Փրկված՝ ոչ միայն գործերի շնորհիվ, այլև Աստծու անարժան բարության
«Փրկուած [եք] հաւատքի ձեռովը. եւ սա.... գործերից [չէ], որ մէկը չ’պարծենայ» (ԵՓԵՍԱՑԻՍ 2։8, 9)։
1. Անձնական հաջողությունների հարցում՝ ինչո՞վ են քրիստոնյաները տարբերվում մյուսներից, և ինչո՞ւ։
ՄԵՐ օրերում մարդիկ հպարտանում են իրենց ձեռքբերումներով և հաճախ առիթը բաց չեն թողնում դրանցով պարծենալու համար։ Բայց քրիստոնյաներն այլ կերպ են վարվում։ Նրանք խուսափում են իրենց հաջողությունները չափազանց ընդգծելուց, նույնիսկ եթե դրանք առնչվում են ճշմարիտ երկրպագությանը։ Նրանք ուրախանում են՝ տեսնելով, թե Եհովայի ժողովուրդն ինչ հաջողությունների է հասել, սակայն չեն մատնանշում դրանցում ունեցած իրենց անհատական ներդրումը։ Քրիստոնյաները գիտակցում են, որ Եհովայի ծառայության մեջ ճիշտ մղումներ ունենալը անձնական հաջողություններից ավելի կարևոր է։ Յուրաքանչյուր անհատ, որին կտրվի հավիտենական կյանքի պարգևը, այն կստանա ոչ թե սեփական ձեռքբերումների, այլ իր հավատի ու Աստծու անարժան բարության շնորհիվ (Ղուկաս 17։10; Յովհաննէս 3։16)։
2, 3. Ինչո՞վ էր պարծենում Պողոսը, և ինչո՞ւ։
2 Պողոս առաքյալը լավ գիտեր այդ ճշմարտությունը։ Այն բանից հետո, երբ նա երեք անգամ Եհովային աղոթեց, որ հեռացնի իր ‘մարմնի խայթը’, Աստված նրան պատասխանեց. «Բաւական է քեզ իմ շնորհքը [«անարժան բարությունը», ՆԱ], որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում [«ամբողջական դառնում», ԷԹ]»։ Խոնարհաբար ընդունելով Եհովայի պատասխանը՝ Պողոսն ասաց. «Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում»։ Մենք պետք է ցանկանանք ընդօրինակել Պողոսի խոնարհությունը (Բ Կորնթացիս 12։7–9)։
3 Չնայած Պողոսը հայտնի էր իր քրիստոնեական գործերով, նա գիտակցում էր, որ առանձնահատուկ կարողությունների շնորհիվ չէ, որ հաջողությունների է հասել։ Պողոսը համեստորեն գրեց. «Ինձ՝ ամեն սուրբերի յետինիս [«որ հետիններից հետինն եմ», ԱՆԹ]՝ տրուեցաւ այս շնորհքը [«անարժան բարությունը», ՆԱ], որ հեթանոսների մէջ աւետարանեմ Քրիստոսի անքննելի հարստութիւնը» (Եփեսացիս 3։8)։ Այս խոսքերում պարծենկոտության կամ ամբարտավանության նշույլ անգամ չկա։ «Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք [«անարժան բարություն», ՆԱ] է տալիս» (Յակոբոս 4։6; Ա Պետրոս 5։5)։ Արդյոք հետևո՞ւմ ենք Պողոսի օրինակին՝ մեր եղբայրների մեջ ինքներս մեզ խոնարհաբար համարելով ‘հետիններից հետինը’։
«Մէկը միւսին իր անձիցն աւելի լաւ համարէ»
4. Ինչո՞ւ երբեմն գուցե դժվար լինի ուրիշներին մեզնից ավելի բարձր համարել։
4 Պողոս առաքյալը քրիստոնյաներին խորհուրդ տվեց. «Ոչ մի բան չ’լինի գրգռումով [«հակառակութեան ոգով», ԷԹ], եւ ոչ էլ սնապարծութիւնով. այլ խոնարհութիւնով թող մէկը միւսին իր անձիցն աւելի լաւ համարէ» (Փիլիպպեցիս 2։3)։ Այդպես վարվելը կարող է դժվար լինել, հատկապես եթե պատասխանատու դիրք ունենք։ Դժվարության պատճառ կարող է լինել նաև այն, որ ինչ–որ չափով մեզ վրա ազդում է աշխարհում տիրող մրցակցության ոգին։ Գուցե փոքր հասակում մեզ սովորեցրել են մրցել, ասենք, տանը մեր եղբայրների կամ քույրերի հետ, կամ դպրոցում մեր համադասարանցիների հետ։ Հնարավոր է, ամեն ժամանակ մեզ խրախուսել են ձգտել դպրոցի ամենաառաջին մարզիկը կամ լավագույն աշակերտը լինել։ Ինչ խոսք, գովելի է, երբ մեր լավագույնն ենք անում քրիստոնեական տեսակետից ընդունելի գործերում։ Բայց քրիստոնյաներն այդպես են վարվում ոչ թե իրենց վրա ուշադրություն հրավիրելու միտումով, այլ օգուտ ստանալու, ինչպես նաև ուրիշներին օգուտ տալու համար։ Սակայն «թիվ մեկ» անձնավորությունը լինելու ձգտումը կարող է վտանգավոր լինել։ Ինչպե՞ս։
5. Ինչի՞ կարող է հանգեցնել մրցակցության ոգին, եթե անկառավարելի մնա։
5 Մրցակցության կամ եսասիրության ոգին, եթե անկառավարելի մնա, կարող է անհատին դարձնել անհարգալից ու գոռոզ անձնավորություն։ Անհատը գուցե սկսի նախանձել ուրիշների ունակություններին ու առանձնաշնորհումներին։ Առակաց 28։22–ում ասվում է. «Հարստանալու է շտապում չարաչք [«նախանձ աչք ունեցող», ՆԱ] մարդը, բայց չ’գիտէ թէ կարօտութիւն պիտի գայ իր վերայ»։ Այդպիսի մարդը նույնիսկ կարող է մեծամտաբար ձգտել անելու այն, ինչի իրավունքը չունի։ Իր գործողություններն արդարացնելու համար նա գուցե սկսի տրտնջալ և ուրիշներին քննադատել՝ հակումներ, որոնցից քրիստոնյան պետք է խուսափի (Յակոբոս 3։14–16)։ Ամեն դեպքում, նման անհատը եսակենտրոն մտայնություն զարգացնելու վտանգի առջև է կանգնած։
6. Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը մրցակցության ոգի դրսևորելու վերաբերյալ։
6 Այդ իսկ պատճառով Աստվածաշունչը քրիստոնյաներին խորհուրդ է տալիս. «Սնապարծ չ’լինինք իրար գրգռելով [«մրցակցության հրահրելով», ՆԱ], եւ իրար.... նախանձելով» (Գաղատացիս 5։26)։ Հովհաննես առաքյալը իր նամակում նշեց մի քրիստոնյայի մասին, որը, ակներևաբար, թույլ էր տվել, որ իր մեջ այդպիսի ոգի զարգանա։ «Ես գրեցի եկեղեցուն,— ասաց Հովհաննեսը.— բայց Դիոտրէփէսը որ ուզում է նորանց միջումը առաջինը լինել, մեզ չէ ընդունում։ Սորա համար եթէ գամ նորա գործերը կ’յիշեմ որ չար խօսքերով շատախօսութիւն է անում մեզ վերայ»։ Որքա՜ն ցավալի է, երբ քրիստոնյան նման վիճակի մեջ է ընկնում (Գ Յովհաննէս 9, 10)։
7. Աշխատելով մրցակցության ոգով տոգորված միջավայրում՝ ինչի՞ց քրիստոնյան կցանկանա խուսափել։
7 Իհարկե, անիրական կլինի մտածել, թե քրիստոնյան կարող է լիովին խուսափել մրցակցության տարր պարունակող ցանկացած գործից։ Օրինակ՝ նրա աշխատանքը գուցե ենթադրում է տնտեսական մրցակցություն այլ անհատների կամ ձեռնարկությունների հետ, որոնք արտադրում են նույն ապրանքը կամ մատուցում են նույն ծառայությունները։ Նույնիսկ այդպիսի դեպքերում քրիստոնյան իր բիզնեսը վարելիս կցանկանա մյուսներին վերաբերվել հարգանքով, սիրով և ուշադրությամբ։ Նա կմերժի ապօրինի կամ ոչ քրիստոնեական գործողությունները և կխուսափի հայտնի լինելուց որպես մրցակցող, գայլի նմանվող անձնավորություն։ Նա չի կարծի, թե ցանկացած հարցում «թիվ մեկ» անձնավորություն լինելը ամենակարևոր բանն է կյանքում։ Եթե ոչ հոգևոր բաներում է անհրաժեշտ այսպիսի տրամադրվածություն ունենալ, ապա որքա՜ն ավելի է անհրաժեշտ այդպիսի ոգի դրսևորել հոգևորի հետ կապված հարցերում։
«Ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով»
8, 9. ա) Ինչո՞ւ քրիստոնյա երեցները ոչ մի հիմք չունեն իրար հետ մրցակցելու։ բ) Ինչո՞ւ է Ա Պետրոս 4։10–ը վերաբերում Աստծու բոլոր ծառաներին։
8 Թե յուրաքանչյուր քրիստոնյա ինչ մտայնություն պետք է ունենա Աստծուն մատուցվող երկրպագության մեջ, արտահայտված է հետևյալ ներշնչյալ խոսքերում. «Ամեն մէկը թող իր գործը կշռէ, եւ ապա միայն իր անձի վերայ պարծանք կ’ունենայ, եւ ոչ թէ ուրիշի վերայ [«ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով», ԷԹ]» (Գաղատացիս 6։4)։ Ժողովի երեցները, քաջ գիտակցելով, որ իրենց միջև մրցակցություն չպիտի լինի, սերտորեն համագործակցում են իրար հետ, ինչպես մեկ մարմին։ Յուրաքանչյուր երեց ուրախ է, որ կարող է իր լուման ներդնել ամբողջ ժողովի բարօրության մեջ։ Այդպես վարվելով՝ երեցները խուսափում են պառակտիչ մրցակցությունից և միասնականության լավ օրինակ են թողնում ժողովի մյուս անդամների համար։
9 Որոշ երեցներ տարիքի, փորձի կամ բնածին ընդունակությունների շնորհիվ գուցե մյուս երեցներից ավելի ունակ կամ խորաթափանց լինեն։ Նման հանգամանքների պատճառով Եհովայի կազմակերպության մեջ երեցները տարբեր պատասխանատվություններ ունեն։ Իրար հետ համեմատվելու փոխարեն՝ նրանք միշտ հիշում են հետևյալ խորհուրդը. «Ամեն մէկդ ինչպէս որ շնորհք է ընդունել՝ այն իրար մատակարարեցէք. ինչպէս Աստուծոյ կերպ կերպ շնորհաց լաւ տնտեսներ» (Ա Պետրոս 4։10)։ Այս խոսքերն իրականում վերաբերում են Եհովայի բոլոր ծառաներին, որովհետև բոլորն էլ ինչ–որ չափով որպես «շնորհք»՝ նվեր, ստացել են ճշգրիտ գիտություն, ինչպես նաև քրիստոնեական ծառայությանը մասնակցելու առանձնաշնորհում։
10. Միայն ո՞ր դեպքում մեր սուրբ ծառայությունն ընդունելի կլինի Եհովային։
10 Մեր սուրբ ծառայությունը Եհովային հաճելի կլինի միայն այն դեպքում, եթե մատուցվի սիրուց և նվիրվածությունից և ոչ թե սեփական անձը ուրիշներից վեր դասելու ցանկությունից մղված։ Ուստի անչափ կարևոր է հավասարակշռված տեսակետ ունենալ ճշմարիտ երկրպագությանն աջակցող մեր գործերի վերաբերյալ։ Ոչ մեկը չի կարող ճշգրտորեն դատել մյուսի շարժառիթների մասին։ «Սիրտերը կշռողը» Եհովան է (Առակաց 24։12; Ա Թագաւորաց 16։7)։ Այսպիսով՝ լավ կլինի, եթե ժամանակ առ ժամանակ ինքներս մեզ հարց տանք. «Ի՞նչն է ինձ մղում հավատի գործեր անելու» (Սաղմոս 24։3, 4; Մատթէոս 5։8)։
Ճիշտ տեսակետ մեր կատարած գործերի վերաբերյալ
11. Ի՞նչ հիմնավոր հարցեր կարող են առաջանալ քրիստոնեական ծառայության մեջ կատարած մեր գործերի վերաբերյալ։
11 Եթե Եհովայի բարեհաճությանն արժանանալու հարցում ամենակարևորն այն է, թե ինչ մղումներով ենք ծառայում, ապա որքանո՞վ պետք է հետաքրքրված լինենք հավատի գործեր անելու մեջ։ Եթե մեր ծառայությունը կատարում ենք ճիշտ մղումներով, ապա հարկ կա՞ արդյոք հաշվետվություն կազմել, թե ինչ ենք անում և որքան ենք անում։ Սրանք հիմնավոր հարցեր են, քանի որ չենք ցանկանում, որ մեզ համար թվերը հավատի գործերից ավելի կարևոր դառնան, կամ որ գլխավորապես մտահոգված լինենք լավ հաշվետվությամբ։
12, 13. ա) Ի՞նչ պատճառներով ենք մեր քարոզչական ծառայության վերաբերյալ հաշվետվություն կազմում։ բ) Ինչո՞ւ ենք ուրախանում՝ քննելով համաշխարհային քարոզչական գործունեության հաշվետվությունը։
12 Ուշադրություն դարձնենք, թե ինչ է գրված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքում (ռուս.). «Հիսուս Քրիստոսի վաղ հետևորդներին հետաքրքրում էին քարոզչության գործի առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունները (Մարկոս 6։30)։ Աստվածաշնչի «Գործք առաքելոց» գիրքը պատմում է, որ Պենտեկոստեի օրը սուրբ ոգին թափվեց մոտ 120 աշակերտի վրա։ Շուտով աշակերտների թիվը հասավ մինչև 3 000–ի, այնուհետև՝ 5 000–ի։ .... (Գործք 1։15; 2։5–11, 41, 47; 4։4; 6։7)։ Ի՜նչ մեծ քաջալերանք պետք է որ ստացած լինեին աշակերտները՝ իմանալով այդ աճի մասին»։ Նույն պատճառով այսօր Եհովայի վկաները ջանում են ճշգրիտ հաշվետվություններ կազմել ամբողջ աշխարհում կատարվող քարոզչական գործունեության վերաբերյալ, որի մասին Հիսուսն ասել էր. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։14)։ Այդ հաշվետվությունները իրական պատկեր են ստեղծում, թե ինչ է արվել համաշխարհային դաշտում։ Դրանք ցույց են տալիս, թե որտեղ ինչ օգնության կարիք կա, ինչ և որքան գրականություն է անհրաժեշտ քարոզչական գործի առաջխաղացման համար։
13 Այսպիսով՝ քարոզչական գործի մասին հաշվետվություն կազմելը մեզ օգնում է ավելի արդյունավետ ձևով կատարել մեր հանձնարարությունը՝ Թագավորության բարի լուրի քարոզչությունը։ Բացի այդ, մի՞թե չենք քաջալերվում՝ լսելով աշխարհի մյուս մասերում մեր եղբայրների կատարած աշխատանքի մասին։ Տեղեկություններ ստանալով համաշխարհային գործունեության ընդլայնման ու աճի մասին՝ մենք լցվում ենք ուրախությամբ, ցանկանում ենք է՛լ ավելի մեծ բաժին ունենալ Թագավորության գործում և հավաստիանում ենք Եհովայի օրհնության մեջ։ Իսկ ի՜նչ բավարարվածություն ենք զգում՝ գիտակցելով, որ մեր անձնական հաշվետվությունը նույնպես ընդգրկված է համաշխարհային հաշվետվության մեջ։ Չնայած որ, ընդհանուր հաշվետվության հետ համեմատած, մեր ներդրումը փոքր է, այնուամենայնիվ դա Եհովայի աչքից չի վրիպում (Մարկոս 12։42, 43)։ Հիշի՛ր. առանց քո հաշվետվության՝ համաշխարհային հաշվետվությունը թերի կլինի։
14. Քարոզչության և ուսուցանելու գործից բացի, ուրիշ ի՞նչ է մտնում է Եհովային մատուցվող երկրպագության մեջ։
14 Ինչ խոսք, շատ քրիստոնեական գործեր, որ անում է Եհովային նվիրված յուրաքանչյուր Վկա, չեն արտացոլվում նրա հաշվետվության մեջ։ Օրինակ՝ հաշվետվության մեջ տեղ չեն գտնում Աստվածաշնչի կանոնավոր անձնական ուսումնասիրությունները, քրիստոնեական հանդիպումներին հաճախելն ու մասնակցելը, ժողովում կատարած ծառայությունները, կարիքավոր եղբայրներին ցուցաբերած օգնությունը, Թագավորության համաշխարհային գործին նվիրաբերած դրամը և այլն։ Այսպիսով՝ թեև քարոզչական ծառայության հաշվետվությունը կարևոր է և մեզ օգնում է ծառայության մեջ պահպանել եռանդը և չթուլացնել տեմպը, այնուամենայնիվ պետք է հավասարակշռված տեսակետ ունենանք հաշվետվության վերաբերյալ։ Այն չպետք է դիտել որպես հոգևոր արտոնագիր կամ անձնագիր, որի հիման վրա որոշվում է, թե արդյոք անհատն արժանի է հավիտենական կյանքի։
«Բարի գործերի նախանձաւոր»
15. Թեև չենք կարող փրկվել միայն գործերի շնորհիվ, ինչո՞ւ են դրանք անհրաժեշտ։
15 Պարզ է, որ թեև չենք կարող փրկվել միայն գործերի շնորհիվ, այնուամենայնիվ դրանք անհրաժեշտ են։ Ահա թե ինչու են քրիստոնյաները կոչվում «յատուկ ժողովուրդ.... բարի գործերի նախանձաւոր», և թե ինչու է նրանց հորդոր տրվում իրար հոգ տանել՝ միմյանց սիրո և բարի գործերի մղելով (Տիտոս 2։14; Եբրայեցիս 10։24)։ Իսկ Աստվածաշնչի մեկ ուրիշ գրող՝ Հակոբոսը, ավելի է ընդգծում այդ միտքը. «Ինչպէս որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպէս եւ հաւատքն առանց գործերի մեռած է» (Յակոբոս 2։26)։
16. Ի՞նչն է գործերից ավելի կարևոր, սակայն ո՞ր հարցում պետք է զգույշ լինենք։
16 Բայց ինչքան էլ որ բարի գործերը կարևոր լինեն, այդ գործերի ետևում ընկած մղումները ավելի կարևոր են։ Ուստի իմաստուն կլինի, եթե ժամանակ առ ժամանակ քննենք մեր մղումները։ Քանի որ ոչ մի մարդ չի կարող ճշգրտորեն իմանալ մեկ ուրիշ մարդու մղումները, մենք պետք է զգույշ լինենք, որ ուրիշներին չդատենք։ Մեզ հարց է տրվում. «Դու ո՞վ ես՝ որ ուրիշի ծառային դատում ես», և հետևում է հստակ պատասխանը. «Իր Տիրոջ համար է կանգնում կամ ընկնում» (Հռովմայեցիս 14։4)։ Եհովան՝ ամենի Տերը, և նրա կողմից նշանակված Դատավորը՝ Հիսուս Քրիստոսը, մեզ դատելու են ոչ միայն մեր գործերի հիման վրա, այլ նաև մեր մղումների, հնարավորությունների, ցուցաբերած սիրո և նվիրվածության։ Միայն Եհովան և Հիսուս Քրիստոսը կարող են անսխալ որոշել, թե արդյոք մենք արել ենք այն, ինչ քրիստոնյաներին հորդորում է անել Պողոս առաքյալը. «Ջանք արա [«Ամեն հնարավոր բան արա», ՆԱ] որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես» (Բ Տիմոթէոս 2։15; Բ Պետրոս 1։10; 3։14)։
17. Ջանալով անել հնարավոր ամեն բան՝ ինչո՞ւ պետք է միշտ մեր մտքում պահենք Յակոբոս 3։17–ը։
17 Եհովան խոհեմություն է հանդես բերում այն հարցում, թե ինչ է մեզնից ակնկալում։ Համաձայն Յակոբոս 3։17–ի՝ «վերին իմաստութիւնը», այլ բաների թվում, նաև «խոհեմ» (ՆԱ) է։ Մի՞թե իմաստություն չի լինի և մի՞թե իսկապես հաջողության հասած չենք լինի, եթե այս առումով ընդօրինակենք Եհովային։ Ուստի, մենք չպետք է անխոհեմ ու անիրական ակնկալիքներ ունենանք թե՛ ինքներս մեզնից և թե՛ մեր եղբայրներից։
18. Ինչ լավ բաներ են սպասում մեզ, եթե հավասարակշռված տեսակետ ունենք հավատի մեր գործերի ու Եհովայի անարժան բարության վերաբերյալ։
18 Քանի դեռ հավասարակշռված տեսակետ ունենք հավատի մեր գործերի ու Եհովայի անարժան բարության վերաբերյալ, մենք կկարողանանք պահպանել մեր ուրախությունը, որը Եհովայի ճշմարիտ ծառաների բնորոշ գիծն է (Եսայիա 65։13, 14)։ Մենք կարող ենք ցնծալ այն օրհնությունների համար, որ Եհովան թափում է իր ժողովրդի վրա՝ անկախ այն բանից, թե մենք անհատապես ինչ ներդրում ենք ունեցել։ Ամեն ժամանակ «աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով» դիմելով Աստծուն՝ մենք կխնդրենք նրան, որ օգնի մեզ անել հնարավոր ամեն բան։ Այդ դեպքում, անկասկած, «Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ [մեր] սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4։4–7)։ Այո՛, մենք մխիթարվում ու քաջալերվում ենք այն մտքից, որ կարող ենք փրկվել ոչ միայն գործերի շնորհիվ, այլև Եհովայի անարժան բարության։
Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու քրիստոնյան
• չի պարծենում անձնական հաջողություններով,
• խուսափում է մրցակցության ոգի ցուցաբերելուց,
• հաշվետվություն է տալիս իր քարոզչական ծառայության մասին,
• խուսափում է հավատակիցներին դատելուց։
[նկար 15–րդ էջի վրա]
‘Բավական է քեզ իմ անարժան բարությունը’
[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Յուրաքանչյուր երեց ուրախ է, որ կարող է իր լուման ներդնել ժողովի բարօրության մեջ
[նկարներ 18–րդ և 19–րդ էջերի վրա]
Առանց քո հաշվետվության՝ համաշխարհային հաշվետվությունը թերի կլինի