Վերակացուներն ու ծառայողական օգնականները աստվածապետական կարգով են նշանակված
«Զգոյշ կացէք ձեր անձերին՝ եւ բոլոր հօտին, որի մէջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրաւ» (Գործք 20։28, ԱԹ)։
1, 2. Ինչպե՞ս է Եսայիա 60։22–ը իրականանում։
ՀՆՈՒՑ ի վեր Եհովան կանխագուշակել էր, որ մի նշանակալից բան էր կատարվելու վերջին ժամանակներում։ Եսայիա մարգարեի միջոցով նա հայտարարել էր. «Ամենափոքրը հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ. ես Տէրս իր ժամանակին շուտով կ’անեմ [«դա կարագացնեմ», ՆԱ]» (Եսայիա 60։22)։
2 Ապացույց կա՞ արդյոք, որ այս մարգարեությունն իրականանում է այսօր։ Այո՛, կա։ 1870 թ. ընթացքում Եհովային նվիրված մարդկանցից մի ժողով կազմավորվեց Ալեգեյնիում (ԱՄՆ, Փենսիլվանիա)։ Այսպիսի համեստ սկիզբ ունենալով՝ ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր ժողովներ են առաջացել ու բարգավաճել։ Թագավորության միլիոնավոր հռչակողներ այսօր «զօրաւոր ազգ» են դարձել և համագործակցում են ավելի քան 91 000 ժողովների հետ աշխարհի 235 երկրներում։ Սա անվիճելի հաստատումն է այն բանի, որ Եհովան արագացնում է ճշմարիտ երկրպագուների հավաքելը՝ նախքան ‘մեծ նեղության’ սկսվելը, որն այնքան մոտ է (Մատթէոս 24։21; Յայտնութիւն 7։9–14)։
3. Ի՞նչ է նշանակում մկրտվել «Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով»։
3 Եհովային նվիրվելու անհատական որոշում կայացնելով և Հիսուսի տված պատվերները հիմք ընդունելով՝ այս միլիոնավորները մկրտվել են «Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթէոս 28։19)։ «Հօր անունով» մկրտվել՝ նշանակում է, որ նրանք ճանաչում են Եհովային՝ որպես իրենց երկնային Հոր ու Կյանք Տվողի, ու հպատակվում են նրա գերիշխանությանը։ «Որդու անունով» մկրտվել՝ նշանակում է, որ այս նվիրված անհատները ընդունում են, որ Հիսուս Քրիստոսն իրենց Փրկիչն է, Առաջնորդը և Թագավորը։ Նրանք ընդունում են նաև Աստծո սուրբ ոգու, կամ գործուն ուժի դերը իրենց կյանքը առաջնորդելու մեջ։ Սա ցույց է տալիս, որ նրանք մկրտվել են «Սուրբ Հոգու անունով»։
4. Ինչպե՞ս է կատարվում քրիստոնյա ծառայողների նշանակումը։
4 Իրենց մկրտությամբ նոր աշակերտները Եհովա Աստծուն ծառայողներ են նշանակվում։ Ո՞վ է նշանակում նրանց։ Ընդհանուր առմամբ՝ Բ Կորնթացիս 3։5–ի (ԱԹ) խոսքերը կիրառելի են նրանց նկատմամբ. «Մեր բաւական լինելն [պիտանիությունը՝ որպես ծառայողներ] Աստուածանից է»։ Հնարավոր չէ ցանկանալ ավելի մեծ պատվի արժանանալ, քան՝ նշանակում ստանալ անձամբ Եհովա Աստծո կողմից։ Իրենց մկրտությունից հետո այդ անհատները կշարունակեն հոգևորապես աճել որպես «աւետարանի» ծառայողներ, այնքան ժամանակ, քանի դեռ ընդունում են Աստծո ոգու առաջնորդությունը ու շարունակում են կյանքում կիրառել նրա Խոսքը (Մատթէոս 24։14; Գործք 9։31)։
Աստվածապետական՝ և ոչ թե ժողովրդավարական նշանակում
5. Արդյո՞ք քրիստոնյա վերակացուներն ու ծառայողական օգնականները ժողովրդավարական եղանակով են ընտրվում։ Բացատրեք։
5 Ակտիվ ծառայողների թիվը գնալով աճում է և նրանց հոգևոր կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է, որ վերակացուները պատրաստված և հասուն լինեն՝ ղեկավարություն տալու, իսկ ծառայողական օգնականները ընդունակ լինեն օգնություն ցույց տալու համար (Փիլիպպեցիս 1։1, ՆԱ)։ Ինչպե՞ս են այս հոգևոր տղամարդիկ նշանակում ստանում։ Նրանք չեն նշանակվում այն մեթոդներով, որոնք կիրառվում են քրիստոնյա աշխարհում։ Օրինակ՝ քրիստոնյա վերակացուները չեն ընտրվում ժողովրդավարական եղանակով, այսինքն՝ ստանալով ժողովի հետ համագործակցող մարդկանց ձայների մեծամասնությունը։ Դրա փոխարեն՝ նրանք աստվածապետականորեն են նշանակումներ ստանում։ Ի՞նչ է դա նշանակում։
6. ա) Ի՞նչ է իսկական աստվածապետությունը։ բ) Ինչո՞ւ է վերակացուների ու ծառայողական օգնականների նշանակումը աստվածապետական։
6 Եթե երկու խոսքով արտահայտվելու լինենք՝ իսկական աստվածապետությունը Աստծո կողմից իրականացվող կառավարումն է։ Եհովա Աստծո վկաները կամովին հպատակվում են նրա իշխանությանը և համագործակցում են իրար հետ՝ Աստծո կամքը կատարելու համար (Սաղմոս 143։10; Մատթէոս 6։9, 10)։ Քրիստոնյա վերակացուների՝ երեցների, ու ծառայողական օգնականների նշանակումը աստվածապետական է, քանի որ այդ պատասխանատու տղամարդկանց երաշխավորման ու նշանակման գործընթացը կատարվում է՝ համաձայն Սուրբ Գրություններում Աստծո կողմից արված կարգադրության։ Եվ որպես «գերիշխան»՝ Եհովան, իհարկե, իրավունք ունի որոշել, թե ինչպես է գործելու իր տեսանելի կազմակերպությունը (Ա Մնացորդաց 29։11; Սաղմոս 97։9)։
7. Ինչպե՞ս են իրականացնում իրենց կառավարումը Եհովայի վկաները։
7 Ի տարբերություն քրիստոնյա աշխարհի բազմաթիվ կրոնական խմբերի՝ Եհովայի վկաները իրենք չեն որոշում, թե ինչպիսին պետք է լինի իրենց կազմակերպության հոգևոր կառավարման համակարգը, որի ներքո գործում են։ Այս անկեղծ քրիստոնյաները ջանում են կառչած մնալ Եհովայի չափանիշներին։ Նրանց վերակացուները չեն նշանակվում այնպես, ինչպես դա արվում է կոնգրեգացիոնալ, պրեսբիտերական և այլ կրոններում, որտեղ նվիրապետությունն է իշխում։ Եթե այդ նշանակումների մեջ փորձում են ներս թափանցել աշխարհիկ տարրեր, Եհովայի ժողովուրդը չի գնում փոխզիջման։ Նրանք հաստատակամորեն առաջին դարի առաքյալների դիրքորոշումն են ընդունում, որոնք ասացին. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց» (Գործք 5։29)։ Այսպիսով, Վկաները հնազանդվում են Աստծուն ամեն ինչում (Եբրայեցիս 12։9; Յակոբոս 4։7)։ Աստվածապետական կարգին հետևելը Աստծո հավանությանն է արժանանում։
8. Ինչո՞վ են իրարից տարբերվում ժողովրդավարական և աստվածապետական մեթոդները։
8 Որպես Մեծ Աստվածապետ Եհովայի ծառաներ՝ լավ կլինի, եթե չմոռանանք ժողովրդավարական և աստվածապետական մեթոդների միջև եղած տարբերությունը։ Ժողովրդավարական մեթոդը պահանջում է հավասար ներկայացուցչություն. հաճախ դրան հատուկ է տվյալ պաշտոնի համար ընթացող նախընտրական արշավը և ձայների մեծամասնությամբ ընտրվելը։ Այս ամենը հատուկ չէ աստվածապետական կարգով կատարվող նշանակումներին։ Ասվածապետական նշանակումները չեն կատարվում ո՛չ մարդկանց, ո՛չ էլ կազմակերպության իրավաբանական անձ հանդիսացող մարմինների կողմից։ Պողոս առաքյալը, ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Հիսուսի և Եհովայի կողմից «հեթանոսների առաքեալի» իր նշանակումը, ասաց գաղատացիներին, որ ինքը նշանակվել էր «ո՛չ մարդկանց կողմից եւ ո՛չ էլ մարդու միջոցով, այլ Յիսուս Քրիստոսի միջոցով եւ Հայր Աստծու, որ յարութիւն տուեց նրան մեռելներից» (Հռովմայեցիս 11։13; Գաղատացիս 1։1)։
Նշանակված են սուրբ ոգու միջոցով
9. Ի՞նչ է ասում Գործք 20։28–ը (ԱԹ) քրիստոնյա վերակացուների նշանակման մասին։
9 Պողոսը հիշեցրեց Եփեսոսում ապրող վերակացուներին, որ նրանք Աստծո սուրբ ոգու միջոցով են նշանակվել։ Նա ասաց. «Զգոյշ կացէք ձեր անձերին՝ եւ բոլոր հօտին, որի մէջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրաւ, որ արածեցնէք Աստուծոյ եկեղեցին, որ իր [Որդու] արիւնովն ստացավ» (Գործք 20։28, ԱԹ)։ Այդ քրիստոնյա վերակացուները՝ որպես Աստծո հոտի հովիվներ, կարիք ունեին շարունակելու առաջնորդվել սուրբ ոգու կողմից, որպեսզի կատարեին իրենց պարտականությունները։ Եթե այդպիսի պաշտոն զբաղեցնող տղամարդն այլևս չէր համապատասխանում աստվածային չափանիշներին, ապա ժամանակի ընթացքում սուրբ ոգին կգործեր այնպես, որ տվյալ անձնավորությունն ազատվեր այդ նշանակումից։
10. Ինչո՞ւ կարելի է ասել, որ սուրբ ոգին վճռական դեր է խաղում աստվածապետական նշանակումների մեջ։
10 Ինչո՞ւ կարելի է ասել, որ սուրբ ոգին վճռական դեր է խաղում։ Ամենից առաջ այն պատճառով, որ վերակացուների համար սահմանված չափանիշները սուրբ ոգով են ներշնչված։ Տիմոթեոսին ու Տիտոսին գրած իր նամակներում Պողոսը ուրվագծել է այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն վերակացուներն ու ծառայողական օգնականները։ Ընդհանուր առմամբ՝ նա հիշատակեց տասնվեց տարբեր չափանիշներ։ Օրինակ՝ վերակացուները պետք է անարատ լինեն, զուսպ, խոհեմ, կարգապահ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ և օրինակելի՝ որպես ընտանիքի գլուխ։ Նրանք պետք է հավասարակշռված մոտեցում ունենան ոգելից խմիչքների հանդեպ, իրենք իրենց տիրապետեն, չլինեն փողասեր։ Նմանապես, բարձր չափանիշներ են սահմանված այն տղամարդկանց համար, ովքեր ձգտում են ծառայողական օգնականներ դառնալ (Ա Տիմոթէոս 3։1–10, 12, 13; Տիտոս 1։5–9)։
11. Որո՞նք են այն մի քանի չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն ժողովում պատասխանատվության ձգտող տղամարդիկ։
11 Այս որակումների քննությունը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր առաջնորդություն են վերցնում Եհովային տրվող երկրպագության մեջ, պետք է օրինակելի քրիստոնեական վարք ունենան։ Պետք է պարզ երևա, որ ժողովում պատասխանատվության ձգտող տղամարդկանց նկատմամբ սուրբ ոգին գործում է (Բ Տիմոթէոս 1։14)։ Պետք է ակնհայտ լինի, որ Աստծո ոգին այդ տղամարդկանց մեջ առաջ է բերում ‘սիրո, ուրախության, խաղաղության, երկայնամտության, քաղցրության, բարության, հավատի, հեզության, ժուժկալության’ պտուղը (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։ Այդպիսի պտուղները հարկ է, որ դրսևորվեն իրենց հավատակիցների ու այլոց հետ գործ ունենալիս։ Իհարկե, ոմանք կարող են աչքի ընկնել ոգու որոշակի պտուղների դրսևորմամբ, մինչդեռ մյուսները, գուցե, ավելի լավ են համապատասխանում վերակացուների համար նախատեսված այլ չափանիշների։ Սակայն, բոլոր նրանք, ովքեր հույս են փայփայում նշանակվել որպես վերակացուներ կամ ծառայողական օգնականներ, իրենց ողջ կյանքի ընթացքում պետք է ցույց տան, որ Աստծո Խոսքի չափանիշներին համապատասխանող ու հոգևոր տղամարդիկ են։
12. Ո՞ւմ մասին կարելի է ասել, որ սուրբ ոգու միջոցով են նշանակում ստացել։
12 Պողոսը վստահությամբ կոչ արեց մյուսներին իրեն նմանվել, քանի որ ինքն էլ էր նմանվում Հիսուս Քրիստոսին, որը ‘օրինակ թողեց, որ իր հետքերով գնանք’ (Ա Պետրոս 2։21; Ա Կորնթացիս 11։1)։ Այսպիսով, նրանք, ովքեր որպես վերակացու կամ ծառայողական օգնական իրենց նշանակման պահին համապատասխանել են սուրբգրային պահանջներին, կարելի է ասել, որ նշանակվել են սուրբ ոգու միջոցով։
13. Ինչպե՞ս է սուրբ ոգին օգնում նրանց, ովքեր հանձնարարականներ են տալիս որևէ մեկի համար՝ ժողովում ծառայելու։
13 Կա ևս մեկ գործոն, որը մատնացույց է անում, թե ինչպես է սուրբ ոգին գործում վերակացուների առաջադրման ու նշանակման գործում։ Հիսուսն ասաց, որ «երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։13, ԱԹ)։ Ուստի, երբ տեղի ժողովի երեցները որոշում են որևէ մեկին առաջադրել՝ ժողովում պատասխանատվություն վերցնելու, նրանք աղոթում են Աստծո ոգու առաջնորդության համար։ Երեցները իրենց հանձնարարականները տալիս են՝ ելնելով այն բանից, ինչ որ գրված է Աստծո ներշնչյալ Խոսքում, իսկ սուրբ ոգին օգնում է նրանց տեսնել, թե արդյոք տվյալ անհատը համապատասխանո՞ւմ է սուրբգրային պահանջներին։ Նրանք, ովքեր հանձնարարականներ են տալիս, չպետք է ուշադրություն դարձնեն արտաքին տեսքին, կրթությանը կամ բնածին ընդունակություններին, այլ՝ այն բանին, թե արդյոք հոգևոր անձնավորություն է այդ մարդը. այնպիսի մեկը, որին ժողովի անդամները չեն երկմտի մոտենալ՝ հոգևոր խորհուրդ ստանալու համար։
14. Ի՞նչ ենք սովորում Գործք 6։1–3 (ԱԹ) համարներից։
14 Թեև երեցների խորհուրդը շրջագայող վերակացուի հետ խորհրդակցում է տվյալ եղբայրների՝ որպես երեցներ ու ծառայողական օգնականներ ծառայելու թեկնածության մասին, իրականում այդ նշանակումները կատարվում են ըստ այն կարգի, որը դրվել էր առաջին դարում։ Այն ժամանակ անհրաժեշտություն առաջացավ, որ հոգևորապես պատրաստված տղամարդիկ նշանակվեն մի կարևոր գործի համար։ Կառավարիչ մարմինը հետևյալ ցուցումը տվեց. «Ձեզանից եօթը վկայուած մարդիկ ընտրեցէք, Սուրբ Հոգով եւ իմաստութիւնով լցուած, որոնց այս պիտոյքի վերայ դնենք» (Գործք 6։1–3, ԱԹ)։ Թեպետ հանձնարարականները տվեցին տեղի եղբայրները, նշանակումները կատարվեցին Երուսաղեմում գտնվող այդ լիազորությունը ունեցող տղամարդկանց կողմից։ Այսօր հետևում են նույն օրինակին։
15. Ինչպե՞ս է Կառավարիչ մարմինը ներգրավված նշանակումներ կատարելու մեջ։
15 Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը անմիջականորեն նշանակում է մասնաճյուղերի կոմիտեների բոլոր անդամներին։ Որոշելով, թե ով կարող է այդպիսի լուրջ պատասխանատվություն ստանձնել՝ Կառավարիչ մարմինը մտապահում է Հիսուսի խոսքերը. «Որու որ շատ տրուեցաւ, շատ պիտի ուզուի անկէ եւ որու որ աւելի յանձնուեցաւ, ա՛լ աւելի պիտի պահանջուի անկէ» (Ղուկաս 12։48, Արևմտ. Աստ.)։ Բացի մասնաճյուղերի կոմիտեների անդամներից՝ Կառավարիչ մարմինը նշանակում է նաև Բեթելի երեցներին ու շրջագայող վերակացուներին։ Սակայն Կառավարիչ մարմինը լիազորում է վստահելի եղբայրներին մասնակցություն ունենալ այլ նշանակումների մեջ։ Դրա համար նույնպես գոյություն ունի սուրբգրային նախադեպ։
‘Երեցներ կարգիր, ինչպես որ ես պատվիրեցի’
16. Ինչո՞ւ Պողոսը Տիտոսին թողեց Կրետեում, և ինչի՞ն է դա մատնանշում՝ կապված այսօրվա աստվածապետական նշանակումների հետ։
16 Պողոսը գրեց իր գործընկեր Տիտոսին. «Դրա համար իսկ քեզ թողեցի Կրետէում, որպէսզի, ինչ պակաս բան որ կայ, ուղղես եւ իւրաքանչիւր քաղաքում երէցներ կարգես, ինչպէս որ ես պատուիրեցի քեզ» (Տիտոս 1։5)։ Այնուհետև Պողոսը տվեց այն հատկանիշները, որոնք Տիտոսը պետք է փնտրեր այդ նշանակումների թեկնածուների մեջ։ Նման ձևով էլ այսօր Կառավարիչ մարմինը մասնաճյուղերում նշանակում է պատրաստված եղբայրների, որոնք, ներկայացնելով այդ մարմնին, իրենց հերթին նշանակում են երեցներ ու ծառայողական օգնականներ։ Հոգ է տարվում, որպեսզի այդ եղբայրները՝ որպես Կառավարիչ մարմնի ներկայացուցիչներ, այդպիսի նշանակումներ կատարելիս հստակորեն ըմբռնեն ու հետևեն սուրբգրային առաջնորդությանը։ Ուստի, Եհովայի վկաների աշխարհով մեկ սփռված ժողովներում ծառայելու համար պատրաստված եղբայրներ նշանակվում են Կառավարիչ մարմնի առաջնորդության ներքո։
17. Ինչպե՞ս է մասնաճյուղը զբաղվում վերակացուների ու ծառայողական օգնականների հանձնարարականներով։
17 Երբ վերակացուների ու ծառայողական օգնականների նշանակման հանձնարարականները ներկայացվում են «Դիտարան» ընկերության մասնաճյուղ, նշանակումներ կատարելիս փորձառու տղամարդիկ ապավինում են Աստծո ոգու առաջնորդությանը։ Այդ տղամարդիկ պատասխանատվության զգացում ունեն և գիտակցում են, որ իրենք չպետք է շտապելով իրենց ձեռքերը դնեն որևէ մեկի վրա, որպեսզի մասնակից չլինեն նրա մեղքերին (Ա Տիմոթէոս 5։22)։
18, 19. ա) Որոշ նշանակումների մասին ինչպե՞ս է տեղյակ պահվում։ բ) Ինչպե՞ս է առաջադրման ու նշանակման ողջ գործընթացը տեղի ունենում։
18 Որոշ նշանակումների մասին տեղյակ է պահվում պաշտոնական նամակով, որի վրա կազմակերպության իրավաբանական անձի կնիքն է լինում դրված։ Այդպիսի նամակով կարող են նշանակումներ ստանալ տվյալ ժողովում ծառայող մեկից ավելի եղբայրներ։
19 Աստվածապետական նշանակումները իրականացվում են Եհովա Աստծո կողմից իր Որդու և իր տեսանելի երկրային կանալի՝ «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» ու վերջինիս Կառավարիչ մարմնի միջոցով (Մատթէոս 24։45–47)։ Առաջադրման ու նշանակման ողջ գործընթացը առաջնորդվում է սուրբ ոգու կողմից։ Դա այդպես է, քանի որ այդ որակումները նշված են սուրբ ոգով ներշնչված Աստծո Խոսքում, իսկ նշանակում ստացած անձնավորությունը սուրբ ոգու պտուղներն է դրսևորում։ Ուստի, հարկ է համարել, որ նշանակումները սուրբ ոգու կողմից են արվում։ Ճիշտ ինչպես վերակացուներն ու ծառայողական օգնականները աստվածապետական կարգով նշանակվում էին առաջին դարում, նույնը կատարվում է նաև այսօր։
Երախտապարտ՝ Եհովայի առաջնորդության համար
20. Ինչո՞ւ մենք էլ ենք բաժանում Դավիթի զգացումները, որի մասին արձանագրված է Սաղմոս 133։1–ում (Արևմտ. Աստ.)։
20 Թագավորության քարոզչության գործում հոգևոր բարգավաճման ու աստվածապետական աճի այս ժամանակներում շնորհակալ ենք, որ Եհովան իր ձեռքում է պահում վերակացուների ու ծառայողական օգնականների նշանակման գործընթացը։ Սուրբգրային այս միջոցառումը օգնում է մեզ՝ որպես Եհովայի վկաների, պահպանել Աստծո արդարության բարձր չափանիշները։ Դեռ ավելին, այդ տղամարդկանց քրիստոնեական ոգին ու եռանդուն ջանքերը մեծապես նպաստում են մեր՝ որպես Եհովայի ծառաների, խաղաղությանն ու միասնությանը։ Ուստի, սաղմոսերգու Դավիթի պես մենք էլ ենք ցանկանում գոչել. «Ահա ո՜րչափ բարի ու ո՜րչափ վայելուչ է որ եղբայրները իրարու հետ միաբանութեամբ բնակին» (Սաղմոս 133։1, Արևմտ. Աստ.)։
21. Ինչպե՞ս է այսօր իրականանում Եսայիա 60։17 խոսքը։
21 Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային իր առաջնորդության համար, որ տալիս է իր Խոսքի ու սուրբ ոգու միջոցով։ Իսկապես, իմաստալից են Եսայիա 60։17–ում (Արևմտ. Աստ.) արձանագրված խոսքերը. «Պղինձի տեղ ոսկի պիտի բերեմ, երկաթի տեղ՝ արծաթ, փայտերու տեղ՝ պղինձ, քարերու տեղ երկաթ պիտի բերեմ։ Քու վերակացուներդ խաղաղութիւն պիտի սիրեն, քու իշխաններդ արդարութիւն պիտի ընեն»։ Քանի որ Եհովայի վկաները աստիճանաբար ավելի լիարժեք կերպով են կիրառում աստվածապետական մեթոդները, ուստի ամենուրեք տեսնում ենք այն օրհնյալ պայմանները, որում գտնվում է Աստծո կազմակերպությունը։
22. Ինչի՞ համար ենք իրոք երախտապարտ, և ի՞նչ պետք է վճռենք։
22 Մենք խորը երախտագիտության զգացում ենք ապրում տեղի ունեցող աստվածապետական միջոցառումների համար և սրտանց գնահատում ենք այն դժվարին, բայց բավականություն պատճառող աշխատանքը, որ կատարում են աստվածապետական կարգով նշանակված վերակացուներն ու ծառայողական օգնականները։ Մենք ամբողջ սրտով փառաբանում ենք մեր սիրառատ երկնային Հորը, որը մեզ հոգևոր բարգավաճում է պարգևել ու առատապես օրհնել (Առակաց 10։22, Արևմտ. Աստ.)։ Ուստի, եկեք վճռականորեն շարունակենք համաքայլ ընթանալ Եհովայի կազմակերպության հետ։ Իսկ ամենից ավելի, եկեք շարունակենք միասնաբար ծառայել հանուն Եհովայի մեծ ու սուրբ անվան պատվի, գովաբանման ու փառաբանման։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ վերակացուների ու ծառայողական օգնականների նշանակումը իրականացվում է աստվածապետական, և ոչ թե՝ ժողովրդավարական կարգով։
• Ինչպե՞ս են պատասխանատու քրիստոնյա տղամարդիկ նշանակում ստանում սուրբ ոգու միջոցով։
• Ինչպե՞ս է Կառավարիչ մարմինը ներգրավված վերակացուների ու ծառայողական օգնականների նշանակման մեջ։
• Ինչ վերաբերում է աստվածապետական նշանակումներին՝ ինչո՞ւ պետք է երախտապարտ լինենք Եհովային։
[նկարներ 15–րդ էջի վրա]
Երեցներն ու ծառայողական օգնականները իրենց առանձնաշնորհումները ստանում են աստվածապետական կարգով։