Մի՛ բաժանեք այն, ինչ Աստված միավորեց մեկ լծի տակ
«Նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն, ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (ՄԱՏԹԵՈՍ 19:6)։
1, 2. Ինչո՞ւ է իրատեսական ակնկալել, որ ամուսնական զույգը խնդիրներ կունենա, և ինչպե՞ս են Գրությունները հաստատում այդ միտքը։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, որ պատրաստվում ես մեքենայով երկարատև ճանապարհորդության մեկնել։ Կլինե՞ն դժվարություններ ճանապարհին. միամտություն կլինի հակառակը մտածել։ Օրինակ՝ վատ եղանակի պատճառով գուցե ստիպված լինես դանդաղեցնել մեքենայի ընթացքը և զգուշորեն առաջ ընթանալ։ Հնարավոր է՝ մեքենան փչանա, և դու չկարողանաս գլուխ հանել ու ստիպված լինես օգնություն խնդրել։ Արդյոք նման իրավիճակների պատճառով կեզրակացնե՞ս, որ սխալ գործեցիր՝ ճամփա ընկնելով, և որ պիտի թողնես մեքենադ ու հեռանաս։ Ո՛չ։ Երկարատև ճանապարհորդություն ծրագրելիս դու ակնկալում ես, որ խնդիրներ կլինեն, և մտածում ես, թե ինչպես լուծել դրանք։
2 Այդպես էլ ամուսնության մեջ։ Խնդիրներն անխուսափելի են, և ամուսնանալ ցանկացող զույգի կողմից միամտություն կլիներ ակնկալել, որ անհոգ կյանքով կապրեն։ Աստվածաշնչում՝ 1 Կորնթացիներ 7:28–ում, պարզ ասվում է, որ ամուսիններն ու կանայք «նեղություն կունենան իրենց մարմնում»։ Իսկ ինչո՞ւ։ Եթե արտահայտվենք մի խոսքով, պատճառն այն է, որ ամուսինն ու կինը անկատար են։ Բացի այդ, մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3:1; Հռոմեացիներ 3:23)։ Ուստի նույնիսկ իրար համապատասխանող և հոգևոր տրամադրվածություն ունեցող զույգը իրենց փոխհարաբերություններում ժամանակ առ ժամանակ խնդիրներ կունենա։
3. ա) Աշխարհում ի՞նչ տարածված տեսակետ կա ամուսնության վերաբերյալ։ բ) Ինչո՞ւ են քրիստոնյաները ձգտում պահպանել իրենց ամուսնությունը։
3 Ժամանակակից աշխարհում որոշ զույգեր խնդիրների բախվելիս առաջին հերթին մտածում են ամուսնալուծվելու մասին։ Շատ երկրներում ապահարզանների թիվը չափազանց մեծ է։ Սակայն ճշմարիտ քրիստոնյաները լուծո՛ւմ են խնդիրները և ոչ թե փախչում դրանցից։ Ինչո՞ւ են նրանք այդպես տրամադրված։ Քանի որ ամուսնությունը համարում են Եհովայից տրված սուրբ պարգև։ Հիսուսը ամուսնացածների առնչությամբ ասաց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19:6)։ Իհարկե, այս խոսքերի համաձայն ապրելը միշտ չէ, որ հեշտ է։ Բարեկամները և այլ մարդիկ, օրինակ՝ որոշ ամուսնական խորհրդատուներ, որոնք չեն ընդունում աստվածաշնչյան սկզբունքները, խրախուսում են զույգերին անջատ ապրել կամ ամուսնալուծվել Սուրբ Գրություններով չհիմնավորված պատճառներով։a Սակայն քրիստոնյաները գիտեն, որ շատ ավելի լավ է ամուսնությունը նորոգել և պահպանել, քան հապշտապ քանդել։ Այո՛, շատ կարևոր է հենց սկզբից վճռել ամեն բան անել Եհովայի և ոչ թե մարդկանց խորհրդով (Առակաց 14:12)։
Հաղթահարեք դժվարությունները
4, 5. ա) Ի՞նչ խնդիրներ անխուսափելիորեն կառաջանան ամուսնության մեջ։ բ) Ինչո՞ւ Աստվածաշունչը իսկապես կարող է օգնել ամուսիններին լուծելու իրենց միջև առաջացած խնդիրները։
4 Իրողությունն այն է, որ չկա այնպիսի ամուսնական զույգ, որը ժամանակ առ ժամանակ խնդիրներ չունենա։ Մեծամասամբ դրանք փոքր տարաձայնություններ են, սակայն որոշ դեպքերում դրանք լուրջ խնդիրներ են, որոնք սպառնում են խարխլել ամուսնության հիմքը։ Առանձին դեպքերում գուցե հարկ համարես խորհուրդ հարցնել փորձառու քրիստոնյա երեցից, որն ամուսնացած է։ Այնուամենայնիվ, այս ամենը չի նշանակում, որ քո ամուսնությունը ձախողվել է։ Ամուսնական խնդիրների առկայությունը միայն ընդգծում է, որ լուծումներ փնտրելիս հարկավոր է ամուր կառչած մնալ աստվածաշնչյան սկզբունքներին։
5 Որպես մարդկանց Ստեղծիչ և ամուսնական կառույցի Հիմնադիր՝ Եհովան բոլորից լավ գիտի, թե որն է հաջող ամուսնության բանալին։ Պարզապես հարցն այն է, թե արդյոք մենք կհնազանդվենք նրա Խոսքում գրված խորհուրդներին։ Եթե հնազանդվենք, ապա անպայման օրհնություններ կստանանք։ Հնում Եհովան իր ժողովրդին ասաց. «Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48:18)։ Այո՛, Աստվածաշնչի սկզբունքներին հետևելով՝ կարող ենք հաջող ամուսնություն ունենալ։ Եկեք քննարկենք, թե ինչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը ամուսնացած տղամարդկանց։
«Շարունակե՛ք սիրել ձեր կանանց»
6. Ի՞նչ խորհուրդ են տալիս Սուրբ Գրությունները ամուսնացած տղամարդկանց։
6 Պողոս առաքյալի՝ եփեսացիներին գրած նամակը հստակ ցուցումներ է պարունակում ամուսնացած տղամարդկանց համար։ Պողոսն ասաց. «Ամուսիննե՛ր, շարունակե՛ք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար, նույն ձևով էլ ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց ինչպես իրենց սեփական մարմինները։ Նա, ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան, ինչպես որ Քրիստոսը ժողովին։ Այնուհանդերձ, թող ձեզանից ամեն մեկը այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը» (Եփեսացիներ 5:25, 28, 29, 33)։
7. ա) Ի՞նչը պետք է ընկած լինի քրիստոնեական ամուսնության հիմքում։ բ) Ինչպե՞ս է ամուսինը շարունակում սիրել իր կնոջը։
7 Պողոսը չի քննարկում ամեն մի հնարավոր խնդիր, որ գուցե առաջանա ամուսնու և կնոջ միջև։ Փոխարենը՝ նա անդրադառնում է հարցի բուն էությանը՝ ցույց տալով, թե ինչը պետք է ընկած լինի յուրաքանչյուր քրիստոնեական ամուսնության հիմքում՝ սերը։ Վերոհիշյալ համարներում «սիրել» բառը հիշատակվում է վեց անգամ։ Ուշադրություն դարձրու նաև, որ Պողոսը ամուսիններին ասում է. «Շարունակե՛ք սիրել ձեր կանանց»։ Անկասկած, Պողոսը հասկանում էր, որ սիրահարվելը շատ ավելի հեշտ է, քան սերը պահպանելը։ Դա ճշմարիտ է հատկապես այս «վերջին օրերում», երբ շատերն «անձնասեր» են և «համաձայնության չեն գալիս» (2 Տիմոթեոս 3:1–3)։ Այս բացասական հատկությունների պատճառով այսօր շատ ամուսնություններ քայքայվում են։ Սակայն սիրող ամուսինը թույլ չի տա, որ աշխարհի եսասիրական ոգին ազդի իր մտածելակերպի և գործելակերպի վրա (Հռոմեացիներ 12:2)։
Ինչպե՞ս կարող ես հոգ տանել կնոջդ
8, 9. Ի՞նչ կերպերով պետք է քրիստոնյա ամուսինը հոգ տանի իր կնոջը։
8 Լինելով քրիստոնյա ամուսին՝ ինչպե՞ս կարող ես դիմադրել եսասիրական հակումներին և իսկական սեր դրսևորել քո կնոջ հանդեպ։ Եփեսացիներին ուղղված իր վերոհիշյալ խոսքերում Պողոսը հիշատակեց երկու բան, որ դու պետք է անես. կնոջդ հոգ տանես և քո մարմնի պես քնքշորեն խնամես։ Ինչպե՞ս կարող ես հոգ տանել քո կնոջը։ Դու պետք է հոգաս նրա նյութական կարիքները։ Պողոսը Տիմոթեոսին գրեց. «Անկասկած, եթե որևէ մեկը հոգ չի տանում իրեններին և հատկապես իր ընտանիքի անդամներին, նա հավատը ուրացել է և անհավատից էլ վատն է» (1 Տիմոթեոս 5:8)։
9 Սակայն կնոջը հոգ տանելն ավելին է նշանակում, քան պարզապես սննդով, հագուստով և կացարանով ապահովելը։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Որովհետև ամուսինը կարող է շատ լավ հոգալ կնոջ նյութական կարիքները, սակայն չբավարարել նրա զգացական և հոգևոր կարիքները։ Նրա այս կարիքները բավարարելն անչափ կարևոր է։ Ճիշտ է, բազմաթիվ քրիստոնյա տղամարդիկ խիստ զբաղված են ժողովի գործերով, բայց ժողովում մեծ պատասխանատվություններ ունենալը չի նշանակում, որ ամուսինը կարող է անտեսել ընտանիքի գլխի իր աստվածատուր պարտականությունները (1 Տիմոթեոս 3:5, 12)։ Այս հարցի վերաբերյալ տարիներ առաջ «Դիտարանում» գրվեց. «Համաձայն Աստվածաշնչի պահանջների՝ կարելի է ասել, որ հովվությունը սկսվում է տանից։ Եթե երեցն անտեսում է իր ընտանիքը, նա կարող է կորցնել իր նշանակումը»։b Հստակ է, որ հույժ կարևոր է հոգ տանել կնոջը նյութական, զգացական և ամենակարևորը՝ հոգևոր առումով։
Ի՞նչ է նշանակում քնքշորեն խնամել կնոջը
10. Ինչպե՞ս կարող է ամուսինը քնքշորեն խնամել իր կնոջը։
10 Կնոջը քնքշորեն խնամել նշանակում է սիրուց մղված հոգ տանել նրա մասին։ Հոգատարություն ցույց տալու շատ ձևեր կան։ Նախևառաջ բավականաչափ ժամանակ անցկացրու կողակցիդ հետ։ Հակառակ դեպքում նրա սերը քո հանդեպ կարող է սառչել։ Նաև հաշվի առ, որ քո կարծիքն այն մասին, թե կինդ որքան ժամանակի և ուշադրության կարիք ունի, կարող է տարբերվել այդ հարցում նրա ունեցած տեսակետից։ Բավական չէ պարզապես ասել, որ նա թանկ է քեզ համար։ Կինդ պետք է դա զգա։ Պողոսը գրեց. «Թող ամեն մեկը ոչ թե իր սեփական օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10:24)։ Որպես սիրող ամուսին՝ դու պետք է ցանկանաս հավաստիանալ, որ գիտես, թե իրականում ինչ կարիքներ ունի կինդ (Փիլիպպեցիներ 2:4)։
11. Այն, թե ինչպես է ամուսինը վերաբերվում իր կնոջը, ինչպե՞ս կարող է ազդել Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունների և ժողովում ունեցած իր դիրքի վրա։
11 Կնոջը խնամելու մյուս ձևը նրան քնքշորեն վերաբերվելն է թե՛ խոսքով և թե՛ գործով (Առակաց 12:18)։ Պողոսը կողոսացիներին գրեց. «Ամուսիննե՛ր, շարունակե՛ք սիրել ձեր կանանց և դառնապես մի՛ բարկացեք նրանց վրա» (Կողոսացիներ 3:19)։ Համաձայն մի աշխատության՝ այս համարի վերջին մասը կարելի է թարգմանել հետևյալ կերպ. «Մի՛ վերաբերվիր նրան ինչպես ծառայի» կամ «նրան ստրուկ մի՛ դարձրու»։ Այն ամուսինը, որը կոշտ ու կոպիտ է իր կնոջ հանդեպ՝ լինի դա տանը թե հասարակության մեջ, չի «խնամում» իր կնոջը։ Այդպիսի վերաբերմունք դրսևորելով՝ նա վտանգի է ենթարկում Աստծու հետ ունեցած իր փոխհարաբերությունները։ Պետրոս առաքյալն իր նամակում ամուսիններին հորդորեց. «Շարունակե՛ք [ձեր կանանց] հետ ապրել գիտության համաձայն՝ պատիվ տալով նրանց որպես ավելի թույլ անոթի՝ որպես կանացիի, քանի որ նրանց հետ դուք էլ եք կյանքի անարժան պարգևի ժառանգներ, որպեսզի ձեր աղոթքների դեմ արգելքներ չլինեն» (1 Պետրոս 3:7)։c
12. Ի՞նչ կարող է քրիստոնյա ամուսինը սովորել այն բանից, թե ինչպես էր Հիսուսը վերաբերվում ժողովին։
12 Երբեք սովորական բան մի համարիր կնոջդ սերը քո հանդեպ։ Միշտ հավաստիացրու նրան քո սիրո մեջ։ Քրիստոնեական ժողովի հանդեպ ցուցաբերած իր վերաբերմունքով Հիսուսը օրինակ թողեց քրիստոնյա ամուսիններին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ իր հետևորդները կրկին ու կրկին անցանկալի հատկություններ էին դրսևորում, նա նրբանկատ էր, բարի և ներողամիտ։ Ուստի Հիսուսը կարող էր ասել. «Ինձ մո՛տ եկեք.... քանզի ես հեզ եմ և սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (Մատթեոս 11:28, 29)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ քրիստոնյա ամուսինն իր կնոջը վերաբերվում է այնպես, ինչպես որ նա էր վերաբերվում ժողովին։ Այն տղամարդը, որը քնքշորեն խնամում է իր կնոջը՝ հոգատարություն արտահայտելով թե՛ խոսքերով և թե՛ գործերով, թարմության աղբյուր կլինի նրա համար։
Կանայք, որ ապրում են սուրբգրային սկզբունքներով
13. Ի՞նչ սկզբունքներ կան Աստվածաշնչում, որոնք կարող են օգնել կանանց։
13 Աստվածաշունչը պարունակում է սկզբունքներ, որոնք կարող են օգնել նաև կանանց։ Եփեսացիներ 5:22–24, 33 համարներում ասվում է. «Թող կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը իր կնոջ գլուխն է, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է, և նա է փրկիչը այդ մարմնի։ Իրականում, ինչպես որ ժողովն է հնազանդվում Քրիստոսին, այնպես էլ թող կանայք ամեն ինչում հնազանդվեն իրենց ամուսիններին։ ....Կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ»։
14. Ինչո՞ւ կարելի է ասել, որ հնազանդության վերաբերյալ սուրբգրային սկզբունքը չի նվաստացնում կնոջը։
14 Ուշադրություն դարձրու, որ Պողոսը ընդգծեց հնազանդության և հարգանքի կարևորությունը։ Կնոջը հիշեցում է տրվում ենթարկվել ամուսնուն։ Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա։ Երկնքում և երկրի վրա գտնվող յուրաքանչյուր էակ ենթակա է որևէ մեկին։ Ինքը Հիսուսը ենթակա է Եհովային (1 Կորնթացիներ 11:3)։ Իհարկե, եթե ամուսինը պատշաճ ձևով է իրականացնում իր գլխավորությունը, կնոջ համար հեշտ է լինում հնազանդվել նրան։
15. Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչը կանանց։
15 Պողոսը նաև ասաց, որ կինը «պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ»։ Քրիստոնյա կինը պետք է «հանդարտ և մեղմ ոգի» դրսևորի և չպետք է ամբարտավան կերպով հարցականի տակ դնի ամուսնու իշխանությունը կամ անկախ ընթացք բռնի (1 Պետրոս 3:4)։ Աստվածավախ կինը ջանք չի խնայում իր ընտանիքի բարօրության համար և պատիվ է բերում իր ամուսնուն (Տիտոս 2:4, 5)։ Նա ձգտում է լավ արտահայտվել ամուսնու մասին և այնպիսի բան չի անում, որը կդրդեր ուրիշներին ոչ հարգալից ձևով վերաբերվել նրան։ Այդպիսի կինը նաև կձգտի այնպես անել, որ ամուսնու որոշումներն իրագործվեն (Առակաց 14:1)։
16. Ի՞նչ կարող են քրիստոնյա կանայք սովորել Սառայի և Ռեբեկայի օրինակից։
16 Այն, որ կինը պետք է «հանդարտ և մեղմ ոգի» դրսևորի, չի նշանակում, որ նա չի կարող ունենալ իր սեփական կարծիքը և արտահայտել այն։ Հին ժամանակներում այնպիսի աստվածավախ կանայք, ինչպիսիք էին Սառան ու Ռեբեկան, արտահայտվեցին իրենց հուզող հարցերի շուրջ, և Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան հավանություն տվեց նրանց (Ծննդոց 21:8–12; 27:46–28:4)։ Քրիստոնյա կինը նույնպես կարող է արտահայտել իր զգացմունքները։ Սակայն դա պետք է անի նրբանկատորեն և ոչ թե նվաստացնող տոնով։ Այդ դեպքում նա, հավանաբար, կնկատի, որ իր ամուսինը հաճույքով է հաղորդակցվում իր հետ։
Ամբողջ կյանքի համար է
17, 18. Ինչպե՞ս կարող են ամուսինն ու կինը ընդդիմանալ Սատանային, որը փորձում է քայքայել իրենց միությունը։
17 Ամուսնությունը ամբողջ կյանքի համար է։ Ուստի թե՛ ամուսինը, թե՛ կինը պետք է անկեղծորեն ցանկանան, որ իրենց ամուսնությունը հաջող լինի և քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ։ Բաց հաղորդակցության պակասի պատճառով խնդիրները մնում են չլուծված և ավելի են բարդանում։ Նման դեպքերում շատ հաճախ կողակիցները դադարում են հաղորդակցվելուց և վրդովմունքով են լցվում։ Ոմանք իրենց ամուսնությանը վերջ տալու ուղիներ են փնտրում՝ ամուսնությունից դուրս ռոմանտիկ հետաքրքրություն զարգացնելով։ Սակայն Հիսուսը զգուշացրեց. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթեոս 5:28)։
18 Պողոս առաքյալը բոլոր քրիստոնյաներին, այդ թվում նաև ամուսնացածներին, հետևյալ խորհուրդը տվեց. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք. թող արևը մայր չմտնի, քանի դեռ դուք զայրացած վիճակում եք, ոչ էլ տեղ տվեք Բանսարկուին» (Եփեսացիներ 4:26, 27)։ Մեր գլխավոր թշնամին՝ Սատանան, ջանում է ի չար գործածել քրիստոնյաների միջև առաջացող տարաձայնությունները։ Թույլ մի՛ տվեք, որ նա հաջողության հասնի։ Երբ խնդիրներ են ծագում, Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունների միջոցով հետազոտություն կատարեք, որպեսզի տեսնեք, թե ինչ են ասում Գրությունները Եհովայի տեսակետի վերաբերյալ։ Տարաձայնությունները քննարկեք հանդարտությամբ և անկեղծորեն։ Համապատասխանեցրեք ձեր վարվելակերպը Եհովայի չափանիշներին (Հակոբոս 1:22–25)։ Վճռեք երկուսով միասին քայլել Աստծու հետ և թույլ մի տվեք, որ որևէ մեկը կամ որևէ բան բաժանի այն, ինչ Աստված միավորեց մեկ լծի տակ (Միքիա 6:8)։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Ամուսնալուծվելու և անջատ ապրելու մասին» շրջանակը 2002 թ. փետրվարի 8–ի «Արթնացե՛ք»–ում (էջ 10, ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Տե՛ս «Դիտարան», 1989 թ. մայիսի 15, էջ 12, անգլ. (1989 թ. հոկտեմբերի 15, էջ 12, ռուս.)։
c Տղամարդը չպետք է լինի «հարվածող», այսինքն՝ չպիտի դիմի ֆիզիկական բռնության կամ սպառնա խոսքերով, եթե ձգտում է քրիստոնեական ժողովում առանձնաշնորհում ստանալ։ «Դիտարանի» 1990 թ. սեպտեմբերի 1–ի համարում (էջ 25, ռուս.) ասվում է. «Տղամարդը չի համապատասխանում սուրբգրային պահանջներին, եթե ամենուրեք վարվում է աստվածահաճո ձևով, բայց իր տանը բռնակալ է» (1 Տիմոթեոս 3:2–5, 12)։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ են խնդիրներ ծագում նույնիսկ քրիստոնյա ամուսինների միջև։
• Ինչպե՞ս կարող է ամուսինը փաստել, որ հոգում է իր կնոջ մասին և քնքշորեն խնամում է նրան։
• Ինչպե՞ս կարող է կինը ցույց տալ, որ խորապես հարգում է իր ամուսնուն։
• Ի՞նչ կարող են ամուսինն ու կինը անել, որպեսզի իրենց միությունը ամուր մնա ամբողջ կյանքի ընթացքում։
[նկար 20–րդ էջի վրա]
Ամուսինը պետք է հոգա իր կնոջ ոչ միայն նյութական, այլև հոգևոր կարիքները
[նկար 21–րդ էջի վրա]
Իր կնոջը քնքշորեն խնամող ամուսինը թարմության աղբյուր է նրա համար
[նկար 23–րդ էջի վրա]
Քրիստոնյա կինը իր զգացմունքներն արտահայտում է հարգալից կերպով