Ամուսնությունը և ծնողական պարտականությունը այս վերջին ժամանակում
«Մնացած ժամանակը կարճացել է» (1 ԿՈՐՆԹ. 7։29)։
1. ա) Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում մեր այս դժվար ժամանակներում։ բ) Ընտանեկան արժեքների փոփոխությունը ինչո՞ւ է անհանգստացնում մեզ։
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔՈՒՄ կանխագուշակվել է, որ «վերջին ժամանակը» նշանավորվելու է պատերազմներով, երկրաշարժերով, սովերով և համաճարակներով (Դան. 8։17, 19; Ղուկ. 21։10, 11)։ Նաև ասվում է, որ մարդկության պատմության այս վճռական փուլում լինելու են սոցիալական մեծ փոփոխություններ, և «վերջին օրերի այս դժվար ժամանակներում» ընտանեկան կառույցը մեծ հարվածների է ենթարկվելու (2 Տիմոթ. 3։1–4)։ Այսօր մենք այս ամենի ականատեսն ենք։ Ինչո՞ւ են այդ փոփոխություններն անհանգստացնում մեզ. որովհետև դրանք շատ տարածված են և կարող են ազդել ամուսնության և ծնողական պարտականության վերաբերյալ քրիստոնյայի տեսակետի վրա։ Տեսնենք, թե ինչպես։
2. Ո՞րն է աշխարհի տեսակետը ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ։
2 Մեր օրերում, եթե մարդիկ ուզում են ամուսնալուծվել, ապա դա հեշտությամբ են անում։ Այս երևույթը բավականին տարածված է, իսկ բազմաթիվ երկրներում ամուսնալուծությունների թիվը աճում է չափազանց մեծ արագությամբ։ Սակայն մենք պետք է շատ լավ հասկանանք, որ ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ Եհովա Աստծու տեսակետը լիովին տարբերվում է աշխարհում ընդունված տեսակետից։ Իսկ ո՞րն է Եհովայի տեսակետը։
3. Ի՞նչ տեսակետ ունեն Եհովան և Հիսուս Քրիստոսը ամուսնության վերաբերյալ։
3 Եհովա Աստված ամուսնացածներից ակնկալում է, որ հավատարիմ մնան իրենց ամուսնական խոստմանը։ Երբ նա միավորեց առաջին տղամարդուն ու կնոջը ամուսնական կապով, ասաց. «Մարդը.... կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին»։ Հետագայում Հիսուս Քրիստոսը կրկնեց այս խոսքերը՝ ավելացնելով. «Ուրեմն, ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի»։ Այնուհետև ասաց. «Ով որ իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և մեկ ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Ծննդ. 2։24; Մատթ. 19։3–6, 9)։ Այսպիսով՝ Եհովան և Հիսուսը ամուսնությունը համարում են մի այնպիսի կապ, որը ամբողջ կյանքի համար է և ավարտվում է միայն կողակիցներից մեկի մահվան դեպքում (1 Կորնթ. 7։39)։ Քանի որ ամուսնությունը սուրբ կառույց է, ամուսնալուծության հարցին չի կարելի մատների արանքով նայել։ Աստծու Խոսքը հստակ ասում է, որ Եհովան ատում է սուրբգրային հիմք չունեցող ապահարզանը (կարդա՛ Մաղաքիա 2։13–16; 3։6)a։
Ամուսնանալը պատասխանատվություն է
4. Ինչո՞ւ են որոշ քրիստոնյաներ զղջում վաղ տարիքում ամուսնանալու համար։
4 Անաստված աշխարհը, որում ապրում ենք, համակված է սեքսի մոլուցքով։ Ամեն օր մենք ընկնում ենք ցանկահարույց պատկերների տարափի տակ։ Ինչ խոսք, չի կարելի թերագնահատել այն ազդեցությունը, որ դրանք կարող են թողնել մեզ վրա և հատկապես ժողովի երիտասարդ անդամների վրա, որոնց շատ ենք սիրում։ Ինչպե՞ս պետք է երիտասարդ քրիստոնյաները արձագանքեն այդ թունավոր ազդեցությանը, որը կարող է անգամ նրանց կամքին հակառակ սեռական ցանկություն առաջացնել նրանց մեջ։ Ոմանք փորձում են խնդիրը լուծել՝ ամուսնանալով շատ վաղ տարիքում, և հույս են ունենում, որ այդպիսով կխուսափեն սեռական անբարոյություն գործելուց։ Սակայն ամուսնությունից շատ չանցած՝ նրանք զղջում են, որ ամուսնացել են։ Ինչո՞ւ։ Երբ ամուսնության առաջին ժամանակների ուրախությունն անցնում է, ամուսինն ու կինը սկսում են հասկանալ, որ իրենք ընդհանուր քիչ բան ունեն, երբ հարցը առնչվում է առօրյային։ Բնականաբար, նման զույգերը լուրջ խնդրի առաջ են կանգնում։
5. Ի՞նչը կօգնի ամուսիններին հավատարիմ մնալ ամուսնական խոստմանը (տե՛ս նաև ծանոթագրությունը)։
5 Անշուշտ, հեշտ չէ ամուսնացած լինել մեկի հետ (այդ մեկը կարող է լինել նաև հավատակիցը), ով, պարզվում է, շատ հեռու է մեր ակնկալած անձնավորությունը լինելուց (1 Կորնթ. 7։28)։ Սակայն անկախ նրանից, թե որքան ծանր է իրավիճակը՝ ճշմարիտ քրիստոնյաները գիտեն, որ սուրբգրային հիմք չունեցող ամուսնալուծությունը ընդունելի ելք չէ այն դժվարություններից, որոնք առաջացել են անհաջող ամուսնության պատճառով։ Ուստի ովքեր ոչ մի ջանք չեն խնայում իրենց ամուսնությունը պահպանելու համար՝ ցանկանալով հավատարիմ մնալ ամուսնական խոստմանը, արժանի են քրիստոնեական ժողովի անդամների հարգանքին և սիրառատ օգնությանըb։
6. Ինչպե՞ս պետք է երիտասարդ քրիստոնյաները վերաբերվեն ամուսնության հարցին։
6 Երիտասա՞րդ ես։ Ամուրի՞ ես։ Եթե այո, ապա ինչպե՞ս ես վերաբերվում ամուսնանալու հարցին։ Դու կարող ես շատ ցավերից խուսափել, եթե համբերես և չսկսես հակառակ սեռի որևէ քրիստոնյայի հետ մտերմություն անել, մինչև որ ֆիզիկական, մտավոր և հոգևոր առումով պատրաստ լինես ամուսնությանը։ Ինչ խոսք, Աստվածաշունչը ամուսնության տարիք չի սահմանումc։ Բայց այն պարզորոշ ցույց է տալիս, որ հարկավոր է սպասել, մինչև որ անցնի այն շրջանը, երբ սեռական ցանկությունները շատ ուժեղ են (1 Կորնթ. 7։36)։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև սեռական ուժգին ցանկությունը կարող է մթագնել առողջ դատողությունը, որի պատճառով անհատը գուցե անխոհեմ որոշումներ կայացնի, իսկ հետևանքը տառապանքներն են։ Հիշիր, որ ամուսնության վերաբերյալ Եհովայի տված իմաստուն խորհուրդները քո երջանկության և օգտի համար են (կարդա՛ Եսայիա 48։17, 18)։
Ծնող լինելը պատասխանատվություն է
7. Ի՞նչ փոփոխություն է տեղի ունենում որոշ երիտասարդ զույգերի կյանքում, և ինչո՞ւ դա կարող է սրել նրանց փոխհարաբերությունները։
7 Որոշ զույգեր՝ հազիվ չափահաս դարձած, արդեն երեխա են ունենում, և դա այն դեպքում, երբ նրանք դեռ չեն հասցրել իրար լավ ճանաչել։ Իսկ նորածինը օրը 24 ժամ ուշադրություն է պահանջում։ Քանի որ փոքրիկը դառնում է մոր ուշադրության առարկան, ինչը միանգամայն բնական է, երիտասարդ ամուսինը գուցե խանդի։ Անքուն գիշերները լարվածության լրացուցիչ պատճառ են, ինչից ամուսինների փոխհարաբերությունները կարող են սրվել։ Երիտասարդ ամուսինները հանկարծ գիտակցում են, որ զգալիորեն կորցրել են իրենց ազատությունը։ Այժմ նրանք, ինչպես նախկինում, չեն կարող գնալ տարբեր տեղեր կամ զբաղվել ինչ–որ բանով։ Նրանք դարձել են ծնող։ Ուստի ինչպե՞ս պետք է վերաբերվեն իրենց ծնողական պարտականություններին։
8. Ի՞նչ պետք է համարենք ծնող լինելը և ինչո՞ւ։
8 Ինչպես որ ամուսնանալը, ծնող դառնալը ևս պատասխանատվություն է բերում, որը պետք է համարենք Աստծու կողմից տրված նշանակում և առանձնաշնորհում։ Ինչ փոփոխություններ էլ որ նորածինը մտցնի քրիստոնյա ամուսինների կյանքում, վերջիններս պետք է պատասխանատվության զգացում ցուցաբերեն և հարմարվեն նոր իրավիճակին։ Քանի որ Եհովան մարդկանց երեխաներ ունենալու կարողություն է տվել, ծնողները նորածնին կհամարեն որպես Եհովայի կողմից տրված ժառանգություն (Սաղ. 127։3)։ Քրիստոնյա մայրը և հայրը կձգտեն իրենց պարտականությունները կատարել «Տիրոջով» (Եփես. 6։1)։
9. ա) Ի՞նչ է նշանակում երեխա դաստիարակել։ բ) Ի՞նչ կարող է ամուսինն անել, որ կինը հոգևորապես ամուր մնա։
9 Երեխա դաստիարակել ու մեծացնել նշանակում է տարիներ շարունակ անձնազոհ ոգի դրսևորել։ Ծնողները իրենց ժամանակը և ուժերը նվիրում են նրան։ Քրիստոնյա ամուսինը պետք է հասկանա, որ կինը երեխայի ծնվելուց հետո մի քանի տարի թերևս չի կարողանա հարկ եղածի պես ուշադիր լինել ժողովի հանդիպումների ժամանակ, ինչպես նաև քիչ հնարավորություններ կունենա Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն անելու և խորհրդածելու։ Դրա պատճառով նրա հոգևոր վիճակը գուցե թուլանա։ Պատասխանատու հայրը իր ուժերի ներածին չափով կօգնի կնոջը հոգ տանել փոքրիկին։ Ամուսինը տանը կարող է պատմել իր կողակցին որոշ բաներ հանդիպման ծրագրից, որոնք նա չի կարողացել լսել։ Բացի այդ, ամուսինը կարող է մնալ երեխայի հետ, որպեսզի կինը հնարավորություն ունենա մասնակցել քարոզչությանը (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։3, 4)։
10, 11. ա) Ինչպե՞ս են ծնողները «Եհովայի մտածելակերպը» սերմանում երեխաների մեջ։ բ) Ինչո՞ւ են շատ քրիստոնյա ծնողներ արժանի գովասանքի։
10 Պատասխանատու ծնող լինելը ավելին է նշանակում, քան պարզապես երեխային սննդով, հագուստով, կացարանով ապահովելը և փոքրիկի առողջության մասին հոգալը։ Երեխաներին բարոյական սկզբունքներ պետք է սովորեցնել հենց մանուկ հասակից, մանավանդ այն պատճառով, որ ապրում ենք վտանգավոր ժամանակներում։ Ծնողները պետք է նրանց դաստիարակեն «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Դա նշանակում է Եհովայի մտքերը արմատավորել երեխայի մեջ՝ սկսած վաղ մանկությունից մինչև պատանեկություն (2 Տիմոթ. 3։14, 15)։
11 Երբ Հիսուսը իր հետևորդներին ասաց, որ աշակերտներ պատրաստեն «բոլոր ազգերի մարդկանցից», նա, անշուշտ, նկատի ուներ նաև այն, որ ծնողները պետք է օգնեն իրենց զավակներին դառնալու աշակերտներ (Մատթ. 28։19, 20)։ Դա հեշտ չէ, քանի որ այս աշխարհը մեծ ճնշում է գործադրում երեխաների վրա։ Ուստի այն ծնողները, ովքեր, դաստիարակելով իրենց երեխաներին, օգնել են նրանց դառնալ Աստծուն նվիրված քրիստոնյա, արժանի են ժողովի բոլոր անդամների ջերմ գովասանքին։ Նրանք իրենց հավատով և հավատարմությամբ «հաղթել» են աշխարհին և փաստել, որ պատասխանատու ծնողներ են (1 Հովհ. 5։4)։
Ամուրի կամ անզավակ՝ վեհ նպատակի համար
12. Ինչո՞ւ են որոշ քրիստոնյաներ վճռում միառժամանակ ամուրի մնալ։
12 Քանի որ «մնացած ժամանակը կարճացել է», և «այս աշխարհի տեսարանը փոխվում է», Աստվածաշունչը խորհուրդ է տալիս մտածել ամուրիության առավելությունների մասին (1 Կորնթ. 7։29–31)։ Որոշ քրիստոնյաներ վճռել են ամուրի մնալ ամբողջ կյանքում կամ մի քանի տարի։ Գովելի է, որ նրանք ամուրիության տված ազատությունը չեն օգտագործում եսասիրական նպատակների համար։ Շատերը չեն ամուսնանում, որպեսզի Եհովային ծառայեն «առանց շեղումների» (կարդա՛ 1 Կորնթացիներ 7։32–35)։ Որոշ ամուրի քրիստոնյաներ ծառայում են որպես ռահվիրաներ կամ բեթելցիներ։ Մյուսները ձգտում են համապատասխանել Ծառայության կատարելագործման դպրոցում սովորելու պահանջներին, որպեսզի կարողանան ավելի շատ բան անել Եհովայի կազմակերպության համար։ Այն քրիստոնյաները, ովքեր որոշ ժամանակ ամուրի են մնացել ու ծառայել են լիաժամ, ամուսնանալուց հետո զգացել են, որ ամուրիության տարիներին ձեռք բերած փորձը շատ օգտակար է ամուսնական կյանքում։
13. Որոշ քրիստոնյա զույգեր ինչո՞ւ չեն ուզում երեխա ունենալ։
13 Աշխարհի որոշ վայրերում ընտանեկան կյանքում մեկ այլ փոփոխություն է նկատվում. բազմաթիվ զույգեր որոշում են երեխա չունենալ։ Ոմանք այդպես են անում տնտեսական պատճառներով, մյուսները ցանկանում են ազատ լինել, որպեսզի շահավետ կարիերա ստեղծեն։ Քրիստոնյաների մեջ էլ կան զույգեր, որոնք չեն ուզում երեխա ունենալ։ Բայց ի տարբերություն ուրիշների՝ նրանց մեծամասնությունը նման որոշում է կայացնում, որպեսզի հնարավորություն ունենա ավելի շատ ծառայելու Եհովային։ Անշուշտ, դա չի նշանակում, թե նրանք չեն ապրում նորմալ ամուսնական կյանքով։ Բայցևայնպես, այդ եղբայրներն ու քույրերը պատրաստ են Թագավորության շահերը վեր դասել որոշ ուրախություններից, որ տալիս է ամուսնությունը (1 Կորնթ. 7։3–5)։ Այդ քրիստոնյա զույգերից մի քանիսը իրենց անձերը տրամադրում են Եհովային և իրենց եղբայրներին՝ կատարելով շրջանային կամ մարզային ծառայություն կամ ծառայելով Բեթելում։ Մյուսները ռահվիրաներ կամ միսիոներներ են։ Եհովան չի մոռանա նրանց աշխատանքը և այն սերը, որ ցույց են տալիս իր անվան համար (Եբր. 6։10)։
«Նեղություն՝ մարմնում»
14, 15. Քրիստոնյա ծնողները ինչպիսի՞ «նեղություն» գուցե ունենան։
14 Պողոս առաքյալը ամուսնացած քրիստոնյաներին ասաց, որ նրանք «նեղություն կունենան իրենց մարմնում» (1 Կորնթ. 7։28)։ Այդպիսի նեղություն կարող են լինել ինչպես իրենց, այնպես էլ երեխաների և տարեց ծնողների առողջական խնդիրները, նաև երեխաներին դաստիարակելու դժվարությունները։ Ինչպես նշվեց այս հոդվածի սկզբում, Աստվածաշունչը կանխագուշակել է, որ «վերջին օրերում» չափազանց դժվար ժամանակներ են լինելու։ Այդ ժամանակները դժվար էին լինելու նաև «ծնողներին անհնազանդ» երեխաների պատճառով (2 Տիմոթ. 3։1–3)։
15 Երեխա դաստիարակելը լուրջ խնդիր է քրիստոնյա ծնողների համար։ Մենք պաշտպանված չենք այս «դժվար ժամանակների» վատ ազդեցությունից։ Ուստի քրիստոնյա ծնողները պետք է անդադար պայքար մղեն այն վտանգավոր ազդեցության դեմ, որ «այս աշխարհի իրերի համակարգը» կարող է թողնել իրենց երեխաների վրա (Եփես. 2։2, 3)։ Եվ այդ պայքարում նրանք միշտ չէ, որ կարողանում են հաղթել։ Երբ քրիստոնյայի որդին կամ դուստրը դադարում է Եհովային ծառայելուց, դա իսկապես «նեղություն» է ծնողների համար, ովքեր ջանացել են մեծացնել իրենց երեխային Աստծու ճանապարհներով (Առակ. 17։25)։
«Այն ժամանակ մեծ նեղություն կլինի»
16. Ի՞նչ «նեղության» մասին մարգարեացավ Հիսուսը։
16 Սակայն մի նեղություն է լինելու, որը անհամեմատ ավելի ցավոտ է, քան ամուսնության կամ երեխաներ մեծացնելու հետ կապված որևէ «նեղություն»։ Իր ներկայության և իրերի համակարգի վախճանի մասին մարգարեության մեջ Հիսուսն ասաց. «Մեծ նեղություն կլինի, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի» (Մատթ. 24։3, 21)։ Հետագայում նա հայտնեց, որ մի մեծ բազմություն է վերապրելու այդ «մեծ նեղությունից»։ Սատանայի համակարգը փորձելու է վերջին անգամ հարված հասցնել Եհովայի խաղաղ ժողովրդին։ Անկասկած, այդ ժամանակ դժվար կլինի բոլորիս համար՝ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի։
17. ա) Ինչո՞ւ կարող ենք ապագային վստահությամբ նայել։ բ) Ի՞նչը կօգնի մեզ ճիշտ տեսակետ ունենալ ամուսնության և ծնողական պարտականության վերաբերյալ։
17 Բայցևայնպես, մենք չպետք է չափից շատ վախենանք ապագայից։ Եհովային հավատարիմ ծնողները կարող են հուսալ, որ պաշտպանված կլինեն իրենց երեխաների հետ (կարդա՛ Եսայիա 26։20, 21; Սոփ. 2։2, 3; 1 Կորնթ. 7։14)։ Իսկ մինչ այդ եկեք շարունակենք գիտակցել, թե ինչ ժամանակներում ենք ապրում, և թող այդ բանի գիտակցումը օգնի մեզ այս վերջին ժամանակում ճիշտ տեսակետ ունենալ ամուսնության և ծնողական պարտականության վերաբերյալ (2 Պետ. 3։10–13)։ Անկախ նրանից՝ ամուսնացած ենք, թե ամուրի, ունենք երեխա, թե՝ ոչ՝ եկեք փառք ու պատիվ բերենք Եհովային ու քրիստոնեական ժողովին։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Ապրիր՝ քո մտքում պահելով Եհովայի օրը» գրքի «Ես ատում եմ ապահարզանը» ենթավերնագիրը (էջ 125, անգլ.)։
b Ամուսնական խնդիրներ ունեցողների համար քաջալերական կլինեն «Դիտարանի» 2003 թ. սեպտեմբերի 15–ի և «Արթնացե՛ք»–ի 2001 թ. հունվարի 8–ի (անգլ., ռուս.) համարներում ամուսնության վերաբերյալ տպագրված հոդվածները։
c Տե՛ս «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 30–րդ գլուխը՝ «Պատրա՞ստ եմ ամուսնանալու» (անգլ., ռուս.)։
Կրկնենք
• Ինչո՞ւ երիտասարդ քրիստոնյան չպիտի շտապի ամուսնանալ։
• Ի՞նչ է նշանակում երեխա դաստիարակել ու մեծացնել։
• Ինչո՞ւ են շատ քրիստոնյաներ որոշում չամուսնանալ, իսկ եթե ամուսնացած են՝ երեխա չունենալ։
• Ի՞նչ «նեղություն» գուցե կրեն քրիստոնյա ծնողները։
[նկար 17–րդ էջի վրա]
Ինչո՞ւ իմաստուն կլինի, որ երիտասարդ քրիստոնյան չշտապի ամուսնանալ
[նկար 18–րդ էջի վրա]
Ամուսինը շատ բան կարող է անել, որ օգնի կնոջը լիարժեքորեն մասնակցել հոգևոր գործունեությանը
[նկար 19–րդ էջի վրա]
Ինչո՞ւ են որոշ քրիստոնյա զույգեր որոշում երեխա չունենալ