր տեղեկատու թերթիկներ տարածելով և փողոցում պարբերագրերը ձեռքներին կանգնելով։ Ավելի քան 40 տոկոսը անկանոն էր մասնակցում քարոզչությանը. լինում էին ամիսներ, որ նրանք ընդհանրապես վկայություն չէին տալիս։ Ինչպե՞ս կարելի էր օգնել բոլոր նվիրված քրիստոնյաներին, որ նրանք քարոզեն տնից տուն։
8, 9. Ի՞նչ կրթական ծրագրի սկիզբ դրվեց 1953–ին, և ի՞նչ արդյունքներով։
8 1953 թ.–ին Նյու Յորք քաղաքում կայացած միջազգային համաժողովում տնետուն ծառայության թեման հատուկ ուշադրության արժանացավ։ Եղբայր Նաթան Նորը հայտարարեց, որ բոլոր քրիստոնյա վերակացուների կարևորագույն նպատակը պետք է լինի օգնել յուրաքանչյուր Վկայի կանոնավորաբար ծառայելու տնետուն։ «Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա բարի լուրը քարոզել տնից տուն»,— ասաց նա։ Այս նպատակին հասնելու համար սկիզբ դրվեց համաշխարհային մի կրթական ծրագրի։ Ովքեր դեռ չէին ծառայում տնից տուն, սովորեցին խոսել մարդկանց հետ դռների մոտ՝ Աստվածաշնչի հիման վրա նրանց հետ տրամաբանելով և հարցերին պատասխանելով։
9 Արդյունքները ապշեցուցիչ էին։ Մեկ տասնամյակի ընթացքում ամբողջ աշխարհում քարոզիչների թիվն ավելացավ 100 տոկոսով, վերայցելությունները՝ 126 տոկոսով, իսկ Աստվածաշնչի ուսումնասիրությունները՝ 150 տոկոսով։ Այսօր Թագավորության քարոզիչների թիվը հասնում է գրեթե յոթ միլիոնի։ Այս ուշագրավ աճը ապացույցներից մեկն է, որ Եհովան օրհնում է իր ժողովրդի ջանքերը տնետուն ծառայության մեջ (Ես. 60:22)։
Փրկարար նշան է դրվում մարդկանց վրա
10, 11. ա) Ըստ Եզեկիէլ 9–րդ գլխի՝ ի՞նչ տեսիլք տրվեց մարգարեին։ բ) Մեր օրերում ինչպե՞ս է կատարվում այդ տեսիլքը։
10 Տնետուն ծառայության կարևորությունը կարելի է տեսնել Եզեկիել մարգարեին տրված տեսիլքում։ Նա տեսնում է վեց մարդու, որոնցից յուրաքանչյուրի ձեռքում «ապականիչ գործիք» կա։ Մարգարեն նաև տեսնում է քթանի հագուստ հագած մի մարդու, որի գոտկատեղից գրագրի թանաքաման է կախված։ Այս մարդուն ասվում է. «Անց կաց քաղաքի միջովը, և նշան դիր այն մարդկանց ճակատներին որ հառաչում եւ ողբում են նորա միջումն արած բոլոր պղծութիւնների համար»։ Գործիքներ ունեցող այդ վեց մարդկանց հրաման է տրվում գնալ նրա հետևից և սպանել բոլոր նրանց, ովքեր չունեն նշանը (կարդա՛ Եզեկիէլ 9:1–6)։
11 Մենք հասկանում ենք, որ այսօր այս մարգարեությունը կատարվում է, և «քթանի հագուստ հագած» մարդը խորհրդանշում է ոգով օծված քրիստոնյաների մնացորդին։ Քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործի միջոցով օծյալ դասակարգը այլաբանական նշան է դնում այն մարդկանց վրա, ովքեր մտնում են Քրիստոսի «ուրիշ ոչխարների» խմբի մեջ (Հովհ. 10:16)։ Ի՞նչ է այս նշանը։ Այս նշանը, որը կարծես դրված է նրանց բաց ճակատներին, ցույց է տալիս, որ նրանք Հիսուս Քրիստոսի նվիրված, մկրտված աշակերտներ են և հագել են նոր անձնավորությունը, որն իր հատկություններով նման է Քրիստոսին (Եփես. 4:20–24)։ Հեզ ու խոնարհ այս մարդիկ օծյալ քրիստոնյաների հետ կազմում են մեկ հոտ և նրանց աջակցում են նշան դնելու կարևոր գործում (Հայտն. 22:17)։
