Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 5/15 էջ 21–25
  • Որքա՜ն խորն է Աստծու իմաստությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Որքա՜ն խորն է Աստծու իմաստությունը
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նպատակների տեր Աստված
  • Եհովայի նպատակը խոստացված Սերնդի վերաբերյալ
  • «Քահանաների թագավորություն»
  • Խորհրդանշական ձիթենին
  • «Ամբողջ Իսրայելը կփրկվի»
  • Ձիթենու օրինակը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • Կարո՞ղ է կտրված ծառը դարձյալ շիվեր տալ
    2015 Դիտարան
2011 Դիտարան
w11 5/15 էջ 21–25

Որքա՜ն խորն է Աստծու իմաստությունը

«Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները, և անզննելի նրա ճանապարհները» (ՀՌՈՄ. 11։33)։

1. Ո՞րն է ամենամեծ առանձնաշնորհումը մկրտված քրիստոնյաների համար։

ԵՐԲԵՎԷ քեզ տրված առանձնաշնորհումներից ո՞րն է ամենաթանկը քեզ համար։ Գուցե հիշես որևէ նշանակման կամ պատվի մասին, որ շնորհվել է քեզ։ Այդուհանդերձ, մկրտված քրիստոնյաների համար ամենամեծ առանձնաշնորհումն այն է, որ իրենց հնարավորություն է տրված միակ ճշմարիտ Աստծու՝ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու և նրա կողմից ճանաչված լինելու (1 Կորնթ. 8։3; Գաղ. 4։9)։

2. Ինչո՞ւ է Եհովային ճանաչելը և նրա կողմից ճանաչված լինելը մեծ առանձնաշնորհում։

2 Իսկ ինչո՞ւ է Եհովային ճանաչելը և նրա կողմից ճանաչված լինելը մեծ առանձնաշնորհում։ Պատճառը ոչ միայն այն է, որ նա տիեզերքում ամենամեծ անձնավորությունն է, այլև այն, որ պաշտպանում է բոլոր նրանց, ում սիրում է։ Նաում մարգարեն Աստծուց ներշնչված գրեց. «Եհովան բարի է, ամրոց՝ նեղության օրը։ Նա գիտի նրանց, ովքեր ապաստան են փնտրում իր մոտ» (Նաում 1։7; Սաղ. 1։6)։ Իրականում, մեր հավիտենական կյանքի հեռանկարը կախված է ճշմարիտ Աստծուն և նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ճանաչելուց (Հովհ. 17։3)։

3. Ի՞նչ է ներառում Աստծուն ճանաչելը։

3 Աստծուն ճանաչելը ավելին է նշանակում, քան պարզապես իմանալ նրա անունը։ Մենք պետք է լավ ճանաչենք նրան, ինչպես կճանաչեինք մեր մտերիմ ընկերոջը, պետք է իմանանք, թե ինչն է նրան հաճելի, և ինչը ոչ։ Նրա մասին մեր ձեռք բերած գիտելիքների համաձայն ապրելով՝ ցույց ենք տալիս, թե որքան լավ ենք ճանաչում Աստծուն (1 Հովհ. 2։4)։ Սակայն Եհովային ճանաչելու համար կա ևս մեկ բան, որ պետք է իմանանք։ Պետք է իմանանք ոչ միայն այն, թե ինչ է նա արել, այլև թե ինչպես և ինչու է արել։ Որքան լավ հասկանանք Եհովայի նպատակները, այնքան կհիանանք՝ տեսնելով, թե «որքա՜ն խորն է նրա իմաստությունը» (Հռոմ. 11։33)։

Նպատակների տեր Աստված

4, 5. ա) Աստվածաշնչում օգտագործված «նպատակ» բառը ի՞նչ իմաստ է կրում։ բ) Օրինակով բացատրիր, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով հասնել որևէ նպատակի։

4 Եհովան նպատակների տեր Աստված է։ Աստվածաշունչը խոսում է նրա «հավիտենական նպատակի» մասին (Եփես. 3։10, 11)։ Ի՞նչ իմաստ է կրում «հավիտենական նպատակ» արտահայտությունը։ Աստվածաշնչում օգտագործված «նպատակ» բառը նշանակում է կոնկրետ մտադրություն կամ նշանակետ, որին կարելի է հասնել մի քանի ճանապարհով։

5 Պատկերացնենք օրինակով։ Ենթադրենք՝ ինչ-որ մեկը ցանկանում է մի քաղաք մեկնել։ Այդ քաղաքը, կարելի է ասել, նրա նպատակակետն է։ Այնտեղ հասնելու համար նա կարող է ընտրել, թե ո՛ր ճանապարհով և ո՛ր փոխադրամիջոցով գնա։ Հնարավոր է՝ ճանապարհին ընկնի խցանումների մեջ, եղանակը անսպասելիորեն փոխվի կամ ճանապարհը փակ լինի, և նա ստիպված լինի մեկ այլ ուղի ընտրել։ Ամեն դեպքում, անկախ այն բանից, թե ինչ փոփոխություններ անելու կարիք կառաջանա, երբ նա տեղ հասնի, կնշանակի, որ հասել է իր նպատակին։

6. Ինչպե՞ս Եհովան ճկունություն դրսևորեց իր նպատակն իրագործելու համար։

6 Նմանապես, Եհովան իր հավիտենական նպատակն իրականացնելու համար ճկունություն է դրսևորել։ Հաշվի առնելով այն, որ բանական էակները ազատ կամք ունեն՝ նա պատրաստակամորեն փոխում է իր մտադրությունը իրականացնելու ձևը։ Տեսնենք, թե ինչպես է Եհովան խոստացյալ սերնդի վերաբերյալ իր նպատակը իրականացնում։ Երբ ստեղծեց առաջին մարդկային զույգին, նա ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան» (Ծննդ. 1։28)։ Արդյոք նրա այս նպատակը փոխվե՞ց, երբ Եդեմում ըմբոստություն բարձրացավ։ Անշուշտ ո՛չ։ Եհովան անմիջապես արձագանքեց ստեղծված իրավիճակին՝ մեկ այլ «ճանապարհ» ընտրելով իր նպատակին հասնելու համար։ Նա մարգարեացավ «սերնդի» հայտնվելու մասին, որը պետք է վերացներ ըմբոստության հետևանքները (Ծննդ. 3։15; Եբր. 2։14–17; 1 Հովհ. 3։8)։

7. Ի՞նչ ենք սովորում Ելք 3։14-ում արձանագրված խոսքերից։

7 Աստծու՝ իր նպատակներին հասնելու ընթացքում ստեղծված հանգամանքների ժամանակ ճկունություն դրսևորելու կարողությունը համապատասխանում է այն նկարագրությանը, որը ինքը՝ Եհովան, տալիս է իր մասին։ Երբ Մովսեսը ներկայացրեց Եհովային այն խոչընդոտները, որոնք կխանգարեին իրեն կատարելու իր նշանակումը, Եհովան հավաստիացրեց նրան՝ ասելով. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ»։ Ապա ավելացրեց. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. ««Ես կդառնամ»-ն է ինձ ձեզ մոտ ուղարկել»» (Ելք 3։14)։ Այո՛, իր նպատակն իրականացնելու համար Եհովան կարող է դառնալ այն, ինչ պետք է։ Այս փաստը գեղեցիկ ձևով նկարագրում է Պողոս առաքյալը Հռոմեացիներ 11-րդ գլխում։ Այնտեղ նա խոսում է խորհրդանշական ձիթենու մասին։ Այս այլաբանությունը քննելը կավելացնի Եհովայի անհուն իմաստության հանդեպ մեր գնահատանքը, անկախ նրանից՝ մեր հույսը երկնային է, թե երկրային։

Եհովայի նպատակը խոստացված Սերնդի վերաբերյալ

8, 9. ա) Ո՞ր չորս փաստերը կօգնեն մեզ հասկանալու ձիթենու այլաբանությունը։ բ) Ո՞ր հարցի պատասխանն է բացահայտում այն փաստը, որ Եհովան ճկուն է իր նպատակներն իրականացնելիս։

8 Նախքան ձիթենու այլաբանությունը հասկանալը անհրաժեշտ է, որ մենք տեղյակ լինենք այն չորս փաստերին, որոնք վերաբերում են խոստացված սերնդի մասին Եհովայի նպատակի աստիճանական իրականացմանը։ Առաջին՝ Եհովան խոստացավ Աբրահամին, որ «երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն» նրա սերնդով, կամ՝ հետնորդներով (Ծննդ. 22։17, 18)։ Երկրորդ՝ Իսրայել ազգը, որը կազմավորվեց Աբրահամի սերնդից, ստացավ «քահանաների թագավորություն» առաջ բերելու առանձնաշնորհումը (Ելք 19։5, 6)։ Երրորդ՝ երբ իսրայելացիների մեծամասնությունը մերժեց Մեսիային, Եհովան այլ միջոցների դիմեց «քահանաների թագավորություն» առաջ բերելու համար (Մատթ. 21։43; Հռոմ. 9։27–29)։ Եվ չորրորդ՝ թեև Հիսուսը Աբրահամի սերնդի գլխավոր մասն է, ուրիշները նույնպես այդ սերնդի մասը լինելու առանձնաշնորհումը ստացան (Գաղ. 3։16, 29)։

9 Ի հավելումն այս չորս փաստերի՝ «Հայտնություն» գրքից իմանում ենք, որ ընդհանուր թվով 144000 հոգի Հիսուսի հետ իշխելու են երկնքում որպես թագավորներ ու քահանաներ (Հայտն. 14։1–4)։ Նրանց մասին խոսվում է նաև որպես «Իսրայելի որդիների» (Հայտն. 7։4–8)։ Բայց մի՞թե 144000-ի մեջ մտնող բոլոր մարդիկ ազգությամբ իսրայելացի, կամ՝ հրեա են։ Այս հարցի պատասխանից կարող ենք հասկանալ, թե որքան ճկուն է Եհովան իր նպատակներն իրականացնելիս։ Եկեք տեսնենք, թե ինչպես է Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված նամակը օգնում մեզ գտնելու այդ պատասխանը։

«Քահանաների թագավորություն»

10. Ի՞նչ մենաշնորհ էր տրված Իսրայել ազգին։

10 Ինչպես արդեն նշեցինք, Իսրայել ազգին էր տրված «քահանաների թագավորություն և սուրբ ազգ» կազմելու մենաշնորհը (կարդա՛ Հռոմեացիներ 9։4, 5)։ Իսկ ի՞նչ էր տեղի ունենալու, երբ խոստացված Սերունդը գար։ Արդյոք իսրայելացիների՞ց էր կազմվելու 144000 անհատներից բաղկացած հոգևոր Իսրայելը, որը լինելու էր Աբրահամի սերնդի երկրորդական մասը։

11, 12. ա) Ե՞րբ սկսվեց այն անհատների ընտրությունը, ովքեր կազմելու էին երկնային Թագավորությունը, և ինչպիսի՞ն էր հրեաների մեծամասնության արձագանքը։ բ) Ինչպե՞ս էր Եհովան լրացնելու «Աբրահամի սերունդ» դառնալու համար ընտրվող մարդկանց «ամբողջական թիվը»։

11 Կարդա՛ Հռոմեացիներ 11։7–10։ Որպես ազգ՝ առաջին դարում հրեաները մերժեցին Հիսուսին, ուստի «Աբրահամի սերունդ» առաջ բերելու մենաշնորհից զրկվեցին։ Այդուհանդերձ, երբ մ.թ. 33-ին սկսեցին ընտրվել նրանք, ովքեր կազմելու էին «քահանաների թագավորություն» երկնքում, որոշ հրեաներ, որոնք սրտի ճիշտ տրամադրվածություն ունեին, ընդգրկվեցին ընտրյալների թվում։ Ողջ հրեա ազգի հետ համեմատած՝ այս մի քանի հազար հրեաները ընդամենը «մնացորդ» էին (Հռոմ. 11։5)։

12 Այդ դեպքում ինչպե՞ս էր Եհովան լրացնելու «Աբրահամի սերունդ» դառնալու համար ընտրվող մարդկանց «ամբողջական թիվը» (Հռոմ. 11։12, 25)։ Ուշադրություն դարձնենք այն պատասխանին, որը տվեց Պողոս առաքյալը. «Սա չի նշանակում, թե Աստծու խոսքը չի կատարվել, որովհետև ոչ բոլորը, որ Իսրայելից են սերվում, իսկապես «Իսրայել» են։ Եվ ոչ էլ Աբրահամի սերունդը լինելու պատճառով է, որ նրանք բոլորը զավակներ են [Աբրահամի սերնդի մաս].... Այսինքն՝ մարմնավոր զավակները իրականում Աստծու զավակները չեն, այլ խոստումով առաջ եկած զավակներն են սերունդ համարվում» (Հռոմ. 9։6–8)։ Ուստի Աբրահամից սերած լինելը բացարձակ պայման չէր սերնդի հետ կապված Եհովայի նպատակի իրականացման համար։

Խորհրդանշական ձիթենին

13. Ի՞նչ է խորհրդանշում ա) ձիթենին, բ) ծառի արմատը, գ) ծառի բունը, դ) ծառի ճյուղերը։

13 Պողոս առաքյալը նրանց, ովքեր դարձան Աբրահամի սերնդի մաս, համեմատում է խորհրդանշական ձիթենու ճյուղերի հետa (Հռոմ. 11։21)։ Այս մշակովի ձիթենին ներկայացնում է Աբրահամական ուխտի հետ կապված Աստծու նպատակի իրականացումը։ Այդ ծառի արմատը սուրբ է և ներկայացնում է Եհովային, որը կյանք է տալիս հոգևոր Իսրայելին (Ես. 10։20; Հռոմ. 11։16)։ Ծառի բունը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, քանի որ նա Աբրահամի սերնդի գլխավոր մասն է։ Ծառի բոլոր ճյուղերը միասին ներկայացնում են այն անհատների «ամբողջական թիվը», ովքեր Աբրահամի սերնդի երկրորդական մասն են։

14, 15. Ո՞ւմ են ներկայացնում մշակովի ձիթենու «կոտրված» ճյուղերը, և ովքե՞ր են նրանք, որ պատվաստվեցին դրանց տեղը։

14 Խորհրդանշական ձիթենու օրինակում հրեաները, որոնք մերժեցին Հիսուսին, համեմատվում են ձիթենու այն ճյուղերի հետ, որոնք «կոտրվեցին» (Հռոմ. 11։17)։ Նրանք կորցրին Աբրահամի սերնդի մասը դառնալու հնարավորությունը։ Իսկ ովքե՞ր էին լինելու նրանց փոխարեն։ Քանի որ հրեաները հպարտանում էին, որ սերել են Աբրահամից, նրանց տեսանկյունից այս հարցի պատասխանը պարզապես անընդունելի էր։ Սակայն Հովհաննես Մկրտիչը նրանց նախապես զգուշացրել էր, որ եթե Եհովան կամենա, կարող է «քարերից էլ Աբրահամի համար զավակներ վեր կացնել» (Ղուկ. 3։8)։

15 Ի՞նչ արեց Եհովան իր նպատակն իրականացնելու համար։ Պողոսը բացատրում է, որ կոտրված ճյուղերի տեղում մշակովի ձիթենու վրա պատվաստվելու էին վայրի ձիթենու ճյուղեր (կարդա՛ Հռոմեացիներ 11։17, 18)։ Այսպիսով՝ ուրիշ ազգերից ընտրված ոգով օծված քրիստոնյաները, որոնց մեջ մտնում էին նաև Հռոմում գտնվող ժողովի անդամները, փոխաբերական իմաստով պատվաստվեցին խորհրդանշական ձիթենու վրա։ Այս կերպով նրանք դարձան Աբրահամի սերնդի մասը։ Մինչ այդ նրանք նման էին վայրի ձիթենու ճյուղերի, որոնք ոչ մի հնարավորություն չունեին այս հատուկ ուխտի մասը լինելու։ Բայց Եհովան դուռ բացեց նրանց առաջ, որ կարողանան դառնալ հոգևոր առումով հրեաներ (Հռոմ. 2։28, 29)։

16. Ինչպե՞ս Պետրոս առաքյալը բացատրեց նոր՝ հոգևոր ազգի ի հայտ գալը։

16 Պետրոս առաքյալը հետևյալ կերպ է բացատրում հոգևոր ազգի ի հայտ գալը. «Ուստի ձեզ՝ հավատացյալներիդ [հոգևոր իսրայելացիներիդ, այդ թվում նաև ոչ հրեա քրիստոնյաներիդ] համար նա [Հիսուս Քրիստոսը] թանկարժեք է, բայց չհավատացողների մասին գրված է. «Թեև շինարարները մերժեցին այդ քարը, այն անկյան գլուխը դարձավ», նաև «գայթակղության քար ու սայթաքելու վեմ».... Իսկ դուք «ընտրյալ ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, մի ժողովուրդ՝ հատուկ սեփականություն լինելու, որպեսզի ամենուրեք հռչակեք գերազանց հատկությունները» նրա, ով խավարից կանչեց ձեզ իր սքանչելի լույսի մեջ, քանի որ մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդն եք, ձեր հանդեպ ողորմություն չէր ցուցաբերվել, բայց հիմա ձեր հանդեպ ողորմություն ցուցաբերվեց» (1 Պետ. 2։7–10)։

17. Ինչո՞ւ էր Եհովայի արածը «բնությանը հակառակ»։

17 Եհովան արեց մի բան, որ շատերի համար բոլորովին անսպասելի էր։ Տեղի ունեցածը Պողոսը նկարագրեց որպես «բնությանը հակառակ» մի բան (Հռոմ. 11։24)։ Ինչո՞ւ էր տեղի ունեցածը անբնական։ Վայրի ճյուղերը մշակովի ծառի վրա պատվաստելը գուցե արտասովոր թվա, բայցևայնպես առաջին դարում այդպես էին վարվում որոշ այգեգործներb։ Նմանատիպ արտասովոր բան արեց նաև Եհովան։ Հրեաների տեսանկյունից այլազգիները չէին կարող ընդունելի պտուղներ բերել։ Սակայն Եհովան հենց նրանց դարձրեց «մի ազգի» մաս, որը Թագավորության պտուղներ էր բերելու (Մատթ. 21։43)։ Սկսած մ.թ. 36-ից, երբ Կոռնելիոսը՝ առաջին այլազգի անթլփատ քրիստոնյան, օծվեց սուրբ ոգով՝ բոլոր այլազգիների համար հնարավորություն բացվեց պատվաստվելու խորհրդանշական ձիթենու վրա (Գործ. 10։44–48)c։

18. Մ.թ. 36-ից հետո ի՞նչ հնարավորություն ունեին հրեաները։

18 Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մ.թ. 36-ից հետո ոչ մի հրեա այլևս չէր կարող դառնալ Աբրահամի սերնդի մասը։ Ո՛չ։ Պողոսը բացատրում է. «Նրանք [հրեաները] նույնպես, եթե չմնան իրենց անհավատության մեջ, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է կրկին պատվաստել նրանց։ Եթե դու կտրվել ես ձիթենուց, որը բնությամբ վայրի է, և բնությանը հակառակ՝ պատվաստվել ես մշակովի ձիթենուն, ապա որքա՜ն առավել սրանք, որ բուն ճյուղերն են, կպատվաստվեն իրենց ձիթենուն»d (Հռոմ. 11։23, 24)։

«Ամբողջ Իսրայելը կփրկվի»

19, 20. Ըստ խորհրդանշական ձիթենու օրինակի՝ ի՞նչ է Եհովան իրականացնում։

19 «Աստծու Իսրայելի» հետ կապված Եհովայի նպատակը իրականանում է ապշեցուցիչ կերպով (Գաղ. 6։16)։ «Ամբողջ Իսրայելը կփրկվի»,— ասաց Պողոս առաքյալը (Հռոմ. 11։26)։ Եհովայի որոշած ժամանակին «ամբողջ Իսրայելը», այսինքն՝ հոգևոր Իսրայելի բոլոր անդամները, երկնքում կծառայեն որպես թագավորներ և քահանաներ։ Ոչինչ չի կարող ձախողել Եհովայի նպատակը։

20 Ինչպես մարգարեացվել էր, Աբրահամի սերունդը՝ Հիսուս Քրիստոսը և 144000-ը, օրհնություններ կբերեն «բոլոր ազգերին» (Հռոմ. 11։12; Ծննդ. 22։18)։ Ուստի այս նպատակը առատ օրհնությունների դուռ է բացում Աստծու ողջ ժողովրդի առաջ։ Եվ իսկապես, որքան լավ ենք հասկանում, թե ինչպես է Եհովան իրականացնում իր հավիտենական նպատակը, այնքան ապշում ենք ու հիանում, թե «որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները» (Հռոմ. 11։33)։

[ծանոթագրություններ]

a Խորհրդանշական ձիթենին չի ներկայացնում Իսրայել ազգին։ Թեև Իսրայելում եղել են թագավորներ ու քահանաներ, սակայն այդ ազգը չդարձավ «քահանաների թագավորություն»։ Մովսիսական օրենքի համաձայն՝ Իսրայելի թագավորները չէին կարող դառնալ քահանաներ։ Ուստի ձիթենին չէր կարող ներկայացնել այս ազգը։ Պողոսը օգտագործեց այս այլաբանությունը ցույց տալու համար, թե ինչպես է Աստծու՝ «քահանաների թագավորություն» առաջ բերելու նպատակը իրականացվում հոգևոր Իսրայելի առնչությամբ։ Սա «Դիտարանի» 1983​թ. օգոստոսի 15-ի համարում (էջ 14–19, անգլ.) խորհրդանշական ձիթենու մասին տրված բացատրության վերանայված տարբերակն է։

b Տե՛ս «Ինչո՞ւ են վայրի ձիթենու ճյուղեր պատվաստվում» շրջանակը։

c Այդ ժամանակ ավարտվեցին այն երեքուկես տարիները, որոնց ընթացքում միայն հրեաները հնարավորություն ունեին դառնալու հոգևոր Իսրայելի մի մասը։ Այս մասին կանխագուշակվել էր 70 շաբաթ-տարիների մասին մարգարեության մեջ (Դան. 9։27)։

d Հռոմեացիներ 11։24 համարում «մշակովի» թարգմանված հունարեն բառ-մասնիկը ծագել է մի արմատից, որն ունի «լավ, գերազանց» կամ «լիարժեք» իմաստները։ Այն օգտագործվում է հատկապես այն իրերի առնչությամբ, որոնք լիարժեքորեն կատարում են իրենց դերը։

Հիշո՞ւմ ես

• Այն, թե ինչպես է Եհովան իրականացնում իր նպատակները, ի՞նչ է մեզ հայտնում նրա մասին։

• Ո՞ւմ է ներկայացնում Հռոմեացիներ 11-րդ գլխում նշված...

ձիթենին։

ծառի արմատը։

ծառի բունը։

ծառի ճյուղերը։

• Ինչո՞ւ էր պատվաստելու պրոցեսը «բնությանը հակառակ»։

[շրջանակ/նկար 24-րդ էջի վրա]

Ինչո՞ւ են վայրի ձիթենու ճյուղեր պատվաստվում

▪ Լուցիոս Յունիոս Մոդեռատոս Կոլումելան հռոմեացի զինվոր էր, ինչպես նաև հողագործ, որն ապրել է մ.թ. առաջին դարում։ Նա հայտնի է իր 12 հատորանի գրքերով, որոնք նվիրված են գյուղական կյանքին և հողագործությանը։

Հինգերորդ հատորում նա մեջ է բերում հնագույն մի ասացվածք. «Ով փխրեցնում է ձիթենու շուրջը, ասես խնդրում է նրան, որ պտուղ տա։ Ով պարարտացնում է այն, ասես աղաչում է, որ ծառը պտուղ տա։ Իսկ ով էտում է այն, ստիպում է, որ ծառը պտուղ տա»։

Խոսելով փարթամ ծառերի մասին, որոնք սակայն դեռ պտուղ չեն տալիս՝ Կոլումելան հետևյալն է առաջարկում. «Համապատասխան գործիքով խոռոչ փորեք, այնուհետև այդ խոռոչի մեջ վայրի ձիթենու մի կանաչ ճյուղ խրեք։ Արդյունքում՝ ծառը կդառնա պտղաբեր»։

[նկար 23-րդ էջի վրա]

Հասկանո՞ւմ ես խորհրդանշական ձիթենու այլաբանությունը

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը