Ինչպես հաղթահարել վշտի զգացումը
«Նորա [Հակոբի] բոլոր որդիները եւ նորա բոլոր աղջկերքը վեր կացան նորան մխիթարելու, բայց նա մերժում էր մխիթարուիլը, եւ ասեց. Ես սուգով կ’իջնեմ գերեզմանը իմ որդու մօտ։ Եւ նորա հայրը լացաւ նորա համար» (ԾՆՆԴՈՑ 37։35)։
ՆԱՀԱՊԵՏ Հակոբը խորապես վշտացավ, երբ կորցրեց իր որդուն։ Նա մտածում էր, որ մինչև իր կյանքի վերջ պետք է սգա։ Հակոբի նման՝ դուք նույնպես գուցե մտածեք, որ ձեր հարազատին կորցնելու ցավը այնքան խորն է, որ այն երբեք չի անցնի։ Ծանր վիշտ ապրելը նշանակո՞ւմ է արդյոք, որ դուք հավատի պակաս ունեք։ Բոլորովի՛ն։
Աստվածաշնչում նշվում է, որ Հակոբը մեծ հավատ ուներ։ Իր պապի՝ Աբրահամի և իր հոր՝ Իսահակի պես՝ նա գովասանքի արժանի հավատ դրսևորեց (Եբրայեցիներ 11։8, 9, 13)։ Մի անգամ նա նույնիսկ մի ամբողջ գիշեր գոտեմարտեց հրեշտակի հետ, որպեսզի Աստծու օրհնությունը ստանա (Ծննդոց 32։24–30)։ Հստակ է, որ Հակոբը ամուր փոխհարաբերություններ ուներ Եհովայի հետ։ Հետևաբար ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, որ նա խոր վշտի մեջ էր։ Անհատը կարող է ամուր հավատ ունենալ Աստծու հանդեպ և միևնույն ժամանակ խոր վիշտ զգալ։ Երբ մահանում է մեր հարազատը, մենք վշտանում ենք, և դա միանգամայն բնական է։
Ի՞նչ է վիշտը
Վիշտը կարող է տարբեր կերպերով ազդել մեզ վրա, սակայն շատերին այն ուժեղ էմոցիոնալ ցավ է պատճառում։ Օրինակ՝ Լեոնարդոն, որը 14 տարեկան էր, կորցրեց իր հորը։ Նա հանկարծամահ եղավ սրտի և շնչառական համակարգի հետ կապված խնդիրների հետևանքով։ Լեոնարդոն չի մոռանում այն օրը, երբ իր մորաքույրը հայտնեց հոր մահվան լուրը։ Սկզբում նա չէր ուզում հավատալ, որ դա ճիշտ է։ Իր հոր դիակը նա տեսավ թաղման արարողության ժամանակ, սակայն այդ ամենը նրան անիրական թվաց։ Մոտ վեց ամիս Լեոնարդոն չէր կարողանում լաց լինել։ Հաճախ զգում էր, որ սպասում է, թե երբ է հայրը աշխատանքից տուն վերադառնալու։ Գրեթե մեկ տարի հետո միայն նա լիովին համոզվեց, որ իր հայրը մահացած է։ Նրան պարուրեց մենակության անտանելի զգացումը։ Ամեն անգամ, երբ տուն էր վերադառնում և տեսնում էր, որ հայրը իրեն չի դիմավորում, չէր կարողանում զսպել իրեն ու սկսում էր լաց լինել։ Լեոնարդոն կարոտում էր իր հորը։
Ինչպես երևում է Լեոնարդոյի օրինակից, անհատի վիշտը կարող է ծանր լինել։ Սակայն մխիթարական է իմանալ, որ հնարավոր է փարատել վիշտը։ Խոր վերքը բուժելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Պարագան նույնն է ծանր կորստի դեպքում։ Գուցե ամիսներ, մի քանի տարի կամ նույնիսկ ավելի երկար ժամանակ պահանջվի, որպեսզի անհատը վերականգնի իր էմոցիոնալ վիճակը։ Ժամանակի ընթացքում ցավը կմեղմանա, և կյանքը աստիճանաբար իմաստալից կդառնա։
Սակայն, ինչպես ասում են, վիշտն արտահայտելը օգնում է անհատին վերականգնել էմոցիոնալ վիճակը և հաշտվել այն մտքի հետ, որ այն անձնավորությունը, որ կենդանի էր, այժմ չկա։ Մենք պետք է հարմարվենք կյանքի ընթացքին ու կարողանանք ապրել առանց այդ անձնավորության։ Ինչ խոսք, բոլորը նույն ձևով ցավ չեն զգում։ Սակայն մի բան պարզ է. եթե զսպում եք ձեր վիշտը, վնասում եք ձեզ մտավոր, էմոցիոնալ և ֆիզիկական առումներով։ Հետևաբար ինչպե՞ս կարելի է արտահայտել վիշտը և միևնույն ժամանակ առողջ մտայնություն պահպանել։ Աստվածաշնչում մի շարք գործնական խորհուրդներ կանa։
Ինչպես հաղթահարել վշտի զգացումը
Շատերը, ովքեր կորցրել են իրենց սիրելի հարազատին, մտածում են, որ խոսելը կարող է օգտակար լինել։ Տեսնենք, թե ինչ ասաց Հոբը, որը կորցրել էր իր տասը երեխաներին և բախվել էր այլ ողբերգական դեպքերի։ Նա ասաց. «Հոգիս կեանքիցս զզուել է. բաց թողեմ ինձ համար գանգատս. խօսեմ հոգուս դառնութեան ժամանակին» (Յոբ 1։2, 18, 19; 10։1)։ Ուշադրություն դարձրեք, որ Հոբը պետք է «բաց թողներ» իր մտահոգությունները։ Ինչպե՞ս։ «Խոսեմ»,— ասաց նա։
Պաուլուն, որը կորցրել էր իր մորը, ասում է. «Ինձ օգնեց մորս մասին հաճախակի խոսելը»։ Ուստի երբ վստահելի ընկերոջ հետ խոսեք ձեր զգացումների մասին, ինչ–որ չափով հանգստություն կգտնեք (Առակաց 17։17)։ Իսկ Յոնեն մոր մահից հետո իր քրիստոնյա եղբայրներին խնդրեց ավելի հաճախ այցելել իրեն։ «Խոսելն օգնեց ինձ մեղմել ցավս»,— ասում է նա։ Թերևս դուք էլ կարեկից անձնավորության առաջ արտահայտեք ձեր զգացումները, որպեսզի կարողանաք հեշտությամբ հաղթահարել զգացական խնդիրները։
Գրելը նույնպես կարող է օգտակար լինել։ Նրանք, ովքեր դժվարանում են արտահայտվել, ասում են, որ ավելի հեշտությամբ են արտահայտում իրենց զգացումները գրելու միջոցով։ Սավուղի և Հովնաթանի մահից հետո հավատարիմ Դավիթը մի շատ տխուր երգ գրեց և այդպիսով արտահայտեց իր վիշտը։ Ի վերջո, սգո այս երգն ընդգրկվեց Աստվածաշնչի «Բ Թագաւորաց» գրքի մեջ (Բ Թագաւորաց 1։17–27)։
Լաց լինելը նույնպես էմոցիոնալ առումով օգտակար է։ «Ամեն բանի ժամանակ կայ.... Լալու ժամանակ»,— գրված է Աստվածաշնչում (Ժողովող 3։1, 4)։ Ինչ խոսք, երբ մահանում է մեր հարազատը, դա «լալու ժամանակ» է։ Կարիք չկա ամաչել, երբ վշտից լաց ենք լինում։ Աստվածաշնչում հավատարիմ տղամարդկանց և կանանց շատ օրինակներ կան, ովքեր իրենց վիշտը արտահայտել են արտասվելով (Ծննդոց 23։2; Բ Թագաւորաց 1։11, 12)։ Հիսուսի «աչքերից արցունքներ հոսեցին», երբ նա մոտենում էր իր սիրելի ընկեր Ղազարոսի գերեզմանին (Հովհաննես 11։33, 35)։
Վիշտը հաղթահարելու համար անհրաժեշտ է համբերատար լինել, որովհետև կզգաք, որ ձեր զգացումները տրամադրության վերելքի ու անկման հետևանքով կարող են անընդհատ փոփոխվել։ Մի փորձեք զսպել արցունքները։ Շատ հավատարիմ մարդիկ ընդունում են, որ արտասվելը բնական է և անհրաժեշտ է էմոցիոնալ վիճակը վերականգնելու համար։
Մոտեցեք Աստծուն
Աստվածաշունչն ասում է. «Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Դա կարող ենք անել աղոթքի միջոցով։ Մի թերագնահատեք աղոթքի արժեքը։ Աստվածաշնչում մխիթարական խոստում է տրվում. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։18)։ Այն նաև վստահեցնում է մեզ՝ ասելով. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ» (Սաղմոս 55։22)։ Մի պահ խորհեք այս ամենի շուրջ։ Բացի այդ, ինչպես արդեն նշվեց, շատերին օգնել է իրենց վստահելի ընկերոջ մոտ արտահայտվելը։ Իսկ ավելի լավ չի՞ լինի մեր զգացումների մասին խոսել Աստծու հետ, ով խոստանում է մխիթարել մեր սրտերը (2 Թեսաղոնիկեցիներ 2։16, 17)։
Պաուլուն, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, ասում է. «Երբ այլևս չեմ կարողանում դիմանալ և զգում եմ, որ չեմ կարող պայքարել, ծնկի եմ գալիս ու աղոթում եմ Աստծուն։ Աղաչում եմ նրան, որ օգնի ինձ»։ Պաուլուն համոզված է, որ իր աղոթքները օգնեցին իրեն։ Դուք նույնպես կարող եք վստահ լինել, որ ի պատասխան ձեր անդադար աղոթքների՝ «ամենայն մխիթարության Աստվածը» քաջություն և ուժ կտա ձեզ՝ դիմանալու վշտին (2 Կորնթացիներ 1։3, 4; Հռոմեացիներ 12։12)։
Հարության հույսը
Հիսուսն ասաց. «Ե՛ս եմ հարությունը և կյանքը։ Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա» (Հովհաննես 11։25)։ Աստվածաշունչը հայտնում է մեզ, որ մահացածները նորից կապրենb։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա ցույց տվեց, որ կարո՛ղ է հարություն տալ մահացածներին։ Մի անգամ նա հարություն տվեց 12–ամյա մի աղջկա։ Ինչպիսի՞ն էր այդ աղջկա ծնողների արձագանքը։ Նրանք «մեծ ցնծություն ապրեցին» (Մարկոս 5։42)։ Երկնային թագավոր Հիսուս Քրիստոսը իր Թագավորության ներքո հարություն կտա անթիվ–անհամար մարդկանց, և նրանք կապրեն երկրի վրա խաղաղ ու արդար պայմաններում (Գործեր 24։15; 2 Պետրոս 3։13)։ Մի պահ պատկերացրեք, թե ի՜նչ մեծ ցնծություն կլինի, երբ մահացած մարդիկ կյանքի վերադառնան և միանան իրենց սիրելի հարազատներին։
Կլաուդիտը իր որդու՝ Ռենատոյի նկարը, որին կորցրել էր ինքնաթիռի վթարի ժամանակ, փակցրել է սառնարանի վրա։ Նա հաճախ է նայում նկարին և ասում. «Հարության ժամանակ մենք նորից կհանդիպենք»։ Իսկ Լեոնարդոն պատկերացնում է, որ իր հայրը հարություն է առնելու Աստծու խոստացված նոր աշխարհում։ Այո՛, հարության հույսը իսկական մխիթարության աղբյուր է այն բազմաթիվ մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց սիրելի հարազատներին։ Այդ հույսը կարող է մխիթարել նաև ձեզ։
[ծանոթագրություններ]
a Որպեսզի կարողանաք օգնել ձեր երեխաներին հաղթահարելու վիշտը, երբ նրանք կորցնում են իրենց հարազատին, կարող եք ուսումնասիրել այս պարբերագրում տպագրված «Օգնեք ձեր երեխային՝ դիմանալու վշտին» վերնագրով հոդվածը, էջ 18–20։
b Հարության հույսի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7–րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[շրջանակ/նկար 7–րդ էջի վրա]
«Ամենայն մխիթարության Աստվածը»
«Օրհնյալ լինի Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, ջերմ կարեկցանքի Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը» (2 Կորնթացիներ 1։3)։
Աստվածաշնչյան այս համարը ցույց է տալիս, որ Աստված կարող է օգնել իր հավատարիմ ծառաներին՝ տոկալու ցանկացած դժվարության։ Եհովան կարող է մխիթարել ընկերոջ կամ սիրելի անձնավորության միջոցով, որն ունի նույն կրոնական հավատալիքները։
Լեոնարդոն հիշում է մի դեպք, որը զորացրել ու մխիթարել է իրեն։ Մի օր, երբ նա տուն վերադարձավ ու տեսավ, որ հայրը տանը չէ, սկսեց ուժգին լաց լինել։ Այնուհետև գնաց մոտակա այգին, նստեց նստարանին և շարունակեց լաց լինել. նա աղերսում էր, որ Աստված օգնի իրեն։ Հանկարծ մոտակայքում մի մեքենա կանգ առավ, և նա տեսավ, որ վարորդը իր հավատակիցն է։ Եղբայրը ինչ–որ իրեր էր առաքում և սխալմամբ մեքենան այդ ճանապարհով էր վարել։ Վերջինիս ներկայությունն անչափ մխիթարեց Լեոնարդոյին։
Իսկ մի տղամարդ, որը կորցրել էր իր կնոջը, իրեն միայնակ էր զգում և շատ ընկճված էր։ Նա անդադար լաց էր լինում, քանի որ անհուսալի վիճակում էր։ Նա սկսեց օգնություն աղերսել Աստծուց։ Աղոթելու ընթացքում հնչեց հեռախոսազանգը։ Զանգահարողը նրա թոռն էր։ «Մեր կարճ զրույցը ինձ բավականին մխիթարեց և քաջություն տվեց։ Ես հասկացա, որ նրա զանգը իմ աղոթքի պատասխանն էր»,— ասում է նա։
[շրջանակ 9–րդ էջի վրա]
Մխիթարել ուրիշներին
«[Աստված] մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում, որպեսզի ամեն տեսակ նեղության մեջ լինողներին մենք կարողանանք մխիթարել այն մխիթարությամբ, որով ինքներս ենք մխիթարվում Աստծուց» (2 Կորնթացիներ 1։4)։
Շատ ճշմարիտ քրիստոնյաներ անձամբ զգացել են այս խոսքերի ճշմարտացիությունը։ Սփոփանք ստանալով՝ նրանք հաղթահարել են իրենց վշտի զգացումը, և հետագայում կարողացել են քաջալերել ու մխիթարել ուրիշներին։
Քննենք Կլաուդիտի օրինակը, որը կանոնավորաբար այցելում է ուրիշներին և պատմում է իր հավատալիքների մասին։ Նախքան իր տղային կորցնելը նա այցելում էր մի կնոջ, որի տղան մահացել էր լեյկեմիայից։ Այդ կինը սիրով ընդունում էր Կլաուդիտին, սակայն զգում էր, որ նա երբեք լիարժեքորեն չի հասկանա իր ցավը։ Կլաուդիտի որդու մահից կարճ ժամանակ հետո այս կինը այցելեց քրոջը և ասաց, որ եկել է տեսնելու, թե արդյոք նա պահել է իր հավատը։ Կլաուդիտի ամուր հավատը տպավորեց նրան, և վերջինս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել ու մխիթարություն ստացավ Աստծու Խոսքից։
Իր հորը կորցնելուց հետո Լեոնարդոն որոշեց ժեստերի լեզու սովորել, որպեսզի Աստվածաշնչի մխիթարող պատգամը հայտնի խուլ մարդկանց։ Նա հասկացավ, որ նրանց օգնելու համար ներդրած իր ջանքերը մեծ օգուտներ են բերում իրեն։ Լեոնարդոն ասում է. «Խուլ մարդկանց օգնելու ցանկության շնորհիվ կարողացա դիմանալ իմ վշտին։ Ես շատ ժամանակ և ուժեր ներդրեցի նրանց Աստծու մասին սովորեցնելու համար։ Իմ վիշտը փոխվեց ուրախության, երբ հետաքրքրվողներիցս մեկը մկրտվեց։ Հորս մահից հետո ես առաջին անգամ մեծ ուրախություն զգացի» (Գործեր 20։35)։
[նկար 5–րդ էջի վրա]
Ձեր զգացումների մասին խոսելը կարող է ինչ–որ չափով հանգստություն բերել
[նկար 6–րդ էջի վրա]
Գրելը կարող է օգնել ձեզ արտահայտելու ձեր վիշտը
[նկար 6–րդ էջի վրա]
Հարության հույսի մասին կարդալը կարող է իսկական մխիթարության աղբյուր լինել
[նկար 8–րդ և 9–րդ էջերի վրա]
Հիսուսը խոստացավ, որ բոլոր նրանք, ովքեր հավատ կդրսևորեն իր հանդեպ, հարություն կառնեն