ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 8
«Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք»
«Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք» (1 ՊԵՏ. 5։8)։
ԵՐԳ 144 Մրցանակն աչքիդ առաջ պահիր
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ի՞նչ ասաց Հիսուսն իր աշակերտներին աշխարհի վախճանի մասին և ի՞նչ նախազգուշացում տվեց նրանց։
ՀԻՍՈՒՍԻ մահվանից մի քանի օր առաջ նրա աշակերտներից չորսը հարցրին նրան. «Ո՞րն է լինելու.... աշխարհի վախճանի նշանը» (Մատթ. 24։3)։ Նրանց հավանաբար հետաքրքրում էր, թե ինչպես կարող են իմանալ՝ երբ է գալու հրեական համակարգի վերջը։ Ի պատասխան՝ Հիսուսը խոսեց ոչ միայն հրեական համակարգի կործանման մասին, այլ նաև այս «աշխարհի վախճանի», որում մենք ապրում ենք։ Այն մասին, թե երբ է լինելու աշխարհի վախճանը, Հիսուսը հետևյալն ասաց. «Այդ օրվա կամ ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը»։ Հետո նա իր աշակերտներին ասաց, որ «արթուն մնան» (Մարկ. 13։32-37)։
2. Հրեական համակարգում ապրողների համար ինչո՞ւ էր արթուն մնալը կարևոր։
2 Առաջին դարի հրեա քրիստոնյաները պետք է արթուն մնային, քանի որ իրենց կյանքն էր կախված դրանից։ Հիսուսն իր աշակերտներին ասել էր, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեին, որպեսզի իմանային, թե երբ է կործանվելու հրեական համակարգը։ Նա ասել էր. «Երբ տեսնեք Երուսաղեմը՝ զորքերով շրջապատված, իմացեք, որ նրա ամայացումը մոտեցել է»։ Այդ ժամանակ, հետևելով Հիսուսի նախազգուշացմանը, նրանք պետք է «սարերը փախչեին» (Ղուկ. 21։20, 21)։ Այս նախազգուշացմանը ուշադրություն դարձնողները փրկվեցին, երբ հռոմեական զորքը կործանեց Երուսաղեմը։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Մենք ապրում ենք այս չար աշխարհի վերջին օրերում։ Ուստի մենք էլ պետք է պահպանենք մեր զգոնությունը և արթուն մնանք։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք հավասարակշռված լինել, մինչ հետևում ենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Կտեսնենք նաև, թե ինչպես կարող ենք ուշադրություն դարձնել մեր անձերին և լավագույնս օգտագործել մնացած ժամանակը։
ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԼԻՆԵՆՔ
4. Ինչո՞ւ է մեզ հետաքրքրում այն, թե ինչպես են աշխարհում տիրող իրադարձությունները կապված աստվածաշնչյան մարգարեությունների հետ։
4 Բնական է, որ ցանկանում ենք հետևել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և տեսնել, թե դրանք ինչ կապ ունեն աստվածաշնչյան մարգարեությունների հետ։ Չէ՞ որ Հիսուսը նշեց, թե կոնկրետ որ իրադարձություններն են մատնանշելու, որ Սատանայի համակարգի կործանումը մոտ է (Մատթ. 24։3-14)։ Բացի այդ՝ Պետրոս առաքյալը հորդորեց մեզ ուշադրություն դարձնել աստվածաշնչյան մարգարեությունների կատարմանը, որպեսզի մեր հավատը ամուր մնա (2 Պետ. 1։19-21)։ Իսկ Աստվածաշնչի վերջին գիրքը սկսվում է հետևյալ խոսքերով. «Հայտնություն՝ Հիսուս Քրիստոսի կողմից, որ Աստված տվեց նրան, որպեսզի ցույց տա իր ծառաներին այն բաները, որոնք շուտով պետք է տեղի ունենան» (Հայտն. 1։1)։ Ուստի մենք մեծապես հետաքրքրված ենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և ցանկանում ենք իմանալ, թե դրանք ինչ կապ ունեն աստվածաշնչյան մարգարեությունների հետ։ Հնարավոր է՝ նաև ցանկանանք դրանք քննարկել ուրիշների հետ։
