Նվիրումը և ընտրության ազատությունը
«Արդ այն ազատութիւնովը որ Քրիստոսը մեզ ազատեց» (Գաղատացիս 5։1, ԱԹ)։
1. «Նվիրում», «նավակատիկ» կամ «նվիրագործում» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերը հիմնականում ինչի՞ն են վերաբերվում ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ գրողները եբրայերեն և հունարեն որոշ բառեր են գործածել, որպեսզի հաղորդեն սուրբ ծառայություն մատուցելու համար առանձնացած, անջատված լինելու գաղափարը։ Աստվածաշնչի հայերեն թարգմանություններում այս բառերը թարգմանվել են որպես «նվիրում», «նավակատիկ» կամ «նվիրագործում»։ Այս տերմինները ներկայումս երբեմն կիրառվում են նորակառույցների կապակցությամբ, իսկ սովորաբար օգտագործվել են հին Երուսաղեմում՝ Աստծո տաճարում կատարվող երկրպագության ժամանակ։ Հազվադեպ են այս բառերն օգտագործվում աշխարհիկ հարցերի կապակցությամբ։
‘Իսրայելի Աստծուն’ նվիրվելը
2. Ինչո՞ւ Եհովան արդարացիորեն կարող էր կոչվել ‘Իսրայէլի Աստուածը’։
2 Մ.թ.ա. 1513–ին Աստված ազատագրեց իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից։ Քիչ ժամանակ անց Եհովան նրանց ընտրեց որպես իր սեփական ժողովուրդ՝ ուխտ կապելով նրանց հետ։ Նա իսրայելացիներին հայտնեց հետևյալը. «Հիմա եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կ’լինիք ամեն ազգերիցը, որովհետեւ իմն է բոլոր երկիրը» (Ելից 19։5; Սաղմոս 135։4)։ Եհովան արդարացիորեն կոչվեց ‘Իսրայէլի Աստուածը’՝ նրանց սեփական ժողովուրդ դարձնելով (Յեսու 24։23)։
3. Ինչո՞ւ Եհովայի կողմից աչառություն չէր Իսրայելին որպես իր ժողովուրդ ընտրելը։
3 Թեպետ Եհովան իսրայելացիներին իր ժողովուրդը դարձրեց, դրանով աչառություն չցուցաբերեց ոչ իսրայելացիների նկատմամբ, այլ մտահոգվեց նաև նրանց մասին։ Նա հայտարարեց իր ժողովրդին. «Եթէ մի օտարական ձեր երկրի մէջ ձեզ մօտ պանդխտանալու լինի, չ’նեղէք նորան։ Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք. ես եմ Եհովան ձեր Աստուածը» (Ղեւտացոց 19։33, 34)։ Դարեր անց Պետրոս առաքյալը, խորապես տպավորված Աստծո այս մոտեցումից, գրեց. «Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Գործք 10։34, 35)։
4. Ինչպիսի՞ պայմանների վրա էր հիմնված Աստծո և Իսրայելի փոխհարաբերությունը, և արդյո՞ք Իսրայելը դրանք պահպանեց։
4 Նկատի առնենք նաև այն, որ Աստծուն նվիրված ժողովուրդ լինելը պայմանական էր։ Իսրայելացիները նրա «սեպհական ժողովուրդը» կլինեին միայն այդ դեպքում, եթե ճշգրտորեն հնազանդվեին Աստծուն և պահեին նրա հետ կապած իրենց ուխտը։ Դժբախտաբար, նրանք թերացան այդ պահանջներին ենթարկվելու մեջ և մեր թվարկության առաջին դարում՝ Աստծո ուղարկած Մեսիային մերժելուց հետո, կորցրին իրենց արտոնյալ դիրքը։ Եհովան դադարեց ‘Իսրայէլի Աստուածը’ լինելուց և իսրայելացիներն այլևս Աստծո նվիրված ժողովուրդը չէին (համեմատեցեք Մատթէոս 23։23)։
