Շարունակիր «հաղթել չարին»՝ զսպելով զայրույթդ
«Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար.... այլ շարունակեք բարիո՛վ հաղթել չարին» (ՀՌՈՄ. 12։19, 21)։
1, 2. Ի՞նչ լավ օրինակ թողեցին Վկաները։
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ՝ 34 հոգուց բաղկացած մի խումբ ինքնաթիռով ուղևորվում էր՝ մասնակցելու մասնաճյուղի նվիրմանը։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր մի օդանավակայանում՝ վառելիք լցնելու նպատակով։ Ուղևորները ընդամենը մեկ ժամ էին սպասելու։ Սակայն պարզվեց, որ ինքնաթիռը անսարք վիճակում է, ուստի նրանք ստիպված եղան սպասել 44 ժամ՝ առանց նորմալ սննդի, մաքուր ջրի և սանիտարական պայմանների։ Ուղևորներից շատերը սկսեցին բարկանալ և նույնիսկ սպառնալ օդանավակայանի աշխատակազմին։ Սակայն եղբայրներն ու քույրերը հանգստություն պահպանեցին։
2 Վկաները կարողացան ունկնդրել նվիրման ծրագրի միայն վերջին մասը։ Թեև նրանք հոգնած էին, սակայն մնացին ծրագրից հետո և վայելեցին տեղի եղբայրների ջերմ ընկերակցությունը։ Հետագայում նրանք իմացան, որ իրենց համբերությունն ու ինքնատիրապետումը աննկատ չէին մնացել։ Ուղևորներից մեկը ավիաընկերությանը ասել էր. «Եթե չլինեին այդ 34 քրիստոնյաները, օդանավակայանում իսկական տուրուդմփոց կսկսվեր»։
Մարդկությունը՝ զայրույթի ճիրաններում
3, 4. ա) Որքա՞ն ժամանակ է, ինչ մարդիկ բարկանում և բռնության են դիմում։ բ) Կարո՞ղ էր Կայենը զսպել իր զայրույթը։ Բացատրի՛ր։
3 Չար աշխարհից եկող ճնշումների պատճառով մարդիկ տրվում են բարկությանը (Ժող. 7։7)։ Արդյունքում սկսում են ատել իրար և բռնություն գործադրել։ Պատերազմներ են տեղի ունենում տարբեր երկրների միջև, պետության ներսում, լարվածության պատճառով կոնֆլիկտներ են առաջանում բազմաթիվ ընտանիքներում։ Բանն այն է, որ մարդիկ բարկացել և բռնության են դիմել դեռ վաղեմի ժամանակներից։ Կայենը՝ Ադամի ու Եվայի առաջնեկը, նախանձեց իր կրտսեր եղբայր Աբելին ու չզսպելով բարկությունը՝ սպանեց նրան։ Ի դեպ, Կայենը դիմեց այդ ստոր քայլին, թեպետ Եհովան զգուշացրել էր նրան, որ կառավարի իր զգացմունքները, և խոստացել օրհնել, եթե նա այդպես վարվի (կարդա՛ Ծննդոց 4։6–8)։
4 Չնայած ժառանգած անկատարությանը՝ Կայենը ընտրության հնարավորություն ուներ. նա կարող էր զսպել իր բարկությունը։ Բայց քանի որ այդպես չվարվեց, իր գործած արարքի ողջ պատասխանատվությունն ինքն էր կրելու։ Քանի որ մենք նույնպես անկատար ենք, մեզ համար էլ է դժվար զսպել բարկությունը և խուսափել բռնի արարքներից։ Մյուս կողմից՝ այս «չափազանց դժվար ժամանակներում» լուրջ խնդիրներն են լարվածությունը մեծացնում (2 Տիմոթ. 3։1)։ Օրինակ՝ տնտեսական խնդիրները կարող են ճնշել մեզ։ Սա են փաստում ոստիկանների և ընտանիքներին օգնություն ցույց տվող կազմակերպությունների հաշվետվությունները, ըստ որոնց՝ ֆինանսական խնդիրների պատճառով է, որ ընտանիքներում ավելի շատ է բռնություն գործադրվում և հաճախ են զայրույթի պոռթկումներ լինում։
5, 6. Ի՞նչ պրոպագանդա է տարածված բարկության վերաբերյալ, որը կարող է ազդել մեզ վրա։
5 Մեզ շրջապատող մարդկանցից շատերը «անձնասեր են», «մեծամիտ», «դաժան»։ Նման հատկությունների տեր մարդիկ հեշտությամբ կարող են նյարդայնացնել ու բարկացնել մեզ (2 Տիմոթ. 3։2–5)։ Իսկ ֆիլմերն ու հեռուստատեսային ծրագրերը վրեժխնդրությունը ներկայացնում են որպես վեհ արարք, բռնությունը՝ խնդիրների բնական ու արդարացի լուծում։ Այսպիսի ֆիլմերը կարող են մարդուն լարված հոգեվիճակում պահել, որ նա անհամբերությամբ սպասի, թե երբ է չարագործը «ստանալու իր արժանի պատիժը» ֆիլմի հերոսի կողմից։
6 Այսպիսի պրոպագանդան չունի Աստծու հավանությունը, հակառակը՝ արտացոլում է «աշխարհի ոգին» և իր զայրացած իշխանի՝ Սատանայի ոգին (1 Կորնթ. 2։12; Եփես. 2։2; Հայտն. 12։12)։ Այդ ոգին խրախուսում է բավարարել անկատար մարմնի ցանկությունները, մի բան, որը ամբողջովին հակառակ է Աստծու սուրբ ոգու պտղին։ Իրականում, քրիստոնեության հիմնական ուսմունքներից մեկն այն է, որ պրովոկացիայի ենթարկվելիս չարով չփոխհատուցենք (կարդա՛ Մատթեոս 5։39, 44, 45)։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք լիովին հետևել Հիսուսի խոսքերին։
Լավ և վատ օրինակներ
7. Ի՞նչ եղավ արդյունքը, երբ Շմավոնն ու Ղևին չզսպեցին իրենց բարկությունը։
7 Աստվածաշնչում բարկությունը զսպելու մասին բազմաթիվ խորհուրդներ կան, ինչպես նաև օրինակներ, որոնք օգնում են տեսնելու, թե ինչպիսին է լինում արդյունքը, երբ զսպում ենք մեր զայրույթը, և ինչ կարող է պատահել, եթե չզսպենք այն։ Օրինակ՝ տեսնենք, թե ինչ պատահեց, երբ Հակոբի որդիները՝ Շմավոնն ու Ղևին, վրեժ լուծեցին Սյուքեմից, քանի որ վերջինս բռնաբարել էր իրենց քույր Դինային։ Նրանք «նեղացան եւ շատ բարկացան» (Ծննդ. 34։7)։ Ապա Հակոբի մյուս որդիները հարձակվեցին Սյուքեմի քաղաքի վրա, թալանեցին այն, իսկ կանանց ու երեխաներին գերեվարեցին։ Սակայն այս ամենը նրանք արեցին ոչ միայն Դինայի պատճառով, այլև գուցե այն պատճառով, որ խոցվել էր նրանց հպարտությունը, և դա պատվի հարց էր։ Նրանք կարծում էին, թե Սյուքեմը պատվազրկել է իրենց և իրենց հորը՝ Հակոբին։ Իսկ ինչպե՞ս վերաբերվեց Հակոբը նրանց արարքին։
8. Այս արձանագրությունից ի՞նչ ենք սովորում վրեժխնդրության մասին։
8 Դինայի հետ պատահած դժբախտությունը, ակներևաբար, խորապես վշտացրել էր Հակոբին, բայց նա դատապարտեց իր որդիների արարքը։ Շմավոնն ու Ղևին փորձեցին արդարանալ՝ ասելով. «Ապա բոզի պէս պէ՞տք էր անել մեր քրոջը» (Ծննդ. 34։31)։ Բայց միայն Հակոբը չէր, որ բարկացել էր. Եհովային նույնպես դուր չեկավ նրանց վարքը։ Տարիներ անց Հակոբը կանխագուշակեց, որ Շմավոնի ու Ղևիի դաժան արարքի պատճառով նրանց ժառանգները կցրվեն Իսրայելի ցեղերի մեջ (կարդա՛ Ծննդոց 49։5–7)։ Իսկապես, նրանց անզուսպ բարկությունը դատապարտվեց թե՛ Աստծու, թե՛ իրենց հոր կողմից։
9. Ե՞րբ էր, որ Դավիթը քիչ էր մնում տեղի տար բարկությանը։
9 Դավիթ թագավորը, սակայն, այլ կերպ վարվեց։ Նա վրեժխնդիր լինելու շատ հնարավորություններ ուներ, բայց չդիմեց այդ քայլին (Ա Թագ. 24։3–7)։ Այնուհանդերձ, մի անգամ քիչ էր մնում տեղի տար բարկությանը։ Նաբաղ անունով մի հարուստ մարդ վիրավորել էր Դավթի մարդկանց, թեև նրանք պաշտպանել էին նրա հոտերը և հովիվներին։ Դավիթը բարկացել էր, որ նա իր ուղարկած մարդկանց հետ այդպես էր վարվել, և որոշել էր վրեժ լուծել՝ հարձակվելով Նաբաղի և իր տնեցիների վրա։ Ու մինչ նրանք ճանապարհին էին, երիտասարդներից մեկը տեղեկացրեց Նաբաղի խոհեմ կնոջը՝ Աբիգեային, տեղի ունեցածի մասին և խնդրեց, որ մի բան անի։ Աբիգեան անմիջապես շատ նվերներ պատրաստեց և դուրս եկավ Դավթին ընդառաջ։ Նա խոնարհաբար ներողություն խնդրեց Նաբաղի ամբարտավան պահվածքի համար և աղերսեց, որ Դավիթը աստվածավախությամբ վարվի։ Վերջինս սթափվեց ու ասաց. «Օրհնեալ ես դու որ այսօր ինձ արգիլեցիր արիւնի մէջ մտնելուց» (Ա Թագ. 25։2–35)։
Քրիստոնյաների տեսակետը
10. Ի՞նչ տեսակետ պետք է ունենան քրիստոնյաները վրեժխնդիր լինելու վերաբերյալ։
10 Շմավոնի ու Ղևիի, ինչպես նաև Դավթի ու Աբիգեայի հետ կատարվածը հստակ ցույց է տալիս, որ Եհովան դատապարտում է անզուսպ բարկությունը և բռնությունը, բայցև օրհնում է խաղաղություն պահպանելու համար ներդրած ջանքերը։ «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղությո՛ւն ունեցեք բոլոր մարդկանց հետ,— գրեց Պողոս առաքյալը։— Վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, այլ տեղ թողեք ցասմանը, որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը ի՛մն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»։ Բայց «եթե քո թշնամին քաղցած է, կերակրիր նրան, եթե ծարավ է, խմելու բան տուր նրան, քանզի այդպես անելով՝ այրվող ածուխներ կկուտակես նրա գլխին»։ Թույլ մի՛ տուր, որ հաղթվես չարից, այլ շարունակիր բարիո՛վ հաղթել չարին»a (Հռոմ. 12։18–21)։
11. Ինչպե՞ս մի քույր սովորեց զսպել իր բարկությունը։
11 Մենք նույնպես կարող ենք հետևել այս խորհրդին։ Իսկ թե ինչպես, տեսնենք մի քրոջ օրինակով, որի մենեջերը վատ վերաբերմունք էր դրսևորում նրա հանդեպ։ Քույրը այդ մասին գանգատվեց երեցին։ Նա ասաց, որ մենեջերը անարդարացիորեն և անբարյացակամորեն է իր հետ վերաբերվում, ինչն իրեն շատ է բարկացնում։ Դրա համար էլ ուզում է դուրս գալ աշխատանքից։ Երեցը խորհուրդ տվեց նրան զգացմունքների ազդեցության տակ հապճեպ որոշումներ չկայացնել և ավելացրեց, որ իրավիճակն արդեն բարդացել է քրոջ բարկության պատճառով (Տիտոս 3։1–3)։ Եղբայրը նաև նշեց, որ անգամ եթե քույրը մեկ ուրիշ աշխատանք գտնի, նա, միևնույնն է, պետք է սովորի բարյացակամ վերաբերմունք դրսևորել իր նկատմամբ բացասաբար տրամադրված մարդկանց հանդեպ։ Երեցը խորհուրդ տվեց քրոջը մենեջերի հետ վարվել այնպես, ինչպես կցանկանար, որ իր հետ վարվեին (կարդա՛ Ղուկաս 6։31)։ Քույրը համաձայնվեց փորձել հարթել իրավիճակը։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Մի որոշ ժամանակ անց մենեջերի վերաբերմունքը փոխվեց, և նա նույնիսկ շնորհակալություն հայտնեց քրոջը իր կատարած աշխատանքի համար։
12. Ինչո՞ւ են հատկապես ցավ պատճառում քրիստոնյաների միջև ծագող տարաձայնությունները։
12 Մենք չենք զարմանում, երբ նման խնդիրների ենք բախվում քրիստոնեական ժողովից դուրս, քանի որ գիտենք՝ Սատանայի համակարգում շատ է անարդարությունը և մենք չպետք է թույլ տանք, որ չար մարդկանց արարքները բարկացնեն մեզ (Սաղ. 37։1–11; Ժող. 8։12, 13; 12։13, 14)։ Սակայն երբ խնդիրներ ենք ունենում հավատակիցների հետ, ցավը շատ ավելի խորն է լինում։ Մի Եհովայի վկա հիշում է. «Ես չէի կարողանում ընդունել այն փաստը, որ Վկաները կատարյալ չեն։ Ու դա խանգարում էր ինձ գալու ճշմարտության»։ Երբ դուրս ենք գալիս այս սառը և դաժան աշխարհից, հույս ենք փայփայում, որ քրիստոնեական ժողովում կգտնենք ջերմություն և բարություն։ Ու երբ հավատակիցը, հատկապես առանձնաշնորհում ունեցող մի եղբայր անմտածված կամ քրիստոնյային անվայել պահվածք է դրսևորում, դա վիրավորում ու զայրացնում է մեզ։ Երբեմն նույնիսկ գուցե հարցնում ենք. «Ինչպե՞ս կարող է Աստծու ժողովրդի մեջ նման բան լինել»։ Իրականում, խնդիրներ են ծագել անգամ օծյալների մեջ առաջին դարում (Գաղ. 2։11–14; 5։15; Հակ. 3։14, 15)։ Իսկ ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ ինքներս ենք հայտնվում այդպիսի իրավիճակներում։
13. Ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է հաղթահարենք մեր միջև ծագած խնդիրները։
13 «Ես աղոթում եմ այն մարդու մասին, ով ինձ ցավ է պատճառել։ Դա ինձ շատ է օգնում»,— ասում է քույրը, որի մասին խոսեցինք վերևում։ Ինչպես արդեն կարդացինք, Հիսուսը սովորեցրեց աղոթել մեզ հալածողների մասին (Մատթ. 5։44)։ Ուրեմն որքան առավել պետք է աղոթենք մեր հավատակիցների մասին։ Ինչպես հայրն է ցանկանում, որ իր զավակները սիրեն իրար, այնպես էլ Եհովան է ցանկանում, որ իր ծառաները լավ հարաբերություններ ունենան իրար հետ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակին, երբ հավիտյան միասին կապրենք խաղաղ ու երջանիկ։ Եհովան սովորեցնում է մեզ հիմա իսկ այդպիսի կյանքով ապրել։ Նա ցանկանում է, որ համագործակցենք իր գործը կատարելիս։ Ուստի եկեք լուծենք խնդիրները կամ պարզապես «ներենք» ուրիշների սխալները և միասնական լինենք (կարդա՛ Առակաց 19։11)։ Փոխարեն դադարեցնենք մեր շփումը եղբայրների հետ, երբ խնդիրներ են ծագում՝ պետք է օգնենք իրար մնալու Աստծու ժողովրդի մեջ և պաշտպանված՝ Եհովայի «յաւիտենական բազուկների» մեջ (Բ Օրին. 33։27)։
Վարվիր մեղմորեն և վայելիր արդյունքները
14. Ինչպե՞ս կարող ենք պայքարել Սատանայի պառակտիչ ազդեցության դեմ։
14 Որպեսզի հետ պահեն մեզ բարի լուրը հռչակելուց, Սատանան և դևերը ամեն ջանք գործադրում են, որ քայքայեն մեր երջանիկ ընտանիքներն ու ժողովները։ Նրանք թշնամանքի սերմեր են ցանում՝ իմանալով, որ երկպառակությունները կործանման են տանում (Մատթ. 12։25)։ Պայքարելով նրանց չար ազդեցության դեմ՝ ձգտում ենք հետևել Պողոսի այս խորհրդին. «Տիրոջ ծառան չպետք է կռիվ անի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի» (2 Տիմոթ. 2։24)։ Հիշիր, որ մեր պայքարը «արյան ու մարմնի դեմ չէ, այլ.... ոգեղեն չար ուժերի դեմ»։ Այս պայքարում հաղթանակած դուրս կգանք, եթե օգտագործենք հոգևոր սպառազինությունը, որի մեջ մտնում է «խաղաղության բարի լուրը քարոզելու պատրաստվածությունը» (Եփես. 6։12–18)։
15. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք թշնամիների հարձակումներին։
15 Եհովայի թշնամիները դաժանորեն են վերաբերվում նրա խաղաղարար ժողովրդին։ Այդ թշնամիներից ոմանք ֆիզիկական վնասներ են հասցնում, մյուսներն էլ զրպարտում են լրատվական միջոցներով կամ դատարաններում։ Հիսուսը նախազգուշացրել էր, որ իր հետևորդները պետք է ակնկալեն այսպիսի վերաբերմունք (Մատթ. 5։11, 12)։ Ուրեմն ինչպիսի՞ն պետք է լինի մեր արձագանքը։ Մենք երբեք չպետք է «չարի փոխարեն չարով հատուցենք» ո՛չ խոսքով, ո՛չ էլ գործով (Հռոմ. 12։17; կարդա՛ 1 Պետրոս 3։16)։
16, 17. Ի՞նչ փորձության բախվեց ժողովներից մեկը։
16 Անկախ այն բանից, թե Բանսարկուն ինչ հարվածներ է հասցնում մեզ, «բարիով հաղթելով չարին»՝ կարող ենք լավ վկայություն տալ։ Օրինակ՝ Օվկիանիայի կղզիներից մեկում գտնվող մի ժողով սրահ էր վարձել Հիշատակի երեկոն անցկացնելու համար։ Այդ մասին տեղեկանալով՝ տեղի եկեղեցու ծառայողները եկեղեցի հաճախողներին ասացին, որ պատարագ լսելու համար հավաքվեն այդ սրահում այն ժամին, երբ Վկաները պետք է անցկացնեին Երեկոն։ Ոստիկանապետը, սակայն, ասաց եկեղեցու ծառայողներին, որ մինչև Վկաների միջոցառումը սրահն ազատեն։ Այնուհանդերձ, նշանակված ժամին սրահը լիքն էր մարդկանցով, իսկ պատարագը նոր էր սկսվել։
17 Երբ ոստիկանները փորձեցին սրահից ուժով դուրս հանել այդ մարդկանց, եկեղեցու ղեկավարը մոտեցավ Վկաների երեցներից մեկին ու հարցրեց. «Դուք ինչ–որ բա՞ն եք պլանավորել այս երեկո»։ Երբ եղբայրը պատասխանեց, որ իրենք պետք է անցկացնեն Հիշատակի երեկոն, այդ մարդն ասաց. «Իսկապե՞ս, չգիտեի»։ Այդ ժամանակ ոստիկանը զայրացած ասաց. «Բայց չէ՞ որ մենք ձեզ զգուշացրել էինք այս առավոտ»։ Եկեղեցականը շրջվեց դեպի երեցը և քմծիծաղ տալով՝ ասաց. «Բա հիմա ի՞նչ եք անելու։ Սրահը լիքն է մարդկանցով։ Ի՞նչ է, ոստիկաններին ասելու եք՝ մեզ վռնդե՞ն այստեղից»։ Նա խորամանկորեն փորձում էր այնպես ներկայացնել իրավիճակը, ասես Վկաներն են մեղավոր։ Ինչպե՞ս արձագանքեցին եղբայրները։
18. Ինչպե՞ս վարվեցին եղբայրները, և ի՞նչ եղավ արդյունքը։
18 Վկաներն առաջարկեցին, որ եկեղեցականները կես ժամ անցկացնեն իրենց պատարագը, որից հետո եղբայրները կանցկացնեն Հիշատակի երեկոն։ Սակայն պատարագը կես ժամից ավել տևեց, և երբ ի վերջո սրահը դատարկվեց, Վկաներն անցկացրին Երեկոն։ Հաջորդ օրը կառավարությունը հետաքննական հանձնաժողով կազմեց, որպեսզի իմանա, թե ով է մեղավոր։ Փաստերը քննելուց հետո հանձնաժողովը ստիպեց եկեղեցուն հայտարարել, որ ոչ թե Վկաներն էին մեղավոր, այլ եկեղեցու ղեկավարը։ Հանձնաժողովը նաև շնորհակալություն հայտնեց Եհովայի վկաներին՝ դժվար իրավիճակում համբերություն դրսևորելու համար։ Փաստորեն, քանի որ եղբայրները ջանացին «խաղաղություն ունենալ բոլոր մարդկանց հետ», լավ արդյունքների հասան։
19. է՞լ ինչը կարող է օգնել մեզ պահպանելու խաղաղ հարաբերություններ։
19 Խաղաղ հարաբերություններ պահպանելու մեկ այլ կարևոր միջոց է վայելուչ խոսքը։ Հաջորդ հոդվածում կքննենք, թե ինչ է վայելուչ խոսքը և թե ինչպես կարող ենք սովորել այդպես խոսել։
[Ծանոթագրություն]
a «Այրվող ածուխներ» արտահայտությունը կապված է հանքանյութը հալեցնելու հին մեթոդի հետ. հանքանյութը վերևից և ներքևից տաքացնում էին, որ առանձնացնեն մետաղը։ Եթե բարյացակամ վերաբերմունք դրսևորենք մեր դեմ բացասաբար տրամադրված մարդու հանդեպ, ապա կմեղմենք նրա բարկությունը և կմղենք նրան դրական հատկություններ դրսևորելու։
Կարո՞ղ ես բացատրել
• Ինչո՞ւ են մարդիկ այսօր այդքան զայրացած։
• Աստվածաշնչի ո՞ր օրինակներն են խոսում բարկությունը զսպելու և չզսպելու հետևանքների մասին։
• Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ մեր հավատակիցը վիրավորում է մեզ։
• Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ ենթարկվում ենք թշնամիների հարձակումներին։
[Նկար 16–րդ էջի վրա]
Շմավոնն ու Ղևին վերադառնում են բարկությամբ վրեժ լուծելուց հետո
[Նկարներ 18–րդ էջի վրա]
Բարյացակամ վերաբերմունքը կարող է փոխել մարդկանց տրամադրվածությունը