Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lv գլ. 5 էջ 50–61
  • Չլինել աշխարհի մի մասը. ինչպե՞ս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չլինել աշխարհի մի մասը. ինչպե՞ս
  • «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԵԼ ԵՎ ՄՆԱԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ
  • ԴԻՄԱԴՐԵԼ «ԱՇԽԱՐՀԻ ՈԳՈՒՆ»
  • ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵԼ ՀԱԳՈՒՍՏԻ ԵՎ ՀԱՐԴԱՐԱՆՔԻ ՀԱՐՑՈՒՄ
  • ԱՊՐԵԼ ՊԱՐԶ ԿՅԱՆՔՈՎ
  • ԿՐԵԼ «ԱՄԲՈՂՋ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ»
  • ՊԱՏՐԱՍՏ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՎԱՏԴ
  • Չլինել աշխարհի մի մասը. ինչպե՞ս
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Քրիստոնեական չեզոքությունը վերջին օրերում
    2002 Դիտարան
  • Ինչու պետք է ուշադրություն դարձնենք մեր հագուստին և հարդարանքին
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Հարցերի արկղ
    2008 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
«Մնա Աստծու սիրո մեջ»
lv գլ. 5 էջ 50–61
Մի խումբ քրիստոնյա ընկերները նկարվում են միասին

ԳԼՈՒԽ 5

Չլինել աշխարհի մի մասը. ինչպե՞ս

«Դուք աշխարհի մի մասը չեք» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 15։19)

1. Ի՞նչ կարևոր բան ասաց Հիսուսը իր մահվանը նախորդող գիշերը։

ԻՐ ՄԱՀՎԱՆԸ նախորդող գիշերը Հիսուսը մտահոգ էր։ Նա անհանգստացած էր իր հետևորդների բարօրությամբ։ Ուստի աղոթեց Եհովային. «Խնդրում եմ քեզ, որ ոչ թե նրանց վերցնես աշխարհից, այլ որ պահպանես նրանց Չարից։ Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհաննես 17։15, 16)։ Այս խնդրանքով Հիսուսը ցույց տվեց իր մեծ սերը աշակերտների հանդեպ և ընդգծեց այն կարևոր միտքը, որ ասել էր նրանց այդ երեկո. «Դուք աշխարհի մի մասը չեք» (Հովհաննես 15։19)։ Ինչպես տեսնում ենք, անչափ կարևոր էր, որ իր հետևորդները հեռու մնային աշխարհից։

2. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը «աշխարհ» ասելով։

2 «Աշխարհ» ասելով՝ Հիսուսը նկատի ուներ Աստծուց օտարացած մարդկությանը, որը գտնվում է Սատանայի իշխանության տակ և ենթակա է նրա եսակենտրոն ու հպարտ ոգու ազդեցությանը (Հովհաննես 14։30; Եփեսացիներ 2։2; 1 Հովհաննես 5։19)։ Հետևաբար, «աշխարհի հետ ընկերությունը թշնամություն է Աստծու դեմ» (Հակոբոս 4։4)։ Բայց ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր ուզում են մնալ Աստծու սիրո մեջ, աշխարհում ապրելով հանդերձ՝ չլինել աշխարհի մի մասը։ Եթե քաղաքական հարցերում չեզոքություն պահելով՝ հավատարիմ մնան Աստծու Թագավորությանը, դիմադրեն աշխարհի ոգուն, լինեն համեստ հագուստի և հարդարանքի հարցում, ապրեն պարզ կյանքով և կրեն հոգևոր սպառազինությունը։ Քննենք դրանք առանձին-առանձին։

ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԵԼ ԵՎ ՄՆԱԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ

3. ա) Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում քաղաքականությանը։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսի օծյալ հետևորդները ծառայում են որպես դեսպաններ (տես նաև ծանոթագրությունը)։

3 Հիսուսը չէր խառնվում քաղաքական հարցերին։ Փոխարենը՝ նա իր ողջ ուժերը կենտրոնացրել էր քարոզչական գործի վրա՝ հայտնելով մարդկանց ապագա երկնային կառավարության՝ Աստծու Թագավորության մասին, որի Թագավորը ինքն էր լինելու (Դանիել 7։13, 14; Ղուկաս 4։43; 17։20, 21)։ Հռոմեական կառավարիչ Պոնտացի Պիղատոսին նա ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 18։36)։ Այսօր նրա հետևորդները հավատարիմ են Աստծու Թագավորությանը ու Թագավորին և, հետևելով Հիսուսի օրինակին, այդ Թագավորության մասին հռչակում են ամբողջ աշխարհով մեկ (Մատթեոս 24։14)։ «Մենք Քրիստոսին փոխարինող դեսպաններ ենք,— գրեց Պողոս առաքյալը։— Որպես Քրիստոսին փոխարինողներ՝ մենք աղերսում ենք. «Հաշտվե՛ք Աստծու հետ»»a (2 Կորնթացիներ 5։20)։

4. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները փաստում իրենց հավատարմությունը Աստծու Թագավորության հանդեպ (տես «Չեզոքություն քրիստոնեության վաղ շրջանում» շրջանակը)։

4 Քանի որ դեսպանները այլ երկրների ներկայացուցիչներ են, նրանք չեն միջամտում տվյալ երկրի ներքին գործերին. քաղաքական հարցերում նրանք չեզոք դիրք են պահպանում։ Սակայն նրանք առաջ են տանում իրենց երկրի շահերը։ Նույնը կարելի է ասել Քրիստոսի օծյալ հետևորդների մասին, որոնց «քաղաքացիությունը երկնքում է» (Փիլիպպեցիներ 3։20)։ Նրանց եռանդուն քարոզչական ծառայության շնորհիվ Քրիստոսի միլիոնավոր «ուրիշ ոչխարներ» «հաշտվել են Աստծու հետ» (Հովհաննես 10։16; Մատթեոս 25։31–40)։ Վերջիններս, աջակցելով Հիսուսի օծյալ եղբայրներին, ծառայում են որպես նրա դեսպանորդներ։ Այս երկու խմբերը մեկ միասնական հոտ են կազմում։ Նրանք հռչակում են Մեսիական Թագավորությունը և լիովին չեզոք են մնում աշխարհի քաղաքական հարցերում (կարդա՛ Եսայիա 2։2–4)։

5. Ինչո՞վ են քրիստոնյաները տարբերվում վաղեմի իսրայելացիներից, և ինչպե՞ս է դա առնչվում չեզոքություն պահպանելու հարցին։

5 Քրիստոսի հանդեպ հավատարմությունը չեզոքություն պահելու միակ պատճառը չէ։ Ի տարբերություն վաղեմի իսրայելացիների, որոնք ապրում էին մի երկրում՝ մենք միջազգային եղբայրություն ենք և սփռված ենք ամբողջ աշխարհով մեկ (Մատթեոս 28։19; 1 Պետրոս 2։9)։ Եթե մենք անցնենք մեր երկրում գործող որևէ քաղաքական կուսակցության շարքերը, չենք կարողանա պարզ երեսով քարոզել Թագավորության պատգամը, և մեր քրիստոնեական միասնությունն էլ կխարխլվի (1 Կորնթացիներ 1։10)։ Իսկ եթե պատերազմ ծագի, մենք ստիպված կլինենք կռվել մեր հավատակիցների դեմ, որոնց, Հիսուսի պատվերի համաձայն, պետք է սիրենք (Հովհաննես 13։34, 35; 1 Հովհաննես 3։10–12)։ Ուստի Հիսուսը հիմնավոր պատճառ ուներ պատվիրելու իր աշակերտներին «սուրը տեղը դնել» և նույնիսկ սիրել թշնամիներին (Մատթեոս 5։44; 26։52, տես «Չեզոքություն պահո՞ւմ եմ» շրջանակը)։

6. Ինչպե՞ս ենք կայսրինը կայսրին տալիս, իսկ Աստծունը՝ Աստծուն։

6 Մենք՝ քրիստոնյաներս, մեր կյանքը նվիրել ենք Աստծուն, ոչ թե որևէ մարդու, կազմակերպության կամ ազգի։ «Դուք ինքներդ ձեզ չեք պատկանում, քանի որ մեծ գնով գնվեցիք»,— գրված է 1 Կորնթացիներ 6։19, 20-ում։ Ուստի Հիսուսի հետևորդները «կայսրինը կայսրին են տալիս»՝ պետական իշխանություններին հարգանքով վերաբերվելով, վճարելով հարկերը և ենթարկվելով նրա պահանջներին, քանի դեռ դրանք չեն հակասում Աստծու օրենքներին։ Միևնույն ժամանակ նրանք Աստծունը Աստծուն են տալիս (Մարկոս 12։17; Հռոմեացիներ 13։1–7)։ Նրանք երկրպագում են Աստծուն, ամբողջ հոգով սիրում և հավատարմորեն հնազանդվում են նրան։ Աստծուն հավատարիմ մնալու համար ճշմարիտ քրիստոնյաները պատրաստ են նույնիսկ զոհել իրենց կյանքը (Ղուկաս 4։8; 10։27; կարդա՛ Գործեր 5։29; Հռոմեացիներ 14։8)։

ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՂ ՇՐՋԱՆՈՒՄ

Պատմական աղբյուրները շատ փաստեր են ներկայացնում, որ վաղ քրիստոնյաները քաղաքական հարցերում չեզոք են եղել և չեն մասնակցել պատերազմների։ «Քրիստոնեության վաղ շրջանը» գրքում ասվում է. «Քրիստոնեության հիմնադիրները ամենայն ուշադրությամբ հետևում էին, որ հաստատված քաղաքական կարգերին անմիջականորեն միջամտելու տենդենց չառաջանա» (The Beginnings of Christianity)։ Նման միտք է արտահայտված նաև «Քաղաքակրթության ճանապարհին» գրքում. «Վաղ շրջանում քրիստոնեության մասին պատկերացումները հաճախ սխալ էին, և այն սիրված չէր նրանց կողմից, ովքեր իշխում էին հեթանոս աշխարհին.... Քրիստոնյաները հրաժարվում էին որոշ պարտականություններից, որ պետք է կատարեին որպես Հռոմի քաղաքացի.... Նրանք նաև քաղաքական պաշտոններ չէին զբաղեցնում» (On the Road to Civilization)։

Վաղ քրիստոնյաների և զինվորական ծառայության մասին գերմանացի աստվածաբան Պիտեր Մայնհոլդը ասել է. «Հնարավոր չէր միաժամանակ լինել և՛ քրիստոնյա, և՛ զինվորական»։ Կրոնագետ-գրող Ջոնաթան Դայմոնդը իր՝ «Պատերազմի և քրիստոնեության սկզբունքների միջև ներդաշնակության որոնում» աշխատության մեջ գրում է, որ Հիսուսի մահից հետո նրա հետևորդները որոշ ժամանակ շարունակում էին «հրաժարվել [պատերազմի] մասնակցելուց, ինչպիսին էլ լինեին հետևանքները՝ նախատինք, բանտարկություն թե մահ»։ Դայմոնդը ավելացնում է. «Այս փաստերն անհերքելի են» (An Inquiry Into the Accordancy of War With the Principles of Christianity)։ Իսկ համաձայն մեկ այլ գրողի՝ քրիստոնյաները սկսեցին զինծառայության անցնել միայն այն բանից հետո, երբ «քրիստոնեությունը ապականվեց»։

ԴԻՄԱԴՐԵԼ «ԱՇԽԱՐՀԻ ՈԳՈՒՆ»

7, 8. Ի՞նչ է «աշխարհի ոգին», և ինչպե՞ս է այն ներգործում «անհնազանդության որդիների մեջ»։

7 Աշխարհի մի մասը չլինելու համար հարկավոր է նաև դիմադրել նրա չար ոգուն։ Պողոս առաքյալը գրեց. «Մենք ոչ թե աշխարհի ոգին ստացանք, այլ այն ոգին, որն Աստծուց է» (1 Կորնթացիներ 2։12)։ Իսկ եփեսացիներին ուղղված իր նամակում ասաց. «[Դուք] մի ժամանակ քայլում էիք այս աշխարհի.... համաձայն, օդի իշխանության իշխանի կամքի համաձայն, այն ոգու, որն այժմ ներգործում է անհնազանդության որդիների մեջ» (Եփեսացիներ 2։2, 3)։

8 Աշխարհի «օդը», կամ՝ «ոգին», անտեսանելի հզոր ուժ է, որն Աստծու հանդեպ անհնազանդություն է խրախուսում և բորբոքում է «մարմնի» և «աչքերի ցանկությունը» (1 Հովհաննես 2։16; 1 Տիմոթեոս 6։9, 10)։ Այդ ոգին իր իշխանությունը բանեցնում է՝ մեղավոր մարմնին հաճելի բաներ քաջալերելով, գործում է աննկատ, անողորմ է և օդի պես տարածված է ամենուր։ Այն ներգործում է անհնազանդ մարդկանց մեջ՝ աստիճանաբար նրանց մեջ սերմանելով եսասիրություն, մեծամտություն, փառասիրություն և այլ վատ հատկություններ։ Նաև դրդում է առաջնորդվել սեփական բարոյական չափանիշներով և ըմբոստանալ իշխանության դեմ։b Այլ կերպ ասած՝ աշխարհի ոգին մարդկանց մեջ Սատանայի հատկություններն է զարգացնում (Հովհաննես 8։44; Գործեր 13։10; 1 Հովհաննես 3։8, 10)։

9. Ինչպե՞ս կարող է աշխարհի ոգին թափանցել մեր միտքն ու սիրտը։

9 Հնարավո՞ր է արդյոք, որ աշխարհի ոգին թափանցի նաև մեր միտքն ու սիրտը։ Հնարավոր է, եթե զգոն չլինենք (կարդա՛ Առակներ 4։23)։ Այն հաճախ ներգործում է աննկատ։ Կարող է ազդել, օրինակ, այնպիսի ընկերների միջոցով, որոնք արտաքուստ լավ մարդիկ են երևում, բայց իրականում չեն սիրում Եհովային (Առակներ 13։20; 1 Կորնթացիներ 15։33)։ Կարող ենք այդ ոգով վարակվել կասկածելի գրականության, հավատուրացների և պոռնկագրական կայքերի, ժամանցի անբարո ձևերի, մրցակցության ոգով տոգորված մարզաձևերի և, առհասարակ, Սատանայի ու այս աշխարհի մտածելակերպն արտացոլող ցանկացած բանի կամ մարդու միջոցով։

10. Ինչպե՞ս կարող ենք դիմադրել աշխարհի ոգուն։

10 Ինչպե՞ս կարող ենք դիմադրել աշխարհի այս նենգ ոգուն և մնալ Աստծու սիրո մեջ։ Միայն եթե լիովին օգտվենք Եհովայի տրամադրած հոգևոր բարիքներից և շարունակ աղոթենք, որ նա տա իր սուրբ ոգին։ Եհովան շատ ավելի հզոր է, քան Սատանան ու նրա չար աշխարհը (1 Հովհաննես 4։4)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ անդադար աղոթելով՝ մոտ լինենք Եհովային։

ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՈ՞ՒՄ ԵՄ

Աշակերտը բացատրում է իր համոզմունքը ուսուցչին

Սկզբունք։ «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 18։36)

Հարցրու ինքդ քեզ

  • Ինչպե՞ս կբացատրեմ, որ դրոշին պատիվ տալը կռապաշտության ձև էc (Ելք 20։4, 5; 1 Հովհաննես 5։21)։

  • Բացատրելիս, թե ինչու չեմ մասնակցում որևէ ազգային տոնակատարության, ինչպե՞ս կարող եմ հարգանք դրսևորել նրանց հանդեպ, ովքեր չունեն նույն համոզմունքը (1 Պետրոս 3։15)։

  • Ինչպե՞ս կբացատրեմ, թե ինչու չեմ աջակցում որևէ քաղաքական կուսակցության կամ չեմ կատարում որևէ տեսակի զինվորական ծառայություն (Հովհաննես 13։34; 1 Հովհաննես 3։10–12)։

ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵԼ ՀԱԳՈՒՍՏԻ ԵՎ ՀԱՐԴԱՐԱՆՔԻ ՀԱՐՑՈՒՄ

11. Ինչպե՞ս է աշխարհի ոգին անդրադարձել հագուստի ընտրության հարցում մարդկանց չափանիշների վրա։

11 Մարդու հագուստից, հարդարանքից ու անձնական հիգիենայից կարելի է իմանալ, թե ինչ ոգով է նա առաջնորդվում։ Շատ երկրներում հագուստի ընտրության հարցում մարդկանց չափանիշները այնքան են ընկել, որ մի հեռուստահաղորդավար ասաց, որ շուտով մարմնավաճառները չեն իմանա՝ ինչ հագնեն, որ տարբերվեն մյուս կանանցից։ Ինչպես նշվում է մի թերթում, նույնիսկ դեռահաս աղջիկները ավելի շատ մտածում են «իրենց մարմինը ցուցադրելու, քան թե համեստություն ցուցաբերելու» մասին։ Մեկ այլ տենդենց է անփութորեն հագնվելն ու թափթփված տեսք ունենալը, ինչն արտացոլում է ըմբոստության ոգի և խոսում է արժանապատվության ու ինքնահարգանքի բացակայության մասին։

12, 13. Ի՞նչ սկզբունքներ պետք է հաշվի առնենք հագուստի և հարդարանքի հարցում որոշում կայացնելիս։

12 Մենք պետք է հագնվենք Եհովայի ծառաներին վայել կերպով։ Դա նշանակում է, որ մեր հագուստը պետք է լինի մաքուր, կոկիկ, ճաշակով և առիթին համապատասխան։ Լինենք տղամարդ թե կին, մեր արտաքին տեսքը միշտ պետք է «համեստություն և ողջամտություն» արտացոլի, ինչը, «բարի գործերի» հետ մեկտեղ, վայել է բոլոր նրանց, ովքեր «ակնածում են Աստծուց»։ Ինչ խոսք, այդպես պետք է վարվենք ոչ թե մեզ վրա ուշադրություն հրավիրելու, այլ «Աստծու սիրո մեջ» մնալու համար (1 Տիմոթեոս 2։9, 10; Հուդա 21)։ Մենք ուզում ենք, որ մեր ամենագեղեցիկ զարդը լինի «սրտի ծածուկ մարդը.... ինչը և մեծ արժեք ունի Աստծու աչքում» (1 Պետրոս 3։3, 4)։

13 Պետք է հիշել նաև, որ մեր հագուստից ու հարդարանքից մարդիկ կա՛մ դրական, կա՛մ բացասական կարծիք կկազմեն ճշմարիտ կրոնի մասին։ «Համեստություն» թարգմանված հունարեն բառը բարոյականության տեսակետից ունի պատկառանքի, ակնածանքի և ուրիշների կարծիքն ու զգացմունքները հարգելու իմաստ։ Հետևաբար, մենք մյուսների խիղճը պետք է վեր դասենք մեր իրավունքներից։ Իսկ ամենակարևորը, պետք է պատիվ բերենք Եհովային ու նրա ժողովրդին և, ամեն բան անելով Աստծու փառքի համար, փաստենք, որ Աստծու ծառաներ ենք (1 Կորնթացիներ 4։9; 10։31; 2 Կորնթացիներ 6։3, 4; 7։1)։

Երկու համեստ հագուստով քրիստոնյա կանայք քարոզում են մարդկանց

Իմ արտաքինը փառք բերո՞ւմ է Եհովային

14. Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ արտաքին տեսքի և անձնական հիգիենայի վերաբերյալ։

14 Հագուստի, հարդարանքի և անձնական հիգիենայի վրա պետք է ուշադրություն դարձնենք հատկապես այն ժամանակ, երբ գնում ենք ծառայության և ժողովի հանդիպման։ Հարցրու ինքդ քեզ. «Իմ արտաքինով անհարկի ուշադրություն չե՞մ հրավիրում ինձ վրա։ Հետևո՞ւմ եմ մարմնիս և հագուստիս մաքրությանը, որպեսզի տհաճություն չպատճառեմ մարդկանց։ Հագուկապի ընտրության իմ իրավունքը ավելի կարևո՞ր եմ համարում, քան ժողովում առանձնաշնորհումներ ստանձնելու համար համապատասխան լինելը» (Սաղմոս 68։6; Փիլիպպեցիներ 4։5; 1 Պետրոս 5։6)։

15. Ինչո՞ւ Աստվածաշնչում կոնկրետ կանոններ չկան հագուստի, հարդարանքի և անձնական հիգիենայի վերաբերյալ։

15 Աստվածաշնչում կոնկրետ կանոններ չկան հագուստի, հարդարանքի և անձնական հիգիենայի առնչությամբ։ Եհովան չի ուզում զրկել մեզ ընտրելու ազատությունից և մտածելու ունակությունը գործի դնելու հնարավորությունից։ Ընդհակառակը՝ նա ուզում է, որ դառնանք հասուն մարդիկ՝ խորհենք սուրբգրային սկզբունքների շուրջ և, մեր «ըմբռնողականությունը գործադրելով, այն մարզենք ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։ Բայց ամենից շատ Աստված ուզում է, որ առաջնորդվենք իր և մարդկանց հանդեպ սիրով (կարդա՛ Մարկոս 12։30, 31)։ Եհովայի չափանիշների սահմաններում մենք հագուստի և հարդարանքի լայն ընտրություն ունենք։ Դրա մասին է վկայում Եհովայի ժողովրդի գեղեցիկ հագուկապը, աշխարհի որ երկրում էլ լինի։

ԱՊՐԵԼ ՊԱՐԶ ԿՅԱՆՔՈՎ

16. Ի տարբերություն աշխարհի ոգուն՝ ի՞նչ է սովորեցնում Հիսուսը, և ի՞նչ հարցեր պետք է տաս ինքդ քեզ։

16 Աշխարհի ոգին մոլորեցնում է միլիոնավոր մարդկանց՝ հավատացնելով, թե երջանկությունը փողի և ունեցվածքի մեջ է։ Սակայն Հիսուսն ասաց. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ Նա այս խոսքերով չէր խրախուսում հրաժարվել ամեն ինչից և ճգնավորի կյանքով ապրել, այլ սովորեցնում էր, որ իսկապես երջանիկ են նրանք, ովքեր «գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» և պարզ կյանքով են ապրում, այսինքն՝ կենտրոնանում են հոգևորի վրա (Մատթեոս 5։3; 6։22)։ Հարցրու ինքդ քեզ. «Իսկապե՞ս հավատում եմ Հիսուսի խոսքերին, թե՞ «ստության հոր» ազդեցության տակ եմ (Հովհաննես 8։44)։ Ի՞նչ են ցույց տալիս իմ խոսքերը, իմ դրած առաջնահերթությունները և ապրելակերպը» (Ղուկաս 6։45; 21։34–36; 2 Հովհաննես 6)։

17. Նշիր մի քանի օրհնություններ, որ վայելում են պարզ կյանքով ապրողները։

17 «Իմաստությունը արդարացվում է իր գործերով»,— ասաց Հիսուսը (Մատթեոս 11։19)։ Թվարկենք այն օրհնություններից մի քանիսը, որ վայելում են նրանք, ովքեր պարզ կյանքով են ապրում։ Թագավորության գործն անելով՝ նրանք թարմություն են գտնում (Մատթեոս 11։29, 30)։ Խուսափում են անտեղի մտահոգություններից ու, հետևաբար, բազում ցավերից (կարդա՛ 1 Տիմոթեոս 6։9, 10)։ Բավարարվելով անհրաժեշտ բաներով՝ ավելի շատ ժամանակ են ունենում ընտանիքի և հավատակիցների համար։ Նրանք հանգիստ են քնում (Ժողովող 5։12)։ Իրենց փորձով են համոզվում, որ ավելի շատ երջանկություն կա տալու մեջ՝ անկախ նրանից, թե ինչ կերպով է դա դրսևորվում (Գործեր 20։35)։ Նրանց հույսը միշտ վառ է մնում, ներքին անդորր ու բավարարվածության զգացում են ունենում (Հռոմեացիներ 15։13; Մատթեոս 6։31, 32)։ Այս օրհնություններն իրոք որ անգին են։

ԿՐԵԼ «ԱՄԲՈՂՋ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ»

18. Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում մեր թշնամուն, նրա մարտավարությունը և մեր պայքարի բնույթը։

18 Նրանք, ովքեր մնում են Աստծու սիրո մեջ, նաև հոգևորապես պաշտպանված են լինում Սատանայից, ով ուզում է զրկել քրիստոնյաներին ոչ միայն ուրախությունից, այլև հավիտենական կյանքից (1 Պետրոս 5։8)։ Պողոսը գրեց. «Մեր պայքարը արյան ու մարմնի դեմ չէ, այլ կառավարությունների, իշխանությունների, այս աշխարհի խավարի տիրակալների դեմ է, երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ» (Եփեսացիներ 6։12)։ «Պայքար» թարգմանված հունարեն բառը բառացի նշանակում է «ըմբշամարտ», ինչն էլ ցույց է տալիս, որ պայքարը հեռավորության վրա չէ, որ մղում ենք։ Իսկ «կառավարություններ», «իշխանություններ» և «աշխարհի տիրակալներ» բառերը ցույց են տալիս, որ ոգեղեն աշխարհից եկող հարձակումները լավ կազմակերպված են և հանգամանորեն ծրագրված։

19. Նկարագրիր քրիստոնյայի հոգևոր սպառազինությունը։

19 Սակայն, չնայած մեր թերություններին ու թույլ կողմերին, մենք կարող ենք հաղթել այս պայքարում։ Ինչպե՞ս։ Կրելով Աստծու տրամադրած «ամբողջ սպառազինությունը» (Եփեսացիներ 6։13)։ Եփեսացիներ 6։14–18 համարներում այդ մասին կարդում ենք. «Ուրեմն հաստատ կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած, արդարության զրահը ձեզ վրա առած և ձեր ոտքերին խաղաղության բարի լուրը քարոզելու պատրաստակամությունը հագած։ Եվ ամեն բանից առավել, վերցրեք հավատի մեծ վահանը, որով կկարողանաք հանգցնել Չարի կրակոտ նետերը։ Նաև վերցրեք փրկության սաղավարտը [կամ՝ հույսը] և ոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը, և ամեն տեսակ աղոթքով ու աղաչանքով շարունակեք ամեն առիթով աղոթել ոգով»։

20. Ինչո՞վ ենք տարբերվում բառացի զինվորներից։

20 Քանի որ այս հոգևոր սպառազինությունը Աստծուց է, այն հուսալի է և կպաշտպանի մեզ, քանի դեռ կրում ենք։ Ի տարբերություն բառացի զինվորների, ովքեր մարտի են դուրս գալիս, երբ պատերազմ է լինում՝ քրիստոնյաները անընդմեջ են կյանքի ու մահվան հոգևոր պայքար մղում, որը վերջ կգտնի միայն այն ժամանակ, երբ Աստված կործանի Սատանայի աշխարհն ու անդունդը գցի բոլոր չար ոգիներին (Հայտնություն 12։17; 20։1–3)։ Ուստի երբեք մի՛ հանձնվիր, երբ պայքարում ես քո թուլությունների և սխալ ցանկությունների դեմ, քանի որ բոլորս էլ պետք է «հարվածենք» մեր «մարմնին», որպեսզի հավատարիմ մնանք Եհովային (1 Կորնթացիներ 9։27)։ Իրականում պետք է անհանգստանանք այն ժամանակ, երբ չենք պայքարում։

21. Միայն ո՞ր դեպքում կհաղթենք հոգևոր պայքարում։

21 Մենք մեր սեփական ուժերով չենք կարող հաղթել այս պայքարում։ Այդ պատճառով էլ Պողոս առաքյալը հորդորում է «ամեն առիթով աղոթել ոգով»։ Նաև պետք է լսենք Եհովային՝ ուսումնասիրելով իր Խոսքը և շփվելով մեր «զինակիցների» հետ, քանի որ այս պայքարում մենակ չենք (Փիլիմոն 2; Եբրայեցիներ 10։24, 25)։ Նրանք, ովքեր հետևում են այս հորդորներին, ոչ միայն կհաղթեն, այլև պատրաստված կլինեն պաշտպանելու իրենց հավատը, երբ այն փորձության ենթարկվի։

ՊԱՏՐԱՍՏ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՎԱՏԴ

22, 23. ա) Ինչո՞ւ պետք է պատրաստ լինենք ամեն ժամանակ պաշտպանելու մեր հավատը, և ի՞նչ հարցեր պետք է տաս ինքդ քեզ։ բ) Ո՞ր թեման կքննարկենք հաջորդ գլխում։

22 «Քանի որ դուք աշխարհի մի մասը չեք,— ասաց Հիսուսը,— դրա համար էլ աշխարհը ատում է ձեզ» (Հովհաննես 15։19)։ Ուստի քրիստոնյաները պետք է միշտ պատրաստ լինեն պաշտպանելու իրենց հավատը, և դա պետք է անեն հարգալից կերպով ու մեղմությամբ (կարդա՛ 1 Պետրոս 3։15)։ Հարցրու ինքդ քեզ. «Հասկանո՞ւմ եմ, թե ինչու են Եհովայի վկաները երբեմն այնպիսի դիրք բռնում, որը տարբերվում է ընդունված կարծիքից։ Երբ ինքս էլ նման դիրք եմ բռնում, իսկապես խորությամբ համոզվա՞ծ եմ, որ ինչ ասում է Աստվածաշունչն ու հավատարիմ ծառան, ճիշտ է (Մատթեոս 24։45; Հովհաննես 17։17)։ Իսկ երբ այնպիսի իրավիճակում եմ հայտնվում, որ պետք է Եհովայի տեսանկյունից ճիշտ կերպով վարվեմ, պատրա՞ստ եմ տարբերվել ուրիշներից և հպա՞րտ եմ դրա համար» (Սաղմոս 34։2; Մատթեոս 10։32, 33)։

23 Հաճախ, սակայն, աշխարհից չլինելու մեր ցանկությունը փորձվում է ավելի աննկատ կերպերով։ Օրինակ՝ ինչպես արդեն նշեցինք, Սատանան փորձում է Եհովայի ծառաներին ներքաշել աշխարհի մեջ տարատեսակ զվարճությունների միջոցով։ Ինչպե՞ս կարող ենք ընտրել զվարճությունների այնպիսի ձևեր, որոնք ոչ միայն թարմացնող կլինեն, այլև չեն վնասի մեր խիղճը։ Այս թեման կքննարկենք հաջորդ գլխում։

a Մ.թ. 33-ի Պենտեկոստեից սկսած՝ Հիսուսը նշանակվել է Թագավոր օծյալ քրիստոնյաների ժողովի վրա (Կողոսացիներ 1։13)։ Իսկ 1914թ.-ին նա ստացավ «Թագավորական իշխանություն աշխարհի վրա»։ Հետևաբար օծյալ քրիստոնյաները ծառայում են որպես Մեսիական Թագավորության դեսպաններ (Հայտնություն 11։15)։

b Տես «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գիրքը, էջ 389–393, անգլ. (էջ 135–139, ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

c Տես հավելվածը, «Դրոշին պատիվ տալը, ընտրություններ և այլընտրանքային քաղաքացիական ծառայություն»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը