Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Քանդիր ցանկացած տրամաբանություն, որ դեմ է Աստծու մասին գիտելիքներին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունիս
    • «ՆՈՐՈԳՎԵՔ՝ ՓՈԽԵԼՈՎ ՁԵՐ ՄԻՏՔԸ ԽԹԱՆՈՂ ՈՒԺԸ»

      7. Ինչպե՞ս կարող ենք ներքուստ փոխվել։

      7 Հնարավո՞ր է արդյոք փոխել բնավորությունը՝ այն, թե ինչպիսին ենք ներքուստ։ Աստծու Խոսքում գրված է. «Պետք է նորոգվեք՝ փոխելով ձեր միտքը խթանող ուժը, ու հագնեք նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (Եփես. 4։23, 24)։ Ուստի, այո՛, մենք կարող ենք ներքուստ փոխվել, թեև դա հեշտ չէ։ Քիչ է պարզապես չտրվել մեղսածին ցանկություններին և սխալ արարքներ չգործել։ Մենք պետք է փոխենք նաև մեր «միտքը խթանող ուժը», ինչը նշանակում է, որ պետք է փոխվեն մեր ցանկությունները, հակումներն ու մղումները։ Եվ սա շարունակական ջանքեր է պահանջում։

      8–9. Մեր եղբոր դեպքը ինչպե՞ս է ընդգծում այն միտքը, որ մենք պետք է ներքուստ փոխվենք։

      8 Եկեք քննենք մի եղբոր օրինակ, որը անցյալում շատ կռվասեր էր։ Նա հաճախ էր չարաշահում ալկոհոլը և կռվի բռնվում մարդկանց հետ։ Երբ նա վերջ տվեց իր այդ սովորություններին, կարողացավ մկրտվել։ Դա հիանալի վկայություն եղավ իր շրջապատում բնակվողների համար։ Բայց մկրտությունից կարճ ժամանակ անց մի երեկո նա անսպասելի փորձության բախվեց։ Մի հարբած մարդ եկավ նրա տուն և սկսեց կռվի հրահրել նրան։ Սկզբում մեր եղբայրը զսպում էր իրեն։ Բայց երբ այդ մարդը սկսեց Եհովային հայհոյել, նա ափերից դուրս եկավ և ծեծեց այդ մարդուն։ Ո՞րն էր բուն խնդիրը։ Թեև Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ եղբայրը սովորել էր ճնշել բռնություն գործելու իր հակումը, սակայն դեռ լիովին չէր փոխել իր «միտքը խթանող ուժը»։ Այլ կերպ ասած՝ նա ներքուստ չէր փոխվել։

      9 Բայց այս եղբայրը չհանձնվեց (Առակ. 24։16)։ Երեցների օգնությամբ նա շարունակեց հոգևորապես աճել։ Եվ ի վերջո այնքան հասունացավ, որ երեց դարձավ։ Ապա մի երեկո հենց Թագավորության սրահի մոտ նա կանգնեց այնպիսի փորձության առաջ, որին բախվել էր իր քրիստոնեական ուղու սկզբում։ Նա տեսավ, որ մի հարբած մարդ քիչ է մնում հարվածի երեցներից մեկին։ Ի՞նչ արեց եղբայրը։ Հանգիստ, մեղմ տոնով սկսեց խոսել այդ մարդու հետ, օգնեց նրան հանդարտվել և նույնիսկ տուն ուղեկցեց, քանի որ վերջինս հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Իսկ ինչո՞ւ եղբայրը այս անգամ բոլորովին այլ կերպ վարվեց։ Քանի որ փոխել էր իր «միտքը խթանող ուժը»։ Ներքուստ նա վերափոխվել էր և դարձել խաղաղարար ու խոնարհ անձնավորություն։ Իր վարքով նա փառք բերեց Եհովային։

      10. Ներքուստ փոխվելու համար ի՞նչ է հարկավոր։

      10 Այս փոփոխությունները մի օրում չեն լինում, ոչ էլ մեխանիկորեն են կատարվում։ Մենք պետք է տարիներ շարունակ «ամեն ջանք ներդնենք» դրան հասնելու համար (2 Պետ. 1։5)։ Երկար ժամանակ ճշմարտության մեջ լինելը ինքնաբերաբար չի հանգեցնում այդպիսի փոփոխությունների։ Մեզանից մի շարք կարևոր քայլեր են պահանջվում։ Եկեք քննենք դրանցից մի քանիսը։

      ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽԵԼ «ՄԻՏՔԸ ԽԹԱՆՈՂ ՈՒԺԸ»

      Իր մտածելակերպը փոխելու համար քույրը աղոթում է, հայելու մեջ իրեն նայելով՝ խորհրդածում է, իմաստուն ընկերներ է ընտրում

      11. Աղոթքն ինչպե՞ս է օգնում, որ փոխենք մեր «միտքը խթանող ուժը»։

      11 Առաջին կարևոր քայլը աղոթելն է։ Սաղմոսերգուի պես Եհովային պետք է խնդրենք. «Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և նոր ու հաստատուն ոգի դիր իմ ներսում» (Սաղ. 51։10)։ Մենք պետք է ընդունենք, որ փոխվելու կարիք ունենք, ու Եհովայից օգնություն խնդրենք։ Իսկ ինչո՞ւ ենք վստահ, որ նա կօգնի։ Մեզ սրտապնդում է Աստծու հետևյալ խոստումը, որը վերաբերում էր Եզեկիելի օրերում ապրող կարծրասիրտ հրեաներին. «Ես նրանց մեկ սիրտ կտամ ու նոր ոգի կդնեմ նրանց մեջ։ Նրանց.... մարմնեղեն [այսինքն՝ հնազանդ] սիրտ կտամ» (Եզեկ. 11։19)։ Եհովան պատրաստ էր օգնել այդ իսրայելացիներին, որ փոխվեին։ Նա մեզ էլ է պատրաստ օգնել։

      12–13. ա) Սաղմոս 119։59-ի համաձայն՝ ինչի՞ շուրջ պետք է խորհենք։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տաս ինքդ քեզ։

      12 Խորհելը մյուս կարևոր բանն է, որ պետք է անենք։ Երբ ամեն օր ուշադրությամբ կարդում ենք Աստծու Խոսքը, պետք է նաև ժամանակ հատկացնենք դրա շուրջ մտորելու համար, որ հասկանանք, թե մեր մեջ ինչը փոխենք (կարդա Սաղմոս 119։59; Եբր. 4։12; Հակ. 1։25)։ Մենք պետք է մեր ներսում հայտնաբերենք այն մտքերն ու զգացմունքները, որոնք թունավորված են աշխարհի փիլիսոփայությամբ։ Պետք է ազնվորեն ընդունենք մեր թուլությունները, ապա ամեն ջանք թափենք, որ ազատվենք դրանցից։

      13 Օրինակ՝ հարցրու ինքդ քեզ. «Սրտումս նախանձի հետքեր չկա՞ն» (1 Պետ. 2։1)։ «Իմ ծագման, կրթության կամ ֆինանսական վիճակի պատճառով հպարտության նշույլներ չունե՞մ» (Առակ. 16։5)։ «Վերևից չե՞մ նայում նրանց, ովքեր նյութապես այնքան էլ ապահովված չեն, կամ ովքեր ուրիշ ռասայի են պատկանում» (Հակ. 2։2–4)։ «Ինձ չի՞ գրավում այն, ինչ առաջարկում է Սատանայի աշխարհը» (1 Հովհ. 2։15–17)։ «Ինձ դուր չե՞ն գալիս անբարոյականություն կամ բռնություն պարունակող զվարճությունները» (Սաղ. 97։10; 101։3; Ամոս 5։15)։ Այս անձնական հարցերի պատասխանները կարող են բացահայտել, թե որ բնագավառներում աշխատելու կարիք ունենք։ Քանդելով մեր սրտում եղած «ամրությունները»՝ կհաճեցնենք մեր երկնային Հորը (Սաղ. 19։14)։

      14. Իմաստուն ընկերներ ընտրելը ինչո՞ւ է շատ կարևոր։

      14 Իմաստուն ընկերներ ընտրելը երրորդ բանն է, որ պետք է անենք, եթե ուզում ենք վերափոխվել։ Ընդունենք, թե ոչ՝ մեր ընկերները շատ մեծ ազդեցություն են ունենում մեզ վրա (Առակ. 13։20)։ Աշխատանքի վայրում կամ դպրոցում մեզ հավանաբար շրջապատում են այնպիսի մարդիկ, որոնք չեն նպաստում, որ Աստծուն հաճելի մտածելակերպ զարգացնենք։ Սակայն մեր ժողովներում հոյակապ մարդիկ կան, որոնք կարող են դառնալ մեր լավագույն ընկերները և «սիրո ու բարի գործերի մղել» մեզ (Եբր. 10։24, 25)։

  • Քանդիր ցանկացած տրամաբանություն, որ դեմ է Աստծու մասին գիտելիքներին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունիս
Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը