Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 9/1 էջ 6–11
  • Արտացոլե՛ք Քրիստոսի մտածելակերպը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արտացոլե՛ք Քրիստոսի մտածելակերպը
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ճիշտ մտածելակերպի տիպար օրինակը
  • Սխալ մտածելակերպը ուղղել
  • Սովորում ենք մյուսներից
  • Ընդօրինակենք Հիսուսի դրական մտածելակերպը
  • Կարողացե՛ք սպասել
    2000 Դիտարան
  • Քրիստոսի սերը մղում է մեզ սիրելու
    2009 Դիտարան
  • Հիսուսի մտածելակերպն ունեցիր
    2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Ունեցիր Քրիստոսի մտածելակերպը
    2009 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 9/1 էջ 6–11

Արտացոլե՛ք Քրիստոսի մտածելակերպը

«Թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց ըստ Յիսուս Քրիստոսի» (Հռովմայեցիս 15։5)։

1. Մտքի ուղղվածությունը ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել մարդու կյանքի վրա։

ՄԱՐԴԻԿ տարբերվում են իրենց մտայնությամբ։ Նրանք լինում են անհոգ կամ փութաջան, կռվասեր կամ համագործակցության ձգտող, դրական կամ բացասական տրամադրվածությամբ, տրտնջացող կամ երախտագետ։ Նրանց մտավիճակից մեծապես կախված է, թե իրենք ինչպես գլուխ կհանեն զանազան իրավիճակներից կամ թե՝ ինչպես ուրիշները կվերաբերվեն իրենց։ Լավ մտայնություն ունեցողը կարող է գոհ լինել նույնիսկ միանգամայն դժվարին կացության մեջ, մինչդեռ վատ մտայնություն ունեցողի աչքին ամեն ինչ մռայլ գույներով է երևում, նույնիսկ եթե օբյեկտիվ տեսանկյունից գործերը լավ են ընթանում։

2. Ինչպե՞ս է ձևավորվում անհատի մտայնությունը։

2 Մարդու մեջ մտքի ուղղվածությունը, լինի դա լավ, թե՝ վատ, փաստորեն ձևավորվում, ձեռք է բերվում։ Մի հանրագիտարանում նորածին երեխայի վերաբերյալ հետևյալն է ասվում. «Ի վերջո, որպեսզի երեխայի մտածողությունը ձևավորվի, նա պետք է գիտելիքներ և ունակություններ ձեռք բերի, ճիշտ այնպես, ինչպես որ նրան անհրաժեշտ է լեզու սովորել կամ հմտությունների տիրապետել» («Collier’s Encyclopedia»)։ Ինչպե՞ս է անհատը ձեռք բերում մտքի ուղղվածություն։ Դրա ձևավորմանը շատ գործոններ են նպաստում, որոնց թվում զգալի դեր է խաղում շրջապատի ու ընկերակցության ազդեցությունը։ Վերոհիշյալ հանրագիտարանում նշվում է. «Մենք սովորում ենք՝ սպունգի նման ներծծում ենք մեր մեջ նրանց մտածելակերպը, ում հետ սերտորեն ընկերակցում ենք»։ Հազարավոր տարիներ առաջ նմանատիպ միտք է արձանագրվել Աստվածաշնչում. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20; Ա Կորնթացիս 15։33)։

Ճիշտ մտածելակերպի տիպար օրինակը

3. Ո՞ւմ մտածելակերպն է ընդօրինակման արժանի։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։

3 Ինչպես բոլոր մյուս դեպքերում, Հիսուս Քրիստոսը նաև մտածելակերպի լավագույն օրինակ է հանդիսանում։ Նա ասաց. «Մի օրինակ տուի ձեզ, որ, ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձեւով անէք» (Յովհաննէս 13։15)։ Որպեսզի նմանվենք Հիսուսին, նախևառաջ պետք է նրա մասին սովորենք։a Մենք ուսումնասիրում ենք Հիսուսի կյանքը՝ նպատակ դնելով անել այն, ինչ Պետրոս առաքյալն էր խորհուրդ տալիս. «Այդ բանի համար իսկ կոչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք» (Ա Պետրոս 2։21)։ Մեր նպատակն է հնարավորին չափ նմանվել Հիսուսին, իսկ դրա համար հարկավոր է ներքուստ զարգացնել նրան բնորոշ մտածելակերպը։

4, 5. Հիսուսի մտածելակերպի ո՞ր կողմն է բացահայտված Հռովմայեցիս 15։1–3-ում, և ինչպե՞ս կարող են քրիստոնյաները դա ընդօրինակել։

4 Ի՞նչ է նշանակում ունենալ Հիսուս Քրիստոսի մտածելակերպը։ Հռոմեացիներին ուղղված Պողոսի թղթի 15–րդ գլուխը օգնում է պատասխանել այդ հարցին։ Այս գլխի առաջին համարներում Պողոսը Հիսուս Քրիստոսի աչքի ընկնող հատկություններից մեկն է հիշատակում՝ ասելով. «Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մե՛զ համար հաճելի չլինել. այլ մեզնից իւրաքանչիւր ոք թող ընկերոջը հաճելի լինի ի շինութիւն բարի գործերի. քանզի Քրիստոս էլ ոչ թէ.... իրեն հաճելի եղաւ, այլ, ինչպէս եւ գրուած է. «Քեզ նախատողների նախատինքներն իմ վրայ ընկան»» (Հռովմայեցիս 15։1–3)։

5 Քրիստոնյաները, ընդօրինակելով Հիսուսի մտածելակերպը, խրախուսվում են պատրաստակամ լինել խոնարհությամբ ծառայելու ուրիշներին՝ փոխանակ սեփական անձը հաճեցնելու։ Իրոք, մարդկանց ծառայելու այդպիսի խոնարհ պատրաստակամությունը «ուժեղների» հատկանշական գիծն է։ Երբևիցե ապրած հոգևորապես ամենաուժեղ անձնավորությունը լինելով հանդերձ՝ Հիսուսն իր մասին հետևյալն ասաց. «Մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն» (Մատթէոս 20։28)։ Որպես քրիստոնյաներ՝ մենք նմանապես ձգտում ենք ծառայել ուրիշներին, այդ թվում նաև «թոյլերին»։

6. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին, երբ կշտամբանքի ու հակառակության ենք հանդիպում։

6 Հիսուսին բնորոշ էր նաև դրական մտածելակերպն ու գործելակերպը։ Նա երբեք թույլ չէր տալիս, որ Աստծուն ծառայելու իր վճռականությունը որևէ կերպ բացասական ազդեցության ենթարկվի ուրիշների կողմից. մենք նույնպես պիտի ձգտենք այդպես վարվել։ Երբ Հիսուսին կշտամբում ու հալածում էին Աստծուն հավատարմորեն ծառայելու համար, նա համբերատարությամբ, առանց գանգատվելու տանում էր այդ բոլորը։ Հիսուսը գիտեր, որ նրանք, ովքեր ջանալու էին ընկերոջը հաճելի լինել «ի շինութիւն բարի գործերի», հակառակության էին հանդիպելու անհավատ ու իրենց չհասկացող աշխարհի կողմից։

7. Ինչպե՞ս էր Հիսուսը համբերություն դրսևորում, և ինչո՞ւ մենք պետք է նույնը անենք։

7 Հիսուսն ուրիշ կերպ էլ էր պատշաճ տրամադրվածություն դրսևորում։ Նա Եհովայի հանդեպ երբեք անհամբերություն չցուցաբերեց, այլ համբերատարությամբ սպասեց նրա նպատակների իրականացմանը (Սաղմոս 110։1; Մատթէոս 24։36; Գործք 2։32–36; Եբրայեցիս 10։12, 13)։ Հիսուսն անհամբեր չէր նաև իր հետևորդների հանդեպ։ Նա ասում էր. «Սովորեցէ՛ք ինձնից». նա «հեզ» էր, նրա ուսուցումները ամրապնդող ու կենարար էին, և քանի որ «սրտով խոնարհ» էր, երբեք մեծամտություն ու ինքնահավանություն չցուցաբերեց (Մատթէոս 11։29)։ Պողոսը խրախուսում է ընդօրինակել Հիսուսի մտածողությանը բնորոշ այս գծերը՝ ասելով. «Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց [«չմտածեց զավթման մասին, այսինքն՝ Աստծուն հավասար լինելու», ՆԱ], այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն» (Փիլիպպեցիս 2։5–7)։

8, 9. ա) Ինչո՞ւ է անհրաժեշտ զարգացնել ոչ եսասիրական մտածելակերպ։ բ) Ինչո՞ւ հարկ չկա վհատվելու, երբ չենք կարողանում կատարելապես հետևել Հիսուսի թողած օրինակին, և այդ առնչությամբ ինչպե՞ս է Պողոսը լավ օրինակ հանդիսանում։

8 Հեշտ է ասել, որ ցանկանում ենք ծառայել ուրիշներին և նրանց շահերը գերադասել մեր անձնականից։ Սակայն անկեղծորեն քննելով մեր մտածելակերպը, գուցե պարզենք, որ իրականում այնքան էլ հակված չենք այդպես վարվելու։ Ինչո՞ւ։ Նախ՝ մենք Ադամից ու Եվայից ժառանգել ենք նրանց բնավորության եսասիրական գծերը. երկրորդ՝ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն կերպ խրախուսվում է եսասիրությունը (Եփեսացիս 4։17, 18)։ Եսասիրական մտածողությունից խուսափելու համար հաճախ անհրաժեշտ է այնպիսի մտածողություն զարգացնել, որը հակառակ է մեր բնածին անկատար էությանը։ Դրա համար պահանջվում է վճռականություն և ջանք։

9 Մեր ակնհայտ անկատարությունը, որ խիստ հակադրվում է Հիսուսի թողած կատարյալ օրինակին, կարող է ժամանակ առ ժամանակ վհատություն պատճառել։ Գուցե նույնիսկ կասկածում ենք, թե երբևէ մեզ կհաջողվի ունենալ Հիսուսին բնորոշ մտածողությունը։ Բայց եկեք կարդանք Պողոսի ոգևորիչ խոսքերը. «Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակւում իմ մէջ, այսինքն՝ իմ մարմնի մէջ, որովհետեւ կամենալը կար իմ մէջ, իսկ բարին գործելը՝ ոչ. որովհետեւ ոչ թէ անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում։ Հաճելի է ինձ Աստծու օրէնքը՝ ներքին մարդու տեսակէտից, բայց իմ մարմնի անդամների մէջ տեսնում եմ այլ օրէնք, որ պայքարում է իմ մտքի օրէնքին հակառակ եւ ինձ գերի է դարձրել մեղքի օրէնքին, որ կայ իմ մարմնի անդամների մէջ» (Հռովմայեցիս 7։18, 19, 22, 23)։ Ճիշտ է, Պողոսի անկատարությունը բազմիցս խոչընդոտեց նրան ծառայել Աստծուն իր ուզած կերպով, սակայն միանգամայն օրինակելի էր նրա մտայնությունը՝ այն, թե ինչպես էր խորհում և ինչ էր զգում Եհովայի անձնավորության ու նրա օրենքի հանդեպ։ Մեր դեպքում էլ նույնը կարող է լինել։

Սխալ մտածելակերպը ուղղել

10. Պողոսը փիլիպպեցիներին խրախուսեց ինչպիսի՞ մտայնություն զարգացնել։

10 Հնարավո՞ր է, որ երբեմն հարկ լինի ուղղել սխալ մտայնությունը։ Այո։ Առաջին դարի որոշ քրիստոնյաներ ակնհայտորեն ուղղվելու կարիք ունեին։ Փիլիպպեցիներին գրած նամակում Պողոսը խոսեց ճիշտ մտայնություն ունենալու մասին։ Նա գրեց. «Ոչ թէ արդէն հասել եմ նպատակին [վաղ հարության միջոցով երկնային կյանքին] կամ արդէն կատարեալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնուած եմ Քրիստոս Յիսուսից։ Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ ետեւում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դէպի իմ առջեւում եղածները. ուշադիր վազում եմ աստուածային կոչմանս նպատակակէտին՝ Քրիստոս Յիսուսով։ Ուրեմն, դուք բոլորդ, որ կատարեալ էք, այս բանը խորհեցէք» (Փիլիպպեցիս 3։12–15)։

11, 12. Ինչպե՞ս է Եհովան մեզ հայտնում, թե որն է պատշաճ մտածելակերպը։

11 Պողոսի խոսքերը ցույց են տալիս, որ եթե քրիստոնյա դարձած անհատը չի ձգտում հոգևոր առաջադիմության, ապա նա մտքի սխալ ուղղվածություն ունի։ Նա թերացել է Հիսուսի մտածելակերպը իրենը դարձնելու մեջ (Եբրայեցիս 4։11; Բ Պետրոս 1։10; 3։14)։ Բայց արդյո՞ք այդ անհատը անհուսալի վիճակում է։ Ամենևին։ Աստված կարող է մեզ օգնել փոխելու մեր մտածելակերպը, եթե իսկապես ցանկանում ենք դա անել։ Պողոսը շարունակում է. «Եթէ ուրիշ բան խորհէք, Աստուած ձեզ ա՛յդ էլ կը յայտնի» (Փիլիպպեցիս 3։15)։

12 Այնուամենայնիվ, եթե ցանկանում ենք, որ Եհովան հայտնի, թե որն է պատշաճ մտածելակերպը, մենք ձեռքներս ծալած չպիտի նստենք։ Աստծո Խոսքի աղոթքով ուսումնասիրությունը «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» մատակարարած հրատարակությունների միջոցով հնարավորություն կտա նրանց, ովքեր ‘ուրիշ բան են խորհում’, զարգացնել մտքի պատշաճ ուղղվածություն (Մատթէոս 24։45)։ Քրիստոնյա երեցները, որ սուրբ ոգով նշանակված են «հովուելու համար Տիրոջ [«Աստուծոյ», ԱԹ] ժողովրդին», ուրախ կլինեն օգնություն ցույց տալ (Գործք 20։28)։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ Եհովան հաշվի է առնում մեր անկատարությունը և սիրառատ կերպով օգնության ձեռք է մեկնում։ Եկեք ընդունենք այդ օգնությունը։

Սովորում ենք մյուսներից

13. Ի՞նչ ենք սովորում պատշաճ մտածողության վերաբերյալ՝ Հոբի մասին աստվածաշնչյան հաղորդագրությունից։

13 Հռովմայեցիս 15–րդ գլխում Պողոսը ցույց է տալիս, որ պատմական օրինակների վրա խորհելը կարող է օգնել մեզ ուղղելու մեր մտածելակերպը։ Նա գրում է. «Ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսը ընդունենք» (Հռովմայեցիս 15։4)։ Անցյալում Եհովայի հավատարիմ ծառաներից ոմանք կարիք ունեին վերանայելու իրենց մտածելակերպի որոշ կողմեր։ Օրինակ՝ Հոբը, ընդհանրապես, շատ լավ մտայնություն ուներ։ Երբեք Եհովային չար բան չէր վերագրում և թույլ էլ չտվեց, որ տառապանքը սասանի իր վստահությունն Աստծո հանդեպ (Յոբ 1։8, 21, 22)։ Այնուամենայնիվ, նա հակված էր ինքն իրեն արդարացնելու։ Եհովան դրդեց Եղիուսին, որպեսզի Հոբին օգնի ուղղել իր այդ հակվածությունը։ Վիրավորվելու փոխարեն՝ Հոբը խոնարհաբար համաձայնվեց, որ հարկավոր էր այլ կերպ մտածել և պատրաստակամորեն սկսեց դա անել (Յոբ 42։1–6)։

14. Մտածելակերպի վերաբերյալ խորհուրդ ստանալիս ինչպե՞ս կարող է օգնել Հոբի օրինակը։

14 Կարո՞ղ ենք Հոբի պես արձագանքել, եթե հավատակիցը բարյացակամորեն նկատում է, որ մեր մտածելաձևը շտկվելու կարիք ունի։ Ինչպես Հոբը, թող որ մենք էլ ‘անզգամություն հանդես չբերենք Աստծո հանդեպ’ (Յոբ 1։22, ԷԹ)։ Եթե անարդարության պատճառով տառապում ենք, եկեք երբեք չգանգատվենք կամ մտածենք, որ Եհովան պատասխանատու է մեր դժվարությունների համար։ Եկեք չփորձենք ինքներս մեզ արդարացնել՝ հիշելով, որ անկախ նրանից, թե ինչ առանձնաշնորհում ունենք Եհովայի ծառայության մեջ, մենք ընդամենը «անպիտան ծառաներ ենք» (Ղուկաս 17։10)։

15. ա) Ինչպիսի՞ սխալ մտածողություն դրսևորեցին Հիսուսի հետևորդներից ոմանք։ բ) Ինչպե՞ս Պետրոսը հրաշալի մտածելակերպ դրսևորեց։

15 Առաջին դարում Հիսուսին ականջ դնողներից ոմանք ոչ պատշաճ մտածողություն դրսևորեցին։ Մի անգամ Հիսուսից լսելով դժվարըմբռնելի մտքեր, աշակերտներից շատերն ասացին. «Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»։ Հստակ է, որ այսպես խոսողները սխալ մտածելակերպ ունեին։ Դա հանգեցրեց նրան, որ իրենք դադարեցին Հիսուսին լսել։ Կարդում ենք. «Դրա վրայ՝ նրա աշակերտներից շատերը ետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում»։ Մի՞թե բոլորն էին այդպես մտածում։ Ոչ։ «Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթէ դո՞ւք էլ ուզում էք գնալ»։ Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք»,— և ինքն էլ փաստորեն պատասխանեց իր հարցին.— «Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես»» (Յովհաննէս 6։61, 67–69)։ Ինչպիսի՛ հրաշալի մտածելակերպ։ Հանդիպելով Աստվածաշնչի ըմբռնման այնպիսի բացատրությունների կամ ճշգրտումների, որոնց հետ սկզբում դժվար է համաձայնվել, ավելի լավ չէ՞ վարվել այնպես, ինչպես Պետրոսը։ Մեծ անմտություն կլիներ Եհովային ծառայելուց դադարել կամ հակառակ խոսել ‘ողջամիտ խոսքերի օրինակին’ միայն այն պատճառով, որ ինչ–​ինչ բաներ սկզբից ևեթ դժվարանում ենք հասկանալ (Բ Տիմոթէոս 1։13)։

16. Ի՞նչ ցնցող մտածելակերպ դրսևորեցին հրեա կրոնական առաջնորդները Հիսուսի օրերում։

16 Առաջին դարի հրեա կրոնական առաջնորդները չէին մտածում այնպես, ինչպես Հիսուսը։ Նրան ուշադրություն չդարձնելու իրենց անհողդողդ վճռականությունը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Հիսուսը Ղազարոսին հարություն տվեց։ Ճիշտ մտայնություն ունեցողների համար այդ հրաշքը ակնհայտ ապացույց էր այն բանի, որ Հիսուսն Աստծո կողմից էր ուղարկվել։ Բայց ահա թե ինչ ենք կարդում. «Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին եւ ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, եւ հռոմայեցիները կը գան ու կը վերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»»։ Ի՞նչ վճիռ կայացրին նրանք։ «Այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն»։ Հիսուսին սպանելու դավադրությունից բացի՝ նրանք մտադիր էին վերացնել նրա՝ հրաշագործ լինելու կենդանի ապացույցին։ «Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն» (Յովհաննէս 11։47, 48, 53; 12։9–11)։ Ի՛նչ նողկալի կլիներ, եթե մեր մեջ համանման մտածելակերպ արմատավորվեր և ուրախալի բաների վրա բորբոքվեինք կամ վշտանայինք։ Եվ որքա՛ն վտանգավոր է դա։

Ընդօրինակենք Հիսուսի դրական մտածելակերպը

17. ա) Ի՞նչ հանգամանքների ներքո Դանիելը քաջ մարդու մտածողություն դրսևորեց։ բ) Հիսուսն ինչպե՞ս քաջություն դրսևորեց։

17 Եհովայի ծառաները դրական մտածելակերպ են պահպանում։ Երբ Դանիելի թշնամիներին հաջողվեց դավադրաբար օրենք հրատարակել, որպեսզի 30 օր շարունակ մարդկանց թույլ չտրվեր խնդրանքով դիմել որևէ աստծու կամ մարդու՝ բացի թագավորից, նա հասկացավ, որ դա առնչվելու էր Եհովա Աստծո հետ իր փոխհարաբերություններին։ Կդադարե՞ր արդյոք Դանիելը Աստծուն աղոթել 30 օրվա ընթացքում։ Ոչ, նա անվախորեն շարունակեց աղոթել Եհովային օրը երեք անգամ՝ իր սովորության համաձայն (Դանիէլ 6։6–17)։ Հիսուսին նույնպես թշնամիները չկարողացան վախեցնել։ Մի շաբաթ օր նա հանդիպեց ձեռքը չորացած մարդու։ Հիսուսը գիտեր, որ այդտեղ գտնվող շատ հրեաների անհաճո պիտի լիներ, եթե ինքը շաբաթ օրով բուժեր որևէ մեկի։ Նա բացեիբաց դիմեց նրանց՝ արտահայտվելու այդ մարդուն բուժելու առնչությամբ։ Երբ նրանք չցանկացան խոսել, Հիսուսը շարունակեց իր գործը. բուժեց մարդուն (Մարկոս 3։1–6)։ Նա երբեք ետ չկանգնեց անելու այն, ինչը ճիշտ էր համարում։

18. Ինչո՞ւ են ոմանք հակառակվում մեզ, և ինչպե՞ս է հարկավոր արձագանքել նրանց բացասական վերաբերմունքին։

18 Այսօր Եհովայի վկաներն ընդունում են, որ իրենք նույնպես երբեք չպիտի վախենան հակառակորդների հնարավոր բացասական վերաբերմունքից։ Հակառակ դեպքում իրենք չեն դրսևորի Հիսուսի մտածելակերպը։ Շատերը դեմ են Եհովայի վկաներին՝ իրականությանը անտեղյակ լինելու պատճառով, մյուսներն էլ ատում են նրանց կամ էլ նրանց առաքելությունը։ Սակայն եկեք երբեք թույլ չտանք, որ մարդկանց անբարյացակամ վերաբերմունքը ազդեցություն թողնի մե՛ր վերաբերմունքի վրա։ Մենք չպետք է թույլ տանք, որ մարդիկ թելադրեն, թե ինչպես է հարկավոր երկրպագել Աստծուն։

19. Ինչպե՞ս կարող ենք Հիսուս Քրիստոսի մտածելակերպն ունենալ։

19 Հիսուսը միշտ դրական վերաբերմունք էր դրսևորում իր հետևորդների ու Աստծո կարգադրությունների հանդեպ, ինչքան էլ որ դժվար լիներ դա անել (Մատթէոս 23։2, 3)։ Մենք պիտի ընդօրինակենք նրան։ Ճիշտ է, մեր եղբայրներն անկատար են, բայց մենք էլ պակաս անկատար չենք։ Ուրիշ ո՞րտեղ կարող ենք ավելի լավ ու իսկապես հավատարիմ ընկերներ գտնել, եթե ոչ մեր համաշխարհային եղբայրության մեջ։ Եհովան դեռևս իր Խոսքի լիակատար ըմբռնմամբ մեզ չի օժտել, բայց ո՞ր կրոնական խումբն է ավելի շատ հասկանում։ Եկեք ամեն ժամանակ ճիշտ մտածելակերպ պահպանենք, այն մտածելակերպը, որ Հիսուսն ուներ։ Իսկ դրա համար, մնացած այլ բաների հետ միասին, հարկավոր է իմանալ, թե ինչպես սպասել Եհովային։ Սրա մասին՝ հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություն]

a «Երբևէ ապրած մեծագույն Մարդը» գրքում պատմվում է Հիսուսի կյանքի ու ծառայության մասին։ Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։

Կարո՞ղ եք բացատրել

• Ինչպե՞ս է մեր կյանքի վրա անդրադառնում մեր մտածելակերպը։

• Բնութագրեք Հիսուս Քրիստոսի մտածելակերպը։

• Հոբի մտածողությունից ի՞նչ կարող ենք սովորել։

• Ինչպե՞ս կարելի է ճիշտ վերաբերմունք ունենալ հակառակության հանդեպ։

[նկարներ 7–րդ էջի վրա]

Ճիշտ մտածողություն ունեցող քրիստոնյան օգնության ձեռք է մեկնում ուրիշներին։

[նկար 9–րդ էջի վրա]

Աստծո Խոսքը աղոթքով ուսումնասիրելը օգնում է յուրացնել Քրիստոսի մտածելակերպը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը