Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 2/15 էջ 18–22
  • Պայքարում ենք «մարմնի խայթի» դեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պայքարում ենք «մարմնի խայթի» դեմ
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես պայքարել «խայթի» դեմ
  • Եհովան կենսական միջոցներ է տրամադրում
  • Ինչպես են ոմանք հաջողությամբ պայքարել
  • Տոկալը ուրախություն է բերում
  • Նրանք պայքարեցին իրենց «մարմնի խայթի» դեմ
    2002 Դիտարան
  • Պողոսի՝ «փշի նման ծակող ցավը»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • 2 Կորնթացիներ 12։9. «Իմ անզուգական բարությունը, որ արդեն դրսևորել եմ քո հանդեպ, բավական է»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Զորավոր՝ չնայած թուլություններին
    2008 Դիտարան
Ավելին
2002 Դիտարան
w02 2/15 էջ 18–22

Պայքարում ենք «մարմնի խայթի» դեմ

«Իմ շնորհը քեզ բաւ է» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ 12։9)։

1, 2. ա) Ինչո՞ւ փորձություններն ու դժվարությունները չպիտի մեզ շփոթության մեջ գցեն։ բ) Չնայած փորձություններին՝ ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ։

«ԲՈԼՈՐ նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն» (Բ Տիմոթէոս 3։12)։ Ինչո՞ւ։ Քանի որ Սատանան պնդում է, թե մարդն Աստծուն ծառայում է միայն եսասիրական մղումներից ելնելով, և նա ամեն ինչ անում է, որպեսզի դա ապացուցի։ Մի առիթով Հիսուսը նախազգուշացրեց իր հավատարիմ առաքյալներին. «Սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել» (Ղուկաս 22։31)։ Հիսուսը շատ լավ գիտեր, որ Աստված Սատանային թույլ է տալիս փորձել մեզ դժվարին պրոբլեմների միջոցով։ Իհարկե, դա չի նշանակում, թե մեր դիմագրաված ամեն մի դժվարություն ուղղակիորեն ծագում է Սատանայից կամ նրա դևերից (Ժողովող 9։11)։ Բայց Սատանան, օգտվելով իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներից, փափագում է կոտրել մեր ուղղամտությունը։

2 Աստվածաշունչն ասում է, որ փորձությունները չպետք է մեզ շփոթության մեջ գցեն։ Ինչ էլ որ պատահի, դա մեզ համար ո՛չ տարօրինակ է, ո՛չ էլ անսպասելի (Ա Պետրոս 4։12)։ Փաստորեն, «[մեր] եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները» (Ա Պետրոս 5։9)։ Այսօր Աստծո յուրաքանչուր ծառա մեծ ճնշման է ենթարկվում Սատանայի կողմից։ Բանսարկուն հաճույք է ստանում՝ տեսնելով, թե ինչպես ենք տանջվում բազմաթիվ խայթանման պրոբլեմների պատճառով։ Նա իր իշխանության տակ գտնվող ներկա համակարգն այնպես է օգտագործում, որ ավելանան կամ ավելի ցավոտ դառնան մեր «մարմնի խայթերը» (Բ Կորնթացիս 12։7)։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ Սատանայի գրոհները կկոտրեն մեր ուղղամտությունը։ Ինչպես Եհովան մեզ խոստացել է, որ «ելք էլ է ցոյց տալու» փորձությանը տոկալու համար, այնպես էլ նա նույնը կանի, երբ ‘մարմնի խայթերի’ պես դժվարությունների հանդիպենք (Ա Կորնթացիս 10։13)։

Ինչպես պայքարել «խայթի» դեմ

3. Ինչպե՞ս պատասխանեց Եհովան, երբ Պողոսը նրան խնդրեց հեռացնել «խայթը» իր մարմնից։

3 Պողոս առաքյալը շատ էր խնդրում Աստծուն, որ հեռացնի իր մարմնի «խայթը»։ «Դրա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի»։ Ի՞նչ պատասխանեց Եհովան Պողոսի թախանձագին խնդրանքին։ «Իմ շնորհը քեզ բաւ է, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթացիս 12։8, 9)։ Եկեք վերլուծենք այս խոսքերն ու տեսնենք, թե ինչպես կարող են դրանք մեզ օգնել ցանկացած խայթանման պրոբլեմի դեմ պայքարելիս։

4. Ի՞նչ օգուտ էր բերել Եհովայի շնորհը Պողոսին։

4 Նկատենք, որ Աստված քաջալերեց Պողոսին երախտապարտ լինել այն շնորհի համար, որ արդեն տրվել էր իրեն Քրիստոսի միջոցով։ Իսկապես, Պողոսն արդեն շատ օրհնություններ էր ստացել։ Թեև նա մոլեռանդորեն հալածել էր Հիսուսի հետևորդներին, այնուամենայնիվ Եհովան, նրա հանդեպ սեր ցուցաբերելով, Հիսուսի աշակերտ դառնալու պատիվն էր շնորհել նրան (Գործք 7։57; 8։3; 9։1–4)։ Այնուհետև Եհովան Պողոսի առջև ծառայության հիանալի հնարավորություններ էր բացել։ Պարզ է, թե ինչ դաս ունենք քաղելու այստեղից. ինչպիսի ծանր իրավիճակում էլ լինենք, ունենք շատ օրհնություններ, որոնց համար կարող ենք երախտապարտ լինել։ Թող երբեք թույլ չտանք, որ փորձությունները ստիպեն մեզ մոռանալու Եհովայի բարությունը մեր հանդեպ (Սաղմոս 31։19)։

5, 6. ա) Ինչպե՞ս Եհովան սովորեցրեց Պողոսին, որ իր զորությունը «տկարութեան մէջ է ամբողջական դառնում»։ բ) Ինչպե՞ս է Պողոսի օրինակը ցույց տալիս, որ Սատանան ստախոս է։

5 Եհովայի շնորհը «բաւ» է նաև մեկ ուրիշ առումով։ Աստծո զորությունն առավել քան բավարար է, որպեսզի ուժ տա մեզ փորձություններին դիմանալու համար (Եփեսացիս 3։20)։ Եհովան սովորեցրեց Պողոսին, որ իր զորությունը «տկարութեան մէջ է ամբողջական դառնում»։ Ինչպե՞ս։ Նա սիրով Պողոսին տվեց այն զորությունը, որ վերջինիս անհրաժեշտ էր՝ պայքարելու համար իր փորձության դեմ։ Իր հերթին Պողոսի տոկունությունն ու լիակատար վստահությունն Աստծո հանդեպ ցույց տվեցին բոլոր քրիստոնյաներին, որ Աստված զորացնում էր այդ տկար ու մեղավոր մարդուն։ Պատկերացրեք, թե ինչ տպավորություն պետք է դա թողած լիներ Բանսարկուի վրա, որը պնդում է, թե մարդիկ ծառայում են Աստծուն միայն այն ժամանակ, երբ խաղաղ ու հանգիստ պայմաններում են ապրում։ Պողոսի ուղղամտությունը կարծես ապտակ լիներ այդ զրպարտչի համար։

6 Դա այն Պողոսն էր, որը նախկինում աջակցում էր Սատանային Աստծո դեմ մղվող պայքարում, ամբարտավան կերպով հալածում քրիստոնյաներին։ Նա այն նախանձախնդիր փարիսեցին էր, որը, անկասկած, մի ժամանակ շքեղ կյանք էր վարում, քանի որ ծնվել էր բարձրաշխարհիկ ընտանիքում։ Այժմ նա ծառայում էր Եհովային ու Քրիստոսին՝ որպես «առաքեալների յետինն» (Ա Կորնթացիս 15։9, ԱԹ)։ Պողոսը խոնարհաբար ենթարկվում էր առաջին դարի քրիստոնեական կառավարիչ մարմնին։ Եվ չնայած իր մարմնի խայթի պատճառած ցավին՝ նա շարունակում էր հավատարիմ մնալ։ Սատանային մեծ հիասթափություն պատճառեց այն, որ փորձությունները չկարողացան թուլացնել Պողոսի եռանդը։ Պողոսն իր սրտում միշտ վառ պահեց այն հույսը, որ ինքը բաժին է ունենալու Քրիստոսի երկնային Թագավորության մեջ (Բ Տիմոթէոս 2։12; 4։18)։ Ոչ մի խայթ, ինչքան էլ որ ցավոտ լիներ, չէր կարող թուլացնել նրա եռանդը։ Թող որ մեր եռանդը նույնպես երբեք չթուլանա։ Եհովան փորձությունների մեջ նեցուկ է կանգնում մեզ ու մի հրաշալի հնարավորություն ընձեռում՝ ապացուցելու, որ Սատանան ստախոս է (Առակաց 27։11)։

Եհովան կենսական միջոցներ է տրամադրում

7, 8. ա) Ինչպե՞ս է Եհովան զորացնում իր ծառաներին այսօր։ բ) Մարմնի խայթի դեմ պայքարելու համար ինչո՞ւ է խիստ կարևոր ամեն օր կարդալ և ուսումնասիրել Աստվածաշունչը։

7 Մեր օրերում Եհովան հավատարիմ քրիստոնյաներին զորացնում է իր սուրբ ոգու, իր Խոսքի ու մեր քրիստոնեական եղբայրության միջոցով։ Ընդօրինակելով Պողոս առաքյալին՝ մենք էլ կարող ենք աղոթքի միջոցով մեր հոգսերը գցել Եհովայի վրա (Սաղմոս 55։22)։ Աստված գուցե և չհեռացնի մեր փորձությունները, բայց նա կարող է մեզ իմաստություն տալ, որ պայքարենք դրանց դեմ, որքան էլ որ ծանր լինեն։ Եհովան կարող է նաև մեզ օժտել ոգու արիությամբ՝ տալով մեզ «զօրութեան գերազանցութիւնը» (Բ Կորնթացիս 4։7)։

8 Ինչպե՞ս կարելի է նման օգնություն ստանալ։ Մենք պետք է փութաջանորեն ուսումնասիրենք Աստծո Խոսքը, քանի որ այնտե՛ղ կգտնենք Եհովայի հուսավետ մխիթարությունները (Սաղմոս 94։19)։ Աստվածաշնչում կկարդանք Աստծո ծառաների օգնության աղերսները՝ ուղղված Աստծուն։ Եհովայի պատասխանները, որոնք լի են մխիթարական խոսքերով, խորհրդածության հիանալի նյութ են մեզ համար։ Աստծո Խոսքի ուսումնասիրությունը կամրապնդի մեզ, և «զօրութեան գերազանցութիւնը Աստծուց [կ]լինի եւ ոչ մեզնից»։ Ճիշտ ինչպես կարիք ունենք ամեն օր ֆիզիկապես սնվելու, այնպես էլ պետք է Աստծո խոսքով կանոնավորաբար սնվենք։ Այդպե՞ս ենք վարվում։ Եթե այո, ապա կտեսնենք, որ «զօրութեան գերազանցութիւնը» ստանալն օգնում է մեզ դիմանալու ցանկացած «խայթի»։

9. Ինչպե՞ս կարող են երեցները նեցուկ կանգնել նրանց, ովքեր դժվարություններ ունեն։

9 Աստվածավախ երեցները կարող են դժվարությունների «քամիի դէմ եղող պատսպարանի» և պրոբլեմների «փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս» լինել։ Այն երեցները, ովքեր ցանկանում են համապատասխանել Աստծո ներշնչմամբ գրի առնված այս նկարագրությանը, խոնարհաբար ու անկեղծորեն խնդրում են Եհովային, որ իրենց տա «ուսումնավարժ լեզու», որպեսզի կարողանան իմաստուն խոսքերով մխիթարել տառապող մարդկանց։ Երեցների խոսքերը կարելի է նմանեցնել բարակ անձրևի, որ հովացնում ու հանգստացնում է մեր սիրտը կյանքի դժվար ժամանակներում։ ‘Հուսադրելով վհատվածներին’՝ երեցներն իսկապես նեցուկ են կանգնում իրենց այն հոգևոր եղբայրներին և քույրերին, ովքեր գուցե հոգնել ու ընկճվել են մարմնի խայթի պատճառով (Եսայիա 32։2; 50։4; Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱՆԹ)։

10, 11. Ինչպե՞ս կարող են Աստծո ծառաները քաջալերել նրանց, ովքեր ծանր փորձություններ են տանում։

10 Եհովայի բոլոր ծառաներն էլ քրիստոնեական միասնական ընտանիքի անդամներ են։ Այո՛, մենք «իւրաքանչիւրս միմեանց անդամ ենք» և «պարտաւոր ենք սիրել միմեանց» (Հռովմայեցիս 12։5; Ա Յովհաննէս 4։11)։ Ինչպե՞ս կարող ենք կատարել մեր այս պարտականությունը։ Համաձայն Ա Պետրոս 3։8–ի՝ պետք է «կարեկից, եղբայրասէր, ազնուագութ» լինենք մեր բոլոր հավատակիցների նկատմամբ։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր պայքարում են իրենց մարմնի խայթի դեմ՝ մեզանից ամեն մեկն էլ կարող է առանձին ուշադրություն դարձնել այդ մարդկանց՝ անկախ այն բանից՝ նրանք երիտասարդ են, թե՝ ծեր։ Ինչպե՞ս։

11 Մենք պետք է ձգտենք զգայուն լինել նրանց տառապանքների հանդեպ։ Քարսիրտ, սառը կամ անտարբեր վերաբերմունքը գուցե ակամայից նրանց վիճակն ավելի բարդացնի։ Տեղյակ լինելով նրանց փորձություններին՝ մենք պետք է զգույշ լինենք, թե ինչ ենք ասում, ինչպես ենք դա ասում ու ինչպես ենք վարվում։ Մեր լավատեսությամբ ու քաջալերանքով կարող ենք օգնել նրանց, որ չվհատվեն. այսպես «խայթի» տանջող ցավը կարող է թեթևանալ, ու մենք «զորավիգ» կլինենք նրանց (Կողոսացիս 4։11, ՆԱ)։

Ինչպես են ոմանք հաջողությամբ պայքարել

12–14. ա) Քաղցկեղի դեմ պայքարելու համար ի՞նչ արեց մի քրիստոնյա։ բ) Ինչպե՞ս այդ կնոջ հոգևոր եղբայրներն ու քույրերը աջակցեցին ու քաջալերեցին նրան։

12 Ինչքան մոտենում ենք վերջին օրերի ավարտին, այնքան ‘ցավերն’ օրեցօր շատանում են (Մատթէոս 24։8, ԱԹ)։ Ամենայն հավանականությամբ, երկրի վրա ապրող ամեն մարդ էլ դժվարություններ է կրում, բայց հատկապես՝ Եհովայի հավատարիմ ծառաները, որ ձգտում են կատարել նրա կամքը։ Օրինակ՝ լիաժամ ծառայող մի քրիստոնյա քրոջ մոտ հայտնաբերվեց քաղցկեղ, որի պատճառով պիտի հեռացնեին նրա թքագեղձերն ու ավշագեղձերը։ Երբ նա ու իր ամուսինը իմացան այս հիվանդության մասին, անմիջապես Եհովային դիմեցին երկար, թախանձագին աղոթքով։ Ավելի ուշ նա պատմեց, թե ինչ աներևակայելի խաղաղություն էր իջել իրենց վրա։ Հետագայում նրա վիճակը մերթ լավանում, մերթ վատանում էր, հատկապես այն պատճառով, որ ստիպված էր պայքարել բուժման կողմնակի ազդեցությունների դեմ։

13 Իր կացությունը բարելավելու համար քույրը սկսեց քաղցկեղի վերաբերյալ տեղեկություններ հավաքել։ Նա խորհրդակցում էր իր բժիշկների հետ։ «Դիտարան», «Արթնացե՛ք» և այլ քրիստոնեական հրատարակություններից նա ընթերցում էր առանձին մարդկանց կենսագրություններ, որոնցում պատմվում էր, թե ինչպես էին նրանք էմոցիոնալ առումով պայքարում այդ հիվանդության դեմ։ Նաև Աստվածաշնչից նա ընթերցում էր համապատասխան հատվածներ այն մասին, որ Եհովան կարող է պաշտպանել իր ժողովրդին դժվարությունների ժամանակ, ինչպես նաև այլ օգտակար մտքեր։

14 Հուսահատության դեմ պայքարելու մասին մի հոդվածում հետևյալ իմաստուն խոսքերն էին գրված. «Ինքնահաճոյ [«զատուող», ծան.] մարդը իր ցանկութիւնը կը փնտռէ» (Առակաց 18։1, Արևմտ. Աստ.)։ Ուստի հոդվածում հետևյալ խորհուրդն էր տրվում. «Մի՛ մեկուսացեք»։a Քույրը պատմում է. «Շատերն ինձ ասացին, որ աղոթել են ինձ համար, մյուսներն էլ զանգահարեցին։ Երկու երեցներ կանոնավորաբար զանգում էին՝ իմանալու, թե ինչպես եմ։ Ես ծաղիկներ ու անհամար բացիկներ էի ստանում։ Ոմանք նույնիսկ ճաշ էին պատրաստում ինձ համար։ Իսկ շատերն էլ ցանկություն էին հայտնում ուղեկցել ինձ բժշկի գնալիս»։

15–17. ա) Ինչպե՞ս է մի քրիստոնյա պայքարել ավտովթարի պատճառով ծագած դժվարությունների դեմ։ բ) Ժողովի անդամներն ինչպե՞ս օգնեցին նրան։

15 ԱՄՆ–ի Նյու Մեքսիկո նահանգում ապրող մի Եհովայի վկա (քույր), որ երկար տարիներ ծառայում էր Աստծուն, երկու անգամ ավտովթարի ենթարկվեց։ Նրա ուսերն ու պարանոցը վնասվեցին, ինչը վատթարացրեց ավելի քան 25 տարի հոդաբորբով տառապող այս քրոջ վիճակը։ Նա պատմում է. «Ես մեծ դժվարությամբ էի կարողանում գլուխս ուղիղ պահել ու երկու կիլոգրամից ավելի կշռող ինչ–​որ բան ձեռքս վերցնել։ Բայց միշտ ջերմեռանդորեն աղոթելով Եհովային՝ կարողացա դիմանալ։ Ինձ օգնեցին նաև «Դիտարանի» հոդվածները։ Մի հոդվածում, որտեղ խոսվում էր Միքիա 6։8–ի (Արևմտ. Աստ.) մասին, նշվում էր, որ Աստծո հետ խոնարհությամբ քայլել՝ նշանակում է գիտակցել սեփական կարողությունների սահմանափակ լինելը։ Ես հասկացա, որ չնայած իմ վիճակին, չնայած նրան, որ ուզածիցս ավելի քիչ եմ ծառայում, չպետք է վհատվեմ։ Ամենակարևորը Աստծուն մաքուր սրտով ծառայելն է»։

16 Նա շարունակում է. «Երեցներն ինձ միշտ գովում էին իմ այն ջանքերի համար, որ անում էի ժողովներ հաճախելու և ծառայության դուրս գալու համար։ Երեխաներն ինձ գրկելով էին ողջունում։ Ռահվիրաները շատ համբերատար էին իմ նկատմամբ ու հաճախ փոխում էին իրենց գրաֆիկը, երբ ինձ լավ չէի զգում։ Երբ եղանակը վատ էր լինում, նրանք սիրով ինձ իրենց հետ տանում էին վերայցելությունների կամ ուսումնասիրությունների։ Եվ քանի որ ի վիճակի չէի պայուսակ կրելու, քարոզիչներն իմ գրականությունը դնում էին իրենց պայուսակում, երբ գնում էինք ծառայելու»։

17 Նկատենք, թե հավատակիցներն ու ժողովի երեցներն ինչպես օգնեցին այս երկու քույրերին՝ պայքարելու իրենց խայթանման տկարությունների դեմ։ Նրանց՝ սիրով ընձեռված օգնությունը գործնական էր. դրանով նրանք հոգում էին քույրերի հոգևոր, ֆիզիկական և էմոցիոնալ կարիքները։ Մի՞թե սա չի մղում մեզ՝ օգնության ձեռք մեկնելու դժվարություններ ունեցող քույրերին ու եղբայրներին։ Երեխանե՛ր, դուք էլ կարող եք օգնել ձեր ժողովի այն անդամներին, ովքեր պայքարում են իրենց ‘մարմնի խայթերի’ դեմ (Առակաց 20։29)։

18. Ինչպե՞ս կարող ենք քաջալերվել՝ «Դիտարանի» ու «Արթնացե՛քի» էջերում կենսագրություններ կարդալով։

18 «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի էջերում շատ պատմություններ են տեղ գտել այն Վկաների կյանքից, ովքեր պայքարել ու դեռ պայքարում են դժվարությունների դեմ։ Եթե կանոնավորաբար կարդաք նման հոդվածները, ապա կիմանաք, որ աշխարհի տարբեր վայրերում բնակվող ձեր շատ հոգևոր եղբայրներ ու քույրեր ապրում են տնտեսական ծանր պայմաններում և պատերազմական վտանգավոր գոտիներում, իսկ շատերն էլ բնական աղետների հետևանքով հարազատներ են կորցնում։ Մյուսները հիվանդության պատճառով անաշխատունակ են դառնում։ Ոմանք ի վիճակի չեն անելու այնպիսի բաներ, ինչը առողջ մարդկանց համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Այդ մարդկանց տարած հիվանդությունները ամենախիստ ձևով են նրանց փորձության ենթարկում, հատկապես՝ երբ նրանք ի վիճակի չեն իրենց ուզածի չափ քրիստոնեական գործունեության մեջ ներգրավվել։ Նրանք այնքա՜ն երախտապարտ են իրենց թե՛ երիտասարդ և թե՛ տարեց եղբայրների ու քույրերի օգնության համար։

Տոկալը ուրախություն է բերում

19. Ինչո՞ւ էր Պողոսն ուրախ՝ չնայած իր խայթանման փորձություններին ու տկարություններին։

19 Պողոսն ուրախացավ՝ տեսնելով, թե ինչպես է Աստված զորացնում իրեն։ Նա ասաց. «Լաւ էլ է, որ ես պարծենամ [«Մեծ հաճույքով պարծենում եմ», ԱՆԹ] իմ տկարութիւններով, որպէսզի իմ մէջ բնակուի Քրիստոսի զօրութիւնը։ Դրա համար գոհունակութեամբ համակերպւում եմ տկարութիւններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին եւ նեղութիւններին՝ Քրիստոսի համար. որովհետեւ, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր» (Բ Կորնթացիս 12։9, 10)։ Անձամբ այդ ամենը կրած լինելով՝ Պողոսը կարող էր վստահաբար ասել. «Կարիքի մէջ լինելու համար չէ, որ ասում եմ այս բանը, քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից։ Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատութեան մէջ լինել։ Ամէն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թէ՛ կուշտ լինել, թէ՛ քաղցած մնալ, թէ առատութեան մէջ լինել, թէ զրկանք կրել։ Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց» (Փիլիպպեցիս 4։11–13)։

20, 21. ա) Ինչո՞ւ կարող ենք ուրախություն գտնել՝ խորհրդածելով «անտեսանելի բաների» մասին։ բ) Որո՞նք են այն մի քանի «անտեսանելի բաները», որ հույս ունեք տեսնել երկրային դրախտում։

20 Ուրեմն, տոկալով մեր մարմնի ցանկացած «խայթի»՝ կարող ենք մեծ ուրախություն գտնել՝ ցույց տալով բոլորին, որ Եհովայի զորությունն ‘ամբողջական է դառնում մեր տկարության մեջ’։ Պողոսը գրեց. «Չենք տկարանում [‘վհատվում’, Արևմտ. Աստ.].... Մեր ներքին մարդը նորոգւում է օրըստօրէ. որովհետեւ մեր թեթեւ նեղութեան առժամանակեայ յաճախանքը մեր մէջ առաջ է բերում յաւիտենական փառք, որ գերազանցում է ամէն ինչ. [քանզի նայում ենք անտեսանելի բաներին], որովհետեւ.... անտեսանելիները՝ յաւիտենական [են]» (Բ Կորնթացիս 4։16–18)։

21 Այսօր Եհովայի ժողովրդի մեծ մասը հույս է փայփայում ապրել երկրային դրախտում ու վայելել նրա խոստացած օրհնությունները։ Հիմա այդ օրհնությունները գուցե «անտեսանելի» են մեզ համար։ Ինչևէ, արագորեն մոտենում է այն ժամանակը, երբ մեր սեփակա՛ն աչքերով կտեսնենք այդ օրհնությունները ու հավիտյան կվայելենք դրանք։ Օրհնություններից մեկն էլ կլինի այն, որ այլևս երբեք ստիպված չենք լինի խայթանման խնդիրներ ունենալ։ Աստծո Որդին ‘կքանդի Սատանայի գործերը’ ու ‘կկործանի նրան, որ մահվան իշխանություն ունի’ (Ա Յովհաննէս 3։8; Եբրայեցիս 2։14)։

22. Ի՞նչ վճռականություն և վստահություն կարող ենք ունենալ։

22 Եվ այսպես, մարմնի ինչպիսի խայթ էլ որ մեզ անհանգստացնի, եկեք շարունակենք պայքարել նրա դեմ։ Այդ անելու համար մենք էլ Պողոսի նման կզորանանք Եհովայի ուժով, որը նա առատորեն տալիս է։ Երբ ապրենք երկրային դրախտում, ամեն օր կօրհնենք Եհովային՝ մեր Աստծուն, մեզ պարգևած իր բոլոր սքանչելի բարիքների համար (Սաղմոս 103։2)։

[ծանոթագրություն]

a Տեսեք 2000 թ. մայիսի 8–ի «Արթնացե՛ք»–ի (ռուս.) «Աստվածաշնչի տեսակետը» խորագրի տակ, «Ինչպե՞ս պայքարել հուսահատության դեմ» հոդվածը։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ինչո՞ւ և ինչպե՞ս է Բանսարկուն փորձում կոտրել ճշմարիտ քրիստոնյաների ուղղամտությունը։

• Ինչպե՞ս է Եհովայի զորությունը «տկարութեան մէջ.... ամբողջական դառնում»։

• Ինչպե՞ս կարող են երեցներն ու մյուս հավատակիցները քաջալերել նրանց, ովքեր դժվարին խնդիրներ ունեն։

[նկար 18–րդ էջի վրա]

Պողոսը երեք անգամ աղոթեց, որ Աստված հեռացնի իր մարմնի խայթը

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը