Եհովան պատմում է «առաջուց վերջինը»
«Պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած» (ԵՍԱՅԻԱ 46։10)։
1, 2. Ի՞նչն է ուշագրավ Բաբելոնի նվաճման հետ կապված, և դա ի՞նչ է ասում Եհովայի մասին։
ԽԱՎԱՐ գիշեր է։ Թշնամու զինվորները գաղտագողի առաջ են ընթանում Եփրատ գետի հունով դեպի իրենց նպատակակետը՝ հզոր քաղաք Բաբելոնը։ Մոտենալով դարպասներին՝ նրանք զարմանքից ապշահար են լինում. Բաբելոնի պարսպի հսկայական երկփեղկ դարպասը բաց է թողնված։ Դուրս գալով գետի հունից՝ նրանք պարսպով բարձրանում են և մտնում քաղաք։ Բաբելոնը արագորեն գրավվում է։ Կյուրոսը՝ զինվորների առաջնորդը, անհապաղ իր ձեռքն է վերցնում նվաճված երկրի ղեկավարումը, իսկ ավելի ուշ հրամայում է ազատ արձակել իսրայելացի գերիներին։ Հազարավոր իսրայելացիներ վերադառնում են հայրենիք՝ վերականգնելու Եհովայի երկրպագությունը Երուսաղեմում (Բ Մնացորդաց 36։22, 23; Եզրաս 1։1–4)։
2 Ներկայումս պատմաբանները հիմնավորապես փաստել են այդ իրադարձությունների կատարումը, որ տեղի են ունեցել մ.թ.ա. 539–537 թթ.-ին։ Ուշագրավ է, որ այդ դեպքերի մասին խոսվել էր դրանցից մոտ 200 տարի առաջ. այն ժամանակ Եսայիա մարգարեն Եհովայի ներշնչանքով նկարագրել էր Բաբելոնի անկումը (Եսայիա 44։24–45։7)։ Աստված հայտնել էր ոչ միայն Բաբելոնի նվաճման հետ կապված հանգամանքները, այլև նվաճողի անունը։a Դիմելով իսրայելացիներին, որոնք այն ժամանակ իր վկաներն էին՝ Եհովան ասել էր. «Յիշեցէք առաջինները ’ի յաւիտենից, որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ աստուած. եւ ինձ պէս մի ջոկը չ’կայ. որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած» (Եսայիա 46։9, 10ա)։ Եհովան իսկապես այն Աստվածն է, որը ժամանակից առաջ կարող է իմանալ, թե ինչ է լինելու հետո։
3. Այս հոդվածում ո՞ր հարցերի պատասխանները կքննարկվեն։
3 Աստված որքա՞ն մանրակրկիտ գիտի ապագան։ Արդյո՞ք Եհովան նախապես գիտի, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կվարվի։ Կարելի՞ է ասել, որ մեր ապագան նախասահմանված է։ Եկեք տեսնենք, թե Աստվածաշունչն ինչպես է պատասխանում այս և սրա հետ կապված ուրիշ հարցերի, որոնք կքննարկենք ուսումնասիրության երկու հոդվածներում։
Եհովա՝ մարգարեության Աստված
4. Ո՞վ է աստվածաշնչյան մարգարեությունների Աղբյուրը։
4 Ընդունակ լինելով նախապես իմանալու ապագան՝ Եհովան իր վաղեմի ծառաներին ներշնչել է բազմաթիվ մարգարեություններ, ուստի մենք կարող ենք իմանալ, թե ինչ է ինքը նպատակադրել։ Աստված պարզ ասում է. «Առաջի բաները ահա կատարուել են. եւ նորերը ես եմ պատմում. նորանք դեռ չ’բղխած՝ ձեզ իմացնում եմ» (Եսայիա 42։9)։ Որքա՜ն առանձնաշնորհյալ է Աստծու ժողովուրդը։
5. Աստծու կամքի մասին նախապես իմանալն իր հետ ի՞նչ պատասխանատվություն է բերում։
5 Ամովս մարգարեն մեզ հավաստիացնում է. «Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին»։ Աստծու կամքի մասին նախապես իմանալն իր հետ պատասխանատվություն է բերում։ Ահա թե ինչ ազդու օրինակ է բերում Ամովսը. «Առիւծը մռնչել է, ո՞վ չէ վախենում»։ Ճիշտ ինչպես մարդիկ և շրջակայքում գտնվող կենդանիներն են իսկույն արձագանքում առյուծի մռնչոցին, այնպես էլ Ամովսի պես մարգարեները անհապաղ հռչակել են Եհովայի ազդարարությունները։ «Տէր Եհովան է խօսում, ո՞վ չի մարգարէանալ» (Ամովս 3։7, 8)։
Եհովայի «խօսքը» անպայման ‘հաջողվում’ է
6. Բաբելոնի անկման հետ կապված ինչպե՞ս Եհովայի «խորհուրդը» կատարվեց։
6 Իր մարգարե Եսայիայի միջոցով Եհովան ասաց. «Իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը» (Եսայիա 46։10բ)։ Բաբելոնի առնչությամբ Աստծու ‘խորհրդի’, այսինքն՝ կամքի, կամ՝ նպատակի մեջ մտնում էր Կյուրոսին Պարսկաստանից կանչելը, որպեսզի ուղարկի նրան Բաբելոնը նվաճելու։ Եհովան իր այդ նպատակի մասին վաղուց էր հայտարարել։ Ինչպես արդեն նշվեց, այդ նպատակն անխափան իրականացավ մ.թ.ա. 539–ին։
7. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովայի «խօսքը» միշտ ‘հաջողվում’ է։
7 Կյուրոսի կողմից Բաբելոնի գրավումից գրեթե չորս դար առաջ Ամմոնի և Մովաբի միացյալ զորքերը եկան Հուդայի վրա, որի թագավորը այն ժամանակ Հովսափատն էր։ Նա վստահ աղոթք արեց. «Ով մեր հայրերի Տէր Աստուածը, դու չե՞ս այն երկնքում բնակող Աստուածը եւ ազգերի բոլոր թագաւորութիւնների վերայ տիրողը, եւ քո ձեռին է զօրութիւնը եւ ոյժը եւ մէկը չէ կարող քեզ դէմ կենալ» (Բ Մնացորդաց 20։6)։ Եսայիան նույնպես վստահություն արտահայտեց՝ ասելով. «Զօրաց Տէրը որոշեց, եւ ո՞վ կարող է արգելել, եւ նորա ձեռքը մեկնուած է. եւ ո՞վ կարող է նորան ետ դարձնել» (Եսայիա 14։27)։ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, երբ խելագարությունից հետո խելքի էր եկել, խոնարհաբար խոստովանեց. «Մեկը չ’կայ որ զարկէ [Աստծու] ձեռքին եւ նորան ասէ. Ի՞նչ ես անում» (Դանիէլ 4։35)։ Այո՛, Եհովան իր ժողովրդին վստահեցնում է. «Իմ.... խօսքը.... պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (Եսայիա 55։11)։ Մենք կարող ենք լիովին վստահ լինել, որ Եհովայի «խօսքը» միշտ կատարվում է։ Աստծու նպատակը անխափանելի է։
Աստծու ‘հավիտենական նպատակը’
8. Ի՞նչ է Աստծու ‘հավիտենական նպատակը’։
8 Եփեսացի քրիստոնյաներին ուղղած իր նամակում Պողոս առաքյալն ասաց, որ Աստված ‘հավիտենական առաջադրություն’, այսինքն՝ նպատակ ունի (Եփեսացիս 3։11)։ Դա գործողությունների պլան չէ, ասես Աստված պիտի պլանավորեր, թե ինչպես էր ինքը գործելու։ Այդ նպատակը կապ ունի այն բանի հետ, որ Եհովան վճռել է իրագործել իր սկզբնական մտադրությունը մարդկության և երկրի առնչությամբ (Ծննդոց 1։28)։ Որպեսզի հասկանանք նրա նպատակի անխափան լինելը, քննենք Աստվածաշնչի առաջին մարգարեությունը։
9. Ի՞նչ կապ ունի Ծննդոց 3։15–ը Աստծու նպատակի հետ։
9 Ծննդոց 3։15–ում գրված խոստումից երևում է, որ Ադամի ու Եվայի մեղանչումից անմիջապես հետո Եհովան որոշեց, որ իր այլաբանական կինը սերունդ, կամ՝ որդի, ծնի։ Աստված նաև կանխատեսեց, որ թշնամություն կլինի իր կնոջ և Սատանայի, ինչպես նաև նրանց սերունդների միջև։ Թեև Եհովան թույլ էր տալու, որ Աստծու կնոջ Սերունդը գարշապարից խայթվի, Աստծու նշանակած ժամանակին Սերունդը ջախջախելու էր օձի՝ Բանսարկու Սատանայի գլուխը։ Իսկ մինչ այդ, Եհովայի նպատակի իրագործումը շարունակեց անխափան առաջ ընթանալ ընտրված ժառանգական գծի միջոցով մինչև այն ժամանակները, երբ Հիսուսը հայտնվեց որպես խոստացյալ Մեսիա (Ղուկաս 3։15, 23–38; Գաղատացիս 4։4)։
Ինչ է Եհովան կանխորոշում
10. Արդյո՞ք Եհովան հենց սկզբից կանխորոշել էր, որ Ադամն ու Եվան պիտի մեղք գործեին։ Բացատրե՛ք։
10 Խոսելով Աստծու նպատակի մեջ Հիսուսի դերի մասին՝ Պետրոս առաքյալը գրեց. «Առաջուց [Հիսուսը] ճանաչուած էր աշխարհքի սկզբիցն առաջ, բայց ժամանակների վերջումն երեւեցաւ ձեզ համար» (Ա Պետրոս 1։20)։ Արդյո՞ք Եհովան հենց սկզբից կանխորոշել էր, որ Ադամն ու Եվան պիտի մեղք գործեին, և որ հարկավոր էր լինելու Հիսուս Քրիստոսի միջոցով քավիչ զոհաբերություն տալ։ Ո՛չ։ «Սկզբիցն» թարգմանված հունարեն բառը բառացի նշանակում է «սերմ նետել»։ Արդյո՞ք նախքան Ադամի ու Եվայի մեղանչումը արդեն «սերմ էր նետվել», կամ՝ մարդկային սերնդով հղիացում էր տեղի ունեցել։ Ո՛չ։ Ադամն ու Եվան երեխաներ ունեցան միայն իրենց անհնազանդությունից հետո (Ծննդոց 4։1)։ Ուստի այդ ապստամբությունից հետո, բայց նախքան Ադամի ու Եվայի կողմից ժառանգներ ծնելը, Եհովան կանխորոշեց «սերունդի» հայտնվելը։ Հիսուսի մահով և հարությամբ փրկանքը հնարավոր դարձավ, որի շնորհիվ ժառանգված մեղքը և Սատանայի բոլոր ջանքերը ի չիք կդառնան (Մատթէոս 20։28; Եբրայեցիս 2։14; Ա Յովհաննէս 3։8)։
11. Ի՞նչ զարգացում կանխորոշեց Աստված իր նպատակի իրագործման մեջ։
11 Աստված իր նպատակի իրագործման մեջ մեկ ուրիշ զարգացում կանխորոշեց։ Դա երեվում է այն խոսքերից, որ Պողոսն ասաց եփեսացիներին։ Նա գրեց. «[Աստված] ամեն բան [կբովանդակի] Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը»։ «Ինչ որ երկնքումն է», այսինքն՝ նրանք, ովքեր ընտրվել են որպես Քրիստոսի ժառանգակիցներ, արտահայտության վերաբերյալ Պողոսը բացատրեց. «Մենք առաջուց որոշուած լինելով, նորա յառաջադիմութեան պէս [«նպատակի համաձայն», ՆԱ], որ ամեն բան յաջողում է իր կամքի խորհուրդների պէս» (Եփեսացիս 1։10, 11)։ Այո՛, Եհովան կանխորոշել է, որ սահմանափակ թվով մարդիկ Աստծու կնոջ սերնդի երկրորդական մաս կազմեն և Քրիստոսի հետ բաշխեն փրկանքի օգուտները (Հռովմայեցիս 8։28–30)։ Պետրոս առաքյալը նրանց անվանեց «սուրբ ազգ» (Ա Պետրոս 2։9)։ Հովհաննես առաքյալը առանձնաշնորհում ստացավ տեսիլքի միջոցով իմանալու, թե քանի հոգի էին լինելու Քրիստոսի ժառանգակիցները՝ 144 000 (Յայտնութիւն 7։4–8; 14։1, 3)։ Թագավոր Քրիստոսի հետ միաբան՝ նրանք ծառայում են ‘գովասանք լինելու համար Աստծու փառքին’ (Եփեսացիս 1։12–14)։
12. Որտեղի՞ց գիտենք, որ 144 000–ի մեջ մտնող անհատները նախասահմանված չեն։