12. Ինչպե՞ս է մարդկանց ճակատներին նշան դնելու մասին տեսիլքն ընդգծում հեզ ու խոնարհ մարդկանց շարունակ փնտրելու կարևորությունը։
12 Եզեկիելի տեսիլքում հստակ ուրվագծվում է մի պատճառ, թե ինչու է անչափ կարևոր շարունակ փնտրել «հառաչող և ողբացող» մարդկանց։ Նրանց կյանքը վտանգի տակ է։ Շուտով Եհովայի դատաստանը իրականացնող երկնային ուժերը, որոնք պատկերված են «ապականիչ գործիք» ունեցող այն վեց մարդկանցով, կոչնչացնեն այլաբանական նշանը չունեցողներին։ Այդ մոտալուտ դատաստանի մասին խոսելով՝ Պողոս առաքյալը գրեց, որ Տեր Հիսուսը «իր զորավոր հրեշտակների հետ.... վրեժ [է] առնելու նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին» (2 Թեսաղ. 1:7, 8)։ Նկատիր, որ այդ մարդիկ դատվելու են այն բանի հիման վրա, թե ինչպես են արձագանքել բարի լուրին։ Ուստի պետք է շարունակենք Աստծու պատգամը հռչակել չնվազող տեմպով մինչև վերջ (Հայտն. 14:6, 7)։ Սա նշանակում է, որ Եհովայի բոլոր նվիրված ծառաների վրա մեծ պատասխանատվություն է դրված (կարդա՛ Եզեկիէլ 3:17–19)։
13. ա) Ի՞նչ պատասխանատվություն էր զգում Պողոս առաքյալը և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ պատասխանատվություն ես զգում դու քո տարածքում ապրող մարդկանց հանդեպ։
13 Պողոս առաքյալը բարի լուրը ուրիշներին պատմելու անձնական պատասխանատվություն էր զգում։ Նա գրեց. «Թե՛ հույներին ու բարբարոսներին և թե՛ իմաստուններին ու անմիտներին ես պարտական եմ. ուստի մեծ ցանկություն ունեմ հռչակելու բարի լուրը նաև ձեզ՝ Հռոմում գտնվողներիդ» (Հռոմ. 1:14, 15)։ Պողոսի սիրտը լի էր երախտագիտությամբ իր հանդեպ ցուցաբերված ողորմության համար, ուստի մեծ ցանկություն ուներ օգնելու ուրիշներին, որ նրանք նույնպես օգտվեն Աստծու անարժան բարությունից (1 Տիմոթ. 1:12–16)։ Նա կարծես պարտք էր յուրաքանչյուր մարդու, ում հանդիպում էր, պարտք, որը կարելի էր վճարել միայն բարի լուրը այդ մարդուն հայտնելով։ Իսկ դու զգո՞ւմ ես, որ պարտք ես քո տարածքում ապրող մարդկանց (կարդա՛ Գործեր 20:26, 27)։
14. Ո՞րն է հրապարակորեն և տնից տուն ծառայելու մեր հիմնական պատճառը։
14 Բայց որքան էլ որ կարևոր է մարդկանց փրկությունը, տնետուն քարոզելու շատ ավելի կարևոր պատճառ կա։ Մաղաքիա 1։11–ում գրված մարգարեությունում Եհովան հայտարարում է. «Արեգակի ելքիցը մինչեւ նորա մուտքը մեծ է իմ անունը ազգերի մէջ. եւ ամեն տեղ իմ անուանը.... սուրբ ընծայ է մատուցվում. որովհետեւ մեծ է իմ անունը ազգերի մէջ»։ Ի կատարում այս մարգարեության՝ Եհովայի նվիրված ծառաները խոնարհաբար նրա անունը հռչակում են ամբողջ երկրագնդով մեկ (Սաղ. 109:30; Մատթ. 24:14)։ Թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն ծառայելու մեր հիմնական պատճառը Եհովային «գովաբանության զոհ» մատուցելն է (Եբր. 13:15)։
