«Արմատացած և հաստատվա՞ծ ես հիմքի վրա»
ԵՐԲԵՎԷ տեսե՞լ ես, թե ինչպես է հսկա ծառը պայքարում կատաղի քամու դեմ։ Թեև այն վիթխարի ճնշման է ենթարկվում, բայց շարունակում է դիմանալ։ Ինչո՞ւ։ Որովհետև շատ ամուր արմատներ ունի՝ մխրճված հողի խորքում։ Մենք էլ, այդ ծառի նման, փորձության «քամիներին» բախվելիս կկարողանանք տոկալ, եթե «արմատացած և հաստատված լինեք հիմքի վրա» (Եփես. 3։14–17)։ Ո՞րն է այդ հիմքը։
Աստծու Խոսքն ասում է, որ քրիստոնեական ժողովի «հիմքի անկյունաքարը հենց ինքը Քրիստոս Հիսուսն է» (Եփես. 2։20; 1 Կորնթ. 3։11)։ Մենք՝ քրիստոնյաներս, պետք է «շարունակենք քայլել նրա հետ միասնության մեջ՝ նրա մեջ արմատացած, նրա վրա կառուցված և հավատի մեջ հաստատված լինելով»։ Եթե այդպես վարվենք, կկարողանանք դիմակայել մեր հավատին սպառնացող վտանգներին, այդ թվում «համոզիչ փաստարկներին», որոնք հիմնված են մարդկանց «դատարկ խաբեության» վրա (Կող. 2։4–8)։
«Լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը»
Ինչպե՞ս կարող ենք «արմատացած» ու «հավատի մեջ հաստատված լինել»։ Առաջին կարևոր միջոցը Աստծու Խոսքը ջանասիրաբար ուսումնասիրելն է։ Եհովան ուզում է, որ մենք ըմբռնենք ճշմարտության «լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը» (Եփես. 3։18)։ Քրիստոնյան չպետք է բավարարվի միայն մակերեսային գիտելիքներով՝ Աստծու Խոսքի «տարրական բաներով» (Եբր. 5։12; 6։1)։ Նա պետք է ջանա ավելացնել իր գիտելիքները (Առակ. 2։1–5)։
Իհարկե, շատ գիտելիքներ ունենալ դեռ չի նշանակում «ամրացված և հաստատված» լինել ճշմարտության մեջ։ Չէ՞ որ Սատանան էլ գիտի Աստվածաշունչը։ Ուրեմն ավելին է հարկավոր։ Անհրաժեշտ է «ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է գիտությանը» (Եփես. 3։19)։ Մենք ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, որովհետև սիրում ենք Եհովային և սիրում ենք ճշմարտությունը։ Այդպիսի ուսումնասիրության արդյունքում մեր գիտելիքները շատանում են, իսկ հավատը՝ ամրանում (Կող. 2։2)։
Հասկանո՞ւմ ես
Փորձիր հենց հիմա տեսնել, թե որքան խոր գիտելիքներ ունես Աստվածաշնչի որոշ ճշմարտությունների վերաբերյալ։ Գուցե դա մղի քեզ ավելի ջանադրաբար ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Օրինակ՝ կարդա Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղած նամակի ներածական խոսքերը (տե՛ս «Եփեսացիներին» շրջանակը)։ Ապա խորհիր. «Հասկանո՞ւմ եմ արդյոք շրջանակում շեղատառերով գրված բառերի իմաստը»։ Այժմ կքննենք դրանք առանձին–առանձին։
Նախապես որոշեց «աշխարհը հիմնվելուց առաջ»
Պողոսն իր հավատակիցներին գրեց. «[Աստված] նախապես որոշեց, որ.... Հիսուս Քրիստոսի միջոցով որդեգիր լինենք իրեն»։ Եհովան ցանկացել էր որդեգրել որոշ մարդկանց և դարձնել նրանց իր երկնային ընտանիքի անդամները։ Նրանք Քրիստոսի հետ իշխելու էին որպես թագավորներ և քահանաներ (Հռոմ. 8։19–23; Հայտն. 5։9, 10)։ Հիշենք՝ Սատանան, որը դուրս էր եկել Եհովայի գերիշխանության դեմ, ակնարկել էր, թե Աստծու ստեղծած մարդիկ թերի են։ Ուստի որքա՜ն տեղին է, որ Եհովան հենց նույն մարդկանցից ընտրեց նրանց, ովքեր կմասնակցեն համայն աշխարհը չարիքից և չարության աղբյուրից՝ Սատանայից մաքրելու գործին։ Եհովան անշուշտ չէր նախասահմանել, թե ովքեր են լինելու որդեգրվածները։ Սակայն նա որոշել էր, որ կլինեն մի խումբ մարդիկ, ովքեր Քրիստոսի հետ կիշխեն երկնքում (Հայտն. 14։3, 4)։
Պողոսն իր հավատակիցներին գրեց, որ նրանք ընտրվել են «աշխարհի հիմնվելուց առաջ»։ Ի՞նչ աշխարհի մասին էր խոսքը։ Նա նկատի չուներ այն ժամանակը, երբ դեռ չէին ստեղծվել երկիրն ու մարդիկ։ Դա տեղի ունեցավ Ադամի ու Եվայի մեղքից հետո, սակայն անկատար մարդկության ի հայտ գալուց առաջ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Որովհետև Աստված նախօրոք չէր որոշի, որ Ադամն ու Եվան մեղք են գործելու, և հետո ինքը մի խումբ մարդկանց է ընտրելու մեղքի հետևանքները շտկելու համար։ Այդ դեպքում արդարացի չէր լինի պատասխանատվության կանչել առաջին մարդկանց։ Իսկ Եհովան կատարյալ արդարության տեր Աստված է։
«Նրա անարժան բարության հարստության շնորհիվ»
Ինչո՞ւ Պողոսը նշեց, որ մարդկանց ազատագրումը հնարավոր դարձավ «[Աստծու] անարժան բարության հարստության շնորհիվ»։ Նա այդպիսով ուզում էր ընդգծել հետևյալ միտքը. Եհովան պարտավոր չէր փրկելու մեղքի տակ գտնվող մարդկությանը։
Մեզանից ոչ ոք չունի այնպիսի հատկություններ և արժանիքներ, որոնց շնորհիվ կկարողանար փրկություն ստանալ Աստծուց։ Սակայն խոր սիրուց մղված՝ Եհովան իր միածին Որդուն ուղարկեց մեզ փրկելու համար։ Մենք բոլորս անկատար ենք և մեղավոր, ուստի միմիայն Աստծու անարժան բարության շնորհիվ է, որ կարող ենք փրկվել։
Սրբազան գաղտնիքը
Սկզբում Աստված չհայտնեց, թե ինչպես է վերացնելու Սատանայի հասցրած վնասը։ Դա «սրբազան գաղտնիք էր» (Եփես. 3։4, 5)։ Հետագայում, երբ հիմնվեց քրիստոնեական ժողովը, Եհովան որոշ մանրամասնություններ հայտնեց այն մասին, թե ինչպես է իրականացնելու իր սկզբնական նպատակը մարդկության և երկրի առնչությամբ։ Պողոսը գրում է, որ Աստված «նշանակված ժամանակները լրանալուն պես հաստատելու էր մի տնօրինություն», այսինքն՝ կառավարման մի համակարգ, որի միջոցով միավորելու էր բոլոր բանական արարածներին։
Այդ միավորմանը տանող առաջին քայլն արվեց մ.թ. 33 թ. Պենտեկոստեին։ Այդ ժամանակ Եհովան սկսեց հավաքել նրանց, ովքեր պետք է կառավարեին Քրիստոսի հետ երկնքում։ (Գործ. 1։13–15; 2։1–4)։ Երկրորդ քայլը՝ երկրային հույս ունեցողների հավաքն է, ովքեր կապրեն Մեսիական Թագավորության իշխանության ներքո (Հայտն. 7։14–17; 21։1–5)։ «Տնօրինությունը» Մեսիական թագավորությունը չէ, քանի որ վերջինս հաստատվեց միայն 1914 թ.–ին։ «Տնօրինությունը» վերաբերում է Աստծու ղեկավարման ու գործերը կազմակերպելու ձևին։ Դրա միջոցով Եհովան կիրագործի իր նպատակը՝ ողջ տիեզերքում կվերականգնի միասնությունը։
«Հասկանալու կարողության մեջ եղեք չափահաս»
Փաստորեն, լավ անձնական ուսումնասիրություն անելու սովորությունը կօգնի քեզ լիովին ըմբռնելու ճշմարտության «լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը»։ Սատանան, անկասկած, կձգտի ամեն գնով խանգարել մեզ դա անելու։ Նա կարող է օգտվել մեր հոգսաշատ կյանքից։ Արդյունքում գուցե թերանանք անձնական ուսումնասիրություն անել, կամ էլ ընդհանրապես դադարենք այն անելուց։ Թույլ մի՛ տուր, որ նա հաջողության հասնի։ Գործի դիր «մտածելու կարողությունը», որ Աստված տվել է քեզ, որպեսզի «հասկանալու կարողության մեջ չափահաս» դառնաս (1 Հովհ. 5։20; 1 Կորնթ. 14։20)։ Միշտ մտածիր, թե ինչու ես հավատում որևէ բանի, և հավաստիացիր, որ կարող ես բացատրություն տալ քո «մեջ եղած հույսի համար» (1 Պետ. 3։15)։
Պատկերացրու, որ ներկա ես Եփեսոսի ժողովում, որտեղ առաջին անգամ ընթերցվում է Պողոսի նամակը։ Նրա խոսքերը կմղեի՞ն քեզ աճելու «Աստծու Որդու մասին ճշգրիտ գիտության մեջ» (Եփես. 4։13, 14)։ Եթե այո, ապա թող այդ խոսքերը մղեն քեզ նույնն անելու այսօ՛ր։ Խոր սերը Եհովայի և նրա Խոսքի ճշգրիտ գիտելիքների հանդեպ կօգնի քեզ «արմատացած և հաստատված լինելու հիմքի»՝ Քրիստոսի վրա։ Այդպես կկարողանաս դիմադրել Սատանայի բերած բոլոր «կատաղի քամիներին», մինչև կգա այս չար աշխարհի վերջը (Սաղ. 1։1–3; Երեմ. 17։7, 8)։
[շրջանակ/նկար 27–րդ էջի վրա]
«Եփեսացիներին»
«Օրհնյալ լինի Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, քանի որ օրհնեց մեզ երկնային ոլորտում հոգևոր ամեն օրհնություններով՝ Քրիստոսի հետ միության մեջ լինելու շնորհիվ, ինչպես որ նրա հետ միության մեջ լինելու համար ընտրեց մեզ աշխարհը հիմնվելուց առաջ, որպեսզի սուրբ և առանց արատի լինենք իր առջև սիրով։ Որովհետև նա նախապես որոշեց, որ իր կամքի բարեհաճության պես՝ Հիսուս Քրիստոսի միջոցով որդեգիր լինենք իրեն՝ որպես գովաբանություն իր փառավոր անարժան բարության, որը նա մեծահոգաբար շնորհեց մեզ իր սիրելիի միջոցով։ Նրա միջոցով մենք ստացանք ազատությունը իր արյամբ տրված փրկանքով, այո՛, մեր հանցանքների ներումը նրա անարժան բարության հարստության շնորհիվ։ Այս անարժան բարությունը նա առատապես լցրեց մեզ վրա ամենայն իմաստության և առողջ բանականության հետ մեկտեղ և այդպիսով հայտնեց մեզ իր կամքի սրբազան գաղտնիքը, որը ներդաշնակ է իր բարեհաճությանը, և որը նա նպատակադրեց իր մեջ՝ նշանակված ժամանակները լրանալուն պես հաստատելու մի տնօրինություն, այսինքն՝ ամեն ինչ նորից համախմբել Քրիստոսում՝ երկնքում եղողները և երկրի վրա եղողները» (Եփես. 1։3–10)։