Եհովային դարձրու քո ապավենը
«Դու ես իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ, իմ յոյսը իմ մանկութիւնիցը դու ես» (ՍԱՂՄՈՍ 71։5)։
1. Ի՞նչ մարտահրավեր ընդունեց պատանի հովիվ Դավիթը։
ԱՅԴ մարդը մոտ երեք մետր հասակ ուներ։ Զարմանալի չէ, որ Իսրայելի զորքի բոլոր զինվորները վախենում էին դուրս գալ նրա դեմ։ Շաբաթներ շարունակ՝ ամեն առավոտ և երեկո, փղշտացի հսկա Գողիաթը նախատում էր Իսրայելի զորքին՝ կոչ անելով նրանց մի մարտիկ ուղարկել, որն իր հետ կկռվեր։ Վերջիվերջո մարտահրավերն ընդունվեց, բայց ոչ թե զինվորի կողմից, այլ մի պատանու։ Հովիվ Դավիթն իր հակառակորդի կողքին թզուկ էր։ Պատկերացնո՞ւմ եք, իրականում հնարավոր է՝ քաշով նա ավելի թեթև էր, քան Գողիաթի զենքն ու զրահը։ Սակայն պատանին մարտնչեց հսկայի հետ և քաջության մնայուն խորհրդանիշ դարձավ (Ա Թագաւորաց 17։1–51)։
2, 3. ա) Ինչո՞ւ Դավիթը կարողացավ այդքան վստահորեն գնալ Գողիաթի դեմ։ բ) Ի՞նչ երկու քայլեր կքննարկենք, որ կօգնեն Եհովային մեր ապավենը դարձնել։
2 Ի՞նչը Դավիթին այդպիսի քաջություն տվեց։ Նկատի առնենք մի քանի խոսքեր, որոնք ակնհայտորեն գրի է առել Դավիթը ավելի մեծ հասակում. «Դու ես իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ, իմ յոյսը իմ մանկութիւնիցը դու ես» (Սաղմոս 71։5)։ Երիտասարդ Դավիթն ամբողջությամբ ապավինում էր Եհովային։ Նա գնաց Գողիաթի դեմ՝ ասելով. «Դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վերայ, բայց ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ Իսրայէլի զօրքերի Աստուծոյ անունովը, որին դու նախատեցիր» (Ա Թագաւորաց 17։45)։ Գողիաթն ապավինում էր իր մեծ ուժին ու սպառազինությանը, մինչդեռ Դավիթն ապավինում էր Եհովային։ Տիեզերքի Գերիշխանի աջակցությունն ունենալով՝ ինչո՞ւ Դավիթը պիտի վախենար մարդ արարածից՝ անկախ այն բանից, թե որքան մեծ էր նա և լավ սպառազինված։
3 Երբ կարդում ես Դավիթի մասին, զգո՞ւմ ես, որ կցանկանայիր, որ Եհովայի հանդեպ վստահությունդ ավելի ամուր լիներ։ Հնարավոր է՝ մեզանից շատերն են ցանկանում։ Եկեք երկու քայլ քննարկենք, որ կարող ենք ձեռնարկել Եհովային մեր ապավենը դարձնելու համար։ Առաջին՝ մենք պետք է այդ վստահությունն ունենալուն խանգարող խոչընդոտի վրա իշխանություն ձեռք բերենք ու պահպանենք այն։ Երկրորդ՝ մենք պետք է ճշգրտորեն իմանանք, թե ինչ է իր մեջ ընդգրկում Եհովային ապավինելը։
Հաղթահարել մի տարածված խոչընդոտ, որը խանգարում է վստահել Եհովային
4, 5. Ինչո՞ւ են շատերը դժվարանում վստահել Աստծուն։
4 Ի՞նչն է խանգարում մարդկանց վստահել Աստծուն։ Մեծ մասամբ շատերը մտահոգված են այն հարցով, թե ինչու են վատ բաներ տեղի ունենում։ Շատերին ասվել է, որ տառապանքի համար Աստված է պատասխանատու։ Երբ մի ողբերգական դեպք է պատահում, հոգևորականները հնարավոր է՝ ասեն, որ Աստված «տարավ» զոհերին, որ նրանք իր հետ երկնքում լինեն։ Ավելին, շատ կրոնական առաջնորդներ սովորեցնում են, որ Աստված վաղուց ի վեր նախասահմանել է աշխարհում տեղի ունեցող բոլոր դեպքերը, այդ թվում ողբերգություններն ու չար գործերը։ Այդպիսի անսիրտ Աստծուն վստահելը դժվար կլինի։ Սատանան, որ կուրացնում է անհավատների սրտերը, խիստ ցանկանում է տարածել ‘դևերի [բոլոր այդպիսի] վարդապետությունները’ (Ա Տիմոթէոս 4։1; Բ Կորնթացիս 4։4)։
5 Սատանան ուզում է, որ մարդիկ կորցնեն Եհովայի հանդեպ վստահությունը։ Աստծո այդ թշնամին չի ցանկանում, որ մենք իմանանք մարդկային տառապանքի իրական պատճառները։ Իսկ եթե մենք սովորել ենք տառապանքի գոյության սուրբգրային պատճառները, Սատանան կցանկանա, որ մոռանանք դրանք։ Ուստի լավ կլինի, որ ժամանակ առ ժամանակ վերանայենք այն երեք հիմնական պատճառները, թե ինչու տառապանք գոյություն ունի։ Այդպես վարվելով՝ կհամոզվենք, որ Եհովան պատասխանատու չէ այն դժվարությունների համար, որոնց բախվում ենք (Փիլիպպեցիս 1։9, 10)։
6. Ինչպե՞ս է Ա Պետրոս 5։8 խոսքը ցույց տալիս մարդկային տառապանքի պատճառներից մեկը։
6 Մարդկային տառապանքի պատճառներից մեկն այն է, որ Սատանան ցանկանում է Եհովայի հավատարիմ ժողովրդի անարատությունը ապականել։ Նա փորձեց կոտրել Հոբի անարատությունը։ Սատանային չհաջողվեց դա անել, սակայն նա չի հրաժարվել իր այդ մտադրությունից։ Լինելով այս աշխարհի իշխանը՝ նա ջանում է ‘կուլ տալ’ Եհովայի հավատարիմ ծառաներին (Ա Պետրոս 5։8)։ Սա վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։ Սատանան ցանկանում է այնպես անել, որ դադարենք ծառայել Եհովային։ Դրա համար նա հաճախ հալածանք է հրահրում։ Սակայն որքան էլ ծանր լինի այդ հալածանքը, մենք դիմանալու լավ պատճառ ունենք։ Այդպես անելով՝ մենք օգնում ենք, որ ապացուցվի Սատանայի ստախոս լինելը, և ուրախացնում ենք Եհովայի սիրտը (Յոբ 2։4; Առակաց 27։11)։ Քանի որ Եհովան զորացնում է մեզ, որ դիմանանք հալածանքին, մեր վստահությունը աճում է նրա հանդեպ (Սաղմոս 9։9, 10)։
7. Գաղատացիս 6։7 համարն օգնում է, որ տառապանքի գոյության ո՞ր պատճառը հասկանանք։
7 Տառապանքի երկրորդ պատճառը գտնում ենք հետևյալ սկզբունքում. «Ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ» (Գաղատացիս 6։8)։ Երբեմն մարդիկ սերմում են՝ ընտրելով սխալ ուղի, և որպես հետևանք նրանք տառապանք են հնձում։ Հնարավոր է, որ մարդը ավտոմեքենան անխոհեմաբար վարի, որը վթարի հանգեցնի։ Շատերը ծխախոտ են գործածում, որը սիրտ–անոթային հիվանդություն կամ թոքի քաղցկեղ է առաջացնում։ Նրանց համար, ովքեր անբարո կյանք են վարում, վտանգ կա, որ կտառապեն ընտանեկան քայքայված փոխհարաբերությունների, ինքնահարգանքի կորստի, սեռային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և անցանկալի հղիությունների պատճառով։ Այդպիսի տառապանքների համար մարդիկ միգուցե փորձեն Աստծուն մեղադրել, սակայն իրականում նրանք իրենց իսկ կայացրած սխալ որոշումների զոհն են (Առակաց 19։3)։
8. Համաձայն Ժողովող 9։11–ի՝ ինչո՞ւ են մարդիկ տառապում։
8 Տառապանքի երրորդ պատճառը գրված է Ժողովող 9։11–ում. «Դարձեալ տեսայ արեգակի տակին որ ընթացքը վազողներինը չէ. եւ ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, եւ ոչ էլ հացը՝ իմաստուններինը, եւ ոչ էլ հարստութիւնը՝ հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը. որովհետեւ ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին»։ Երբեմն մարդիկ պարզապես ոչ ճիշտ ժամանակին գտնվում են ոչ ճիշտ տեղում։ Անկախ մեր ուժեղ և թույլ կողմերից՝ տառապանքը կամ մահը ցանկացած ժամանակ անսպասելիորեն կարող է վրա հասնել մեզանից յուրաքանչյուրին։ Օրինակ՝ Հիսուսի օրերում Երուսաղեմում գտնվող մի աշտարակ փլվեց, որի հետևանքով 18 մարդ մահացավ։ Հիսուսը ցույց տվեց, որ Աստված դրանով չէր պատժում նրանց իրենց նախկին մեղքերի համար (Ղուկաս 13։4)։ Ո՛չ, Եհովան մեղավոր չէ այդպիսի տառապանքի համար։
9. Տառապանքի գոյության մասին շատերն ի՞նչ չեն հասկանում։
9 Տառապանքի գոյության որոշ պատճառներ հասկանալը կարևոր է։ Բայց կա մի բան, որ շատերը դժվարանում են հասկանալ։ Դա այն հարցն է, թե ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը։
Ինչո՞ւ է Եհովան թույլատրում տառապանքը
10, 11. ա) Ըստ Հռովմայեցիս 8։19–22-ի՝ ի՞նչ պատահեց ‘բոլոր ստեղծվածներին’։ բ) Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե ստեղծվածներին ով հնազանդեցրեց ունայնության։
10 Հռոմեացիներին ուղղված Պողոս առաքյալի նամակի մի հատված լույս է սփռում այս կարևոր հարցի վրա։ Պողոսը գրեց. «Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։ Նորա համար որ ստեղծուածները հնազանդեցին ունայնութեան, ոչ թէ կամքով այլ նորա համար՝ որ հնազանդեցրեց այն յոյսով, որ՝ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։ Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են» (Հռովմայեցիս 8։19–22)։
11 Այս խոսքերի իմաստը հասկանալու համար նախ և առաջ կարիք ունենք մի քանի առաջնային հարցերի պատասխաններն իմանալու։ Օրինակ՝ ստեղծվածներին ո՞վ հնազանդեցրեց ունայնության։ Որոշ մարդիկ ասում են, թե Սատանան, մյուսները՝ Ադամը։ Բայց նրանցից ոչ մեկն էլ չէր կարող հնազանդեցնել։ Ինչո՞ւ։ Որովհետև նա, ով հնազանդեցնում է ստեղծվածներին ունայնության, անում է դա ‘հույսի’ հիման վրա։ Այո՛, նա հույս է տալիս, որ հավատարիմները վերջիվերջո «ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին»։ Ո՛չ Ադամը, ո՛չ էլ Սատանան չէին կարող այսպիսի հույս տալ։ Միայն Եհովան կարող էր։ Պարզ է, ուրեմն, որ ստեղծվածներին նա է հնազանդեցրել ունայնության։
12. Ի՞նչ շփոթություն է առաջացել ‘բոլոր ստեղծվածների’ ինքնության վերաբերյալ և ինչպե՞ս կարելի է պատասխանել այս հարցին։
12 Սակայն այս հատվածում նշված «բոլոր ստեղծուածները» արտահայտությունը ո՞ւմ է վերաբերում։ Ոմանք ասում են, որ դա վերաբերում է ամբողջ աշխարհին, ներառյալ կենդանիներին և բուսականությանը։ Բայց արդյո՞ք կենդանիներն ու բույսերը հույս ունեն ‘Աստծո որդկանց փառավոր ազատությանը’ հասնելու։ Ո՛չ (Բ Պետրոս 2։12)։ Ուրեմն «բոլոր ստեղծուածները» արտահայտությունը կարող է վերաբերել միայն մարդկանց։ Սա է այն ստեղծագործությունը, որը վնասված է մեղքով ու մահով Եդեմում տեղի ունեցած ապստամբության պատճառով և որն ապրում է՝ հույսի խիստ կարիք ունենալով (Հռովմայեցիս 5։12)։
13. Եդեմում տեղի ունեցած ապստամբությունը ի՞նչ բերեց մարդկությանը։
13 Ի՞նչ բերեց այդ ապստամբությունը մարդկությանը։ Պողոսը նկարագրում է դրա հետևանքները մի բառով՝ ունայնություն։a Ըստ մի աշխատության՝ այս բառը նկարագրում է «որևէ իրի ունայն լինելը, որ չի գործում այնպես, ինչպես որ նախատեսված էր»։ Նախատեսված էր, որ մարդիկ հավերժ ապրեին և դրախտ–երկրին հոգ տանեին՝ միասին աշխատելով որպես կատարյալ, միասնական ընտանիք։ Փոխարենը՝ նրանք կարճ, ցավով լի և հաճախ հիասթափեցնող կյանք են վարում։ Հոբն ասել է. «Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1)։ Իսկապես ունայնությո՛ւն։
14, 15. ա) Արդարության ի՞նչ ապացույց ենք գտնում մարդկության հանդեպ Եհովայի կայացրած դատավճռի մեջ։ բ) Ինչո՞ւ է Պողոսն ասում, որ ստեղծագործությունը ունայնության հնազանդվեց «ոչ թէ [իր] կամքով»։
14 Այժմ հանգում ենք գլխավոր հարցին. ինչո՞ւ է «բոլոր երկրի դատաւորը» ենթարկել մարդկանց այս ցավալի, հուսահատ վիճակին (Ծննդոց 18։25)։ Արդյո՞ք, այդպես վարվելով, նա արդարություն է դրսևորել։ Հիշեք, թե ինչ արեցին մեր նախածնողները։ Ապստամբելով Աստծո դեմ՝ նրանք Սատանայի կողմը դիրք բռնեցին, որը Եհովայի գերիշխանության վերաբերյալ մեծ հարց բարձրացրեց։ Իրենց արարքներով նրանք աջակցեցին այն պնդմանը, թե մարդը առանց Եհովայի, ապստամբ ոգեղեն էակի առաջնորդության ներքո ինքն իրեն կառավարելով, ավելի լավ վիճակում կլինի։ Ապստամբներին դատապարտելով՝ Եհովան, փաստորեն, տվեց նրանց այն, ինչ նրանք ցանկանում էին։ Նա թույլ տվեց, որ մարդը Սատանայի ազդեցության ներքո կառավարի ինքն իրեն։ Այս հանգամանքներում ո՞ր որոշումը ավելի արդար կլիներ, եթե ոչ մարդկանց ունայնության հնազանդեցնելը, բայց հույսով։
15 Իհարկե, սա ստեղծվածների «կամքով» չէր։ Մենք ծնվում ենք որպես մեղքի ու ապականության ստրուկներ և ընտրություն չունենք այս հարցում։ Սակայն Եհովան ողորմածորեն թույլ տվեց, որ Ադամն ու Եվան ապրեն ու սերունդ առաջ բերեն։ Թեև մենք, լինելով նրանց հետնորդները, ենթակա ենք մեղքի ու մահվան ունայնությանը, սակայն հնարավորություն ունենք անելու այն, ինչ որ Ադամն ու Եվան չարեցին։ Մենք կարող ենք լսել Եհովային ու սովորել, որ նրա գերիշխանությունը արդարացի և կատարյալ է, մինչդեռ Եհովայից անջատ մարդկային կառավարումը բերում է միայն ցավ, հիասթափություն և ունայնություն (Երեմիա 10։23; Յայտնութիւն 4։11)։ Սատանայի ազդեցությունն էլ իր հերթին միայն բարդացնում է իրավիճակները։ Մարդկության պատմությունը սատար է կանգնում այս ճշմարտություններին (Ժողովող 8։9)։
16. ա) Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան պատասխանատու չէ աշխարհում գոյություն ունեցող տառապանքի համար։ բ) Եհովան, սիրուց մղված, ի՞նչ հույս է տվել հավատարիմ մարդկանց։
16 Հստակ է, որ Եհովան մարդկությանը ունայնության հնազանդեցնելու հիմնավոր պատճառներ ուներ։ Սակայն արդյո՞ք դա նշանակում է, թե Եհովան է այն ունայնության և տառապանքի պատճառը, որ յուրաքանչյուրիս ցավ է պատճառում։ Եկեք մտածենք մի դատավորի մասին, որն արդար դատավճիռ է կայացնում հանցագործի հանդեպ։ Դատապարտյալը, մինչ կրում է իր պատիժը, հնարավոր է՝ զգալի տառապանքներ կրի, բայց կարո՞ղ է նա արդարացիորեն մեղադրել դատավորին իր տառապանքի պատճառը լինելու մեջ։ Իհարկե, ո՛չ։ Ինչ վերաբերում է Եհովային, նա երբեք չի եղել չարության աղբյուրը։ Յակոբոս 1։13–ն ասում է. «Աստուած չար բաներով չէ փորձվում. ինքն էլ ոչ մէկին չէ փորձում»։ Եկեք նաև հիշենք, որ Եհովան արձակեց այս դատավճիռը «յոյսով»։ Նա սիրով նախապատրաստություն տեսավ Ադամի ու Եվայի հետնորդների համար, որոնք հավատարիմ են իրեն, որպեսզի նրանք տեսնեն ունայնության վերջը և վայելեն ‘Աստծո որդկանց փառավոր ազատությունը’։ Ամբողջ հավիտենականության ընթացքում հավատարիմ մարդկությունը երբեք ստիպված չի լինի անհանգստանալ, որ բոլոր ստեղծվածները նորից կընկնեն ունայնության ցավալի վիճակի մեջ։ Խնդիրները լուծելու Եհովայի արդար ձևը կհաստատի նրա արդար գերիշխանությունը բոլոր ժամանակներում (Եսայիա 25։8)։
17. Ինչպե՞ս պետք է մեր վրա ազդի աշխարհում գոյություն ունեցող տառապանքի պատճառները վերանայելը։
17 Երբ վերանայում ենք մարդկանց տառապանքի այս պատճառները, տեսնո՞ւմ ենք չարության մեջ Եհովային մեղադրելու կամ նրա հանդեպ մեր վստահությունը կորցնելու համար որևէ հիմք։ Ընդհակառակը՝ այսպիսի ուսումնասիրությունը մեզ հիմք է տալիս համաձայնվելու Մովսեսի հետևյալ խոսքերի հետ. «Աստուծոյ գործը կատարեալ է. որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. արդար եւ ուղիղ է նա» (Բ Օրինաց 32։4)։ Խորհրդածելով այս հարցերի շուրջ՝ եկեք ժամանակ առ ժամանակ թարմացնենք դրանց վերաբերյալ մեր հասկացողությունը։ Այս կերպով, երբ փորձությունների բախվենք, կդիմադրենք մեր մտքում կասկածներ ցանելու Սատանայի ջանքերին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հոդվածի սկզբում նշված երկրորդ քայլի մասին։ Ի՞նչ է իր մեջ ներառում Եհովային ապավինելը։
Ի՞նչ է նշանակում ապավինել Եհովային
18, 19. Ինչպիսի՞ խոսքերով է Աստվածաշունչը քաջալերում ապավինել Եհովային, բայց այս առումով ինչպիսի՞ սխալ տեսակետ ունեն ոմանք։
18 Աստծո Խոսքը հորդորում է մեզ. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։ Սրանք սքանչելի հուսադրող խոսքեր են։ Անշուշտ, ամբողջ տիեզերքում ոչ ոք արժանի չէ այնքան վստահության, որքան մեր սիրելի երկնային Հայրը։ Այնուամենայնիվ, «Առակաց» գրքում գրված այս խոսքերը ավելի հեշտ է կարդալ, քան կիրառել։
19 Շատերը սխալ տեսակետ ունեն այն մասին, թե ինչ է նշանակում ապավինել Եհովային։ Ոմանք կարծում են, թե այդպիսի վստահությունը պարզապես զգացմունք է, երանելի հույզի մի տեսակ, որը բնականից պետք է առաջանա սրտում։ Մյուսները հավատում են, որ Աստծուն վստահելը նշանակում է, թե կարող ենք սպասել, որ նա կպաշտպանի մեզ բոլոր դժվարություններից, կլուծի մեր ամեն խնդիրները, այնպես կանի, որ մեր ամենօրյա խնդիրները լուծվեն մեր ուզած ձևով և անմիջապես։ Սակայն այսպիսի կարծիքներն անհիմն են։ Վստահությունը շատ ավելին է, քան զուտ զգացումը, և այն անիրական չէ։ Չափահասները ցույց են տալիս իրենց վստահությունը՝ կայացնելով գիտակցական, կշռադատված որոշումներ։
20, 21. Ի՞նչ է իր մեջ ներառում Եհովային վստահելը։ Պարզաբանեք։
20 Ուշադրություն դարձնենք կրկին, թե ինչ է ասում Առակաց 3։5–ը։ Այն հակադրում է Եհովային ապավինելը մեր սեփական հասկացողությանը ապավինելուն՝ նկատի ունենալով, որ մենք չենք կարող միաժամանակ այդ երկուսն անել։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մեզ թույլ չի տրվում գործադրել հասկացողության մեր ունակությունները։ Ո՛չ, քանի որ Եհովան, ով տվել է մեզ այդ ունակությունները, ակնկալում է, որ մենք օգտագործենք դրանք իրեն ծառայելու մեջ (Հռովմայեցիս 12։1, ԷԹ)։ Բայց հարց է, թե ինչի՞ վրա ենք հենվում, կամ՝ հույս դնում։ Եթե մեր մտածելակերպը չի համապատասխանում Եհովայի մտածելակերպի հետ, ընդունո՞ւմ ենք նրա իմաստությունը, քանի որ այն անսահմանորեն գերազանց է մերինից (Եսայիա 55։8, 9)։ Վստահել Եհովային նշանակում է թույլ տալ, որ նրա մտածելակերպը ուղղություն տա մեր մտածելակերպին։
21 Պարզաբանելու համար պատկերացնենք մի փոքրիկ երեխայի, որ նստած է ավտոմեքենայի հետևի նստատեղում, իսկ առջևում ծնողներն են։ Նրա հայրը ավտոմեքենան է վարում։ Երբ ճանապարհին դժվարություններ են առաջանում, օրինակ՝ կասկած, թե արդյո՞ք դա ճիշտ ճանապարհն է, կամ թերևս եղանակի կամ ճանապարհի վիճակի հետ կապված խնդիր, ինչպե՞ս է արձագանքում հնազանդ, իր ծնողներին վստահող երեխան։ Արդյո՞ք նա գոռալով հրահանգներ է տալիս հետևի նստատեղից՝ հրամայելով, թե ինչպես հայրը վարի մեքենան։ Կասկածո՞ւմ է նա իր ծնողների ընդունած որոշումների վրա կամ հակառակվում, երբ նրանք հիշեցնում են իրեն մնալ տեղում և անվտանգության ամրագոտին ամրացված պահել։ Ո՛չ, բնական է, որ նա վստահում է իր ծնողներին այդպիսի խնդիրներ լուծելու մեջ, թեպետ նրանք անկատար են։ Հանձինս Եհովայի՝ մենք կատարյալ Հայր ունենք։ Մի՞թե անվերապահորեն չպետք է վստահենք նրան, հատկապես երբ դժվար իրավիճակների ենք բախվում (Եսայիա 30։21)։
22, 23. ա) Ինչո՞ւ պետք է վստահենք Եհովային, երբ խնդիրների ենք բախվում, և ինչպե՞ս կարող ենք դա անել։ բ) Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։
22 Սակայն Առակաց 3։6–ը ցույց է տալիս, որ մենք պետք է ‘ճանաչենք Եհովային մեր բոլոր ճանապարհներում’ և ոչ թե միայն այն ժամանակ, երբ դժվարությունների ենք բախվում։ Կյանքում ամեն օր մեր կայացրած որոշումները պետք է արտացոլեն Եհովայի հանդեպ մեր ունեցած վստահությունը։ Երբ խնդիրներ են առաջանում, մենք չպետք է վհատվենք, խուճապի մատնվենք կամ հակառակվենք խնդիրները լավագույն ձևով լուծելու Եհովայի առաջնորդությանը։ Փորձություններին մենք պետք է նայենք որպես հնարավորությունների ցույց տալու, որ թիկունք ենք կանգնում Եհովայի գերիշխանությանը, փաստելու, որ Սատանան ստախոս է, և որպես առիթի՝ հնազանդություն ու Եհովային հաճելի այլ հատկություններ զարգացնելու (Եբրայեցիս 5։7, 8)։
23 Ինչպիսի խոչընդոտներ էլ որ առաջանան, մենք կարող ենք ցույց տալ, որ վստահում ենք Եհովային։ Մենք այդ անում ենք մեր աղոթքներով և առաջնորդության համար Եհովայի Խոսքին ու կազմակերպությանը նայելով։ Սակայն ինչպե՞ս կարող ենք վստահություն դրսևորել Եհովայի հանդեպ, հատկապես երբ բախվում ենք խնդիրների, որ առաջանում են այսօրվա աշխարհում։ Մեր հաջորդ հոդվածը կքննարկի այս հարցը։
[ծանոթագրություն]
a Հունարեն բառը, որ Պողոսն օգտագործել է ‘ունայնության’ համար, այն նույն բառն է, որ օգտագործված է հունարեն «Յոթանասնից» թարգմանության մեջ՝ փոխանցելու այն արտահայտությունը, որ Սողոմոնը բազմիցս օգտագործել է «Ժողովող» գրքում, օրինակ՝ հետևյալ արտահայտության մեջ՝ «ամեն բան ունայն է» (Ժողովող 1։2, 14; 2։11, 17; 3։19; 12։8)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս Դավիթը ցույց տվեց, որ ապավինում է Եհովային։
• Որո՞նք են մարդկանց տառապանքի երեք պատճառները, և ինչո՞ւ լավ կլինի ժամանակ առ ժամանակ վերանայել դրանք։
• Ի՞նչ դատավճիռ կայացրեց Եհովան մարդկանց առնչությամբ, և ինչո՞ւ էր այդ դատավճիռն արդար։
• Եհովային ապավինելը ի՞նչ է իր մեջ ընդգրկում։
[նկարներ 8–րդ էջի վրա]
Դավիթը Եհովային դարձրեց իր ապավենը
[նկար 10–րդ էջի վրա]
Հիսուսը ցույց տվեց, որ Երուսաղեմում գտնվող աշտարակի փլվելու մեջ Եհովան պատասխանատու չէր