Հարգեք նրանց, ում իշխանություն է տրված ձեզ վրա
«Յարգեցէ՛ք բոլորին, սիրեցէ՛ք եղբայրութիւնը, վախեցէ՛ք Աստծուց, պատուեցէ՛ք թագաւորներին» (Ա ՊԵՏՐՈՍ 2։17)։
1, 2. Ի՞նչ տեսակետ ունեն մարդիկ այսօրվա իշխանությունների հանդեպ և ինչո՞ւ։
ՄԻ ՄԱՅՐ ցավով այսպես արտահայտվեց. «Երեխաները կարծես ամեն ինչի իրավունք ունեն։ Չկա հարգանք ծնողների նկատմամբ»։ «Հեղինակությունը՝ կասկածի տակ». այսպիսի պիտակ է փակցված ավտոմեքենաների բախարգելի վրա։ Ահա այսօրվա իրականության վերաբերյալ երկու կարևոր բնորոշումներ, որոնց ականատեսը կարող ենք լինել ամեն քայլափոխի։ Ծնողների, ուսուցիչների, գործատերերի և պետական պաշտոնյաների հանդեպ հարգանքի պակասը ամբողջ աշխարհում սովորական երևույթ է դարձել։
2 Ոմանք, թերևս, ուսերը թոթվելով ասեն, որ իշխանություն կամ հեղինակություն ունեցող մարդիկ արժանի չեն իրենց հարգանքին։ Եվ իրոք, երբեմն դա անժխտելի փաստ է։ Այդ մասին է խոսում նաև պետական պաշտոնյաների կաշառակերության, գործատերերի ագահության, ուսուցիչների անիրազեկության և ծնողների դաժան վերաբերմունքի մասին լուրերի տեղատարափը։ Ինչ խոսք, ուրախալի է, որ քրիստոնյաներից հազիվ թե մեկը գտնվի, որ ժողովում պատասխանատվություն ունեցողների հանդեպ նման կարծիք հայտնի (Մատթէոս 24։45—47)։
3, 4. Ինչո՞ւ պետք է քրիստոնյաները հարգեն իշխանություն ունեցողներին։
3 Որպես քրիստոնյաներ՝ մենք պարտավոր ենք հարգալից վերաբերվել նաև այն անձանց, ովքեր աշխարհում իշխանություն ունեն։ Այդ մասին են վկայում Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Ամէն մարդ պէտք է հնազանդի պետական իշխանութեանց, որովհետեւ առանց Աստուծոյ թոյլտուութեան իշխանութիւն չի կրնար ըլլալ, եւ գոյութիւն ունեցող իշխանութիւնները Աստուծմէ կարգուած են» (Հռովմայեցիս 13։1, 2, 5; ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.; Ա Պետրոս 2։13—15)։ Պողոսը նաև շեշտեց ընտանիքներում իշխանությանը ենթարկվելու կարևորությունը. «Կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, ինչպէս որ վայել է ի Տէր։ Որդինե՛ր, ամէն ինչում հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին, որովհետեւ հաճելին այդ է Տիրոջ առաջ» (Կողոսացիս 3։18, 20)։ Ժողովի երեցները արժանի են մեր հարգանքին, քանի որ նրանք սուրբ ոգու միջոցով վերակացուներ են կարգվել «հովուելու համար Տիրոջ ժողովրդին» (Գործք 20։28)։ Մենք հարգանք ենք ցուցաբերում մարդկային իշխանությունների հանդեպ՝ քանի որ պատկառում ենք Եհովայից։ Իսկ հարգանքն առ Եհովան, բնականաբար, մեր կյանքում միշտ առաջին տեղում պետք է լինի (Գործք 5։29)։
4 Մեր մտքում ունենալով այն իրողությունը, որ Եհովան գերագույն իշխանության տերն է՝ քննարկենք տարբեր օրինակներ, երբ մարդիկ պատշաճ հարգանք են մատուցել իշխանություն ունեցող անձանց, կամ ընդհակառակը՝ չեն մատուցել։
Անհարգալից վերաբերմունքը դատապարտության է հանգեցնում
5. Ի՞նչ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց Մեղքողը Դավիթի նկատմամբ, և դա ինչի՞ հանգեցրեց։
5 Դավիթ թագավորի մասին պատմությունից հստակ է դառնում, թե ինչպես է Եհովան վերաբերվում նրանց, ովքեր պատրաստ են անտեսել Աստծուց տրված իշխանությունը։ Երբ Դավիթը ուխտի տապանակը բերում էր Երուսաղեմ, նրա կինը՝ Մեղքողը, «տեսաւ որ Դաւիթ թագաւորը Տիրոջ առաջին կաքաւում եւ պարում էր, եւ նորան անարգեց իր սրտումն»։ Մեղքողը պետք է Դավիթի հանդեպ հարգանք տածեր ոչ միայն որպես իր ընտանիքի գլխի, այլ նաև՝ որպես թագավորի։ Մինչդեռ նա ծաղրանքով արտահայտվեց. «Թագաւորը այսօր ի՞նչ փառաւոր էր, որ այսօր իր ծառաների աղախինների առաջին ինքզինքը մերկացրեց, ինչպէս որ դարտակ մարդկանցից մէկն իրան մերկացնում է»։ Այդ խոսքերի պատճառով Մեղքողը մեկընդմիշտ զրկվեց երեխա ունենալու կարողությունից (Բ Թագաւորաց 6։14—23)։
6. Եհովան ինչպե՞ս ընդունեց իր օծյալների հանդեպ Կորխի ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը։
6 Աստվածապետական առաջնորդության հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեկ այլ աչքի զարնող օրինակ է հանդիսանում Կորխի արարքը։ Լինելով Կահաթյանց տոհմից՝ նա Եհովայի խորանում ծառայելու հիանալի առանձնաշնորհումն ուներ։ Այնուհանդերձ, նա իրեն թույլ տվեց գանգատվել Մովսեսի և Ահարոնի՝ Աստծո կողմից օծված առաջնորդների դեմ։ Միանալով Իսրայելի մյուս իշխաններին՝ Կորխը անամոթաբար հայտարարեց. «Բոլոր ժողովքը ամենքն էլ սուրբ են, եւ Եհովան նորանց մէջ է. եւ ի՞նչու էք ձեզ բարձրացնում Եհովայի ժողովրդի վերայ»։ Արդյոք Եհովային դուր եկա՞վ Կորխի և նրա կողմնակիցների բռնած դիրքը։ Աստծո համար դա հավասարազոր էր նրան, որ այդ մարդիկ անարգեցին անձամբ իրեն։ Նրանց նախ հնարավորություն տրվեց ականատես լինելու, թե ինչպես բացվեց երկրի ընդերքը ու կուլ տվեց բոլոր իրենց համախոհներին. որից հետո Եհովայի ուղարկած կրակով ոչնչացվեցին անձամբ Կորխը և երկու հարյուր հիսուն իշխանները (Թուոց 16։1—3, 28—35)։
7. «Գերընտիր առաքեալները» արդյոք հիմք ունեի՞ն քննադատելու Պողոսի հեղինակությունը։
7 Առաջին դարի քրիստոնեական ժողովում կային ոմանք, ովքեր արհամարհում էին աստվածապետական իշխանությունը։ Կորնթոսի ժողովում «գերընտիր առաքեալներ» էին հայտնվել, որոնք անհարգալից էին վերաբերվում Պողոսին։ Նրանք քննադատում էին վերջինիս խոսելաձևը՝ ասելով. «Նրա մարմնի տեսքը տկար է, եւ խօսքը՝ արհամարհելի» (Բ Կորնթացիս 10։10; 11։5)։ Հմուտ հռետոր էր Պողոսը, թե՝ ոչ, նա արժանի էր հարգանքի՝ որպես առաքյալ։ Բայց արդյո՞ք Պողոսի խոսելաձևն իրականում արհամարհելի էր։ Հանրության առջև ներկայացված նրա ելույթները, որոնք արձանագրված են Աստվածաշնչում, վկայում են, թե որքան համոզիչ է եղել նրա խոսքը։ Հերովդես Ագրիպպաս II–ը, որն ի դեպ ‘գիտակ էր հրեաների բոլոր խնդիրներում’, Պողոսի հետ կարճ զրույցից հետո ասել էր. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնեայ դառնամ» (Գործք 13։15—43; 17։22—34; 26։1—28)։ Իսկ Կորնթոսի «գերընտիր առաքեալները» մեղադրում էին Պողոսին՝ նրա խոսելաձևը համարելով արհամարհանքի արժանի։ Եհովան ինչպե՞ս նայեց նրանց վերաբերմունքին։ Եփեսոսի ժողովի վերակացուներին ուղղված նամակում Հիսուս Քրիստոսն արտահայտեց իր հավանությունը այն քրիստոնյաների նկատմամբ, ովքեր մերժել էին հետևել նրանց, «որ իրենք իրենց մասին ասում էին, թէ առաքեալներ են, բայց չէին» (Յայտնութիւն 2։2)։
Հարգալից վերաբերվել՝ չնայած անկատարությանը
8. Դավիթն ինչպե՞ս ցույց տվեց իր հարգանքը այն իշխանության հանդեպ, որ տրվել էր Սավուղին Եհովայի կողմից։
8 Աստվածաշնչում կան շատ օրինակներ, երբ իշխանություն ունեցողներին հարգանք է մատուցվել, նույնիսկ այն դեպքերում, երբ վերջիններս չարաշահել կամ սխալ են օգտագործել իրենց իշխանությունը։ Այդ հարցում հիանալի օրինակ է թողել Դավիթը։ Սավուղ թագավորը, որի մոտ նա ծառայում էր, նախանձով լցվեց, երբ տեսավ Դավիթի ակնհայտ հաջողությունները։ Նա նույնիսկ ջանում էր վերջ տալ Դավիթի կյանքին (Ա Թագաւորաց 18։8—12; 19։9—11; 23։26)։ Մինչդեռ վերջինս, երբ Սավուղին նույն ձևով պատասխանելու առիթն ունեցավ, նրան սպանելու փոխարեն ասաց. «Տէրը չ’անէ որ ես ձեռքս մեկնեմ Տիրոջ օծեալի դէմ» (Ա Թագաւորաց 24։3—7; 26։7—13)։ Դավիթը գիտեր, որ Սավուղը սխալ ճանապարհի վրա է, սակայն դատը թողել էր Եհովային (Ա Թագաւորաց 24։13, 16; 26։22—24)։ Նրա շուրթերից Սավուղի հասցեին ուղղված ոչ մի անհարգալից խոսք չհնչեց։
9. ա) Ի՞նչ էր Դավիթը զգում, երբ Սավուղն անարդար էր վերաբերվում իրեն։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ Դավիթի հարգանքը Սավուղի նկատմամբ անկեղծ էր։
9 Իհա՛րկե, Դավիթին ընկճում էր իր հանդեպ դրսևորած այդ վատ վերաբերմունքը։ «Զօրաւորները խնդրում են իմ անձը»,— իր ձայնը դեպի Եհովան էր բարձրացրել Դավիթը (Սաղմոս 54։3)։ Նա իր սիրտը բացել էր Եհովայի առաջ. «Փրկիր ինձ իմ թշնամիներիցը, իմ Աստուած.... զօրեղները ժողովվում են ինձ վերայ առանց իմ անօրէնութեան եւ առանց իմ մեղքի, ով Տէր։ Առանց իմ անօրէնութեան վազում են եւ պատրաստվում. զարթնիր՝ որ առաջս գաս, եւ տես» (Սաղմոս 59։1—4)։ Երբևէ եղե՞լ է, որ դուք էլ ոչ մի սխալ բան արած չլինեք, բայց իշխանություն ունեցող մեկը թույլ չտա, որ շունչ քաշեք։ Դավիթը երբեք չէր թերացել Սավուղի հանդեպ հարգանք ցուցաբերելու հարցում։ Իսկ նրա մահվան լուրը ոչ մի դեպքում ուրախանալու առիթ չդարձավ իր համար։ Ընդհակառակը՝ նա վշտացավ ու սգո երգ գրեց. «Սաւուղն ու Յովնաթանը, շատ սիրելի եւ հաճելի իրանց կենդանութեան ժամանակին.... արծիւներից աւելի թեթեւաշարժ՝ եւ առիւծներից աւելի զօրաւոր։ Իսրայէլի աղջկերք, լացէք Սաւուղի համար» (Բ Թագաւորաց 1։23, 24)։ Ի՜նչ օրինակելի ու անկեղծ հարգանք Եհովայի օծյալի հանդեպ, չնայած նրա անարդարացի վերաբերմունքին։
