Հոգևոր անձնավորություն. ինչպե՞ս կարելի է դառնալ
«ՄԱՐՄՆԱՒՈՐ խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը կեանք եւ խաղաղութիւն»,— գրեց Պողոս առաքյալը (Հռոմեացիներ 8։6, ԷԹ)։ Այս խոսքերով նա ցույց տվեց, որ հոգևոր անձնավորություն լինելը չի վերաբերում զուտ անձնական նախընտրությանը։ Ըստ էության, դա վերաբերում է անհատի կյանքին ու մահվան։ Սակայն ի՞նչ իմաստով հոգևոր մարդը «կյանք և խաղաղություն» կգտնի։ Ըստ Աստվածաշնչի՝ այդ մարդը խաղաղություն ունի իր ներսում, խաղաղ փոխհարաբերություններ է վայելում Աստծու հետ, իսկ ապագայում հավիտենական կյանք կունենա (Հռոմեացիներ 6։23; Փիլիպպեցիներ 4։7)։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։
Այն փաստը, որ դուք կարդում եք այս պարբերագիրը, ցույց է տալիս, որ հետաքրքրվում եք հոգևորով, և դա շատ իմաստուն է ձեր կողմից։ Այնուամենայնիվ, հոգևոր անձնավորություն լինելու վերաբերյալ կարծիքները շատ տարբեր են, և միգուցե ձեր մեջ հարց առաջանա. «Ի՞նչ է նշանակում լինել իսկապես հոգևոր անձնավորություն։ Ինչպե՞ս կարելի է դառնալ այդպիսին»։
«Քրիստոսի միտքը»
Պողոս առաքյալը վերոհիշյալ համարում շեշտեց «հոգևոր խորհուրդ» ունենալու, այսինքն՝ հոգևոր բաների մասին մտածելու կարևորությունը։ Սակայն նա այդ մասին ուրիշ մտքեր էլ է արտահայտել։ Կորնթոս քաղաքի քրիստոնյաներին նա բացատրեց, թե ինչ տարբերություն կա մարմնավոր մարդու, այսինքն՝ այն մարդու, որը տրվում է մարմնի ցանկություններին, և հոգևոր մարդու միջև, այսինքն՝ այն մարդու, որը գնահատում է հոգևոր բաները։ Պողոսը գրեց. «Ֆիզիկական մարդը չի ստանում Աստծու ոգու բաները, քանի որ դրանք հիմարություն են նրա համար»։ Այնինչ, հոգևոր մարդը, ինչպես բացատրում է Պողոսը, «Քրիստոսի միտքն» ունի (1 Կորնթացիներ 2։14–16)։
«Քրիստոսի միտքն» ունենալ նշանակում է ունենալ «այն նույն մտածելակերպը, որը Քրիստոս Հիսուսն ուներ» (Հռոմեացիներ 15։5; Փիլիպպեցիներ 2։5)։ Այլ խոսքով՝ հոգևոր մարդը նա է, ով մտածում է Հիսուսի պես և գնում է նրա հետքերով (1 Պետրոս 2։21; 4։1)։ Որքան շատ է անհատի մտածելակերպը նման Քրիստոսի մտածելակերպին, այնքան նա ավելի հոգևոր է, և ավելի մեծ է հավանականությունը, որ նա «կյանք և խաղաղություն» կստանա (Հռոմեացիներ 13։14)։
Ինչպես իմանալ «Քրիստոսի միտքը»
Նախքան Քրիստոսի միտքն ունենալը, սակայն, անհատը այդ միտքը պետք է իմանա։ Ուստի հոգևոր մարդը առաջին հերթին պետք է իմանա, թե ինչպես էր մտածում Հիսուսը։ Բայց ինչպե՞ս կարելի է իմանալ, թե ինչ մտածելակերպ է ունեցել մի մարդ, որն ապրել է 2 000 տարի առաջ։ Օրինակ՝ ինչպե՞ս եք իմացել ձեր երկրում հայտնի պատմական անձանց մասին։ Հավանաբար, դուք կարդացել եք նրանց մասին։ Նմանապես, Քրիստոսի միտքն իմանալու համար անհրաժեշտ է կարդալ նրա մասին (Հովհաննես 17։3)։
Հիսուսի վերաբերյալ գոյություն ունեն չորս պատմական մանրամասն արձանագրություններ։ Դրանք են՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները։ Ուշադիր ընթերցելով՝ դուք կկարողանաք հասկանալ Հիսուսի մտածելակերպը, նրա ամենախոր զգացմունքներն ու մղումները։ Իսկ ժամանակ հատկացնելով խորհելու ձեր ընթերցածի շուրջ՝ կկարողանաք պատկերացնել, թե ինչպիսի անձնավորություն էր նա։ Նույնիսկ եթե ձեզ արդեն համարում եք Քրիստոսի հետևորդ, այդպիսի ընթերցանության ու խորհրդածության շնորհիվ «կշարունակեք աճել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անարժան բարության և գիտության մեջ» (2 Պետրոս 3։18)։
Դա հիշելով՝ քննենք Ավետարաններից որոշ դրվագներ՝ տեսնելու համար, թե ինչն էր Հիսուսին դարձնում հոգևոր անձնավորություն։ Այնուհետև ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչպես կարող եք ընդօրինակել նրան (Հովհաննես 13։15)։
Հոգևոր մարդը և «ոգու պտուղը»
Ղուկաս ավետարանագիրը նշում է, որ Հիսուսի մկրտության ժամանակ Աստծու սուրբ ոգին թափվեց նրա վրա, և նա «սուրբ ոգով էր լցված» (Ղուկաս 3։21, 22; 4։1)։ Հիսուսը շեշտեց Աստծու սուրբ ոգով, այսինքն՝ գործուն ուժով առաջնորդվելու կարևորությունը (Ծննդոց 1։2; Ղուկաս 11։9–13)։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Պատճառն այն է, որ Աստծու ոգին կարող է փոխել մարդու մտածելակերպը, այնպես, որ անհատը սկսի մտածել Քրիստոսի պես (Հռոմեացիներ 12։1, 2)։ Սուրբ ոգին մարդու մեջ զարգացնում է «սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, բարություն, բարեգործություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում»։ Իսկական հոգևոր անձնավորությունը բնորոշվում է այս հատկություններով, որոնք Աստվածաշնչում կոչվում են «ոգու պտուղ» (Գաղատացիներ 5։22, 23)։ Կարճ ասած՝ հոգևոր մտածելակերպ ունեցող անհատը նա է, ով առաջնորդվում է Աստծու սուրբ ոգով։
Իր ծառայության ընթացքում Հիսուսը դրսևորում էր ոգու պտուղը։ Այնպիսի հատկություններ, ինչպիսիք են սերը, բարությունը և բարեգործությունը, հատկապես ակնառու էին ցածր խավին դասվող մարդկանց հանդեպ նրա ունեցած վերաբերմունքում (Մատթեոս 9։36)։ Ահա թե ինչ դեպք է պատմում Հովհաննես առաքյալը։ Նա գրում է. «Երբ [Հիսուսը] անց էր կենում, տեսավ մի մարդու, որն ի ծնե կույր էր»։ Հիսուսի աշակերտները նույնպես նկատեցին նրան, սակայն նրա մեջ տեսան միայն մեղավոր մի մարդու։ «Ո՞վ է մեղք գործել,— հարցրեցին նրանք,— այս մա՞րդը, թե՞ նրա ծնողները»։ Այդ մարդու հարևանները նույնպես տեսան նրան, բայց նրանց համար նա պարզապես մուրացկան էր։ «Սա այն մարդը չէ՞, որ նստում և մուրում էր»,— ասացին նրանք։ Իսկ Հիսուսի համար այդ կույր մարդը մի անհատ էր, որն օգնության կարիք ուներ։ Ուստի նա խոսեց կույրի հետ և բուժեց նրան (Հովհաննես 9։1–8)։
Ի՞նչ է այս դեպքը ձեզ ասում Քրիստոսի մտածելակերպի մասին։ Առաջին՝ Հիսուսը վերևից չէր նայում ցածր խավի մարդկանց. նա քնքշորեն կարեկցում էր նրանց։ Երկրորդ՝ Հիսուսն ինքն էր նախաձեռնություն վերցնում ուրիշներին օգնելու համար։ Իսկ դուք ընդօրինակո՞ւմ եք նրան այս հարցում։ Դիտո՞ւմ եք մարդկանց Հիսուսի աչքերով՝ օգնելով նրանց բարելավել իրենց կյանքը և ավելի լավ ապագայի հույս ունենալ։ Թե՞ հակված եք բարեհաճորեն վերաբերվելու բարձր դիրք ունեցողներին, իսկ ցածրերին՝ վերևից նայելու։ Եթե դուք Հիսուսի պես եք մարդկանց վերաբերվում, ուրեմն հետևում եք նրա օրինակին (Սաղմոս 72։12–14)։
Հոգևոր մարդը և աղոթքը
Ավետարանները ցույց են տալիս, որ Հիսուսը հաճախ էր աղոթում Աստծուն (Մարկոս 1։35; Ղուկաս 5։16; 22։41)։ Երկրային ծառայության ընթացքում նա հատուկ ժամանակ էր հատկացնում աղոթելուն։ Մատթեոս առաքյալը գրեց. «Ժողովրդին ուղարկելուց հետո [Հիսուսը] մենակ սարը բարձրացավ, որպեսզի աղոթի» (Մատթեոս 14։23)։ Իր երկնային Հոր հետ առանձին հաղորդակցվելով՝ նա զորություն էր ստանում (Մատթեոս 26։36–44)։ Այսօր հոգևոր մտածելակերպ ունեցող մարդիկ նույնպես հնարավորություններ են փնտրում, որ հաղորդակցվեն Աստծու հետ. նրանք հասկանում ենք, որ դա կնպաստի Ստեղծիչի հետ ամուր փոխհարաբերություններ ունենալուն և մտածելակերպով է՛լ ավելի Քրիստոսին նմանվելուն։
Հիսուսը հաճախ էր երկար աղոթում (Հովհաննես 17։1–26)։ Օրինակ՝ նախքան 12 առաքյալներին ընտրելը նա «գնաց լեռը, որ աղոթի, և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով» (Ղուկաս 6։12)։ Թեև անպայման չէ ամբողջ գիշերն աղոթելով անցկացնել, սակայն հոգևոր մարդիկ այս հարցում հետևում են Հիսուսի օրինակին։ Կյանքում կարևոր որոշումներ կայացնելուց առաջ նրանք բավականին ժամանակ են հատկացնում աղոթելուն՝ ձգտելով ունենալ սուրբ ոգու առաջնորդությունը և այդպիսով՝ հոգևորապես հասունանալ։
Հիսուսի աղոթքները սրտաբուխ էին ու անկեղծ, և մենք պետք է ձգտենք, որ մեր աղոթքներն էլ այդպիսին լինեն։ Ուշադրություն դարձրեք, թե ըստ Ղուկասի Ավետարանի՝ ինչպես Հիսուսն աղոթեց իր մահվանը նախորդող երեկոյան։ «Նա սաստիկ տագնապի մեջ լինելով՝ շարունակեց ավելի ջերմեռանդորեն աղոթել. և նրա քրտինքը դարձավ արյան կաթիլների նման, որ գետին էին թափվում» (Ղուկաս 22։44)։ Հիսուսը առաջ էլ էր ջերմեռանդորեն աղոթում, սակայն այս դեպքում, բախվելով իր երկրային կյանքի ամենածանր փորձությանը, նա «ավելի ջերմեռանդորեն» աղոթեց ու ստացավ իր աղոթքի պատասխանը (Եբրայեցիներ 5։7)։ Հոգևոր անձնավորությունները հետևում են Հիսուսի օրինակին։ Հատկապես ծանր փորձությունների բախվելիս նրանք «ավելի ջերմեռանդորեն» են աղոթում Աստծուն՝ խնդրելով նրա սուրբ ոգին, առաջնորդությունը և օգնությունը։
Քանի որ Հիսուսը հաճախ էր աղոթում, զարմանալի չէ, որ նրա աշակերտները այս առումով ցանկանում էին նմանվել նրան։ Նրանք Հիսուսին խնդրեցին. «Տե՛ր, սովորեցրու մեզ, թե ինչպես պետք է աղոթել» (Ղուկաս 11։1)։ Նույնպես էլ այսօր։ Այն մարդիկ, ովքեր գնահատում են հոգևոր բաները և ցանկանում են առաջնորդվել Աստծու սուրբ ոգով, հետևում են աղոթքի վերաբերյալ Հիսուսի թողած օրինակին։ Իսկապես հոգևոր լինելը սերտորեն կապված է աղոթելու հետ։
Հոգևոր մարդը և բարի լուրի քարոզչությունը