Աստվածաշնչյան մարգարեությունները քննարկելիս ինչի՞ց պետք է խուսափենք և ի՞նչ պետք է անենք (տես պարբերություն 5)b
5. Ինչի՞ց պետք է խուսափենք և ի՞նչ պետք է անենք (տես նաև նկարները)։
5 Աստվածաշնչյան մարգարեությունները կարդալիս մենք չպետք է փորձենք ենթադրություններ անել։ Ինչո՞ւ։ Քանի որ չենք ուզում ասել մի բան, ինչը կքայքայի ժողովի միասնությունը։ Օրինակ՝ գուցե լսենք, որ աշխարհի առաջնորդներն ասում են, թե կարող են լուծել այս կամ այն հակամարտությունը և խաղաղություն ու անվտանգություն հաստատել։ Փոխանակ ենթադրելու, որ այդ հայտարարությունը 1 Թեսաղոնիկեցիներ 5։3-ում գրված մարգարեության կատարումն է, մենք պետք է մեր հրատարակություններում փնտրենք այդ հարցի առնչությամբ ամենաթարմ տեղեկությունները։ Եթե մեր քննարկումները հիմնենք Եհովայի կազմակերպության հրատարակած տեղեկությունների վրա, կնպաստենք ժողովի միասնությանը ու «միաբանված կլինենք.... մտածելակերպով» (1 Կորնթ. 1։10; 4։6)։
6. Ի՞նչ ենք սովորում 2 Պետրոս 3։11-13 համարներից։
6 Կարդա 2 Պետրոս 3։11-13։ Պետրոս առաքյալի խոսքերը օգնում են, որ աստվածաշնչյան մարգարեությունները քննելիս հավասարակշռված լինենք։ Նա հորդորում է «մտքում վառ պահել Եհովայի օրվա ներկայությունը»։ Այդպես վարվելով՝ մենք ոչ թե ուզում ենք Արմագեդոնի «օրն ու ժամը» իմանալ, այլ ուզում ենք մնացած ժամանակն օգտագործել «սուրբ վարքին բնորոշ արարքներ և աստվածանվեր գործեր» կատարելու համար (Մատթ. 24։36; Ղուկ. 12։40)։ Այլ կերպ ասած՝ մենք ցանկանում ենք շտկել մեր վարքը և հավաստիանալ, որ Եհովային ծառայում ենք՝ նրա հանդեպ խոր սիրուց մղված։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ուշադրություն դարձնենք մեր անձին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆՔ ՄԵՐ ԱՆՁԻՆ
7. Ինչի՞ց է երևում, որ ուշադրություն ենք դարձնում մեր անձին (Ղուկաս 21։34)։
7 Հիսուսն իր աշակերտներին հորդորեց ոչ միայն ուշադրություն դարձնել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, այլև իրենց անձերին։ Ղուկաս 21։34-ում Հիսուսը հետևյալ նախազգուշացումը տվեց. «Ուշադրություն դարձրեք ձեր անձերին» (կարդա)։ Իր անձին ուշադրություն դարձնող անհատը զգոն է և նկատում է ցանկացած վտանգ, որը կարող է սպառնալ իր ու Եհովայի մտերմությանը, և քայլեր է ձեռնարկում, որ խուսափի դրանից։ Այդպես նա մնում է Աստծու սիրո մեջ (Առակ. 22։3; Հուդա 20, 21)։
8. Պողոս առաքյալը ի՞նչ հորդոր տվեց քրիստոնյաներին։
8 Պողոս առաքյալը նույնպես քրիստոնյաներին հորդորեց ուշադրություն դարձնել իրենց անձերին։ Օրինակ՝ Եփեսոսի քրիստոնյաներին նա ասաց. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես» (Եփես. 5։15, 16)։ Եհովայի հետ մեր մտերմությունը մշտապես հարձակման է ենթարկվում։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչը հորդորում է, որ «շարունակենք ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը», որպեսզի կարողանանք դիմադրել Սատանայի հարձակումներին (Եփես. 5։17)։
9. Ինչպե՞ս կարող ենք ըմբռնել Եհովայի կամքը։
9 Աստվածաշունչը չի նշում բոլոր այն վտանգները, որոնք կարող են վնասել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Հաճախ մենք պետք է կայացնենք որոշումներ այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնց մասին Աստվածաշնչում ուղիղ անդրադարձ չկա։ Որպեսզի իմաստուն որոշումներ կայացնենք, մենք պետք է հասկանանք, թե որն է «Եհովայի կամքը»։ Դա անելու համար պետք է կանոնավորաբար ուսումնասիրենք Աստծու Խոսքը և խորհրդածենք դրա շուրջ։ Որքան լավ հասկանանք Եհովայի կամքը և փորձենք զարգացնել «Քրիստոսի միտքը», այնքան ավելի հակված կլինենք քայլելու «իմաստունների պես», նույնիսկ եթե տվյալ իրավիճակի վերաբերյալ կոնկրետ կանոններ չկան (1 Կորնթ. 2։14-16)։ Հարկ է նշել, որ որոշ վտանգներ համեմատաբար հեշտ է տեսնել, բայց կան վտանգներ, որոնք թաքնված են։
10. Ո՞ր վտանգներից պետք է խուսափենք։
10 Մենք պետք է խուսափենք այնպիսի վտանգներից, ինչպիսիք են ֆլիրտը, հարբեցողությունը, որկրամոլությունը, վիրավորական խոսքը, ինչպես նաև բռնություն պարունակող տեսանյութեր, պոռնկագրություն և նման այլ բաներ դիտելը (Սաղ. 101։3)։ Մեր հակառակորդը՝ Սատանան, անընդհատ առիթներ է փնտրում, որ վնասի Եհովայի հետ մեր մտերմությունը (1 Պետ. 5։8)։ Եթե զգոն չլինենք, նա մեր մտքում ու սրտում նախանձի, անազնվության, ագահության, ատելության, գոռոզության և բարկության սերմեր կգցի (Գաղ. 5։19-21)։ Սկզբում այդ հակումները գուցե ակնհայտորեն չդրսևորվեն։ Բայց եթե քայլեր չձեռնարկենք և անմիջապես արմատախիլ չանենք դրանք, այդ հակումները թունավոր բույսի պես կաճեն, և աղետալի հետևանքներ կլինեն (Հակ. 1։14, 15)։
11. Ո՞ր թաքնված վտանգից պետք է խուսափենք և ինչո՞ւ։
11 Թաքնված վտանգներից մեկը վատ ընկերակցությունն է։ Պատկերացնենք հետևյալ իրավիճակը։ Դու աշխատում ես ոչ Վկա մի անհատի հետ։ Ցանկանում ես, որ նա Վկաների մասին լավ կարծիք կազմի, ուստի նրա հանդեպ բարեհամբույր ես և ուզում ես օգտակար լինել։ Երբեմն դուք ճաշում եք միասին, բայց որոշ ժամանակ հետո դա սկսում է կանոնավոր բնույթ կրել։ Ձեր զրույցների ժամանակ նա երբեմն անբարո թեմաներ է շոշափում, ինչին սկզբում չես արձագանքում, սակայն ժամանակի ընթացքում նման խոսակցությունները սովորական են դառնում, և դու դրանց սկսում ես արդեն թեթև նայել։ Մի օր աշխատանքից հետո նա քեզ խմելու է հրավիրում, և դու համաձայնվում ես։ Ի վերջո որդեգրում ես աշխատակցիդ մտածելակերպը։ Կասկած չկա, որ շուտով կսկսես նաև ընդօրինակել նրա վարվելակերպը։ Ինչ խոսք, մենք բարեհամբույր և հարգալից ենք բոլորի հանդեպ, բայց պետք է հիշենք, որ մեզ վրա մեծ ազդեցություն ունեն նրանք, ում հետ նախընտրում ենք ժամանակ անցկացնել (1 Կորնթ. 15։33)։ Եթե հետևենք Հիսուսի հորդորին և ուշադրություն դարձնենք մեր անձին, անհարկի չենք շփվի նրանց հետ, ովքեր Եհովայի չափանիշների համաձայն չեն ապրում (2 Կորնթ. 6։15)։ Այդպիսով կնկատենք վտանգը և կխուսափենք դրանից։
ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ
12. Ի՞նչ պետք է անեին Հիսուսի աշակերտները, մինչ սպասում էին աշխարհի վախճանին։
12 Հիսուսի աշակերտները չպետք է ձեռքերը ծալած սպասեին աշխարհի վախճանին։ Հիսուսը նրանց հանձնարարություն տվեց. նա պատվիրեց քարոզել բարի լուրը «Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։6-8)։ Ինչպիսի՜ ծավալուն աշխատանք։ Այն լիարժեքորեն կատարելով՝ Հիսուսի հետևորդները լավագույնս կօգտագործեին իրենց ժամանակը։
13. Ինչո՞ւ պետք է լավագույնս օգտագործենք մեր ժամանակը (Կողոսացիներ 4։5)։
13 Կարդա Կողոսացիներ 4։5։ Որպեսզի ուշադրություն դարձնենք մեր անձերին, պետք է լրջորեն մտածենք, թե մեր ժամանակն ինչպես ենք օգտագործում։ «Ժամանակ և պատահար» բոլորիս կարող է լինել (Ժող. 9։11)։ Մեր կյանքը անսպասելիորեն կարող է ընդհատվել։
Ինչպե՞ս կարող ենք լավագույնս օգտագործել մեր ժամանակը (տես պարբերություն 14-15)
14-15. Ինչպե՞ս կարող ենք լավագույնս օգտագործել մեր ժամանակը (Եբրայեցիներ 6։11, 12; տես նաև նկարը)։
14 Մենք լավագույնս կօգտագործենք մեր ժամանակը, եթե կատարենք Եհովայի կամքը և ամրացնենք մեր մտերմությունը նրա հետ (Հովհ. 14։21)։ Մենք պետք է «հաստատուն, անսասան և միշտ զբաղված լինենք Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58)։ Այդ դեպքում, երբ վերջը գա՝ լինի դա մեր կյանքի վերջը, թե այս չար աշխարհի, մենք ափսոսալու ոչինչ չենք ունենա (Մատթ. 24։13; Հռոմ. 14։8)։
15 Այսօր Հիսուսը շարունակում է առաջնորդել իր աշակերտներին, մինչ նրանք ամբողջ երկրով մեկ քարոզում են Թագավորության մասին բարի լուրը։ Հիսուսը պահել է իր խոստումը։ Եհովայի կազմակերպության միջոցով նա սովորեցնում է մեզ, թե ինչպես քարոզենք, և տրամադրում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է բարի լուրի տարածման համար (Մատթ. 28։18-20)։ Մենք էլ մեր հերթին ամեն ջանք ներդնում ենք, որպեսզի կատարենք քարոզելու և ուսուցանելու գործը, և զգոնությամբ սպասում ենք, որ Եհովան վերջ դնի այս աշխարհին։ Կիրառելով Եբրայեցիներ 6։11, 12 համարներում գրված խորհուրդը՝ մենք մեր հույսը ամուր ենք պահում «մինչև վերջ» (կարդա)։
16. Ի՞նչ ենք վճռել անել։
16 Եհովան Սատանայի աշխարհը կործանելու օր ու ժամ է որոշել։ Երբ այդ օրը գա, նա անկասկած կիրագործի իր Խոսքում գրված մարգարեությունները։ Հնարավոր է՝ մեզ թվա, թե այս աշխարհի կործանումը ուշանում է, բայց Եհովայի օրը «չի ուշանա» (Ամբ. 2։3)։ Ուստի եկեք վճռենք «արթնությամբ.... [և] համբերությամբ սպասել [մեր] փրկության Աստծուն» (Միք. 7։7)։
ԵՐԳ 139 Տես քեզ նոր աշխարհում
a Այս հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք հավասարակշռություն պահպանել՝ տեսնելով աշխարհում կատարվող իրադարձությունները։ Բացի այդ՝ կիմանանք, թե ինչպես կարող ենք ուշադրություն դարձնել մեր անձին և լավագույնս օգտագործել մեր ժամանակը։
b ՆԿԱՐ։ Վերևում՝ ամուսինները դիտում են լուրերի թողարկումը։ Ժողովի հանդիպումից հետո մյուսների հետ զրուցելիս նրանք պնդում են իրենց անձնական կարծիքը տեղի ունեցող իրադարձությունների նշանակության վերաբերյալ։ Ներքևում՝ մեկ այլ ամուսնական զույգ դիտում է Կառավարիչ մարմնի հաշվետվությունը, որպեսզի տեղյակ լինի Աստվածաշնչի մարգարեությունների վերջին բացատրություններին։ Նրանք մարդկանց առաջարկում են հավատարիմ ծառայի տրամադրած աստվածաշնչյան գրականությունը։