Նկատեք ուրիշների ուժեղ կողմերը
Ինչու
Եսասիրությունը կարող է պարարտ հող լինել նախապաշարումների համար։ Եսասեր մարդիկ չափազանց մեծ կարծիք են ունենում իրենց մասին։ Նրանք իրենց բարձր են համարում այն մարդկանցից, ովքեր տարբերվում են իրենցից։ Ցավոք, յուրաքանչյուրս էլ կարող է այդպիսի սխալ մտածելակերպ ունենալ։ «Բրիտանական հանրագիտարանում» ասվում է. «Ազգերի մեծ մասը կարծում է, թե իրենք այս կամ այն չափով գերադաս են մյուսներից. որ իրենց կենսակերպը, խոհանոցը, տարազը, սովորույթները, հավատալիքները, արժեքները և այլնը ավելի լավն են, քան մյուս ազգերինը»։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ մեր մեջ նման մտածելակերպ չզարգանա։
Աստվածաշնչյան սկզբունք
«Խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐ 2։3)։
Ինչ են նշանակում այս խոսքերը։ Որպեսզի չդառնանք հպարտ, պետք է խոնարհություն զարգացնենք, որը հպարտության հակաթույնն է։ Խոնարհության շնորհիվ մենք կարողանում ենք ընդունել, որ ուրիշները որոշ բաներ մեզանից ավելի լավ են անում։ Չի կարող մի մարդ կամ մի ազգ օժտված լինել հնարավոր բոլոր տաղանդներով և ունենալ բոլոր լավ հատկությունները։
Նկատի առնենք Շտեֆանի օրինակը։ Նա մեծացել է կոմունիստական երկրում։ Շտեֆանը կանխակալ կարծիք ուներ ոչ կոմունիստական երկրներում ապրող մարդկանց մասին, բայց իրեն հաջողվել է հաղթահարել այդ նախապաշարումները։ Նա ասում է. «Կարծում եմ՝ նախապաշարումները հաղթահարելու համար ուրիշներին սեփական անձից ավելի բարձր համարելը շատ կարևոր է։ Փաստ է, որ ես ամեն բան չգիտեմ, ուստի յուրաքանչյուր մարդուց էլ ինչ-որ բան կարող եմ սովորել»։
Ինչ կարող եք անել
Ձգտեք իրատեսական կարծիք ունենալ ձեր մասին. մի՛ մոռացեք, որ դուք էլ եք սխալներ գործում։ Ընդունեք, որ ուրիշները կարող են որոշ բաներ ձեզանից ավելի լավ անել։ Մի՛ կարծեք, որ եթե մարդիկ նույն խմբից են, ուրեմն նույն թերություններն ունեն։
Որոշակի խմբի պատկանող մարդու մասին բացասական եզրակացություններ անելու փոխարեն՝ հարցրեք ինքներդ ձեզ.
Ընդունեք, որ ուրիշները կարող են որոշ բաներ ձեզանից ավելի լավ անել
«Այն հատկությունները, որոնք չեմ հավանում այս մարդու մեջ, իսկապես բացասակա՞ն են, թե՞ պարզապես դրանք շատ տարբերվում են իմ էությունից»։
«Իսկ հնարավո՞ր է, որ այդ մարդն էլ իմ մեջ թերություններ տեսած լինի»։
«Ո՞ր հարցերում է այս մարդը ինձանից ունակ»։
Եթե անկեղծորեն պատասխանեք վերոնշյալ հարցերին, ոչ միայն կհաղթահարեք ձեր մեջ բույն դրած նախապաշարումները, այլև հիացմունքի արժանի բաներ կգտնեք այդ անձնավորության մեջ։