Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 4/1 էջ 26–30
  • Գիրք Աստծուց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիրք Աստծուց
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գիտության հետ ներդաշնակ գիրք
  • Օգտակար գիրք ներկա կյանքի համար
  • Ճշգրիտ մարգարեությունների գիրք
  • Համամի՞տ է այս գիրքը գիտության հետ
    Գիրք բոլորի համար
  • Մարգարեությունների գիրք
    Գիրք բոլորի համար
  • Աստվածաշունչ. գիրք՝ Աստծու կողմից
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • 0գտակար գիրք ներկա կյանքի համար
    Գիրք բոլորի համար
Ավելին
1998 Դիտարան
w98 4/1 էջ 26–30

Գիրք Աստծուց

«Մարգարէութիւնը ոչ թէ ըստ մարդկանց կամքի տրուեց երբեւէ, այլ Սուրբ Հոգուց մղուած է, որ խօսեցին Աստծու սուրբ մարդիկ» (Բ Պետրոս 1։21)։

1, 2. ա) Ինչո՞ւ են ոմանք հարցնում, թե Աստվածաշունչն արդիակա՞ն է։ բ) Ինչպիսի՞ երեք փաստարկներ կան, որոնցով կարող ենք ապացուցել, որ Աստվածաշունչը Աստծուց է տրված։

ԱՐԴՅՈ՞Ք Աստվածաշունչը 21–րդ դարը թևակոխող մարդկության համար պատշաճ գիրք է։ Ոմանք կարծում են, որ ոչ։ Դոկտոր Էլի Ս. Չեսենը, բացատրելով, թե ինչու է կարծում, որ Աստվածաշունչը հնացած է, գրում է. «Ոչ ոք հավանություն չէր տա քիմիայի ժամանակակից դասընթացներում օգտվել 1924 թ. հրատարակության [դասա]գրքից»։ Առաջին հայացքից այս պատճառաբանությունը տրամաբանական է թվում։ Ի վերջո, Աստվածաշունչը գրվելու ժամանակից ի վեր շատ բան է իմացվել գիտության, մտային առողջության և մարդկային վարքագծի մասին։ Հետևաբար, ոմանք զարմանում են. «Այսպիսի հնադարյան գիրքն ինչպե՞ս կարող էր գիտական ոչ ճշգրիտ տվյալներից զերծ մնալ և ինչպե՞ս կարող էր գործնական խորհուրդներ պարունակել ներկա կյանքի համար»։

2 Աստվածաշունչն ինքն է հենց պատասխանը տալիս։ Բ Պետրոս 1։21–ում կարդում ենք, որ Աստվածաշնչի մարգարեները «Սուրբ Հոգուց մղուած է, որ խօսեցին»։ Այսպիսով՝ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ դա Աստծուց տրված գիրք է։ Բայց ինչպե՞ս կարող ենք հավաստիացնել ուրիշներին, որ դա այդպես է։ Եկեք քննարկենք երեք փաստարկ, որոնք ցույց են տալիս, որ Աստվածաշունչն Աստծո Խոսքն է՝ ա) այն գիտականորեն ճշգրիտ է. բ) լի է մշտակայուն սկզբունքներով, որոնք գործնական են ներկա կյանքի համար. գ) պարունակում է պատմական իրողություններով ապացուցված յուրահատուկ մարգարեություններ։

Գիտության հետ ներդաշնակ գիրք

3. Ինչո՞ւ գիտական հայտնագործությունները երբևէ սպառնալիք չեն հանդիսացել Աստվածաշնչի համար։

3 Աստվածաշունչը գիտության դասագիրք չէ։ Այնուամենայնիվ, այն ճշմարտության գիրք է, իսկ ճշմարտությունը կարող է դիմակայել ժամանակի փորձառությունը (Յովհաննէս 17։17)։ Գիտական հայտնագործություններն Աստվածաշնչի համար սպառնալիք չեն հանդիսացել։ Գիտության հետ առնչություն ունեցող նյութերը շոշափելիս այն ամբողջապես զերծ է մնում վաղեմի «գիտական» այն տեսություններից, որոնք, պարզվեց, զուտ առասպելներ էին։ Փաստորեն, Աստվածաշունչը պարունակում է այնպիսի հաղորդագրություններ, որոնք ոչ միայն ճշգրիտ են գիտական տեսանկյունից, այլ նաև հակասում են այն օրերում ընդունված կարծիքներին։ Օրինակ՝ քննարկենք Աստվածաշնչի և բժշկագիտության միջև գոյություն ունեցող ներդաշնակությունը։

4, 5. ա) Հնում բժիշկներն ի՞նչ չէին հասկանում հիվանդությունների մասին։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Մովսեսն անկասկած ծանոթ էր եգիպտացի բժիշկների մասնագիտական զբաղմունքներին։

4 Հնում բժիշկները լիովին չէին հասկանում, թե ինչպես է հիվանդությունը տարածվում, ոչ էլ գիտակցում էին այն կանխելու համար սանիտարական միջոցառումների կարևորությունը։ Վաղեմի շատ բժշկական մեթոդներ ժամանակակից չափանիշներով պարզունակ են համարվում։ Մեզ հասած բժշկական հնագույն տեքստերից է Էբերսի պապիրուսը՝ Եգիպտոսի բժշկական գիտելիքների մի բանաքաղություն՝ թվագրված մ.թ.ա. 1550–ին։ Այն շուրջ յոթ հարյուր դեղամիջոցներ է պարունակում տարբեր ախտերի համար՝ «սկսած կոկորդիլոսի կծածից մինչև ոտնամատի եղունգի ցավը»։ Դեղամիջոցների մեծ մասը պարզապես անօգտակար էր, իսկ դրանցից մի քանիսը՝ ծայրաստիճան վտանգավոր։ Օրինակ՝ մի դեղատոմսում վերքը բուժելու համար խորհուրդ է տրվում գործածել մարդու արտաթորանքի և այլ նյութերի խառնուրդը։

5 Եգիպտական դեղամիջոցների այս տեքստը գրվել է այն ժամանակաշրջանում, երբ գրի են առնվել Աստվածաշնչի առաջին գրքերը, որոնք ընդգրկում էին Մովսիսական օրենքը։ Մովսեսը ծնվել էր Եգիպտոսում մ.թ.ա. 1593–ին և այնտեղ էլ մեծացել (Ելից 2։1—10)։ Մեծանալով փարավոնի ընտանիքում՝ Մովսեսը «եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ կրթուեց» (Գործք 7։22)։ Եգիպտոսի «բժիշկները» ծանոթ էին իրեն (Ծննդոց 50։1—3)։ Նրանց անօգտակար կամ վտանգավոր բժշկական սովորություններն, արդյոք, ազդեցություն թողեցի՞ն նրա գրությունների վրա։

6. Ի՞նչ առողջապահական կանոն գոյություն ուներ Մովսիսական օրենքում, որը ժամանակակից բժշկագիտության կողմից ընդունելի է։

6 Ընդհակառակը, Մովսիսական օրենքն այնպիսի առողջապահական կանոններ է պարունակում, որոնք ընդունելի են ժամանակակից բժշկագիտության կողմից։ Օրինակ՝ ռազմական բանակատեղիներին վերաբերվող մի օրենք պահանջում էր, որ արտաթորանքները ճամբարից դուրս թաղվեին (Բ Օրինաց 23։13)։ Սա լիովին առաջադեմ, կանխիչ միջոցառում էր։ Այն օգնում էր ջրերի աղբյուրները զերծ պահել աղտոտումից և պաշտպանում ճանճերի միջոցով տարածվող շիգելլեզից և փորլուծությամբ ուղեկցվող այլ հիվանդություններից, որոնք այսօր էլ մեծամասամբ զարգացող երկրներում տարեկան միլիոնավոր կյանքեր են խլում։

7. Մովսիսական օրենքի ո՞ր առողջապահական կանոններն էին օգնում կանխել վարակիչ հիվանդությունների տարածումը։

7 Մովսիսական օրենքը հիգիենայի նաև այլ կանոններ էր պարունակում, որոնք իսրայել ազգին պաշտպանում էին վարակիչ հիվանդությունների տարածումից։ Տարափոխիկ հիվանդություն ունեցող կամ կասկածի տակ եղող անհատը ժամանակավորապես մեկուսացվում էր (Ղեւտացոց 13։1—5)։ Սատկած (թերևս հիվանդությունից) կենդանուն դիպած հանդերձներն ու անոթները կամ պետք է լվացվեին օգտագործվելուց առաջ կամ՝ ոչնչացվեին (Ղեւտացոց 11։27, 28, 32, 33)։ Դիակին դիպած յուրաքանչյուր անհատ անմաքուր էր համարվում և մաքրման արարողություն պետք է անցներ՝ լվանալ հագուստներն ու լողանալ։ Անմաքրության բոլոր յոթ օրերի ընթացքում նա պետք է խուսափեր ուրիշների հետ ֆիզիկական շփումից (Թուոց 19։1—13)։

8, 9. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Մովսիսական օրենքի առողջապահական կանոնների ամբողջությունն անհամեմատ առաջադիմական էր այն ժամանակների համար։

8 Առողջապահական այս կանոնների ամբողջությունը երևան է բերում մի իմաստություն, որն այն ժամանակի համար անհամեմատ առաջադիմական էր։ Ժամանակակից բժշկագիտությանը շատ բան է հայտնի դարձել հիվանդությունների տարածման և կանխման մասին։ Օրինակ՝ 19–րդ դարում բժշկագիտության բնագավառի առաջխաղացումները հանգեցրին հականեխիչ միջոցների՝ մաքրության պահպանմանը՝ վարակները նվազեցնելու նպատակով։ Արդյունքում վարակներն ու վաղաժամ մահերը նվազեցին։ 1900–ին եվրոպական շատ երկրներում և Միացյալ Նահանգներում կյանքի միջին տևողությունը հիսուն տարեկանի չէր հասնում։ Այդ ժամանակից ի վեր այն արագորեն բարձրացել է ոչ միայն հիվանդությունների վրա հսկողություն սահմանելու գործում ունեցած բժշկության հաջողությունների, այլ նաև ավելի լավ առողջապահության և կյանքի բարեկարգ պայմանների շնորհիվ։

9 Հիվանդության տարածման ուղիները բժշկագիտության կողմից բացահայտվելուց հազարավոր տարիներ առաջ արդեն Աստվածաշունչը չափավոր կանխարգելիչ միջոցառումներ էր նշանակել հիվանդությունների դեմ։ Ուստի, չենք զարմանում Մովսեսի այն խոսքերի վրա, թե իսրայելացիներն ապրում էին յոթանասունից ութսուն տարի (Սաղմոս 90։10)։ Մովսեսն ինչպե՞ս կարող էր տեղյակ լինել այդպիսի առողջապահական կանոններից։ Աստվածաշունչը բացատրում է. Օրենսգիրքը «հրեշտակների կողմից տրուեց» (Գաղատացիս 3։19)։ Այո՛, Աստվածաշունչը մարդկային իմաստությամբ չի գրված. այն Աստծուց տրված գիրք է։

Օգտակար գիրք ներկա կյանքի համար

10. Չնայած որ Աստվածաշնչի գրությունն ավարտվել է մոտ երկու հազար տարի առաջ, ի՞նչ առումով է նրա խորհուրդը ճշմարիտ։

10 Խորհրդատու գրքերը ժամանակի ընթացքում հնանում են, ապա վերանայվում կամ էլ փոխարինվում են։ Սակայն Աստվածաշունչն իրոք անզուգական գիրք է։ «Քո վկայութիւնները շատ հաւատարիմ [արժանահավատ, ՆԱ] են». ասում է Սաղմոս 93։5–ը։ Չնայած Աստվածաշնչի գրությունն ավարտվել է շուրջ երկու հազար տարի առաջ, նրանում արձանագրված խոսքերը դեռևս կիրառելի են։ Եվ այդ խոսքերը նույնչափ ազդեցիկ են այսօր՝ անկախ մեր մաշկի գույնից և բնակված երկրից։ Քննարկենք Աստվածաշնչի հարատև, «շատ արժանահավատ» խորհուրդների մի քանի օրինակ։

11. Տասնամյակներ առաջ շատ ծնողներ երեխաների դաստիարակության մասին ինչպիսի՞ կարծիք ունեին։

11 Տասնամյակներ առաջ շատ ծնողներ, երեխայի դաստիարակությանը վերաբերող «նորամուծական գաղափարներից» մղված, գտնում էին, որ «արգելելն արգելվում է»։ Նրանք վախենում էին, որ երեխաների առջև սահմանափակումներ դնելը կարող է ջղացնցման կամ խանգարման հասցնել։ Բարեմիտ խորհրդատուները ծնողներից պահանջում էին խուսափել ցանկացած պատժամիջոց կիրառելուց՝ ընդամենը մեղմ զգուշացումներ կատարելով։ Ինչպես հաղորդում է «Նյու–​Յորք թայմզը», նման շատ փորձագետներ այսօր «ծնողներին պարտադրում են ավելի խիստ լինել, երեխաներին կրկին հսկողության տակ առնել»։

12. «Խրատ» թարգմանված հունարեն գոյականն ի՞նչ է նշանակում, և երեխաներն ինչո՞ւ այսպիսի դաստիարակության կարիքն ունեն։

12 Հարկ է ասել, որ բոլոր ժամանակներում Աստվածաշունչը երեխայի դաստիարակության վերաբերյալ հատուկ, հավասարակշռված խորհուրդներ է առաջարկել։ Այն խրատում է. «Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփեսացիս 6։4)։ «Խրատ» թարգմանված հունարեն գոյականը նշանակում է «դաստիարակություն, ուսուցում, հրահանգում»։ Աստվածաշունչը նշում է, որ այդպիսի խրատը կամ հրահանգը ծնողական սիրո առկայությունն է (Առակաց 13։24)։ Երեխաները բարեհաջող զարգանում են բարոյական հստակ դրույթների ներքո, որոնք ճշտի ու սխալի գաղափարը ձևավորելիս օգնում են նրանց։ Տեղին գործադրված խրատն օգնում է, որ նրանք ավելի ապահով զգան իրենց. այն հայտնում է, որ իրենց ծնողները հոգ են տանում իրենց մասին, նաև մտահոգվում են, թե ինչպիսի անձնավորություն են պատրաստվում նրանք ապագայում դառնալու (համեմատեցեք Առակաց 4։10—13)։

13. ա) Դաստիարակության վերաբերյալ Աստվածաշունչն ի՞նչ է նախազգուշացնում ծնողներին։ բ) Աստվածաշունչն ինչպիսի՞ դաստիարակություն է առաջարկում։

13 Այնուամենայնիվ, Աստվածաշունչը նախազգուշացնում է խրատի մարզում, որպեսզի ծնողական իշխանությունը երբեք չչարաշահվի (Առակաց 22։15)։ Ոչ մի երեխայի հանդեպ չպետք է երբևէ դաժան վերաբերմունք ցույց տրվի։ Ֆիզիկական դաժանությունը Աստվածաշնչով ապրող ընտանիքներում տեղ չունի (Սաղմոս 11։5)։ Ոչ էլ զգացմունքային ճնշումը՝ կոպիտ խոսքերը, անվերջ քննադատությունը, խայթիչ ծաղրանքը, սրանք բոլորն էլ կարող են ընկճել երեխայի ոգին (համեմատեցեք Առակաց 12։18)։ Իմաստուն կերպով Աստվածաշունչը զգուշացնում է ծնողներին. «Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, որ չյուսալքուեն» (Կողոսացիս 3։21)։ Աստվածաշունչը նախազգուշական միջոցառումներ է առաջարկում։ Բ Օրինաց 11։19–ում ծնողներին պատվիրվում է ցանկացած պահից օգտվել իրենց երեխաների մեջ բարոյական և հոգևոր արժեքներ սերմանելու համար։ Ինչպես աստվածաշնչյան ժամանակներում, այնպես էլ այսօր, երեխայի դաստիարակության համար պատշաճ է այսպիսի հստակ, խելամիտ խորհուրդը։

14, 15. ա) Աստվածաշունչն ի՞նչ առումով է ավելին հայթայթում, քան ուղղակի իմաստուն խրատը։ բ) Աստվածաշնչի ո՞ր ուսուցումները կարող են օգնել տարբեր ազգերի և ռասաների մարդկանց՝ միմյանց հավասար աչքերով նայելու։

14 Աստվածաշունչն իմաստուն խրատից ավելին է հայթայթում. նրա հաղորդագրությունը դիպչում է մարդու սրտին։ Եբրայեցիս 4։12–ն ասում է. «Կենդանի է Աստծու խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները»։ Քննարկենք Աստվածաշնչի մղիչ ուժի մի օրինակ։

15 Մարդիկ այսօր բաժանված են ռասայական, ազգային և էթնիկական պատնեշներով։ Այսպիսի անբնական պատնեշները համայն աշխարհում տեղի ունեցած պատերազմների ժամանակ նպաստել են մեծ թվով անմեղ մարդկանց կոտորածներին։ Մյուս կողմից, Աստվածաշունչը պարունակում է ուսուցումներ, որոնք օգնում են տարբեր ռասաների ու ազգերի մարդկանց՝ միմյանց նայելու հավասար աչքերով։ Օրինակ՝ Գործք 17։26–ն ասում է, որ Աստված «մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը»։ Սա ցույց է տալիս, որ իրականում գոյություն ունի միայն մեկ ցեղ՝ մարդկային ցեղը։ Այնուհետև Աստվածաշունչը քաջալերում է մեզ ‘նմանվել Աստծուն’, որի մասին ասվում է. «Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Եփեսացիս 5։1; Գործք 10։34, 35)։ Նրանց համար, ովքեր իրոք ձգտում են ապրել Աստվածաշնչի ուսմունքների համաձայն, այս գիտությունը միավորիչ ազդեցություն է թողնում։ Այն գործում է ամենախոր տեղում՝ մարդու սրտում՝ քանդելով ժողովուրդները պառակտող մարդակերտ պատնեշները։ Արդյո՞ք դա ազդում է այսօրվա աշխարհի վրա։

16. Պատմեցեք մի դեպք, որ ցույց տա, թե Եհովայի վկաներն ինչպե՞ս են ճշմարիտ միջազգային եղբայրություն կազմում։

16 Անկասկած, ազդո՛ւմ է։ Եհովայի վկաները քաջածանոթ են իրենց միջազգային եղբայրությամբ, որը միացնում է մեկը մյուսի հետ խաղաղությամբ չապրող տարբեր ծագում ունեցող մարդկանց։ Օրինակ՝ Ռուանդայի էթնիկական բախումների ժամանակ մի ցեղի Եհովայի վկաները թիկունք կանգնեցին մի այլ ցեղի իրենց եղբայրներին և քույրերին՝ այդ իրավիճակում վտանգի ենթարկելով իրենց կյանքը։ Մի անգամ հուտու մի Վկա իր տանը թաքցրեց իր ժողովից վեց հոգուց բաղկացած տուտսի ընտանիքի։ Ցավոք, տուտսի ընտանիքը հայտնաբերվեց ու սպանվեց։ Մարդասպաններին սաստիկ զայրացրեց հուտու եղբոր արարքը, և վերջինս ստիպված եղավ իր ընտանիքով փախչել Տանզանիա։ Նման շատ օրինակներ կան։ Եհովայի վկաները սիրով ընդունում են, որ այսպիսի միությունը հնարավոր է, քանի որ իրենց սրտերը խորապես ազդված են Աստվածաշնչում արձանագրված խոսքերի մղիչ ուժից։ Այն իրողությունը, որ Աստվածաշունչը կարող է մարդկանց միավորել ատելությամբ լեցուն այս աշխարհում, արդեն զորավոր փաստ է, որ այն Աստծուց է։

Ճշգրիտ մարգարեությունների գիրք

17. Ինչո՞վ են տարբերվում Աստվածաշնչի մարգարեությունները մարդկանց կանխագուշակումներից։

17 «Գրքերի ամէն մի մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չունի». ասում է Բ Պետրոս 1։20–ը։ Աստվածաշնչի մարգարեները վերլուծության չեն ենթարկել աշխարհում տեղի ունեցող դեպքերը և հետո այդ դեպքերի վերաբերյալ իրենց անձնական մեկնաբանությունների վրա հիմնված ենթադրություններ արել։ Ոչ էլ անորոշ գուշակություններ են արել, որոնք կարող էին համընկնել ապագայի որևիցե դեպքի հետ։ Քննարկենք, օրինակ, Աստվածաշնչի մի մարգարեություն, որը բացարձակապես յուրահատուկ էր, և նախագուշակվածը այն ժամանակվա մարդկանց ակնկալածի ճիշտ հակառակն էր։

18. Հին Բաբելոնի բնակիչներն ինչո՞ւ չէին կասկածում իրենց ապահովության համար, և Եսայիան ի՞նչ էր նախագուշակել Բաբելոնի մասին։

18 Բաբելոնը, հավանաբար, մինչև մ.թ.ա. յոթերորդ դարը Բաբելոնյան տերության հզոր մայրաքաղաքն էր։ Այն փռված էր Եփրատ գետի ափերին, որի ջրերը գործածվում էին լայն ու խորը խրամներ և վանդակապատ ջրանցքների ցանց ստեղծելու համար։ Քաղաքը նաև պաշտպանվում էր կրկնակի պարսպի հսկայական շինությամբ՝ պաշտպանական աշտարակներով հիմնված։ Բաբելոնի բնակիչները կասկած անգամ չունեին իրենց ապահով լինելու մասին։ Մ.թ.ա. ութերորդ դարում, մինչ Բաբելոնի փառքն իր գագաթնակետին կհասներ, Եսայիա մարգարեն կանխագուշակեց. «Բաբիլոնը.... պիտի դառնայ Աստուծոյ Սոդոմին եւ Գոմորին կործանելուն պէս։ Նա երբէք չէ շէնանալու, եւ չէ բնակուելու ազգէ ազգ. եւ Արաբացին այնտեղ պիտի չ’կանգնեցնէ վրանը, եւ հովիւներն այնտեղ պիտի չ’նստեցնեն իրանց խաշինքը» (Եսայիա 13։19, 20)։ Նկատեցեք, որ մարգարեությունը չէր գուշակում միայն Բաբելոնի կործանումը, այլև այն, որ մեկընդմիշտ նա պիտի անմարդաբնակ դառնար։ Ինչպիսի՜ համարձակ գուշակություն։ Կարո՞ղ էր արդյոք Եսայիան իր խոսքերը գրի առնել այն ժամանակ, երբ արդեն տեսել էր անմարդաբնակ Բաբելոնը։ Պատմությունը պատասխանում է՝ ո՛չ։

19. Մ.թ.ա. 539 թ. հոկտեմբերի 5–ին Եսայիայի մարգարեությունն ինչո՞ւ ամբողջությամբ չկատարվեց։

19 Մ.թ.ա. 539 թ. հոկտեմբերի 5–ի գիշերը Բաբելոնն ընկավ Կյուրոս Մեծի գլխավորած մարա–​պարսկական բանակի կողմից։ Սակայն Եսայիայի մարգարեությունն այդ ժամանակ ամբողջությամբ չկատարվեց։ Կյուրոսի նվաճումից հետո, չնայած Բաբելոնը չուներ իր նախկին զորությունը, դեռևս դարեր շարունակ մնաց բնակեցված։ Մ.թ.ա. երկրորդ դարում՝ այն օրերում, երբ ընդօրինակվում էր Մեռյալ ծովի Եսայիայի մագաղաթը, պարթևները զավթեցին Բաբելոնը, որն այն ժամանակ հարևան ժողովուրդների համար ցանկալի ավար էր համարվում։ Հրեա պատմագիր Հովսեպոսը հաղորդում է, որ մ.թ.ա. առաջին դարում այնտեղ «մեծ թվով» հրեաներ էին ապրում։ «Քեմբրիջի հնագույն պատմություն» աշխատության համաձայն՝ մ.թ. 24–ին Պալմիրայի վաճառականները հարուստ առևտրական գաղութ հիմնեցին Բաբելոնում։ Այսպիսով՝ դեռևս մ.թ. առաջին դարում Բաբելոնն ամբողջովին ամայացած չէր, իսկ Եսայիայի գրքի գրությունն ավարտվել էր դրանից շատ առաջ (Ա Պետրոս 5։13)։

20. Բաբելոնը վերջնականապես «փլատակների» վերածվելու ի՞նչ փաստ գոյություն ունի։

20 Եսայիան Բաբելոնի անմարդաբնակ դառնալը այդպես էլ չտեսավ։ Սակայն, մարգարեության համաձայն, Բաբելոնն իրոք վերջնական արդյունքում «փլատակների» վերածվեց (Երեմիա 51։37)։ Ըստ հրեագետ Հերոնիմի (ծնված մ.թ. չորրորդ դարում)՝ Բաբելոնն իր օրերին որսատեղի էր վերածվել, որտեղ «ամեն տեսակի գազաններ» էին թափառում, և այն մինչև օրս մնացել է այդպես ամայի։ Բաբելոնի վերականգնումը նրան լոկ տեսարժան վայր կդարձնի զբոսաշրջիկների համար, սակայն նրա «զաւակն ու սերունդը» վաղուց արդեն անցյալի գիրկն են անցել, ինչպես նախագուշակել էր Եսայիան (Եսայիա 14։22)։

21. Ինչո՞ւ հավատի տեր մարգարեները կարող էին անսխալ ճշգրտությամբ նախագուշակել ապագան։

21 Եսայիա մարգարեն փաստերի վրա հիմնված ենթադրություն չի արել։ Ոչ էլ պատմությունն է արտագրել՝ այն որպես մարգարեություն ներկայացնելով։ Նա ճշմարիտ մարգարե էր։ Այդպիսին էին Աստվածաշնչի բոլոր մյուս հավատարիմ մարգարեները։ Ինչո՞ւ այս մարդիկ կարող էին ապագան գուշակել անսխալ ճշգրտությամբ, ինչը չէին կարող անել ուրիշները։ Պատասխանը հստակ է. մարգարեությունների աղբյուրը մարգարեության Աստված Եհովան է, այն մեկը, որը պատմում է «առաջուց վերջինը» (Եսայիա 46։10)։

22. Ինչո՞ւ մենք պետք է հնարավոր ամեն բան անենք պարկեշտ սիրտ ունեցող անհատներին օգնելու համար, որպեսզի քննեն Աստվածաշունչը։

22 Այսպիսով՝ Աստվածաշունչն արժանի՞ է քննարկման։ Անշուշտ, այո՛։ Բայց շատերը դրանում համոզված չեն։ Նրանք որոշակի կարծիք են կազմում Աստվածաշնչի մասին նույնիսկ այն դեպքում, երբ հնարավոր է, որ այն երբեք էլ չեն կարդացել։ Մտաբերենք նախորդ հոդվածի սկզբում հիշատակված պրոֆեսորին։ Նա համաձայնվեց ուսումնասիրել Աստվածաշունչը և Աստծո Խոսքն ուշադիր քննարկելուց հետո եկավ այն եզրակացության, որ դա գիրք է Աստծուց։ Ի վերջո, նա մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա և այժմ ծառայում է որպես երեց։ Եկեք հնարավոր ամեն բան անենք՝ օգնելով պարկեշտ մարդկանց քննել Աստվածաշունչը և հետո նոր կարծիք կազմել նրա մասին։ Վստա՛հ եղեք, որ եթե նրանք անձամբ անկեղծորեն քննարկեն այն, կգիտակցեն, որ այդ անզուգական գիրքը՝ Աստվածաշունչը, իսկապես գիրք է բոլորի համար։

Կարո՞ղ ես բացատրել

◻ Ինչպե՞ս կարող ես Մովսիսական օրենքը գործածել ցույց տալու համար, որ Աստվածաշունչը մարդկային ծագում չունի

◻ Աստվածաշնչի ո՞ր անփոփոխ սկզբունքներն են գործնական մեր կյանքում

◻ Ինչո՞ւ Եսայիա 13։19, 20–ի մարգարեությունը չէր կարող գրված լինել կատարվածից հետո

◻ Պարկեշտ սիրտ ունեցող անհատներին պետք է օգնենք, որ ի՞նչ անեն և ինչո՞ւ

[շրջանակ 29–րդ էջի վրա]

Իսկ անապացուցելի երեսակնե՞րը

Աստվածաշունչը մի շարք տեղեկություններ է պարունակում, որոնց համար բացակայում են նյութեղեն ապացույցները։ 0րինակ՝ պատմությունը հոգեղեն արարածներով բնակեցված անտեսանելի ոլորտի մասին անհնար է գիտականորեն ապացուցել կամ հերքել։ Արդյո՞ք նման անապացուցելի հիշատակումները նշանակում են, որ Աստվածաշունչը տարակարծիք է գիտությանը։

Այս հարցը մի քանի տարի առաջ ծագեց ոմն երկրագետի մտքում, որը սկսել էր ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ։ «Պետք է խոստովանեմ, որ սկզբում շատ դժվար էր ընդունել Աստվածաշունչը, որովհետև հնարավոր չէր գիտականորեն ապացուցել Աստվածաշնչի որոշ հաղորդագրությունները», — հիշում է նա։ Այս մարդն անկեղծ սրտով շարունակեց Աստվածաշնչի ուսումնասիրությունը և ժամանակի ընթացքում եկավ այն համոզման, թե մատչելի փաստերն իրոք ապացուցում են, որ Աստվածաշունչն Աստծո Խոսքն է։ «Ձեռք բերված վստահությունը նվազեցրեց Աստվածաշնչում արձանագրված ամեն մի փաստի համար ապացույց ստանալու խիստ ցանկությունս, — բացատրում է նա, — գիտական ձիրք ունեցող անհատը պետք է ձգտի Աստվածաշունչն ուսումնասիրելիս հոգևոր մոտեցում ցուցաբերել, հակառակ դեպքում նա երբեք չի ընդունի ճշմարտությունը։ Գիտությունը չի կարող Աստվածաշնչի ամեն մի հայտարարության համար ապացույց պահանջել։ Եվ երբ տվյալ հաղորդագրությունը փաստերով ապացուցել հնարավոր չէ, դա չի նշանակում, որ այն սխալ է։ Կարևորն այն է, որ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է ապացուցելը, Աստվածաշնչի ճշգրտությունը հաստատված է»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը