«Ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ»
«Ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ.... Ինչո՞ւ համար, որդեակս, օտարի սիրովն զմայլիս» (ԱՌԱԿԱՑ 5։18, 20)։
1, 2. Ինչո՞ւ կարելի է ասել, որ ամուսինների ռոմանտիկ սերը օրհնյալ է։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ չի խուսափում սեռական հարաբերությունների մասին խոսելուց։ Առակաց 5։18, 19–ում կարդում ենք. «Թող քո աղբիւրը օրհնեալ լինի, եւ ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ. նա քեզ սիրելի եղնիկի եւ շնորհալի այծեամի պէս լինի, նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ, նորա սիրովը միշտ զմայլիս»։
2 Այստեղ «աղբյուր» բառը վերաբերում է այն բանին, ինչը սեռական հաճույք է պատճառում։ Այն օրհնյալ է, քանի որ ռոմանտիկ սերն ու զմայլանքը, որ վայելում են ամուսինները, Աստծուց ստացած պարգև է։ Սակայն նման հարաբերությունները թույլատրելի են միմիայն ամուսինների միջև։ Սողոմոն թագավորը, որ կազմեց «Առակաց» գիրքը, հռետորական հարց է տալիս. «Ինչո՞ւ համար, որդեակս, օտարի սիրովն զմայլիս, եւ օտար կնկայ ծոցը գրկես» (Առակաց 5։20)։
3. ա) Ի՞նչ ցավալի բան է տեղի ունենում շատ ամուսնությունների հետ։ բ) Ինչպե՞ս է Աստված դիտում շնությունը։
3 Ամուսինն ու կինը իրենց ամուսնության օրը հանդիսավոր խոստանում են սիրել և հավատարիմ մնալ միմյանց։ Այդուհանդերձ, շատ ամուսնություններ քայքայվում են անհավատարմության պատճառով։ Վերլուծելով 25 հետազոտություններ՝ մի մասնագետ եկավ այն եզրակացության, որ «ամուսնացած կանանց 25 տոկոսը և տղամարդկանց 44 տոկոսը արտամուսնական սեռական հարաբերություններ են ունեցել»։ Պողոս առաքյալը գրեց. «Մի խաբուիք. ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իգացողները, ոչ արուագէտները.... Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ» (Ա Կորնթացիս 6։9, 10)։ Միանգամայն պարզ է. շնությունը լուրջ մեղք է Աստծու առաջ, և նրա ճշմարիտ երկրպագուները չպետք է դավաճանեն իրենց կողակիցներին։ Ի՞նչը կօգնի մեզ ‘ամուսնությունը պատվական և ամուսնական անկողինը սուրբ՝ առանց պղծության պահել’ (Եբրայեցիս 13։4)։
Զգուշացի՛ր խորամանկ սրտից
4. Ինչպե՞ս է հնարավոր, որ ամուսնացած քրիստոնյան ակամա ռոմանտիկ կապի մեջ մտնի ուրիշի հետ։
4 Այսօրվա այլասերված աշխարհում շատ մարդիկ «աչքեր ունին պոռնկութիւնով լիքը», և նրանք «մեղքից չեն դադարում» (Բ Պետրոս 2։14)։ Նրանք ցանկանում են արտամուսնական սիրային կապեր հաստատել։ Որոշ երկրներում մեծ թվով կանայք աշխատում են այնպիսի վայրերում, որտեղ տղամարդիկ կան։ Այդ հանգամանքը ռոմանտիկ կապեր հաստատելու պարարտ հող է ստեղծում։ Բացի դա, ինտերնետային զրուցատեղիների միջոցով նույնիսկ ամենաամաչկոտ մարդիկ կարող են հեշտությամբ մտերմություն սկսել ուրիշների հետ։ Ամուսնացած շատ անհատներ ընկնում են նման ծուղակների մեջ և նույնիսկ չեն էլ գիտակցում դա։
