Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 1/1 էջ 28–31
  • «Այնպէս վազեցէք...»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Այնպէս վազեցէք...»
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մարտնչել «ըստ օրէնքի»
  • «Դէն գցենք ամեն ծանրութիւն»
  • Համբերատարությամբ ընթանանք
  • Մրցանակը
  • Նա, ով արժանի է մեր ընդօրինակմանը
  • Կարո՛ղ եք դիմանալ մինչև վերջ
    1999 Դիտարան
  • Այնպես վազիր, որ ստանաս մրցանակը
    2011 Դիտարան
  • Տոկունությամբ վազիր մրցավազքը
    2011 Դիտարան
  • Վազիր մինչև վերջնագիծ
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2001 Դիտարան
w01 1/1 էջ 28–31

«Այնպէս վազեցէք...»

Պատկերացրեք, որ գտնվում եք հսկայական ամբոխով լեցուն մարզադաշտում։ Մարզիկները դաշտ են մտնում. ժողովուրդը գոռում–​գոչյունով ու խոր հուզմունքով է դիմավորում իր հերոսներին։ Դատավորներն իրենց տեղերն են զբաղեցրել հետևելու համար, որ կանոնները չխախտվեն։ Սկսվում են մրցությունները. հիասթափության աղաղակներին միախառնված՝ որոտի պես թնդում են ցնծության բացականչությունները։ Խլացնող ծափահարություններով է հանդիսատեսը դիմավորում հաղթողներին։

Ո՛չ, սա ժամանակակից մրցություններից չէ, այլ շուրջ երկու հազար տարի առաջ Կորնթոսի պարանոցում (Իսթմոս) անցկացվող մրցություններն են։ Այստեղ մ.թ.ա. վեցերորդ դարից մինչև մ.թ. չորրորդ դարը երկու տարին մեկ անց էին կացվում հանրահայտ Իսթմոսյան խաղերը։ Մի քանի օր շարունակ Հունաստանը տարված էր լինում այդ մրցություններով։ Դրանք հասարակ մարմնամարզական մրցություններ չէին։ Մարմնամարզիկների պատրաստվածությամբ կարելի էր դատել երկրի ռազմական ուժի մասին։ Հաղթողները (ի դեպ ժողովրդի համար նրանք հերոս էին ու պաշտվում էին նրա կողմից) պարգևատրվում էին ծառի տերևներից հյուսված պսակներով։ Նրանք առատ նվերներ էին ստանում և քաղաքի կողմից ապահովվում ցմահ կենսաթոշակով։

Կորնթոսի մոտ անցկացվող Իսթմոսի մրցություններին քաջ ծանոթ է եղել Պողոս առաքյալը և քրիստոնյայի կյանքի ընթացքը նա նմանեցրել է մարմնամարզական մրցության։ Խոսելով վազորդների մասին և նույն հաջողությամբ նկատի ունենալով ըմբշամարտիկների ու բռնցքամարտիկների օրինակը՝ նա հմտորեն ցույց տվեց լավ մարզումների, նպատակային ջանքերի ու տոկունության վարձատրությունը։ Քրիստոնյաները, որոնց Պողոսը հասցեագրել էր իր նամակը, նույնպես տեղյակ էին այդ խաղերին։ Նրանցից ոմանք ժամանակին, անկասկած, եղել են մարզադաշտում բացականչող ներկաների թվում։ Ուստի, նրանք հեշտությամբ ըմբռնեցին Պողոսի բերած համեմատությունը։ Բայց ի՞նչ կարելի է ասել մեզ համար այսօր։ Քանի որ մենք նույնպես գտնվում ենք հավիտենական կյանքի տանող ուղու վրա, ի՞նչ օգուտ կարող ենք քաղել այդ մրցությունների հետ կապված Պողոսի բերած համեմատությունից։

Մարտնչել «ըստ օրէնքի»

Հնագույն այս խաղերի հավակնորդների առջև դրվող նախնական պահանջները բավականաչափ խիստ էին։ Մունետիկը մարզիկներից յուրաքանչյուրին ներկայացնելով հանդիսականներին՝ բացականչում էր. «Կա՞ արդյոք մեկը, ով կարող է այս մարդուն մեղադրել որևէ հանցանքի մեջ։ Գողությա՞ն, չարությա՞ն, անբարոյականությա՞ն մեջ մեղադրող»։ Ըստ «Հունական հնագիտություն» («Archaeologia Graeca», անգլ.) աշխատության՝ «ոչ մի հանցանքի տխրահռչակ հեղինակ կամ նման որևէ մեկը իրավունք չուներ մասնակցելու մրցությանը»։ Բացի այդ, խաղի կանոնները խախտողները խիստ տուգանքի էին ենթարկվում՝ վտարվում էին մարզադաշտից և կորցնում մրցություններին մասնակցելու իրավունքը։

Վերոհիշյալ տեղեկությունն օգնում է հասկանալ Պողոսի հետևյալ խոսքերը. «Եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Բ Տիմոթէոս 2։5)։ Այսպիսով՝ կյանքի մրցասպարեզում վազելու համար հարկ է, որ պահենք Եհովայի պահանջները՝ ենթարկվելով նրա բարոյական բարձր չափանիշներին, որոնք ի հայտ են բերված Աստվածաշնչում։ Սակայն Աստվածաշունչը մեզ հիշեցնում է նաև այն մասին, որ «մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնիցը» (Ծննդոց 8։21)։ Ուստի, նույնիսկ մրցավազքը սկսելուց հետո պետք է զգույշ լինենք՝ կանոնների համաձայն վարվելու, որպեսզի շարունակենք վայելել Եհովայի հավանությունը և հետագայում հավիտենական կյանք ստանանք։

Սրանում մեզ համար ամենամեծ օգնությունն է հանդիսանում սերն առ Աստված (Մարկոս 12։29–31)։ Այդ սերն ունենալու դեպքում մենք ցանկություն կունենանք հաճեցնել Եհովային և նրա կամքին ներդաշնակ ապրել (Ա Յովհաննէս 5։3)։

«Դէն գցենք ամեն ծանրութիւն»

Հին խաղերի ժամանակ վազորդներն իրենց չէին ծանրաբեռնում հագուստով և հանդերձանքով։ «Մրցավազքի ժամանակ.... մասնակիցները սովորաբար մերկ էին հանդես գալիս»,— նշում է «Հույների ու հռոմեացիների կյանքը» գիրքը («The Life of the Greeks and Romans»)։ Հագուստի բացակայությունը հնարավորություն էր տալիս մարզիկին ազատ ու ճարպիկ լինել իր շարժումներում. նրա էներգիան չէր ծախսվում ավելորդ ծանրության վրա։ Պողոսը թերևս հենց դա ի նկատի ուներ, երբ եբրայեցի քրիստոնյաներին գրեց. «Դէն գցենք ամեն ծանրութիւն.... եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը» (Եբրայեցիս 12։1, ԱԹ)։

Ի՞նչ տեսակի ծանրությունը կարող է խանգարել մեզ կյանքի մրցավազքում։ Դա կարող է լինել ոչ անհրաժեշտ նյութական իրեր կուտակելու կամ ավելի ճոխ ապրելու սովորությունը։ Ոմանք հարստության մեջ են տեսնում իրենց ապահովությունը կամ էլ գտնում են, որ հենց դրանից է կախված մարդու երջանկությունը։ Այս ավելորդ «բեռը» կարող է այն աստիճանի դանդաղեցնել վազորդի արագությունը, որ ի վերջո նա իր կյանքում դադարի կարևորագույն տեղը հատկացնել Աստծուն (Ղուկաս 12։16–21)։ Հավիտենական կյանքը նրա համար աստիճանաբար կարող է դառնալ աղոտ մի հույս։ «Նոր աշխարհը,— թերևս մտածի նա,— մի օր գալու է, բայց այսօր պետք է օգտվել այն ամենից, ինչ տալիս է մարդուն ա՛յս աշխարհը» (Ա Տիմոթէոս 6։17–19)։ Նման նյութապաշտական հայացքները հեշտությամբ կարող են շեղել մարդուն դեպի կյանք տանող մրցավազքից կամ էլ խանգարել նույնիսկ սկսելու այն։

Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ’ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ’արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային [հարստությանը]»։ Ապա, բուսական և կենդանական աշխարհի հանդեպ Եհովայի հոգատարության մասին խոսելուց հետո նա նշեց նաև, որ մարդիկ ավելի թանկ են նրա համար։ «Այսուհետեւ,— խորհուրդ տվեց նա,— հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետեւ հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է։ Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ» (Մատթէոս 6։24–33)։

Համբերատարությամբ ընթանանք

Հնում կազմակերպվող մրցավազքերը միշտ չէ, որ կարճ տարածության վրա էին։ «Դո՛լիխոս» կոչվող մրցավազքի տարածությունը կազմում էր չորս կիլոմետր. ուժի և համբերատարության իսկական քննություն։ Ըստ ավանդության՝ Այիաս անունով մի մարզիկ մ.թ.ա. 328 թ.–ին այդ մրցավազքում հաղթանակ տանելուց հետո վազքով հասել է իր հայրենի քաղաքը՝ Արգոս, որպեսզի ամենուր հռչակի իր հաղթանակը։ Այդ օրը նա վազել էր մոտավորապես 110 կիլոմետր։

Քրիստոնյայի կյանքի մրցավազքը նույնպես երկար տարածության վրա է և փորձում է մեր համբերատարությունը։ Այդ տարածությունը մինչև վերջ անցնելով է, որ Եհովայի հաճությանն ու հավիտենական կյանքի պարգևին կարժանանանք։ Պողոսը հենց այդպես է անցել տարածությունը և իր կյանքի վերջին օրերին կարող էր ասել. «Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը։ Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը» (Բ Տիմոթէոս 4։7, 8)։ Մենք էլ նրա նման պետք է ‘ավարտենք մեր ընթացքը’։ Եթե մեր համբերատարությունը նվազում է միայն այն պատճառով, որ տարածությունը մեր կարծածից քիչ ավելի երկար է, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ զրկվենք մրցանակը ստանալու հնարավորությունից (Եբրայեցիս 11։6)։ Որքա՜ն ցավալի դա կլիներ՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ մենք չափազանց մոտ ենք վերջնակետին։

Մրցանակը

Հին Հունաստանի մարմնամարզական մրցություններում հաղթանակ տանողները պարգևատրվում էին սովորաբար ծառի տերևներից հյուսված և ծաղիկներով զարդարված պսակներով։ Պյութիական խաղերի հաղթողները դափնեպսակի մրցանակն էին ստանում։ Օլիմպիական խաղերի հաղթողների պսակը ձիթենու տերևներից էր, իսկ Իսթմոսի մրցություններինը՝ սոճու ոստերից։ «Մրցորդների ոգևորությունը գրգռելու նպատակով,— նշում է մի աստվածաշնչագետ,— պսակները, այսինքն՝ հաղթանակի վարձատրությունները ու արմավենու տերևները մրցությունների ողջ ընթացքում դրված էին լինում նրանց աչքի առջև՝ մարզադաշտում, եռոտանու կամ սեղանի վրա»։ Պսակը կրելը հաղթողի համար մեծ պատիվ էր։ Տուն վերադառնալիս նա հաղթանակի մեծ ցնծությամբ էր կառքով քաղաք մտնում։

Նկատի ունենալով այս ամենը՝ Պողոսն իր կորնթացի ընթերցողներին հետևյալ հարցն էր ուղղել. «Չգիտէ՞ք, թէ նրանցից, որ ասպարէզում վազում են, – թէեւ բոլորն են վազում, – միայն մէկն է առնում յաղթութեան մրցանակը։ Այնպէ՛ս վազեցէք, որ հասնէք դրան.... Նրանք [վազում են] որպէսզի կորնչելի պսակն առնեն, իսկ մենք՝ անկորնչելին» (Ա Կորնթացիս 9։24, 25; Ա Պետրոս 1։3, 4)։ Ի տարբերություն այդ հին խաղերում տրվող պսակների, որոնք ժամանակի ընթացքում թառամում էին, կյանքի ասպարեզում վազողներին և վերջնակետին հասնողներին սպասում է մի մրցանակ, որը երբեք չի կորցնի իր նախնական տեսքը։

Այս գերազանց պսակի մասին արտահայտվել է նաև Պետրոս առաքյալը։ «Երբ Հովուապետը երեւայ,— գրել է նա,— փառքի անթառամ պսակն ընդունէք» (Ա Պետրոս 5։4)։ Մի՞թե աշխարհում տրվող մրցանակներից որևէ մեկը կարելի է համեմատել անմահության՝ Քրիստոսի հետ երկնային փառքում անապական կյանքի մրցանակի հետ։

Մեր օրերին քրիստոնյա «վազորդների» մեծամասնությունը Աստծո կողմից օծված չեն՝ երկնքում նրա հոգևոր որդիները լինելու։ Ուստի չեն վազում անմահության պարգևն առնելու նպատակով։ Սակայն Աստված նրանց առջև նույնպես մի աննման պարգև է դրել. հավիտենական կյանքն ու կատարելությունը Երկնային թագավորության իշխանության տակ գտնվող դրախտ–​երկրի վրա։ Անկախ այն բանից, թե պարգևներից որ մեկն է քրիստոնյայի առջև դրված՝ մարմնամարզական մրցությունների մասնակիցների հետ համեմատած, նա ավելի մեծ վճռականությամբ և կայտառությամբ պետք է վազի։ Իսկ ինչո՞ւ։ Քանզի պարգևը չի թառամելու։ «Այս է այն խոստումը, որը նա խոստացաւ մեզ, այն է՝ յաւիտենական կեանքը» (Ա Յովհաննէս 2։25)։

Իր առջև ունենալով այս անզուգական պարգևը՝ ինչպիսի՞ տեսակետ պետք է ունենա քրիստոնյա վազորդը, ինչ վերաբերում է աշխարհի առաջարկած հրապուրանքներին։ Լավ է հետևել Պողոսի օրինակին։ «Ամէն բան, արդարեւ,— գրել է նա,— վնաս եմ համարում մեր Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար։ Նրա համար ամէն ինչից զրկուեցի, – եւ այդ բոլորը աղբ եմ համարում»։ Եվ իր աչքի առջև պահելով այդ ամենը՝ ինչպիսի՜ եռանդով էր վազում Պողոսը։ «Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ յետեւում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դէպի իմ առջեւում եղածները. ուշադիր վազում եմ աստուածային կոչմանս նպատակակէտին [«մրցանակին», ԱԹ]» (Փիլիպպեցիս 3։8, 13, 14)։ Պողոսը վազում էր՝ հայացքը հառած մրցանակին։ Նույնը պետք է անենք և մենք։

Նա, ով արժանի է մեր ընդօրինակմանը

Հին խաղերի հաղթողները ժողովրդի հիացմունքի առարկան էին։ Բանաստեղծները գրում էին նրանց մասին, քանդակագործները նրանց պատվին արձաններ էին կերտում։ Պատմաբան Վերա Օլիվովան նշում է, որ «հաղթողները լողում էին փառքի ու պատվի ծովում՝ վայելելով մեծ ժողովրդականություն»։ Վերջիններիս իրենց համար օրինակ էր համարում հաղթողների երիտասարդ սերունդը։

Իսկ ո՞վ է այն «հաղթողը», որն օրինակ է հանդիսանում քրիստոնյաների համար։ Այս հարցին պատասխանում է Պողոսը. «Համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. նայենք Յիսուսին՝ հաւատի զօրագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում» (Եբրայեցիս 12։1, 2)։ Եթե ուզում ենք հաղթանակող դուրս գալ հավիտենական կյանքի մրցավազքից, պետք է ամեն բանում հետևենք մեզ համար Օրինակ հանդիսացող Հիսուս Քրիստոսին։ Դա կարելի է անել կանոնավորաբար կարդալով Ավետարանները և խորհելով Հիսուսին ընդօրինակելու տարբեր հնարավորությունների շուրջ։ Այդ ուսումնասիրությունները կօգնեն մեզ տեսնելու, որ Հիսուս Քրիստոսը հնազանդ է եղել Աստծուն և իր համբերատարությամբ ցույց է տվել իր հավատի ամրությունը։ Ի վարձատրություն իր դրսևորած համբերատարության՝ Հիսուսը արժանացել է Եհովայի հաճությանն ու այլ հրաշալի առանձնաշնորհումները ձեռք բերել (Փիլիպպեցիս 2։9–11)։

Ինչ խոսք, Հիսուսի ամենաակնառու հատկությունը նրա սերն էր։ «Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար»,— կարդում ենք Յովհաննէս 15։13–ում։ Հրահանգ տալով սիրել անգամ մեր թշնամիներին՝ Հիսուսն ավելի խոր իմաստ հաղորդեց «սեր» հասկացողությանը (Մատթէոս 5։43–48)։ Հոր հանդեպ ունեցած սերն էր, որ ուրախություն էր պատճառում Հիսուսին Նրա կամքը կատարելիս (Սաղմոս 40։9, 10; Առակաց 27։11)։ Նայելով Հիսուսին որպես մեր Օրինակի և մեկի, ով մեզ ցույց է տալիս կյանքի մրցավազքի ծանր ու դժվարին ճանապարհով ընթանալու տեմպը՝ մենք նույնպես կկարողանանք սիրել Աստծուն և մեր մերձավորին ու իսկական ուրախություն գտնել մեր սուրբ ծառայության մեջ (Մատթէոս 22։37–39; Յովհաննէս 13։34; Ա Պետրոս 2։21)։ Չմոռանանք, որ Հիսուսը մեզանից չի պահանջում անհնարինը, այլ վստահեցնում է մեզ հետևյալ խոսքերով. «Հեզ եմ ու սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթէոս 11։28–30)։

Հիսուսի նման մենք էլ մեր հայացքը պետք է հառենք այն մրցանակին, որը պահված է բոլոր նրանց համար, ովքեր կհամբերեն մինչև վերջ (Մատթէոս 24։13)։ Եթե «մարտնչենք», մրցենք «ըստ օրէնքի», եթե «դէն գցենք ամեն ծանրութիւն» և եթե համբերատարությամբ ընթանանք, ապա կարող ենք վստահ լինել, որ հաղթանակը մերն է։ Առջևում ունեցած մեր մրցանակը մեզ դեպի առաջ է մղում։ Այն մեր մեջ ծնում է ուրախություն, որի շնորհիվ թարմանում են մեր ուժերը, և մեր առջև գտնվող ճանապարհն ավելի թեթև է դառնում։

[նկար 29–րդ էջի վրա]

Քրիստոնեական ճանապարհը երկար տարածության վրա մրցավազք է. այն համբերատարություն է պահանջում։

[նկար 30–րդ էջի վրա]

Ի տարբերություն ծաղկեպսակ ստացող մարզիկների՝ քրիստոնյաներն իրենց հայացքը սևեռել են անապական մրցանակին։

[նկար 31–րդ էջի վրա]

Մրցանակը պահված է բոլոր նրանց համար, ովքեր համբերատար կլինեն մինչև վերջ։

[նկար 28–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Copyright British Museum

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը