Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 12/15 էջ 17–22
  • Ընդունո՞ւմ ես Եհովայի օգնությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընդունո՞ւմ ես Եհովայի օգնությունը
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հրեշտակների օգնությունը
  • Հրեշտակապետի օգնությունը
  • Սուրբ ոգու օգնությունը
  • Աստծո Խոսքի օգնությունը
  • Հավատակիցների օգնությունը
  • Եհովան մեր Օգնականն է
    2004 Դիտարան
  • Ինչպես կարող են հրեշտակները օգնել ձեզ
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Հրեշտակներ. նրանց դերը մեր կյանքում
    2006 Դիտարան
  • Հրեշտակներն ինչպե՞ս կարող են ձեզ օգնել
    1998 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 12/15 էջ 17–22

Ընդունո՞ւմ ես Եհովայի օգնությունը

«[Եհովան] է իմ օգնականը, եւ ես չեմ վախենալ» (ԵԲՐԱՅԵՑԻՍ 13։6)։

1, 2. Ինչո՞ւ է կարևոր ընդունել Եհովայի օգնությունն ու առաջնորդությունը։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, որ ճանապարհորդում ես լեռնային արահետով։ Սակայն դու մենակ չես. քեզ հետ կա մեկը, որը ցանկություն է հայտնել ուղեկցելու քեզ։ Նրանից ավելի լավ ուղեկից չկա։ Թեպետ նա քեզնից շատ ավելի փորձառու և դիմացկուն է, սակայն համբերատարությամբ քայլում է քո կողքով։ Ուղեկիցդ նկատում է, որ երբեմն սայթաքում ես։ Անհանգստանալով քեզ համար՝ նա արահետի առանձնապես վտանգավոր հատվածներից մեկում իր ձեռքը մեկնում է, որպեսզի քեզ օգնի։ Կմերժե՞ս նրա օգնությունը։ Անշուշտ ո՛չ։ Չէ՞ որ քեզ վտանգ է սպառնում։

2 Մենք՝ քրիստոնյաներս, քայլում ենք դժվարանցանելի արահետով։ Պե՞տք է արդյոք այդ նեղ ճանապարհով միայնակ գնանք (Մատթէոս 7։14)։ Ոչ, քանի որ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ լավագույն Ուղեկիցը, որ երբևէ կարող ենք ունենալ՝ Եհովա Աստված, մեզ թույլ է տալիս իր հետ քայլել (Ծննդոց 5։24, ԱԱ; 6։9, ԱԱ)։ Իսկ արդյո՞ք Եհովան օգնում է այդ ճանապարհով քայլող իր ծառաներին։ Աստված ասում է. «Ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը. որ ասում եմ քեզ, Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ» (Եսայիա 41։13)։ Մեր օրինակում նշված ուղեկցի պես՝ Եհովան սիրով իր օգնական ձեռքն է մեկնում և իր ընկերությունն է առաջարկում նրանց, ովքեր ջանում են քայլել իր հետ։ Անտարակույս, մեզնից ոչ ոք չի ցանկանա մերժել նրա օգնությունը։

3. Այս հոդվածը քննարկելիս ի՞նչ հարցեր ենք շոշափելու։

3 Նախորդ հոդվածում քննարկեցինք չորս կերպեր, որոնցով Եհովան օգնել է իր ժողովրդին անցյալում։ Նա նույն ձևով օգնո՞ւմ է իր ժողովրդին մեր օրերում։ Իսկ ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ ընդունում ենք նրանից եկած ցանկացած օգնություն։ Եկեք քննենք այս հարցերը։ Ուսումնասիրելով դրանք՝ մենք կարող ենք է՛լ ավելի վստահանալ, որ Եհովան իսկապես մեր Օգնականն է (Եբրայեցիս 13։6)։

Հրեշտակների օգնությունը

4. Ինչո՞ւ Աստծո ներկայիս ծառաները կարող են վստահ լինել, որ հրեշտակները աջակցում են իրենց։

4 Արդյոք հրեշտակներն օգնո՞ւմ են Եհովայի ներկայիս ծառաներին։ Այո, օգնում են։ Սակայն նրանք այսօր տեսանելի կերպով չեն հայտնվում ազատելու համար ճշմարիտ երկրպագուներին վտանգավոր իրավիճակներից։ Նույնիսկ աստվածաշնչային ժամանակներում հրեշտակները հազվադեպ են գործել այդպիսի ձևով։ Նրանց կատարած գործը մեծամասամբ մարդկային աչքին անտեսանելի է եղել, ինչպես և այսօր։ Այնուամենայնիվ, Աստծո այն ծառաները, ովքեր հասկացել են, որ տվյալ իրավիճակում հրեշտակները ներկա են եղել իրենց օգնելու նպատակով, անչափ մխիթարվել են (Դ Թագաւորաց 6։14–17)։ Մենք բոլոր հիմքերն ունենք նույն զգացումն ունենալու։

5. Համաձայն Աստվածաշնչի՝ ինչպե՞ս են այսօր հրեշտակները ներգրավված քարոզչության գործում։

5 Եհովայի հրեշտակներին հետաքրքրում է հատկապես մի հատուկ գործ, որն անելու մեջ մենք էլ բաժին ունենք։ Ո՞րն է այդ գործը։ Հարցի պատասխանը կարող ենք գտնել Յայտնութիւն 14։6–ում. «Տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի»։ Այս ‘հավիտենական ավետիքը’ սերտ կապ ունի ‘արքայության այն ավետարանի’ հետ, որը, ինչպես կանխագուշակեց Հիսուսը, «բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար», նախքան այս համակարգի վախճանը կգա (Մատթէոս 24։14)։ Ինչ խոսք, հրեշտակներն անձամբ չեն քարոզում։ Հիսուսը մարդկանց է տվել այս կարևոր հանձնարարությունը (Մատթէոս 28։19, 20)։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ այս գործը կատարելու մեջ մեզ օգնում են սուրբ հրեշտակները՝ իմաստուն ու զորավոր ոգեղեն էակները։

6, 7. ա) Ի՞նչից է երևում, որ հրեշտակները աջակցում են քարոզչության գործին։ բ) Ո՞ր դեպքում կարող ենք վստահ լինել, որ Եհովայի հրեշտակները կաջակցեն մեզ։

6 Բազմաթիվ ապացույցներ կան այն բանի, որ հրեշտակները թիկունք են կանգնում մեզ քարոզչության գործում։ Օրինակ՝ հաճախ ենք լսում այն մասին, որ քարոզչական ծառայության ժամանակ Եհովայի վկաները հանդիպում են անհատի, որն այդ հանդիպումից առաջ աղոթել էր Աստծուն՝ նրանից օգնություն խնդրելով ճշմարտությունը գտնելու։ Նման դեպքերն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանք համարել պարզապես զուգադիպություն։ Հրեշտակների օգնության շնորհիվ ավելի ու ավելի շատ անհատներ են սովորում անել այն, ինչ ասաց ‘երկնքի մեջ թռչող’ հրեշտակը. «Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան» (Յայտնութիւն 14։7)։

7 Փափագո՞ւմ ես ունենալ Եհովայի հզոր հրեշտակների աջակցությունը։ Այդ դեպքում ամեն ինչ արա, որպեսզի լիարժեքորեն մասնակցես ծառայությանը (Ա Կորնթացիս 15։58)։ Եթե մեր անձը առանց խնայելու տրամադրենք Եհովայից տրված այս հատուկ հանձնարարությունը կատարելուն, ապա կարող ենք ակնկալել, որ նրա հրեշտակները մեզ կօգնեն։

Հրեշտակապետի օգնությունը

8. Ի՞նչ բարձր դիրք է զբաղեցնում Հիսուսը երկնքում, և ինչո՞ւ է դա քաջալերական մեզ համար։

8 Հրեշտակների միջոցով տրվող օգնությունից բացի, Եհովան մեկ ուրիշ ոգեղեն արարածի միջոցով էլ է մեզ օգնում։ Յայտնութիւն 10։1–ում նկարագրվում է մի պատկառազդու «զօրաւոր հրեշտակ», որի երեսը «արեգակի նման» էր։ Տեսիլքում հայտնված այս հրեշտակը ակներևաբար պատկերում է փառաբանված Հիսուս Քրիստոսին՝ երկնային իշխանությամբ (Յայտնութիւն 1։13, 16)։ Իսկապե՞ս Հիսուսը հրեշտակ է։ Որոշ իմաստով՝ այո, քանի որ նա հրեշտակապետ է (Ա Թեսաղոնիկեցիս 4։16)։ Հիսուսը Եհովայի ոգեղեն որդիներից ամենազորավորն է։ Եհովան նրա ղեկավարությանն է հանձնել իր հրեշտակային զորքերը։ Այս հրեշտակապետն իսկապես օգնության զորավոր աղբյուր է։ Ո՞ր հարցերում։

9, 10. ա) Ինչպե՞ս է Հիսուսը ծառայում որպես «օգնական», երբ մեղանչում ենք։ բ) Հիսուսի օրինակն ինչպե՞ս է օգնում մեզ։

9 Տարեց Հովհաննես առաքյալը գրեց. «Եթէ մէկը մեղանչէ, բարեխօս [«օգնական», ՆԱ] ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին» (Ա Յովհաննէս 2։1)։ Ինչո՞ւ Հովհաննեսը գրեց, որ Հիսուսը մեր օգնականն է, մասնավորապես երբ մենք ‘մեղանչում’ ենք։ Ինչ խոսք, մենք ամեն օր մեղանչում ենք, իսկ մեղքը մահվան է տանում (Ժողովող 7։20; Հռովմայեցիս 6։23)։ Սակայն Հիսուսն իր կյանքը զոհաբերեց մեր մեղքերի համար։ Նա մեր ողորմած Հոր կողքին է, որպեսզի մեզ համար բարեխոսի։ Ամեն մեկս այդպիսի օգնության կարիք ունի։ Ինչպե՞ս կարող ենք այն ընդունել։ Մենք պետք է զղջանք մեր մեղքերի համար ու Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա ներում հայցենք Աստծուց։ Նաև չպետք է կրկնենք դրանք։

10 Բացի այն, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար, նա նաև կատարյալ օրինակ թողեց (Ա Պետրոս 2։21)։ Նրա օրինակը առաջնորդություն է մեզ համար և օգնում է այնպիսի ընթացք բռնել, որ կարողանանք խուսափել ծանր մեղք գործելուց ու հաճեցնել Եհովա Աստծուն։ Մի՞թե ուրախ չենք նման օգնության համար։ Հիսուսն իր հետևորդներին խոստացավ, որ նրանք մեկ ուրիշ օգնական էլ կունենան։

Սուրբ ոգու օգնությունը

11, 12. Ի՞նչ է Եհովայի ոգին, որքանո՞վ է այն զորավոր, և ինչո՞ւ մենք այսօր դրա կարիքն ունենք։

11 Հիսուսը այսպիսի խոստում տվեց. «Ես Հօրը կ’աղաչեմ, եւ ուրիշ Մխիթարիչ [«օգնական», ՆԱ] կ’տայ ձեզ. որ մնայ ձեզ հետ յաւիտեան։ Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել» (Յովհաննէս 14։16, 17)։ «Ճշմարտութեան Հոգին», այսինքն՝ սուրբ ոգին, անձ չէ, այլ ուժ է՝ Եհովայի գործուն ուժը։ Այն անսահմանորեն զորավոր է։ Դա այն ուժն է, որը Եհովան օգտագործեց տիեզերքը ստեղծելու, տպավորիչ հրաշքներ գործելու և իր կամքի մասին տեսիլքների միջոցով հայտնություններ տալու նպատակով։ Սակայն Եհովան այսօր իր ոգին նման առանձնահատուկ ձևով չի օգտագործում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք սուրբ ոգու օգնության կարիքը չունենք։

12 Ընդհակառակը։ Այս ‘չար ժամանակներում’ մենք, ինչպես երբեք, Եհովայի ոգու կարիքն ունենք (Բ Տիմոթէոս 3։1)։ Այդ ուժը զորացնում է մեզ փորձություններ դիմագրավելիս։ Սուրբ ոգին օգնում է մեզ մշակել գեղեցիկ հատկություններ, որոնք մեզ ավելի են մոտեցնում Եհովային և մեր հոգևոր եղբայրներին ու քույրերին (Գաղատացիս 5։22, 23)։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք օգտվել Եհովայի կողմից եկող այս չքնաղ օգնությունից։

13, 14. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան պատրաստակամորեն կտա իր սուրբ ոգին մեզ։ բ) Մեր ո՞ր քայլով ցույց կտանք, որ իրականում չենք ընդունում սուրբ ոգու պարգևը։

13 Առաջին՝ մենք պետք է աղոթենք սուրբ ոգու համար։ Հիսուսն ասաց. «Եթէ դուք, որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։13)։ Այո՛, Եհովան լավագույն Հայրն է, որ կարելի է պատկերացնել։ Եթե հավատով անկեղծորեն նրանից խնդրենք սուրբ ոգին, ապա անհնար է, որ նա մերժի տալ այդ պարգևը։ Ուստի գլխավոր հարցն այն է, թե խնդրո՞ւմ ենք Աստծուց նրա սուրբ ոգին։ Բոլոր հիմքերն ունենք ամեն օր մեր աղոթքներում այդպիսի խնդրանքով դիմելու Աստծուն։

14 Երկրորդ՝ մենք ընդունում ենք այդ պարգևը, եթե գործում ենք դրան ներդաշնակ։ Պարզաբանենք։ Ենթադրենք՝ քրիստոնյան պայքարում է պոռնկագրություն դիտելու հակման դեմ։ Նա աղոթում է սուրբ ոգու օգնության համար, որպեսզի կարողանա դիմադրել այս գարշելի սովորությանը։ Քրիստոնյա երեցներից խորհուրդ է հարցնում, և նրանք հորդորում են վճռական քայլեր կատարել՝ խուսափել նույնիսկ նման քայքայիչ նյութերին մոտ գալուց (Մատթէոս 5։29)։ Իսկ եթե նա անտեսում է նրանց խորհուրդը ու շարունակում գայթակղությունների տրվե՞լ։ Մի՞թե նա սուրբ ոգին խնդրելու մասին իր աղոթքին ներդաշնակ է գործում։ Կամ մի՞թե նա Աստծո սուրբ ոգին տրտմեցնելու և այդ պարգևից զրկվելու վտանգի առջև չի կանգնում (Եփեսացիս 4։30)։ Իրականում բոլորս պետք է ամեն բան անենք համոզված լինելու համար, որ շարունակում ենք Եհովայից ստանալ այս չքնաղ օգնությունը։

Աստծո Խոսքի օգնությունը

15. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Աստվածաշունչը սովորական գիրք չենք համարում։

15 Դարեր շարունակ Աստվածաշունչը Եհովայի հավատարիմ ծառաների համար եղել է օգնության աղբյուր։ Մենք չպետք է Աստծո Խոսքը համարենք սովորական գիրք, այլ պետք է միշտ հիշենք, թե օգնության ի՛նչ զորավոր աղբյուր է այն։ Այդ օգնությունն ընդունելը ջանքեր է պահանջում։ Աստվածաշնչի ընթերցանությունը պետք է դառնա մեր առօրյայի մի մասը։

16, 17. ա) Ինչպե՞ս են Սաղմոս 1։2, 3 համարները նկարագրում այն պարգևները, որ գալիս են Աստծո օրենքը կարդալուց։ բ) Ի՞նչ պատկեր է ստեղծում Սաղմոս 1։3–ը ջանասիրաբար աշխատելու մասին։

16 Սաղմոս 1։2, 3–ում աստվածասեր մարդու մասին ասվում է. «Նորա կամքը [«հաճութիւնը», ԱԱ] Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։ Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան»։ Նկատո՞ւմ ես, թե որն է այս համարների գլխավոր միտքը։ Հեշտ է այս խոսքերը կարդալ ու եզրակացնել, որ դրանք ընդամենը պատկերում են մի անդորրավետ գեղեցիկ տեսարան՝ ստվերախիտ ծառը՝ գետի մոտ։ Ի՜նչ հաճելի կլիներ հետկեսօրյա քունը անցկացնել այսպիսի վայրում։ Բայց այս սաղմոսը չի առաջարկում մեզ մտածել հանգստի մասին։ Այն պատկեր է ստեղծում բոլորովին այլ բանի՝ ջանասիրաբար աշխատելու մասին։ Ինչպե՞ս։

17 Ուշադրություն դարձրու, որ այդ ծառը պարզապես մի ստվերախիտ ծառ չէ, որը պատահականորեն է հայտնվել գետի մոտ։ Այն պտղատու ծառ է և կանխամտածված կերպով ‘տնկվել’ է հատուկ տեղում՝ ‘ջրի ճամփաների’ (ԱԱ) մոտ։ Ինչպե՞ս կարող է մեկ ծառը աճել ‘ջրի մի քանի ճամփաների’ մոտ։ Պտղատու ծառերի այգու տերը կարող էր ոռոգման նպատակով առուներ անցկացնել, որպեսզի ջուրը հասցներ իր թանկարժեք ծառերի արմատներին։ Ահա՛, այժմ ամեն ինչ սկսում է պարզ դառնալ։ Եթե մենք հոգևոր իմաստով բարգավաճում ենք այդ ծառի պես, ապա պատճառն այն է, որ բավական աշխատանք է տարվել մեզ համար։ Մենք մի կազմակերպության մեջ ենք, որը ճշմարտության զուլալ ջրերը հասցնում է մեզ. այդուհանդերձ մենք ձեռքներս ծալած չպիտի նստենք։ Մենք պետք է թույլ տանք, որ այդ անգին ջրերը ներծծվեն մեր մեջ, այսինքն՝ պետք է միշտ խորհրդածենք և ուսումնասիրություն կատարենք, որպեսզի Աստծո Խոսքի ճշմարտությունները մեր մտքին ու սրտին հասնեն։ Վարվելով այսպես՝ մենք նույնպես առատ պտուղներ կտանք։

18. Ի՞նչ է անհրաժեշտ գտնելու համար մեզ հուզող սուրբգրային հարցերի պատասխանները։

18 Աստվածաշունչը մեզ ոչ մի օգուտ չի տա, եթե այն հենց այնպես դրված լինի գրադարակում։ Բացի այդ, այն թալիսման չէ, որ կարծես եթե փակ աչքերով բացենք, ապա կբացվի հենց այն էջը, որում գրված կլինի մեզ հուզող հարցի պատասխանը։ Երբ որոշումներ կայացնելու առջև ենք կանգնած, պետք է «փորենք», որպեսզի «Աստուծոյ գիտութիւնը» գտնենք, և դա անենք այնպես, ասես թաղված գանձեր փնտրելիս լինենք (Առակաց 2։1–5)։ Հաճախ հարկ է լինում ջանասիրաբար և մեծ ուշադրությամբ հետազոտություններ կատարել գտնելու համար այն սուրբգրային խորհուրդը, որը համապատասխանում է մեր իրավիճակին։ Մենք Աստվածաշնչի վրա հիմնված շատ հրատարակություններ ունենք, որոնք կարող են օգնել հետազոտություն կատարելու հարցում։ Եթե դրանց միջոցով փութաջանորեն «փորենք»՝ Աստծո Խոսքից իմաստության գոհարներ գտնելու համար, ապա ցույց կտանք, որ իսկապես օգտվում ենք Եհովայի ընձեռած օգնությունից։

Հավատակիցների օգնությունը

19. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ «Դիտարանի» և «Արթնացե՛ք»–ի հոդվածները օգնություն են՝ տրված հավատակիցների միջոցով։ բ) Մեր պարբերագրերում տպագրված որևէ հոդված ինչպե՞ս է օգնել անձամբ քեզ։

19 Եհովան իր երկրային ծառաներին միշտ օգնություն է ցույց տվել նրանց հավատակիցների միջոցով։ Փոխվե՞լ է արդյոք Եհովան այս առումով։ Բոլորովին։ Անշուշտ, մեզանից ամեն մեկը կարող է հիշել դեպքեր, երբ ճիշտ ժամանակին հավատակիցներից ստացել է հենց այն օգնությունը, որի կարիքն ունեցել է։ Օրինակ՝ կարո՞ղ ես հիշել «Դիտարանից» կամ «Արթնացե՛ք»–ից որևէ հոդված, որը տվել է քեզ անհրաժեշտ մխիթարությունը, օգնել է լուծելու ինչ–​որ խնդիր կամ դիմագրավելու հավատի փորձությունը։ Եհովան այդ օգնությունը տվել է քեզ ‘հավատարիմ և իմաստուն ծառայի’ միջոցով, որը նշանակված է ճիշտ ժամանակին կերակուր տալու (Մատթէոս 24։45–47)։

20. Ինչպե՞ս են քրիստոնյա երեցները փաստում, որ ‘մարդկանց տեսքով պարգևներ’ են։

20 Սակայն հաճախ մենք ավելի անմիջական ձևով ենք հավատակիցներից օգնություն ստանում։ Օրինակ՝ քրիստոնյա երեցի ելույթը հասնում է մեր սրտին, կամ նա հովվական այցելություն է անում, որն օգնում է մեզ դժվար պահին, կամ սիրալիր խորհուրդ է տալիս, որն օգնում է մեզ տեսնել ու հաղթահարել թուլությունը։ Մի շնորհապարտ քրիստոնյա քույր երեցի ցուցաբերած օգնության առնչությամբ գրում է. «Քարոզչական ծառայության ընթացքում նա ժամանակ տրամադրեց, որ լսի ինձ։ Հենց նախորդ գիշեր աղոթել էի Եհովային, որ մեկի հետ կարողանայի խոսել։ Հաջորդ օրը այդ եղբայրը՝ կարեկցանքով լի, ինձ հետ զրուցեց։ Նա օգնեց տեսնել, թե ինչպես է Եհովան տարիներ շարունակ օգնել ինձ։ Ես շնորհակալ եմ Եհովայից, որ այդ երեցին ուղարկեց ինձ մոտ»։ Այս և նման այլ ձևերով քրիստոնյա երեցները ցույց են տալիս, որ ‘մարդկանց տեսքով պարգևներ’ են, որոնց Եհովան Հիսուս Քրիստոսի միջոցով տվել է, որպեսզի օգնի մեզ մնալ կյանքի ճանապարհին (Եփեսացիս 4։8, ՆԱ)։

21, 22. ա) Ի՞նչ արդյունքներ են լինում, երբ ժողովի անդամները կիրառում են Փիլիպպեցիս 2։4–ի խորհուրդը։ բ) Ինչո՞ւ բարության նույնիսկ փոքր դրսևորումները նշանակություն ունեն։

21 Հետևյալ սուրբգրային պատվերը ցանկանում են կիրառել ոչ միայն երեցները, այլև յուրաքանչյուր հավատարիմ քրիստոնյա. «Մինակ ձեր անձերի բաներին մտիկ չ’տաք, այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ» (Փիլիպպեցիս 2։4)։ Քրիստոնեական ժողովի անդամների կողմից այս խորհուրդը կիրառելը բարության չքնաղ դրսևորումներ է առաջ բերում։ Օրինակ՝ մի ընտանիքի անսպասելի մեծ դժբախտություն պատահեց։ Հայրը իր դստեր հետ գնացել էր խանութ։ Տունդարձի ճանապարհին նրանք ավտովթարի ենթարկվեցին։ Աղջիկը մահացավ, իսկ հայրը ծանր վնասվածքներ ստացավ։ Նա հիվանդանոցից դուրս գրվեց, բայց դեռ այնքան թույլ էր, որ չէր կարող ինքնուրույն որևէ բան անել։ Նրա կինը էմոցիոնալ այնպիսի ծանր վիճակում էր, որ չէր կարող հոգալ ամուսնու կարիքները։ Ուստի ժողովի մի ամուսնական զույգ այս վշտահար ամուսիններին վերցրեց իր հոգածության ներքո և մի քանի շաբաթ նրանց պահեց իր տանը։

22 Ինչ խոսք, բարության ոչ բոլոր դրսևորումներն են կապված ողբերգության ու անձնազոհության հետ։ Երբեմն ավելի փոքր հարցերում ենք օգնություն ստանում։ Բայց անկախ բարության դրսևորման մեծ կամ փոքր լինելուց՝ մենք գնահատում ենք այն, այդպես չէ՞։ Կարո՞ղ ես հիշել դեպքեր, երբ եղբայրդ կամ քույրդ քեզ օգնել են բարի խոսքով կամ ուշադիր վերաբերմունքով, ընդ որում դա հենց այն էր, ինչի կարիքը զգում էիր։ Եհովան հաճախ հենց այսպիսի ձևերով է հոգ տանում մեր մասին (Առակաց 17։17; 18։24, ԱԱ)։

23. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում այն բանին, որ մենք ձգտում ենք օգնել միմյանց։

23 Կցանկանայի՞ր, որ Եհովան քո միջոցով օգներ ուրիշներին։ Դու այդպիսի առանձնաշնորհում ունես։ Եհովան շատ բարձր է գնահատում քո կողմից գործադրվող նման ջանքը։ Նրա Խոսքն ասում է. «Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կ’հատուցանէ նորա վարձը» (Առակաց 19։17)։ Մեծ ուրախություն կստանանք, եթե մեր անձը ‘տանք’ մեր եղբայրներին ու քույրերին (Գործք 20։35)։ Նրանք, ովքեր կանխամտածված ձևով իրենց զատում են մյուսներից, չեն կարող զգալ ո՛չ այն ուրախությունը, որ գալիս է նման օգնություն ցույց տալուց, ո՛չ էլ այն ոգևորությունը, որ անհատը զգում է ստանալուց (Առակաց 18։1, ԱԱ, ծան.)։ Ուրեմն՝ եկեք հավատարմորեն ներկա լինենք քրիստոնեական հանդիպումներին, որպեսզի կարողանանք իրար քաջալերել (Եբրայեցիս 10։24, 25)։

24. Ինչո՞ւ չպետք է մեզ զրկված զգանք այն բանից, որ ականատես չենք եղել Եհովայի՝ անցյալում կատարած տպավորիչ հրաշքներին։

24 Մի՞թե հաճելի չէ խորհրդածել այն կերպերի շուրջ, որոնցով Եհովան օգնում է մեզ։ Թեպետ չենք ապրում այնպիսի ժամանակներում, երբ Եհովան տպավորիչ հրաշքներ է գործում իր նպատակներն իրագործելու համար, մենք չպետք է մեզ զրկված զգանք։ Իրականում ավելի կարևոր է այն, որ Եհովան մեզ տալիս է այն անհրաժեշտ օգնությունը, որի կարիքը ունենք իրեն հավատարիմ մնալու համար։ Իսկ եթե մեր հավատակիցների հետ միասին տոկանք հավատի փորձություններին, ապա կտեսնենք այն օրը, երբ Եհովան պատմության ամենատպավորիչ ու ամենափառավոր գործերը կանի։ Եկե՛ք հաստատ տրամադրվենք ընդունելու Եհովայի սիրաշատ օգնությունը և լիովին օգուտներ քաղենք դրանից։ Այսպես մենք կկարողանանք արձագանքել 2005 թ. մեր տարվա խոսքին. «Իմ օգնությունը Եհովայից է» (Սաղմոս 121։2, ՆԱ)։

Ի՞նչ եք կարծում

Այն օգնությունը, որի կարիքը զգում ենք, ինչպե՞ս է այսօր Եհովան մեզ տալիս՝

• հրեշտակների միջոցով,

• սուրբ ոգու միջոցով,

• ներշնչյալ Խոսքի միջոցով,

• հավատակիցների միջոցով։

[նկար 18–րդ էջի վրա]

Քաջալերական է իմանալ, որ հրեշտակները թիկունք են կանգնում քարոզչության գործին

[նկար 21–րդ էջի վրա]

Եհովան գուցե մեր հավատակիցներից մեկի միջոցով մեզ տա այն մխիթարությունը, որի կարիքն ունենք

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը