Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն ես ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձիր ստուգել՝ կկարողանա՞ս պատասխանել հետևյալ հարցերին։
• Ամուսնությունից հետո ի՞նչ լուրջ դժվարությունների են բախվել որոշ քրիստոնյաներ, և ի՞նչ պետք է նրանք ձգտեն անել։
Որոշ քրիստոնյաներ սկսում են հասկանալ, որ իրենք ընդհանուր քիչ բան ունեն իրենց կողակցի հետ։ Իմանալով, որ սուրբգրային հիմք չունեցող ամուսնալուծությունը ընդունելի ելք չէ, նրանք ջանք չեն խնայում իրենց ամուսնությունը պահպանելու համար (4.15, էջ 17)։
• Քրիստոնյան ի՞նչ դժվարությունների կարող է բախվել ծերանոցում։
Ծերանոցը, ուր նա տեղափոխվում է, գուցե գտնվում է մեկ այլ ժողովի տարածքում, և ինքը ծանոթ չէ այդ ժողովի անդամների հետ։ Ծերանոցում շատերը այլ կրոն են դավանում և գուցե փորձեն նրան ներգրավել կրոնական արարողությունների մեջ։ Նրա քրիստոնյա հարազատները և այդ տարածքի ժողովի անդամները պետք է տեղյակ լինեն այս խնդիրներին և առաջարկեն օգնություն և խնամք (4.15, էջ 25–27)։
• Ո՞ր չորս քայլերը կարող են կողակիցներին օգնել լուծելու խնդիրները։
Ժամանակ հատկացրեք խնդիրները քննարկելուն (Ժող. 3։1, 7)։ Անկեղծորեն և հարգալից արտահայտեք ձեր կարծիքը (Եփես. 4։25)։ Լսեք և հասկացեք ձեր կողակցի զգացումները (Մատթ. 7։12)։ Համաձայնության եկեք և համագործակցեք (Ժող. 4։9, 10; 1.5, էջ 10–12)։
• Երբ Հիսուսը հորդորեց աղոթել պարտքերի ներման մասին, ի՞նչը նա նկատի ուներ։
Մատթեոս 6։12 և Ղուկաս 11։4 համարները համեմատելով՝ տեսնում ենք, որ Հիսուսը նկատի չուներ ֆինանսական պարտքերը։ Նա խոսում էր մեղքերի մասին։ Մենք պետք է Աստծու պես պատրաստ լինենք ներելու (5.15, էջ 9)։
• Ո՞ր կոմիտեներում են ծառայում Կառավարիչ մարմնի անդամները։
Կոորդինատորների Կոմիտե, կադրերի կոմիտե, հրատարակչական կոմիտե, ծառայողական կոմիտե, ուսումնական կոմիտե, գրական կոմիտե (5.15, էջ 29)։
• Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Նոյի օրերի Ջրհեղեղը իրոք համաշխարհային ջրհեղեղ է եղել։
Հիսուսը հավատում էր, Ջրհեղեղ է եղել, և այն եղել է համաշխարհային։ Աստվածաշնչյան նախազգուշացումները հիմնված են համաշխարհային Ջրհեղեղի իրականության վրա (6.1, էջ 29)։
• Հռոմեացիներ 1։24–32 համարներում նկարագրված վարքը ո՞ւմ է վերաբերում՝ հրեաների՞ն, թե՞ ոչ հրեաներին։
Դա կարող էր վերաբերել երկուսին էլ, բայց Պողոսը հատկապես նկատի ուներ հավատուրաց հին իսրայելացիներին, որոնք դարեր շարունակ չէին հետևում Օրենքին։ Նրանք գիտեին Աստծու արդար վճիռները, սակայն չէին ապրում դրանց համաձայն (6.15, էջ 29)։
• Որտե՞ղ է գտնվում Թել Արադը, և ինչո՞ւ է դա կարևոր։
Հին Իսրայելի Արադ քաղաքը, որը բլրի վրա է կառուցված, գտնվում է Մեռյալ ծովից դեպի արևմուտք։ Այս բլրի վրա հողափոր մեքենաները հայտնաբերել են կավեղեն հավաքածուներ, որոնք օգտագործվել են որպես հուշատախտակներ։ Նրանցից մի քանիսի վրա գրված են եղել անուններ, որոնք կան Աստվածաշնչում, և դրանք ցույց են տալիս, որ Աստծու անձնական անունն օգտագործվել է աշխարհիկ փաստաթղթերում (7.1, էջ 23, 24)։
• Ինչո՞ւ մենք կարող ենք ավելի ուրախ լինել, եթե խոհեմ ակնկալիքներ ունենանք։
Մի կողմից՝ եթե ձգտենք ոչ խոհեմ նպատակների՝ հաշվի չառնելով, թե որքան թանկ կնստեն դրանք մեզ վրա, ապա ավելորդ լարվածություն կստեղծենք մեզ համար։ Մյուս կողմից՝ պետք է զգուշանանք մեզ անտեղի խղճալուց, որովհետև հնարավոր է՝ մեր իրական կամ ոչ իրական սահմանափակումներն օգտագործենք որպես արդարացում՝ դանդաղեցնելու մեր քրիստոնեական ընթացքը (7.15, էջ 29)։
• Ի՞նչը կարող է խոչընդոտել, որ ծնողները հաղորդակցվեն պատանիների հետ։
Պատանիների ամաչկոտությունը, անկախ լինելու և առանձնանալու նրանց ցանկությունը կարող են խոչընդոտել, որ ծնողները հաղորդակցվեն նրանց հետ։ Ծնողները կարող են հաղորդակցվել երեխաների հետ, եթե փորձեն դա անել ոչ պաշտոնական մթնոլորտում և ջանան հասկանալ, թե ինչ է թաքնված նրանց խոսքերի հետևում (8.1, էջ 10, 11)։