Եհովան համախմբում է իր ընտանիքը
«Խնդրում եմ ձեզ, որ.... պահպանեք ոգու տված միասնությունը» (ԵՓԵՍ. 4։1, 3)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԲԱՑԱՏՐԵՍ
Ո՞րն է Աստծու տնօրինության նպատակը։
Ինչպե՞ս ենք «պահպանում ոգու տված միասնությունը»։
Ի՞նչը կօգնի մեզ «իրար հանդեպ լինելու բարի»։
1, 2. Ի՞նչ նպատակ ունի Եհովան երկրի ու մարդկության առնչությամբ։
ԸՆՏԱՆԻՔ։ Ի՞նչ է հիշեցնում քեզ այս բառը։ Ջերմությո՞ւն։ Երջանկությո՞ւն։ Ընդհանուր նպատակի հասնելու միասնական ջանքե՞ր։ Ապահով հանգրվա՞ն, որտեղ մեծանում ենք, դաստիարակություն ստանում և ազատ հաղորդակցվում։ Եթե ընտանիքիդ անդամները հոգատար են, հավանաբար այս ամենն է միտքդ գալիս։ Եհովան ընտանիքի Հիմնադիրն է (Եփես. 3։14, 15)։ Նրա նպատակն էր, որ թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա եղող իր բոլոր բանական ստեղծագործությունները ապահովության զգացում ունենան, վստահեն իրար ու իսկական միասնություն վայելեն։
2 Մեղք գործելուց հետո մարդիկ դադարեցին Աստծու տիեզերական ընտանիքի մասը լինելուց, բայց Նրա նպատակը չխափանվեց։ Եհովան հոգ կտանի, որ դրախտային երկիրը ամբողջությամբ բնակեցված լինի Ադամի ու Եվայի կատարյալ սերունդներով (Ծննդ. 1։28; Ես. 45։18)։ Նա ամեն միջոց ձեռնարկել է, որ իրագործի այդ նպատակը։ Աստվածաշնչի «Եփեսացիներ» գիրքը, որի գլխավոր թեման միասնությունն է, մեր ուշադրությունը հրավիրում է այդ միջոցներից մի քանիսի վրա։ Այդ գրքից քննենք որոշ համարներ ու տեսնենք, թե ինչպես կարող ենք թիկունք կանգնել Եհովայի նպատակին, որն է՝ միավորել բոլոր բանական ստեղծագործություններին որպես մեկ ընտանիք։
ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ԴՐԱ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԸ
3. Ի՞նչ է Եփեսացիներ 1։10-ում նշված տնօրինությունը, ու ե՞րբ սկսվեց դրա առաջին փուլը։
3 Եհովայի գործերն ու նպատակը ներդաշնակ են։ «Նշանակված ժամանակները լրանալուն պես» Աստված հաստատեց «մի տնօրինություն», այսինքն՝ միջոց, որի շնորհիվ կմիավորի իր բոլոր բանական ստեղծագործություններին (կարդա՛ Եփեսացիներ 1։8–10)։ Այս տնօրինության նպատակը իրագործվում է երկու փուլով։ Առաջին փուլում Աստված օծյալ քրիստոնյաների ժողովը պատրաստում է երկնային կյանքի, որտեղ նրանք կշարունակեն գործել Հիսուս Քրիստոսի գլխավորության ներքո։ Այս փուլը սկսվեց 33թ. Պենտեկոստեին, երբ Եհովան սկսեց համախմբել նրանց, ովքեր Քրիստոսի հետ իշխելու էին երկնքում (Գործ. 2։1–4)։ Օծյալները Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա արդար են հայտարարվել։ Նրանք գիտակցում են, որ որդեգրվել են ու դարձել «Աստծու զավակներ» (Հռոմ. 3։23, 24; 5։1; 8։15–17)։
4, 5. Ո՞րն է տնօրինության երկրորդ փուլը։
4 Երկրորդ փուլում Աստված պատրաստում է նրանց, ովքեր Քրիստոսի Մեսիական Թագավորության ներքո ապրելու են երկրային դրախտում։ «Մեծ բազմությունը» այս խմբի առաջին անդամներն են (Հայտն. 7։9, 13–17; 21։1–5)։ Հազարամյա Իշխանության ընթացքում նրանց կմիանան հարություն առածները, որոնց թիվը կհասնի միլիարդների (Հայտն. 20։12, 13)։ Այդ ժամանակ մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք փաստելու, որ միասնական ենք։ Հազար տարվա վերջում «երկրի վրա եղողները» վերջնական փորձության կենթարկվեն։ Ովքեր կփաստեն իրենց հավատարմությունը, կորդեգրվեն որպես երկրի վրա բնակվող «Աստծու զավակներ» (Հռոմ. 8։21; Հայտն. 20։7, 8)։
5 Այսօր Աստծու տնօրինության երկու փուլերն էլ ընթացքի մեջ են։ Սակայն ինչպե՞ս կարող ենք մենք՝ որպես առանձին անհատներ, թիկունք կանգնել այդ տնօրինությանը։
«ՊԱՀՊԱՆԵՔ ՈԳՈՒ ՏՎԱԾ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ»
6. Աստվածաշունչն ինչպե՞ս է ցույց տալիս, որ քրիստոնյաները պետք է հավաքվեն իրար հետ։
6 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ քրիստոնյաները բառի բուն իմաստով պետք է հավաքվեն իրար հետ (1 Կորնթ. 14։23; Եբր. 10։24, 25)։ Դա պարզապես ինչ-որ տեղ միասին ժամանակ անցկացնելը չէ, ինչպես օրինակ՝ որևէ ակումբում հավաքվելը կամ թատրոն գնալը։ Իսկական միասնությունը ավելին է և հնարավոր է դառնում այն դեպքում, երբ կիրառում ենք Եհովայի տված հրահանգները և թույլ ենք տալիս, որ նրա սուրբ ոգին ձևավորի մեզ։
7. Ի՞նչ է նշանակում «պահպանել ոգու տված միասնությունը»։
7 Թեև Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա Եհովան օծյալներին արդար է հայտարարել որպես իր որդիների, իսկ ուրիշ ոչխարներին արդար է հայտարարել որպես իր ընկերների, քանի դեռ ապրում ենք այս համակարգում, անձնական տարաձայնություններ անպայման կլինեն (Հռոմ. 5։9; Հակ. 2։23)։ Հակառակ դեպքում՝ կարիք չէր լինի խորհուրդ տալու, որ շարունակենք «միմյանց համբերել»։ Ինչպե՞ս է հնարավոր հավատակիցների հետ միասնական լինել։ Հարկավոր է «կատարյալ խոնարհամտություն և մեղմություն» զարգացնել։ Պողոսը նաև խորհուրդ տվեց, որ ամեն կերպ ձգտենք «պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (կարդա՛ Եփեսացիներ 4։1–3)։ Այս խորհուրդը կիրառել նշանակում է ենթարկվել Աստծու ոգու ազդեցությանը և թույլ տալ, որ այն մեր մեջ զարգացնի իր պտուղը։ Ի տարբերություն մարմնի գործերի, որոնք միշտ բաժանումներ են առաջ բերում, ոգու պտուղը փակում է անհատների միջև առաջացած ճեղքվածքները։
8. Ինչպե՞ս են «մարմնի գործերը» բաժանումներ առաջ բերում։
8 Ուշադրություն դարձրու, թե ինչպես են «մարմնի գործերը» բաժանում մարդկանց (կարդա՛ Գաղատացիներ 5։19–21)։ Պոռնկությունը անհատին հեռացնում է Եհովայից ու ժողովից, իսկ շնությունը կարող է երեխաներին դաժանաբար բաժանել ծնողներից և անմեղ կողակցին՝ կյանքի ընկերոջից։ Անմաքրությունը խաթարում է անհատի միասնությունը Աստծու և այն մարդկանց հետ, ովքեր սիրում են իրեն։ Չէ՞ որ երկու բան իրար սոսնձելիս հարկավոր է, որ թե՛ մեկի, թե՛ մյուսի մակերեսը մաքուր լինի, որպեսզի կպչեն իրար։ Անառակ, լկտի վարքը լիակատար արհամարհանք է Աստծու արդար օրենքների նկատմամբ։ Մարմնի մյուս գործերը նույնպես մարդկանց բաժանում են իրարից ու Աստծուց։ Դրանք միանգամայն հակառակ են Եհովայի տեսակետին։
9. Ինչպե՞ս կարող ենք ինքնաքննություն անել իմանալու համար, թե արդյոք «ամեն կերպ ձգտում ենք պահպանել ոգու տված միասնությունը»։
9 Հետևաբար, յուրաքանչյուրս պետք է հարցնի իրեն. «Որքա՞ն ջանադրաբար եմ ձգտում «պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ»։ Ինչպե՞ս եմ արձագանքում, երբ խնդիրներ են ծագում։ Իմ դժգոհությունը արտահայտո՞ւմ եմ շատերի մոտ՝ ձգտելով ստանալ ընկերներիս հավանությունը։ Ակնկալո՞ւմ եմ երեցներից, որ իմ կողմը բռնեն, որպեսզի ստիպված չլինեմ ջանք թափել վերականգնելու խաղաղ փոխհարաբերությունները։ Իմանալով, որ ուրիշները ինչ-որ բան ունեն իմ դեմ՝ խուսափո՞ւմ եմ նրանցից՝ թույլ չտալով, որ խնդիրը լուծվի»։ Արդյոք նման վարվելակերպը ցույց կտա՞, որ գործում ենք Եհովայի կամքին ներդաշնակ՝ ամեն ինչ նորից համախմբել Քրիստոսում։
10, 11. ա) Որքա՞ն կարևոր է խաղաղություն ունենալ եղբայրների հետ։ բ) Ի՞նչը կնպաստի խաղաղությանը և հոգևոր լավ մթնոլորտին։
10 Հիսուսն ասաց. «Եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի, թող ընծադ զոհասեղանի դիմաց և գնա, նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ.... Գործերդ արագ հարթիր» (Մատթ. 5։23–25)։ Իսկ Հակոբոսը գրեց, որ «արդարության պտղի սերմը խաղաղ պայմաններում է ցանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. 3։17, 18)։ Փաստորեն, եթե խաղաղություն չունենք ուրիշների հետ, չենք կարող շարունակել արդարության պտուղ բերել։
11 Բերենք մի օրինակ։ Նկատվել է, որ որոշ երկրներում, որտեղ պատերազմ է տեղի ունեցել, հողատարածքի 35 տոկոսը չի մշակվում, քանի որ բնակիչները վախենում են ականներից։ Երբ որևէ տեղ ական է պայթում, հողագործները չեն մշակում այդ տարածքը։ Արդյունքում՝ գյուղացիները առանց աշխատանքի են մնում, իսկ քաղաքներում սննդի պակաս է լինում։ Նմանապես, եթե մեր բնավորության որոշ գծերի պատճառով խաթարվում է եղբայրների հետ ունեցած միասնությունը, մենք չենք կարողանում հոգևորապես աճել։ Սակայն եթե արագ ենք ներում ու ջանում ենք ամեն բան անել մյուսների բարօրության համար, նպաստավոր պայմաններ ենք ստեղծում հոգևոր լավ մթնոլորտի համար։
12. Երեցներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ միասնական լինելու։
12 Միասնությանը մեծապես կարող են նպաստել նաև «մարդկանց տեսքով պարգևները»։ Նրանք տրվել են, որ օգնեն մեզ «հավատի.... մեջ հասնելու միասնության» (Եփես. 4։8, 13)։ Սուրբ ծառայության մեջ մեզ հետ համագործակցելով ու Աստծու Խոսքի վրա հիմնված խորհուրդներ տալով՝ երեցները օգնում են մեզ նոր անձնավորությունը հագնելու հարցում առաջադիմելու (Եփես. 4։22–24)։ Նրանց տված խորհուրդը համարո՞ւմ ես միջոց, որով Եհովան պատրաստում է քեզ ապրելու նոր աշխարհում իր Որդու իշխանության ներքո։ Երեցնե՛ր, ձգտո՞ւմ եք ուղղել ուրիշներին՝ ի մտի ունենալով այդ նպատակը (Գաղ. 6։1)։
«ԻՐԱՐ ՀԱՆԴԵՊ ԵՂԵՔ ԲԱՐԻ»
13. Ի՞նչ կլինի, եթե չհետևենք Եփեսացիներ 4։25–32-ում նշված խորհուրդներին։
13 Եփեսացիներ 4։25–29-ում նշվում են այն գործերը, որոնցից հատկապես պետք է խուսափենք։ Դրանց մեջ են մտնում սուտ խոսելը, զայրույթի պոռթկումները, ծույլ լինելը և բարի ու կերտիչ խոսքերի փոխարեն նեխած խոսքեր ասելը։ Եթե չկիրառենք այս խորհուրդները, կտրտմեցնենք Աստծու սուրբ ոգին։ Այդ ոգին է, որ նպաստում է միասնությանը (Եփես. 4։30)։ Խաղաղության և միասնության համար անչափ կարևոր է նաև կիրառել այն, ինչ այդ խոսքերից հետո գրեց Պողոսը. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն։ Բայց դուք իրար հանդեպ եղեք բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ներեց ձեզ» (Եփես. 4։31, 32)։
14. ա) Ի՞նչ են ցույց տալիս «եղեք բարի» խոսքերը։ բ) Ի՞նչը կօգնի մեզ բարի լինելու։
14 «Եղեք բարի» խոսքերը ցույց են տալիս, որ գուցե ոչ միշտ ենք բարի ու պետք է բարելավվենք այդ հարցում։ Մենք պետք է սովորենք ուրիշների զգացմունքները մեր զգացմունքներից ավելի կարևոր համարել (Փիլիպ. 2։4)։ Թերևս երբեմն ուզում ենք ասել մի բան, որը ծիծաղ կառաջացնի, կամ որի շնորհիվ ուրիշների աչքին խելացի կերևանք, բայց նախքան ասելը պետք է մտածենք, թե արդյոք դա բարի խոսք է։ Նախօրոք դրա մասին մտածելը կօգնի մեզ լինելու բարի։
ՍՈՎՈՐԵՆՔ ՍԵՐ ՈՒ ՀԱՐԳԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԵԼ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
15. Եփեսացիներ 5։28-ը ինչպե՞ս է օգնում ամուսիններին հասկանալու, թե ինչպես պետք է ընդօրինակեն Քրիստոսին։
15 Աստվածաշունչը զուգահեռ է անցկացնում ժողովի հետ Քրիստոսի փոխհարաբերությունների ու կնոջ հետ ամուսնու փոխհարաբերությունների միջև։ Այս համեմատությունն օգնում է ամուսնուն հասկանալու, որ պետք է առաջնորդի, սիրի ու հոգ տանի իր կնոջը։ Իսկ կինը հասկանում է, որ պետք է հնազանդվի ամուսնուն (Եփես. 5։22–33)։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ գրելով. «Նույնպեսև ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները» (Եփես. 5։28)։ Մինչ այդ առաքյալը մեր ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, թե ինչպես է «Քրիստոսը սիրել ժողովը և իր անձը տվել նրա համար, որպեսզի.... մաքրի՝ Աստծու խոսքի ջրի մեջ լվանալով»։ Փաստորեն, ամուսինը պետք է հոգևորապես կերակրի իր ընտանիքը։ Այդպիսով նա ներդաշնակ կվարվի Եհովայի կամքին՝ ամեն ինչ նորից համախմբել Քրիստոսում։
16. Ի՞նչ կլինի արդյունքը, եթե ծնողները կատարեն իրենց սուրբգրային պարտականությունները։
16 Լավ կլինի՝ ծնողները հիշեն, որ Եհովայից ստացած հանձնարարություն են կատարում։ Ցավոք, այսօր աշխարհում շատերը չունեն «բնական կապվածություն» (2 Տիմոթ. 3։1, 3)։ Բազմաթիվ հայրեր խուսափում են իրենց պարտականություններից, ինչը մեծ վնաս ու հիասթափություն է պատճառում իրենց երեխաներին։ Սակայն Պողոսը քրիստոնյա հայրերին հետևյալ խորհուրդը տվեց. «Մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Որտե՞ղ են երեխաները սովորում, թե ինչ է սերը և թե ինչպես է հարկավոր հարգանք դրսևորել իշխանություն ունեցողների հանդեպ, եթե ոչ ընտանիքում։ Այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին սովորեցնում են այս բաները, Եհովայի տնօրինությանը ներդաշնակ են վարվում։ Մեր տները սիրո հանգրվան դարձնելով, որում տեղ չկա զայրույթին, բարկությանն ու վիրավորական խոսքին՝ երեխաներին սովորեցնում ենք կարևոր դասեր այն մասին, թե ինչպես է հարկավոր սեր դրսևորել ու հարգել իշխանություն ունեցողներին։ Այդպիսով նրանք պատրաստվում են ապրելու Աստծու նոր աշխարհում։
17. Սատանային դիմադրելու համար ի՞նչ է հարկավոր անել։
17 Պետք է գիտակցենք, որ Սատանան՝ նա, ով առաջինը խաթարեց տիեզերական խաղաղությունը, մեծ հակառակություն ցույց կտա մեզ՝ թույլ չտալով կատարել Աստծու կամքը։ Անկասկած, նրա շահերին է նպաստում ամուսնալուծությունների շատացումը, առանց ամուսնանալու՝ զույգերի կենակցումը ու համասեռամոլության հանդեպ հանդուրժողական վերաբերմունքը։ Մենք չենք համապատասխանեցնում մեր վարքն ու մտածելակերպը այսօրվա հասարակության մեջ ընդունված վարքուբարքին։ Քրիստոսն է մեր օրինակը (Եփես. 4։17–21)։ Ուստի մեզ հորդոր է տրվում «հագնել Աստծու տված ամբողջ սպառազինությունը», որպեսզի կարողանանք դիմադրել Սատանային ու նրա դևերին (կարդա՛ Եփեսացիներ 6։10–13)։
«ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՔԱՅԼԵԼ ՍԻՐՈ ՄԵՋ»
18. Ո՞րն է քրիստոնեական միասնության իրական բանալին։
18 Քրիստոնեական միասնության իրական բանալին սերն է։ Մեր սրտերը լի են սիրով մեր «մեկ Տիրոջ», մեր «մեկ Աստծու» և իրար հանդեպ, այդ պատճառով վճռել ենք «պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (Եփես. 4։3–6)։ Հիսուսն աղոթեց այդպիսի սիրո մասին՝ ասելով. «Ոչ միայն նրանց համար եմ խնդրում, այլ նաև նրանց համար, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ, որպեսզի նրանք բոլորը մի լինեն, ինչպես որ դու, Հա՛յր, միության մեջ ես ինձ հետ, և ես միության մեջ եմ քեզ հետ, որ նրանք էլ միության մեջ լինեն մեզ հետ.... Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես միության մեջ լինեմ նրանց հետ» (Հովհ. 17։20, 21, 26)։
19. Ի՞նչ ես վճռել անել։
19 Եթե ներքին պայքար ենք մղում մեր անկատարության պատճառով, թող որ սերը մղի մեզ սաղմոսերգուի պես աղոթելու. «Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից» (Սաղ. 86։11)։ Եկեք վճռենք դիմադրել Սատանայի՝ մեր սիրառատ Հորից ու նրա հավանությունը ունեցողներից մեզ հեռացնելու ջանքերին։ Նաև ամեն ջանք թափենք, որ «ընդօրինակենք Աստծուն սիրելի զավակների պես և շարունակենք քայլել սիրո մեջ» ընտանիքում, ծառայության ժամանակ ու ժողովում (Եփես. 5։1, 2)։
[նկար 29-րդ էջի վրա]
Թողնելով ընծան զոհասեղանի մոտ՝ նա գնում է, որ հաշտվի իր եղբոր հետ
[նկար 31-րդ էջի վրա]
Ծնողնե՛ր, սովորեցրեք ձեր երեխաներին, թե ինչպես հարգանք դրսևորել