5, 6. Ինչպե՞ս մի քրիստոնյա կին հայտնվեց վտանգավոր իրավիճակում, և ի՞նչ ենք սովորում այդ դեպքից։
5 Մի քրիստոնյա, որին կանվանենք Մերի, հայտնվեց այնպիսի իրավիճակում, երբ քիչ էր մնում անբարոյություն գործեր։ Նրա ամուսինը, որ Եհովայի վկա չէր, շատ քիչ էր ջերմ զգացումներ ցուցաբերում իր ընտանիքի անդամների հանդեպ։ Մերին պատմում է, որ մի քանի տարի առաջ ծանոթացավ իր ամուսնու աշխատակիցներից մեկի հետ։ Այդ մարդը շատ նրբանկատ էր և հետագայում նույնիսկ սկսեց հետաքրքրվել Մերիի կրոնական համոզմունքներով։ «Նա այնքա՜ն լավն էր, ընդհանրապես նման չէր ամուսնուս»,— ասում նա։ Շուտով Մերին և իր ամուսնու աշխատակիցը սկսեցին ռոմանտիկ զգացումներ տածել միմյանց նկատմամբ։ Նա մտածում էր. «Ես անբարոյություն չեմ գործում։ Բացի այդ, նրան հետաքրքրում է Աստվածաշունչը։ Գուցե կարողանամ օգնել»։
6 Մերին ուշքի եկավ, նախքան այդ կապվածությունը կտաներ անբարոյության (Գաղատացիս 5։19–21; Եփեսացիս 4։19)։ Նա խղճի խայթ զգաց և որոշեց շտկել իրավիճակը։ Մերիի դեպքը վկայություն է այն բանի, որ «խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած» (Երեմիա 17։9)։ Աստվածաշունչը խրախուսում է մեզ. «Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին [«պահպանի՛ր քո սիրտը», ԷԹ]» (Առակաց 4։23)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
«Խորագէտը.... կը զգուշանայ»
7. Սուրբգրային ո՞ր խորհուրդները կարող են մեզ համար պաշտպանություն լինել, երբ օգնում ենք ամուսնական խնդիրներ ունեցող անհատներին։
7 Պողոս առաքյալը գրեց. «Ով որ համարում է թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի, որ վայր չ’ընկնի» (Ա Կորնթացիս 10։12)։ Իսկ Առակաց 22։3–ում գրված է. «Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում [«կը զգուշանայ», ԱԱ]»։ Պետք չէ չափազանց ինքնավստահ կերպով ասել՝ «ինձ հետ ոչինչ չի պատահի»։ Իմաստուն կլինի նախապես քննել այն իրավիճակները, որոնք գուցե խնդիրներ հարուցեն։ Օրինակ՝ եթե հակառակ սեռի ներկայացուցիչը ամուսնական խնդիրներ ունի, ապա զգույշ եղիր, որ նրա համար չդառնաս միակ անձնավորությունը, որին նա պատմում է իր մտահոգությունները (Առակաց 11։14)։ Ասա այդ անհատին, որ ամուսնական խնդիրները ավելի լավ է քննարկել կողակցի հետ։ Բացի այդ, նա կարող է զրուցել նույն սեռի որևէ հասուն քրիստոնյայի հետ, որը ցանկանում է նպաստել նրանց ամուսնական միությանը։ Այդ անհատը կարող է օգնություն ստանալ նաև երեցներից (Տիտոս 2։3, 4)։ Եհովայի վկաների ժողովներում ծառայող երեցները լավ օրինակ են այս հարցում. եթե անհրաժեշտ է առանձին զրուցել քրիստոնյա քրոջ հետ, նրանք դա անում են այնտեղ, որտեղ մարդիկ կան, օրինակ՝ Թագավորության սրահում։
8. Ինչի՞ց է հարկավոր զգուշանալ աշխատավայրում և ինչպե՞ս։
8 Աշխատավայրում կամ որևէ այլ տեղ զգուշացիր այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են հակառակ սեռի հետ սերտ շփման առիթներ ստեղծել։ Օրինակ՝ եթե հարկավոր է արտաժամ աշխատել, և դու պետք է սերտորեն համագործակցես հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ապա կարող է վտանգավոր իրավիճակ առաջանալ։ Դու պետք է թե՛ խոսքով, թե՛ վարքով հստակորեն ցույց տաս, որ չես ցանկանում ռոմանտիկ կապերի մեջ մտնել, քանի որ ամուսնացած ես։ Լինելով Աստծուն նվիրված անհատ՝ անշուշտ չես ցանկանա անհարկի ուշադրություն գրավել՝ ֆլիրտ անելով կամ անհամեստ հագուկապ ունենալով (Ա Տիմոթէոս 4։8; 6։11; Ա Պետրոս 3։3, 4)։ Կողակցիդ և երեխաներիդ լուսանկարները աշխատավայրում պահելը քեզ և ուրիշներին կծառայի որպես տեսանելի հիշեցում, որ քո ընտանիքը թանկ է քեզ համար։ Մի՛ խրախուսիր ռոմանտիկ առաջարկներ քո հանդեպ, և նույնիսկ մի՛ հանդուրժիր դրանք (Յոբ 31։1)։
«Կեանք վայելիր քո սիրած կնոջ հետ»
9. Դեպքերի ինչպիսի՞ ընթացքը կարող է նոր ռոմանտիկ հարաբերությունները դարձնել անդիմադրելի։
9 Ամուսինները իրենց սիրտը պաշտպանելու համար պետք է ավելին անեն, քան պարզապես խուսափեն վտանգավոր իրավիճակներից։ Ուրիշի հանդեպ ռոմանտիկ զգացումներ տածելը կարող է նշանակել, որ ամուսինն ու կինը հաշվի չեն առնում միմյանց կարիքները։ Հնարավոր է՝ կինն իրեն անընդհատ անտեսված է զգում, իսկ ամուսինը անդադար քննադատության է արժանանում կնոջ կողմից։ Եվ հանկարծ պարզվում է, որ աշխատավայրում կամ քրիստոնեական ժողովում ինչ–որ մեկն ունի հենց այն հատկությունները, որոնք բացակայում են կողակցի մեջ։ Շուտով նրանց միջև կապվածություն է առաջանում, և նոր փոխհարաբերությունները դառնում են այնքան հրապուրիչ, որ այլևս անհնար է դիմադրել։ Դեպքերի այսպիսի աննկատ զարգացումը հաստատում է աստվածաշնչյան այն խոսքերի ճշմարտացիությունը, որ «ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած» (Յակոբոս 1։14)։
10. Ինչպե՞ս կարող են ամուսինն ու կինը ամրացնել իրենց փոխհարաբերությունները։
10 Ամուսինն ու կինը պետք է ամեն ջանք թափեն, որպեսզի ամրացնեն փոխադարձ կապը, և ոչ թե նայեն ամուսնությունից դուրս՝ գտնելու մեկին, ով կարող է բավարարել իրենց ցանկությունները՝ լինի դա սիրվելու, ընկեր ունենալու թե դժվարությունների ժամանակ աջակցություն ստանալու ցանկությունը։ Ուրեմն, անպայման միասին ժամանակ անցկացրեք և ձգտեք ավելի մտերմանալ իրար հետ։ Հիշեք, թե ինչը մղեց ձեզ սիրելու ձեր ապագա կողակցին։ Փորձեք կրկին վերապրել այն ջերմությունը, որ տածել եք նրա հանդեպ։ Մտաբերեք այն երջանիկ պահերը, որ վայելել եք միասին։ Աղոթե՛ք Աստծուն ձեր խնդրի մասին։ Սաղմոսերգու Դավիթն աղերսեց Եհովային. «Սուրբ [«Մաքուր», ԱԱ] սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը» (Սաղմոս 51։10)։ Վճռիր ‘վայելել կյանքը քո սիրած կնոջ հետ քո կյանքի բոլոր օրերում, որ Աստված քեզ տվել է արեգակի տակ’ (Ժողովող 9։9)։
11. Ամուսնական կապերն ամրացնելու հարցում ի՞նչ դեր են խաղում գիտելիքները, իմաստությունը և խորաթափանցությունը։
11 Չի կարելի անտեսել գիտելիքների, իմաստության և խորաթափանցության դերը ամուսնությունն ամրացնելու հարցում։ Առակաց 24։3, 4 համարներում նշվում է, որ «տունը կ’շինուի իմաստութիւնով, եւ հանճարով՝ [«խորաթափանցությամբ», ՆԱ] կ’հաստատուի», և «շտեմարաններն ամէն տեսակ հարստութեամբ ու բարիքներով լցւում են գիտութեամբ» (ԷԹ)։ Այդ ‘հարստության’ մեջ, այսինքն՝ արժեքավոր բաների թվում, որոնցով լցնում ենք մեր տունը, մտնում են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ սերը, հավատարմությունը, աստվածավախությունը և հավատը։ Այս ամենը ձեռք բերելու համար անհրաժեշտ է Աստծու մասին գիտություն, այսինքն՝ գիտելիքներ ստանալ։ Ամուսնացած զույգը պետք է խորությամբ ուսումնասիրի Աստվածաշունչը։ Սակայն ի՞նչ դեր ունեն իմաստությունն ու խորաթափանցությունը։ Առօրյա խնդիրները հաջողությամբ լուծելու համար հարկավոր է ունենալ իմաստություն, այսինքն՝ սուրբգրային գիտելիքները կիրառելու ունակություն։ Խորաթափանց անձնավորությունը կարող է հասկանալ իր կողակցի մտքերն ու զգացմունքները (Առակաց 20։5)։ Եհովան Սողոմոնի միջոցով ասում է. «Որդեակս, մտիկ տուր իմ իմաստութեանը, եւ ականջ դիր իմ հանճարին» (Առակաց 5։1)։
Երբ «նեղութիւն» է լինում
12. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ ամուսինների միջև խնդիրներ են ծագում։
12 Կատարյալ ամուսնություն չի լինում։ Աստվածաշունչն ասում է, որ ամուսինները «մարմնի նեղութիւն կ’ունենան» (Ա Կորնթացիս 7։28)։ Հիվանդությունը, հալածանքը, հոգսերը և այլ բաներ կարող են լարվածություն մտցնել ամուսինների փոխհարաբերություններում։ Երբ խնդիրներ են ծագում, հարկավոր է լուծումները միասին փնտրել։ Այդպես վարվելով՝ դուք ցույց կտաք, որ հավատարիմ ամուսիններ եք և ցանկանում եք Եհովային հաճեցնել։
13. Ի՞նչ հարցեր կարող են ամուսինները իրենք իրենց տալ։
13 Իսկ ի՞նչ կարող եք անել, եթե լարվածության պատճառը կողակիցներից մեկի վարվելակերպն է։ Լարվածությունը վերացնելու համար ջանքեր են պահանջվում։ Գուցե կոպիտ խոսքերը սովորական բան են դարձել ձեր միջև (Առակաց 12։18)։ Ինչպես քննարկվեց նախորդ հոդվածում, դա կարող է կործանարար ազդեցություն ունենալ։ Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Լաւ է բնակուիլ ամայի երկրում, քան թէ կռուասէր եւ բարկացոտ կնոջ հետ» (Առակաց 21։19)։ Կինը կարող է ինքն իրեն հարցնել. «Արդյոք իմ վարքը վանո՞ւմ է ամուսնուս»։ Իսկ տղամարդկանց Աստվածաշունչն ասում է. «Սիրեցէք ձեր կանանցը, եւ դառն մի լինիք նորանց դէմ» (Կողոսացիս 3։19)։ Հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք ես սառն եմ վերաբերվում կնոջս, ինչի պատճառով նա գուցե ցանկանա մխիթարություն փնտրել ուրիշ տեղ»։ Անխոս, սեռական անբարոյության համար ոչ մի արդարացում չկա։ Բայցևայնպես, նման ցավալի բան կարող է տեղի ունենալ, ուստի կողակիցները հիմնավոր պատճառ ունեն այդ հարցը անկեղծորեն քննարկելու։
14, 15. Ինչո՞ւ արտամուսնական կապը չի լուծում խնդիրները։
14 Արտամուսնական կապի մեջ մխիթարություն գտնելը չի լուծի ամուսնական խնդիրները։ Ինչի՞ կարող է հանգեցնել նման կապը։ Նոր և ավելի լավ ամուսնությա՞ն։ Ոմանք թերևս այդպես մտածեն։ «Ի վերջո այս անհատն ունի հենց այն հատկությունները, որ ես ուզում եմ տեսնել կողակցիս մեջ»,— կարող են պատճառաբանել նրանք։ Սակայն նման դատողությունը սխալ է, քանզի այն անհատը, որը լքել է իր կողակցին կամ խրախուսում է ուրիշներին այդպիսի բան անել, չի գնահատում ամուսնության սրբությունը։ Անխոհեմ է ակնկալել, որ նման փոխհարաբերությունների արդյունքում ավելի լավ ամուսնություն կլինի։
15 Մերին, որի մասին հիշատակվեց վերևում, սկսեց լրջորեն խորհել իր բռնած ընթացքի հետևանքների շուրջ, ինչպես նաև այն բանի շուրջ, որ ինքը կամ իր պատճառով մեկ ուրիշ անհատ գուցե կորցնի Եհովայի բարեհաճությունը (Գաղատացիս 6։7, 8ա)։ Նա պատմում է. «Երբ սկսեցի վերլուծել ամուսնուս աշխատակցի նկատմամբ ունեցած զգացմունքներս, հասկացա, որ եթե այդ մարդը երբևէ հնարավորություն ունենա ընդունելու ճշմարտությունը, ես նրա համար խոչընդոտ կլինեմ։ Սխալ արարքը միշտ վատ է ազդում բոլոր նրանց վրա, ովքեր այսպես թե այնպես առնչվում են այդ արարքին, ինչպես նաև կարող է գայթակղություն լինել ուրիշների համար» (Բ Կորնթացիս 6։3)։
Ամենազորեղ պատճառը
16. Որո՞նք են անբարո վարքի հետևանքներից մի քանիսը։
16 Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Օտար կնկայ շրթունքները մեղրի խորիսխ են կաթեցնում, եւ նորա քիմքը իւղից կակուղ է. բայց նորա վախճանը դառն է օշինդրի պէս, սուր է երկսայրի սուրի պէս» (Առակաց 5։3, 4)։ Անբարո վարքի հետևանքները կարող են ցավալի և նույնիսկ մահացու լինել։ Դրանք են՝ անմաքուր խիղճը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և այն զգացական ցավը, որ կրում է անհավատարիմ անհատի կողակիցը։ Անշուշտ, սա զորավոր պատճառ է՝ չգնալու այն ճանապարհով, որը տանում է ամուսնական անհավատարմության։
17. Ո՞րն է կողակցին հավատարիմ մնալու ամենազորեղ պատճառը։
17 Գլխավոր պատճառը, թե ինչու է ամուսնական անհավատարմությունը սխալ, այն է, որ Եհովա Աստված, ով հիմնադրել է ամուսնությունը և մարդուն օժտել սեռական կարողությամբ, դատապարտում է դա։ Մաղաքիա մարգարեի միջոցով նա ասում է. «Ես կ’մօտենամ ձեզ դատաստանի համար, եւ ես ժիր վկայ կ’լինեմ.... շնացողների.... դէմ» (Մաղաքիա 3։5)։ Առակաց 5։21–ում գրված է, թե ինչ է տեսնում Եհովան. «Տիրոջ աչքի առաջին են մարդիս ճանապարհները, եւ նա ուղղում է նորա բոլոր շաւիղները»։ Այո՛, «ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը» (Եբրայեցիս 4։13)։ Ամենազորեղ ուժը, որ մղում է անհատին հավատարիմ լինել կողակցին, այն բանի գիտակցումն է, որ ցանկացած սեռական անբարո արարք վնասում է Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունները՝ անկախ նրանից, թե որքանով է քողարկված արտամուսնական կապը, կամ որքան չնչին ֆիզիկական կամ հասարակական վնաս այն կարող է հասցնել։
18, 19. Ի՞նչ ենք սովորում Հովսեփի օրինակից։
18 Նահապետ Հակոբի որդու՝ Հովսեփի օրինակից տեսնում ենք, որ Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալու ցանկությունը զորեղ պատճառ է։ Հովսեփը, Փարավոնի պալատական Պետափրեսի աչքում հաճություն գտնելով, վերջինիս տանը պատվավոր պաշտոն ստացավ։ Հովսեփը «գեղեցիկ էր դէմքով եւ գեղեցիկ՝ տեսքով», և դա չվրիպեց Պետափրեսի կնոջ աչքից։ Ամեն օր նա Հովսեփին հրապուրելու փորձեր էր կատարում, բայց ապարդյուն։ Ինչո՞ւ էր Հովսեփը մերժում նրան։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նա մերժեց, եւ իր տիրոջ կնոջն ասեց. Ահա իմ տէրը.... ինձանից մի բան չարգիլեց բացի քեզանից, ըստ որում դու նորա կինն ես. ուրեմն ես ի՞նչպէս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ» (Ծննդոց 39։1–12)։
19 Հովսեփը, որ ամուսնացած չէր, բարոյապես մաքուր մնաց՝ հրաժարվելով անբարոյություն գործել ուրիշի կնոջ հետ։ Ամուսնացած տղամարդկանց Աստվածաշունչն ասում է. «Դու քո ջրակոյտիցը ջուր խմիր, եւ քո ջրհորի միջիցը հոսող ջուրերը» (Առակաց 5։15)։ Զգուշացի՛ր, որ քո մեջ նույնիսկ ակամա ռոմանտիկ կապվածություն չառաջանա քո կողակցից բացի մեկ ուրիշի նկատմամբ։ Ջանք մի՛ խնայիր, որ ամրացնես սիրո կապերը քո ամուսնության մեջ, և ամեն ինչ արա, որպեսզի լուծես ցանկացած խնդիր, որ կարող է առաջանալ ձեր ամուսնական կյանքում։ Ուստի, «ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ» (Առակաց 5։18)։
Ի՞նչ սովորեցիք
• Ինչպե՞ս կարող է քրիստոնյան ակամա ընկնել անպատշաճ ռոմանտիկ կապի ծուղակը։
• Ո՞ր նախազգուշացումները կօգնեն անհատին խուսափել արտամուսնական կապից։
• Ի՞նչ կարող է անել ամուսնական զույգը դժվարությունների բախվելիս։
• Ո՞րն է կողակցին հավատարիմ մնալու ամենազորեղ պատճառը։
[նկար 26-րդ էջի վրա]
Ցավոք, աշխատավայրը կարող է անպատշաճ ռոմանտիկ կապ հաստատելու պարարտ հող լինել
[նկար 28-րդ էջի վրա]
«Շտեմարաններն.... բարիքներով լցւում են գիտութեամբ»