12 144 000–ի կանխորոշումը չի նշանակում, որ կոնկրետ անհատներ նախասահմանված են հավատարմորեն ծառայելու Աստծուն այդ խմբում։ Չէ՞ որ այն հորդորները, որ գրված են Քրիստոնեական Հունարեն Գրություններում, գլխավորապես նախատեսված են օծյալներին առաջնորդելո՛ւ և զորացնելո՛ւ համար, որ նրանք պահեն իրենց անարատությունը և շարունակեն արժանի լինել իրենց երկնային կոչմանը (Փիլիպպեցիս 2։12; Բ Թեսաղոնիկեցիս 1։5, 11; Բ Պետրոս 1։10, 11)։ Եհովան նախապես գիտի, որ 144 000 անհատներ կունենա՛ն համապատասխան որակներ, որպեսզի ծառայեն իր նպատակին։ Բայց թե ովքեր կլինեն նրանք, կախված է այն բանից, թե այդ հրավիրվածներից յուրաքանչյուրն ինչ կյանքով կնախընտրի ապրել, մի որոշում, որը նրանք պետք է կայացնեն անհատապես (Մատթէոս 24։13)։
Ինչը Եհովան նախապես գիտի
13, 14. Այն, թե ինչպես է Եհովան դրսևորում իր կանխագիտությունը, ինչի՞ն է ներդաշնակ, և ինչո՞ւ։
13 Քանի որ Եհովան մարգարեության և նպատակի Աստված է, ինչպե՞ս է նա գործի դնում իր կանխագիտությունը։ Նախքան այս հարցին պատասխանելը պետք է հաշվի առնենք Աստվածաշնչի այն հավաստիացումը, որ Աստծու բոլոր ճանապարհները ճշմարիտ, արդար և սիրառատ են։ Գրելով առաջին դարի եբրայեցի քրիստոնյաներին՝ Պողոս առաքյալը հաստատեց, որ Աստծու տված երդումը և խոստումը կազմում են այն «երկու անփոփոխելի բան[երը], որոնցով անկարելի է որ Աստուած սուտ խօսի» (Եբրայեցիս 6։17, 18)։ Աշակերտ Տիտոսին գրած նամակում Պողոսը այդ միտքը մեկ անգամ ևս նշեց՝ ասելով, որ Աստված «անսուտ» է՝ չի կարող ստել (Տիտոս 1։2)։
14 Բացի այդ, Եհովան երբեք անարդար չի վարվում, չնայած որ անսահման զորություն ունի։ Մովսեսը Եհովայի մասին ասաց. «Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. արդար եւ ուղիղ է նա» (Բ Օրինաց 32։4)։ Ինչ էլ որ Եհովան անում է, ներդաշնակ է իր չքնաղ անձնավորությանը։ Նրա գործողություններից երևում է, որ նա իր գլխավոր հատկությունները՝ սերը, իմաստությունը, արդարությունը և զորությունը, կատարյալ ներդաշնակությամբ է դրսևորում։
15, 16. Եհովան ընտրություն կատարելու ի՞նչ հնարավորություն տվեց Ադամին Եդեմի պարտեզում։
15 Քննենք, թե այս ամենն ինչ կապ ունի Եդեմի պարտեզում տեղի ունեցածի հետ։ Որպես սիրառատ Հայր՝ Եհովան առաջին մարդկանց տվել էր այն ամենը, ինչի կարիքը նրանք ունեին։ Աստված Ադամին օժտել էր մտածելու, տրամաբանելու և եզրակացություններ անելու կարողությամբ։ Ի տարբերություն կենդանիների, որոնք գլխավորապես առաջնորդվում են բնազդներով՝ Ադամը ունակ էր ընտրություն կատարելու։ Մարդուն ստեղծելուց հետո Աստված երկնային գահից նայեց ներքև և տեսավ «բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր» (Ծննդոց 1։26–31; Բ Պետրոս 2։12)։
16 Երբ Եհովան հարմար գտավ պատվիրել Ադամին «բարիի եւ չարի գիտութեան ծառիցը» չուտել, նա նաև բավարար բացատրություն տվեց, որպեսզի Ադամը կարողանար որոշել, թե ինչպես վարվել։ Աստված նրան թույլ տվեց ուտել «պարտէզի ամեն ծառիցը»՝ բացառությամբ մեկի, և զգուշացրեց, որ արգելված ծառի պտղից ուտելը մահվան կտանի (Ծննդոց 2։16, 17)։ Նա Ադամին կոնկրետ բացատրեց, թե այսպես կամ այնպես վարվելու դեպքում ինչ հետևանքներ կլինեն։ Ինչպե՞ս էր վարվելու Ադամը։
17. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան իր կանխագիտությունը դրսևորում է ընտրողաբար։
17 Եհովան ակներևաբար ընտրեց չկանխատեսել, թե Ադամն ու Եվան ինչպես կվարվեն, թեպետ կարողություն ունի նախապես իմանալու ամեն ինչ։ Ուստի հարցը ոչ թե այն է, թե արդյոք Եհովան կարող է կանխատեսել ապագան, այլ այն, թե արդյոք նա ընտրում է դա անել։ Տրամաբանենք։ Եհովան, լինելով սիրո Աստված, դիտավորյալ և դաժանաբար չէր կանխորոշի, որ ապստամբություն լիներ և այդ ամենը ցավալի հետևանքներ ունենար (Մատթէոս 7։11; Ա Յովհաննէս 4։8)։ Այսպիսով՝ Եհովան իր կանխագիտությունը դրսևորում է ընտրողաբար։
18. Ինչո՞ւ այն, որ Եհովան ընտրողաբար է դրսևորում իր կանխագիտությունը, չի նշանակում, թե նա անկատար է։
18 Արդյո՞ք այն, որ Եհովան ընտրողաբար է դրսևորում իր կանխագիտությունը, նշանակում է, որ նա անկատար է։ Ո՛չ։ Մովսեսը, Եհովային անվանելով ‘Վեմ’ (ծնթ.), ասաց. «Աստուծոյ գործը կատարեալ է»։ Աստված մեղավոր չէ մարդու մեղքի հետևանքների համար։ Ներկայիս դժբախտությունները, որ բոլորս էլ զգում ենք, բխում են Ադամի անարդար արարքից՝ անհնազանդությունից։ Պողոս առաքյալը հստակ բացատրեց, որ «մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին» (Բ Օրինաց 32։4, 5; Հռովմայեցիս 5։12; Երեմիա 10։23)։
19. Ի՞նչ հարցեր կքննարկվեն հաջորդ հոդվածում։
19 Մեր քննարկումից հասկացանք, որ Եհովայի մոտ չկա անարդարություն (Սաղմոս 33։5)։ Եհովան իր կարողությունները, հատկությունները և չափանիշները օգտագործում է իր նպատակին ներդաշնակ (Հռովմայեցիս 8։28)։ Որպես մարգարեության Աստված՝ նա պատմում է «առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած» (Եսայիա 46։9, 10)։ Նաև հասկացանք, որ նա իր կանխագիտությունը դրսևորում է ընտրողաբար։ Իսկ ինչպե՞ս է դա առնչվում մեզ։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մեր որոշումները համապատասխանում են Աստծու սիրառատ նպատակին, և այդ դեպքում ի՞նչ օրհնություններ կստանանք։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն այս հարցերը։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Գիրք բոլորի համար» գրքույկը (էջ 28)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Կարո՞ղ եք բացատրել
• Անցյալի ո՞ր օրինակներն են փաստում, որ Աստծու «խօսքը» միշտ ‘հաջողվում’ է։
• Ի՞նչ է Եհովան կանխորոշել իր ‘հավիտենական նպատակի’ հետ կապված։
• Ինչպե՞ս է Եհովան դրսևորում իր կանխագիտությունը։
[նկար 22-րդ էջի վրա]
Հովսափատը վստահություն ուներ Եհովայի հանդեպ
[նկար 23-րդ էջի վրա]
Աստված կանխագուշակեց Հիսուսի մահը և հարությունը
[նկար 24-րդ էջի վրա]
Կանխորոշե՞լ էր Եհովան, թե ինչպես կվարվեն Ադամն ու Եվան