Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 6/15 էջ 3–6
  • Զորավոր՝ չնայած թուլություններին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զորավոր՝ չնայած թուլություններին
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Փուշ մարմնի մեջ»
  • Թաքնված թերություններ
  • Եհովան անպայման կաջակցի
  • Օգնություն՝ թաքնված թուլությունների դեմ պայքարում
  • Պայքարում ենք «մարմնի խայթի» դեմ
    2002 Դիտարան
  • «Երբ ես տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երեցնե՛ր, ընդօրինակեք Պողոս առաքյալին
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պողոսի՝ «փշի նման ծակող ցավը»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
Ավելին
2008 Դիտարան
w08 6/15 էջ 3–6

Զորավոր՝ չնայած թուլություններին

ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ պատճառով երևի ընկճվում ես։ Քեզ թվում է՝ դրանք տզրուկի պես կպել են քեզ ու պոկ չեն գալիս։ Մտածում ես, թե երբեք չես կարողանա ազատվել դրանցից։ Երբ քեզ համեմատում ես ուրիշների հետ, թվում է, թե նրանք քեզնից լավն են, կամ ամեն ինչ ավելի լավ են անում։ Քեզ կարող է վհատեցնել նաև հիվանդությունը, որը գնալով ավելի է բարդանում և սպառում է քո ամբողջ էներգիան և զրկում է կենսուրախությունից։ Քեզ թվում է՝ ելք չկա։ Դու էլ Հոբի պես ուզում ես ասել Աստծուն. «Երանի՜ թէ ինձ դժոխքումը [այսինքն՝ գերեզմանում] ծածկէիր, թաքցնէիր մինչեւ քո բարկութեան անցնելը, ինձ սահման որոշէիր եւ յետոյ ինձ յիշէիր» (Յոբ 14։13)։

Ինչպե՞ս կարող ես դուրս գալ նման վհատեցնող վիճակներից։ Որքան էլ որ դժվար լինի, պետք է գոնե որոշ ժամանակ չմտածես խնդիրներիդ մասին։ Օրինակ՝ կարող ես խորհել այն հարցերի շուրջ, որոնք Եհովան տվեց իր հավատարիմ ծառա Հոբին. «Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս. իմացրու ինձ, եթէ իմաստութիւն գիտես։ Ո՞վ դրաւ նորա չափերը, եթէ գիտես, կամ ո՞վ քաշեց լարը նորա վերայ» (Յոբ 38։4, 5)։ Խորհրդածելով այս ներշնչյալ հարցերի իմաստի շուրջ՝ մենք կըմբռնենք, թե որքան մեծ են Եհովայի իմաստությունն ու զորությունը։ Նա լուրջ հիմքեր ունի թույլ տալու այն իրավիճակը, որ այսօր կա աշխարհում, և որի պատճառով մենք խնդիրներ ենք ունենում։

«Փուշ մարմնի մեջ»

Մեկ ուրիշ հավատարիմ ծառա՝ Պողոս առաքյալը, Եհովային խնդրեց, որ հեռացնի իր «մարմնի միջի փուշը». դա մի խնդիր էր, որը փշի նման ծակում էր նրան ու մեծ տհաճություն էր պատճառում։ Պողոսը երեք անգամ աղերսեց Աստծուն, որ ազատի իրեն այդ փորձությունից։ Այն կարող էր զրկել առաքյալին սուրբ ծառայությունից ստացած ուրախությունից։ Պողոսը դա նմանեցրեց անդադար ապտակներ ստանալու։ Եհովայի պատասխանը հետևյալն էր. «Իմ անարժան բարությունը բավական է քեզ համար, քանի որ իմ զորությունը թուլության մեջ է կատարյալ դառնում»։ Աստված չհեռացրեց նրանից այդ «փուշը»։ Թեև Պողոսը պետք է պայքարեր դրա դեմ, բայց նա ասաց. «Երբ ես թույլ եմ, այդ ժամանակ եմ զորավոր» (2 Կորնթ. 12։7–10)։ Ի՞նչ նկատի ուներ նա։

Պողոսի խնդիրը հրաշքով չանհետացավ, բայց դա չխանգարեց նրան, որ մեծ գործեր կատարի քրիստոնեական ծառայության մեջ։ Պողոսը ապավինում էր Եհովային և անդադար օգնություն էր խնդրում նրանից (Փիլիպ. 4։6, 7)։ Իր երկրային կյանքի ավարտին նա իրավամբ կարող էր ասել. «Ես մղեցի բարի պատերազմը, մինչև վերջ վազեցի ընթացքը, պահեցի հավատը» (2 Տիմոթ. 4։7)։

Եհովան անկատար մարդկանց օգտագործում է իր կամքը կատարելու համար, չնայած որ նրանք ունեն թերություններ և խնդիրներ։ Նա կարող է առաջնորդություն և իմաստություն տալ իր ծառաներին, որպեսզի նրանք հաղթահարեն դժվարությունները և պահպանեն ուրախությունը ծառայության մեջ։ Այո՛, Աստված կարող է անկատար մարդկանց միջոցով մեծ գործեր անել։ Ինչ խոսք, այդ բոլորի համար նա է արժանի գովաբանության և փառքի։

Առաքյալը նշեց, թե ինչու Աստված չի վերացնում իր մարմնի փուշը. «Որպեսզի ինքս ինձ չափից շատ բարձր չհամարեմ» (2 Կորնթ. 12։7)։ Պողոսի «փուշը» հիշեցնում էր նրան, որ իր կարողությունները սահմանափակ են, և օգնում էր համեստ կարծիք ունենալու սեփական անձի մասին։ Դա ներդաշնակ է Հիսուսի ասածին. «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհեցվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Մատթ. 23։12)։ Փորձությունները Աստծու ծառաներին կարող են խոնարհություն սովորեցնել, ինչպես նաև օգնել գիտակցելու, որ Եհովային հավատարիմ մնալու համար հարկավոր է ապավինել նրան։ Այսպիսով, Պողոսի նման՝ նրանք էլ կարող են «Եհովայով պարծենալ» (1 Կորնթ. 1։31)։

Թաքնված թերություններ

Ոմանք ունեն թերություններ, սակայն չգիտեն այդ մասին, կամ էլ գիտեն, բայց չեն ուզում ընդունել այդ փաստը։ Օրինակ՝ անհատը կարող է չափազանց ինքնավստահ լինել՝ ապավինելով իր սեփական ուժերին (1 Կորնթ. 10։12)։ Անկատար մարդկանց բնորոշ է նաև մեկ այլ թուլություն. նրանք ձգտում են ճանաչման, անուն ստեղծելու։

Հովաբը, որը դարձավ Դավիթ թագավորի զորավարը, քաջ, վճռական և հնարամիտ մարդ էր։ Սակայն նա լուրջ սխալ թույլ տվեց, որը բացահայտեց նրա հանդուգն, ամբարտավան և փառատենչ ոգին։ Հովաբը դաժանորեն սպանեց երկու զորավարների։ Նախ՝ վրեժ լուծեց Աբեններից՝ սպանելով նրան։ Հետո՝ ցանկանալով իբր թե ողջունել իր զարմիկ Ամեսայիին՝ աջ ձեռքով բռնեց նրա մորուքից, որպեսզի համբուրի։ Այնինչ նա ձախ ձեռքով բռնել էր սուրը, որով և խոցեց նրան (Բ Թագ. 17։25; 20։8–10)։ Հովաբը, որի փոխարեն զորավար էր նշանակվել Ամեսային, բաց չթողեց իր ախոյանից ազատվելու հնարավորությունը. նա թերևս հույս ուներ, որ նորից զորավար կնշանակվի։ Նկատելի է, որ Հովաբը չզսպեց իր ոգին՝ մասնավորապես եսասիրական ձգտումները։ Նա վարվեց անողոքաբար՝ առանց խղճի խայթ զգալու։ Երբ Դավթի կյանքը մոտենում էր ավարտին, նա իր որդի Սողոմոնին պատվիրեց հատուցել Հովաբին՝ նրա կատարած չարության համար (Գ Թագ. 2։5, 6, 29–35)։

Մենք ոչ մի դեպքում չպետք է տրվենք մեր սխալ ցանկություններին. մենք կարո՛ղ ենք տիրապետել մեր թուլություններին։ Նախ՝ պետք է հայտնաբերենք դրանք և ընդունենք, որ դրանք մեր մեջ կան։ Հետո՝ կարող ենք քայլեր ձեռնարկել այդ թերությունները հաղթահարելու համար։ Կարող ենք Եհովային կանոնավորաբար աղոթել՝ խնդրելով, որ օգնի մեզ հաղթահարելու այդ թուլությունները, ինչպես նաև կարող ենք ջանասիրաբար ուսումնասիրել նրա Խոսքը՝ փնտրելով այդ հակումները վերահսկելու կերպեր (Եբր. 4։12)։ Գուցե անհրաժեշտ լինի շարունակ պայքարել դրանց դեմ, բայցև վհատվելու կարիք չկա։ Նույնիսկ հնարավոր է՝ այդ պայքարը շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ անկատար ենք։ Պողոսը իր փորձից գիտեր այդ պայքարի մասին։ Նա գրեց. «Ինչը որ ուզում եմ, այն չեմ անում, այլ ինչը որ ատում եմ, այն եմ անում»։ Սակայն, ինչպես գիտես, Պողոսը չհանձնվեց. նա չմտածեց, թե ի վիճակի չէ վերահսկելու իր գործողությունները։ Ընդհակառակը՝ շարունակ պայքարեց իր թուլությունների դեմ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով ապավինելով Աստծուն (Հռոմ. 7։15–25)։ Մեկ ուրիշ անգամ էլ առաքյալը գրեց. «Ես իմ մարմնին եմ հարվածում և ծառայեցնում եմ նրան, որ չլինի թե ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս ինչ–որ ձևով հավանության չարժանանամ» (1 Կորնթ. 9։27)։

Մարդը արդարանալու հակում ունի։ Մենք կարող ենք պայքարել դրա դեմ՝ ջանալով ունենալ Եհովայի տեսակետը, որն արտահայտված է Պողոս առաքյալի խոսքերում։ Վերջինս քրիստոնյաներին հորդորեց. «Զզվե՛ք չարից, բարո՛ւն կառչեք» (Հռոմ. 12։9)։ Թուլությունների դեմ պայքարում հաջողության հասնելու համար մեզնից պահանջվում է ազնվություն, հաստատակամություն և ինքնակարգապահություն։ Դավիթը Եհովային խնդրեց. «Փորձիր [«Զտիր», ՆԱ] իմ երիկամունքները եւ իմ սիրտը» (Սաղ. 26։2)։ Նա գիտեր, որ Աստված կարող է ճշտորեն որոշել, թե ինչ հակումներ կան մարդու մեջ, և կարող է տալ անհրաժեշտ օգնությունը։ Եթե արձագանքենք Եհովայի՝ իր Խոսքի և սուրբ ոգու միջոցով տված առաջնորդությանը, կարող ենք մեր թուլությունների դեմ պայքարում հաջողության հասնել։

Ոմանք անհանգստանում են այն պատճառով, որ չեն կարողանում ինքնուրույն հաղթահարել իրենց թերությունները։ Ժողովի երեցները, անշուշտ, կարող են սիրառատ օգնության և քաջալերանքի աղբյուր լինել (Ես. 32։1, 2)։ Սակայն լավ կլինի իրական ակնկալիքներ ունենալ։ Իրերի ներկա համակարգում որոշ խնդիրներ լիակատար լուծում չունեն։ Բայցևայնպես, շատերը սովորել են ապրել իրենց թուլությունների հետ և պայքարել դրանց դեմ, ինչն օգնում է չկորցնել ուրախությունը։

Եհովան անպայման կաջակցի

Ինչպիսի խնդրի էլ բախվենք մեր դժվարին ժամանակներում, կարող ենք վստահ լինել, որ Եհովան կառաջնորդի ու կաջակցի մեզ։ Աստվածաշունչը հորդորում է. «Ուրեմն խոնարհվե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի իր ժամանակին նա բարձրացնի ձեզ, և ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետ. 5։6, 7)։

Քեթին երկար տարիներ ծառայում էր Բեթելում։ Երբ նա իմացավ, որ իր ամուսինը Ալցհեյմերի հիվանդություն ունի, զգաց, որ անկարող է հաղթահարելու սպասվող դժվարությունները։ Քեթին ամեն օր աղաչում էր Եհովային իրեն իմաստություն տալ և զգացական առումով զորացնել։ Քանի որ ամուսնու վիճակը գնալով վատանում էր, եղբայրները ժամանակ տրամադրեցին այդ հիվանդության մասին տեղեկություններ հավաքելուն, իսկ քույրերը Քեթիին զորացնում էին զգացական առումով։ Այս քրիստոնյաների օգնությունը հենց այն կերպերից մեկն էր, որով Եհովան օգնում էր մեր քրոջը, ուստի վերջինս կարողացավ 11 տարի շարունակ խնամել իր ամուսնուն։ Նա ասում է. «Ես արտասվում էի և ամբողջ սրտով Եհովային շնորհակալություն էի հայտնում օգնության համար։ Այդ օգնությունը ինձ ուժ էր տալիս։ Չէի պատկերացնում, որ հոգնած և թույլ լինելով հանդերձ՝ այդքան երկար ժամանակ կարող էի անել այն, ինչ ակնկալվում էր ինձնից»։

Օգնություն՝ թաքնված թուլությունների դեմ պայքարում

Երբ մարդն իրեն անարժեք է զգում, գուցե մտածի, թե Եհովան չի լսի իր աղաղակը նեղության պահին։ Այդ դեպքում լավ կլինի խորհրդածել Դավթի խոսքերի շուրջ։ Երբ նա զղջաց Բերսաբեի հետ գործած լուրջ մեղքի համար, ասաց. «Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած» (Սաղ. 51։17)։ Դավթի զղջումն անկեղծ էր. նա գիտեր, որ կարող է մոտենալ Աստծուն և նրանից ողորմություն ակնկալել։ Հիսուսը Եհովայի պես հոգատար է։ Ավետարանագիր Մատթեոսը, մեջբերելով Եսայիայի խոսքերը, Հիսուսի մասին ասաց. «Նա չի կոտրի վնասված եղեգը և չի հանգցնի մարող պատրույգը» (Մատթ. 12։20; Ես. 42։3)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը կարեկցում էր խեղճերին ու ճնշվածներին։ Այդ մարդիկ նման էին լամպի հանգչող պատրույգի, և Հիսուսը չէր հանգցնում, այսպես ասած, նրանց կյանքի վերջին կայծը։ Նա հոգ էր տանում, որ նման մարդիկ նորից լցվեն կյանքի կրակով։ Ահա այսպիսին էր նա երկրի վրա։ Հավատո՞ւմ ես, որ Հիսուսը մինչև օրս նույնն է և կարող է ցավակից լինել քո թուլություններին։ Նկատիր, որ Եբրայեցիներ 4։15–ում ասվում է, որ նա կարող է «ցավակից լինել մեր թուլություններին»։

Գրելով իր «մարմնի միջի փշի» մասին՝ Պողոսը նշեց, որ Քրիստոսի զորությունը «վրանի պես» է, որը ծածկում է իրեն (2 Կորնթ. 12։7–9)։ Քրիստոսի միջոցով նա զգում էր Աստծու պաշտպանությունը, ինչպես մարդն է իրեն պաշտպանված զգում վատ եղանակից՝ գտնվելով վրանի տակ։ Պողոսը չհուսահատվեց իր թուլությունների և խնդիրների պատճառով։ Եկեք ընդօրինակենք նրան։ Հոգևորապես ամուր մնալու համար մենք պետք է օգտվենք այն բոլոր միջոցներից, որ Եհովան տալիս է իր կազմակերպության երկրային մասի միջոցով։ Մենք կարող ենք անել մեր ուժերից եկած ամեն բան, որից հետո մնում է միայն ապավինել Եհովային՝ լիովին վստահ լինելով, որ նա կառաջնորդի մեր քայլերը։ Զգալով, թե ինչպես է Աստված օգնում մեզ թուլությունների դեմ պայքարում, մենք էլ Պողոսի պես կասենք. «Երբ ես թույլ եմ, այդ ժամանակ եմ զորավոր» (2 Կորնթ. 12։10)։

[նկար 3–րդ էջի վրա]

Պողոսը շարունակ աղոթում էր Եհովային, որ առաջնորդի իրեն ծառայության մեջ

[նկար 5–րդ էջի վրա]

Դավիթ թագավորը Հովաբին զորավար նշանակեց

[նկար 5–րդ էջի վրա]

Հովաբը Ամեսայիից՝ իր ախոյանից, ազատվելու հնարավորությունը բաց չթողեց

[նկար 6–րդ էջի վրա]

Երեցները Աստվածաշնչով սիրառատ առաջնորդություն են տալիս, որը կարող է օգնել մեզ հաղթահարելու խնդիրները

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը