ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Հռոմեացիներ 15:13. «Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ»
«Թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք սուրբ ոգու զորությամբ առատանաք հույսով» (Հռոմեացիներ 15:13, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք» (Հռոմեացիներ 15։13, «Արևելահայերեն նոր թարգմանություն»)։
Հռոմեացիներ 15:13-ի նշանակությունը
Այս խոսքերով Պողոս առաքյալը ցանկություն հայտնեց, որ Աստված իր հավատակիցներին լցնի «ուրախությամբ և խաղաղությամբ»։ Այս հատկությունները կապ ունեն Աստծու տված հույսի և սուրբ ոգու զորության հետ։
Այդ հույսի մասին մենք իմանում ենք նրա Խոսքից՝ Աստվածաշնչից։ Հռոմեացիներ 15։4-ում ասվում է. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց [Աստվածաշնչում], մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք»։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Աստված խոստացել է վերացնել անլուծելի թվացող խնդիրները, ինչպիսիք են, օրինակ, աղքատությունը, անարդարությունը, հիվանդությունն ու մահը (Հայտնություն 21:4)։ Այս խոստումները Աստված իրականացնելու է իր որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, և սա մեզ լավ ապագա ունենալու հիմք է տալիս (Հռոմեացիներ 15:12)։
Մենք կարող ենք «լցվել» կամ «լիանալ» Աստծու տված հույսով, երբ վստահենք նրան։ Որքան շատ ճանաչենք նրան, այնքան ավելի կհամոզվենք, որ նա արժանի է վստահության (Եսայիա 46:10; Տիտոս 1:2)։ Այդ հույսի շնորհիվ նույնիսկ դժվարությունների բախվելիս անհատը կարող է լցվել ուրախությամբ և խաղաղությամբ (Հռոմեացիներ 12:12)։
Խաղաղությունը, ուրախությունը և հույսը սերտ կապ ունեն «սուրբ ոգու» հետ, որը Աստծու գործուն ուժն է։a Աստված իր խոստումները իրականացնում է իր սուրբ ոգու միջոցով, իսկ դա մեզ հույս է տալիս։ Այդ ոգին կարող է օգնել, որ մարդիկ լավ հատկություններ մշակեն, ինչպիսիք են ուրախությունն ու խաղաղությունը (Գաղատացիներ 5:22)։
Հռոմեացիներ 15:13-ի համատեքստը
«Հռոմեացիներ» նամակը ուղղված էր Հռոմում ապրող քրիստոնյաներին։ Նրանցից ոմանք ծագումով հրեա էին, իսկ ոմանք՝ ոչ։ Ուստի Պողոսը հորդորեց նրանց ամեն ջանք թափել և չնայած մշակութային տարբերություններին՝ մտքով և գործով միասնական լինել (Հռոմեացիներ 15:6)։
Պողոսը Հռոմում ապրող քրիստոնյաներին հիշեցրեց, որ Աստված դեռ դարեր առաջ կանխագուշակել է, որ տարբեր ազգերի պատկանող մարդիկ միասնական կերպով պաշտելու են իրեն։ Այդ փաստը հաստատելու համար Պողոսը Եբրայերեն Գրություններիցb չորս անգամ մեջբերում արեց (Հռոմեացիներ 15:9–12)։ Նրա ասածը հետևյալն էր. Քրիստոսի ծառայությունից կարող էին օգուտ քաղել ոչ միայն հրեաները, այլև բոլոր ազգերը։ Թե՛ հրեաները և թե՛ ոչ հրեաները կարող էին ունենալ Աստծու տված հույսը։ Այդ իսկ պատճառով Հռոմի ժողովներում ծառայողները, անկախ իրենց ծագումից, պետք է «ընդունեին միմյանց» կամ բարություն և հյուրասիրություն դրսևորեին միմյանց հանդեպ (Հռոմեացիներ 15:7)։
a Ավելին իմանալու համար կարդա «Ի՞նչ է սուրբ ոգին» հոդվածը։
b Եբրայերեն Գրությունները երբեմն անվանում են Հին Կտակարան։