«Բռնցքահարիր» իմաստությամբ
1. Ինչպե՞ս է 1 Կորնթացիներ 9։26 համարը վերաբերում մեր ծառայությանը։
1 Պողոս առաքյալը գրեց. «Ես աննպատակ չեմ վազում և այնպես եմ բռնցքահարում, որ քամի ծեծող չլինեմ» (1 Կորնթ. 9։26)։ Պողոսն ուզում էր ասել, որ լիովին կենտրոնացած է հոգևոր նպատակների վրա։ Նրա խոսքերում ամփոփված սկզբունքը վերաբերում է նաև մեր ծառայությանը։ Անշուշտ, բոլորիս ցանկությունն է «բռնցքահարել» իմաստությամբ, այսինքն՝ ջանքեր գործադրել, այնպես, որ լավագույն արդյունքների հասնենք։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
2. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին և առաջին դարի այլ ավետարանիչների այն հարցում, թե որտեղ և երբ քարոզենք։
2 Որտեղ և երբ քարոզենք։ Պողոսը և առաջին դարի այլ ավետարանիչներ քարոզում էին այնտեղ, որտեղ ակնկալում էին հանդիպել մարդկանց (Գործ. 5։42; 16։13; 17։17)։ Օրինակ՝ եթե մեր տարածքում շատերը երեկոյան ժամերին են տանը լինում, թերևս դա ամենալավ ժամանակն է տնից տուն քարոզելու համար։ Եթե տեղի ավտոկայանում կամ երկաթուղային կայարանում վաղ առավոտյան կամ երեկոյան բազմամարդ է լինում, քանի որ մարդիկ գնում են աշխատանքի կամ աշխատանքից տուն են վերադառնում, ապա դա նույնպես հարմար ժամանակ է քարոզելու համար։ Սովորաբար օրվա որոշ ժամերի առևտրական շրջանները լիքն են լինում մարդկանցով, և այդ ժամերին քարոզելը նույնպես շատ արդյունավետ կարող է լինել։
3. Ինչպե՞ս կարող ենք տարածքը մշակել իմաստությամբ։
3 Տարածքը մշակենք իմաստությամբ։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ կարիք չկա շատ մեծ խմբով գնալ տարածք, որովհետև զգալի ժամանակ և ջանք կպահանջվի խումբը կազմակերպված և զբաղված պահելու համար, ուստի լավ կլինի խումբը բաժանել մասերի։ Գյուղական վայրերում քարոզելիս տարածքն ավելի արագ կմշակենք և մարդկանց հետ ավելի շատ խոսելու հնարավորություն կունենանք, եթե մեքենայով գնացող մեր խումբը շատ մեծ չլինի։ Կարող ենք նաև քարոզչական տարածք վերցնել մեր տան մոտ, ինչի շնորհիվ կխնայենք ժամանակը։
4. Ինչպե՞ս կարող ենք «ձկնորսության» մեջ հաջողության հասնել։
4 Հիսուսը ավետարանիչներին նմանեցրեց «մարդկանց որսորդների», կամ՝ «ձկնորսների» (Մարկ. 1։17, ծնթ.)։ Ձկնորսի նպատակը ոչ թե պարզապես ցանցը ջուրը նետելն է, այլ ձուկ բռնելը։ Հմուտ ձկնորսը գնում է ձուկ բռնելու այնտեղ և այն ժամին, որտեղ և երբ ակնկալում է ձուկ գտնել. տեղ հասնելով՝ նա իսկույն սկսում է իր գործը։ Այո՛, նա իր ուժերը անիմաստ չի վատնում։ Եկեք հենց այսպիսի աշխատասիրություն դրսևորենք մեր գործում (Եբր. 6։11)։