Հավիտենական կյանքին հասնելու միակ ճանապարհը
«Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը» (Յովհաննէս 14։6)։
1, 2. Հիսուսը հավիտենական կյանքն ի՞նչ բանի հետ համեմատեց, և ո՞րն էր իր բերած պատկերավոր համեմատության իմաստը։
ՀԻՍՈՒՍԸ իր հռչակավոր Լեռան քարոզում հավիտենական կյանքի ուղին համեմատում է մի ճանապարհի հետ, որտեղ անհատը դռներով է ներս մտնում։ Ուշադրություն դարձրեք Հիսուսի խոսքերին, որոնք ցույց են տալիս, թե այդ կյանքի ուղին հեշտ չի լինելու. «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։ Ինչքան անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի [հավիտենական] կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթէոս 7։13, 14)։
2 Այս պատկերավոր համեմատության իմաստն ըմբռնեցի՞ք։ Մի՞թե այն ցույց չի տալիս, որ հավիտենական կյանքի առաջնորդող միայն մի ճանապարհ կամ ուղի գոյություն ունի, և այդ ճանապարհից չշեղվելու համար մեզանից մեծ ուշադրություն է պահանջվում։ Ուրեմն ո՞րն է հավիտենական կյանքին հասնելու այդ միակ ճանապարհը։
Հիսուս Քրիստոսի ունեցած դերը
3, 4. ա) Աստվածաշունչն ինչպե՞ս է նշում մեր փրկության հարցում Քրիստոսի կատարած կարևոր դերի մասին։ բ) Աստված առաջին անգամ ե՞րբ հայտնեց մարդկությանը հավիտենական կյանք տալու մասին։
3 Հստակ է, որ Հիսուսն այդ ճանապարհի հետ կապված կարևոր դեր է խաղում, քանի որ Պետրոս առաքյալը վկայեց. «Ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած [բացի Հիսուսից] այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք» (Գործք 4։12)։ Նմանապես Պողոսը հայտարարեց, որ «Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանքն [է]՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռովմայեցիս 6։23)։ Հիսուսն ինքը պարզաբանեց, որ հավիտենական կյանքի միակ ճանապարհը հնարավոր է դառնում իր միջոցով, քանի որ ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը» (Յովհաննէս 14։6)։
4 Այսպիսով՝ Հիսուսի խաղացած դերը մեզ համար վճռորոշ նշանակություն ունի հավիտենական կյանքը հնարավոր դարձնելու հարցում։ Եկեք, ուրեմն, նրա կատարած դերը ավելի մանրամասն քննարկենք։ Գիտե՞ք արդյոք, թե Ադամի մեղանչելուց հետո Եհովա Աստված ե՞րբ մատնանշեց, որ մարդիկ կարող էին վայելել հավիտենական կյանքը. դա Ադամի մեղանչելուց անմիջապես հետո էր։ Հիմա եկեք տեսնենք, թե առաջին անգամ ինչպես մարգարեացվեց Հիսուս Քրիստոսի՝ մարդկության Փրկիչը լինելու մասին։
Խոստացված սերունդը
5. Ինչպե՞ս կարելի է բնորոշել Եվային հրապուրող օձին։
5 Եհովա Աստված սիմվոլիկ լեզու օգտագործեց խոստացված Փրկչին բնորոշելու համար։ Նա այս բանն արեց, երբ դատապարտեց «օձին», որը խոսել էր Եվայի հետ և գայթակղեցրել վերջինիս, որպեսզի նա, ուտելով արգելված պտղից, իր անհնազանդությունը ցույց տա Աստծո հանդեպ (Ծննդոց 3։1—5)։ Ինչ խոսք, այդ օձը բառացի օձ չէր։ Այն հոգեղեն հզոր արարած էր, որն Աստվածաշնչում բնորոշվում է որպես «առաջին օձը, որ կոչւում է Բէեղզեբուղ եւ Սատանայ» (Յայտնութիւն 12։9)։ Սատանան Եվային հրապուրելու համար այս ստորակարգ կենդանուն որպես գործիք օգտագործեց։ Հետևաբար, երբ դատապարտում էր օձին, Աստված Սատանային էր ասում. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտէղը. նա [կնոջ սերունդը] քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։
6, 7. ա) Ո՞վ է «կինը», որը ծնեց «սերնդին»։ բ) Ո՞ւմ է ներկայացնում խոստացյալ Սերունդը, և նա ի՞նչ պիտի իրականացնի։
6 Ո՞վ է այս «կինը», որը Սատանայի համար ատելի է կամ նրա թշնամին է։ «Յայտնութիւն» գրքի 12–րդ գլխում ինչպես որ «առաջին օձն» է բնորոշվում, այնպես էլ Սատանային ատելի այս «կինն» է բնութագրվում։ Նկատի առեք, որ առաջին համարում այդ կինը նկարագրվում է հետևյալ կերպ՝ «արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի պսակ՝ տասներկու աստղերից»։ Այս կինը ներկայացնում է հավատարիմ հրեշտակներից բաղկացած Աստծո երկնային կազմակերպությունը, իսկ նրա ծնած «արու զաւակը»՝ Աստծո Թագավորությունը Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ (Յայտնութիւն 12։1—5)։
7 Իսկ ո՞վ է Ծննդոց 3։15–ում հիշատակված «կնոջ սերունդը» կամ ժառանգը, որը ջախջախելու է Սատանայի «գլուխը» ու այդպիսով մահացու հարված է նրան հասցնելու։ Դա նա է՝ Հիսուս–մարդը, որին Աստված երկնքից ուղարկեց, որպեսզի հրաշքով ծնվի կույսից (Մատթէոս 1։18—23; Յովհաննէս 6։38)։ «Յայտնութիւն» գրքի 12–րդ գլխում բացահայտվում է, որ, որպես հարություն առած երկնային Իշխան, այս Սերունդը՝ Հիսուս Քրիստոսը, պիտի հաղթեր Սատանային, իսկ ինչպես նույն գլխի 10–րդ համարում է ասվում, պիտի հաստատվեր Աստծո «արքայութիւնը եւ նրա Օծեալի իշխանութիւնը»։
8. Իր սկզբնական նպատակի հետ կապված՝ Աստված ի՞նչ նոր բան նախատեսեց։ բ) Ովքե՞ր են կազմում Աստծո նոր Կառավարությունը։
8 Ուստի, Հիսուս Քրիստոսի ձեռքում գտնվող այս Արքայությունը մի նոր միջոցառում է, որ Աստված նախատեսել էր իր սկզբնական նպատակի կապակցությամբ. այն է, որ մարդիկ երկրի վրա հավիտենական կյանք վայելեն։ Սատանայի ըմբոստությունից հետո Աստված անմիջապես քայլեր ձեռք առավ այդ նոր Թագավորության՝ Կառավարության միջոցով չարության բոլոր վատ հետևանքները վերացնելու համար։ Հիսուսը, երբ երկրի վրա էր, հայտնեց, որ ինքը միայնակ չի իշխելու այդ Կառավարության մեջ (Ղուկաս 22։28—30)։ Մարդկության միջից պիտի ընտրվեին նաև ուրիշները ու միանային նրան երկնքում կառավարելու համար, և արդյունքում պիտի կազմվեր «կնոջ սերնդի» երկրորդական մասը (Գաղատացիս 3։16, 29)։ Աստվածաշունչը մեզ տալիս է Հիսուսի հետ միասին կառավարելու համար մեղավոր մարդկության միջից ընտրված այդ անհատների թիվը՝ 144 000 (Յայտնութիւն 14։1—3)։
9. ա) Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը երկրի վրա հայտնվեր որպես մարդ։ բ) Հիսուսը ինչպե՞ս քանդեց Սատանայի գործերը։
9 Սակայն, մինչև Թագավորության իշխանության սկսվելը, կարևոր էր, որ երկրի վրա հայտնվեր «սերնդի» գլխավոր մասը՝ Հիսուս Քրիստոսը։ Իսկ ինչո՞ւ. քանի որ նա նշանակված էր Եհովա Աստծո կողմից որպես Մեկը, որ ‘քանդելու [կամ ոչնչացնելու] էր Սատանայի գործերը’ (Ա Յովհաննէս 3։8)։ Սատանայի գործերից մեկը եղավ Ադամին մեղքի դրդելը, որը Ադամի բոլոր սերունդներին մեղքի ու մահվան դատապարտեց (Հռովմայեցիս 5։12)։ Իր կյանքը որպես փրկանք տալով՝ Հիսուսը քանդեց Սատանայի այդ արարքը։ Այդպես վարվելով՝ նա հիմք ստեղծեց մարդկությանը մեղքի ու մահվան դատապարտությունից ազատագրելու համար և բացեց հավիտենական կյանքի տանող ճանապարհը (Մատթէոս 20։28; Հռովմայեցիս 3։24; Եփեսացիս 1։7)։
Այն, ինչ կիրականացնի փրկանքը
10. Հիսուսն ու Ադամը ինչո՞վ էին իրար նման։
10 Չնայած այն բանին, որ Հիսուսի կյանքը երկնքից փոխադրվեց կնոջ արգանդի մեջ, նա ծնվեց որպես կատարյալ մարդ՝ առանց ադամական մեղքի։ Նա երկրի վրա հավիտյան ապրելու հնարավորությունն ուներ։ Ադամը նույնպես ստեղծված էր որպես կատարյալ մարդ՝ երկրի վրա հավիտենական կյանքը վայելելու հեռանկարով։ Պողոս առաքյալն իր մտքում այս երկու մարդկանց նմանությունն ի նկատի ուներ, երբ գրեց. «Առաջին մարդը՝ Ադամը, եղաւ կենդանի շունչ. վերջին Ադամը՝ [Հիսուս Քրիստոսը] կենդանարար հոգի։ Առաջին մարդը՝ երկրից, հողեղէն, իսկ երկրորդ մարդը՝ Տէրը՝ երկնքից» (Ա Կորնթացիս 15։45, 47)։
11. ա) Ադամն ու Հիսուսը ի՞նչ ազդեցություն են թողել մարդկության վրա։ բ) Ինչպե՞ս պետք է նկատել Հիսուսի զոհաբերությունը։
11 Երկրի վրա ապրած այս երկու կատարյալ մարդկանց նմանության մասին է վկայում Աստվածաշնչի սույն տեղեկագրությունը, թե Հիսուսը «տուեց ինքն իրեն որպէս [«համապատասխան», ՆԱ] փրկանք բոլորի համար» (Ա Տիմոթէոս 2։6)։ Ո՞ւմ էր համապատասխանում Հիսուսը։ Իհարկե Ադամին, երբ վերջինս դեռ կատարյալ մարդ էր։ Առաջին մարդ Ադամի մեղքի պատճառով ամբողջ մարդկային ընտանիքը մահվան դատապարտվեց։ «Վերջին Ադամի» զոհաբերությունը մեղքից ու մահից ազատագրվելու հիմք է ստեղծում, որպեսզի հնարավոր դառնա հավիտյան ապրելը։ Որքա՜ն թանկ արժե Հիսուսի զոհաբերությունը։ Պետրոս առաքյալը գրեց. «Ապականացու արծաթեղէնով եւ ոսկեղէնով չէ, որ փրկուեցիք»։ Դեռ ավելին, նա շարունակեց բացատրել. «Այլ՝ թանկագին արեամբ Քրիստոսի, որ անբիծ եւ անարատ է, ինչպէս մի գառ» (Ա Պետրոս 1։18, 19)։
12. Աստվածաշունչն ինչպե՞ս է նկարագրում մահվան դատապարտության վերցվելը մարդկանց վրայից։
12 Աստվածաշնչում հրաշալիորեն նկարագրվում է, թե մահվան դատապարտությունը ինչպես է վերցվելու մարդկային ընտանիքի վրայից. «Ինչպէս մէկ մարդու [Ադամի] յանցանքով բոլոր մարդիկ դատապարտութեան մատնուեցին, նոյնպէս եւ մէկի արդարութեամբ [Հիսուսի՝ մահով ավարտված ուղղամիտ ընթացքով] բոլոր մարդիկ պիտի հասնեն կեանքի արդարութեան շնորհին. որովհետեւ, ինչպէս մէկ մարդու [Ադամի] անհնազանդութեամբ շատ մեղաւորներ եղան, նոյնպէս եւ մէկի [Հիսուսի] հնազանդութեամբ շատ արդարներ պիտի լինեն» (Հռովմայեցիս 5։18, 19)։
Սքանչելի հեռանկար
13. Շատերն ի՞նչ կարծիքի են հավիտյան ապրելու մասին։
13 Աստծո կողմից արված այս կարգադրությունը մեզ որքա՜ն պիտի ուրախացնի։ Ձեզ էլ չի՞ հուզում այն, ինչ որ Փրկիչը հայթայթել է ձեզ համար։ Ամերիկյան խոշոր քաղաքներից մեկում տեղական թերթերից մեկը գրում է, որ հարցման մասնակիցների 67,4 տոկոսը «հավիտյան ապրելու գաղափարը Ձեզ հրապուրո՞ւմ է» հարցին բացասական պատասխան տվեց։ Ինչո՞ւ նրանք այդպես պատասխանեցին։ Պատճառը հասկանալի է. ներկայիս կյանքը երկրի վրա բազում պրոբլեմներով լի է։ Մի անհատ պատասխանեց. «Ինձ չի հրապուրում այն միտքը, թե ես ինչպիսի տեսք կունենամ 200 տարեկան հասակում»։
14. Ինչո՞ւ է հավիտյան ապրելը կատարյալ հաճույք լինելու։
14 Սակայն, Աստվածաշունչը չի խոսում տառապանքներով, հիվանդություններով, ծեր մարդկանցով և ուրիշ դժբախտություններով լեցուն աշխարհում հավիտյան ապրելու մասին։ Ընդհակառակը՝ լինելով Աստծո Թագավորության Իշխանը՝ Հիսուսը վերջ է դնելու Սատանայի կողմից պատճառված վերոհիշյալ բոլոր տառապանքները։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստծո Թագավորությունը «պիտի փշրէ ու վերջացնէ» այս աշխարհի դաժան կառավարություններին (Դանիէլ 2։44)։ Այդ ժամանակ, ի պատասխան Հիսուսի աղոթքի, որը նա սովորեցրեց իր աշակերտներին, Աստծո «կամքը» կլինի «երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է» (Մատթէոս 6։9, 10)։ Աստծո նոր աշխարհում՝ երկրի վրայից ողջ չարությունը վերանալուց հետո միայն Հիսուսի հայթայթած փրկանքի օգուտները լիովին կկիրառվեն։ Բոլոր արժանի եղողները կատարյալ առողջության կվերադառնան։
15, 16. Աստծո նոր աշխարհում ի՞նչ պայմաններ են գոյություն ունենալու։
15 Աստծո նոր աշխարհում ապրող մարդկանց նկատմամբ կկիրառվեն այս խոսքերը. «Այն ժամանակ նորա մարմինը փափուկ կ’լինի երեխայի մարմնից, նա ետ կ’դառնայ իր մանկութեան օրերին» (Յոբ 33։25)։ Իր կատարումն է ունենալու Աստվածաշնչի մեկ ուրիշ խոստում ևս. «Բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է» (Եսայիա 35։5, 6)։
16 Մի պահ երևակայեցեք. անկախ այն բանից, թե քանի տարեկան ենք՝ 80, 800 կամ նույնիսկ ավելի մեծ, փայլուն առողջություն ենք ունենալու։ Կլինի ճիշտ այնպես, ինչպես որ Աստվածաշունչն է խոստանում. «Այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ»։ Այն ժամանակ իրագործվելու է նաև մեկ այլ խոստում. «[Աստված] պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ» (Եսայիա 33։24; Յայտնութիւն 21։3, 4)։
17. Աստծո նոր աշխարհում ստեղծագործական ինչպիսի՞ նվաճումներ կարելի է ակնկալել։
17 Նոր աշխարհում մենք ի վիճակի կլինենք մեր սքանչելի ուղեղն օգտագործել այնպես, ինչպես որ մեր Ստեղծիչն էր ծրագրել, երբ սովորելու անսահմանափակ կարողությամբ այն ստեղծեց։ Խորհեք այն ապշեցուցիչ բաների մասին, որոնք մենք կարող ենք կատարել։ Երկրի վրա եղած տարրերի շտեմարանից օգտվելով՝ անկատար մարդկանց հաջողվել է ստեղծել մեր շրջապատում գտնվող այնպիսի իրեր, ինչպիսիք են՝ բջջային հեռախոսները, փեյջերները, խոսափողները, ժամացույցները, համակարգիչներն ու ինքնաթիռները։ Այո՛, այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։ Սրանցից որևէ մեկն արտադրելու համար տիեզեքի հեռավոր մի վայրից նյութեր չեն բերվել։ Մեր դիմաց ունենալով երկրային Դրախտի մեջ ապրելու անվերջ կյանքի հույսը՝ ստեղծագործական նվաճումներն անսահման են լինելու (Եսայիա 65։21—25)։
18. Ինչո՞ւ կյանքը երբեք ձանձրալի չի լինելու Աստծո նոր աշխարհում։
18 Կյանքը ձանձրալի չի լինելու այնտեղ։ Օրինակ՝ նույնիսկ հիմա, չնայած այն բանին, որ ամեն օր կերակուր ենք ընդունում, միևնույն է, միշտ էլ սպասում ենք հաջորդ ուտելու ժամին։ Մարդկային կատարելության պայմաններում մենք ավելի մեծ չափով ենք վայելելու երկրային Դրախտի բարիքները (Եսայիա 25։6)։ Նաև երկրի բազմատեսակ կենդանական աշխարհին հոգ տանելու, շքեղ արևամուտները, լեռները, գետերն ու հովիտները դիտելու անվերջ հաճույքն ենք վայելելու։ Իրոք որ, Աստծո նոր աշխարհում կյանքը երբեք տաղտկալի չի լինելու (Սաղմոս 145։16)։
Ողջունել Աստծո պահանջները
19. Ինչո՞ւ խելամիտ է հավատալ, որ գոյություն ունեն պահանջներ Աստծո կողմից տրված հավիտենական կյանքի պարգևը ստանալու համար։
19 Գուցե կարծում եք, թե Դրախտում հավիտենական կյանքով ապրելու Աստծո մեծ պարգևին կարող եք արժանանալ՝ առանց ձեր կողմից ջանքեր ներդնելու։ Տրամաբանական չէ՞, որ Աստված մեզանից ինչ–որ բան պետք է պահանջի։ Իհարկե։ Աստված, ըստ էության, հավիտենական կյանքը հենց այնպես չի տալիս մեզ։ Նա այդ կյանքը մատուցում է մեզ, բայց մենք պիտի ձգտենք հասնել ու վերցնել այն։ Այո՛, ջանքերն անհրաժեշտ են։ Դուք էլ կարող եք Հիսուսին դիմող երիտասարդ իշխանի պես հարցնել. «Ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»։ Կամ կարող եք փիլիպեցի այն բանտապետի նման հարցնել, ինչպես որ նա դիմեց Պողոսին. «Ի՞նչ պէտք է անեմ, որ փրկուեմ» (Մատթէոս 19։16; Գործք 16։30)։
20. Ո՞րն է հավիտենական կյանք ստանալու գլխավոր պահանջը։
20 Իր մահվանը նախորդող գիշերը իր երկնային Հորն ուղղված աղոթքի մեջ Հիսուսը մի պահանջ նշեց, երբ ասաց. «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաև Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3)։ Մի՞թե խելամիտ պահանջ չէ գիտություն ստանալը Եհովայի՝ հավիտենական կյանքը հնարավոր դարձնողի ու նաև Հիսուս Քրիստոսի մասին, որը մահացավ մեզ համար։ Սակայն միայն այս գիտությունը ստանալը դեռ բավարար չէ։
21. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ողջունում ենք հավատ ընծայելու պահանջը։
21 «Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը»,— հայտնում է Աստվածաշունչը, ապա ավելացնում. «Իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը մնայ Աստծու բարկութիւնը» (Յովհաննէս 3։36)։ Ձեր կյանքում փոփոխություններ կատարելով և Աստծո կամքի հետ ներդաշնակ ապրելով՝ ցույց կտաք, որ հավատ եք ընծայում Որդուն։ Դուք պետք է մերժեք ամեն մի սխալ ընթացք, որին հավանաբար հետևել եք, և քայլեր ձեռք առնեք անելու այն, ինչ որ Աստծուն է հաճելի։ Հարկավոր է ենթարկվել Պետրոս առաքյալի տված հետևյալ պատվերին. «Ապաշխարեցէ՛ք եւ դարձի՛ եկէք ձեր մեղքերը ջնջելու համար» (Գործք 3։19)։
22. Հիսուսի քայլերին հետևելն իր մեջ ի՞նչ գործեր է բովանդակում։
22 Եկեք երբեք չմոռանանք, որ Հիսուսի հանդեպ հավատ դրսևորելով է, որ կկարողանանք վայելել հավիտենական կյանքը (Յովհաննէս 6։40; 14։6)։ Նրա հանդեպ հավատ ցուցաբերած կլինենք, եթե ‘իր հետքերով գնանք’ (Ա Պետրոս 2։21)։ Իսկ դա ի՞նչ է նշանակում։ Աստծուն ուղղված իր աղոթքում Հիսուսը բացականչեց. «Ահա՛ւասիկ եկայ՝ քո կամքը կատարելու, ո՜վ Աստուած» (Եբրայեցիս 10։7)։ Կարևոր է, որ Աստծո կամքի հետ ներդաշնակ գործելու և մեր կյանքը Եհովային նվիրելու հարցում նմանվենք Հիսուսին։ Այնուհետև մեր նվիրումը պիտի խորհրդանշենք ջրի մկրտությամբ, ինչպես որ Հիսուսն արեց։ (Ղուկաս 3։21, 22)։ Նման քայլեր ձեռնարկելը միանգամայն խելամիտ է։ Պողոս առաքյալը նշեց, որ «Քրիստոսի սէրը ստիպում է մեզ» (Բ Կորնթացիս 5։14, 15)։ Իսկ ինչպե՞ս։ Չէ՞ որ Հիսուսը սիրուց մղված իր կյանքը տվեց հանուն մեզ։ Արդյոք այս արարքը չի՞ դրդում, որպեսզի հավատ ընծայենք նրան։ Այո՛, այն պիտի մղի մեզ, որ հետևենք նրա թողած՝ ուրիշներին նվիրվելու և նրանց օգնելու սրտաշարժ օրինակին։ Հիսուսն ապրում էր Աստծո կամքը կատարելու համար. մենք նույնպես այդպես պիտի վարվենք՝ այլևս միայն մեզ համար չապրելով։
23. ա) Ի՞նչ է նշանակում այն, որ կյանք ձեռք բերող մարդիկ ավելանում են։ բ) Քրիստոնեական ժողով հաճախողներից ի՞նչ է պահանջվում։
23 Բայց հարցը սրանով չի սահմանափակվում։ Աստվածաշունչը տեղեկացնում է, որ մ. թ. 33 թ. Պենտեկոստեին երեք հազար մարդ մկրտվեց և նրանց թիվն ‘ավելացավ’։ Իսկ ի՞նչ բանում նրանք ավելացան։ Ղուկասը բացատրում է. «Նրանք յարատեւում էին առաքեալների ուսուցման, հաղորդութեան մեջ» (Գործք 2։41, 42)։ Այո՛, նրանք միասին հավաքվում էին Աստվածաշունչ ուսումնասիրելու և ընկերակցելու համար ու արդյունքում ավելանում էին, այսինքն՝ քրիստոնյա ժողովի մի մասն էին դառնում։ Առաջին դարի քրիստոնյաները կանոնավորաբար հավաքվում էին հոգևոր առաջնորդություն ստանալու նպատակով (Եբրայեցիս 10։25)։ Մեր օրերում Եհովայի վկաները նույնպես այսպես են վարվում և ուզում են ձեզ էլ քաջալերել, որ նրանց հետ միասին հաճախեք ժողովի հանդիպումներին։
24. Ո՞րն է «ճշմարիտ կեանքը», և ինչպե՞ս ու ե՞րբ է այն իրականանալու։
24 Այսօր միլիոնավոր մարդիկ քայլում են դեպի կյանք առաջնորդող «նեղ» ճանապարհով։ Այս ուղու վրա մնալը, իրոք որ, իսկական ջանքեր է պահանջում (Մատթէոս 7։13, 14)։ Պողոսը հենց սա մատնացույց արեց իր սրտաբուխ կոչի մեջ. «Հաւատի բարի մա՛րտը մղիր եւ պի՛նդ կառչիր յաւիտենական կեանքից, որին կանչուեցիր»։ «Ճշմարիտ կեանքը» ձեռք բերելու համար այս պայքարը մղելն անհրաժեշտ է (Ա Տիմոթէոս 6։12, 19)։ Այդ կյանքը Ադամի մեղքի հետևանքով առաջացած ցավերով, վշտերով ու տառապանքներով լի ներկայիս կյանքը չէ։ Դա Աստծո նոր աշխարհում լինելիք կյանքն է, որը շուտով կիրականանա, երբ իրերի դրության ավարտից հետո Քրիստոսի քավիչ զոհաբերության օգուտները կիրառվեն ի օգուտ բոլոր նրանց, ովքեր սիրում են Եհովային և նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Թող որ մեզանից յուրաքանչյուրն ընտրի «ճշմարիտ կեանքը», այն է՝ Աստծո փառավոր նոր աշխարհում հավիտենական կյանքը։
Ինչպե՞ս կպատասխանեք
◻ Ծննդոց 3։15–ում նկարագրված «օձը», «կինը» և «սերունդը» ու՞մ են ներկայացնում։
◻ Հիսուսն ինչո՞վ էր համապատասխանում Ադամին, և փրկանքի միջոցով ի՞նչը հնարավոր դարձավ։
◻ Նոր աշխարհում ձեզ համար հաճելի ի՞նչ ակնկալիքներ են սպասվում։
◻ Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ կատարել Աստծո նոր աշխարհում ապրելու համար։
[նկար 10–րդ էջի վրա]
Թե՛ տարեցների, և թե՛ երիտասարդների համար Հիսուսն է միայն հավիտենական կյանքի տանող ճանապարհը։
[նկար 11–րդ էջի վրա]
Աստծո հարմար ժամանակին տարեց մարդիկ կատարյալ առողջ կլինեն։