Բարի լուր, որի կարիքը բոլորն ունեն
«Իրականում բարի լուրը Աստծու զորությունն է.... փրկության համար» (ՀՌՈՄ. 1։16)։
1, 2. Ինչո՞ւ ես քարոզում «թագավորության բարի լուրը» և ո՞ր մտքերն ես հատկապես նշում։
«ՈՒՐԱԽ եմ, որ բարի լուրն եմ հայտնում մարդկանց»։ Հավանաբար դու էլ ես նման խոսքեր ասել կամ այսպիսի զգացում ունեցել։ Լինելով Եհովայի նվիրված ծառա՝ անշուշտ, հասկանում ես, թե որքան կարևոր է քարոզել «Թագավորության այս բարի լուրը»։ Հնարավոր է՝ նույնիսկ անգիր գիտես քարոզչական գործի մասին Հիսուսի ասած մարգարեական խոսքերը (Մատթ. 24։14)։
2 «Թագավորության բարի լուրը» քարոզելով՝ դու շարունակում ես Հիսուսի սկսած գործը (կարդա՛ Ղուկաս 4։43)։ Քարոզելիս, անշուշտ, հաճախ ես խոսում այն մասին, որ Աստված շուտով միջամտելու է մարդկանց գործերին, «մեծ նեղությամբ» վերջ է դնելու կեղծ կրոնին և երկրի երեսից վերացնելու է չարությունը (Մատթ. 24։21)։ Ինչ խոսք, նաև նշում ես, որ Աստծու Թագավորությունը վերահաստատելու է դրախտը երկրի վրա, որտեղ տիրելու է խաղաղություն ու երջանկություն։ Իրականում, «թագավորության բարի լուրը» այն «բարի լուրի» մասն է կազմում, որն Աստված «նախապես հայտնեց Աբրահամին, թե՝ «քեզանով բոլոր ազգերը պիտի օրհնվեն»» (Գաղ. 3։8)։
3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Պողոս առաքյալն իր նամակում ընդգծում է բարի լուրը։
3 Սակայն հնարավոր է՝ բարի լուրը քարոզելիս բավականաչափ ուշադրություն չենք դարձնում մի շատ կարևոր մտքի վրա, որ պետք է իմանան մարդիկ։ Հետաքրքիր է, որ Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը միայն մեկ անգամ է նշում «թագավորություն» բառը, իսկ «բարի լուր» արտահայտությունը օգտագործում է 12 անգամ (կարդա՛ Հռոմեացիներ 14։17)։ Բարի լուրի վերաբերյալ ո՞ր միտքն է Պողոսը ընդգծում իր նամակում։ Ինչո՞ւ է այդ բարի լուրը կենսական։ Եվ ինչո՞ւ պետք է հիշենք դա, երբ մեր տարածքում մարդկանց քարոզում ենք «Աստծու բարի լուրը» (Մարկ. 1։14; Հռոմ. 15։16; 1 Թեսաղ. 2։2)։
Ինչի՞ մասին պետք է իմանային Հռոմի քրիստոնյաները
4. Պողոսը ո՞ր երկու բաների մասին էր քարոզում Հռոմում իր առաջին բանտարկության ժամանակ։
4 Ի՞նչի մասին էր քարոզում Պողոսը իրեն այցելող հրեաներին, երբ առաջին անգամ բանտարկված էր Հռոմում։ Աստվածաշնչում կարդում ենք, որ երբ մի խումբ հրեաներ եկան նրա մոտ, նա հիմնովին վկայություն տվեց 1) Աստծու թագավորության մասին և 2) Հիսուսի մասին համոզիչ փաստարկներ բերեց։ Արդյունքում՝ «ոմանք սկսեցին հավատալ ասված խոսքերին, իսկ մյուսները չհավատացին»։ Դրանից հետո Պողոսը, «սրտաբաց ընդունելով բոլորին», 1) Աստծու թագավորությունն էր քարոզում և սովորեցնում էր 2) Տեր Հիսուս Քրիստոսի մասին (Գործ. 28։17, 23–31)։ Հստակ է, որ Պողոսն իր ունկնդիրների ուշադրությունը կենտրոնացնում էր Աստծու Թագավորության վրա։ Բայց նա ընդգծում էր ևս մի կարևոր բան, այն է՝ Հիսուսի առանցքային դերը Աստծու նպատակներում՝ Թագավորության մեջ։
