Ինչո՞ւ լինել անձնուրաց
Հիսուն տարեկան Բիլը ընտանիքի հայր է։ Նա շինարարական տեխնոլոգիա է դասավանդում։ Տարվա ընթացքում շաբաթներ շարունակ նա անվարձահատույց աջակցում է Եհովայի վկաների ժողովների համար Թագավորության սրահներ նախագծելուն ու կառուցելուն։ Իսկ 22 տարեկան Էմման կրթություն ստացած ու բարձր որակավորում ունեցող օրիորդ է։ Անձնական նպատակներ հետապնդելու ու վայելքներ փնտրելու փոխարեն՝ նա ամսական 70–ից ավելի ժամ է տրամադրում, որպեսզի մարդկանց օգնի հասկանալ, թե ինչ է գրված Աստվածաշնչում։ Մորիսն ու Բետտին թոշակառուներ են, բայց նրանք հանգիստ ու անհոգ կյանք վարելու փոխարեն տեղափոխվել են ուրիշ երկիր, որպեսզի օգնեն այնտեղ ապրող մարդկանց իմանալ երկրի վերաբերյալ Աստծո նպատակների մասին։
ԱՅՍ մարդիկ չեն կարծում, որ իրենք ինչ–որ առանձնահատուկ կամ էլ տարօրինակ անձնավորություններ են։ Նրանք սովորական մարդիկ են, որոնք ցանկանում են անել այն, ինչ որ ճիշտ են համարում։ Ինչո՞ւ են նրանք իրենց ժամանակը, ուժերը, կարողություններն ու միջոցներն ուրիշների շահերին ծառայեցնում։ Պատճառն այն է, որ նրանք շատ են սիրում Աստծուն և իրենց դրացիներին։ Եվ հենց այդ սերն է, որ նրանց մեջ իսկական անձնուրացության ոգի է արթնացրել։
Ի՞նչ է անձնուրացության ոգին։ Անձնուրաց լինել՝ չի նշանակում ապրել խստակյաց կամ ճգնավորի կյանքով, և դրանում ծայրահեղության հասնելու կարիք չկա՝ սեփական անձին զրկելով ուրախությունից ու բավարարվածությունից։ Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»՝ «անձնուրաց» բառը պարզապես նշանակում է «որևէ գործի՝ նպատակի համար իր անձը մոռացող, անձնազոհ կերպով որևէ բանի նվիրվող՝ նվիրված»։
Հիսուս Քրիստոսը լավագույն օրինակն է
Աստծո միածին Որդի Հիսուս Քրիստոսը անձնուրացություն դրսևորելու լավագույն օրինակն է։ Իր մինչմարդկային գոյության ժամանակ նա, ամենայն հավանականությամբ, վերին աստիճանի ակտիվ կյանք էր վարում ու մեծ բավականություն էր ստանում դրանից։ Նա սերտ, մտերիմ հարաբերություններ ուներ իր Հոր և ոգեղեն արարածների հետ։ Բացի այդ, Աստծո Որդին՝ որպես «ճարտարապետ», օգտագործեց իր կարողությունները դժվարին, բայցև գրավիչ գործեր կատարելու համար (Առակաց 8։30, 31)։ Նա ապրում էր այնպիսի հիանալի պայմաններում, որ երկրագնդի ամենահարուստ մարդն անգամ կերազեր դրա մասին։ Հիսուսը Եհովայից հետո երկրորդ անձնավորությունն էր, որ երկնքում բարձր ու առանձնաշնորհյալ դիրք ուներ։
Սակայն Աստծո Որդին «իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով» (Փիլիպպեցիս 2։7)։ Նա պատրաստակամորեն թողեց իր բոլոր առանձնաշնորհումները՝ դառնալով մարդ ու իր կյանքը փրկանք տվեց, որպեսզի ի չիք դարձնի Սատանայի կողմից պատճառված բոլոր վնասները (Ծննդոց 3։1–7; Մարկոս 10։45)։ Դա նշանակում էր գալ ու ապրել մեղավոր մարդկանց մեջ. մի աշխարհում, որը գտնվում էր Բանսարկու Սատանայի ձեռքի տակ (Ա Յովհաննէս 5։19)։ Երկրում ապրելը նրա համար նաև նշանակում էր որոշակի դժվարություններ ու անհարմարություններ ունենալ։ Սակայն ինչքան էլ որ դժվար լիներ, Հիսուս Քրիստոսը վճռել էր կատարել իր Հոր կամքը (Մատթէոս 26։39; Յովհաննէս 5։30; 6։38)։ Այս հանգամանքը մինչև վերջ փորձության ենթարկեց Հիսուսի սերն ու հավատարմությունը։ Մինչև ո՞ր աստիճան էր նա պատրաստ ինքն իրեն զոհելու։ Նա «խոնարհեցրեց ինքն իրեն,— ասում էր Պողոս առաքյալը,— հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ» (Փիլիպպեցիս 2։7, 8)։
«Ամէն մէկը նոյն միտքը թող ունենայ»
Մենք խրախուսվում ենք հետևելու Հիսուսի օրինակին։ Պողոսը հորդորում էր. «Ամէն մէկը նոյն միտքը թող ունենայ, որ Քրիստոս Յիսուսին մէջ էր» (Փիլիպպեցիս 2։5, Արևմտ. Աստ.)։ Իսկ ինչպե՞ս։ Դա հնարավոր է, եթե ‘միայն ձեր շահը չփնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ’ (Փիլիպպեցիս 2։4)։ Իսկական սերը «իրենը չի փնտռում» (Ա Կորնթացիս 13։5)։
Հոգատար անհատները հաճախ անձնազոհաբար ծառայում են ուրիշներին։ Սակայն այսօր շատերը մտածում են միայն իրենց մասին։ Աշխարհում տարածված է «նախևառաջ ինձ» մտայնությունը։ Մենք կարիք ունենք պաշտպանվելու աշխարհի ոգուց, որովհետև, եթե այն կարողանա վերափոխել մեր աշխարհայացքը, այդ դեպքում, հավանաբար, սեփական ցանկություններին առաջնահերթ կարևորություն կտանք։ Ու այդ ժամանակ մեր կյանքում, այսինքն այն՝ թե ինչպես ենք անցկացնում ժամանակը, ծախսում ուժերն ու միջոցները, գերակշռող տեղ կգրավեն եսակենտրոն զբաղմունքները։ Ուստի հարկավոր է ամբողջ ուժով պայքար մղել աշխարհի ոգու դեմ։
Նույնիսկ բարի մտադրությամբ տրված խորհուրդը երբեմն կարող է թուլացնել մեր անձնուրացության ոգին։ Պետրոս առաքյալը, կռահելով, թե ուր է տանում Հիսուսին նրա անձնուրաց ապրելակերպը, ասաց. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր» (Մատթէոս 16։22)։ Ակնհայտ է, որ Պետրոսը դժվարացավ համակերպվել այն մտքի հետ, որ հանուն իր Հոր գերիշխանության շահերի ու մարդկության փրկության Հիսուսը պատրաստ էր նույնիսկ մեռնել։ Այդ պատճառով էլ նա փորձեց տարհամոզել Հիսուսին։
‘Ուրացիր քո անձը’
Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը։ Դրա մասին կարդում ենք. «Նա դարձաւ տեսաւ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ դու Աստծո՛ւ բաները չես խորհում, այլ՝ մարդկանցը»»։ Այնուհետև Հիսուսը կանչեց ժողովրդին իր աշակերտների հետ միասին և ասաց. «Եթէ մէկը կամենում է գալ իմ ետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ ետեւից» (Մարկոս 8։33, 34)։
Հիսուսին այդ խորհուրդը տալուց մոտ 30 տարի անց Պետրոսը ցույց տվեց, որ ինքը հասկացել էր, թե ինչ է նշանակում լինել անձնուրաց։ Նա իր հավատակիցներին ոչ թէ հորդորում էր թուլացնել ջանքերն ու խնայել սեփական անձը, այլ, ընդհակառակը, կոչ էր անում ‘գոտեպնդել իրենց միտքը’ ծառայության համար ու ‘չառաջնորդվել անցյալի ցանկություններով’։ Չնայած փորձություններին, նրանք պետք է Աստծո կամքը կատարելը առաջին տեղում դնեին իրենց կյանքում (Ա Պետրոս 1։6, 13 ԷԹ, 14 ՆԿ–ի ՆԱԹ; 4։1, 2)։
Մարդը կարող է լավագույն կերպով ապրել, եթե ընդունի, որ ինքը Եհովայինն է, հավատարմորեն հետևի Հիսուս Քրիստոսին ու թույլ տա, որ Աստված առաջնորդի իր կյանքը։ Այս առումով Պողոսը հիանալի օրինակ է հանդիսանում։ Հրատապության զգացումից և Եհովայի հանդեպ երախտագիտությունից մղված՝ նա հրաժարվեց աշխարհային ձգտումներից ու որոնումներից, որոնք կարող էին շեղել իրեն Աստծո կամքը կատարելուց։ Ահա նրա խոսքերը. «Բայց ես ինքնայօժար կերպով կը ծախսեմ եւ կը ծախսուեմ» (Բ Կորնթացիս 12։15)։ Պողոսն օգտագործեց իր կարողությունները ոչ թե անձնական, այլ Աստծո նպատակների իրականացման համար (Գործք 20։24; Փիլիպպեցիս 3։8)։
Ինչպե՞ս կարելի է ինքնաքննությամբ ստուգել, թե արդյոք բաժանում ենք Պողոս առաքյալի տեսակետը։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ինչպե՞ս եմ օգտագործում իմ ժամանակը, եռանդը, ունակությունները և միջոցները։ Այս ամենը և մյուս հրաշալի ընդունակություններս օգտագործում եմ զուտ ի՞մ հետաքրքրությունները բավարարելու, թե՞ մարդկանց օգնելու համար։ Մտածե՞լ եմ արդյոք բարի լուրի հռչակման փրկարար գործում ավելի լիարժեք մասնակցություն ունենալու մասին՝ թերևս Թագավորության լիաժամ քարոզիչ դառնալով։ Կարո՞ղ եմ ավելի շատ մասնակցություն ունենալ Թագավորության սրահների շինարարական աշխատանքներում և դրանց սպասարկման գործում։ Բա՞ց եմ թողնում առիթը՝ ուրիշներին օգնելու։ Տալի՞ս եմ Եհովային իմ լավագույնը» (Առակաց 3։9)։
«Աւելի երանելի է տալը»
Բայցևայնպես, արժե՞ արդյոք անձնուրաց լինել։ Իհա՛րկե։ Պողոսն անձնական փորձառությունից գիտեր, որ այդպիսի ոգի դրսևորողներն առատապես վարձատրվում են։ Դա իրեն երջանկություն էր պարգևում և մեծ բավականություն պատճառում։ Այդ մասին էր նա խոսում Եփեսոսից եկած երեցների հետ, որոնց հանդիպեց Միլետոսում։ Պողոսն ասաց. «Ամեն բան ցոյց տուի ձեզ՝ որ այսպէս պէտք է աշխատել [անձնուրաց կերպով], եւ տկարներին հոգ տանել, եւ Տէր Յիսուսի խօսքը յիշել, որ ինքն ասեց. Աւելի երանելի է տալը, քան թէ առնելը» (Գործք 20։35, ԱԹ)։ Միլիոնավոր մարդիկ զգացել են, որ անձնուրացություն դրսևորելը հիմա իսկ մեծ ուրախություն է պարգևում։ Այդպիսի ոգի դրսևորելը ուրախություն կբերի նաև ապագայում, երբ Եհովան կպարգևատրի նրանց, ովքեր նրա և այլոց շահերը ավելի բարձր են դասում իրենց շահերից (Ա Տիմոթէոս 4։8–10)։
Երբ Բիլին հարցրին, թե ինչու է մասնակցում Թագավորության սրահների շինարարությանը, նա պատասխանեց. «Այսպես օգնում եմ փոքր ժողովներին. դա ինձ մեծ բավականություն է պատճառում։ Ես ուրախ եմ, որ կարող եմ իմ հմտություններն ու գիտելիքները ի գործ դնել հօգուտ ուրիշների»։ Իսկ Էմման ինչո՞ւ է նախընտրել իր ուժերն ու կարողությունները նվիրել սուրբգրային ճշմարտությունը մարդկանց սովորեցնելուն։ «Ես չեմ կարող պատկերացնել ինձ մի ուրիշ գործ անելիս։ Քանի դեռ երիտասարդ եմ ու գործունակ, ես միայն ցանկանում եմ հնարավորին չափ Եհովային հաճեցնել և մյուսներին օգնել։ Ինձ համար դժվար չէ որոշ նյութական բարիքներից հրաժարվել։ Ես անում եմ միայն այն, ինչ պարտավոր եմ անել՝ նկատի ունենալով այն ամենը, ինչ որ Եհովան արել է ինձ համար»։
Մորիսն ու Բետտին չեն ափսոսում, որ հանգիստ կյանք չեն փնտրել, այլ մեծ ջանքեր են թափել երեխաներին դաստիարակելու և ընտանիքն ապահովելու համար։ Հիմա, երբ անցել են թոշակի, նրանք ցանկանում են շարունակել ապրել իմաստալից կյանքով և օգնել մարդկանց։ «Մենք պարզապես չենք ցանկանում ձեռքներս ծալած նստել ու կյանքի մնացած մասը հանգիստ անցկացնել,— ասում են նրանք։— Դրա փոխարեն օտար երկրում մարդկանց օգնում ենք ճանաչելու Եհովային, ինչը և հնարավորություն է տալիս մեզ շարունակել կյանքում զբաղված մնալ իմաստալից գործունեությամբ»։
Վճռե՞լ ես լինել անձնուրաց։ Դա հեշտ չի լինի։ Աստծուն անկեղծորեն հաճեցնելու ձգտման և անկատար մարդկային ցանկությունների միջև հարատև պայքար է ընթանում (Հռովմայեցիս 7։21–23)։ Սակայն այդ պայքարում կարող ենք հաղթել, եթե թույլ տանք, որ Եհովան առաջնորդի մեր կյանքը (Գաղատացիս 5։16, 17)։ Վստահաբար, նա կհիշի մեր անձնուրաց աշխատանքը, որ կատարում ենք՝ ծառայելով իրեն, և առատորեն կօրհնի։ Եհովա Աստված իսկապես ‘կբացի մեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն կթափի՝ մինչև որ էլ տեղ չլինի’ (Մաղաքիա 3։10; Եբրայեցիս 6։10)։
[նկար 23–րդ էջի վրա]
Հիսուսն անձնուրաց ոգի ուներ։ Իսկ դո՞ւ։
[նկարներ 24–րդ էջի վրա]
Պողոսը ջանք էր թափում Թագավորության բարի լուրը քարոզելու համար։