Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 12/15 էջ 21–24
  • «Կայսրի՛ն եմ բողոքում»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Կայսրի՛ն եմ բողոքում»
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կլավդիոս Լիսիասի հսկողության տակ
  • Կառավարիչ Ֆելիքսը չի կարողանում վճիռ կայացնել
  • Շրջադարձ՝ Փեստոս Պորկիոսի օրոք
  • Դատական ուղևորության ավարտը
  • «Ես կայսրի՛ն եմ բողոքում»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • «Քա՛ջ եղիր»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Քաջաբար հիմնավոր վկայություն տանք
    2006 Դիտարան
  • Պաշտպանենք բարի լուրը բարձրաստիճան պաշտոնյաների առաջ
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2001 Դիտարան
w01 12/15 էջ 21–24

«Կայսրի՛ն եմ բողոքում»

Հարձակվելով մի անպաշտպան մարդու վրա՝ ամբոխը սկսում է ծեծել նրան։ Նրանց կարծիքով այդ մարդը մահվան է արժանի։ Եվ հենց այն պահին, երբ թվում է, թե այդ զոհն արդեն մահանալու է, հայտնվում են զինվորները և մեծ դժվարությամբ ազատում նրան կատաղի ամբոխի ձեռքից։ Այդ մարդը Պողոս առաքյալն էր։ Հարձակվողները՝ նրա քարոզները զայրույթով մերժող հրեաները, որոնք մեղադրում էին նրան տաճարը պղծելու մեջ։ Իսկ փրկողները հռոմեացիներ էին՝ Կլավդիոս Լիսիասի գլխավորությամբ։ Խառնաշփոթության ժամանակ Պողոսին ձերբակալեցին՝ որպես հավանական հանցագործի։

Իսկ թե ինչ տեղի ունեցավ այդ ձերբակալությունից հետո, կարելի է կարդալ «Գործք առաքելոց» գրքի վերջին յոթ գլուխներում։ Պետք է նշել, սակայն, որ եթե որոշ գիտելիքներ ձեռք բերենք Պողոսի կենսագրության, նրա դեմ հարուցված մեղադրանքների, ինչպես նաև նրա պաշտպանվելու ձևի ու Հռոմում կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ, ապա ավելի լավ կհասկանանք այդ գլուխները։

Կլավդիոս Լիսիասի հսկողության տակ

Երուսաղեմում կարգ ու կանոն պաշտպանելը Կլավդիոս Լիսիասի պարտականության մեջ էր մտնում։ Նրա վերադասը՝ Հրեաստանի հռոմեացի կառավարիչը, նստում էր Կեսարիայում։ Ուստի՝ այն, ինչ Պողոսի դեպքում ձեռնարկեց Լիսիասը, կարելի է մեկնաբանել որպես անհատին բռնությունից պաշտպանելու և հասարակության հանգիստը խախտողին կալանքի տակ առնելու համար ձեռք առնված գործողություն։ Հրեաների արձագանքը ստիպեց նրան բանտարկյալին ուղարկել Անտոնիոսի ամրոցում գտնվող զորանոցը (Գործք 21։27–22։24)։

Լիսիասը դեռ պետք է պարզեր, թե Պողոսն ինչ էր արել, քանի որ այնտեղ տիրող քաոսի մեջ չէր կարողացել որևէ բան հասկանալ։ Ուստի նա անմիջապես հրամայեց, որ Պողոսին ‘ծեծելով հարցաքննեն, որպեսզի իմանա, թե ինչ հանցանքի համար էին Պողոսի դեմ այդպես աղաղակում’ (Գործք 22։24)։ Սովորաբար հենց այդպես էլ վարվում էին հանցագործների, ստրուկների և ցածր խավի այլ ներկայացուցիչների հետ՝ նրանցից ճշմարտությունն իմանալու համար։ Ծեծը, իհարկե, ցանկալի արդյունքների էր բերում, սակայն այն դաժան միջոց էր։ Որոշ մտրակներին շղթաներից կախված մետաղե գնդեր էին ամրացնում կամ էլ սուր ոսկորներ ու մետաղի կտորներ ներհյուսում, որոնք ծանր վերքեր հասցնելով՝ պատառոտում էին մարմինը։

Այն պահին, երբ պատրաստվում էին Պողոսին մտրակել, նա հայտնեց, որ Հռոմի քաղաքացի է, իսկ Հռոմի քաղաքացուն, առանց նրա մեղքը ապացուցելու, ծեծի չէին կարող ենթարկել։ Ուստի, շնորհիվ այն բանի, որ Պողոսը պաշտպանեց իր իրավունքները, անմիջապես արդյունքի հասավ, քանի որ Հռոմի քաղաքացու իրավունքները ոտնահարելու կամ նրան պատժելու դեպքում հռոմեացի պաշտոնյան կարող էր զրկվել իր դիրքից։ Հետևաբար հասկանալի է, թե այդ պահից ի վեր ինչու Պողոսին սկսեցին վերաբերվել որպես ոչ սովորական բանտարկյալի, այլ մի այնպիսի մեկի, որը կարող էր նույնիսկ այցելուներ ընդունել (Գործք 22։25–29; 23։16, 17)։

Վստահ չլինելով մեղադրանքների ճշմարտացիության մեջ՝ Լիսիասը Պողոսին կանգնեցրեց Ատյանի առջև, որպեսզի կարողանա պարզել հրեաների զայրույթի բուն պատճառը։ Սակայն, երբ Պողոսն ասաց, թե հարությանը հավատալու համար են ուզում իրեն դատել, բուռն վեճեր բռնկվեցին, որոնք այն աստիճան սաստկացան, որ Լիսիասը վախեցավ, թե նրան կտոր–կտոր կանեն։ Եվ նորից զայրացած հրեաների ձեռքից Պողոսին ազատելու անհրաժեշտություն առաջացավ (Գործք 22։30–23։10)։

Լիսիասը չէր ցանկանում պատասխանատու լինել Հռոմի քաղաքացուն սպանելու համար։ Եվ տեղեկանալով այն մասին, որ իր բանտարկյալի դեմ դավադրություն է կազմակերպվում՝ նրան անհապաղ Կեսարիա ուղարկեց։ Օրենքով պահանջվում էր, որ բանտարկյալի հետ վերադաս ատյան ուղարկվեր նրա գործի արձանագրությունը։ Այնտեղ նշվում էին սկզբնական հետաքննության արդյունքները, ձեռք առնված միջոցների պատճառները և քննիչի կարծիքը տվյալ գործի վերաբերյալ։ Լիսիասը գրեց, որ Պողոսը ‘ամբաստանված էր հրեական օրենքին վերաբերող մի խնդրի համաձայն ու մահվան կամ կալանքի արժանի որևէ յանցանք չուներ’, և որ նա հրամայել է Պողոսի մեղադրողներին իրենց բողոքները կուսակալ Ֆելիքսին ներկայացնել (Գործք 23։29, 30)։

Կառավարիչ Ֆելիքսը չի կարողանում վճիռ կայացնել

Պրովինցիայի արդարադատությունը գտնվում էր Ֆելիքսի իշխանության և հսկողության ներքո։ Եվ այն, թե դատավճիռ կայացնելիս նա ինչին կհետևեր՝ տեղի ավանդություններին, թե սահմանված քրեական օրենսդրությանը (այս վերջինը սովորաբար կիրառվում էր հասարակության վերնախավի ներկայացուցիչների ու պետական պաշտոնյաների նկատմամբ), կախված էր նրա ցանկությունից։ Այդ օրենսդրությունը հայտնի էր «օրդո», կամ ցուցակ անունով։ Ֆելիքսը նաև «էքստրա օրդինեմի» իրավունք ուներ, որը կարող էր կիրառել ցանկացած հանցագործի նկատմամբ վճիռ կայացնելիս։ Պրովինցիայի ղեկավարից սպասվում էր, որ նա ‘կդատի ոչ թե այնպես, ինչպես Հռոմում, այլ այնպես, ինչպես առհասարակ պետք է’։ Հետևաբար, նրան մեծ լիազորություններ էին տրված։

Թեև հին Հռոմի օրենսդրության բոլոր մանրամասները հայտնի չեն, սակայն Պողոսի դեպքը համարվում է ‘պրովինցիաներում կիրառվող «էքստրա օրդինեմ» պատժամիջոցի տիպիկ օրինակ’։ Իր խորհրդատուների հետ միասին կառավարիչը լսում էր մեղադրողներին։ Այնուհետև մեղադրյալին իրեն պաշտպանելու հնարավորություն էր տրվում։ Սակայն ապացույցները պետք է ներկայացներ հայցվորը։ Պետական պաշտոնյան կարող էր սահմանել այն պատժամիջոցը, որը հարմար կգտներ։ Ընդ որում, նա կարող էր թե՛ անմիջապես որոշում կայացնել և թե՛ անորոշ ժամանակով հետաձգել այն։ Մինչդեռ այդ ընթացքում մեղադրյալը շարունակում էր պահվել կալանքի տակ։ «Անկասկած,— ասում է գիտնական Հենրի Քադբերին,— նման անսահմանափակ իշխանությունը պրոկուրատորին իր «իշխանությունը չարաշահելու» և մարդուն ազատ արձակելու, դատապարտելու կամ որոշման ընդունումը հետաձգելու համար կաշառքներ վերցնելու հնարավորություն էր ընձեռում»։

Քահանայապետ Անանիան՝ հրեաների առաջնորդներից մեկը, և Տերտուղոսը պաշտոնապես մեղադրեցին Պողոսին՝ ասելով, թե նա ‘մի իսկական աղետ է, որը ապստամբություն է հրահրում ամբողջ աշխարհի բոլոր հրեաների մեջ’։ Նրանք պնդում էին, որ նա «նազովրեցիների աղանդի պարագլուխն է» ու փորձում էր պղծել տաճարը (Գործք 24։1–6, ՆԿ–ի ՆԱԹ, 2001 թ.)։

Նրանք, ովքեր սկզբում հարձակվել էին Պողոսի վրա, ենթադրել էին, թե նա Տրոփիմոս անունով մի հեթանոսի տարել է տաճարի այն գավիթը, ուր միայն հրեաները կարող էին մտնելa (Գործք 21։28, 29)։ Իրականում, սակայն, Տրոփիմոսն ինքն էր մտել այնտեղ։ Բայց եթե հրեաները կարողանային Պողոսի վրա բարդել այդ հանցագործությունը, ապա նա մահվան կդատապարտվեր։ Ըստ երևույթին, հռոմեացիները թույլ էին տալիս նման հանցագործության համար մարդուն մահապատժի ենթարկել։ Եվ եթե Պողոսին ձերբակալած լիներ ոչ թե Լիսիասը, այլ հրեական տաճարի ոստիկանությունը, ապա Ատյանը նրան, առանց որևիցե դժվարության, կդատեր և մահապատժի կենթարկեր։

Հրեաները պատճառաբանում էին, թե Պողոսի սովորեցրածը հուդայականություն չէր և ոչ էլ՝ մեկ ուրիշ օրինական կրոն («religio licita»), ընդհակառակը՝ այն անօրինական և նույնիսկ վնասակար էր։

Նրանք նաև պնդում էին, որ Պողոսը «ապստամբություն է[ր] հրահրում ամբողջ աշխարհի բոլոր հրեաների մեջ» (Գործք 24։5, ՆԿ–ի ՆԱԹ, 2001 թ.)։ Մինչ այդ Կլավդիոս կայսրը Ալեքսանդրիայի հրեաներին մեղադրել էր «աշխարհով մեկ համատարած խռովություն տարածելու մեջ»։ Զարմանալի նմանություն է նկատվում։ «Սովորաբար հենց այդպիսի մեղադրանք էր հարուցվում հրեայի դեմ Կլավդիոսի, կամ Ներոնի կառավարման վաղ շրջանում,— գրում է պատմաբան Ա. Ն. Շերվին–​Ուայթը։— Հրեաները փորձում էին Պողոսին նույն շարժառիթները վերագրել, այսինքն՝ քաղաքացիական խռովություն կայսրության տարածքում ապրող հրեաների մեջ։ Նրանք գիտեին, որ կառավարիչները չէին ցանկանում վճիռ կայացնել՝ հիմնվելով զուտ կրոնական բնույթ կրող մեղադրանքների վրա, այդ պատճառով էլ փորձում էին այդ մեղադրանքին քաղաքական բնույթ տալ»։

Պողոսը հերթով հերքեց բոլոր մեղադրանքները։ ‘Ես ոչ մի խռովություն չեմ հրահրել։ Ճիշտ է, պատկանում եմ այն ուղղությանը, որը նրանք «աղանդ» են անվանում, սակայն, համաձայն այդ ուսմունքի՝ պետք է պահպանել հրեական օրենքները։ Մի քանի ասիացի հրեաներ աղմուկ բարձրացրին։ Սակայն, եթե նրանք իմ դեմ բան ունեին, թող այստեղ գային և իրենց մեղադրանքները ներկայացնեին’։ Պողոսն, ըստ էության, մեղադրանքները կրոնական վեճի վերածեց, որից հռոմեացիները այդքան էլ գլուխ չէին հանում։ Չցանկանալով զայրացնել առանց այն էլ գրգռված հրեաներին՝ Ֆելիքսը հետաձգեց դատը՝ դրանով, փաստորեն, ցույց տալով, որ ոչ մի կողմն էլ հաղթանակ չի տարել։ Պողոսին չհանձնեցին հրեաներին, որոնք այդ էին պահանջում. նրան նաև չդատեցին հռոմեական օրենքով և ոչ էլ ազատ արձակեցին։ Ֆելիքսը չէր կարող հօգուտ Պողոսի որոշում կայացնել, քանի որ ցանկանում էր հաճեցնել հրեաներին։ Բացի այդ, մեկ ուրիշ դրդապատճառ էլ կար. նա հույս ուներ, որ Պողոսը կաշառք կտա իրեն (Գործք 24։10–19, 26)։b

Շրջադարձ՝ Փեստոս Պորկիոսի օրոք

Երբ երկու տարի անց Երուսաղեմ ժամանեց նոր կառավարիչ Փեստոս Պորկիոսը, հրեաները նորից բարձրացրին այս հարցը՝ խնդրելով, որ Պողոսին հանձնեն իրենց։ Սակայն Փեստոսը առանց տատանվելու ասաց. «Հռոմայեցիների սովորութիւնը չէ որեւէ մեկին որպէս շնորհ յանձնել ուրիշ մէկի, մինչեւ որ ամբաստանեալը իր դիմացը չունենայ մեղադրողներին եւ ամբաստանութեան դէմ պատասխան տալու պատեհութիւնը չստանայ»։ Պատմաբան Հարի Տաշրան գրում է. «Փեստոսն անմիջապես հասկացավ, որ Հռոմի քաղաքացու դեմ դավեր են նյութում»։ Այդ իսկ պատճառով նա հրեաներին առաջարկեց իրենց մեղադրանքները ներկայացնել Կեսարիայում (Գործք 25։1–6, 16)։

Թեև Կեսարիայում հրեաները սկսեցին պնդել, որ Պողոսը «չպետք է կենդանի մնայ», սակայն ոչ մի փաստ չներկայացրին։ Ուստի Փեստոսը եկավ այն եզրակացության, որ Պողոսը մահվան արժանի ոչինչ չի արել։ «[Նրանք] ինչ–ինչ խնդիրներ ունէին նրա հետ իրենց պաշտամունքին վերաբերող, ինչպէս նաեւ մի ոմն մեռած Յիսուսի վերաբերյալ, որի մասին Պօղոսն ասում էր, թէ կենդանի է»,— բացատրեց Փեստոսը մեկ ուրիշ պաշտոնյայի (Գործք 25։7, 18, 19, 24, 25)։

Պողոսն, իհարկե, ոչ մի քաղաքական հանցագործություն չէր կատարել, իսկ երբ բուռն վիճաբանություններ բռնկվեցին կրոնական հարցերի շուրջ, հրեաները սկսեցին պնդել, որ միայն իրենց դատարանն ունի համապատասխան պատրաստվածություն՝ նման հարցերը լուծելու համար։ Կհամաձայնվե՞ր, արդյոք, Պողոսը Երուսաղեմ գնալ և հրեական դատարանում դատվել։ Փեստոսը նման առաջարկություն արեց. բայց արդյո՞ք դա տեղին էր։ Երուսաղեմ վերադառնալը, որտեղ մեղադրողները կվերածվեին դատավորների, կնշանակեր, որ Պողոսը անձնատուր է լինում հրեաներին։ «Կանգնած եմ կայսեր ատեանի առաջ, ուր եւ պէտք է դատուեմ,— ասաց նա։— Հրեաներին ոչ մի անիրաւութիւն չեմ արել.... ոչ ոք չի կարող ինձ որպէս շնորհ յանձնել դրանց։ Կայսրի՛ն եմ բողոքում»։ (Գործք 25։10, 11, 20)։

Եթե Հռոմի քաղաքացին նման բան էր հայտարարում, պրովինցիայի իշխանությունը այլևս չէր տարածվում նրա վրա։ Այնպես որ, օգտվելով բողոքելու իր իրավունքից՝ Պողոսը «ճիշտ, խելամիտ և արդյունավետ» քայլ կատարեց։ Իր խորհրդատուների հետ քննարկելով հարցի ձևական կողմը՝ Փեստոսը հայտարարեց. «Կայսրին բողոքեցիր, կայսեր մօտ պիտի գնաս» (Գործք 25։12)։

Փեստոսն ուրախ էր, որ Պողոսից ազատվելու հնարավորություն է ստեղծվել։ Ինչպես որ նա մի քանի օր հետո խոստովանեց Հերովդես Ագրիպպաս II–ին, այդ դատավարությունից իր գլուխը գնացել էր։ Սակայն, գործը կայսրին ներկայացնելու համար դեռ հարկավոր էր գրավոր արձանագրություն կազմել։ Քանի որ մեղադրանքները հրեական օրենքների անհասկանալի բարդություններն էին պարունակում, արձանագրություն կազմելը դժվարություն էր ներկայացնում Փեստոսի համար։ Ի տարբերություն նրան՝ Ագրիպպասը այդ հարցերում գիտակ էր, և երբ նա հետաքրքրություն հանդես բերեց, Փեստոսն անմիջապես խնդրեց իրեն օգնել այդ հարցում։ Չկարողանալով հասկանալ Պողոսի հերթական ելույթը (այս անգամ՝ Ագրիպպասի առաջ)՝ Փեստոսը բացականչեց. «Ցնորւում ես, Պօղո՛ս, քո մեծ հմտութիւնը քեզ խելացնորութեան է տանում»։ Ագրիպպասը, սակայն, շատ լավ հասկացավ նրան։ «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնեայ դառնամ»,— ասաց նա։ Ամեն դեպքում, անկախ այն բանից, թե նրանք ինչպես գնահատեցին Պողոսի բերած փաստարկները, երկուսն էլ համամիտ էին այն հարցում, որ նա անմեղ է և, եթե կայսրին բողոքած չլիներ, կարելի էր նրան ազատ արձակել (Գործք 25։13–27; 26։24–32)։

Դատական ուղևորության ավարտը

Ժամանելով Հռոմ՝ Պողոսը իր մոտ հրավիրեց բարձրաստիճան հրեաներին ոչ միայն նրանց քարոզելու համար, այլև պարզելու, թե նրանք ինչ գիտեն իր մասին։ Այդ անելով՝ նա կկարողանար պատռել իրեն հալածողների դիմակը։ Թեև Երուսաղեմի իշխանավորները դատական հարցեր լուծելիս սովորաբար դիմում էին Հռոմում ապրող հրեաների օգնությանը, Պողոսի վերաբերյալ վերջիններս ոչ մի հրահանգ չէին ստացել։ Մինչև դատավարության օրը Պողոսին տուն վարձելու և ազատորեն քարոզելու իրավունք տրվեց։ Հռոմեացիների կողմից նման մեղմ վերաբերմունքը ցույց էր տալիս, որ նրանց աչքում Պողոսը անմեղ էր (Գործք 28։17–31)։

Պողոսը կալանքի տակ մնաց երկու տարի։ Ինչո՞ւ։ Աստվածաշնչում մանրամասն բացատրություններ չեն տրվում։ Սովորաբար բողոքարկուն պետք է սպասեր, մինչև որ ամբաստանողներն իրենց մեղադրանքները նորից դատարան ներկայացնեին։ Սակայն Երուսաղեմի հրեաները, հասկանալով, որ պարտվելու են, ըստ երևույթին, այդպես էլ չներկայացան։ Երևի թե Պողոսին որքան հնարավոր է երկար լռեցնելու լավագույն եղանակը երբեք չներկայանալն էր։ Ամենայն հավանականությամբ, Պողոսը կայսերական (Ներոնի) ատյանի առջև կանգնեց, արդարացվեց և ի վերջո՝ իր ձերբակալության օրվանից մոտ հինգ տարի հետո, ազատ արձակվեց՝ իր միսիոներական գործունեությանը վերադառնալու հնարավորություն ստանալով (Գործք 27։24)։

Ճշմարտության հակառակորդները վաղուց արդեն փափագում են ‘օրենքի դեմ չարիք’ գործել քրիստոնյաների քարոզչական գործը խափանելու համար։ Եվ դա մեզ չպետք է զարմացնի։ Հիսուսն ասաց. «Եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն» (Սաղմոս 94։20; Յովհաննէս 15։20)։ Միևնույն ժամանակ, նա երաշխավորում է, որ մենք ազատություն կունենանք, որպեսզի կարողանանք աշխարհով մեկ քարոզել բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Ուստի, Պողոս առաքյալի նման, Եհովայի վկաները այսօր նույնպես ‘պաշտպանում և օրենքի օգնությամբ հաստատում են բարի լուրը’ (Փիլիպպեցիս 1։7, ՆԱ)։

[ծանոթագրություններ]

a Հեթանոսների գավիթը ներքին գավիթից բաժանվում էր երեք կանգուն բարձրությամբ քարե պարսպով։ Այդ պատին՝ որոշակի հեռավորությունների վրա, հունարեն կամ լատիներեն լեզուներով փակցված էր հետևյալ նախազգուշացումը. «Թող որ ոչ մի այլազգի այս պարսպից և սրբավայրի շուրջ եղող այս ցանկապատից այն կողմ չանցնի։ Եթե որևիցե մեկը բռնվեց, ապա, անկախ այն բանից, թե ով է նա, պատասխանատու կլինի իր իսկ մահվան համար, որն անխուսափելի է»։

b Դա, իհարկե, անօրինական քայլ էր։ Մի հաղորդագրության մեջ նշվում է. «Համաձայն կաշառակերության մասին օրենքի՝ «Լեքս ռեփեթունդառումի», իշխանություն ունեցող ցանկացած մարդու արգելվում էր կաշառք պահանջել կամ վերցնել՝ որևիցե մեկին պատասխանատվության ենթարկելու կամ դրանից ազատելու, կալանավորին պատժելու կամ նրան ազատ արձակելու համար»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը