Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 7/15 էջ 26–28
  • Ուշագրավ մտքեր «Կորնթացիներ» նամակներից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուշագրավ մտքեր «Կորնթացիներ» նամակներից
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «ԱՐԹՈ՛ՒՆ ՄՆԱՑԵՔ, ՀԱՍՏԱ՛Տ ԿԱՆԳՆԵՔ, ԶՈՐԱՑԵ՛Ք»
  • (1 Կորնթ. 1։1–16։24)
  • «ՇԱՐՈՒՆԱԿԵ՛Ք.... ՈՒՂՂՎԵԼ»
  • (2 Կորնթ. 1։1–3։14)
  • Աստվածաշնչի գիրք համար 46. 1 Կորնթացիներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Աստվածաշնչի գիրք համար 47. 2 Կորնթացիներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ուշագրավ մտքեր «Թեսաղոնիկեցիներ» և «Տիմոթեոս» նամակներից
    2008 Դիտարան
  • «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
Ավելին
2008 Դիտարան
w08 7/15 էջ 26–28

Եհովայի Խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Կորնթացիներ» նամակներից

ՊՈՂՈՍ առաքյալը խորապես անհանգստացած է Կորնթոսի ժողովի հոգևոր բարօրությամբ։ Նա լսել է, որ տարաձայնություններ կան տեղի եղբայրների միջև։ Անբարոյությունը հանդուրժվում է։ Բացի այդ, ժողովը որոշ խնդիրների վերաբերյալ նամակով դիմել է Պողոսին։ Ուստի առաքյալը մոտ 55 թ.–ին, երբ իր միսիոներական երրորդ շրջագայության ընթացքում Եփեսոսում է, գրում է նրանց ուղղված իր երկու նամակներից առաջինը։

Երկրորդ նամակը, որը ակներևաբար գրվեց ընդամենը մի քանի ամիս անց, առաջինի շարունակությունն է։ Քանի որ առաջին դարում Կորնթոսի ժողովում և ժողովից դուրս տիրող դրությունը շատ առումներով նման է մեր ժամանակներին, Պողոսի՝ կորնթացիներին ուղղած նամակները մեծ արժեք ունեն նաև մեզ համար (Եբր. 4։12)։

«ԱՐԹՈ՛ՒՆ ՄՆԱՑԵՔ, ՀԱՍՏԱ՛Տ ԿԱՆԳՆԵՔ, ԶՈՐԱՑԵ՛Ք»

(1 Կորնթ. 1։1–16։24)

«Բոլորդ միևնույն բանը խոսեք»,— հորդորում է Պողոսը (1 Կորնթ. 1։10)։ Հիսուս Քրիստոսից բացի, չկա մեկ ուրիշ հիմք, որի վրա կառուցվում են քրիստոնեական հատկությունները (1 Կորնթ. 3։11–13)։ Ժողովի անդամներից մեկը պոռնկություն է գործել, և Պողոսը նրա մասին ասում է. «Հեռացրե՛ք չար մարդուն ձեր միջից» (1 Կորնթ. 5։13)։ «Մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ համար է»,— ասում է նա (1 Կորնթ. 6։13)։

Կորնթացիները որոշ բաների մասին գրել են Պողոսին, և նա ողջամիտ խորհուրդ է տալիս ամուսնության և ամուրիության վերաբերյալ (1 Կորնթ. 7։1)։ Առաքյալը խոսում է քրիստոնեական գլխավորության, քրիստոնեական հանդիպումներում կարգուկանոնի և հարության հաստատ լինելու մասին, այնուհետև կոչ է անում. «Արթո՛ւն մնացեք, հավատի մեջ հաստա՛տ կանգնեք, արիացե՛ք, զորացե՛ք» (1 Կորնթ. 16։13)։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

1։21 — Իսկապե՞ս Եհովան «հիմարության» միջոցով է փրկում հավատացյալներին։ Ո՛չ, դա այդպես չէ։ Բայց քանի որ «աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն», այն, ինչ Եհովան օգտագործում է մարդկանց փրկելու համար, հիմարություն է երևում աշխարհի աչքին (Հովհ. 17։25)։

5։5 — Ի՞նչ է նշանակում «[ամբարիշտ] մարդուն հանձնել Սատանային՝ մարմնի կործանման համար, որպեսզի ոգին փրկվի»։ Երբ անհատը շարունակաբար լուրջ մեղք է գործում, չի զղջում և զրկվում է ընկերակցությունից, նա նորից դառնում է Սատանայի չար աշխարհի մի մասը (1 Հովհ. 5։19)։ Ուստի նրա մասին ասվում է, որ նրան Սատանային են հանձնում։ Անհատի վտարման արդյունքում «կործանվում», այսինքն՝ ժողովից հեռացվում է ապականիչ տարրը, և պահպանվում է ժողովի ոգին, այսինքն՝ գերակշռող տրամադրվածությունը (2 Տիմոթ. 4։22)։

7։33, 34 — Ի՞նչ են նշանակում «աշխարհի բաները», որոնց համար ամուսնացած տղամարդը կամ կինը մտահոգվում է։ Պողոսը նկատի ուներ կյանքի առօրյա բաները։ Ամուսնացած քրիստոնյաները ունեն զանազան հոգսեր սննդի, հագուստի և կացարանի հետ կապված։ Սակայն առաքյալը նկատի չուներ այս աշխարհի վատ բաները, որոնցից քրիստոնյաները խույս են տալիս (1 Հովհ. 2։15–17)։

11։26 — Որքա՞ն հաճախ պետք է Հիսուսի մահը նշվի և «մինչև» ե՞րբ։ Պողոսը չէր ասում, որ Հիսուսի մահը պետք է հաճախ նշվի։ Նա ասում էր, որ ամեն անգամ, երբ օծյալ քրիստոնյաները օգտվում են խորհրդանիշներից՝ տարին մեկ անգամ՝ նիսանի 14–ին, նրանք «հռչակում են Տիրոջ մահը»։ Օծյալները դա անում են «մինչև որ նա գա», այսինքն՝ մինչև որ նա ընդունի նրանց երկինք հարության միջոցով (1 Թեսաղ. 4։14–17)։

13։13 — Ինչպե՞ս է սերը ավելի մեծ հավատից և հույսից։ Երբ «հուսացած բաները» դառնում են իրողություն, և դրանց «հաստատուն ակնկալությունը» իրականանում է, տվյալ բաների հանդեպ հավատը և հույսը այլևս էական չեն (Եբր. 11։1)։ Սերը մեծ է հավատից և հույսից նրանով, որ մնում է հավիտյան։

15։29 — Ի՞նչ է նշանակում «մկրտվել մահացածներ լինելու նպատակով»։ Պողոսը նկատի չուներ, որ ապրողները մկրտվեն նրանց փոխարեն, ովքեր մահացել են առանց մկրտվելու։ Այստեղ առաքյալը խոսում է ոգով օծված քրիստոնյաների՝ այնպիսի կյանքի ուղու մեջ ընկղմվելու մասին, որի ընթացքում նրանք անարատություն են պահում մինչև մահ, որից հետո հարություն են առնում ոգեղեն կյանքի։

Դասեր մեզ համար

1։26–31; 3։3–9; 4։7. Եթե խոնարհաբար պարծենանք Եհովայով և ոչ թե մեզնով, կնպաստենք ժողովի միասնությանը։

2։3–5. Վկայություն տալով հունական փիլիսոփայության և կրթության կենտրոն Կորնթոսում՝ Պողոսը գուցե անհանգստանար այն հարցով, թե կկարողանա արդյոք համոզել իր ունկնդիրներին։ Բայց նա թույլ չտվեց, որ ինչ–որ թուլություն կամ վախ խոչընդոտի իրեն կատարելու իր աստվածատուր ծառայությունը։ Նմանապես, մենք չպետք է թույլ տանք, որ անսովոր հանգամանքները խանգարեն մեզ հռչակելու Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Պողոսի պես՝ կարող ենք վստահությամբ ապավինել Եհովային, և նա կօգնի մեզ։

2։16. «Քրիստոսի միտքն» ունենալ նշանակում է իմանալ, թե ինչպես էր նա մտածում, մտածել նրա պես, համակողմանիորեն ճանաչել նրա անձնավորությունը և ընդօրինակել նրան (1 Պետ. 2։21; 4։1)։ Որքա՜ն կարևոր է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հիսուսի կյանքն ու ծառայությունը։

3։10–15; 4։17. Մենք պետք է քննենք և բարելավենք ուսուցանելու և աշակերտներ պատրաստելու մեր հմտությունները (Մատթ. 28։19, 20)։ Եթե լավ չենք ուսուցանում, անհատը, ում սովորեցնում ենք, հնարավոր է՝ չդիմանա հավատի փորձություններին։ Այդ դեպքում գուցե մեր կրած կորուստը շատ ցավալի լինի, ասես «կրակի միջով փրկված» լինենք։

6։18. «Փախչել պոռնկությունից» նշանակում է խուսափել ոչ միայն այնպիսի գործողություններից, որոնք պոռնի՛ա են, այլև պոռնկագրությունից, բարոյական անմաքրությունից, սեռական թեմաներով ֆանտազիաներից, ֆլիրտից, մի խոսքով՝ ցանկացած բանից, որը կարող է տանել պոռնկության (Մատթ. 5։28; Հակ. 3։17)։

7։29. Ամուսինները պետք է զգույշ լինեն, որ այնքան չտարվեն իրարով, որ Թագավորության շահերը երկրորդ տեղ մղվեն իրենց կյանքում։

10։8–11. Եհովան խորապես վիրավորվեց, երբ իսրայելացիները տրտնջացին Մովսեսի և Ահարոնի դեմ։ Մենք իմաստուն կլինենք, եթե աչալուրջ լինենք և թույլ չտանք, որ մեր մեջ տրտունջի ոգի զարգանա։

16։2. Մենք Թագավորության շահերի համար կանոնավորաբար նվիրաբերություններ կանենք, եթե նախապես դա պլանավորենք և հետևողական լինենք։

«ՇԱՐՈՒՆԱԿԵ՛Ք.... ՈՒՂՂՎԵԼ»

(2 Կորնթ. 1։1–3։14)

Պողոսը կորնթացիներին ասում է, որ նրանք պետք է «մեծահոգաբար ներեն և մխիթարեն» զղջացող մեղավորին, որը նկատողություն է ստացել։ Չնայած առաքյալի առաջին նամակը տխրեցրել էր կորնթացիներին, նա ուրախություն է արտահայտում այն պատճառով, որ նրանց «տրտմությունը զղջում առաջ բերեց» (2 Կորնթ. 2։6, 7; 7։8, 9)։

Քանի որ կորնթացիները «առատանում են ամեն ինչում», Պողոսը նրանց քաջալերում է «առատանալ նվեր տալու գործում» ևս։ Հակառակվողներին պատասխանելուց հետո նա վերջին խորհուրդն է տալիս բոլորին. «Շարունակե՛ք ուրախանալ, ուղղվել, մխիթարվել, միևնույն բանը մտածել, խաղաղությամբ ապրել» (2 Կորնթ. 8։7; 13։11)։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

2։15, 16 — Ինչպե՞ս ենք մենք «Քրիստոսի անուշ բուրմունք»։ Մենք Քրիստոսի անուշ բուրմունքն ենք, որովհետև ապրում ենք Աստվածաշնչի չափանիշներով և քարոզում ենք Աստծու Խոսքի պատգամը։ Այդ բուրմունքը գուցե տհաճ է անարդար մարդկանց, սակայն հաճելի է Եհովային և ազնվասիրտ անհատներին։

5։16 — Ի՞նչ է նշանակում այն, որ օծյալ քրիստոնյաները «ոչ ոքի չգիտեն ըստ մարմնի»։ Նրանք մարդկանց չեն նայում, այսպես ասած, մարմնական տեսանկյունից, այն է՝ խտրականություն չեն դնում նրանց միջև՝ ելնելով վերջիններիս նյութական վիճակից, ռասայից, ազգային և էթնիկական պատկանելությունից։ Օծյալների համար առավել կարևոր են իրենց հավատակիցների հետ ունեցած հոգևոր փոխհարաբերությունները։

11։1, 16; 12։11 — Արդյո՞ք Պողոսը անխոհեմաբար էր վերաբերվում կորնթացիներին։ Ո՛չ։ Սակայն հնարավոր է՝ ոմանց աչքին Պողոսը երևում էր պարծենկոտ և անխոհեմ այն խոսքերի պատճառով, որոնք նա ստիպված էր ասելու իր առաքյալ լինելը պաշտպանելու համար։

12։1–4 — Ո՞վ «հափշտակվեց դրախտ»։ Աստվածաշունչը չի խոսում որևէ այլ անհատի մասին, ով այդպիսի տեսիլք է տեսել։ Բացի այդ, այս հատվածը հաջորդում է այն հատվածին, որտեղ Պողոսը պաշտպանում է իր առաքյալ լինելը։ Ուստի կարելի է ասել, որ նա պատմում է իր մասին։ Առաքյալի տեսածը, ըստ ամենայնի, հոգևոր դրախտն էր, որը վայելում է քրիստոնեական ժողովը «վերջին ժամանակում» (Դան. 12։4)։

Դասեր մեզ համար

3։5. Այս համարը, ըստ էության, մեզ ասում է, որ Եհովան մեզ բավականաչափ որակյալ է դարձնում ծառայության համար իր Խոսքի, սուրբ ոգու և իր կազմակերպության երկրային մասի միջոցով (Հովհ. 16։7; 2 Տիմոթ. 3։16, 17)։ Լավ կլինի, որ մենք Աստվածաշունչը և Աստվածաշնչի վրա հիմնված գրականությունը ուսումնասիրենք ջանադրաբար, միշտ աղոթենք սուրբ ոգին ստանալու համար և կանոնավորաբար հաճախենք ու մասնակցենք քրիստոնեական հանդիպումներին (Սաղ. 1։1–3; Ղուկ. 11։10–13; Եբր. 10։24, 25)։

4։16. Քանի որ Եհովան «օրեցօր նորոգում է մեր ներքին մարդը», մենք պետք է կանոնավորաբար օգտվենք նրա տված միջոցներից՝ թույլ չտալով, որ թեկուզ մեկ օր անցնի առանց հոգևոր բաների։

4։17, 18. Եթե հիշենք, որ «նեղությունը վաղանցիկ է ու թեթև», ապա դժվարությունների ժամանակ կկարողանանք հավատարիմ մնալ Եհովային։

5։1–5. Որքա՜ն գեղեցիկ է Պողոսը նկարագրում օծյալ քրիստոնյաների՝ երկնային կյանքի հույսի հետ կապված զգացումները։

10։13. Եթե մեզ կոնկրետ չեն ասել, որ կարող ենք ծառայել այնտեղ, որտեղ մեծ կարիք կա, ապա, որպես կանոն, պետք է քարոզենք միայն մեր ժողովին նշանակված տարածքում։

13։5. «Ստուգելու համար, թե արդյոք հավատի մեջ ենք», պետք է մեր վարքը քննենք Աստվածաշնչի լույսի ներքո։ Որպեսզի «փորձենք ինքներս մեզ, որ իմանանք, թե ովքեր ենք», պետք է պարզենք, թե ինչ հոգևոր վիճակ ունենք, մասնավորապես պետք է ստուգենք, թե մեր ըմբռնողականությունը որքանով է սուր, և թե որքան շատ և բազմազան են մեր հավատի գործերը (Եբր. 5։14; Հակ. 1։22–25)։ Կիրառելով Պողոսի այս խոհեմ խորհուրդը՝ մենք կկարողանանք շարունակել քայլել ճշմարտության ճանապարհով։

[նկար 26–րդ և 27–րդ էջերի վրա]

Ո՞րն է «ամեն անգամ, երբ ուտեք այս հացը և խմեք այս բաժակից» խոսքերի իմաստը (1 Կորնթ. 11։26)

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը