«Լիարժեքորեն կատարիր քո ծառայությունը»
«Քո ծառայությունը կատարիր հիմնավորապես» (Բ Տիմոթէոս 4։5, «Byington»)։
1, 2. Թեպետ ավետարանիչներ են բոլոր քրիստոնյաները, համաձայն Գրությունների՝ ի՞նչ է պահանջվում երեցներից։
ԴՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ քարոզի՞չ ես։ Եթե այո, ապա շնորհակալություն հայտնիր Եհովային նման հրաշալի պատվի արժանանալու համար։ Դու ժողովում ծառայում ես որպես երե՞ց։ Նշանակում է, Եհովան քեզ հավելյալ առանձնաշնորհում է տվել։ Սակայն երբեք չպետք է մոռանանք, որ կրթական մակարդակը կամ էլ գեղեցիկ խոսելու կարողությունը չէ, որ մեզ որակյալ է դարձրել քարոզիչ կամ ժողովի վերակացու լինելու համար։ Ծառայության համար մեզ որակյալ դարձնողը Եհովան է, իսկ վերակացու լինելու պատվին որոշ տղամարդիկ արժանացել են այն պատճառով, որ համապատասխանում են Գրություններում ներկայացված հատուկ պահանջներին (Բ Կորնթացիս 3։5, 6; Ա Տիմոթէոս 3։1–7)։
2 Ավետարանելու գործը կատարում են բոլոր նվիրված քրիստոնյաները, սակայն հատկապես վերակացուները պետք է լավ օրինակ թողնեն ծառայության մեջ։ Այն երեցները, ովքեր տքնաջանորեն աշխատում են «խօսքով եւ ուսուցանելով» (ԷԹ), գտնվում են ինչպես Աստծո և Քրիստոսի ուշադրության կենտրոնում, այնպես էլ իրենց հավատակիցների՝ Եհովայի վկաների (Ա Տիմոթէոս 5։17; Եփեսացիս 5։23; Եբրայեցիս 6։10–12)։ Բոլոր հանգամանքներում այն, ինչ երեցն ուսուցանում է, պետք է լինի հոգևորապես կազդուրիչ. ահա թե ինչ է գրում Պողոս առաքյալը Տիմոթեոսին, որը վերակացու էր. «Ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։ Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին։ Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. քո պաշտօնը կատարիր [«լիարժեքորեն կատարիր քո ծառայությունը», ՆԱ]» (Բ Տիմոթէոս 4։3–5)։
3. Ի՞նչ է պետք անել, որպեսզի կեղծ ուսմունքները չվտանգեն ժողովի հոգևոր վիճակը։
3 Համոզվելու համար, որ կեղծ ուսմունքները չեն վտանգում ժողովի հոգևոր վիճակը, վերակացուն պետք է կիրառի Պողոսի վերոհիշյալ խորհուրդը. «Արթուն եղիր բոլոր բաներում, ....քո ծառայությունը կատարիր հիմնավորապես» (Բ Տիմոթէոս 4։5, «Byington»)։ Այո, երեցն իր ծառայությունը պետք է կատարի լիարժեք կերպով, պետք է անի դա հիմնավորապես, ամբողջությամբ, մինչև վերջ։ Իր ծառայությունը լիարժեքորեն կատարող երեցը ուշադրություն է դարձնում իր բոլոր պարտականություններին, դրանցից ոչ մեկը չի անտեսում և չի թողնում կեսկատար։ Այդպիսի մարդը հավատարիմ է նույնիսկ փոքր հարցերում (Ղուկաս 12։48; 16։10)։
4. Ի՞նչը կարող է օգնել, որ լիարժեքորեն կատարենք մեր ծառայությունը։
4 Ծառայությունը լիարժեքորեն կատարելու համար միշտ չէ, որ շատ ժամանակ է հարկավոր։ Ավելի շուտ, հարկավոր է ճիշտ տնօրինել ժամանակը։ Կանոնավորաբար գործադրվող հետևողական ջանքերը կօգնեն բոլոր քրիստոնյաներին բավական բան իրագործել ծառայության մեջ։ Քարոզչական ծառայությանը շատ ժամանակ տրամադրելու համար երեցը պետք է լավ կազմակերպված լինի։ Դա կնպաստի, որ նա հավասարակշռված կերպով կազմի իր գրաֆիկը և իմանա, թե որ պարտականությունները հանձնել ուրիշներին, և ինչպես դա անել (Եբրայեցիս 13։17)։ Բնական է, որ ժողովում հարգանք վայելող երեցը նաև իր բաժին պարտականությունները կկատարի, ինչպես Նեեմիան, որը անձամբ մասնակցեց Երուսաղեմի պարսպի վերաշինման աշխատանքներին (Նէեմիա 5։16)։ Նաև Աստծո բոլոր ծառաները պետք է մասնակցեն Թագավորությունը քարոզելու գործին (Ա Կորնթացիս 9։16–18)։
5. Ինչպե՞ս պետք է դիտենք մեր ծառայությունը։
5 Որքա՜ն ուրախալի հանձնարարություն ենք ստացել մենք՝ հռչակել արդեն հաստատված երկնային Թագավորության մասին։ Այս վերջին օրերում աշխարհով մեկ բարի լուրը քարոզելը մեծ պատիվ է, և մենք, ինչ խոսք, բարձր ենք գնահատում այդ գործում մասնակցություն ունենալը (Մատթէոս 24։14)։ Ու չնայած որ անկատար ենք, կարող ենք քաջալերություն ստանալ Պողոսի հետևյալ խոսքերից. «Այս գանձն ունինք հողի անօթներում. որ զօրութեան գերազանցութիւնը Աստուծունը լինի, եւ ոչ թէ մեզանից» (Բ Կորնթացիս 4։7)։ Այո, մենք կարող ենք Աստծուն ընդունելի ծառայություն մատուցել, բայց միայն նրա կողմից տրված զորության և իմաստության շնորհիվ (Ա Կորնթացիս 1։26–31)։
Արտացոլենք Աստծո փառքը
6. Ի՞նչ հակադրություն գոյություն ունի մարմնավոր Իսրայելի և հոգևոր Իսրայելի միջև։
6 Օծյալ քրիստոնյաների վերաբերյալ Պողոս առաքյալը գրում է. «[Աստված] կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտօնեաներ լինելու» (ԷԹ)։ Հիսուսի Քրիստոսի միջոցով հոգևոր Իսրայելի հետ կնքված նոր ուխտը առաքյալը հակադրում է Օրենքի հին ուխտին, որը կնքվել էր մարմնավոր Իսրայելի հետ Մովսեսի միջոցով։ Պողոսը նշում է նաև, որ երբ Մովսեսը իջավ Սինա լեռան վրայից՝ իր հետ բերելով այն «տախտակները», որոնց վրա Տասը պատվիրաններն էին գրված, մարգարեի դեմքը այնպես էր փայլում, որ իսրայելացիները չէին կարողանում նայել նրան։ Ժամանակի ընթացքում, սակայն, պատահեց շատ ավելի լուրջ բան՝ իսրայելացիների «միտքը կուրացաւ», և նրանց սիրտը, ասես, քողով ծածկվեց։ Բայց դեպի Եհովան դառնալու և նրան ամբողջ սրտով նվիրվելու դեպքում այդ քողը հեռացվում է։ Նոր ուխտի մեջ գտնվողներին հանձնարարված ծառայության վերաբերյալ Պողոսը գրում է. «Մենք բոլորս էլ բաց երեսով Տիրոջ փառքն ենք արտացոլում հայելու նման» (Բ Կորնթացիս 3։6–8, 14–17, 18 ԱՆԹ; Ելից 34։29–35)։ Այսօր Հիսուսի ‘ուրիշ ոչխարները’ նույնպես պատիվ ունեն արտացոլելու Եհովայի փառքը (Յովհաննէս 10։16)։
7. Ինչպե՞ս կարող են մարդիկ արտացոլել Աստծո փառքը։
7 Ինչպե՞ս կարող են մեղավոր մարդիկ արտացոլել Աստծո փառքը, երբ ոչ ոք չի կարող տեսնել Արարչի երեսը և կենդանի մնալ (Ելից 33։20)։ Բանն այն է, որ Եհովան ոչ միայն փառավոր անձնավորություն է, այլև ունի փառավոր նպատակ՝ արդարացնել իր գերիշխանությունը իր Թագավորության միջոցով։ Թագավորությանը առնչվող ճշմարտությունները ‘Աստծո մեծամեծ բաների’ մասն են կազմում, որոնց ծանուցումը սկսվեց մ.թ. 33 թ. Պենտեկոստեին սուրբ ոգով օծված անհատների կողմից (Գործք 2։11)։ Ոգու առաջնորդությամբ նրանք կարող էին լիարժեքորեն կատարել այն ծառայությունը, որ վստահված էր իրենց (Գործք 1։8)։
8. Իր ծառայության առնչությամբ ի՞նչ էր վճռել Պողոսը։
8 Պողոսը հաստատ վճռել էր թույլ չտալ, որ որևիցե բան խոչընդոտի իրեն լիարժեքորեն կատարելու իր ծառայությունը։ Նա գրեց. «Սորա համար այս պաշտօնն ունենալով, ինչպէս որ ողորմութիւն գտանք, չենք ձանձրանում, այլ ամօթալի ծածուկ բաները մերժել ենք. եւ խորամանկութեամբ չենք վարվում։ Եւ Աստուծոյ խօսքն էլ չենք ծռում՝ այլ ճշմարտութեան յայտնութիւնովը մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստուծոյ առաջին» (Բ Կորնթացիս 4։1, 2)։ Շնորհիվ այն բանի, ինչը Պողոսն անվանեց ‘այս պաշտոն’, հռչակվում է ճշմարտությունը, և տարածվում է հոգևոր լույսը։
9, 10. Ինչպե՞ս է հնարավոր արտացոլել Եհովայի փառքը։
9 Հոգևոր և ֆիզիկական լույսի Աղբյուրի մասին Պողոսը գրում է. «Աստուած որ ասեց թէ խաւարիցը լոյս ծագէ, ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքումը» (Բ Կորնթացիս 4։6; Ծննդոց 1։2–5)։ Քանի որ արժանացել ենք Աստծո ծառաները լինելու անգնահատելի պատվին, եկեք պահպանենք մեր մաքրությունը, որպեսզի կարողանանք հայելու պես արտացոլել Եհովայի փառքը։
10 Հոգևոր խավարում գտնվող անհատները չեն կարող տեսնել Եհովայի փառքը և ոչ էլ այդ փառքի արտացոլումը Հիսուս Քրիստոսի՝ Մեծ Մովսեսի միջոցով։ Սակայն Եհովայի ծառաները լինելով՝ մենք ստանում և անդրադարձնում ենք Գրություններից ճառագող փառավոր լույսը՝ օգնելով ուրիշներին տեսնել այն։ Որպեսզի հոգևոր խավարում գտնվող մարդիկ փրկվեն կործանումից, նրանք Աստծուց ճառագող լույսի կարիքն ունեն։ Ուստի մենք մեծ ուրախությամբ ու եռանդով հնազանդվում ենք Աստծո պատվերին՝ խավարի մեջ լույս ցոլացնելով հանուն Եհովայի փառավորման։
Թող ցոլա քո լույսը Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս
11. Ի՞նչ ասաց Հիսուսը մեր լույսը ցոլացնելու վերաբերյալ, և մեր ծառայության մեջ ո՞րն է դա անելու ձևերից մեկը։
11 Իր հետևորդներին Հիսուսն ասաց. «Դուք աշխարհի լոյսն էք. մի քաղաք, որ կենում է սարի վերայ, կարող չէ թագչուիլ։ Եւ ճրագը չեն վառիլ եւ դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, եւ նա լոյս կ’տայ ամենին՝ որ տան մէջ են։ Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է» (Մատթէոս 5։14–16)։ Մեր լավ վարքը կարող է մղել ուրիշներին փառավորել Աստծուն (Ա Պետրոս 2։12)։ Ավետարանչական գործունեության շատ ոլորտներ բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում մեր լույսը ցոլացնելու։ Մեր գլխավոր նպատակներից մեկն այն է, որ Աստծո Խոսքից ճառագայթող հոգևոր լույսը արտացոլենք Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնելիս, և անենք դա արդյունավետ կերպով։ Սա մեր ծառայությունը լիարժեքորեն կատարելու կարևոր ձևերից մեկն է։ Ո՞ր խորհուրդները կարող են մեզ օգնել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններն անցկացնել այնպես, որ դա հասնի ճշմարտությունը փնտրողների սրտին։
12. Ի՞նչ կապ գոյություն ունի աղոթքի և Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնելու միջև։
12 Եթե Եհովային աղոթենք Աստվածաշնչի ուսումնասիրություններ ունենալու մասին, ցույց կտանք, որ մեր այդ ցանկությունն անկեղծ է։ Նման աղոթքներով ցույց կտանք նաև, որ գիտակցում ենք, թե որքան կարևոր է օգնել ուրիշներին ստանալու Աստծո գիտությունը (Եզեկիէլ 33։7–9)։ Եհովան անպայման կպատասխանի մեր խնդրանքներին և կօրհնի ծառայության մեջ բարեխղճորեն գործադրված մեր ջանքերը (Ա Յովհաննէս 5։14, 15)։ Սակայն մենք չենք աղոթում լոկ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Այն սկսելուց հետո հարկավոր է աղոթել ու մտորել նաև տվյալ ուսումնասիրողի կոնկրետ կարիքների մասին, ինչի շնորհիվ յուրաքանչյուր պարապմունք կանցկացնենք արդյունավետ կերպով (Հռովմայեցիս 12։12)։
13. Ի՞նչը կնպաստի, որ արդյունավետ կերպով անցկացնենք Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունները։
13 Աստվածաշնչի ուսումնասիրությունը արդյունավետ կերպով անցկացնելու համար մենք պետք է լավ պատրաստվենք բոլոր պարապմունքներին։ Եթե զգում ենք, որ ինչ–որ հարցում խնդիրներ ունենք, օգտակար կլինի ուշադրություն դարձնել, թե ինչպես է Գրքի ուսումնասիրության վերակացուն կարողանում ամեն անգամ սկզբից մինչև վերջ անցկացնել տվյալ շաբաթվա համար նախատեսված նյութը։ Երբեմն գուցե կարողանանք ծառայել Թագավորության այնպիսի քարոզիչների հետ, որոնք լավ արդյունքների են հասել Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու մեջ։ Մեր ուշադրությանն, իհարկե, հատկապես արժանի է այն, թե ինչ մոտեցում է ցուցաբերել Հիսուս Քրիստոսը, և ինչ մեթոդներ է օգտագործել նա։
14. Ինչպե՞ս կարող ենք հասնել Աստվածաշունչն ուսումնասիրողի սրտին։
14 Հիսուսը ուրախություն էր ստանում, երբ կատարում էր իր Հոր կամքը և ուրիշների հետ խոսում էր Աստծո մասին (Սաղմոս 40։8)։ Նա հեզ էր և կարողանում էր հասնել իրեն լսողների սրտին (Մատթէոս 11։28–30)։ Ուստի եկեք ջանք թափենք՝ Աստվածաշունչ ուսումնասիրողի սրտին հասնելու։ Իսկ դա անելու համար պետք է պատրաստվենք յուրաքանչյուր պարապմունքին՝ մտքում պահելով տվյալ անձնավորության առանձնահատուկ հանգամանքները։ Օրինակ՝ եթե նա ապրում է այնպիսի միջավայրում, որտեղ Աստվածաշունչը հեղինակություն չէ, նախ կարող ենք օգնել նրան համոզվելու, որ այնտեղ գրվածը ճշմարտություն է։ Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, այնտեղից շատ համարներ կկարդանք և կբացատրենք դրանք։
Օգնիր ուսումնասիրողին հասկանալ օրինակները
15, 16. ա) Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին, եթե նա դժվարանում է հասկանալ Գրություններում բերվող որևէ օրինակ։ բ) Ի՞նչ կարող ենք անել, եթե մեր գրականության մեջ բերված օրինակը դժվարըմբռնելի է տվյալ ուսումնասիրողի համար։
15 Հնարավոր է, որ Աստվածաշունչ ուսումնասիրողը այնքան էլ չհասկանա Գրություններում բերվող ինչ–որ մի օրինակ այնտեղ նկարագրվող որոշ բաներին ծանոթ չլինելու պատճառով։ Օրինակ՝ նա գուցե չհասկանա, թե ինչ նկատի ուներ Հիսուսը՝ ասելով, որ ճրագը դնում են ճրագակալի վրա (Մարկոս 4։21, 22)։ Հիսուսը խոսում էր հնում գործածվող ձեթի ճրագի մասին, որը լույս էր արձակում այրվող պատրույգի միջոցով։ Այդ ճրագը դրվում էր հատուկ հարմարանքի վրա, որտեղից կարող էր լուսավորել տան ինչ–որ հատվածը։ Որպեսզի Հիսուսի այս օրինակը պարզ լինի քեզ համար, թերևս պահանջվի, որ հետազոտություններ կատարես և մեր հրատարակություններում գտնես նյութեր «ճրագի» կամ «ճրագակալի» մասին։ Սակայն որքա՜ն կոգևորվես, երբ պատրաստված գնալով ուսումնասիրության՝ տաս այնպիսի բացատրություններ, որոնք հասկանալի կլինեն ուսումնասիրողին և կգնահատվեն նրա կողմից։
16 Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկում բերվող օրինակներից որևէ մեկը ևս կարող է դժվարըմբռնելի լինել որոշ ուսումնասիրողներին։ Ժամանակ տրամադրիր այն բացատրելու համար կամ տվյալ միտքը պարզաբանող մեկ ուրիշ օրինակ բեր։ Ասենք՝ ձեռնարկում նշվում է, որ ամուսնության մեջ կարևոր դեր է խաղում համագործակցությունը և համապատասխան կողակից ունենալը։ Այս միտքը օրինակի օգնությամբ պարզաբանելու նպատակով ձեռնարկում նկարագրվում է, թե ինչպես է մարմնամարզիկը օդում բաց թողնում ճոճաձողը՝ վստահ լինելով, որ մյուս մարզիկը կբռնի իրեն։ Սակայն համապատասխան կողակից ունենալու և համագործակցության միտքը կարելի է պարզաբանել նաև բանվորների համագործակցության օրինակով, երբ նրանք նավ բեռնաթափելիս արկղեր են փոխանցում մեկը մյուսին։
17. Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից օրինակների առնչությամբ։
17 Լրացուցիչ օրինակ բերելու համար գուցե նախապես պատրաստվելու կարիք առաջանա։ Սակայն դա Աստվածաշունչ ուսումնասիրողի հանդեպ մեր անհատական ուշադրության նշանը կլինի։ Հիսուսը պարզ օրինակներ էր բերում բարդ թեմաներ բացատրելու համար։ Այդպիսի օրինակներ է բովանդակում նրա Լեռան քարոզը։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուսի ուսուցանելու ձևը լավ ազդեցություն էր թողնում իրեն լսողների վրա (Մատթէոս 5։1–7։29)։ Սովորեցնելիս Հիսուսը համբերությամբ էր բացատրություններ տալիս, քանի որ խորապես հետաքրքրված էր մարդկանցով (Մատթէոս 16։5–12)։
18. Ի՞նչ խորհուրդ է տրվում այն համարների առնչությամբ, որոնք պարզապես նշված են մեր հրատարակություններում։
18 Ուրիշների հանդեպ մեր ուշադիր վերաբերմունքը կմղի, որ նրանց հետ միասին տրամաբանորեն վերլուծենք Գրություններում ներկայացված մտքերը (Գործք 17։2 ՆԱ, 3)։ Սա անելու համար հարկավոր է աղոթքով ուսումնասիրել և իմաստությամբ օգտագործել այն հրատարակությունները, որ տրվում են ‘հավատարիմ և իմաստուն տնտեսի’ կողմից (Ղուկաս 12։42–44)։ Օրինակ՝ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքում մեջբերվում են բազմաթիվ աստվածաշնչյան համարներ։a Շատ տեղ չգրավելու պատճառով որոշ դեպքերում այդ խոսքերը միայն նշվում են՝ առանց մեջբերվելու։ Կարևոր է ուսումնասիրության ընթացքում կարդալ և բացատրել այդ համարներից գոնե մի քանիսը։ Չէ՞ որ մեր ուսուցումը հիմնված է Աստծո Խոսքի վրա, իսկ այն մեծ զորություն ունի (Եբրայեցիս 4։12)։ Դիմիր Աստվածաշնչին ամբողջ պարապմունքի ընթացքում՝ հաճախակի բացելով այն համարները, որ նշվում են պարբերություններում։ Օգնիր ուսումնասիրողին տեսնել, թե ինչ է Աստվածաշունչն ասում որոշակի թեմայի կամ գործելակերպի մասին։ Ձգտիր ցույց տալ, թե ինչպիսի օգուտներ կքաղի նա, եթե հնազանդվի Աստծուն (Եսայիա 48։17, 18)։
Օգտագործիր մտածելու առիթ տվող հարցեր
19, 20. ա) Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելիս ինչո՞ւ պետք է օգտագործենք մարդու տեսակետը բացահայտող հարցեր։ բ) Ի՞նչ կարելի է անել, եթե որոշակի թեմայի շուրջ հավելյալ քննարկումների կարիք է զգացվում։
19 Հմտորեն տրված հարցերի միջոցով Հիսուսը խթանում էր իր ունկնդիրների տրամաբանությունը (Մատթէոս 17։24–26)։ Եթե օգտագործենք ուսումնասիրողի տեսակետը բացահայտող հարցեր, որոնք շփոթության մեջ չեն գցի նրան, ապա պատասխաններից կտեսնենք, թե ինչ է նա մտածում այս կամ այն թեմայի շուրջ։ Հնարավոր է՝ պարզենք, որ նրա տեսակետը որոշ հարցերում դեռ հակասում է Գրություններին։ Օրինակ՝ գուցե նա հավատում է Երրորդությանը։ «Գիտություն» գրքի երրորդ գլխում ասվում է, որ «երրորդություն» բառը Աստվածաշնչում չի հանդիպում։ Նաև նշվում ու մեջբերվում են համարներ այն մասին, որ Եհովան և Հիսուսը տարբեր անձնավորություններ են, իսկ սուրբ ոգին Աստծո գործուն ուժն է և ոչ թե անձնավորություն։ Ուսումնասիրողի տեսակետը շտկելու համար հավանաբար բավական լինի կարդալ և քննարկել Աստվածաշնչի այդ խոսքերը։ Բայց ինչպե՞ս վարվել այն դեպքում, եթե ավելի շատ փաստերի կամ բացատրության կարիք է զգացվում։ Գուցե հաջորդ պարապմունքի վերջում որոշ ժամանակ հատկացնեք այդ հարցը խորությամբ ուսումնասիրելուն և դա անեք Եհովայի վկաների մեկ այլ հրատարակության օգնությամբ, ինչպես օրինակ՝ «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» գրքույկը։ Դրանից հետո կարող եք շարունակել ձեր ուսումնասիրությունը «Գիտություն» գրքով։
20 Ենթադրենք, որ ուսումնասիրողի տեսակետը բացահայտող հարցը զարմացրեց կամ էլ նույնիսկ հուսախաբ արեց քեզ։ Եթե հարցը առնչվում է այնպիսի նուրբ թեմայի, ինչպիսին է, օրինակ, ծխելը, ապա կարող ես առաջարկել շարունակել ուսումնասիրությունը և հետաձգել տվյալ խնդրի քննարկումը։ Պարզելով, որ ուսումնասիրողը դեռ ծխում է՝ մենք արդեն կփնտրենք համապատասխան նյութեր, որոնք կօգնեն նրան հոգևորապես առաջադիմելու։ Ջանք թափելով հասնել ուսումնասիրողի սրտին՝ կարող ենք աղոթել Եհովային նրան հոգևորապես աճեցնելու մասին։
21. Ի՞նչ արդյունքներ գուցե քաղենք, եթե ուսուցանելու մեր մեթոդն ընտրելիս անհատական մոտեցում ցուցաբերենք յուրաքանչյուր ուսումնասիրողի հանդեպ։
21 Լավ նախապատրաստվելով, ինչպես նաև Եհովայից օգնություն ստանալով՝ ուսուցանելու մեր մեթոդն ընտրելու հարցում անկասկած կկարողանանք լինել ճկուն և անհատական մոտեցում կցուցաբերենք յուրաքանչյուր ուսումնասիրողի նկատմամբ։ Ժամանակի ընթացքում մեզ գուցե հաջողվի օգնել նրան խոր սեր զարգացնել Աստծո հանդեպ։ Գուցե նաև կարողանանք նրա մեջ հարգանք ու երախտագիտություն զարգացնել Եհովայի կազմակերպության նկատմամբ։ Ինչպիսի՜ պարգևատրություն կլինի մեզ համար, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողն ընդունի, որ ‘Աստված մեր միջում է’ (Ա Կորնթացիս 14։24, 25)։ Ուստի եկեք Աստվածաշնչի ուսումնասիրություններն անցկացնենք արդյունավետ կերպով և մեր հնարավորությունների սահմաններում ամեն բան անենք, որպեսզի օգնենք ուրիշներին դառնալու Հիսուսի աշակերտները։
Գանձ, որը պետք է փայփայել
22, 23. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի լիարժեքորեն կատարենք մեր ծառայությունը։
22 Մեր ծառայությունը լիարժեքորեն կատարելու համար, պետք է ապավինենք Աստծո կողմից տրվող զորությանը։ Ահա թե ծառայության վերաբերյալ ինչ գրեց Պողոսը օծյալ քրիստոնյաներին. «Այս գանձն ունինք հողի անօթներում. որ զօրութեան գերազանցութիւնը Աստուծունը լինի, եւ ոչ թէ մեզանից» (Բ Կորնթացիս 4։7)։
23 Անկախ այն բանից, մենք օծյալ քրիստոնյաներ ենք, թե «ուրիշ ոչխարներ»՝ բոլորս էլ փխրուն հողե անոթներ ենք (Յովհաննէս 10։16)։ Այնուամենայնիվ, Եհովան կարող է օժտել մեզ անհրաժեշտ զորությամբ, որպեսզի կատարենք մեր պարտականությունները՝ չնայած մեզ վրա գործադրվող ճնշումներին (Յովհաննէս 16։13; Փիլիպպեցիս 4։13, ԱԱ)։ Ուրեմն՝ եկեք ամբողջությամբ ապավինենք Եհովային, փայփայենք Ավետարանը քարոզելու մեզ վստահված «գանձը» և լիարժեքորեն կատարենք մեր ծառայությունը։
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Ինչպե՞ս կպատասխանեիր
• Ի՞նչ կարող են անել երեցները՝ իրենց ծառայությունը լիարժեքորեն կատարելու համար։
• Ինչպե՞ս կարող ենք ավելի արդյունավետ անցկացնել Աստվածաշնչի ուսումնասիրությունները։
• Ի՞նչ կանես, եթե Աստվածաշունչ ուսումնասիրողը չհասկանա բերված օրինակը կամ որևէ հարցի շուրջ լրացուցիչ տեղեկության կարիք ունենա։
[նկար 16–րդ էջի վրա]
Քրիստոնյա երեցները ուսուցանում են ժողովում և սովորեցնում են հավատակիցներին լինելու պատրաստված քարոզիչներ
[նկար 18–րդ էջի վրա]
Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնելը մեր լույսը ցոլացնելու ձևերից մեկն է