10. Կառավարիչ մարմնի աստվածատուր իշխանության հանդեպ հարգանք ցուցաբերելու ի՞նչ հիանալի օրինակ թողեց Պողոսը, և ինչո՞վ դա ավարտվեց։
10 Քրիստոնեական դարաշրջանում նույնպես Աստծո կողմից իշխանություն ունեցողների հանդեպ հարգանքի դրսևորման հիանալի օրինակներ կան։ Դրանցից մեկն է Պողոսը։ Նա հարգանքով էր վերաբերվում առաջին դարի քրիստոնեական ժողովի կառավարիչ մարմնի որոշումներին։ Վերջին անգամ Երուսաղեմ այցելելու կապակցությամբ կառավարիչ մարմինը նրան խորհուրդ էր տվել ծիսական արարողությամբ մաքրվել, որպեսզի ուրիշները տեսնեն, որ նա Մովսիսական օրենքի դեմ թշնամություն չի տածում։ Պողոսը կարող էր այսպես մտածել. «Այս եղբայրները սկզբում, երբ կյանքս վտանգի տակ էր, խորհուրդ տվեցին հեռանալ Երուսաղեմից։ Այժմ ուզում են, որ հրապարակայնորեն ցույց տամ, որ հարգում եմ Մովսիսական օրենքը։ Արդեն մի նամակ եմ գրել գաղատացիներին ու բացատրել, որ հարկ չկա Օրենքը պահել։ Եվ այժմ, եթե գնամ տաճար, ուրիշները կարող են սխալ հասկանալ իմ արարքը՝ համարելով այն որպես թլփատության կողմնակիցների հետ փոխզիջման գնալու փորձ»։ Բայց փաստն այն է, որ Պողոսն այդպես չմտածեց։ Եվ քանի որ խոսքը չէր գնում քրիստոնեական սկզբունքները խախտելու մասին, նա հարգեց և կատարեց առաջին դարի կառավարիչ մարմնի խնդրանքը։ Որպես հետևանք՝ Պողոսը ստիպված եղավ փախչել հրեաների մի մեծ ամբոխից, իսկ ավելի ուշ երկու տարի անցկացրեց բանտում։ Այդ ամենի հետևանքով իրականացվում էր Աստծո կամքը. Պողոսը Կեսարիայում վկայություն տվեց բարձրաստիճան պաշտոնյաների առջև, ապա կառավարության ծախսերով ուղարկվեց Հռոմ, որտեղ հնարավորություն ունեցավ վկայություն տալ նաև կեսարի առաջ (Գործք 9։26—30; 21։20—26, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.; 23։11; 24։27; Գաղատացիս 2։12; 4։9, 10)։
Իսկ դուք հարգանք ցուցաբերո՞ւմ եք
11. Ինչպե՞ս կարելի է հարգանք ցուցաբերել ղեկավար մարմինների հանդեպ։
11 Հարգանք ցուցաբերո՞ւմ եք իշխանության գլուխ կանգնածների հանդեպ։ Քրիստոնյաներին հրահանգ է տրված յուրաքանչյուրին հատուցել «իրենց պարտքերը.... որին պատիւ՝ պատիւը»։ Իսկապես, մեր հնազանդությունը «բարձր իշխանություններին» ցույց ենք տալիս ոչ միայն հարկերը վճարելով, այլ նաև մեր վարքով և խոսքերով պատվելով նրանց (Հռովմայեցիս 13։1—7)։ Ինչպիսի՞ն է լինում մեր հակազդեցությունը պետական գործիչների կողմից կոպտության հանդիպելիս։ Մեքսիկայի Չիապաս նահանգի համայնքներից մեկի ղեկավարությունը Եհովայի վկաներից վերցրել էր հիսունյոթ ընտանիքների պատկանող ֆերմաների հողատարածքները միայն այն պատճառով, որ նրանք չէին մասնակցում կրոնական որոշ տոնակատարությունների։ Խնդիրը լուծելու համար անցկացվող ժողովների ընթացքում մաքուր ու կոկիկ հագնված Վկաները խոսում էին արժանապատվորեն և հարգանքով։ Մեկ տարի անց այդ հարցը լուծվեց հօգուտ Վկաների։ Նրանց բռնած դիրքն այն աստիճանի էր շահել ներկաներից մի քանիսի հարգանքը, որ վերջիններս ցանկություն էին հայտնել դառնալու Եհովայի վկաներ։
12. Ինչո՞ւ է կարևոր «խոր հարգանք» ունենալ անհավատ ամուսնու նկատմամբ։
12 Իսկ ի՞նչ կարելի է ասել ընտանիքում Աստծո կողմից իշխանություն ունեցողների հանդեպ հարգանք դրսևորելու մասին։ Հիսուսի կրած տանջանքների մասին խոսելուց հետո, Պետրոս առաքյալը դրա վերաբերյալ գրեց հետևյալը. «Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, որպէսզի, եթէ նրանցից ոմանք չհնազանդուեն Խօսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խօսքի իսկ շահուած լինեն՝ նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկիւղածութեամբ [«խոր հարգանքով», ՆԱ]» (Ա Պետրոս 3։1, 2; Եփեսացիս 5։22—24)։ Պետրոսն այստեղ ընդգծում է ամուսնուն «խոր հարգանքով» հնազանդ լինելու կարևորությունը, չնայած որ կան այնպիսի ամուսիններ, որոնք գրեթե ոչինչ չեն անում այդ հարգանքին արժանանալու համար։ Կինն իր հարգալից վերաբերմունքով կարող է շահել անհավատ ամուսնու սիրտը։
13. Ինչպե՞ս կարող են կանայք պատվել իրենց ամուսիններին։
13 Այս համարների համատեքստում Պետրոսն օրինակ է բերում Սառային, որի ամուսինը՝ Աբրահամը, մեծ հավատ ունեցող մարդ էր (Հռովմայեցիս 4։16, 17; Գաղատացիս 3։6—9; Ա Պետրոս 3։6)։ Արդյո՞ք հավատացյալ մարդկանց կանայք իրենց ամուսիններին պետք է ավելի քիչ հարգեն, քան անհավատ ամուսիններ ունեցողները։ Իսկ եթե որևէ հարցում համաձայնության չես գալիս ամուսնուդ հետ... Հիսուսի հետևյալ խորհուրդը կիրառելի է նաև այստեղ. «Եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա» (Մատթէոս 5։41)։ Ամուսնուդ հանդեպ հարգանքդ արտահայտո՞ւմ ես՝ նրա ցանկություններին ընդառաջ գնալով։ Եթե դա քեզ համար չափից դուրս ծանր է, պատմիր նրան զգացմունքներիդ մասին։ Մի՛ կարծիր, թե առանց դրա էլ նրան ամեն բան հայտնի է։ Սակայն ցանկությունների մասին խոսելիս կարևոր է լինել հարգալից։ Աստվածաշունչը զգուշացնում է. «Ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէ՛ս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիս 4։6)։
14. Ի՞նչ է իր մեջ ընդգրկում ծնողներին պատվելը։
14 Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր մասին՝ երեխանե՛ր։ Աստծո Խոսքը պատվիրում է. «Որդինե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին ի Տէր, որովհետեւ դա է ճիշտը։ Պատուի՛ր քո հօրն ու մօրը, – որ առաջին պատուիրանն է՝ տրուած խոստումով» (Եփեսացիս 6։1—3)։ Ուշադրություն դարձրու, որ ծնողներին հնազանդ լինելը համանիշ է ‘հորն ու մորը պատվելու’ հետ։ «Պատվել» թարգմանված հունարեն բառն ունի «գնահատելու» կամ «արժեքավորելու» իմաստը։ Այնպես որ, հնազանդ լինելը չի նշանակում դժկամորեն հետևել քեզ համար անխոհեմ թվացող պահանջներին։ Աստված քեզ ասում է, որ բարձր գնահատես թե՛ ծնողներիդ, և թե՛ նրանց ծնողական առաջնորդությունը (Առակաց 15։5)։
15. Ինչպե՞ս կարող են երեխաները հարգել իրենց ծնողներին նույնիսկ այն դեպքում, երբ նկատում են նրանց թույլ տված սխալները։
15 Իսկ եթե ինչ–ինչ պատճառներով ծնողներիդ նկատմամբ նվազում է հարգանքդ, ի՞նչ կարելի է անել այդ դեպքում։ Փորձիր հարցերին նայել նրանց տեսանկյունից։ Մի՞թե նրանք չեն «ծնել» ու սնել քեզ (Առակաց 23։22)։ Մի՞թե սիրուց մղված չեն հոգում քո մասին (Եբրայեցիս 12։7—11)։ Հարգանքով խոսիր ծնողներիդ հետ՝ մեղմորեն բացատրելով, թե ի՛նչ ես զգում։ Նույնիսկ եթե նրանց արձագանքը քեզ դուր չգա, խուսափիր նրանց Հետ ոչ հարգալից ձևով խոսելուց (Առակաց 24։29)։ Հիշի՛ր, թե ինչպես Դավիթը շարունակեց ցուցաբերել իր ակնածանքը Սավուղի նկատմամբ, չնայած այն բանին, որ վերջինս չէր շարժվում Աստծո խորհրդով։ Խնդրի՛ր Եհովային օգնել քեզ հաղթահարելու զգացումներդ։ «Թափեցեք ձեր սրտերը նորա առաջին,— ասել է Դավիթը,— Աստուած մեր ապաւէնն է» (Սաղմոս 62։8; Երեմիայի Ողբերը 3։25—27)։
Պատվեցե՛ք նրանց, ովքեր առաջնորդում են ձեզ
16. Ի՞նչ կարելի է սովորել կեղծ ուսուցիչների և հրեշտակների օրինակից։
16 Ժողովի երեցները նշանակված են սուրբ ոգու միջոցով, սակայն նրանք, այնուամենայնիվ, անկատար են և սխալներ են թույլ տալիս (Սաղմոս 130։3; Ժողովող 7։20; Գործք 20։28; Յակոբոս 3։2)։ Այդ պատճառով էլ պատահում է, որ ոմանք դժգոհում են երեցներից։ Ինչպե՞ս վարվել, երբ նկատում ենք, որ ժողովում ինչ–որ մի բան չի արվում պատշաճ ձևով, կամ, համենայն դեպս, մեզ այդպես է թվում։ Ուշադրություն դարձնենք հետևյալ համեմատությանը, որը ցույց է տալիս, թե իրարից որքան էր տարբերվում առաջին դարի կեղծ ուսուցիչների և հրեշտակների վարքագիծը. «Ինքնահաւաններին, յանդուգններին [կեղծ ուսուցիչներին], որոնք չեն վախենում.... փառաւոր էակներին հայհոյելուց, այն դէպքում, երբ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ [«ելնելով Եհովայի հանդեպ տածած հարգանքից», ՆԱ]» (Բ Պետրոս 2։10—13)։ Մինչ կեղծ ուսուցիչները անարգանքի խոսքեր էին ասում «փառաւոր էակների»՝ երեցների մասին, որոնց Աստված իշխանություն էր տվել առաջին դարի քրիստոնեական ժողովում, հրեշտակները նույն ձևով չէին վարվում եղբայրների միջև երկպառակություն առաջացնող կեղծ ուսուցիչների հանդեպ։ Լինելով ավելի բարձր դիրքում և ունենալով արդարության ավելի խոր զգացում, քան մարդիկ՝ նրանք տեղյակ էին, թե ինչ է տեղի ունենում ժողովում։ Սակայն, «ելնելով Եհովայի հանդեպ տածած հարգանքից», նրանք դատաստանը թողնում էին Աստծուն (Եբրայեցիս 2։6, 7; Յուդա 9)։
17. Ինչպիսի՞ դեր է խաղում հավատը, երբ որևէ մեկին թվում է, թե երեցները սխալ են վարվում։
17 Նույնիսկ եթե որևէ հարց այնպես չի լուծվում, ինչպես հարկն է, մի՞թե դա հիմք է տալիս թերահավատորեն վերաբերվելու քրիստոնեական ժողովի կենդանի Գլուխ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Չէ՞ որ նա լավ գիտի, թե ի՛նչ է տեղի ունենում աշխարհով մեկ տարածված իր ժողովում։ Արդյոք չպե՞տք է հարգանք ցուցաբերենք այն բանի նկատմամբ, թե ինչպես է նա ղեկավարում իրավիճակը և ընդունենք, որ ամեն բան նրա ձեռքում է։ Իսկապես, ‘ո՞վ ենք մենք, որ դատում ենք մեր մերձավորին’ (Յակոբոս 4։12; Ա Կորնթացիս 11։3; Կողոսացիս 1։18)։ Ինչո՞ւ ձեր մտահոգությունները աղոթքով չհայտնեք Եհովային։
18, 19. Ի՞նչ կարող եք անել, եթե գտնում եք, որ երեցը սխալվել է։
18 Մարդկային անկատարության պատճառով դժվարություններն ու խնդիրներն անխուսափելի են։ Պատահում է, որ երեցները նույնիսկ կոպիտ սխալ են թույլ տալիս՝ ուրիշներին անհանգստություն պատճառելով։ Նման հանգամանքներում մեր կողմից հապճեպ քայլեր ձեռնարկելը չի փոխի իրավիճակը։ Այն միայն կբորբոքի խնդիրը։ Խորագիտություն ունեցող մարդիկ Եհովայից կակնկալեն խնդրի ճիշտ լուծման հետ կապված առաջնորդությունը, որի ներքո խրատը կտրվի այնպես, ինչպես Եհովան է հարմար գտնում (Բ Տիմոթէոս 3։16; Եբրայեցիս 12։7—11)։
19 Իսկ ինչպե՞ս վարվել, եթե ինչ–որ հարց մտատանջում է ձեզ։ Ժողովի մնացած անդամների հետ խոսելու փոխարեն, ինչո՞ւ հարգալից կերպով չմոտենալ երեցներին՝ դիմելով նրանց օգնությանը։ Առանց քննադատելու՝ բացատրեք, թե ի՛նչն է ձեզ մտահոգում։ Միշտ ‘կարեկցեք’ երեցներին և նրանց վստահելիս եղեք հարգալից (Ա Պետրոս 3։8)։ Մի՛ դիմեք կծու ծաղրանքով, այլ վստահեք նրանց քրիստոնեական հասունությանը։ Աշխատեք գնահատել ցանկացած քաջալերանք, որը նրանք սիրով կտան՝ Գրությունների վրա հիմնվելով։ Իսկ եթե այլ միջոցներ են հարկավոր որևէ բան շտկելու համար, վստա՛հ եղեք, որ Եհովան կառաջնորդի երեցներին ճիշտն ու բարին անելու (Գաղատացիս 6։10; Բ Թեսաղոնիկեցիս 3։13)։
20. Ինչի՞ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։
20 Սակայն, ինչ վերաբերում է իշխանություն ունեցողների հանդեպ պատիվ ու հարգանք ցուցաբերելուն, կա ևս մի կարևոր հանգամանք. արդյոք իշխանություն ունեցողները չպե՞տք է հարգեն իրենց խնամակալության տակ գտնվողներին։ Այդ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ հիմնավոր պատճառներ ունենք՝ հարգալից վերաբերվելու իշխանության գլուխ կանգնածներին։
• Ինչպե՞ս են Եհովան և Հիսուսը նայում նրանց, ովքեր հարգանք չեն ցուցաբերում Աստծո կողմից իշխանություն ստացածների նկատմամբ։
• Աստծո կողմից տրված իշխանության հանդեպ հարգանքով վերաբերվելու ի՞նչ լավ օրինակներ գիտենք։
• Ի՞նչ կարող ենք անել, եթե թվում է, որ մեզ վրա իշխանություն ունեցողը սխալ է թույլ տվել։
[նկար 12–րդ էջի վրա]
Սառան խորապես հարգում էր Աբրահամի իշխանությունը և երջանիկ էր։
[նկար 13–րդ էջի վրա]
Մեղքողը հարգանք չցուցաբերեց Դավիթի՝ որպես ընտանիքի գլխի և թագավորի հանդեպ։
[նկար 15–րդ էջի վրա]
«Տէրը չ’անէ որ ես ձեռքս մեկնեմ Տիրոջ օծեալի դէմ»։
[նկար 16–րդ էջի վրա]
Ինչո՞ւ ձեր մտահոգությունները աղոթքով չհայտնեք Եհովային։