Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w16 հունվար էջ 22–27
  • «Մենք գալիս ենք ձեզ հետ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մենք գալիս ենք ձեզ հետ»
  • 2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԿԱՐԻՔ ՈՒՆԵ՞ՆՔ ԻՄԱՆԱԼՈՒ ԲՈԼՈՐ ՕԾՅԱԼՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
  • Ի՞ՆՉ ՏԵՍԱԿԵՏ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ՕԾՅԱԼՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ
  • ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔՈ ԱՐՁԱԳԱՆՔԸ
  • Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ
  • «Գալիս ենք ձեզ հետ»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ոգին ինքը վկայություն է տալիս»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ի՞նչ նշանակություն ունի Տերունական ընթրիքը քեզ համար
    2003 Դիտարան
  • Արժանի համարվեցին ժառանգելու Թագավորությունը
    2008 Դիտարան
Ավելին
2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w16 հունվար էջ 22–27
Գառները հետևում են հովվին

«Մենք գալիս ենք ձեզ հետ»

«Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է» (ԶԱՔ. 8։23)։

ԵՐԳ 65, 122

ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԲԱՑԱՏՐԵԼ

  • Ինչպե՞ս է կատարվում Զաքարիա 8։23-ի մարգարեությունը։

  • Ի՞նչ տեսակետ պետք է ունենան օծյալները իրենց մասին (1 Կորնթ. 4։6–8)։

  • Ինչո՞ւ հարկ չկա անհանգստանալու Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից օգտվողների թվի աճի հետ կապված (Հռոմ. 9։11, 16)։

1, 2. ա) Ի՞նչ է Եհովան ասել մեր ժամանակների վերաբերյալ։ բ) Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք այս հոդվածում (տես 22-րդ էջի նկարը)։

ԽՈՍԵԼՈՎ այն ժամանակների մասին, որում ապրում ենք՝ Եհովան կանխագուշակել է. «Այն օրերին բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող տասը մարդ կբռնեն հրեա մարդու քղանցքը, կբռնեն ու կասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»» (Զաք. 8։23)։ Այս տասը խորհրդանշական մարդկանց նման՝ նրանք, ովքեր երկրային կյանքի հույս ունեն, բռնել են «հրեա մարդու քղանցքը»։ Նրանց համար մեծ պատիվ է ընկերակցել ոգով օծված «Աստծու Իսրայելի» հետ, քանի որ գիտեն, որ Եհովան օրհնում է իր օծյալ ծառաներին (Գաղ. 6։16)։

2 Զաքարիա մարգարեի նման՝ Հիսուսը նույնպես խոսեց այն մասին, որ Աստծու ժողովուրդը միասնական է լինելու։ Նա ասաց, որ իր հետևորդների երկու խումբ է լինելու՝ «փոքր հոտ» և «ուրիշ ոչխարներ», բայց նշեց, որ նրանք «մեկ հոտ» են կազմելու և «մեկ հովիվ» են ունենալու (Ղուկ. 12։32; Հովհ. 10։16)։ Ուստի այս երկու խմբի հետ կապված հետևյալ հարցերն են ծագում։ 1) Արդյոք ուրիշ ոչխարներն այսօր կարիք ունե՞ն իմանալու բոլոր օծյալների անունները։ 2) Ի՞նչ տեսակետ պետք է ունենան օծյալները իրենց մասին։ 3) Ինչպե՞ս պետք է արձագանքես, երբ քո ժողովից որևէ մեկը սկսում է օգտվել Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։ 4) Պե՞տք է արդյոք անհանգստանաս խորհրդանիշներից օգտվողների թվի աճի հետ կապված։ Եկեք մեկ առ մեկ իմանանք այս հարցերի պատասխանները։

ԿԱՐԻՔ ՈՒՆԵ՞ՆՔ ԻՄԱՆԱԼՈՒ ԲՈԼՈՐ ՕԾՅԱԼՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

3. Ինչո՞ւ հնարավոր չէ այսօր ստույգ իմանալ, թե ովքեր են ընդգրկվելու 144000-ի մեջ։

3 Արդյոք ուրիշ ոչխարները կարիք ունե՞ն իմանալու ներկայիս բոլոր օծյալների անունները։ Կարճ պատասխանն է՝ ո՛չ։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ երբ որևէ մեկը երկնային կոչում է ստանում, նա միայն հրավեր է ստանում, ոչ թե վերջնական վարձատրություն։ Ահա թե ինչու է Սատանան «սուտ մարգարեներ» վեր կացնում, «որպեսզի, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին մոլորեցնի» (Մատթ. 24։24)։ Ոչ ոք չի կարող իմանալ՝ օծյալ քրիստոնյան կստանա իր երկնային վարձատրությունը, թե ոչ, քանի դեռ Եհովան չի դատել նրան և արժանի չի համարել ստանալու մրցանակը։ Վերջնական որոշումը Եհովան է կայացնում. նա է տալիս վերջնական կնիքը կա՛մ նրանց մահից առաջ, եթե պահել են իրենց հավատարմությունը, կա՛մ նախքան «մեծ նեղության» սկիզբը (Հայտն. 2։10; 7։3, 14)։ Հետևաբար անիմաստ կլինի, որ այսօր որևէ մեկը փորձի ստույգ իմանալ, թե Աստծու ծառաներից ով է ի վերջո ընդգրկվելու 144000-ի մեջ։[1]

4. Եթե հնարավոր չէ իմանալ բոլոր օծյալների անունները, որ այսօր երկրի վրա են, ինչպե՞ս կարող ենք գնալ նրանց հետ։

4 Բայց եթե հնարավոր չէ ստույգ իմանալ հոգևոր Իսրայելի բոլոր անդամների անունները, որ այսօր երկրի վրա են, ինչպե՞ս կարող են ուրիշ ոչխարները գնալ նրանց հետ։ Ուշադրություն դարձրու, թե Զաքարիայի մարգարեությունը ինչ է ասում խորհրդանշական տասը մարդու մասին։ Նրանք ամուր «կբռնեն հրեա մարդու քղանցքը, կբռնեն ու կասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»»։ Թեև այս համարում նշված է մեկ հրեա մարդու մասին, այն վերաբերում է մեկից ավելի անհատների։ Հետևաբար այս հոգևոր հրեան պետք է լինի հավաքական կերպար, ոչ թե մեկ անձնավորություն։ Ուստի կարիք չկա բնորոշելու յուրաքանչյուր հոգևոր հրեայի և գնալու նրա հետ։ Փոխարենը՝ մենք պետք է բնորոշենք այս անհատներին որպես խմբի և հետո աջակցենք այդ խմբին։ Աստծու Խոսքը չի հորդորում մեզ հետևել որևէ անհատի. Հիսուսն է մեր Առաջնորդը (Մատթ. 23։10)։

Ի՞ՆՉ ՏԵՍԱԿԵՏ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ՕԾՅԱԼՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ

5. Ո՞ր նախազգուշացման մասին պետք է լրջորեն մտածեն օծյալները և ինչո՞ւ։

5 Նրանք, ովքեր օգտվում են Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից, պետք է լրջորեն մտածեն 1 Կորնթացիներ 11։27–29 համարներում պարփակված նախազգուշացման մասին (կարդա)։ Ի՞նչ է ուզում ասել Պողոս առաքյալը։ Եթե օծյալ քրիստոնյան լավ հարաբերություններ չունենա Եհովայի հետ և օգտվի խորհրդանիշներից, ապա անարժան կերպով է դա անում (Եբր. 6։4–6; 10։26–29)։ Այս նախազգուշացումը օգնում է օծյալներին հիշելու, որ իրենց վարձատրությունը դեռ չեն ստացել։ Նրանք պետք է շարունակեն «հետամուտ լինել նպատակին՝ վերին կոչման մրցանակին, որ տալիս է Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 3։13–16)։

6. Ի՞նչ տեսակետ պետք է ունենան օծյալները իրենց մասին։

6 Աստծուց ներշնչված՝ Պողոսը օծյալ քրիստոնյաներին հորդորեց «[իրենց] ստացած կոչմանը արժանի կերպով վարվել»։ Ինչպե՞ս։ Առաքյալը պատասխանում է. «Խոնարհամտությամբ և մեղմությամբ, համբերատարությամբ, սիրով միմյանց համբերելով, ամեն կերպ ձգտելով պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (Եփես. 4։1–3)։ Եհովայի ոգին խոնարհամտություն է առաջ բերում, ոչ թե հպարտություն (Կող. 3։12)։ Օծյալները համեստորեն գիտակցում են, որ պարտադիր չէ՝ իրենք ավելի շատ սուրբ ոգի ունենան, քան երկրային կյանքի հույս ունեցողները։ Նրանք չեն պնդում, թե հատուկ գիտելիքներ ունեն կամ հայտնություններ են ստանում, ոչ էլ փորձում են ապացուցել, որ ինչ-որ առումով գերազանց են ուրիշներից։ Բացի այդ, նրանք երբեք չեն ասի որևէ մեկի, որ նա նույնպես օծյալ է և պետք է սկսի օգտվել խորհրդանիշներից, այլ խոնարհաբար կընդունեն, որ Եհովան է կանչում օծյալներին։

7, 8. Ի՞նչ չեն ակնկալում օծյալները և ինչո՞ւ։

7 Թեև երկնային կոչում ունենալը հիանալի առանձնաշնորհում է, օծյալները չեն ակնկալում, որ ուրիշները իրենց հատուկ պատվի արժանացնեն (Եփես. 1։18, 19; կարդա Փիլիպպեցիներ 2։2, 3)։ Եհովայի ոգին վկայում է անձամբ իրենց։ Աշխարհին այդ մասին չի հայտարարվում։ Ուստի օծյալները չեն զարմանում, երբ որոշ մարդիկ անմիջապես չեն հավատում, որ նրանք իսկապես օծվել են սուրբ ոգով։ Նրանք գիտեն, որ Սուրբ Գիրքը խորհուրդ է տալիս անմիջապես չհավատալ որևէ մեկի, որը պնդում է, թե հատուկ նշանակում է ստացել Աստծուց (Հայտն. 2։2)։ Այս քրիստոնյաները ներկայանալիս ոչ մի դեպքում իրենց օծյալ լինելը չեն օգտագործի որպես այցեքարտ։ Շատ դեպքերում նույնիսկ չեն հիշատակի այդ մասին, որպեսզի խուսափեն իրենց վրա անհարկի ուշադրություն հրավիրելուց, ոչ էլ կպարծենան իրենց ապագա վարձատրությամբ (1 Կորնթ. 1։28, 29; կարդա 1 Կորնթացիներ 4։6–8)։

8 Այս ամենից բացի, օծյալները իրենց չեն համարի էլիտար խավի ներկայացուցիչներ։ Նրանք չեն փնտրի այն մարդկանց, ովքեր պնդում են, թե նույն կոչումն ունեն, որպեսզի հատուկ փոխհարաբերություններ հաստատեն վերջիններիս հետ, ոչ էլ կձգտեն առանձին խմբեր կազմել Աստվածաշունչ ուսումնասիրելու համար (Գաղ. 1։15–17)։ Այսպես վարվելը բաժանումներ կմտցնի ժողովում և դեմ կլինի սուրբ ոգուն, որը նպաստում է խաղաղությանն ու միասնությանը (կարդա Հռոմեացիներ 16։17, 18)։

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔՈ ԱՐՁԱԳԱՆՔԸ

9. Ինչո՞ւ պետք է զգույշ լինես, թե ինչպես ես վերաբերվում Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից օգտվողներին (տես «Սերը «անպատշաճ վարմունք չի ունենում»» շրջանակը)։

9 Ինչպե՞ս պետք է վերաբերվես նրան, ով օգտվում է Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Դուք բոլորդ եղբայրներ եք»։ Նաև ավելացրեց. «Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհեցվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Մատթ. 23։8–12)։ Ուստի սխալ կլինի բարձրացնել անհատին, նույնիսկ եթե նա Քրիստոսի օծյալ եղբայր է։ Խոսելով երեցների մասին՝ Աստվածաշունչը հորդորում է մեզ ընդօրինակել առաջնորդություն վերցնողների հավատը, բայց երբեք չի պատվիրում մեծարել որևէ մարդու որպես առաջնորդի (Եբր. 13։7)։ Ճիշտ է, Սուրբ Գիրքն ասում է, որ ոմանք արժանի են «կրկնակի պատվի», բայց այս մարդիկ պատվի են արժանի ոչ թե օծյալ լինելու համար, այլ որ «լավ են ղեկավարում» և «տքնաջան աշխատում են խոսելու և ուսուցանելու համար» (1 Տիմոթ. 5։17)։ Ուստի երկնային հույս ունեցողներն անհարմար կզգան, եթե մարդիկ անտեղի պատվի և ուշադրության արժանացնեն իրենց։ Բայց ամենից վատն այն է, որ եթե օծյալ քրիստոնյաները հատուկ վերաբերմունք ստանան, գուցե նրանց համար դժվար լինի խոնարհ մնալ (Հռոմ. 12։3)։ Մեզնից ոչ ոք չի ցանկանա, որ իր պատճառով Քրիստոսի եղբայրներից մեկը գայթակղվի (Ղուկ. 17։2)։

Եհովայի վկաներից մեկը Հիշատակի երեկոյի ժամանակ օգտվում է հացից

Ինչպե՞ս պետք է վերաբերվես Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից օգտվողներին (տես պարբերություն 9–11)

10. Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հարգում ես օծյալներին։

10 Ինչպե՞ս կարող ենք պատշաճ հարգանք դրսևորել նրանց հանդեպ, ում Եհովան օծել է։ Մենք նրանց օծվելու մասին անձնական հարցեր չենք տա։ Այդպիսով չենք խառնվի մեզ չվերաբերող գործերին (1 Թեսաղ. 4։11; 2 Թեսաղ. 3։11)։ Մենք չպետք է մտածենք, որ նրանց ծնողները, կողակիցը կամ ուրիշ բարեկամ գուցե նույնպես օծյալ է։ Գենետիկան կամ ամուսնությունը ոչ մի դեր չի խաղում այս հարցում (1 Թեսաղ. 2։12)։ Նաև կճնշենք մեր հետաքրքրասիրությունը և չենք հարցնի նրանց կողակիցներին, թե ինչ են զգում՝ իմանալով, որ ապագա երկրային դրախտում ապրելու են առանց իրենց կանանց կամ ամուսինների։ Փոխանակ այնպիսի հարցեր տալու, որոնք գուցե ցավ պատճառեն, կարող ենք լիովին համոզված լինել, որ Եհովան կբացի իր ձեռքը և «կգոհացնի ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղ. 145։16)։

11. Ինչպե՞ս ենք պաշտպանում մեզ, երբ խուսափում ենք մարդկանց մեծարելու ծուղակն ընկնելուց։

11 Ովքեր պատշաճ կերպով են վարվում օծյալ քրիստոնյաների հետ, պաշտպանում են իրենց մի թաքնված վտանգից։ Աստվածաշունչն ասում է, որ «կեղծ եղբայրներ» կարող են սողոսկել ժողով (Գաղ. 2։4, 5; 1 Հովհ. 2։19)։ Այդ ինքնակոչները գուցե նույնիսկ պնդեն, թե օծյալ են։ Բացի այդ, հնարավոր է՝ լինեն օծյալներ, որ հեռանան հավատից (Մատթ. 25։10–12; 2 Պետ. 2։20, 21)։ Եթե խուսափենք մարդկանց մեծարելու ծուղակն ընկնելուց, նման մարդիկ չեն կարողանա հեռացնել մեզ ճշմարտությունից, և մեր հավատը չի խարխլվի, եթե աչքի ընկնող կամ երկար տարիների որևէ քրիստոնյա անհավատարիմ դառնա։

Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ

12, 13. Խորհրդանիշներից օգտվողների թիվը ինչո՞ւ չպետք է անհանգստացնի մեզ։

12 Վերջին տարիներին Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից օգտվողների թիվն աճում է։ Եվ մեծ տարբերություն է նկատվում այդ աճի և անցած տասնամյակների ցուցանիշների միջև։ Պե՞տք է արդյոք այս աճը անհանգստացնի մեզ։ Ո՛չ։ Եկեք քննենք որոշ կարևոր մտքեր, որոնք լավ կլինի՝ հիշենք։

13 «Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են» (2 Տիմոթ. 2։19)։ Հիշատակի երեկոյի ժամանակ խորհրդանիշներից օգտվողների թիվը հաշվող եղբայրները չեն կարող իմանալ, թե իրականում ովքեր երկնային հույս ունեն։ Օգտվողների մեջ կան մարդիկ, ովքեր սխալմամբ կարծում են, թե օծյալ են։ Որոշ քրիստոնյաներ, որ մի ժամանակ օգտվում էին խորհրդանիշներից, հետագայում դադարել են օգտվելուց։ Ուրիշներն էլ գուցե մտային կամ էմոցիոնալ խնդիրներ ունեն, ինչի պատճառով սկսել են մտածել, թե Քրիստոսի հետ թագավորելու են երկնքում։ Հետևաբար օգտվողների թիվը իմանալով՝ հնարավոր չէ ստույգ ասել, թե քանի օծյալ է մնացել երկրի վրա։

14. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը այն օծյալների թվի մասին, որոնք լինելու են երկրի վրա, երբ մեծ նեղությունը սկսվի։

14 Երկրի շատ մասերում օծյալներ են լինելու, երբ Հիսուսը գա նրանց երկինք տանելու։ Այդ ժամանակի մասին խոսելիս Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «կուղարկի իր հրեշտակներին փողի մեծ ձայնով, և նրանք կհավաքեն նրա ընտրյալներին չորս կողմերից՝ երկնքի մի ծայրից մինչև մյուս ծայրը» (Մատթ. 24։31)։ Սուրբ Գիրքը նշում է, որ վերջին օրերում օծյալներից միայն մնացորդն է լինելու երկրի վրա (Հայտն. 12։17)։ Բայց այն չի նշում, թե նրանք քանի հոգի են լինելու, երբ մեծ նեղությունը սկսվի։

15, 16. Ի՞նչ պետք է գիտակցենք Եհովայի կողմից ընտրված 144000-ի վերաբերյալ։

15 Եհովան է որոշում՝ երբ ընտրի իր օծյալներին (Հռոմ. 8։28–30)։ Եհովան սկսեց ընտրել իր օծյալներին Հիսուսի մահից և հարությունից հետո։ Եվ թվում է, թե առաջին դարի քրիստոնեական ժողովում բոլորը օծյալներ էին։ Առաջին դարից մինչև վերջին օրերի սկիզբը իրենց Քրիստոսի հետևորդ անվանող մարդկանց ճնշող մեծամասնությունը կեղծ քրիստոնյաներ էին։ Հիսուսը նրանց նմանեցրեց «որոմների»։ Այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում Եհովան շարունակեց օծել որոշ հավատարիմների, որոնք դարձան Հիսուսի նկարագրած «ցորենը» (Մատթ. 13։24–30)։ Վերջին օրերի ընթացքում Եհովան շարունակում է ընտրել նրանց, ովքեր ընդգրկվելու են 144000-ի մեջ։[2] Եվ եթե նա որոշի ոմանց ընտրել վերջին օրերի վերջին ժամանակահատվածում, ապա ո՞վ ենք մենք, որ հարցականի տակ դնենք նրա իմաստությունը (Ես. 45։9; Դան. 4։35; կարդա Հռոմեացիներ 9։11, 16)։[3] Մենք պետք է զգույշ լինենք, որ չարձագանքենք այն աշխատողների նման, որոնք դժգոհեցին այն բանի համար, թե ինչպես իրենց տերը վարվեց 11-րդ ժամից աշխատողների հետ (կարդա Մատթեոս 20։8–15)։

16 Երկնային հույս ունեցողներից ոչ բոլորն են կազմում «հավատարիմ և իմաստուն ծառան» (Մատթ. 24։45–47)։ Ինչպես առաջին դարում, այնպես էլ այսօր Եհովան և Հիսուսը կերակրում են շատերին քչերի ձեռքով։ Առաջին դարում միայն մի քանի օծյալ քրիստոնյաների միջոցով գրվեցին Քրիստոնեական Հունարեն Գրությունները։ Նմանապես այսօր միայն մի քանի օծյալ քրիստոնյաներ են նշանակվել, որպեսզի հոգևոր «կերակուրը տան ճիշտ ժամանակին»։

17. Ի՞նչ սովորեցիր այս հոդվածից։

17 Ուրեմն ի՞նչ սովորեցինք այս քննարկումից։ Եհովան երկու տարբեր վարձատրություն է որոշել իր ծառաների համար. երկնային կյանք՝ հոգևոր հրեաների համար, և երկրային կյանք՝ խորհրդանշական տասը մարդկանց համար։ Բայց նա թե՛ երկնային, թե՛ երկրային հույս ունեցողներից պահանջում է, որ հնազանդվեն իր սահմանած չափանիշներին և հավատարիմ մնան։ Երկու խմբի անդամներն էլ պետք է խոնարհ մնան։ Երկուսն էլ պետք է միասնական լինեն և նպաստեն ժողովի խաղաղությանը։ Մինչ վերջին օրերը մոտենում են ավարտին, եկեք բոլորս էլ վճռենք ծառայել որպես մեկ հոտ մեկ հովվի՝ Քրիստոսի հոգածության ներքո։

^ [1] (պարբերություն 3) Սաղմոս 87։5, 6 համարները ցույց են տալիս, որ հնարավոր է՝ ապագայում բոլոր նրանց անունները, ովքեր հարություն են առել երկնքում Հիսուսի հետ ղեկավարելու համար, հայտնի դառնան (Հռոմ. 8։19)։

^ [2] (պարբերություն 15) Թեև Գործեր 2։33 համարը ցույց է տալիս, որ սուրբ ոգին թափվում է Հիսուսի միջոցով, Եհովան է, որ ընտրում է՝ ում հրավիրել օծյալ լինելու։

^ [3] (պարբերություն 15) Ավելի շատ տեղեկությունների համար տես «Դիտարանի» 2007 թ. մայիսի 1-ի համարի «Ընթերցողների հարցերը» (էջ 30, 31)։

Բազմությունը շրջապատել է եղբորն ու նրա կնոջը և լուսանկարում է նրանց

Սերը «անպատշաճ վարմունք չի ունենում»

Քրիստոնեական սերը նկարագրելիս Պողոս առաքյալը գրեց. «Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում» (1 Կորնթ. 13։4, 5)։ Բնագիր լեզվում «անպատշաճ վարմունք» թարգմանված արտահայտությունը նշանակում է լինել անհարգալից, անքաղաքավարի կամ ոչ տեղին պահվածք դրսևորել։ Քրիստոնեական սերը, սակայն, հաշվի է առնում ուրիշների զգացմունքները։

Ժողովում առաջնորդություն վերցնողների նկատմամբ քրիստոնեական սեր կարող ենք դրսևորել մեր վերաբերմունքով։ Երբեմն քրիստոնեական ժողովի որոշ ներկայացուցիչներ, օրինակ՝ շրջանային վերակացուները, բեթելցիները, մասնաճյուղի կոմիտեի անդամները, Կառավարիչ մարմնի անդամներն ու իրենց օգնականները, կարող են այցելել համաժողով կամ ներկա լինել աստվածապետական որևէ միջոցառման, որին մենք նույնպես ներկա ենք։ Բնական է, որ ցանկանում ենք այսպիսի եղբայրների և նրանց կանանց հանդեպ պատշաճ հարգանք դրսևորել։ Մեզնից ոչ ոք չի ցանկանում լինել Դիոտրեֆեսի նման, որը հարգանքով չէր ընդունում եղբայրներին (3 Հովհ. 9, 10)։ Բայց հնարավո՞ր է, որ ոչ միտումնավոր կերպով անքաղաքավարի գտնվենք՝ ընկնելով մյուս ծայրահեղության մեջ։ Ինչպե՞ս կարող է նման բան պատահել։

Թեև գնահատում ենք այն, որ հնարավորություն ունենք հանդիպելու և զրուցելու այդ եղբայրների ու իրենց կանանց հետ, բայց անհարգալից կլինենք, եթե նրանց վերաբերվենք որպես «աստղերի»։ Օրինակ՝ քաղաքավարություն դրսևորած կլինե՞նք, եթե առանց իրենց թույլտվության նկարենք նրանց ուտելու կամ որևէ այլ բան անելու ժամանակ։ Կամ եթե խնդրենք, որ ստորագրեն մեր գրքերի կամ Աստվածաշնչերի մեջ, ուրիշներից առաջ անցնենք և պնդենք, որ մեզ հետ նկարվեն։ Ինչ խոսք, թվարկվածներից ոչ մեկը բնորոշ չէ ճշմարիտ քրիստոնեական սիրուն։ Հակառակը՝ դրանք կարող են ցույց տալ, որ մենք չենք հասկացել, թե որն է նրանց այցի նպատակը և թե ինչ մեծ գործ են անում հանուն մեր բարօրության։ Իսկ ի՞նչ տպավորություն կթողնի նման պահվածքը այն անհատների վրա, որոնք առաջին անգամ են ներկա մեր հավաքույթներից որևէ մեկին։

Ի՞նչը կօգնի մեզ լինելու հավասարակշռված։ Առաջին՝ հիշիր, որ փառք ու պատիվ միայն Եհովային պետք է տրվի (Հայտն. 4։11)։ Երկրորդ՝ հասկացիր, որ մեծ տարբերություն կա հարգանքի և քծնանքի միջև։ Այս եղբայրներն ու իրենց սիրելի կանայք ուզում են, որ իրենց հարգենք ոչ թե որպես «աստղերի», այլ որպես հավատակիցների (Մատթ. 23։8)։ Երրորդ՝ կիրառիր Ոսկե կանոնը. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթ. 7։12)։ Եթե հիշենք այս ամենը, այնպիսի սեր կդրսևորենք, որը «անպատշաճ վարմունք չի ունենում»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը