Կանգուն եղեք՝ որպես հասուններ և հաստատապես համոզվածներ
«[Նա] միշտ տքնաջան աղոթում է ձեզ համար, որպեսզի ի վերջո կանգուն լինեք՝ որպես հասուններ և Աստծո ողջ կամքում՝ հաստատապես համոզվածներ» (Կողոսացիս 4։12, ՆԱ)։
1, 2. ա) Վաղ քրիստոնյաների մասին ի՞նչ էին ասում շրջապատի մարդիկ։ բ) Ինչպե՞ս է «Կողոսացիս» գրքում սիրով լի հետաքրքրվածություն նկատվում։
ՀԻՍՈՒՍԻ հետևորդները խորապես հետաքրքրված էին իրենց հավատակիցներով։ Տերտուլիանոսը (մ.թ. երկրորդ և երրորդ դարի գրող) պատմում է որբերի, աղքատների ու ծերերի հանդեպ նրանց ցուցաբերած բարության մասին։ Սիրո այդպիսի դրսևորումներն այնպես էին տպավորել անհավատ մարդկանց, որ նրանցից ոմանք քրիստոնյաների մասին ասում էին. «Տեսեք, թե ինչպես են իրար սիրում»։
2 «Կողոսացիս» գրքում Պողոս առաքյալի ու իր գործակից Եպափրասի կողմից այդպիսի սիրով լի հետաքրքրվածություն է նկատվում կողոսացի եղբայրների ու քույրերի հանդեպ։ Պողոսը գրեց նրանց. «Եպափրասը.... միշտ տքնաջան աղոթում է ձեզ համար, որպեսզի ի վերջո կանգուն լինեք՝ որպես հասուններ և Աստծո ողջ կամքում՝ հաստատապես համոզվածներ» (ՆԱ)։ 2001 թ. ընթացքում Եհովայի վկաների տարվա խոսքը լինելու է Կողոսացիս 4։12–ի հետևյալ խոսքերը. «Կանգուն եղեք՝ որպես հասուններ և Աստծո ողջ կամքում՝ հաստատապես համոզվածներ»։
3. Ո՞ր երկու բաների համար էր աղոթում Եպափրասը։
3 Ինչպես տեսնում ենք, Եպափրասը իրեն սիրելի մարդկանց համար ասված աղոթքներում երկու բան է խնդրում. 1) որ նրանք ‘ի վերջո կանգուն մնան՝ որպես հասուններ’ և 2) որ նրանք կանգուն մնան՝ որպես «Աստծո ողջ կամքում՝ հաստատապես համոզվածներ»։ Այս խոսքերը Գրությունների մեջ են ընդգրկվել մեր օգտի համար։ Ուստի, հարցրու ինքդ քեզ. «Անձամբ ինձ ի՞նչ է պետք, որպեսզի ի վերջո կանգուն լինեմ՝ որպես հասուն և Աստծո ողջ կամքում՝ հաստատապես համոզված։ Եվ եթե դա անեմ, ի՞նչ արդյունքի կհասնեմ»։ Եկե՛ք տեսնենք։
Ջանացեք ‘կանգուն լինել՝ որպես հասուններ’
4. Ի՞նչ իմաստով կողոսացիները պետք է «հասուն» լինեին։
4 Եպափրասը շատ էր ցանկանում, որ Կողոսայի իր հոգևոր եղբայրներն ու քույրերը ‘ի վերջո կանգուն լինեին՝ որպես հասուններ’։ Պողոսի օգտագործած բառը, որը թարգմանվել է «հասուն», կարող է նշանակել «կատարյալ», «չափահաս» կամ «հասունացած» (Մատթէոս 19։21; Եբրայեցիս 5։14; Յակոբոս 1։4, 25)։ Հավանաբար գիտեք, որ մկրտվելն ու Եհովայի վկա դառնալը ինքնըստինքյան չի նշանակում, որ տվյալ անձնավորությունը արդեն հասուն քրիստոնյա է։ Պողոսը գրեց եփեսացիներին (որոնց քաղաքը Կողոսայից արևմուտք էր գտնվում), որ հովիվներն ու ուսուցիչները ջանան օգնել ‘բոլորին՝ հասնելու հավատի կատարյալ միությանն ու Աստծո Որդու ճանաչմանը, կատարյալ մարդու աստիճանին [«չափահաս մարդու հասունությանը», ՆԱ]՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը’։ Ամենուր Պողոսը հորդորում էր քրիստոնյաներին ‘մտքով լինել չափահաս’ (Եփեսացիս 4։8–13; Ա Կորնթացիս 14։20)։
5. Ինչպե՞ս կարող ենք հասունությունը մեր գլխավոր նպատակը դարձնել։
5 Եթե կողոսացիներից ոմանք դեռևս չէին հասել հոգևոր չափահասության և հասունության, ապա դա պետք է իրենց նպատակը դարձնեին։ Կարո՞ղ ենք արդյոք նույնն ասել մեր օրերի համար։ Անկախ նրանից՝ տասնյակ տարիներ, թե մի քանի տարի առաջ ենք մկրտվել, կարո՞ղ ենք համարել, որ մեր հասկացողությունն ու տեսակետները նկատելիորեն բարելավվել են։ Նախքան որոշումներ կայացնելը, հաշվի առնո՞ւմ ենք աստվածաշնչյան սկզբունքները։ Դեպքից դե՞պք ենք հիշում ժողովի կամ Աստծուն առնչվող բաների մասին, թե՞ դրանց մեծ տեղ ենք հատկացնում մեր կյանքում։ Հնարավոր չէ այստեղ նկարագրել բոլոր այն իրավիճակները, որոնցում կարող ենք հոգևորապես հասունանալ. այնուհանդերձ, եկեք դիտարկենք երկու օրինակ։
6. Ո՞ր ուղղությամբ է հարկավոր անհատին փոփոխություններ կատարել, որպեսզի ձգտի Աստծո պես կատարյալ լինել։
6 Օրինակ առաջին։ Ենթադրենք՝ մեծացել ենք այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունեն նախապաշարմունքներ կամ թշնամական վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց մաշկի գույնով տարբերվում են մեզանից, այլազգի են, կամ էլ ուրիշ շրջաններից են տեղափոխվել մեզ մոտ։ Մենք գիտենք, որ Աստված աչառ չէ, և մենք նույնպես պետք է այդպիսին լինենք (Գործք 10։14, 15, 34, 35)։ Այդ մարդիկ հաճախում են մեր ժողովի հանդիպումներին կամ ապրում են մեր շրջանում, ուստի մենք գտնվում ենք նրանց շրջապատում։ Սակայն շարունակո՞ւմ ենք մեր մեջ բացասական զգացումներ պահել կամ կասկածամտություն հանդես բերել այդ մարդկանց հանդեպ։ Արդյո՞ք անբարյացակամ ենք դառնում ու իսկույն վատը մտածում, երբ նրանցից մեկը սխալ քայլ է կատարում մեր հանդեպ կամ աննշան վիրավորանք հասցնում։ Ինքներդ ձեզ հարց տվեք. «Կարիք ունե՞մ փոփոխությունների, որպեսզի Աստծո պես անաչառ լինեմ»։
7. Ի՞նչ տեսակետ է հարկավոր ունենալ մյուսների մասին, եթե ուզում ենք հասուն քրիստոնյա դառնալ։
7 Օրինակ երկրորդ։ Համաձայն Փիլիպպեցիս 2։3–ի՝ մենք չպետք է անենք ‘որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկս մյուսին ավելի լավ համարենք’։ Ի՞նչ առաջընթաց ենք ապրում այս առումով։ Ամեն մարդ էլ ունի իր թույլ և ուժեղ կողմերը։ Եթե նախկինում արագորեն նկատում էինք մյուսների թերությունները, ապա արդյո՞ք այնքան ենք առաջադիմել, որ այլևս նրանցից չենք ակնկալում գրեթե «կատարեալ» լինել (Յակոբոս 3։2)։ Հիմա առավել, քան առաջ, արդյո՞ք ունակ ենք տեսնել, նույնիսկ փնտրել այնպիսի իրավիճակներ, որոնցում ուրիշները մեզանից ավելի լավ են իրենց դրսևորում։ «Պետք է խոստովանեմ, որ այս քույրն ավելի համբերատար է, քան ես»։ «Նա ավելի ուժեղ հավատ ունի»։ «Անկեղծորեն ասած, նա ավելի լավ ուսուցիչ է, քան ես»։ «Նա ավելի լավ է կարողանում իրեն տիրապետել»։ Հավանաբար, որոշ կողոսացիներ այս առումով բարելավումներ կատարելու կարիք ունեին։ Իսկ մե՞նք։
8, 9. ա) Ի՞նչ էր ուզում ասել Եպափրասը՝ աղոթելով, որ կողոսացիները ‘կանգուն լինեն’ որպես հասուններ։ բ) ‘Որպես հասուններ կանգուն լինելը’ ի՞նչ էր նշանակում ապագայի առնչությամբ։
8 Եպափրասն աղոթում էր, որ կողոսացիները ‘կանգուն լինեն՝ որպես հասուններ’։ Հասկանալի է, որ Եպափրասն աղոթում էր Աստծուն, որ կողոսացիներն այնքանով, որքանով որ կատարյալ, հասուն, չափահաս քրիստոնյաներ էին, կարողանային «կանգուն լինել» կամ այդպիսին մնալ։
9 Մենք չենք կարող վստահ լինել, որ յուրաքանչյուր ոք, ով դառնում է քրիստոնյա, նույնիսկ՝ հասուն, շարունակելու է այդպիսին մնալ։ Հիսուսն ասաց, որ Աստծո որդիներից՝ հրեշտակներից մեկը «ճշմարտութեան մէջ չմնաց» (Յովհաննէս 8։44)։ Իսկ Պողոսը հիշեցրեց կորնթացիներին նրանց մասին, ովքեր նախկինում միառժամանակ ծառայել էին Եհովային, իսկ հետո՝ թողել։ Նա զգուշացնում էր ոգով օծված եղբայրներին. «Ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգոյշ լինի, գուցէ թէ ընկնի» (Ա Կորնթացիս 10։12)։ Այս խոսքերն ուժ են հաղորդում կողոսացիների համար ասված աղոթքին՝ որ ‘ի վերջո կանգուն լինեն՝ որպես հասուններ’։ Եթե նրանք կատարյալ, չափահաս էին դարձել, ապա պետք է այդպես շարունակեին, չհոգնեին, ետ չքաշվեին ու չհեռանային (Եբրայեցիս 2։1, ՆԿ–ի ՆԱԹ; 3։12; 6։6; 10։39, ԱԹ; 12։25)։ Այդպիսով՝ նրանք «որպես հասուններ» կլինեին այցելության օրը և արդյունքում Աստծո հավանությանը կարժանանային (Բ Կորնթացիս 5։10; Ա Պետրոս 2։12)։
10, 11. ա) Աղոթելու ի՞նչ օրինակ է թողել մեզ համար Եպափրասը։ բ) Եպափրասի աղոթքը ի՞նչ անելու է մեզ մղում։
10 Արդեն քննարկել ենք ուրիշների համար անվանապես, ինչպես նաև կոնկրետ կերպով աղոթելու կարևորությունը, երբ խնդրում ենք Եհովային օգնել, մխիթարել, օրհնել և իր սուրբ ոգին տալ նրանց։ Կողոսացիների համար ասված Եպափրասի աղոթքն այդպիսին էր։ Մենք կարող ենք և հարկավոր է տեսնել, որ այդ խոսքերում արժեքավոր միտք կա այն մասին, թե աղոթելիս ինչ ենք խնդրում Եհովայից մեզ համար։ Անշուշտ, պետք է խնդրել Եհովային օգնելու մեզ, որ անձամբ ‘ի վերջո կանգուն լինենք՝ որպես հասուններ’։ Խնդրո՞ւմ ենք արդյոք։
11 Ինչո՞ւ աղոթելիս չխոսես քո իրավիճակի մասին։ Պատմիր Աստծուն, թե որքան ես առաջադիմել «հասուն» ու «չափահաս» դառնալու մեջ։ Թախանձագին խնդրիր նրան, որ օգնի քեզ տեսնել, թե ո՛ր ասպարեզներում դեռևս հոգևորապես աճելու կարիք ունես (Սաղմոս 17։3; 139։23, 24)։ Անկասկած, այդպիսի ասպարեզներ կան։ Վհատվելու փոխարեն՝ հստակորեն օգնություն խնդրիր Աստծուց՝ հաջողությունների հասնելու համար։ Մի՛ բավարարվիր մեկ անգամ աղոթելով։ Եվ իրոք, ինչո՞ւ չորոշել հենց հաջորդ շաբաթ հանգամանորեն աղոթել, որ ‘ի վերջո կանգուն լինես՝ որպես հասուն’ անձնավորություն։ Նախատեսիր հետագայում էլ աղոթել՝ մինչ խորհում ես տարվա խոսքի շուրջ։ Աղոթելու ժամանակ կենտրոնացիր այն միտումների վրա, որոնք կարող են քեզ ետ քաշել, հոգնեցնել կամ հեռացնել Աստծո ծառայությունից. միաժամանակ խնդրիր այն մասին, թե ինչպես կարող ես խուսափել դրանք անելուց (Եփեսացիս 6։11, 13, 14, 18)։
Աղոթեցեք հաստատապես համոզված լինելու համար
12. Ինչո՞ւ կողոսացիները հատկապես ‘հաստատապես համոզված’ լինելու կարիք ունեին։
12 Եպափրասը նաև աղոթեց մեկ այլ բանի մասին, որը կենսականորեն կարևոր էր կողոսացիների համար, եթե նրանք, վերջին հաշվով, շարունակեին Եհովային ընդունելի ձևով կանգուն մնալ։ Դա հավասարապես անհրաժեշտ է նաև մեզ։ Ի՞նչ էր դա։ Նա աղոթեց, որ նրանք կանգուն լինեն՝ որպես «Աստծո ողջ կամքում՝ համոզվածներ»։ Կողոսացի քրիստոնյաները շրջապատված էին աղանդավորությամբ և քայքայիչ փիլիսոփայությամբ, որոնցից մի քանիսը ճշմարիտ պաշտամունքի խաբուսիկ տեսք ունեին։ Օրինակ՝ նրանց վրա ճնշում էր բանեցվում, որպեսզի պահեին ծոմերի ու տոների հետ կապված հատուկ օրերը, որոնք մի ժամանակ ընդունված էին հրեաների երկրպագության մեջ։ Կեղծ ուսուցիչներն էլ կենտրոնանում էին հրեշտակների վրա, որոնք Օրենքը տվեցին Մովսեսին։ Պատկերացնո՜ւմ եք՝ ընկնել այդպիսիների ազդեցության տակ։ Այո՛, իրար հակասող գաղափարների բազմազանություն էր տիրում (Գաղատացիս 3։19; Կողոսացիս 2։8, 16–18)։
13. Ո՞ր հանգամանքն ընդունելը կօգներ ինչպես կողոսացիներին, այնպես էլ՝ մեզ։
13 Հակառակվելով այդ գաղափարներին՝ Պողոսը շեշտեց Հիսուս Քրիստոսի դերը. «Ինչպէս որ ընդունեցիք Քրիստոս Յիսուսին՝ Տիրոջը, այնպէս էլ ընթացէ՛ք նրանով՝ արմատաւորուած եւ կառուցուած նրա վրայ, հաստատ մնալով հաւատի մէջ, ինչպէս որ ուսանեցիք»։ Այո՛, հարկավոր էր (և՛ կողոսացիների, և՛ մեզ համար) լիակատար համոզվածություն հանդես բերել Աստծո նպատակների, ինչպես նաև մեր կյանքում Քրիստոսի ունեցած դերի հանդեպ։ Պողոսը բացատրեց. «Նրա մէջ է բնակւում Աստուածութեան ամբողջ լիութիւնը մարմնապէս։ Դուք էլ էք լցուած նրանով, որ գլուխն է ամէն իշխանութեան եւ պետութեան» (Կողոսացիս 2։6–10)։
14. Կողոսացիների հույսը ինչո՞ւ կարելի էր իրական համարել։
14 Կողոսացիները ոգով օծված քրիստոնյաներ էին։ Նրանց երկնային կյանքի հույսը հաստատ էր, և նրանք բոլոր հիմքերն ունեին դա վառ պահելու (Կողոսացիս 1։5)։ ‘Աստծո կամքն’ էր, որ նրանք հաստատապես համոզված լինեին իրենց հույսի մեջ։ Արդյո՞ք նրանցից որևէ մեկը այդ հույսի հետ կապված կասկածներ ուներ։ Ամենևի՛ն։ Իսկ տարբերություն կա՞ մեր պարագայում, երբ դրախտ–երկրում Աստծո խոստացած հավիտենական կյանքով ապրելու հեռանկարն ունենք։ Իհարկե, չկա։ Այդ հաստատուն հույսը ‘Աստծո կամքի’ բաղկացուցիչ մասն է կազմում։ Այժմ նկատի առնենք հետևյալ հարցերը. «Եթե ձգտում ես այն «մեծ բազմության» անդամներից մեկը լինել, որը պիտի վերապրի «մեծ նեղությունը», ապա որքանո՞վ է իրական քո հույսը (Յայտնութիւն 7։9, 14)։ Արդյո՞ք դա Աստծո ողջ կամքում քո հաստատ համոզվածության մի մասն է կազմում։
15. Պողոսն ի՞նչ հաջորդականության մասին խոսեց, որտեղ խոսվում է նաև հույսի մասին։
15 «Հույս» ասելով՝ չենք հասկանում անորոշ ցանկություններ կամ անուրջներ։ Դա կարելի է նկատել Պողոսի՝ հռոմեացիներին ավելի վաղ գրած նամակում բերված փաստարկների հաջորդականությունից։ Այդ հաջորդականության մեջ յուրաքանչյուր կետ կապված է մյուսի հետ կամ էլ բխում է մյուսից։ Ուշադրություն դարձրեք, թե Պողոսը որ տեղում է դրել «հույսը» իր հիմնավորման մեջ. «Ցնծանք՝ քանի նեղությունների մեջ ենք, քանզի գիտենք, որ նեղությունները տոկունություն են բերում, տոկունությունը՝ հավանություն, հավանությունը՝ հույս, իսկ հույսը չի հիասթափեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերում սուրբ ոգու միջոցով» (Հռովմայեցիս 5։3–5, ՆԱ)։
16. Աստվածաշնչյան ճշմարտությունները սովորելիս ի՞նչ հույս եք ձեռք բերել։
16 Երբ Եհովայի վկաներն առաջին անգամ խոսեցին ձեզ հետ աստվածաշնչյան լուրի մասին, հավանաբար, նրանում պարփակված մի ինչ–որ ճշմարտություն գրավեց ձեր ուշադրությունը, ինչպես ասենք, ճշմարտությունը մահացածների վիճակի կամ հարության գաղափարի մասին։ Շատերին հետաքրքրեց դրախտային երկրում ապրելու աստվածաշնչյան հեռանկարը։ Հիշեցեք այն օրը, երբ առաջին անգամ լսեցիք դրա մասին։ Ինչպիսի՜ չքնաղ հույս. այլևս չեն լինի հիվանդներ ու տարեցներ, կարող եք շարունակ վայելել ձեր աշխատանքի պտուղները, խաղաղություն կհաստատվի կենդանիների հետ (Ժողովող 9։5, 10; Եսայիա 65։17–25; Յովհաննէս 5։28, 29; Յայտնութիւն 21։3, 4)։ Ինչ խոսք, դուք հրաշալի հույս եք ձեռք բերել։
17, 18. ա) Ինչպե՞ս է Պողոսի ներկայացրած հաջորդականությունը առաջնորդում դեպի հույս։ բ) Ինչպիսի՞ հույսի մասին է խոսվում Հռովմայեցիս 5։4, 5–ում։ Ունե՞ք արդյոք այդպիսի հույս։
17 Ժամանակի ընթացքում, հավանաբար, հակառակության եք հանդիպել կամ հալածանքներ եք կրել (Մատթէոս 10։34–39; 24։9)։ Նույնիսկ մեր օրերում Վկաների տները թալանվել են կամ նրանք ստիպված են եղել դառնալ փախստականներ։ Ոմանք ֆիզիկական բռնության են ենթարկվել, բռնագրավվել է նրանց աստվածաշնչյան գրականությունը, կամ էլ նրանց մասին զանգվածային լրատվական միջոցներում կեղծ հաղորդումներ ու հրապարակումներ են տրվել։ Ինչպիսի փորձության էլ որ հանդիպել եք, ինչպես Հռովմայեցիս 5։3–ում է ասվում, դուք կարողացել եք ցնծալ նեղությունների մեջ, և դա հրաշալի արդյունքների է բերել։ Ինչպես որ Պողոսն էր ասում, նեղությունները ձեր մեջ տոկունություն առաջ բերեցին։ Իսկ տոկունությունն իր հերթին հանգեցրեց հավանության։ Դուք գիտեիք, որ անում եք այն, ինչը որ ճիշտ է, կատարում էիք Աստծո կամքը, ուստի վստահ էիք, որ ունեք նրա հավանությունը։ Դուք զգում էիք դա։ Իր միտքը շարունակելով՝ Պողոսը գրեց, որ ‘հավանությունը հույս’ [է ծնում]։ Այս պահը կարող է մի փոքր տարօրինակ թվալ այն պատճառով, որ Պողոսը «հույսը» վերջում դրեց։ Մի՞թե հենց այն ժամանակ, երբ առաջին անգամ լսեցիք բարի լուրը, հույս չունեիք։
18 Պարզ է, որ Պողոսն այստեղ նկատի չուներ հավիտենական կյանքի հանդեպ տածած մեր սկզբնական հույսերը։ Ինչը որ նա նկատի ուներ, ավելին էր դրանից. դա ավելի խորն էր, ավելի մղիչ ուժ ուներ։ Երբ հավատարմորեն տոկում ենք ու, այդպիսով, գիտակցում, որ ունենք Աստծո հավանությունը, մեր սկզբնական հույսն ավելի է մեծանում ու ամրանում։ Հույսը դառնում է ավելի իրական, ավելի հաստատուն. դառնում է ձեր սեփականը։ Այսպիսի հույսը ավելի պայծառ կերպով է փայլում։ Այն ներծծվում է մեր էության, մեր մարմնի յուրաքանչյուր բջջի մեջ։ «Իսկ հույսը չի հիասթափեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերում սուրբ ոգու միջոցով»։
19. Ինչպե՞ս պետք է ձեր հույսը ձեր կանոնավոր աղոթքների մի մասը դառնա։
19 Եպափրասը ջերմեռանդորեն աղոթեց, որ կողոսացի եղբայրներն ու քույրերը հետաքրքրվեին իրենց ապագայով ու վստահ լինեին դրանում՝ ‘Աստծո ողջ կամքում հաստատապես համոզված’ լինելով։ Թող որ մեզանից յուրաքանչյուրն էլ կանոնավորաբար աղոթի Աստծուն իր հույսի մասին։ Ձեր անձնական աղոթքներում խոսեք նոր աշխարհի վերաբերյալ ձեր տածած հույսի մասին։ Ցույց տվեք Եհովային, թե որքա՜ն եք փափագում դրան՝ հաստատապես համոզված լինելով, որ այն կգա։ Խնդրեք նրան, որ ձեր համոզվածությունն է՛լ ավելի խորանա։ Ինչպես Եպափրասն աղոթեց, որ կողոսացիները «Աստծո ողջ կամքում հաստատապես համոզվածներ» լինեին, նույնն էլ դուք արեք։ Եվ հաճախակի։
20. Երբ ոմանք շեղվում են քրիստոնեական ուղուց, ինչո՞ւ հարկ չկա վհատվելու։
20 Կարիք չկա խուճապի մատնվելու կամ վհատվելու, երբ տեսնում եք, որ բոլորը չէ, որ կանգուն են՝ որպես հասուններ ու հաստատապես համոզվածներ։ Ոմանք թուլանում են, մյուսները՝ շեղվում ճանապարհից, ուրիշներն էլ պարզապես անձնատուր են լինում։ Նման իրավիճակում հայտնվեցին Հիսուսի ամենամտերիմ մարդիկ՝ իր առաքյալները։ Սակայն երբ Հուդան դավաճան դարձավ, մի՞թե նրանք թևաթափ եղան կամ էլ ետ կանգնեցին։ Անշուշտ, ո՛չ։ Պետրոսը Սաղմոս 109։8–ը մեջբերեց՝ ցույց տալու համար, որ Հուդայի տեղը մեկ ուրիշն է լինելու։ Կատարվեց ընտրություն՝ թափուր տեղը լցնելու համար, և Աստծուն հավատարիմ մարդիկ ակտիվորեն կատարեցին իրենց քարոզչական գործը (Գործք 1։15–26)։ Նրանք վճռել էին կանգուն մնալ՝ որպես հասուններ և հաստատապես համոզվածներ։
21, 22. Ի՞նչ իմաստով ձեր՝ որպես հասուն և հաստատապես համոզված անձնավորություն լինելը նկատելի կդառնա։
21 Դուք կարող եք միանգամայն վստահ լինել, որ եթե կանգուն լինեք՝ որպես հասուններ ու Աստծո ողջ կամքում՝ հաստատապես համոզվածներ, ապա դա աննկատ չի մնա։ Դա կնկատվի ու բարձր կգնահատվի։ Ո՞ւմ կողմից։
22 Դա կնկատվի քո եղբայրների ու քույրերի կողմից, որոնք ճանաչում և սիրում են քեզ։ Նույնիսկ եթե նրանց մեծ մասը խոսքերով չեն արտահայտվում, նրանք կզգան այն, ինչ որ կարդում ենք Ա Թեսաղոնիկեցիս 1։2–6-ում. ‘Միշտ գոհություն ենք հայտնում Աստծուն ձեզ համար՝ բոլորիդ հիշատակելով մեր աղոթքներում, անդադար հիշելով ձեր հավատի գործը, սիրո վաստակը և հույսի համբերությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Աստծո և մեր Հոր առաջ.... Մեր ավետարանը միայն խոսքերով չքարոզվեց ձեզ, այլ նաև զորությամբ, Սուրբ Հոգով եւ կատարյալ վստահությամբ [«համոզվածությամբ», ՆԱ].... Եվ դուք նմանվեցեք մեզ և Տիրոջը’։ Քո շրջապատում գտնվող հավատարիմ քրիստոնյաները նույնը կզգան քո հանդեպ, քանի որ կտեսնեն, թե ինչպես ես կանգուն մնում որպես հասուն և Աստծո ողջ կամքում հաստատապես համոզված անձնավորություն (Կողոսացիս 1։23)։
23. Ինչպիսի՞ վճռականություն է հարկավոր ցույց տալ գալիք տարվա ընթացքում։
23 Անկասկած, կտեսնի նաև ձեր երկնային Հայրը, ու դա իրեն հաճելի կլինի։ Վստահ եղեք, որ դա այդպես է։ Ինչո՞ւ։ Քանի որ դուք ‘կանգնած եք՝ որպես հասուններ ու Աստծո ողջ կամքում՝ հաստատապես համոզվածներ’։ Պողոսը քաջալերական խոսքեր գրեց կողոսացիներին ‘Տիրոջը արժանի կերպով քայլելու և ամեն բանի մեջ իրեն հաճեցնելու’ անհրաժեշտության մասին (Կողոսացիս 1։10, Արևմտ. Աստ.)։ Այո՛, անկատար մարդու համար հնարավո՛ր է Եհովային ամեն բանում հաճեցնելը։ Ձեր կողոսացի եղբայրներն ու քույրերը այդպես վարվեցին։ Հենց հիմա դա են անում ձեր շրջապատում գտնվող քրիստոնյաները։ Դուք նույնպես կարող եք անել։ Ուստի, գալիք տարվա ընթացքում թող որ ձեր ամենօրյա աղոթքներն ու գործողությունները ցույց տան, որ վճռել եք ‘ի վերջո կանգուն լինել՝ որպես հասուններ և Աստծո ողջ կամքում՝ հաստատապես համոզվածներ’։
Կարո՞ղ եք հիշել
• Ի՞նչ է իր մեջ պարունակում քո՝ ‘որպես հասուն կանգուն լինելը’։
• Երբ աղոթում ենք մեր մասին, ի՞նչ է հարկավոր խնդրել։
• Հաշվի առնելով Հռովմայեցիս 5։4, 5–ը, ինչպիսի՞ն եք ցանկանում, որ ձեր հույսը լինի։
• Մեր ուսումնասիրությունն ի՞նչ նպատակների է մղում ձեզ գալիք տարվա ընթացքում։
[նկար 20–րդ էջի վրա]
Եպափրասն աղոթեց, որ իր եղբայրները շարունակեն մնալ որպես հասուններ՝ հաստատապես համոզված լինելով Քրիստոսի և իրենց հույսի մեջ։
[նկարներ 23–րդ էջի վրա]
Միլիոնավոր անհատներ ձեզ նման ամուր հույս ունեն և հաստատապես համոզված են։