5. Ինչի՞ անհրաժեշտությունն ընդգծեց Պողոսը հռոմեացիներին ուղղված նամակում։
5 Անհրաժեշտ է, որ բոլոր մարդիկ իմանան Հիսուսի մասին և հավատան նրան։ Այդ իսկ պատճառով հռոմեացիներին ուղղված իր նամակի հենց սկզբում Պողոսը գրեց. «Աստված, որին ես սուրբ ծառայություն եմ մատուցում իմ ոգով՝ քարոզելով նրա Որդու մասին բարի լուրը, վկա է»։ Այնուհետև գրեց. «Ես չեմ ամաչում այն հռչակելուց. իրականում բարի լուրը Աստծու զորությունն է բոլոր հավատ ունեցողների փրկության համար»։ Իսկ հետո խոսեց այն ժամանակի մասին, «երբ Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով կդատի մարդկանց գաղտնի գործերը՝ համաձայն այն բարի լուրի», որը հռչակում էր։ Նա նաև գրեց. «Երուսաղեմից մինչև Իլլիրիայի կողմերը շրջելով՝ ես հիմնովին քարոզեցի Քրիստոսի մասին բարի լուրը»a (Հռոմ. 1։9, 16; 2։16; 15։19)։ Ի՞նչ ես կարծում, հռոմեացիներին գրած նամակում Պողոսն ինչո՞ւ այդքան շատ խոսեց Հիսուս Քրիստոսի մասին։
6, 7. Ի՞նչ է հայտնի Հռոմի ժողովի կազմավորման և նրա անդամների մասին։
6 Հայտնի չէ, թե Հռոմի ժողովը ինչպես է կազմավորվել։ Արդյոք մ.թ. 33-ի Պենտեկոստեին Երուսաղեմ եկած հրեաներն ու պրոզելիտնե՞րն էին հիմնել այն՝ վերադառնալով Հռոմ որպես քրիստոնյաներ (Գործ. 2։10)։ Թե՞ քրիստոնյա վաճառականներն ու ճանապարհորդներն էին ճշմարտությունը բերել Հռոմ։ Ամեն դեպքում, երբ Պողոսը գրեց իր նամակը (մոտավորապես 56 թ.-ին), ժողովը արդեն կազմավորված էր (Հռոմ. 1։8)։ Ինչպիսի՞ մարդիկ կային այդ ժողովում։
7 Նրանցից ոմանք հրեաներ էին։ Օրինակ՝ Պողոսը ողջունեց իր «ազգականներին»՝ Անդրոնիկոսին և Հունիասին, որոնք ակներևաբար հրեաներ էին։ Հռոմում ապրող վրանագործ Ակյուղասն ու նրա կին Պրիսկիղան նույնպես հրեաներ էին (Հռոմ. 4։1; 9։3, 4; 16։3, 7; Գործ. 18։2)։ Բայց եղբայրներից և քույրերից շատերը, որոնց Պողոսը ողջույններ ուղարկեց, ամենայն հավանականությամբ այլազգի էին։ Ոմանք «կայսրի տնից» էին՝ հավանաբար կայսրի ծառաները կամ որոշ պաշտոնյաներ (Փիլիպ. 4։22; Հռոմ. 1։6; 11։13)։
8. Ինչպիսի՞ վիճակում էր Հռոմի ժողովը, և ի՞նչ պետք է նրանք անեին։