«Աստծու Իսրայէլի» նվիրումը
5, 6. ա) Հիսուսն ի՞նչ էր ուզում ասել Մատթէոս 21։42, 43–ում արձանագրված իր մարգարեական խոսքերով։ բ) Ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց «Աստծու Իսրայէլը»։
5 Արդյոք դա նշանակո՞ւմ էր, որ Եհովան մնաց առանց իրեն նվիրված ժողովրդի։ Ո՛չ, իհարկե։ Մեջբերելով սաղմոսերգուի խոսքերը՝ Հիսուս Քրիստոսը նախագուշակեց. «Երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. սա Տիրոջիցը եղաւ եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։ Սորա համար ասում եմ ձեզ. որ Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կ’առնուի եւ մի ազգի կ’տրուի, որ նորա պտուղներ կ’բերէ» (Մատթէոս 21։42, 43, ԱԹ)։
6 ‘Ազգը.... որ նորա [արքայության] պտուղներն է բերում’՝ քրիստոնեական ժողովն է։ Երկրի վրա գտնվելու ժամանակ Հիսուսն ընտրեց այդ ապագա ժողովի առաջին անդամներին։ Սակայն մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրը Եհովան ինքը հիմնադրեց քրիստոնեական ժողովը՝ իր սուրբ հոգին թափելով նրա առաջին անդամների՝ մոտ հարյուր քսան անհատների վրա (Գործք 1։15; 2։1—4)։ Ավելի ուշ Պողոս առաքյալը գրեց, որ այս նոր կազմված ժողովը հետագայում դարձավ ‘ընտիր [ընտրված, ՆԱ] ազգ, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփհական ժողովուրդ’։ Ինչի՞ համար նրանք ընտրվեցին։ Որպեսզի ‘քարոզեին նորա առաքինութիւնները, որ [նրանց] խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ’ (Ա Պետրոս 2։9, ԱԹ)։ Աստծո հոգով օծված՝ Քրիստոսի հետևորդները այժմ նվիրված ազգ էին՝ «Աստծու Իսրայէլը» (Գաղատացիս 6։16)։
7. Ի՞նչ պիտի վայելեին Աստծու Իսրայելի անդամները և, հետևապես, ինչի՞ց պիտի խուսափեին։
7 Չնայած սուրբ ազգի անդամները Աստծու «սեփհական ժողովուրդն» էին, բայց նրանք ստրկական վիճակի մեջ չէին գտնվում։ Ընդհակառակը, նրանք ավելի շատ ազատություն էին վայելում, քան թե նվիրված իսրայելացիները։ Հիսուսն այդ նոր ազգի ապագա անդամներին խոստացավ. «Կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի» (Յովհաննէս 8։32)։ Պողոս առաքյալը նշեց, որ քրիստոնյաներն ազատված էին Օրենքի ուխտի պահանջներից։ Այդ առնչությամբ նա զգուշացրեց իր գաղատացի հավատակիցներին. «Այն ազատութիւնովը որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացէք եւ դարձեալ ծառայութեան լծի տակ մի մտնէք» (Գաղատացիս 5։1, ԱԹ)։
8. Ի՞նչ իմաստով են քրիստոնեական սկզբունքները մարդկանց ավելի շատ ազատություն տալիս, քան թե Օրենքի ուխտը։
8 Ի տարբերություն հին Իսրայելին, մինչև օրս Աստծու Իսրայելը ճշգրտորեն հնազանդվում է իր նվիրման պահանջներին։ Դա զարմանալի չէ, քանի որ նրա անդամներն իրենց կամքով ընտրեցին այդ ուղին։ Աստծու Իսրայելը այդ քայլին իր ընտրությամբ էր դիմում, մինչդեռ բուն իսրայելացին իր՝ ծնունդով հրեա լինելու պատճառով էր նվիրվում։ Այս կերպով քրիստոնեական օրենքը տարբերվում էր հրեական Օրենքի ուխտից նրանով, որ վերջինիս համաձայն անհատը պետք է Աստծուն նվիրվեր առանց ազատ ընտրության հնարավորություն ունենալու։
9, 10. ա) Երեմիան ինչպե՞ս նշեց նվիրման հետ կապված փոփոխությունը։ բ) Ինչո՞ւ ես գտնում, որ ոչ բոլոր նվիրված քրիստոնյաներն են այսօր համարվում Աստծու Իսրայելի անդամները։
9 Երեմիա մարգարեն կանխագուշակեց նվիրման հետ կապված այս փոխոխությունը. «Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Իսրայէլի տան հետ եւ Յուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ։ Ոչ թէ այն ուխտի պէս, որ ես արի նորանց հայրերի հետ, այն օրը որ ես բռնեցի նորանց ձեռքիցը Եգիպտոսի երկրիցը նորանց հանելու համար, որ իմ այն ուխտը նորանք զանց արին, թէպէտ ես նորանց հետ ամուսնականապէս կապուել էի, ասում է Տէրը։ Այլ այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը. իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն» (Երեմիա 31։31—33)։
10 «Նորանց ներսումը» Աստծո օրենքն ունենալը, այլ խոսքով, «նորանց սրտի վերան» գրված լինելը մղում է Աստծու Իսրայելի անդամներին, որ իրենց նվիրման համաձայն ապրեն։ Նրանց մղումն ավելի զորեղ է, քան մարմնավոր իսրայելացիներինը, որոնք նվիրված էին ոչ թե իրենց ցանկությամբ, այլ սոսկ իսրայելացիներ լինելու պատճառով։ Այսօր, ինչպես Աստծու Իսրայելը, այնպես էլ ողջ աշխարհի հինգ միլիոնից ավել երկրպագուները Աստծո կամքը կատարելու խիստ դրդապատճառ ունեն։ Նմանապես, նրանք իրենց կյանքը նվիրել են Եհովային՝ նրա կամքը կատարելու։ Չնայած այս անհատները երկնային կյանքի հույս չունեն, ինչպես Աստծու Իսրայելը, բայց նրանք էլ ուրախանում են Աստծո երկնային Թագավորության կառավարման ներքո՝ երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարով։ Նրանք իրենց գնահատանքն են ցույց տալիս հոգևոր Իսրայելի նկատմամբ՝ եռանդորեն աջակցելով նրա մնացած անդամներին իրագործելու իրենց նշանակումը, այն է՝ ‘քարոզելու նորա առաքինութիւնները, որ [նրանց] խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ’։
Աստվածատուր ազատության իմաստուն օգտագործումը
11. Ի՞նչ կարողությամբ է մարդը ստեղծվել, և ինչպե՞ս այն պիտի կիրառվեր։
11 Աստված մարդուն այնպես ստեղծեց, որպեսզի նա ազատությունը բարձր գնահատի, քանի որ ազատ կամքով օժտեց նրան։ Մարդկային առաջին զույգը, սակայն, անխոհեմ և անսիրալիր կերպով օգտվեց իր ընտրության ազատությունից, և այդ սխալ ընտրությունը դժբախտություն բերեց թե՛ իրենց, և թե՛ իրենց ժառանգներին։ Այստեղից պարզ երևում է, որ Եհովան երբեք չի ստիպում գիտակից արարածներին վարվել իրենց ներքին մղումներին կամ ցանկություններին հակառակ։ Եհովային հաճելի է միայն սիրով և ուրախությամբ, հոժար կամքով նվիրումը, որը հիմնված է ազատ ընտրության վրա, քանի որ «Աստուած [Եհովան] սիրում է զուարթառատ տուրքը» (Բ Կորնթացիս 9։7)։ Այլ կերպ նրան ցանկալի չէ։
12, 13. Ի՞նչ օրինակ է ծառայում Տիմոթեոսը երեխաներին ճիշտ դաստիարակելու հարցում, և շատ երիտասարդներ ինչպե՞ս են հետևում նրան։
12 Եհովայի վկաները կողմնակից են Աստծուն նվիրվելուն, սակայն նրանք ոչ մեկին, նույնիսկ իրենց երեխաներին, չեն ստիպում նման քայլի դիմել։ Հակառակ շատ եկեղեցիներում ընդունված սովորություններին՝ Վկաները չեն մկրտում իրենց զավակներին մանուկ հասակում՝ չպարտադրելով նրանց նվիրվել առանց անձնական ընտրությունից օգուտ քաղելու։ Աստվածաշնչի սկզբունքով շարժվելու համար կարելի է հետևել երիտասարդ Տիմոթեոսի օրինակին։ Վերջինս արդեն հասուն մարդ էր, երբ Պողոս առաքյալը դիմեց նրան. «Հաստա՛տ մնա այն բանի մէջ, որ սովորեցիր եւ որին հաւատարիմ եղար. գիտես, թէ ումից ես սովորել, որովհետեւ մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկութեան համար այն հաւատի միջոցով, որ Քրիստոս Յիսուսի մէջ է» (Բ Տիմոթէոս 3։14, 15)։
13 Ուշադրության արժանի է այն փաստը, որ Տիմոթեոսը մանկուց արդեն ծանոթ էր Սուրբ գրություններին։ Նրա մայրը և տատը սովորեցրել էին նրան և ոչ թե պարտադրել քրիստոնեական ուսմունքներին հավատալու (Բ Տիմոթէոս 1։5)։ Արդյունքը եղավ այն, որ Տիմոթեոսն անձամբ գիտակցեց Քրիստոսի հետևորդը դառնալու կարևորությունը և քրիստոնեական նվիրման անհատական ընտրություն կատարեց։ Տասնյակ հազարավոր երիտասարդներ, որոնց ծնողները Եհովայի վկաներ են, այսօր ևս հետևում են այդ օրինակին (Սաղմոս 110։3)։ Ոմանք, այնուամենայնիվ, այդպես չեն վարվում, քանի որ դա անհատական ընտրության հարց է։
Ո՞ւմ ծառան ենք նախընտրում դառնալ
14. Ի՞նչ է ասվում բացարձակ ազատության մասին Հռովմայեցիս 6։16–ում։
14 Ոչ մի մարդ բացարձակ ազատություն չունի։ Յուրաքանչյուր անհատի ազատությունը սահմանափակվում է այնպիսի ֆիզիկական օրենքով, ինչպիսին ձգողականության օրենքն է, որն անտեսելը մեզ համար վնասակար է։ Նմանապես հոգևոր առումով անհնար է լիովին ազատություն ունենալ։ Պողոսը հետևյալը պատճառաբանեց. «Չգիտէ՞ք, թէ ում համար, որ դուք ձեզ ծառայութեան մէջ էք դնում հնազանդութեան համար, ծառայ էք, ում որ հնազանդւում էք. եթէ՝ մեղքին՝ մահուան է տանում, իսկ եթէ՝ Աստծու հնազանդութեանը՝ արդարութեան» (Հռովմայեցիս 6։16)։
15. ա) Ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում ծառա լինելու գաղափարին, սակայն իրականում ինչի՞ են հասնում շատերը։ բ) Ինչպիսի՞ տեղին հարցեր պիտի տանք ինքներս մեզ։
15 Շատերին վանում է ինչ–որ մեկին ծառա դառնալու գաղափարը։ Սակայն այսօրվա իրականությունն այն է, որ շատերը հաճախ թողնում են, որ ուրիշները տարբեր խորամանկ կերպերով ղեկավարեն ու թելադրեն իրենց կամքը և, արդյունքում, մեքենայորեն կատարում են նրանց ցանկությունները։ Օրինակի համար՝ աշխարհի առաջարկած գովազդներն ու զվարճությունները ստիպում են մարդկանց միատեսակ մտածել և գործել՝ ստանդարտ չափանիշներ առաջարկելով բոլորին։ Քաղաքական և կրոնական կազմակերպությունները, երբեմն առանց փաստարկների, միասնության և հավատարմության իրենց կոչերով համոզում են մարդկանց աջակցելու իրենց գաղափարների և նպատակների իրագործմանը։ Քանի որ Պողոսը նշեց, որ մենք ‘նրա ծառան ենք, ում որ հնազանդվում ենք’, լավ է, որ յուրաքանչյուր ոք հարց տա իրեն, թե որի՞ն է ծառայում, ո՞վ է ամենից շատ ազդում իր որոշումների և ապրելակերպի վրա. գուցե հոգևորականնե՞րը, քաղաքական գործիչնե՞րը, կամ հզոր մագնատնե՞րը։ Ո՞ւմ է ենթարկվում՝ Աստծո՞ւն, թե՞ մարդկանց։
16. Քրիստոնյաներն ի՞նչ իմաստով են Աստծու ծառաները համարվում, և ո՞րն է ծառայության հանդեպ ունեցած նրանց ճիշտ տեսակետը։
16 Քրիստոնյաներն Աստծուն հնազանդվելը չեն դիտում որպես անհիմն ոտնձգություն մարդու ազատության դեմ։ Նրանք, օրինակ վերցնելով Հիսուս Քրիստոսից, սիրով օգտվում են իրենց ազատությունից՝ անձնական ցանկություններն ու նախապատվությունները համաձայնեցնելով Աստծո կամքի հետ (Յովհաննէս 5։30; 6։38)։ Քրիստոնյաները նաև դրսևորում են «Քրիստոսի մտածումը»՝ նրան՝ որպես ժողովի գլուխ, ենթարկվելով (Ա Կորնթացիս 2։14—16; Կողոսացիս 1։15—18)։ Նրանց կարելի է նմանեցնել մի կնոջ, որն ամուսնանում է և պատրաստակամությամբ համագործակցում իր սիրած ամուսնու հետ։ Ի դեպ, օծված քրիստոնյաների մարմինը նկարագրվում է որպես անարատ կույս, որը Քրիստոսի խոստացված հարսնացուն է (Բ Կորնթացիս 11։2; Եփեսացիս 5։23, 24; Յայտնութիւն 19։7, 8)։
17. Ի՞նչ են նախընտրել բոլոր Եհովայի վկաները։
17 Անկախ այն բանից, երկրային է հույսը, թե երկնային՝ ամեն մի Եհովայի վկա իր անձնական ընտրությամբ է Աստծուն՝ որպես Ղեկավարի նվիրվել նրա կամքը կատարելու և նրան հնազանդվելու համար։ Յուրաքանչյուր Վկայի համար նվիրումն անձնական ընտրության հարց է, որին դիմելով վերջինս գերադասում է Աստծո ծառան դառնալ, քան թե ծառա մնալ մարդկանց։ Սա ներդաշնակ է Պողոս առաքյալի խորհրդի հետ. «Մե՛ծ գնով գնուեցիք։ Մարդկանց ծառաներ մի՛ եղէք» (Ա Կորնթացիս 7։23)։
Սովորենք օգուտ քաղել
18. Ե՞րբ է ապագա Վկան պատրաստ մկրտության։
18 Մինչև Եհովայի վկա դառնալը անհատը պետք է համապատասխանի Աստվածաշնչի պահանջներին։ Երեցները մանրակրկիտ խորհրդակցում են և որոշում, թե ապագա Վկան իրո՞ք հասկանում է քրիստոնեական նվիրման իմաստը։ Նա իսկապե՞ս ցանկանում է դառնալ Եհովայի վկա։ Պատրա՞ստ է ապրելու իր նվիրումի համաձայն։ Եթե ոչ, ապա նա մկրտությանը պատրաստ չէ։
19. Ինչո՞ւ հիմք չկա քննադատելու այն անհատին, որը որոշում է Աստծուն նվիրված ծառա դառնալ։
19 Իսկ երբ անհատը համապատասխանում է բոլոր պահանջներին, այդ դեպքում ինչո՞ւ պիտի մարդկանց կողմից քննադատվի Աստծու և նրա ներշնչված Խոսքի ազդեցության տակ ապրելու իր հոժարակամ ընտրության համար։ Մի՞թե Աստծու ներգործությունը մեզ վրա նվազ ցանկալի է, քան մարդկանցը։ Թե՞ դրա օգուտը քիչ է։ Եհովայի վկաներն այդպես չեն մտածում։ Նրանք սրտանց ընդունում են Աստծու խոսքերը՝ գրված Եսայիա մարգարեի կողմից. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։
20. Աստվածաշնչի ճշմարտությունը ո՞ր տեսակետներից է ազատում մարդկանց։
20 Աստվածաշնչի ճշմարտությունն ազատում է կեղծ կրոնի ուսմունքներին հավատալուց, ինչպես օրինակ՝ այրվող դժոխքի հավիտենական չարչարանքների գաղափարից (Ժողովող 9։5, 10)։ Փոխարենը, նրանց սիրտը երախտագիտությամբ է լցվում մահացածների հարության իրական հույսից, որը հնարավոր դարձավ Հիսուս Քրիստոսի զոհաբերական փրկանքի շնորհիվ միայն (Մատթէոս 20։28; Գործք 24։15; Հռովմայեցիս 6։23)։ Աստվածաշնչի ճշմարտությունը մարդկանց ազատում է հիասթափությունից, որն առաջանում է քաղաքական գործիչների չիրագործվող խոստումներին վստահելուց։ Դրա փոխարեն Աստվածաշնչի ճշմարտությունը նրանց սիրտը ուրախությամբ է լցնում՝ հայտնելով, որ Եհովայի Թագավորությունն արդեն իշխում է երկնքում և շուտով կիշխի նաև ողջ երկրի վրա։ Աստվածաշնչի ճշմարտությունը մարդկանց ազատում է այն արարքներից, որոնք, թեև հաճելի են ընկած մարմնին, բայց անարգում են Աստծուն և, արդյունքում, մեծ վնասներ հասցնում՝ քայքայված փոխհարաբերություններ, հիվանդություններ և վաղաժամ մահեր։ Մի խոսքով, անհամեմատ ավելի օգտակար է Աստծու ծառա լինելը, քան մարդկանց։ Իրականում Աստծուն նվիրվելը օգուտներ է բերում «այս ժամանակի մէջ... եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք» (Մարկոս 10։29, 30)։
21. Եհովայի վկաներն ինչպե՞ս են դիտում Աստծուն նվիրվելը, և ի՞նչ ցանկություն ունեն նրանք։
21 Այսօր Եհովայի վկաները հին իսրայելացիների նման իրենց ծնված օրվանից նվիրված ժողովրդի մի մասը չեն դառնում։ Նրանք նվիրված քրիստոնյաների ժողովի մասն են կազմում։ Եվ յուրաքանչյուր մկրտված Վկա ժողովի անդամ է դառնում նվիրումն իրագործելով՝ ելնելով անհատական ընտրության ազատությունից։ Իրականում, Եհովայի վկաները նվիրման շնորհիվ ջերմ փոխհարաբերություն են հաստատում Աստծու հետ՝ հոժարակամ ծառայելով նրան։ Նրանք սրտանց ցանկանում են պահպանել այդ փոխհարաբերությունը և հավիտյան կառչել այն ազատությունից, որի համար Հիսուս Քրիստոսն ազատեց նրանց։
Ո՞րն է ձեր պատասխանը
◻ Ինչո՞ւ Եհովայի կողմից աչառություն չէր Իսրայելին որպես իր «սեպհական ժողովուրդ» ընտրելը
◻ Ինչո՞ւ կարելի է ասել, որ քրիստոնեական նվիրումը մեծ սահմանափակում չի դնում մարդու ազատության վրա
◻ Որո՞նք են Եհովա Աստծուն նվիրվելու օգուտները
◻ Եհովայի ծառան լինելը ինչո՞վ է առավել մարդկանց ծառայելուց
[նկար 15–րդ էջի վրա]
Հին Իսրայելում ծնված օրվանից նվիրված էին Աստծուն
[նկար 16–րդ էջի վրա]
Քրիստոնեական նվիրումը ընտրության հարց է