Թող սովորույթի ուժը ձեզ բարիք բերի
Այդ մարդը 12 տարի ապրել էր Աթենքի արվարձաններից մեկում։ Ամեն օր նա նույն ճանապարհով աշխատանքից վերադառնում էր տուն։ Հետո տեղափոխվեց քաղաքի մյուս ծայրում գտնվող արվարձանը։ Մի օր աշխատանքից հետո նա ուղղություն վերցրեց դեպի տուն։ Միայն այն բանից հետո, երբ հայտնվեց իր հին թաղամասում, հասկացավ, որ սխալ ուղղությամբ էր եկել։ Սովորույթի ուժով՝ նա մեքենան վարել էր նախկին տան ուղղությամբ։
Զարմանալի չէ, որ սովորությունը երբեմն համարում են երկրորդ բնավորություն, որը մեր կյանքում մեծ ազդեցություն է թողնում։ Այս իմաստով՝ սովորությունները կարելի է համեմատել կրակի հետ։ Կրակը կարող է լինել որպես ցանկալի լույս մթության մեջ, կարող է ջերմացնել մեր մարմինն ու տաքացնել մեր կերակուրը։ Բայց այն նաև կարող է լինել որպես կատաղի թշնամի, որը կյանքեր է խլում և ունեցվածք ոչնչացնում։ Նույնը կարելի է ասել սովորությունների մասին։ Սովորությունները լավ մշակելով՝ մենք կարող ենք մեծ օգուտներ քաղել։ Միևնույն ժամանակ, սովորությունները կարող են լինել կործանարար։
Հոդվածի սկզբում հիշատակված մարդու սովորության արդյունքը եղավ այն, որ նա փողոցային խցանումներում միայն ժամանակ կորցրեց։ Իսկ ավելի կարևոր հարցերում սովորույթները կարող են «պարգևատրել» մեզ հաջողությամբ կամ մեր գլխին փորձանք բերել։ Քննարկենք Աստվածաշնչից վերցրած մի քանի իրական օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե սովորություններն ինչպես կարող են օգնել կամ խոչընդոտել մեզ ծառայելու Աստծուն, ինչպես նաև ազդել նրա հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա։
Լավ և վատ սովորությունների աստվածաշնչյան օրինակներ
Նոյը, Հոբը և Դանիելը օրհնվել էին՝ Աստծո հետ սերտ փոխհարաբերություններ ունենալով։ Աստվածաշնչում այս մարդիկ գովասանքի են արժանանում ‘իրենց արդարության’ համար (Եզեկիէլ 14։14)։ Ուշագրավ է, որ բոլոր այս երեք անձնավորություններն էլ իրենց կյանքի ընթացքում լավ սովորություններ էին մշակել։
Նոյը պետք է տապան կառուցեր։ Դա մի նավ էր, որն իր երկարությամբ գերազանցում էր ֆուտբոլի դաշտը, իսկ բարձրությամբ՝ հինգհարկանի շենքը։ Նման վիթխարի նախագիծը կապշեցներ հին ժամանակների ցանկացած նավաշինարարի։ Նոյն ու իր ընտանիքի յոթ անդամները տապանը կառուցեցին առանց արդիական սարքավորումների օգնության։ Ի լրումն դրա՝ Նոյը նաև քարոզում էր իր ժամանակակիցներին։ Մենք կարող ենք վստահ լինել, որ նա նաև հոգ էր տանում իր ընտանիքի հոգևոր և նյութական կարիքների մասին (Բ Պետրոս 2։5)։ Այս ամենն անելու համար Նոյը պետք է որ լավ աշխատանքային սովորություններ ունենար։ Բացի այդ, Նոյը աստվածաշնչյան պատմության մեջ մտավ որպես մեկը, որը «Աստուծոյ հետ քալեց։ ....Նոյն արաւ բոլորը ինչպէս Եհովան պատուիրեց նորան» (Ծննդոց 6։9, Արևմտ. Աստ., 22; 7։5)։ Քանի որ Աստվածաշնչում նրա մասին ասվում է, որ նա «կատարեալ» էր, անշուշտ նա շարունակել էր Աստծո հետ քայլել նաև Ջրհեղեղից հետո և նույնիսկ Եհովայի դեմ Բաբելոնում գլուխ բարձրացրած ապստամբությունից հետո։ Այո՛, Նոյը Աստծո հետ քայլեց մինչև իր մահը, երբ 950 տարեկան էր (Ծննդոց 9։29)։
Հոբի լավ սովորությունները նպաստեցին նրա՝ «կատարեալ եւ ուղիղ» մարդ լինելուն (Յոբ 1։1, 8; 2։3)։ Նա, սովորության համաձայն, գործում էր որպես ընտանիքի քահանա՝ զոհեր մատուցելով հանուն իր երեխաների նրանց յուրաքանչյուր խնջույքից հետո՝ մտածելով, որ գուցե նրանք «մեղանչել են եւ Աստուծուն հայհոյել իրանց սրտումը։ Յոբն այսպէս էր անում ամեն ժամանակ» (Յոբ 1։5)։ Հոբի ընտանիքում, անկասկած, Եհովայի երկրպագության հետ կապված լավ սովորություններ կային։
Դանիելը Եհովային ծառայում էր «անդադար»՝ ամբողջ կյանքի ընթացքում (Դանիէլ 6։16, 20)։ Ինչպիսի՞ լավ հոգևոր սովորություններ ուներ Դանիելը։ Օրինակ՝ նա կանոնավորաբար աղոթում էր Եհովային։ Թեև արքայական հրաման էր դուրս եկել նման սովորության դեմ՝ Դանիելը «օրը երեք անգամ ծունկի վրայ գալով կ’աղօթէր ու իր Աստուծոյն գոհութիւն կը մատուցանէր իր նախկին սովորութեանը պէս» (Դանիէլ 6։10, Արևմտ. Աստ.)։ Նա չէր կարող ետ կանգնել Աստծուն աղոթելու իր սովորությունից նույնիսկ այն դեպքում, եթե դրանով նրա կյանքին վտանգ սպառնար։ Կասկած չկա, որ այս սովորությունը Դանիելին ուժ տվեց ընթանալու Աստծո հանդեպ բացառիկ անարատություն պահելու ուղով։ Ըստ ամենայնի, Դանիելը նաև լավ սովորություն ուներ ուսումնասիրել Աստծո հուզումնալից խոստումները և երկար մտածել դրանց շուրջ (Երեմիա 25։11, 12; Դանիէլ 9։2)։ Վստահաբար, նրա այս լավ սովորություններն օգնեցին իրեն տոկալու մինչև վերջ և հավատարմորեն ընթանալու կյանք տանող ճանապարհով։
Ի հակադրություն այս օրինակների՝ Դինան «ճաշակեց» իր վատ սովորության ողբերգական հետևանքները։ Նա «ելաւ [«սովորաբար գնում էր», ՆԱ] այն երկրի աղջկերանց տեսնելու», որոնք չէին երկրպագում Եհովային (Ծննդոց 34։1)։ Նրա՝ առաջին հայացքից անմեղ թվացող այս սովորությունը դժբախտությունների դուռ բացեց։ Նախ՝ նրան բռնաբարեց Սյուքեմը. մի երիտասարդ, որն «իր հօր տանը մէջ եղողների ամենից պատուականն էր»։ Հետո՝ նրա եղբայրները վրեժ առնելու նպատակով կոտորեցին քաղաքի բոլոր տղամարդկանց։ Ի՜նչ սահմռկեցուցիչ վախճան (Ծննդոց 34։19, 25–29)։
Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մեր սովորությունները մեզ բարիք և ոչ թե չարիք կբերեն։
Սովորությունները գործի դրեք
«Սովորությունը ճակատագիր է»,— գրել է մի փիլիսոփա։ Բայց դա այդպես չէ։ Աստվածաշունչն աներկբայորեն ցույց է տալիս, որ մենք կարող ենք ընտրել՝ վատ սովորություններից հրաժարվել և լավերը զարգացնել։
Քրիստոնեական կյանքն ավելի կազմակերպված և հեշտ է դառնում լավ սովորությունների շնորհիվ։ Հունաստանցի քրիստոնյա Ալեքսն ասում է. «Տարբեր հանձնարարություններ կատարելու գրաֆիկին հետևելու իմ սովորությունը թանկարժեք ժամանակ է խնայում»։ Քրիստոնյա երեց Թեոփիլոսը շեշտում է պլանավորելու սովորության կարևորությունը, որն օգնում է իրեն արդյունավետ լինել։ Նա ասում է. «Ես լիովին համոզված եմ, որ չէի կարողանա հաջողությամբ կատարել իմ քրիստոնեական պարտականությունները՝ առանց լավ պլանավորելու սովորություն ունենալու»։
Որպես քրիստոնյաների՝ մեզ խորհուրդ է տրվում ‘նույն կանոնի համաձայն ընթանալ’ (Փիլիպպեցիս 3։16)։ «Կանոն» բառն իր մեջ կրում է հաստատված գործողությունը ըստ սովորության կատարելու իմաստը։ Նման լավ սովորությունները մեզ օգուտ են բերում նրանով, որ ստիպված չենք լինում ժամանակ ծախսել՝ մտածելու մեր յուրաքանչյուր քայլի վրա. մենք արդեն հաստատել ենք վարքի լավ չափանիշներ, որոնց հետևում ենք սովորույթի ուժով։ Սովորություններն այնքան են արմատանում, որ գրեթե մեքենայականության աստիճանի են հասնում։ Ինչպես վարորդական լավ սովորություններն են օգնում վարորդին ակնթարթորեն կյանք փրկող որոշումներ կայացնել, երբ վտանգավոր իրադրություն է ստեղծվում ճանապարհին, այնպես էլ լավ սովորություններ ունենալը կօգնի մեզ արագորեն համապատասխան որոշումներ կայացնել մեր քրիստոնեական կյանքում։
Անգլիացի գրող Ջերեմի Թեյլորը գրել է. «Սովորությունները գործերի դստրերն են»։ Եթե լավ սովորություններ ունենք, ապա կարող ենք ավելի հեշտությամբ բարի գործեր կատարել։ Օրինակ՝ եթե մենք՝ որպես քրիստոնյաներ, սովորություն ունենք կանոնավորաբար մասնակցել քարոզչությանը, ապա հեշտանում ու ավելի հաճելի է դառնում ծառայության գնալը։ Առաքյալների մասին կարդում ենք, որ նրանք «ամէն օր, տաճարում թէ տներում, չէին դադարում ուսուցանել եւ աւետարանել Յիսուս Քրիստոսին» (Գործք 5։42; 17։2)։ Մյուս կողմից՝ եթե միայն դեպքից դեպք ենք մասնակցում ծառայությանը, ապա հնարավոր է մեզ անհանգիստ զգանք, ավելի շատ ժամանակի կարիք ունենանք ծառայության ռիթմի մեջ մտնելու համար, մինչև որ մեզ վստահ կզգանք այս խիստ կարևոր քրիստոնեական գործունեության մեջ։
Նույնը կարելի է ասել մեր քրիստոնեական առօրյայի այլ կողմերի մասին։ Լավ սովորությունները կարող են օգնել մեզ Աստծո խոսքը կարդալ կանոնավորաբար՝ «գիշեր եւ ցերեկ» (Յեսու 1։8; Սաղմոս 1։2)։ Մի քրիստոնյա քնելուց առաջ սովորություն ունի 20–30 րոպե Աստվածաշունչ կարդալ։ Նա նկատել է, որ երբ շատ հոգնած է լինում ու առանց կարդալու պառկում է քնելու, չի կարողանում քունը առնել։ Ուստի նա վեր է կենում անկողնուց՝ բավարարելու իր հոգևոր կարիքը։ Այս լավ սովորույթը նաև օգնել է նրան մի քանի տարի շարունակ Աստվածաշունչն ամբողջությամբ կարդալ մեկ տարվա ընթացքում։
Հիսուս Քրիստոսը, որը մեզ համար օրինակ է հանդիսանում, սովորություն ուներ հաճախել հանդիպումներին, որտեղ Աստվածաշնչից քննարկումներ էին կատարվում։ «Իր սովորութեան պէս շաբաթ օրը ժողովարանը մտավ, եւ կանգնեց որ կարդայ» (Ղուկաս 4։16, ԱԹ)։ Ջոն, որը մեծ ընտանիք ունի և շատ է աշխատում, շնորհիվ իր մեջ մշակած սովորության, հանդիպումներին կանոնավորաբար հաճախելու ցանկություն և կարիք է զգում։ Նա ասում է. «Այս սովորությունն օգնում է ինձ միշտ գնալ հանդիպումներին ու այնտեղ ստանալ այնքան անհրաժեշտ հոգևոր ուժը, որի շնորհիվ կարողանում եմ հաջողությամբ հաղթահարել դժվարություններն ու պրոբլեմները» (Եբրայեցիս 10։24, 25)։
Նման սովորություններն անփոխարինելի են կյանքի քրիստոնեական «մրցավազքում»։ Մի երկրից, որտեղ Եհովայի ժողովուրդը հալածանքներ է կրել, հաղորդում են. «Նրանք, ովքեր հոգևոր լավ սովորություններ ու ճշմարտության հանդեպ խոր գնահատանք ունեն, փորձություններ ծագելիս կարողանում են հաստատակամ մնալ։ Բայց ովքեր «[հարմար] ժամանակին» բաց են թողնում հանդիպումները, նրանք ծառայությանը կանոնավորապես չեն մասնակցում, փոխզիջման են գնում մանր հարցերում և հաճախ էլ կրականման փորձության դեպքում ընկնում են» (Բ Տիմոթէոս 4։2)։
Խուսափեցեք վատ սովորություններից. զարգացրեք լավ սովորություններ
Մի գրքում ասվել է, որ «մարդը պետք է զարգացնի միայն այն սովորությունները, որոնք ցանկանում է, որ իր վրա տիրեն»։ Վատ սովորությունն, իրոք, դաժան տեր է։ Այնուամենայնիվ, դրանից կարելի է ազատվել։
Ստելլան մի ժամանակ մոլի հեռուստադիտող էր։ Նա խոստովանում է. «Ամեն մի վատ սովորությանս ետևում սովորաբար ընկած է լինում որևէ «անմեղ» պատճառ»։ Պարագան այս էր չափից դուրս շատ հեռուստացույց դիտելու նրա սովորության հետ։ Նա ինքն իրեն ասում էր, որ դիտելու է միայն «մի քիչ հանգստանալու» կամ «տրամադրությունը փոխելու» համար։ Բայց նրա այս սովորությունն անհսկելի դարձավ՝ ստիպելով ժամերով նստել հեռուստացույցի առջև։ «Այս վատ սովորությունն առնվազն կանգնեցրեց իմ հոգևոր առաջընթացը»,— ասում է նա։ Վճռական ջանքեր գործադրելով՝ նա, ի վերջո, նվազեցրեց հեռուստացույց դիտելու ժամերն ու ավելի ընտրողական դարձավ հաղորդումների հարցում։ «Միշտ աշխատում եմ հիշել, թե ինչու եմ ցանկացել ազատվել այդ սովորույթից,— ասում է Ստելլան,— և ապավինում եմ Եհովային, որպեսզի որոշմանս հավատարիմ մնամ»։
Խարալամբոս անունով մի քրիստոնյա նշում է իր մի վատ սովորության մասին, որը խանգարում էր հոգևորապես առաջադիմել։ Դա հետաձգելու սովորությունն էր։ «Երբ հասկացա, որ հետաձգելը վնասակար սովորություն է, սկսեցի փոխել կյանքս։ Նպատակներ դնելիս հատկապես նախատեսում էի, թե երբ և ինչպես սկսել դրանց իրականացումը։ Որոշումներս ու պլաններս իրագործելու մեջ կանոնավորություն պահպանելս յուրատեսակ «հակաթույն» էր այդ սովորության դեմ, և մինչև այժմ ունեմ այդ լավ սովորությունը»։ Այո՛, լավ սովորությունները վատ սովորությունների լավագույն փոխարինողներն են։
Մեր ընկերակցությունները նույնպես կարող են դեր խաղալ լավ կամ վատ սովորություններ ձեռք բերելու մեջ։ Ինչպես լավ, այնպես էլ վատ սովորությունները վարակիչ են։ Ճիշտ ինչպես «չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը [«օգտակար սովորությունները», ՆԱ]», այնպես էլ լավ ընկերակցությունների արդյունքում կարող ենք առողջ սովորություններ ունենալ (Ա Կորնթացիս 15։33)։ Իսկ որ ամենակարևորն է՝ սովորությունները կարող են կա՛մ ուժեղացնել, կա՛մ թուլացնել Աստծո հետ ունեցած մեր հարաբերությունները։ Ստելլան ասում է. «Եթե մեր սովորությունները լավն են, ապա դրանք հեշտացնում են մեր պայքարը՝ ծառայելու Եհովային։ Եթե վնասակար են, ապա անարդյունք են դարձնում մեր ջանքերը»։
Լավ սովորություններ ձեռք բերեք և թույլ տվեք, որ դրանք ձեզ առաջնորդեն։ Դրանք կլինեն մի հզոր, օգտակար ուժ ձեր կյանքում։
[նկար 19–րդ էջի վրա]
Կրակի պես, սովորությունները կարող են լինել օգտակար կամ կործանարար
[նկար 21–րդ էջի վրա]
Հիսուսը սովորություն ուներ Շաբաթ օրը լինել ժողովարանում՝ Աստծո Խոսքն ընթերցելու համար
[նկարներ 22–րդ էջի վրա]
Լավ հոգևոր սովորություններն ամրապնդում են մեր փոխհարաբերություններն Աստծո հետ