Եհովային փառաբանող ուրախ հարսանիքներ
Ուելշն ու Էլթան ամուսնացել են 1985 թ.–ին Սոուեթոյում (Հարավաֆրիկյան Հանրապետություն)։ Ժամանակ առ ժամանակ իրենց դստեր Զինզիի հետ նրանք նայում են իրենց հարսանեկան ալբոմն ու մեկ անգամ ևս հիշողության մեջ թարմացնում այդ երջանիկ օրը։ Զինզին հետաքրքրությամբ հարցեր է տալիս նկարներում իրեն անծանոթ մարդկանց մասին, իսկ այնտեղ նրան հատկապես դուր է գալիս մայրը՝ հարսանեկան գեղեցիկ զգեստով։
ՈՒԵԼՇՆ ՈՒ ԷԼԹԱՆ իրենց հարսանիքը տոնել էին Սոուեթոյի հասարակական միջոցառումների համար նախատեսված սրահում։ Արարողությունը սկսվել էր ամուսնության թեմային վերաբերող ելույթով։ Ելույթից հետո երիտասարդ քրիստոնյաների երգչախումբը Աստծուն փառաբանող երգեր էր երգել՝ չորս ձայնով։ Որից հետո հյուրերը Թագավորության երգերի մեղեդիների տակ սկսել էին օգտվել պատրաստված համեղ կերակուրներից։ Սեղանին առհասարակ ոգելից խմիչք չկար, երաժշտության ձայնը սովորականից բարձր չէր հնչում ու ոչ ոք չէր պարում։ Հյուրերը միմյանց հետ զրուցում էին ու շնորհավորանքի սիրալիր խոսքեր ուղղում նորապսակներին։ Ամբողջ միջոցառումը տևել էր երեք ժամ։ «Այդ հարսանիքը իմ մեջ միշտ քնքուշ հիշողություններ է արթնացնում»,— պատմում է Ռայմոնդ անունով մի երեց։
Ուելշն ու Էլթան Հարավաֆրիկյան Հանրապետության «Դիտարան» ընկերության մասնաճյուղի կամավոր աշխատողներ էին, երբ որոշեցին ամուսնանալ։ Իրենց հնարավորությունները թույլ էին տվել ընդամենը մի համեստ խնջույք կազմակերպել։ Մինչդեռ քրիստոնյաներից ոմանք այլ կերպ են վարվում. նրանք ճոխ հարսանեկան խնջույքի ծախսերը ծածկելու համար թողնում են լիաժամ ծառայությունը։ Իսկ Ուելշն ու Էլթան բոլորովին չեն զղջում, որ ժամանակին նախընտրել են համեստ հարսանիք անել ու մինչև Զինզիի ծնվելը շարունակել են իրենց լիաժամ ծառայությունը։
Իսկ ի՞նչ կարելի է ասել, եթե ամուսնացող զույգը ցանկանում է մեծ ու ճոխ հարսանիք անել՝ երաժշտությամբ ու պարերով, նաև գինիով ու այլ ոգելից խմիչքներով։ Ինչպե՞ս կարող են նրանք նախապես հոգ տանել, որպեսզի հարսանիքն իսկապես ուրախ մթնոլորտում անցնի և Աստծո երկրպագուներին վայել։ Այս հարցերին հարկավոր է ուշադրություն դարձնել, քանի որ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Ուտէք թէ խմէք, կամ ինչ էլ անէք, ամէն ինչ արէ՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթացիս 10։31)։
Խուսափեք անզուսպ խրախճանքից
Դժվար է պատկերացնել հարսանիքն առանց ուրախության։ Սակայն մյուս կողմից մեկ այլ ծայրահեղության մեջ ընկնելու և անզուսպ խրախճանքի տրվելու վտանգ կա։ Աշխարհում տեղի ունեցող շատ հարսանիքներում այնպիսի բաներ են կատարվում, որոնք պարզապես անարգում են Աստծուն։ Օրինակ՝ այդպիսի արարողություններում ընդունված է հարբելու աստիճան խմելը։ Ցավոք, նման դեպքեր նկատվել են նաև քրիստոնեական հարսանիքներում։
Աստվածաշունչը զգուշացնում է, որ ‘ցքին խռովարար է’ (Առակաց 20։1)։ «Խռովարար» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է «մեծ աղմուկ բարձրացնող»։ Եթե ոգելից խմիչքի ազդեցության տակ մեկ հոգին կարող է մեծ աղմուկ բարձրացնել, պատկերացրեք, թե ինչ կարող է պատահել մեկտեղ հավաքված մարդկանց մեծ խմբի չափից ավել խմիչք օգտագործելու դեպքում։ Հասկանալի է, որ նման հանդիպումները հեշտությամբ կվերածվեն «հարբեցողութիւնների, անառակութիւնների [«անզուսպ խրախճանքների», ՆԱ] եւ սրանց նման ուրիշ բաների», որոնք Աստվածաշնչում թվարկվում են որպես «մարմնի գործեր»։ Նրանք, ովքեր չեն թողնում այդպիսի գործերը, բնականաբար չեն կարող ժառանգել Աստծո Թագավորության իշխանության ներքո հաստատվելիք հավիտենական կյանքը (Գաղատացիս 5։19—21)։
«Անառակություն» կամ «անզուսպ խրախճանք» թարգմանված հունարեն բառն օգտագործվում էր հարբած երիտասարդներին նկարագրելու համար, որոնք խմբերով թափառում էին փողոցներում, երգում էին ու երաժշտության տակ պարում։ Հարսանիքների ժամանակ գետի պես հոսող ոգելից խմիչքը, բարձր երաժշտությունն ու վայրի պարերը «անառակության», «անզուսպ խրախճանքի» իրական վտանգ են ստեղծում։ Այդպիսի մթնոլորտում հոգևորապես թույլերը հեշտությամբ կարող են փորձության մեջ ու «մարմնի այլ գործերի»՝ ‘շնության, պոռնկության, պղծության կամ էլ բարկության’ ծուղակն ընկնել։ Ի՞նչ կարելի է անել, որպեսզի ‘մարմնի այդ գործերը’ ոչ մի դեպքում չձախողեն քրիստոնյաների հարսանյաց հանդեսը։ Այս հարցին պատասխանելու համար եկեք տեսնենք, թե ինչ է Աստվածաշունչը պատմում հարսանեկան մի խնջույքի մասին։
Հարսանիք, որին ներկա էր Հիսուսը
Հիսուսն ու իր աշակերտները Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիքի էին հրավիրված։ Նրանք սիրով ընդունել էին այդ հրավերը, և Հիսուսը նույնիսկ իր բաժին մասնակցությունը բերեց այդ ուրախ իրադարձության ժամանակ. ինչպե՞ս. երբ գինին վերջացավ, նա հրաշքով ջուրը գինի դարձրեց հյուրերի համար, ընտիր գինի։ Կարող ենք չկասկածել, որ հարսանիքից հետո մնացած գինին Հիսուսին անչափ շնորհակալ փեսան ու նրա ընտանիքը դեռ որոշ ժամանակ օգտագործեցին (Յովհաննէս 2։3—11)։
Այս օրինակից կարելի է մի քանի դաս քաղել։ Նախ՝ Հիսուսն ու իր աշակերտները առանց հրավերի չէին հայտնվել հարսանեկան խնջույքին։ Աստվածաշունչը պարզորոշ ասում է, որ նրանք հրավիրված էին (Յովհաննէս 2։1, 2)։ Բացի այդ, հարսանեկան խնջույքների մասին երկու առակներում էլ Հիսուսը նշում է, որ ներկա գտնվողները հրավիրված էին (Մատթէոս 22։2—4, 8, 9; Ղուկաս 14։8—10)։
Որոշ երկրներում ընդունված կարգի համաձայն հարսանիքին կարող են մասնակցել տվյալ տեղանքի բոլոր բնակիչները, անկախ այն բանից՝ հրավիրված են նրանք, թե՝ ոչ։ Սակայն այդ սովորույթը կարող է ֆինանսական խնդիրներ առաջ բերել։ Հնարավոր է, որ ամուսնացող զույգը, որը, գուցե, նյութապես այնքան էլ ապահովված չէ, պարտքեր անի հարսանիքին անսահմանափակ թվով մարդկանց համար ուտելիք ու խմիչք գնելու առիթով։ Ուստի, եթե զույգը որոշում է ուղղակի համեստ հարսանեկան ընթրիք կազմակերպել քիչ թվով հյուրերի համար, ապա մնացած հավատակիցները պետք է հարգանքով և ըմբռնողականությամբ մոտենան այդ հարցին։ Մի մարդ, որն ամուսնացել էր Քեյփթաունում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) հիշում է, թե ինչպես իր հարսանիքին երկու հարյուր հրավիրվածների փոխարեն ուղիղ վեց հարյուր հոգի էր եկել, և արդյունքում կերակուրն արագ վերջացել էր։ Անկոչ հյուրերի թվում էին մի ամբողջ ավտոբուս զբոսաշրջիկներ, որոնք այդ օրը էքսկուրսիայի էին եկել Քեյփթաուն։ Ավտոբուսի վարորդը հարսնացուի հեռավոր բարեկամն էր և իրեն իրավունք էր վերապահել, առանց հարսնացուից կամ փեսացուից թույլտվություն խնդրելու, ողջ խումբն իր հետ հարսանիքի տանել։
Եթե նախօրոք զգուշացված չէ, որ մուտքը բաց է բոլոր ցանկացողների համար, Հիսուսի ճշմարիտ հետևորդները առանց հրավերի չեն գնա, չեն օգտվի հրավիրվածների համար պատրաստված սեղաններից։ Եթե քեզ չեն հրավիրել, բայց մեջդ ուժգին ցանկություն է առաջանում հարսանիքին մասնակցելու, կարող ես ինքդ քեզ հարց տալ. «Արդյոք իմ այցելությունը չի՞ վկայի նորապսակների հանդեպ սիրո պակասի մասին։ Արդյոք մարդկանց անհարմար դրության մեջ չե՞մ դնի ու չե՞մ փչացնի նրանց ուրախ տրամադրությունը»։ Վիրավորվելու փոխարեն՝ նրբազգաց քրիստոնյան իր սերը կարող է ցույց տալ նորապսակների հանդեպ, եթե Եհովայի օրհնությունների բարեմաղթանքներով շնորհավորական բացիկ ուղարկի նրանց։ Կարելի է նույնիսկ նվեր ուղարկել՝ օգնելով նրանց և այդ նշանավոր օրը կրկնապատկելով նրանց ուրախությունը (Ժողովող 7։9; Եփեսացիս 4։28)։
Ո՞վ է պատասխանատու
Աֆրիկյան որոշ երկրներում ընդունված է, որ հարսանիքի հետ կապված ծախսերն իրենց վրա վերցնեն տարեց ազգականները։ Մի կողմից՝ դա երիտասարդների համար մեծ օգնություն է, քանի որ շնորհիվ դրա իրենց ուսերից ընկնում է ծախսերի հետ կապված հոգսը։ Բացի դրանից, նրանք կարող են համարել, որ նաև ազատվում են անակնկալ իրադարձությունների հետ կապված պատասխանատվությունից։ Սակայն, ամենալավ մղումներից դրդված ազգականների օգնությունն ընդունելուց առաջ հարսն ու փեսան պետք է նախօրոք համոզվեն, որ իրենց ցանկությունները հաշվի կառնվեն։
Թեպետ Հիսուսը Աստծո՝ «երկնքից իջած» Որդին էր, Աստվածաշնչում ոչ մի ակնարկ չկա այն մասին, որ նա Կանայի հարսանիքում սկսել է կարգադրություններ անել (Յովհաննէս 6։41)։ Ըստ Աստվածաշնչի՝ այնտեղ «սեղանապետ» կար (Յովհաննէս 2։8)։ Այդ անձնավորությունն իր հերթին պատասխանատու էր նոր ընտանիքի գլխի՝ փեսայի առջև (Յովհաննէս 2։9, 10)։
Քրիստոնյա ազգականները պետք է հարգեն նոր ընտանիքի գլխին, որն իր այդ նշանակումը ստացել է Աստծուց (Կողոսացիս 3։18—20)։ Նա է հարսանիքի ընթացքում կատարվող ամեն ինչի համար պատասխանատվությունն իր ձեռքը վերցնողը։ Բնականաբար, փեսացուն պետք է ողջամիտ լինի ու հաշվի առնի հարսնացուի և իրենց երկուսի ծնողների ցանկությունները։ Բայց եթե ազգականները ինչ–որ բանում իրենցն են պնդում, որը հակառակ է երիտասարդների կամքին, ապա վերջիններս կարող են հրաժարվել օգնությունից և համեստ հարսանիք կազմակերպել։ Այդ դեպքում ոչ մի այնպիսի բան չի պատահի, որը նրանց համար վատ հիշողությունների պատճառ կդառնա։ Օրինակ՝ Աֆրիկայում, մի քրիստոնեական հարսանիքի ժամանակ, սեղանապետ ընտրված անհավատ ազգականներից մեկն առաջարկել էր խմել հանգուցյալ նախնիների հիշատակի կենացը։
Պատահում է, որ նորապսակները հեռանում են հարսանեկան խնջույքի ավարտից առաջ։ Նման դեպքերում փեսան պետք է հոգ տանի, որ իրենցից հետո որևէ մեկը հետևի խնջույքին. նպատակը աստվածաշնչյան չափանիշները մինչև վերջ չխախտելն է, ինչպես նաև խնջույքը ժամանակին ավարտելը։
Մանրազնին պլանավորումն ու հավասարակշռվածությունը
Ամենայն հավանականությամբ, այն հարսանիքին, որին ներկա էր Հիսուսը, բազմատեսակ համեղ ուտելիքներ են եղել, քանի որ, ըստ հունարեն բնագրի, դա հարսանեկան խնջույք էր։ Ինչպես արդեն նշեցինք, գինին նույնպես բավականին առատ էր։ Անկասկած, այդ խնջույքն ուղեկցվել է նաև պատշաճ երաժշտությամբ ու պարերով, քանի որ դրանք եբրայեցիների մշակույթի անբաժան մասն էին կազմում։ Այդ մասին կարդում ենք Հիսուսի պատմած անառակ որդու մասին առակում։ Այնտեղ ասվում է, որ մեծահարուստ հայրն այնքան էր ուրախացել որդու վերադարձի համար, որ պատվիրել էր. «Ուտենք եւ ուրախ լինենք»։ Ըստ Հիսուսի՝ նրանց այդ խնջույքն անց էր կացվել «երգերով եւ պարերով» (Ղուկաս 15։23, 25)։
Սակայն հետաքրքրական է այն փաստը, որ Կանայի հարսանիքի կապակցությամբ երաժշտության ու պարերի մասին Աստվածաշնչում ոչինչ չի ասվում։ Եվ, առհասարակ, Գրքում ոչ մի տեղ չի հանդիպում, որ հարսանիքներում պարեր են եղել։ Ըստ երևույթին, աստվածաշնչյան ժամանակներում պարերը պարտադիր բնույթ չեն կրել և Աստծո հավատարիմ ծառաների հարսանեկան խնջույքներում էական տեղ չեն զբաղեցրել։ Այս ամենից ի՞նչ կարելի է սովորել։
Աֆրիկայում քրիստոնեական որոշ հարսանիքների ժամանակ հզոր էլեկտրոնային սարքեր են օգտագործում։ Երաժշտությունը երբեմն այնքան բարձր է հնչում, որ հյուրերը չեն կարողանում միմյանց լսել։ Պատահում է նաև, որ ուտելիքը չի բավականացնում, սակայն, ինչ վերաբերում է պարերին, դրանք անվերջանալի են, ու հեշտությամբ վեր են ածվում անկառավարելի զվարճության։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես դա ոչ թե հարսանիք է, այլ՝ պարի երեկույթ։ Բացի այդ, երաժշտության բարձր ձայնը գրավում է կողմնակի մարդկանց ուշադրությունը, որոնք կարող են ներս մտնել առանց հրավերի և մի շարք տհաճություններ պատճառել։
Հաշվի առնելով այն, որ Աստվածաշնչի հարսանեկան նկարագրություններում չի շեշտվում երաժշտության ու պարերի դերը՝ արդյո՞ք ամուսնացող զույգը հարսանիքը կազմակերպելիս չպետք է առաջնորդվի այդ հանգամանքով, այնպես, որ իրենց խնջույքը փառք բերի Եհովային։ Վերջերս Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցածը դրա անհրաժեշտության մասին է վկայում. հարսնացուի կողմից ընտրված մի խումբ երիտասարդ աղջիկներ ու տղաներ բարդ դոփապար սովորելուն չափազանց երկար ժամանակ էին տրամադրում։ Մի քանի ամիս շարունակ տևող այդ փորձերի վրա նրանք անհամար ժամեր ծախսեցին։ Մինչդեռ, չէ՞ որ քրիստոնյաներին հարկավոր է «ժամանակը ծախու առնել» ավելի կարևոր գործերի, ինչպես օրինակ՝ քարոզչության, անձնական ուսումնասիրության և քրիստոնեական հանդիպումներին մասնակցելու համար (Եփեսացիս 5։16, Արևմտ. Աստ.; Փիլիպպեցիս 1։10)։
Կանայի հարսանիքում Հիսուսի մատակարարած գինու քանակից կարելի է եզրակացնել, որ խնջույքը բավականին մեծ էր ու ճոխ։ Սակայն, անշուշտ, այն հանգիստ մթնոլորտում է անցել, և հյուրերն էլ չեն չարաշահել ոգելից խմիչքը, ինչպես երբեմն պատահում էր հրեական հարսանիքների ժամանակ (Յովհաննէս 2։10)։ Ինչո՞ւ պետք է դրանում վստահ լինենք. որովհետև այնտեղ ներկա էր Տեր Հիսուս Քրիստոսը։ Բոլորից լավ Հիսուսն էր պահում վատ ընկերակցությունների վերաբերյալ Աստծո պատվիրանը. «Գինեմոլների մէջ մի լինիր»,— ասում է Առակաց 23։20–ում։
Ուստի, եթե զույգը որոշում է, որ հարսանեկան սեղաններին գինի և ուրիշ ոգելից խմիչք է լինելու, պետք է նախօրոք որևէ մեկը նշանակվի՝ հետևելու համար, թե որքան խմիչք է օգտագործվում։ Եվ եթե որոշվի, որ նաև երաժշտություն է լինելու, ապա պետք է հոգ տարվի, որպեսզի պատշաճ մեղեդիներ լինեն և ընտրվի պատասխանատու մեկը, որը կհետևի երաժշտության ձայնի բարձրությանը։ Լավ կլինի ներկաներին թույլ չտալ միջամտելու և կասկածելի բովանդակությամբ երաժշտություն միացնելու, կամ էլ երաժշտության ձայնը չափազանց բարձրացնելու։ Եթե նախատեսված են նաև պարեր, ապա դրանք պետք է լինեն վայելուչ ու զուսպ։ Եթե անհավատ ազգականներից կամ ոչ հասուն քրիստոնյաներից որևէ մեկը վուլգար կամ զգացմունք արթնացնող պարային շարժումներ է անում, փեսան, գուցե, փոխել տա երաժշտությունը կամ էլ նրբանկատորեն խնդրի ընդհատել այն։ Հակառակ դեպքում՝ հարսանիքը կարող է անվայելուչ խրախճանքի վերածվել և ոմանց համար գայթակղության առիթ դառնալ (Հռովմայեցիս 14։21)։
Քանի որ ժամանակակից պարերի որոշ մասը, բարձր երաժշտությունն ու առատ ոգելից խմիչքը ինչ–որ չափով վտանգավոր են, քրիստոնյաներից ոմանք իրենց հարսանեկան արարողությունն առանց դրանց են կատարում։ Չնայած երբեմն նրանց քննադատում են այդպես վարվելու համար, սակայն նրանց տեսակետը գովասանքի է արժանի, քանի որ այն հնարավորություն է տալիս խուսափելու այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են նախատինք բերել Աստծո սուրբ անվանը։ Այլ դեպքերում՝ փեսացուները պետք է հոգ տանեն, որպեսզի խնջույքի ընթացքում հնչի վայելուչ երաժշտություն, ընտրեն պարելու համար հարմար ժամանակ և հետևեն ոգելից խմիչքի չափավոր գործածությանը։ Բոլոր դեպքերում, փեսացուն պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ որ կատարվում է հարսանիքի ընթացքում։
Աֆրիկայում որոշ մարդիկ իրենց ոչ հասուն լինելու պատճառով քննադատորեն են մոտենում քրիստոնեական հարսանիքներին և հայտարարում են, թե իբր դրանք նման են թաղման արարողությունների։ Սակայն այդ մարդկանց մոտ բացակայում է հավասարակշռվածությունը։ Մարմնի մեղավոր գործերը միայն ժամանակավոր հաճույք են պատճառում, բայց, միաժամանակ, դրանք կարող են քրիստոնյայի մեջ խղճի խայթ արթնացնել, նաև նախատինք բերել Աստծո անվան վրա (Հռովմայեցիս 2։24)։ Մինչդեռ Աստծո սուրբ ոգի՛ն է իսկական ուրախության աղբյուրը (Գաղատացիս 5։22)։ Շատ քրիստոնյա ամուսիններ հպարտությամբ են հիշում իրենց հարսանիքի օրը, քանի որ այն ոչ թե գայթակղության առիթ է եղել, այլ՝ ուրախ իրադարձություն (Բ Կորնթացիս 6։3)։
Ուելշն ու Էլթան մինչև օրս չեն մոռանում իրենց կրոնական համոզմունքները չկիսող ազգականներից ոմանց, որոնք դրականորեն էին արձագանքել այդ հանդիսավոր օրվա կապակցությամբ։ Նրանցից մեկն ասել էր. «Անչափ հոգնել ենք աղմկոտ հարսանիքներից։ Գոնե բազմազանության համար իրոք հաճելի է ներկա գտնվել այս գեղեցիկ ու պարկեշտ խնջույքին»։
Բայց ամենակարևորն այն է, որ քրիստոնեական ուրախ ու պարկեշտ հարսանիքները փառաբանում են ամուսնության կարգադրության մեծագույն հեղինակին՝ Եհովա Աստծուն։
[շրջանակ/նկար 22–րդ էջի վրա]
ՀՈՒՇԱԹԵՐԹ ՀԱՐՍԱՆՅԱՑ ԽՆՋՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ
• Եթե հարսանեկան ելույթով հանդես գալու համար Եհովայի վկա չհանդիսացող ազգական եք հրավիրել, որքանո՞վ եք համոզված, որ նա ոչ քրիստոնեական սովորույթների հետ կապված հարց չի բարձրացնի։
• Եթե խնջույքի ընթացքում երաժշտություն է լինելու, հոգ տարե՞լ եք, որ միայն պարկեշտ երգեր հնչեն։
• Արդյո՞ք ձայնի բարձրությունը չափավոր կլինի։
• Եթե հարսանիքին պարեր են նախատեսված, արդյոք դրանք պարկե՞շտ պարեր են լինելու։
• Կարծո՞ւմ եք, որ ոգելից խմիչքները չափավոր կօգտագործվեն։
• Որևէ մեկը հետևելո՞ւ է ոգելից խմիչքների գործածությանը։
• Որոշե՞լ եք, թե որ ժամին պետք է ավարտվի հարսանեկան խնջույքը, որպեսզի շատ ուշ չլինի։
• Պատասխանատու անհատները մինչև հարսանիքի ավարտվելը կհետևե՞ն արդյոք կարգ ու կանոնին։