«Դուք բոլորդ եղբայրներ էք»
«Դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք» (ՄԱՏԹԷՈՍ 23։8)։
1. Ո՞ր հարցն է արժանի մեր ուշադրությանը։
ԱՐԵՎԵԼՅԱՆ երկրներից մեկում ծառայող ավստրալիացի միսիոներին քրիստոնյա մի կին այսպիսի հարց տվեց. «Ո՞վ է ավելի շատ հարգանքի արժանի՝ միսիոնե՞րը, թե՝ բեթելցին»։ Նա կամենում էր պարզել, թե եղբայրներից որի՛ն պիտի ավելի մեծ պատվի արժանացներ՝ միսիոների՞ն, թե՞ «Դիտարան» ընկերության տեղի մասնաճյուղում ծառայող իր հայրենակցին։ Միամտորեն տրված այս հարցը, որը անակնկալի բերեց միսիոներին, արդյունք էր տվյալ երկրի մշակույթում արմատացած մտածելակերպի՝ մարդկանց դասակարգերի բաժանելու միտումի։ Դա իր հերթին գալիս է նրանից, որ մարդու մեջ ցանկություն կա պարզելու, թե ո՛րն է իր տեղը հզորություն ու ազդեցություն ունեցողների շարքում։
2. Ինչպե՞ս պետք է նայենք մեր հավատակիցներին։
2 Ընդհանուր մտահոգություն պատճառող այս հարցը բոլորովին էլ նոր չէ։ Ժամանակին նույնիսկ Հիսուսի աշակերտներն էին անդադար վիճում, թե ո՛վ է իրենցից ամենամեծը (Մատթէոս 20։20—24; Մարկոս 9։32—36; Ղուկաս 22։24—27)։ Նրանք ծնունդ էին առել մի միջավայրում, որտեղ հուդայականությունը դասակարգային խտրականություններ էր սահմանել և դա չէր կարող անհետեվանք լինել։ Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք» (Մատթէոս 23։8)։ Ահա թե ինչ է ասում այդ առիթով մատենագետ–աստվածաբան Ալբերտ Բարնզը. ««Ռաբբի» (ԱԹ) կամ «ուսուցիչ» կրոնական տիտղոսը գոռոզություն և մյուսների հանդեպ սեփական անձի գերազանցության զգացում կարող է առաջ բերել նրա մեջ, ով կրում է այդ տիտղոսը, և նախանձի ու թերարժեքության զգացում արթնացնել նրա մեջ, ով այն չունի։ Ինչ խոսք, այդ տիտղոսի ողջ էությունն ու նպատակը միանգամայն հակառակ է այն պարզությանը, որը հատուկ էր Քրիստոսին»։ Եվ իրոք, քրիստոնեական ժողովում վերակացուներ նշանակված անհատներին քրիստոնյաները շողոքորթաբար չեն մեծարում տիտղոսներով՝ դիմելով որպես «երեց այսինչ», կամ «երեց այնինչ» (Յոբ 32։21, 22)։ Իսկ երեցներն իրենց հերթին, հետևելով Հիսուսի տված խորհրդին, պատվի են արժանացնում ժողովի բոլոր անդամներին. ինչպես որ Եհովան է վարվում իր հավատարիմ երկրպագուների հետ և Հիսուս Քրիստոսը՝ իր հետևորդների։
Եհովայի և Հիսուսի օրինակները
3. Ինչպե՞ս է Եհովան պատվի արժանացրել իր ոգեղեն արարածներին։
3 Չնայած Եհովան «Բարձրյալն» է, սակայն սկզբից ևեթ իր ստեղծագործություններին պատվի է արժանացրել նրանով, որ ընդգրկել է իր գործերի մեջ (Սաղմոս 83։18)։ Առաջին մարդուն ստեղծելիս Եհովան իր միածին Որդուն ընտրեց որպես «ճարտարապետ» իր այդ «նախագիծն» իրագործելու համար (Առակաց 8։27—30; Ծննդոց 1։26)։ Չար Աքաաբ թագավորի դեմ հաշվեհարդար տեսնելու առիթով նա նույնիսկ հրավիրեց իր երկնային հրեշտակներին՝ տալով նրանց արտահայտվելու հնարավորություն (Գ Թագաւորաց 22։19—23)։
4, 5. Ինչպե՞ս է Եհովան պատվել մարդ արարածին։
4 Եհովան տիեզերքի Գերիշխանն է (Բ Օրինաց 3։24, ՆԱ)։ Նա մարդկանց հետ խորհրդակցելու կարիքը բոլորովին չունի։ Սակայն նա, այսպես ասած, «կռանում է», որպեսզի ականջ դնի մեր խոսքին։ Սաղմոսերգուն գրել է. «Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։ Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։ Որ աղքատին փոշիից վեր է կացնում» (Սաղմոս 113։5—8)։
5 Նախքան Սոդոմն ու Գոմորը կործանելը, Եհովան ականջ դրեց Աբրահամին՝ լսելով նրա տված հարցերը և հաշվի առավ նրա արդարության զգացումը (Ծննդոց 18։23—33)։ Ու թեև նախապես արդեն գիտեր, թե դրանք ինչով էին ավարտվելու, սակայն համբերությամբ լսեց և ընդունեց նրա բոլոր դատողությունները։
6. Ինչո՞վ ավարտվեց Եհովայի պատիվ տալը Ամբակումին, երբ մարգարեն հարցեր էր տվել նրան։
6 Եհովան ականջ դրեց նաև Ամբակումին, երբ վերջինս նրան հարցրեց. «Մինչեւ ե՞րբ, ով Տէր, աղաղակեմ ես, եւ դու չ’լսես»։ Արդյոք Եհովան նրա տված այդ հարցը դիտե՞ց որպես ոտնձգություն իր հեղինակության հանդեպ։ Ոչ մի դեպքում. նրա համար Ամբակումի հարցերը լիովին արդարացի էին։ Ահա թե ինչու Եհովան նրան հայտնեց նաև իր մտադրությունն այն մասին, որ շուտով պիտի դատաստան տեսներ իր ժողովրդի հետ՝ ոտքի հանելով նրանց դեմ քաղդեացիներին։ Նա մարգարեին հավաստիացրեց, որ իր նախազգուշացրած դատաստանը «անպատճառ պիտի գայ» (Ամբակում 1։1, 2, 5, 6, 13, 14; 2։2, 3)։ Այսպիսով, ամենայն լրջությամբ լսելով Ամբակումին ու անպատասխան չթողնելով նրան մտահոգություն պատճառող հարցերը՝ Եհովան պատվեց նրան։ Արդյունքում հուզմունքից շփոթված մարգարեի դեմքը միանգամից պայծառացավ. նրա ուրախությունը, ինչպես նաև իր փրկության Աստծո հանդեպ վստահությունն անսահման էր։ Այս ամենի մասին տեղեկանում ենք Աստծուց ներշնչված «Ամբակում» գրքում, որն այսօր է՛լ ավելի է ամրապնդում մեր հավատը դեպի Եհովան (Ամբակում 3։18, 19)։
7. Ինչո՞վ է նշանակալից մ.թ. 33–ի Պենտեկոստեին Պետրոսի ունեցած դերը։
7 Ուրիշների հանդեպ հարգանք ցուցաբերելու հրաշալի օրինակ թողեց նաև Հիսուսը։ Նա իր աշակերտներին զգուշացրել էր՝ ասելով. «Ով ինձ կ’ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ’ուրանամ իմ Հօր առաջ» (Մատթէոս 10։32, 33)։ Սակայն իր մատնության գիշերը բոլոր աշակերտները լքեցին իրեն, իսկ Պետրոսը նույնիսկ երեք անգամ ուրացավ (Մատթէոս 26։34, 35, 69—75)։ Ինչպե՞ս վարվեց Հիսուսը. տեղի ունեցածը ընդունեց որպես անուղղելի փա՞ստ, թե՞ կատարվածին այլ աչքերով նայեց՝ տեսնելով իր հանդեպ Պետրոսի ամենանվիրական զգացումները և նրա խորը զղջումը (Ղուկաս 22։61, 62)։ Դեպքից ընդամենը հիսունմեկ օր հետո Քրիստոսը նրան մեծ պատվի արժանացրեց՝ Պենտեկոստեի օրը թույլ տալով նրան ներկայացնել իր հարյուր քսան աշակերտներին և օգտագործել «արքայութեան բանալիներից» առաջինը (Մատթէոս 16։19; Գործք 2։14—40)։ Պետրոսին հնարավորություն տրվեց ‘վերադառնալ և հաստատել իր եղբայրներին’ (Ղուկաս 22։31—33)։
Հարգանքով վերաբերվել ընտանիքի անդամներին
8, 9. Ինչպե՞ս կարող է ամուսինը իր կնոջը պատվելիս ընդօրինակել Եհովային ու Հիսուսին։
8 Լավ է, երբ ամուսինները և ընդհանրապես՝ ծնողները Աստծուց ստացած իրենց իշխանությունը գործի դնելիս ձգտում են ընդօրինակել Եհովային և Հիսուս Քրիստոսին։ Այդ մասին Պետրոսը հետևյալ խրատը տվեց. «Տղամարդիկ թող իմաստութեամբ ապրեն իրենց կանանց հետ, յարգեն նրանց, իբրեւ դիւրաբեկ անօթի» (Ա Պետրոս 3։7)։ Պատկերացրու մեկին, որը ճենապակյա անոթ ունի իր ձեռքում։ Մի՞թե այդ դյուրաբեկ անոթն օգտագործելիս նա ավելի զգուշորեն չի վարվի, քան փայտե անոթի դեպքում։ Եթե նույն ձևով էլ ամուսինը վերաբերվի իր կնոջը և ընտանեկան խնդիրները լուծելիս նրա կարծիքը ևս հաշվի առնի, ապա դրանով կընդօրինակի Եհովային։ Հիշենք, որ Եհովան ժամանակ հատկացրեց Աբրահամի հետ զրուցելու համար։ Քանի որ անկատար լինելու պատճառով ամուսինը կարող է երբեմն սխալ գնահատել ստեղծված իրավիճակը, ուստի նրա կողմից խելամիտ կլինի անկեղծորեն հաշվի առնել նաև իր կնոջ կարծիքը՝ պատվելով նրան իր այդ արարքով։
9 Այն երկրներում, որտեղ տղամարդու հեղինակությանը մեծ տեղ է հատկացվում, ամուսինները պետք է միշտ հիշեն, որ կանայք, գուցե, ստիպված են լինում մի հսկայական պատնեշ հաղթահարել, որպեսզի կարողանան արտահայտել իրենց ծածուկ զգացումները։ Ձգտեք ընդօրինակել Հիսուս Քրիստոսին, հիշելով, թե երկրի վրա եղած ժամանակ ինչպես էր նա վերաբերվում աշակերտներին՝ իր ապագա «հարսնացու» դասակարգի անդամներին, ինչպես էր հոգ տանում նրանց՝ հաշվի առնելով նրանց ֆիզիկական և հոգևոր կարողությունների սահմանները և առանց սպասելու, որ իրեն հատուկ խնդրանք ներկայացվի այդ մասին (Մարկոս 6։31; Յովհաննէս 16։12, 13; Եփեսացիս 5։28—30)։ Մի պահ մտածեք, թե ձեր կինն ինչ է անում անձամբ ձեր և ընտանիքի մյուս անդամների համար. ուրեմն չարժէ՞ խոսքով ու գործով ցույց տալ նրա հանդեպ ունեցած ձեր գնահատանքը։ Թե՛ Եհովան, և թե՛ Հիսուսը գնահատում, գովում և օրհնում էին այն անձանց, ովքեր արժանի էին դրան (Գ Թագաւորաց 3։10—14; Յոբ 42։12—15; Մարկոս 12։41—44; Յովհաննէս 12։3—8)։ Արևելյան երկրներից մեկում ապրող քրիստոնյա մի կին պատմում է. «Ամուսինս սովորաբար ինձանից երեք–չորս քայլ առաջ էր գնում, իսկ ես մի կերպ քարշ էի տալիս ձեռքիս ողջ բեռը։ Հիմա, երբ արդեն դարձել է Եհովայի վկա, ինքն է բռնում պայուսակները և նաև գովում է ինձ տանն արած գործերիս համար»։ Գնահատանքի անկեղծ խոսքերն օգնում են, որպեսզի կինն իրեն արժեքավորված զգա (Առակաց 31։28)։
10, 11. Ի՞նչ կարող են ծնողները սովորել Եհովայի թողած այն գերազանց օրինակից, թե ինչպես էր նա վարվում ապստամբ իսրայել ազգի հետ։
10 Կարևոր է նաև Եհովային ընդօրինակել որպես ծնող՝ երեխաներին ճիշտ վերաբերվելու հարցում, հատկապես, երբ երեխաներին խրատելու անհրաժեշտություն է առաջ գալիս։ Եհովան զգուշացնում էր Իսրայելին և Հուդային ետ դառնալ իրենց սխալ ճանապարհներից, սակայն նրանք չէին դադարում «խստացրած պահել իրենց պարանոցները» (Դ Թագաւորաց 17։13—15)։ Իսրայելացիները նույնիսկ «կեղծաւորութիւն էին անում նորան իրանց բերանովը, եւ իրանց լեզուովը սուտ էին ասում նորան»։ Շատ ծնողներ գուցե համաձայնվեն, որ իրենց երեխաներն էլ են երբեմն այդպիսի բաներ անում։ Իսրայելացիները «փորձեցին Աստուծուն» և նրան խորապես վշտացրին։ Սակայն նա «ողորմած էր, քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում» (Սաղմոս 78։36—41)։
11 Եհովան նույնիսկ խնդրեց իսրայելացիներին. «Հիմա եկէք ու վիճաբանենք.... եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան» (Եսայիա 1։18)։ Թեև ինքը ոչ մի բանում մեղավոր չէր, բայցևայնպես հրավիրում էր այդ ապստամբ ազգին իր հետ միասին հարցերին ճշմարիտ լուծում տալու։ Ծնողների համար ի՜նչ հիանալի օրինակ դա կարող է լինել իրենց երեխաների հանդեպ ճիշտ մոտեցում հանդես բերելու հարցում։ Ծնողնե՛ր, անհրաժեշտության դեպքում մի՛ զլացեք պատվել ձեր երեխային՝ նրան տալով ազատ արտահայտվելու հնարավորություն. թույլ տվեք պատմի, թե ինչո՛ւ է գործել տվյալ արարքը, իսկ դուք ձեր հերթին փորձեք բացատրել, թե տվյալ պարագայում որն է իր սխալը և ինչու է հարկավոր խուսափել հետագայում նույնը կրկնելուց։
12. ա) Ինչո՞ւ պետք է զգուշանալ երեխաներին Եհովայից ավելի շատ պատվելուց։ բ) Ի՞նչ կարող ենք անել երեխաներին խրատելիս՝ նրանց արժանապատվության զգացումը չանտեսելու համար։
12 Իհարկե, երբեմն հարկ է լինում երեխաներին խիստ հանդիմանել։ Այսպիսի դեպքերում լավ կլինի, եթե ծնողները չխուսափեն այդ անելուց, որպեսզի չնմանվեն Հեղիին, որն իր որդիներին Եհովայից ‘ավելի պատվեց’ (Ա Թագաւորաց 2։29)։ Սակայն հարկավոր է դա անել այնպես, որ երեխայի համար անհասկանալի չմնան այն ճիշտ մղումները, որոնցից ելնելով ծնողը պատժում է նրանց, այնպես, որ նրանք ի վիճակի լինեն դա ընդունել որպես ծնողական սիրո արտահայտություն։ Պողոսը խրատում է հայրերին. «Մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփեսացիս 6։4)։ Այստեղ ընդգծվում է այն բանի կարևորությունը, որ իրենց ծնողական պարտականությունները կատարելիս հայրերը ձգտեն չանտեսել երեխաների արժանապատվության զգացումը և չափից դուրս խիստ վերաբերմունքով չբորբոքեն նրանց։ Ինչ խոսք, երեխայի արժանապատվության զգացման հետ հաշվի նստելը թե՛ ժամանակի և թե՛ լրացուցիչ ջանքերի հետ կապված հարց է, սակայն վստահ եղեք, որ դրա արդյունքը արժե ամեն տեսակի զոհաբերություն։
13. Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը ընտանիքի տարեց անդամների հանդեպ վերաբերմունքի մասին։
13 Ընտանիքի անդամների հանդեպ հարգանք ասելով չպետք է հասկանալ միայն կնոջ ու երեխաների հանդեպ հարգանքի դրսևորումները։ Ճապոնական մի ասացվածք ասում է. «Երբ արդեն ծեր ես, հարգիր ու հնազանդվիր երեխաներիդ»։ Այս ասացվածքը նպատակ ունի տարիքն առած ծնողներին զգուշացնելու, որ հարկավոր է խուսափել արդեն մեծահասակ իրենց երեխաների նկատմամբ ծնողական իշխանություն դրսևորելուց և հաշվի առնել նրանց ասածները։ Ծնողների կողմից իրենց զավակներին լսելն ու հարգելը ներդաշնակ է Աստվածաշնչի սկզբունքների հետ։ Զավակներն էլ իրենց հերթին պետք է ձգտեն փոխադարձել այդ հարգալից վերաբերմունքը իրենց ընտանիքի տարեց անդամների նկատմամբ։ Առակաց 23։22–ն ասում է. «Մի անարգիր քո մօրը, երբոր պառաւ է»։ Այսպես վարվեց Սողոմոն թագավորը, երբ մի խնդրանքով իր մոտ եկավ նրա մայրը։ Նա անմիջապես հրամայեց աթոռ բերել իր տարեց մոր՝ Բերսաբեի համար, ու նստեցնելով իր աջ կողմը՝ լսեց նրա ասելիքը (Գ Թագաւորաց 2։19, 20)։
14. Ինչպե՞ս կարող ենք պատվել մեր ժողովի տարեց անդամներին։
14 Մեր հոգևոր մեծ ընտանիքում լավ հնարավորություններ ունենք ժողովի տարեց անդամներին պատվելիս «միմեանց գերազանցելու» (Հռովմայեցիս 12։10)։ Գուցե նրանց վհատեցնում է այն բանի գիտակցումը, որ արդեն ի վիճակի չեն անելու այնքան, որքան անում էին տարիներ առաջ (Ժողովող 12։1—7)։ Անկողնուն գամված մի տարեց օծյալ Վկա այսպես էր արտահայտվել. «Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կմահանամ, որպեսզի կրկին գործի անցնեմ»։ Մեր քաջալերանքի խոսքերն ու հարգանքի դրսևորումները կարող են անչափ օգնել այսպիսի մեծահասակներին։ Իսրայելացիներին հետևյալ հրահանգն էր տրվել. «Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր» (Ղեւտացոց 19։32)։ Եկեք պատվենք մեծահասակներին՝ գնահատանք դրսևորելով նրանց հանդեպ։ Իսկ «վեր կենալ» արտահայտության մեջ կարող է ընդգրկվել նաև նրանց ուշադրությամբ լսելը, թե ինչեր են արել նրանք տարիներ առաջ։ Դրանով մենք պատշաճ հարգանք մատուցած կլինենք նրանց, և ինքներս էլ հոգևորապես կհարստանանք։
Իրար պատիվ տալու մեջ «միմեանց գերազանցեք»
15. Ինչպե՞ս կարող է երեցը պատվել ժողովի անդամներին։
15 Ժողովի անդամները կարծես ծաղկի պես «փթթում» են՝ տեսնելով, թե ինչ հրաշալի օրինակ են ծառայում երեցները (Ա Պետրոս 5։2, 3)։ Չնայած իրենց ծանրաբեռնված գրաֆիկին՝ հոգատար երեցները առաջին քայլն իրենք են անում՝ անխտիր մոտենալով ժողովի բոլոր անդամներին՝ լինեն դրանք երիտասարդներ, ընտանիքի գլուխներ, միայնակ մայրեր, տնային տնտեսուհիներ թե ժողովի տարեց անդամներ։ Եվ անկախ այն բանից՝ խնդիրներ ունեն նրանք, թե՝ ոչ, երեցներն ուշադրությամբ լսում են նրանց և քաջալերանքի խոսքեր ասում նրանց իրենց ուժերի ներածին չափով անելու համար։ Եղբայրների ու քույրերի նկատմամբ գնահատանք դրսևորելով՝ երեցը ընդօրինակում է Եհովային։
16. Ինչո՞ւ պետք է երեցներին և ժողովի մնացած անդամներին հարգենք հավասարապես։
16 Եհովային ընդօրինակելով և Պողոսի հետևյալ խրատին հետևելով՝ երեցները հիանալի օրինակ են ծառայում ժողովի մյուս անդամների համար. «Եղբայրասիրութեան մէջ՝ միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ՝ միմեանց գերազանցել» (Հռովմայեցիս 12։10)։ Այս խրատի կիրառումը կարող է որոշ դժվարություն ներկայացնել այն երկրներում ապրող երեցների համար, որտեղ ընդունված է մարդկանց դասակարգման ենթարկելը։ Օրինակ՝ արևելյան երկրներից մեկում գոյություն ունի «եղբայր» բառի արտասանման երկու տարբերակ՝ հարգալից և սովորական։ Մինչև վերջերս, ի տարբերություն մյուս եղբայրների՝ ժողովի երեցներին և հասակն առած եղբայրներին դիմելիս օգտագործում էին առաջին տարբերակը։ Սակայն, նկատի առնելով իր հետևորդներին ուղղված Հիսուսի խոսքերը՝ «բոլորդ եղբայրներ էք», խրախուսվեց բոլորին դիմել նույն ձևով (Մատթէոս 23։8)։ Թեև միշտ չէ, որ կարող ենք հանդիպել այդ երևույթի բացահայտ դրսևորումներին, սակայն բոլորս պիտի քաջատեղյակ լինենք, որ մարդու մեջ այդպես վարվելու հակվածություն կա (Յակոբոս 2։4)։
17. ա) Ինչո՞ւ պետք է երեցները մատչելի լինեն։ բ) Ինչպե՞ս կարող են երեցները ժողովի անդամների հետ շփվելիս ընդօրինակել Եհովային։
17 Ճիշտ է, Պողոսը խրախուսեց, որ որոշ երեցների «կրկնակի պատուի արժանի» համարենք, սակայն, միևնույն է, նրանք մնում են եղբայրներ (Ա Տիմոթէոս 5։17)։ Եթե մենք ի վիճակի ենք «համարձակությամբ» մոտենալ տիեզերքի Գերիշխանի «շնորհի աթոռին», արդյոք ի՞նչն է խանգարում, որ նույն համարձակությամբ մոտենանք երեցներին, որոնք ամեն կերպ ձգտում են Եհովային նմանվել (Եբրայեցիս 4։16; Եփեսացիս 5։1)։ Այն, թե որքանով է իրեն հաջողվում մատչելի լինել, երեցը կարող է որոշել՝ ելնելով այն հանգամանքից, թե որքա՛ն հաճախ են ժողովի անդամներն իրեն դիմում խորհուրդ ստանալու կամ առաջարկություն անելու համար։ Մենք պետք է Եհովայից սովորենք մեր ձեռնարկումներն իրականացնելիս ներգրավել նաև մյուսներին։ Եհովան արժանի է գտնում նրանց տարբեր պատասխանատվություններ տալու։ Նույնիսկ եթե որևէ Վկայի կողմից արված որոշ առաջարկություններ այնքան էլ գործնական չեն թվում, միևնույն է, դարձյալ պետք է գնահատել նրա օգտակար լինելու մղումը։ Հիշեք, թե Աբրահամի հարցուփորձն ու վշտահար Ամբակումի աղաղակը ինչ արձագանք գտան Եհովայի մոտ։
18. Ինչպե՞ս կարող են երեցները օգնության կարիք զգացողներին խորհուրդ տալիս ընդօրինակել Եհովային։
18 Մեր հավատակիցներից ոմանք ուղղվելու կարիք ունեն (Գաղատացիս 6։1)։ Սակայն, դրանով հանդերձ, նրանք թանկ են Եհովայի համար, ուստիև՝ հարգանքի արժանի։ «Ինձ համար շատ ավելի հեշտ է մոտենալ նրան, ով խորհուրդ տալուց հարգանքով է վերաբերվում ինձ»,— ասում է մի Վկա։ Եվ իրոք, մարդկանց մեծամասնությունը պատրաստ է խորհուրդն ընդունելու, երբ դա ասվում է հարգանքով։ Սխալ քայլ թույլ տվողին մինչև վերջ ուշադրությամբ լսելը, թեև դա կարող է ժամանակ խլել, նրան հնարավորություն կտա հեշտությամբ ընդունել խրատը։ Միշտ հիշենք, թե, իսրայել ազգի հանդեպ գթասրտությունից մղված՝ ինչպես էր Եհովան շարունակ նրանց համար հնարավորություն ստեղծում գիտակցելու իրենց սխալը (Բ Մնացորդաց 36։15; Տիտոս 3։2)։ Միայն ջերմ ու սրտացավ վերաբերմունք դրսևորելով կօգնես, որ խորհուրդդ տեղ գտնի օգնության կարիք ունեցողի սրտում (Առակաց 17։17; Փիլիպպեցիս 2։2, 3; Ա Պետրոս 3։8)։
19. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր քրիստոնեական հավատը չկիսող մարդկանց։
19 Մեր հարգանքը պետք է դրսևորվի նաև նրանց հանդեպ, ովքեր դեռևս մեր հոգևոր եղբայրներն ու քույրերը չեն։ Նույնիսկ եթե նրանք անմիջապես չեն արձագանքում մեր բերած լուրին, մենք պետք է համբերատար լինենք և հարգենք նրանց արժանապատվության զգացումը։ Եհովան «չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն» (Բ Պետրոս 3։9)։ Մենք պետք է սովորենք հարցին Եհովայի տեսանկյունից նայել։ Մարդկանց նկատմամբ մշտապես բարեկամաբար վերաբերվելով՝ մենք հող ենք նախապատրաստում վկայություն տալու համար։ Իհարկե, խոսքը չի վերաբերում այնպիսի մտերիմ հարաբերություններին, որոնք կարող են սպառնալ մեր հոգևոր առողջությանը (Ա Կորնթացիս 15։33)։ Պարզապես արհամարհանքի փոխարեն «մարդասիրություն» ենք դրսևորում նրանց հանդեպ, ովքեր չեն կիսում մեր հավատը (Գործք 27։3)։
20. Ի՞նչ անելու պետք է մղեն մեզ Եհովայի և Հիսուս Քրիստոսի օրինակները։
20 Եհովան և Հիսուս Քրիստոսը մեզանից յուրաքանչյուրին դիտում են որպես հարգանքի արժանի։ Նրանց օրինակը մշտապես աչքի առաջ ունենալով՝ աշխատենք նախաձեռնություն հանդես բերել միմյանց հանդեպ պատիվ ու հարգանք ցուցաբերելու հարցում, մեր մտքում միշտ վառ պահենք Տեր Հիսուս Քրիստոսի այն խոսքերը, որ՝ բոլորս եղբայրներ ենք (Մատթէոս 23։8)։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչպե՞ս պետք է դիտենք մեր հավատակիցներին։
• Ինչպե՞ս են Եհովայի և Հիսուսի օրինակներն օգնում, որ պատվենք ուրիշներին։
• Ինչպե՞ս կարող են ամուսինները պատվել կանանց, իսկ ծնողները՝ երեխաներին։
• Հավատակիցներին որպես եղբայրներ ընդունելը ի՞նչ քայլերի է մղում երեցներին։
[նկար 18–րդ էջի վրա]
Պատվի՛ր կնոջդ գնահատանքի խոսքերով։
[նկար 18–րդ էջի վրա]
Պատվի արժանացրու երեխաներիդ՝ լսելով նրանց։
[նկար 18–րդ էջի վրա]
Արժանապատվորեն վարվիր ժողովի անդամների հետ։