Մարկոսի Ավետարանում կարդում ենք, թե ինչպես Հիսուսը ուշ երեկոյան բուժեց շատ հիվանդների։ Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, երբ նա մենակ աղոթում էր, առաքյալները եկան նրա մոտ ու ասացին, որ շատ մարդիկ են նրան փնտրում։ Վերջիններս, հավանաբար, ցանկանում էին, որ Հիսուսը բուժեր իրենց։ Սակայն Հիսուսը առաքյալներին ասաց. «Եկեք ուրիշ տեղ գնանք՝ մոտակա գյուղաքաղաքները, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ»։ Այնուհետև բացատրեց. «Որովհետև հենց այս նպատակով եմ եկել» (Մարկոս 1։32–38; Ղուկաս 4։43)։ Թեև մարդկանց բուժելը կարևոր էր Հիսուսի համար, սակայն նրա գլխավոր նպատակը Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելն էր (Մարկոս 1։14, 15)։
Այսօր Աստծու Թագավորության մասին ուրիշներին պատմելը շարունակում է լինել Քրիստոսի մտածելակերպն ունեցողների բնորոշ գիծը։ Հիսուսը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լինել իր հետևորդները, հետևյալ պատվերը տվեց. «Գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք՝ .... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20)։ Հիսուսը նաև ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։ Աստծու Խոսքը փաստում է, որ քարոզչական աշխատանքն իրագործվում է սուրբ ոգու զորությամբ, ուստի կարելի է ասել, որ ջերմեռանդորեն այդ գործին մասնակցություն ունենալով՝ ցույց կտանք, որ իսկապես հոգևոր անձնավորություն ենք (Գործեր 1։8)։
Թագավորության լուրը ամբողջ աշխարհում հռչակելու համար անհրաժեշտ է, որ միլիոնավոր անհատներ համախմբեն իրենց ուժերը (Հովհաննես 17։20, 21)։ Ովքեր մասնակցում են այս գործին, պետք է ոչ միայն հոգևոր մտածելակերպ ունենան, այլև լավ կազմակերպված լինեն։ Ճանաչո՞ւմ եք մարդկանց, որոնք գնում են Քրիստոսի հետքերով և ամբողջ աշխարհում քարոզում են Թագավորության բարի լուրը։
Համապատասխանո՞ւմ եք հոգևոր մարդ լինելու պահանջներին
Անշուշտ, կան նաև ուրիշ բաներ, որոնք բնորոշում են իսկապես հոգևոր մարդուն։ Սակայն դուք համապատասխանո՞ւմ եք վերոհիշյալ պահանջներին։ Պարզելու համար հարցրեք ինքներդ ձեզ. «Կարդո՞ւմ եմ կանոնավորաբար Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, և խորհրդածո՞ւմ եմ դրա շուրջ։ Իմ կյանքում արտացոլո՞ւմ եմ ոգու պտղի մեջ մտնող հատկությունները։ Աղոթո՞ւմ եմ կանոնավորաբար։ Ցանկանո՞ւմ եմ ընկերակցել այն մարդկանց հետ, ովքեր ամբողջ աշխարհում քարոզում են Աստծու Թագավորության բարի լուրը»։
Ազնիվ ինքնաքննությունը կարող է օգնել ձեզ որոշելու, թե արդյոք հոգևոր անձնավորություն եք։ Մենք քաջալերում ենք ձեզ հիմա իսկ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի ունենաք «կյանք և խաղաղություն» (Հռոմեացիներ 8։6; Մատթեոս 7։13, 14; 2 Պետրոս 1։5–11)։
[շրջանակ/նկարներ 7–րդ էջի վրա]
ՀՈԳԵՎՈՐ ՄԱՐԴԸ
◆ սիրում է Աստծու Խոսքը
◆ արտացոլում է ոգու պտուղը
◆ կանոնավորաբար և անկեղծորեն աղոթում է Աստծուն
◆ քարոզում է Թագավորության բարի լուրը
[նկար 5–րդ էջի վրա]
Աստվածաշունչը օգնում է իմանալ «Քրիստոսի միտքը»