8 Հռոմի քրիստոնյաներին Պողոսը գրեց. «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմ. 3։23)։ Ուստի պարզ է, որ բոլոր նրանք, ում ուղղված էին այս խոսքերը, պետք է գիտակցեին, որ մեղավորներ են, և պետք է հավատային նրան, ում Աստված ուղարկեց, որպեսզի կարողանային դուրս գալ այդ վիճակից։ Ինչ խոսք, մենք նույնպես մեղավորներ ենք, և առաքյալի խոսքերը վերաբերում են նաև մեզ։
Մեղավոր վիճակի գիտակցումը
9. Ի՞նչ հեռանկարի մասին նշեց Պողոսը՝ խոսելով բարի լուրի մասին։
9 Հռոմեացիներին ուղղված իր նամակի սկզբում Պողոսը խոսեց այն մասին, թե ինչ հրաշալի հեռանկար է տալիս բարի լուրը։ Նա գրեց. «Ես չեմ ամաչում այն հռչակելուց. իրականում բարի լուրը Աստծու զորությունն է բոլոր հավատ ունեցողների փրկության համար, նախ՝ հրեայի, ապա՝ հույնի»։ Այո՛, մարդիկ կարող էին փրկվել։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր հավատ ունենալ՝ համաձայն այն ճշմարտության, որ նշեց Պողոսը. «Արդարը հավատի շնորհիվ կապրի» (Հռոմ. 1։16, 17; Գաղ. 3։11; Եբր. 10։38)։ Բայց ինչպե՞ս է բարի լուրը, որը փրկության է տանում, կապված այն իրողության հետ, որ «բոլորը մեղք գործեցին»։
10, 11. Ինչո՞ւ է Հռոմեացիներ 3։23 համարի միտքը ոմանց համար օտար, իսկ ոմանց համար ոչ։
10 Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի իր մեղավոր վիճակը նախքան այնպիսի հավատ զարգացնելը, որի շնորհիվ կարող է փրկվել։ Ովքեր ծանոթ են Աստվածաշնչին կամ մանկուց հավատացել են Աստծուն, նրանց համար մեղավոր լինելու գաղափարը օտար չէ (կարդա՛ Ժողովող 7։20)։ Անկախ այն բանից՝ համաձայն են այդ մտքին, թե ոչ, նրանք հասկանում են, թե Պողոսը ինչ նկատի ուներ՝ ասելով. «Բոլորը մեղք գործեցին» (Հռոմ. 3։23)։ Սակայն ծառայության ժամանակ հնարավոր է՝ հանդիպենք շատ մարդկանց, որոնք չեն հասկանում այս խոսքերի իմաստը։
11 Որոշ երկրներում երեխաները այնպիսի միջավայրում են մեծանում, որտեղ երբեք չի խոսվում այն մասին, որ մարդը մեղավոր է ծնվում, կամ՝ մեղք է ժառանգում ծնողներից։ Ինչ խոսք, մարդիկ գուցե ընդունում են, որ սխալներ են թույլ տալիս կամ բնավորության վատ գծեր ունեն կամ էլ որոշ վատ գործեր են արել։ Նրանք նաև տեսնում են, որ մյուսներն էլ են նույն վիճակում։ Նման հանգամանքների պատճառով նրանք իրականում չեն գիտակցում, թե ինչու են իրենք և մյուսները այդ վիճակում։ Որոշ լեզուներում, երբ ասում են, որ ինչ-որ մեկը մեղավոր է, լսողները մտածում են, թե տվյալ անձնավորությունը հանցանք է գործել կամ առնվազն որևէ օրենք է խախտել։ Ակներևաբար, այդպիսի միջավայրում մեծացած մարդու համար դժվար է ընդունել, որ ինքը մեղավոր է այն իմաստով, ինչ նկատի ուներ Պողոսը։
12. Շատերն ինչո՞ւ չեն ընդունում մեղավոր լինելու գաղափարը։
12 Նույնիսկ քրիստոնեական համարվող երկրներում շատերը չեն ընդունում մեղավոր լինելու գաղափարը։ Պատճառն այն է, որ թեև նրանք ժամանակ առ ժամանակ գնում են եկեղեցի, սակայն Ադամի ու Եվայի մասին աստվածաշնչյան արձանագրությունը համարում են առասպել կամ հեքիաթ։ Ոմանք էլ մեծացել են աստվածամերժ հասարակության մեջ։ Նրանք կասկածում են Աստծու գոյությանը, ուստիև չեն գիտակցում, որ Բարձրյալը բարոյական չափանիշներ է սահմանել մարդկանց համար և դրանց չհետևելը նշանակում է մեղք գործել։ Որոշ առումով նրանք նման են առաջին դարում ապրող այն մարդկանց, որոնց մասին Պողոսը գրեց, որ «չունեն հույս» և «առանց Աստծու են աշխարհում» (Եփես. 2։12)։
13, 14. ա) Ո՞րն է առաջին պատճառը, որ արդարացում չունեն նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն և չեն ընդունում իրենց մեղավոր վիճակը։ բ) Ի՞նչ հետևանքների է հանգեցրել շատերի անհավատությունը։
13 Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոսը ներկայացրեց երկու պատճառ, թե ինչու նման հասարակության մեջ մեծացած լինելը չէր կարող արդարացում լինել ո՛չ այն ժամանակ և ո՛չ էլ այսօր։ Առաջինն այն է, որ արարչագործությունն ինքնին փաստում է, որ գոյություն ունի Արարիչ (կարդա՛ Հռոմեացիներ 1։19, 20)։ Սա համապատասխանում է այն փաստարկին, որ Պողոսը նշեց եբրայեցիներին ուղղված իր նամակում, երբ գտնվում էր Հռոմում. «Ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է» (Եբր. 3։4)։ Այս տրամաբանական օրինակը թիկունք է կանգնում այն մտքին, որ գոյություն ունի Ստեղծիչ, որն արարել է ողջ տիեզերքը։
14 Ուստի Պողոսը ամուր հիմքեր ուներ հռոմեացիներին գրելու, որ ցանկացած մարդ, այդ թվում նաև այն իսրայելացիները, ովքեր երկրպագում էին անկենդան պատկերների, «արդարացում չունեն»։ Նույնը կարելի է ասել նաև նրանց համար, ովքեր այնպիսի անբարո սեռական կյանք էին վարում, որը հակառակ էր բնությանը (Հռոմ. 1։22–27)։ Այսպիսի տրամաբանական վերլուծություններ անելով՝ Պողոսը հետևյալ եզրակացությանն է գալիս. «Ինչպես հրեաները, այնպես էլ հույները՝ բոլորն էլ մեղքի տակ են» (Հռոմ. 3։9)։
«Վկայություն տվողը»
15. Ի՞նչ ունեն բոլոր մարդիկ, և ինչպե՞ս է օգնում դա նրանց։
15 «Հռոմեացիներ» գիրքը բացահայտում է ևս մեկ պատճառ, թե ինչու մարդիկ պետք է գիտակցեն իրենց մեղավոր վիճակը և թե ինչու այդ վիճակից դուրս գալու անհրաժեշտություն կա։ Խոսելով հին Իսրայելին տված Աստծու Օրենքի մասին՝ Պողոսը գրեց. «Բոլոր նրանք, ովքեր օրենքի տակ են մեղք գործել, օրենքով էլ կդատվեն» (Հռոմ. 2։12)։ Շարունակելով իր խոսքը՝ նա նշեց, որ տարբեր ազգությունների կամ ցեղերի պատկանող մարդիկ, ովքեր չգիտեն Աստծու Օրենքը, «բնությամբ օրենքի պահանջներն են կատարում»։ Ինչո՞ւ են այդ մարդիկ սխալ համարում, օրինակ, արյունապղծությունը, սպանությունն ու գողությունը։ Պողոսը բացատրում է՝ որն է պատճառը. նրանք ունեն խիղճ (կարդա՛ Հռոմեացիներ 2։14, 15)։
16. Ինչո՞ւ խիղճ ունենալը բավական չէ մեղք գործելուց մարդուն հետ պահելու համար։
16 Թեև մարդու մեջ դրված է խիղճ, կամ՝ ներքին ձայն, որը «վկայություն է տալիս», դա չի նշանակում, որ նա միշտ կհետևի դրա առաջնորդությանը։ Սա երևում է իսրայելացիների օրինակից։ Չնայած որ Աստված նրանց տվել էր թե՛ խիղճ, թե՛ կոնկրետ օրենքներ գողության և շնության վերաբերյալ, նրանք հաճախ անտեսում էին իրենց խղճի ձայնը և խախտում էին Աստծու Օրենքը (Հռոմ. 2։21–23)։ Նրանք կրկնակի հանցավոր էին ու մեղավոր, քանի որ Աստծու չափանիշների և կամքի համաձայն չէին ապրում։ Դա լուրջ վնաս էր հասցնում Ստեղծչի հետ ունեցած իրենց փոխհարաբերություններին (Ղևտ. 19։11; 20։10; Հռոմ. 3։20)։
17. Ի՞նչ հուսադրող միտք ենք գտնում «Հռոմեացիներ» գրքում։
17 Այն ամենը, ինչ իմացանք «Հռոմեացիներ» գրքից, օգնեց մեզ տեսնելու, թե ինչ խղճալի վիճակում է գտնվում մարդը Ամենակարողի առաջ։ Սակայն Պողոսը չի թողնում մեզ անհույս վիճակում։ Մեջբերելով Դավթի խոսքերը, որոնք արձանագրված են Սաղմոս 32։1, 2-րդ համարներում՝ առաքյալը գրում է. «Երջանիկ են նրանք, որոնց անօրեն գործերը ներվեցին և որոնց մեղքերը ծածկվեցին։ Երջանիկ է այն մարդը, որի մեղքը Եհովան բնավ հաշվի չի առնի» (Հռոմ. 4։7, 8)։ Այո՛, Աստված օրինական կերպով համապատասխան հիմք է ստեղծել մեր մեղքերը ներելու համար։
Հիսուսի առանցքային դերը
18, 19. ա) Բարի լուրի մասին խոսելիս ո՞ր միտքն է ընդգծում Պողոսը «Հռոմեացիներ» գրքում։ բ) Թագավորության օրհնությունները վայելելու համար ի՞նչ պետք է գիտակցենք։
18 Խորհելով այն ամենի մասին, թե Եհովան ինչ է արել այս վիճակից մեզ դուրս բերելու համար՝ գուցե երախտագիտությամբ լցվես ու համաձայնվես, որ սա իրոք բարի լուր է։ Բարի լուրի մասին խոսելիս հենց սա է շեշտում Պողոսը «Հռոմեացիներ» գրքում։ Ինչպես արդեն նշվեց, առաքյալը գրել է. «Ես չեմ ամաչում այն հռչակելուց. իրականում բարի լուրը Աստծու զորությունն է բոլոր հավատ ունեցողների փրկության համար» (Հռոմ. 1։15, 16)։
19 Այս բարի լուրը ընդգծում է Հիսուս Քրիստոսի առանցքային դերը Աստծու նպատակների մեջ։ Պողոսը սպասում էր այն օրվան, երբ «Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով կդատի մարդկանց գաղտնի գործերը՝ համաձայն այն բարի լուրի», որն ինքը հռչակում էր (Հռոմ. 2։16)։ Դա ասելով՝ նա չէր նսեմացնում «Քրիստոսի և Աստծու թագավորությունը» կամ այն ամենը, ինչ Աստված անելու է այդ Թագավորության միջոցով (Եփես. 5։5)։ Նա ցույց էր տալիս, որ Աստծու Թագավորության ներքո ապրելու և նրա օրհնությունները վայելելու համար պետք է գիտակցենք, 1) որ Աստծու առաջ մենք մեղավորներ ենք և 2) որ անհրաժեշտ է հավատ դրսևորել Հիսուսի հանդեպ, որպեսզի մեր մեղքերը ներվեն։ Երբ մարդը հասկանում և ընդունում է այս երկու կարևոր ճշմարտությունները և տեսնում է, թե ինչ հեռանկար է բացվում իր առջև, նրա սիրտը մղում է իրեն ասելու. «Սա իսկապես բարի լուր է»։
20, 21. Ծառայության ժամանակ ինչո՞ւ պետք է միշտ հիշենք «Հռոմեացիներ» գրքում նշված բարի լուրի մասին, և ինչպիսի՞ն կլինի դրա արդյունքը։
20 Ծառայության ժամանակ միշտ պետք է հիշենք Հիսուսի ունեցած կարևոր դերը Աստծու նպատակներում։ Նրա մասին խոսելիս Պողոսը մեջբերեց Եսայիա մարգարեի խոսքերը. «Ով հավատ է ընծայում նրան, չի հիասթափվի» (Հռոմ. 10։11; Ես. 28։16)։ Հիսուսի մասին այս տեղեկությունը օտար չէ այն մարդկանց համար, ովքեր որոշ չափով գիտեն, թե ինչ է Աստվածաշունչն ասում մեղքի մասին։ Սակայն մյուսների համար այն կարող է բոլորովին նոր լինել, քանի որ տարածում չունի կամ ընդունված չէ իրենց մշակույթում։ Որպեսզի նման մարդկանց օգնենք հավատալու Աստծուն և վստահելու Աստվածաշնչին, մենք պետք է բացատրենք Հիսուսի դերը։ Հաջորդ հոդվածում կքննարկվի, թե ինչպես է Հռոմեացիներ 5-րդ գլուխը բարի լուրը ներկայացնում այս լույսի ներքո։ Այդ հոդվածի ուսումնասիրությունը կնպաստի մեր ծառայության բարելավմանը։
21 Իրոք որ, վարձահատույց գործ է անկեղծ սիրտ ունեցող մարդկանց օգնել հասկանալու բարի լուրը, որի մասին բազմիցս խոսվում է «Հռոմեացիներ» գրքում, այն բարի լուրը, որը «Աստծու զորությունն է բոլոր հավատ ունեցողների փրկության համար» (Հռոմ. 1։16)։ Ժամանակի ընթացքում նրանք նույնպես կհամաձայնվեն Պողոսի այն խոսքերի հետ, որոնք նա մեջբերեց Եսայիայի գրքից. «Որքա՜ն գեղեցիկ են նրանց ոտքերը, որ բարի լուր են հռչակում բարի բաների մասին» (Հռոմ. 10։15; Ես. 52։7)։
[ծանոթագրություն]
a Այս արտահայտությունը հանդիպում է նաև Աստվածաշնչի այլ գրքերում (Մարկ. 1։1; Գործ. 5։42; 1 Կորնթ. 9։12; Փիլիպ. 1։27)։
Հիշո՞ւմ ես
• Բարի լուրի վերաբերյալ ո՞ր միտքն է ընդգծվում «Հռոմեացիներ» գրքում։
• Ո՞ր փաստը պետք է օգնենք ուրիշներին հասկանալու։
• «Քրիստոսի մասին բարի լուրը» ի՞նչ օրհնություններ կարող է բերել մեզ և մյուս մարդկանց։
[մեջբերում 8-րդ էջի վրա]
Բարի լուրը, որի մասին խոսվում է «Հռոմեացիներ» գրքում, ընդգծում է Հիսուսի դերը Աստծու նպատակներում
[նկար 9-րդ էջի վրա]
Բոլորս ծնվել ենք մահացու արատով՝ մեղքով