Առջևում նշանակալից իրադարձություններ են սպասվում
15. ա) Երիքովի շուրջ յոթերորդ օրը պտտվելիս ինչպե՞ս իսրայելացիները ավելի ակտիվ գործեցին։ բ) Ի՞նչ է դա մատնանշում քարոզչական գործի վերաբերյալ։
15 Ինչպե՞ս կընթանա քարոզչական գործը ապագայում։ Երիքով քաղաքի պաշարումը, որի մասին գրված է «Յեսու» գրքում, պարզաբանում է տալիս այդ մասին։ Հիշենք, որ նախքան Աստված կկործաներ Երիքովը, իսրայելացիներին հրահանգ տրվեց պտտվել քաղաքի շուրջ վեց օր՝ օրը մեկ անգամ։ Յոթերորդ օրը, սակայն, նրանք ավելի շատ գործ ունեին անելու։ Եհովան Հեսուին ասաց. «Եօթներորդ օրը քաղաքի շուրջը եօթն անգամ պտոյտ տաք, եւ քահանաները փողերը հնչեցնեն։ Եւ երբոր Յոբելեան եղջիւրները հնչեցնեն.... բոլոր ժողովուրդը մեծ աղաղակով աղաղակէ. եւ քաղաքի պարիսպները վայր կ’ընկնեն» (Յեսու 6:2–5)։ Նման ձևով էլ, հնարավոր է՝ քարոզչական գործը ընդարձակվի։ Անկասկած, նախքան իրերի ներկա համակարգի կործանվելը մենք ականատես կլինենք Աստծու անվան և նրա Թագավորության մասին այս աշխարհում երբևէ տրված մեծագույն վկայությանը։
16, 17. ա) Ո՞ր գործը լիովին կկատարվի նախքան «մեծ նեղության» ավարտը։ բ) Ի՞նչ կքննարկենք հաջորդ հոդվածում։
16 Կգա ժամանակը, երբ մեր հռչակած պատգամը, ըստ ամենայնի, կնմանվի «մեծ աղաղակի»։ «Հայտնություն» գրքում խիստ դատաստանները պատկերվում են ինչպես «մեծ կարկուտ, որի հատիկներից ամեն մեկը մոտ մեկ տաղանդ կշիռ ուներ»b։ Հայտնություն 16։21–ում ասվում է. «[Կարկտի] պատուհասը ահավոր մեծ էր»։ Այն, թե ինչ դեր կխաղա տնետուն ծառայությունը այդ վճռորոշ դատաստանների ազդարարման մեջ, դեռևս պարզ չէ։ Բայց կարող ենք վստահ լինել, որ նախքան «մեծ նեղությունը» կավարտվի, Եհովայի անունը հայտնի կլինի ամբողջ աշխարհում այնպես, ինչպես որ չի եղել մարդկության պատմության ողջ ընթացքում (Հայտն. 7:14; Եզեկ. 38:23)։
17 Մինչ սպասում ենք նշանակալից իրադարձությունների, եկեք շարունակենք եռանդորեն հռչակել Թագավորության մասին բարի լուրը։ Իսկ ի՞նչ դժվարությունների ենք բախվում տնետուն ծառայության ժամանակ, և ինչպե՞ս կարող ենք հաղթահարել դրանք։ Այս հարցերը կքննարկենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Ինտերնետային կայքի հասցեն է՝ www.watchtower.org։
b Եթե այստեղ խոսքը հունական տաղանդի մասին է, ապա ամեն մի կարկտահատիկը կշռում է մոտ 20 կիլոգրամ։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Սուրբգրային ի՞նչ հիմք կա՝ տնետուն քարոզելու։
• Ինչպե՞ս է մեր ժամանակներում շեշտ դրվել տնետուն ծառայության վրա։
• Եհովայի նվիրված ծառաներն ինչո՞ւ պետք է քարոզելու պատասխանատվություն զգան։
• Ի՞նչ նշանակալից իրադարձություններ են սպասվում։
[նկար 4–րդ էջի վրա]
Զգո՞ւմ ես քարոզելու պատասխանատվություն, ինչպես որ Պողոսն էր զգում
[նկար 5–րդ էջի վրա]
Եղբայր Նորը, 1953 թ.